
Մեկ շաբաթ առաջ ինձ զանգահարեց Մարտունու բնակիչ, չորս անչափահաս երեխաների մայր Հրածին Օհանյանը։ Ես լուռ լսում էի նրան, փորձում էի բառեր գտնել՝ նրա մտահոգությունները մեղմելու համար, երբ նա ուրվագծում էր իր ընտանիքի վիճակը:
«Կրտսեր աղջիկս ինձնից քաղցր բան է խնդրում, բայց ես արդեն ցամաք հաց չեմ կարողանում ստանալ»,- ասում է Հրածինը,- «Հաց չեն տալիս, եթե խանութին պարտք ունես։ Ամեն գիշեր աղջիկս ինձ հարցնում է՝ կարո՞ղ ենք գոնե շաքարավազով թեյ խմել»։
Շուրջ ութ ամիս ադրբեջանական կողմից Արցախի շրջափակման ընթացքում երեխաներն ու երիտասարդներն ամենախոցելիներից են։ Պաշարման ողջ ընթացքում երիտասարդները ստիպված էին շարունակել իրենց կրթությունը` հաճախ առանց գազի, առանց էլեկտրականության և երբեմն դատարկ ստամոքսով:
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ադրբեջանն իր ապօրինի տեղադրված անցակետով թույլ չի տալիս անցկացնել մարդասիրական օգնություն դեպի Արցախ, անգամ ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջոցով, որն այնտեղ գործող միջազգային միակ կազմակերպությունն է։ ԿԽՄԿ-ի հայտարարության համաձայն՝ «Չնայած համառ ջանքերին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով, այդ թվում՝ Աղդամով»: Օգոստոսի 1-ի դրությամբ Ադրբեջանն թույլ չի տալիս անցկացնել նաև Հայաստանի կողմից ուղարկված 360 տոննա մարդասիրական հրատապ օգնությունը։
Սննդամթերքի և էներգիայի պաշարների սակավության պատճառով արցախցիներն այժմ կանգնած են մարտահրավերների նոր ալիքի առաջ։ Շարունակվող մարդասիրական ճգնաժամի պայմաններում երիտասարդները կիսվում են իրենց սննդով և պատմություններով:
«Մինչ շրջափակումը նախաճաշի մի քանի տարբերակներ ունեի. սուրճ թխվածքաբլիթով կամ շոկոլադով, կաթնաշոռ՝ մրգերով կամ հատապտուղներով, թեթև ու համեղ մի բան»,- հիշում է Ստեփանակերտում բնակվող 18-ամյա Ռայա Գասպարյանը։ Մինչ նա նախկինում սնունդն ընտրելու ազատություն ուներ, հիմա առաջին անհրաժեշտության պարագաներ գտնելը նրա համար հրաշք է թվում:
«Եթե դուրս գաք, կտեսնեք մարդկանց երկար հերթեր, որոնք ժամերով սպասում են հացի, թեժ արևի տակ, միայն թե երկու հաց ստանան»,- ասում է նա՝ հավելելով, որ սնունդ գտնելը միակ դժվարությունը չէ. դեղորայք, հիգիենայի պարագաներ և մաքրման միջոցներ այս պահին նույնպես բացակայում են:
Ռայան խոստովանում է, որ իրավիճակն իսկապես սարսափելի է, բայց մարդիկ գոյատևելու համար անում են ամեն բան։ Քաղաքի բնակիչները շենքերի առջևի փոքրիկ ծաղկանոցները վերածել են պստլիկ բոստանների։ Ռայան ասում է, որ իր ընտանիքին բախտ է վիճակվել փոքրիկ այգի ունենալ:
«Դա բառացիորեն մեզ փրկում է»,- ասում է նա՝ նշելով, որ թեև իրականությունը, որում նրանք ապրում են, ծանր է, սակայն հատկապես դժվար է իր կրտսեր եղբայրների համար,- Մենք հասկանում ենք իրավիճակը, ինչ-որ կերպ դիմանում ենք, բայց փոքրերի դեպքում այլ է։ Հոգեպես իրոք շատ դժվար ա, երբ երեխան քեզանից ինչ-որ համով բան ա ուզում, բայց դու չես կարա իրան էդ տաս, մի բան, որը ընդհանրապես չկա խանութներում»։
«Խանութները դատարկ անվանելը թերագնահատել է. դարակներում փոշու կույտ կա,- ասում է Արցախում «ՍիվիլՆեթի» լուսանկարիչ, 17-ամյա Անի Բալայանը։
Անին, հիմնականում, առավոտյան և ցերեկը գրեթե ոչինչ չի ուտում։
«Դրսում սնվելու տարբերակ չկա, ուստի ես հիմնականում ցերեկը չեմ ուտում և միայն ուտում եմ, երբ տուն եմ վերադառնում»,- ասում է նա՝ կատակով հավելելով, որ եթե լուսանկարեր իր ցերեկային կերակուրը, դա դատարկ ափսե կլիներ:
Ընթրիքի նրա տարբերակներն այնքան սահմանափակ են, որ, ինչպես ինքն է բնորոշում, «այժմ անգիր է արել համերը»։ Մթերքներից մեկը, որը նա կարոտում է, լոլիկով ձվածեղն է։
«Պամիդորի գները օդեր են հելնում ու դե ձու էլ չկա»,- ասում է Անին։
Մայրաքաղաք Ստեփանակերտում, որտեղ բնակվողների մեծ մասը հույսը դնում է շուկայից և մթերային խանութներից գնումներ կատարելու վրա, մրգերն ու բանջարեղենը վերածվել են շքեղության։ Թեև Արցախի կառավարությունը պարբերաբար կարգավորումներ է սահմանում գների վրա, սակայն դրանք շարունակում են մնալ ավելի բարձր՝ համեմատած Հայաստանում նույն ապրանքի գների հետ։ Արցախի Հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը պարբերաբար հրապարակում է մրգի և բանջարեղենի մանրածախ վաճառքի թույլատրելի գինը։ Հուլիսի 27-ին հրապարակված վերջին հաշվետվության համաձայն՝ օրինակ՝ լոլիկի, սմբուկի և պղպեղի մեկ կիլոգրամի գինը 1000 դրամ է։ Այս պահին ամենամատչելին ձմերուկն է՝ կիլոգրամը 300 դրամ։ Սննդամթերքի գների աճը դժվար է հատկապես ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար, որոնցից շատերը կորցրել են իրենց աշխատանքը շրջափակման տնտեսական հետևանքների պատճառով:
Ըստ տեղացիների՝ իրավիճակն այնքան էլ սարսափելի չէ այն գյուղերում, որտեղ շատերին հաջողվում է թարմ մթերք ստանալ սեփական այգուց։
«Մայրիկս կարողանում է մեր հացը թխել, իսկ բանջարեղենի մեծ մասը մեր այգուց ենք ստանում»,- ասում է Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղից 15-ամյա Աննա Ղազարյանը։
Այնուամենայնիվ, նրանք դեռևս անհրաժեշտ շատ պարագաների, ներառյալ հիգիենայի միջոցների կարիք ունեն.
«Գյուղերում երկու խանութ կա. երկուսն էլ դատարկ են»։
Իրավիճակը սրվել է ողջ հանրապետությունով փոխադրումների դադարեցումից հետո. վառելիքի սակավության պատճառով Ստեփանակերտում հուլիսի 18-ից դադարեցվել է հասարակական տրանսպորտի գործունեությունը։ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխանցմամբ՝ հուլիսի 25-ից դադարեցվել են նաև միջքաղաքային բոլոր փոխադրումները։
«Ընկերներիս հետ Ասկերանում էի, երբ լուրը լսեցինք։ Սկզբում խուճապի մատնվեցինք՝ անհանգստանալով, թե ինչպես կվերադառնանք տուն (Ստեփանակերտ)»,- հիշում է 15-ամյա Վերա Մկրդումյանը։
Վառելիք չգտնելով՝ նա ասում է, որ պատրաստվում էին քայլել մինչև Ստեփանակերտ, երբ ընկերոջ եղբայրը մարտկոցով աշխատող մեքենա գտավ:
Հետադարձ հայացք գցելով շրջափակման սկզբին՝ Վերան ավելացնում է.
«Ես և իմ զարմիկները եկել ենք այն եզրակացության, որ երբեք չպետք է բողոքել։ Ինչքան շատ էինք բողոքում, այնքան վիճակը վատանում էր։ Երբեմն, երբ ես բողոքում եմ երկու հաց ստանալու համար այրող արևի տակ մեկ ժամ քայլելուց ու հետո էլ ևս մի քանի ժամ սպասելուց, ինքս ինձ հիշեցնում եմ, որ ամեն բան կարող է շատ ավելի վատ լինել. ինչ-որ պահի գուցե մեզ նույնիսկ թույլ չտան ապրել այստեղ, և ես երանի եմ տալու այս օրերին, միայն թե իմ քաղաքում լինեմ»։
Մինչ Վերան փորձում է կառավարել զգացմունքները, շրջափակումը, այնուամենայնիվ, սկսել է ազդել նրա ընտանիքի անդամների առողջության վրա: Տատիկը, որը հոգ է տանում ընտանիքի մասին, քանի որ ծնողները Հայաստանում են և չեն կարողանում տուն վերադառնալ, այժմ հիվանդանոցում է՝ նոր սննդակարգի պատճառով առաջացած առողջական խնդիրների հետևանքով։ Վերջերս Վերան նույնպես մարսողական խնդիրներ ունի։
Շրջափակման հետևանքով պաշարների սակավությունն ազդում է ոչ միայն երիտասարդների ֆիզիկական, այլև հոգեկան առողջության վրա։
«Ես ավելի անհանգիստ և ագրեսիվ եմ դարձել. սթրեսի պատճառով նիհարել եմ 4 կիլոգրամով։ Այս պահին հակառակն է՝ անկանոն սնվում եմ, երբեմն էլ սթրեսից շատ եմ ուտում»,- ասում է Լարիսա Ներսեսյանը։
Սոցիալական ցանցերում, հայաստանաբնակների ախորժալի ուտելիքների համատարած հրապարակումներից Լարիսան, ինչպես արցախցի իր հասակակիցներից շատերը, իրեն ինչ-որ չափով անտեսված է զգում:
«Անկեղծ ասած, երբ ես թերթում եմ իմ ինստագրամյան էջը, ես բավականին զայրանում եմ այն փաստից, որ չունեմ նույն կյանքը, ինչ նրանք: Մի կողմից հասկանում եմ, որ դե նորմալ ա, մարդիկ իրենց կյանքը շարունակում են ապրել, ու ես ոչ մի իրավունք չունեմ իրենց քննադատելու։ Մյուս կողմից էլ՝ մեկ ա, քեզ լքված ու մոռացված ես զգում, ոնց որ թե քո վրա թքած ունենան հայրենակիցներդ ու էդ շատ ցավոտ ա»։
Հեղինակի կողմից. աջակցության համար շնորհակալություն Ստեփանակերտում բնակվող Դիանա Բալուղյանին։
Ռայա

Հուլիս 27

Հուլիս 28, 29
Աննա

Հուլիս 27

Հուլիս 28
Վերա

Հուլիս 27

Հուլիս 28
Լարիսա

Հուլիս 27

Հուլիս 28
