Շատ արցախցիներ դժվարությամբ են հավատում, որ բռնի տեղահանությունից արդեն մեկ տարի է անցել։ Անցած տարին եղել է ծանր հոգեկան ապրումների և մեծ կորուստների հաղթահարման շրջան, ինչին գումարվել է սեփական ընտանիքի մասին հոգ տանելու պարտավորությունը։ Անցնելով բազմաթիվ դժվարությունների միջով՝ արցախցիներն այսօր փորձում են նոր կյանք սկսել՝ չմոռանալով իրենց հետ տեղի ունեցածը և հոգու խորքում փայփայելով իրենց ամենամեծ երազանքը։
Աննա Միրզոյան, 33 տարեկան

Ինձ համար ընկնելն ու նորից ոտքի կանգնելը նոր բան չէ։ Տասը տարի առաջ, երբ ավտովթարում ամուսինս մահացավ, ես հասկացա, որ ինքս պետք է ոտքի կանգնեմ։ Ճիշտ է՝ ծնողներս ինձ շատ են օգնել, բայց ես հստակ գիտակցել եմ, որ իմ աղջկա ապագայի պատասխանատուն ես եմ… Երևի այդ պատճառով է, որ ես տեղահանությունից հետո կարողացա մի փոքր արագ կողմնորոշվել ու հասկանալ, որ կարող եմ բիզնես սկսել ու փորձել այնպես անել, որ կամաց-կամաց այն կարողանամ կայացնել ու ամիսների ընթացքում ավելի վստահ հոգալ ընտանիքիս ու հարազատներիս կարիքները։
Արցախում ես աշխատում էի էկոնոմիկայի նախարարությունում ու քանի որ աշխատանքովս շատ ծանրաբեռնված չէի, սկսեցի տանը թխվածք պատրաստել։ Հետաքրքրություն առաջացավ, մարդիկ սկսեցին հարցնել՝ մեզ համար էլ կպատրաստե՞ս։ Ընթացքում սիրելի զբաղմունքս դարձավ բիզնես, հիմա փորձում եմ այն կայացնել։
Նախկինում, երբ մի քանի օրով Երևան էինք գալիս, փորձում էի գրական հայերեն խոսել, Արցախի բարբառով չէի խոսում, բայց հիմա այդպես չեմ անում։ Ես հպարտանում եմ, որ Արցախից եմ, ցավս չեմ ուզում թաքցնել։ Չեմ ցանկանում, որ ինչ-որ մեկն ինձ խղճա, ուզում եմ բոլորը հիշեն, որ մարդիկ դժվարություններ են ապրել, դժվարություններ հաղթահարելով փորձում են նոր կյանք կառուցել։
Գուցե դաժան հնչի, բայց ուզում եմ, որ իմ աղջիկը ցավը ապրի Արցախի համար, որ տարիներ հետո, երբ խոսք գնա Արցախի մասին, անտարբերություն չզգա։ Եթե հիմա ինքը չպատկերացնի, մենք չխոսենք, մենք չհիշենք, տարիներ հետո ինքն այդ կորուստը չզգա, այդ ամենն ուղղակի կկորի։
Ալբերտ Առուշանյան, 53 տարեկան

Մեր ապրումները հաճախ հնարավոր չէ նկարագրել։ Պահ է լինում, որ այստեղ կախած մեր դրոշին նայում ենք ու հուզվում։ Կամ կարող է պատուհանից դուրս նայենք ու մեր տունը տեսնենք։ Չգիտեմ, թե ինչը ոնց է լինելու, բայց լավ բան չկա։ Այս վիճակը, որում մենք հայտնվել ենք, շատ ծանր է, ու ուզում ենք, որ ոչ մեկի հետ նման բան երբեք չլինի։
Մեր հարազատների գերեզմաններն ենք թողել ու չես կարող մի ծաղիկ դնել, սիրտդ հովանա։ Մարդիկ կան, ասում են՝ մնայիք, կռվեիք, մինչև վերջին զոհը մնայիք։ Բայց չեն մտածում, որ այդ վերջին զոհը կարող էին դառնալ 3 տարեկան երեխաները։ Շատերը չեն պատկերացնում, թե ինչ վիճակից ենք մենք դուրս եկել։
Ես կարի արտադրամաս եմ բացել, աշխատում ենք, մեր ձեռքի գործն ենք անում, նաև երբ ուրիշ արցախցիներ իրենց գործը բացելուց խնդիրներ են ունենում, անպայման գնում եմ իրենց մոտ, փորձում եմ օգնել, որովհետև այսօր մեզնից ով ինչ էլ անի, շատ բանի հույս չունի, մենք ամեն օրվա մեր հոգսն ենք հոգում։
Չգիտեմ՝ կկարողանամ հաշտվել եղածի հետ, թե ոչ, բայց այս պահին կարևորը ընտանիքիս կարիքները հոգալն է։ Կարող է էրեխեքը շուտ հարմարվեն, բայց մեր տարիքի համար երևի անհնար է։ Մենք մինչև մեր կյանքի վերջ կմնանք թաց աչքերով մեր դրոշին նայող ու պատուհանից դուրս մեր հին բակը տեսնող արցախցիներ։
Աիդա Առուստամյան, 57 տարեկան

17 տարեկանից գորգագործությամբ եմ զբաղվում։ 40 տարվա փորձ ունեմ։ Բայց իմ գործած գորգերի մեծ մասը մնացին Ստեփանակերտում։ «Արցախ Կարպետ»-ի 1000-ից ավել գորգ մնացել է թշնամուն, դրանք հնարավոր չի եղել տեղափոխել։
Արցախում շատ լավ արհեստավորներ կային, գորգագործությունը մեծ զարգացում էր ապրում։ Մեր աշխատանքները մասնակցել են միջազգային ցուցահանդեսների և հայտնվել մասնավոր հավաքածուներում։ Բայց Հայաստանում ոչ բոլորին է հաջողվում աշխատանք գտնել իրենց մասնագիտությամբ։ Միայն մի քանի արհեստավորներ աշխատանքի անցան Երևանի «Արցախ-Կարպետ» փոքրիկ ընկերությունում։ Մնացածը ցրված են մարզերով, որտեղ չկա գորգագործական արտադրություն կամ այլ աշխատանք։
Տեղահանման ժամանակ մեր ընտանիքը, բացի փաստաթղթերից ու մանկական իրերից, ոչինչ չի վերցրել իր հետ։ Ամեն ինչ թողել եմ այնտեղ՝ գործիքը, թելերը, գորգերի ուրվանկարները, իմ գործած գորգերը։ Երևի ամենակարևոր բանը, որ ինձ հետ է մնացել, գորգ գործելու իմ հմտությունն է, որն այսօր իմ հաց վաստակելու միջոցն է։
Հակարիի կամուրջն ադրբեջանցիների վերահսկողության ներքո անցնելիս ես միայն աղոթում էի, որ երեխաներին ոչինչ չպատահի։ Հասնելով Հայաստան՝ հանգիստ շունչ քաշեցի, որ ողջ մնացինք։ Բայց և մտածում էի, որ նման անարդարություն չի կարող լինել, և մենք տուն կվերադառնանք, ինչպես վերադարձանք 44-օրյա պատերազմից հետո։ Հույսը չի մարում, բայց ես դրան ավելի ու ավելի քիչ եմ հավատում։
Արցախցի արհեստավորները, արվեստագետները, երաժիշտներն աջակցության կարիք ունեն, որպեսզի վերսկսեն ստեղծագործել, իրենց աշխատանքները շուկայում ներկայացնեն և շարունակեն մշակութային արժեքներ ստեղծել:
Լիաննա Հակոբյան, 56 տարեկան

Մենք Երևանում 11 հոգով ենք, վարձով ենք ապրում։ Արցախում էլ եմ կարով զբաղվել, այստեղ էլ եմ նույնն անում։ Ամենադժվարը տուն փոխելն էր, տեղից տեղ գնալն էր։ Փորձել ենք տարբեր տեղեր աշխատել, բայց չենք հարմարվել, ֆինանսապես այն չի եղել, չի ստացվել։
Սեպտեմբերից երեխաներն սկսեցին դպրոց գնալ, ծախսերն ավելացան, դժվարությունները շատացան, բայց փորձում ենք ավելի շատ աշխատել, որ երեխաները լավ լինեն։
Ինձ իմ ապրումները հաղթահարել օգնում է 3 տարեկան թոռս, որի հետ շփվելով՝ այնքա՜ն եմ հեռանում իրականությունից, իր փոքր խոսքերից կամ խաղերից ուրախանում եմ, կարծես կտրվեմ ամեն ինչից։
Թվում է, թե փոքրերն արդեն իրենց հունի մեջ են մտել, հանգիստ ապրում են, բայց վերջերս մի ուղղաթիռ էր թռնում, ու թոռս ուշադիր նայում էր։ Հարցրի՝ ուղղաթիռն ո՞ւր է գնում։ Ասաց՝ տուն, հարցրի տունդ որտե՞ղ է, ասաց՝ Արցախ։ Երեխա է, նոր է խոսել սովորում, բայց իր մեջ այդ գիտակցությունն արդեն կա։
Ես դեռ հույս ունեմ, որ մի օր հետ եմ գնալու Ստեփանակերտ, չնայած հասկանում եմ, որ այս պահին դա խելքին մոտ բան չէ։ Երևի երազանքներն ու հույսն են, որ հիմա մեզ ուժ են տալիս։
Դավիթ Բեգլարյան, 15 տարեկան

Հայրս ինձ Չեմպիոն էր ասում։ Ինչ անում էի, ասում էր, որ լավագույնն եմ։ Արդեն մեկ տարի է, ինչ նրանից ոչ մի լուր չունենք։ Նա Ստեփանակերտում բենզալցակայանի պայթյունից հետո անհետ կորած 21 անձանցից մեկն է։
Հայրս իր ամբողջ կյանքը նվիրել է հայրենիքին։ Ամեն անգամ հրաշքով փրկվել է։ Արիության ու Շուշիի ազատագրման մեդալներ ունի։
Ես զբաղվել եմ երգով և եղել եմ այն արցախցի երեխաների թվում, որոնք Հայաստան էին ժամանել Մանկական Եվրատեսիլին մասնակցելու, և Արցախի շրջափակման պատճառով չէին կարողանում տուն վերադառնալ։ 47 օր մնացել ենք Երևանում։
Մի հարցազրույցում, որտեղ հարցրել էին, թե տուն հասնելուն պես առաջինը ում եմ համբուրելու, ասել էի՝ մամ, կներես, պապային։ Երբ մեծ դժվարությամբ տուն հասանք, երջանիկ էի, որ ընտանիքիս հետ եմ, բայց չգիտեի, որ դա ժամանակավոր է։
Ես ու մայրս վերջիններից էինք, ովքեր դուրս եկան Ստեփանակերտից, քանի որ մինչև վերջին պահը հորիցս լուր էինք սպասում։
Հիմա Պոլիտեխնիկի քոլեջ եմ գնում, սովորում եմ, նպատակ ունեմ լավ սովորելուց հետո էլ որևէ սպորտով զբաղվեմ, ոնց որ հայրս էր ուզում։
Երևանում երեքով ենք ապրում՝ ես, մայրս ու տատիկս։ Մայրս երեք տեղ աշխատում է, որ մեզ ապահովի։
Երբ ինձ հարցնում են, թե որն է երազանքս, լռում եմ։ Պարզ չէ՞, թե ինչի մասին եմ երազում։