
Արցախից բռնի տեղահանված մի խումբ տղամարդիկ չորս ամիս հիմնանորոգում էին հիվանդանոցի հին շենքը։ Շինանյութը տրամադրում էին հովանավորները, իսկ ամբողջ աշխատանքը կատարում էին տղամարդիկ, որոնց ընտանիքները պետք է բնակվեին այդտեղ։
Նախկին հիվանդանոցի տարածքը գտնվել է Արարատի մարզպետարանի ենթակայության տակ, այնուհետև տրամադրվել է արցախցիներին։
Հին շենքից այժմ մնացել են միայն արտաքին պատերը, իսկ ներսի հատվածն ամբողջությամբ կերպարանափոխվել է։ Պատերը քանդվել են, նոր նախագծում է իրականացվել, տարածքը բաժանվել է 8 բնակելի հատվածների, որտեղ 0-ից կատարվել են ներքին հարդարման բոլոր աշխատանքները։
«Հոսանքի գործը ես ու Արմենն էինք անում, պլիտկեքը Սիմոնը, սվաղը` Ալիկը, մյուս տղաները` ով ինչ կարողանում էր»,- պատմում է նորոգման աշխատանքների մասնակիցներից Գրիգորին։
Արդյունքում, արդեն մի քանի օր է բռնի տեղահանված 8 ընտանիքներ տեղափոխվել են իրենց համար հարմարեցված նոր բնակարաններ:
Սիմոն Ղահրամանյան

Հոկտեմբեր 2023

Դեկտեմբեր 2023

Մարտ 2024
Ես ջահել տղա եմ, ես խնդիր չունեմ։ Քարտեզի վրա որտեղ ձեռքդ դնես, այնտեղ կարող եմ շինարարությունս անեմ ու ապրեմ։ Խնդիրը Արցախի ժողովրդի մեջ երեխաներն են, տարեցները, մեկ էլ կանայք։ Պատկերացնում ե՞ք, թե քանի հարս է մնացել առանց մարդ։ 2023-ի հունիսի 28-ի ադրբեջանցիների սադրանքի զոհերից Բալայան Գագիկը քույրիկիս ամուսինն էր։ Իր հայրն էլ ազատամարտիկ է, առաջին պատերազմի ժամանակ է զոհվել: Հիմա փաստացի դառնում է, որ քրոջս ընտանիքում էլ տղամարդ չկա։ Քույրս Մելինե Բալայանն է։ Նա չորս երեխա ունի՝ Սյուզաննա, Սուսաննա, Մարտին, Մարկ։
Երբ նոր էինք եկել Մասիս, շատ անորոշություն էր, փորձում էինք որևէ լուծում գտնել։ Այն ժամանակ ես քաղաքապետին ներկայացրել եմ քրոջս իրավիճակը, ասել եմ՝ իրենց տանը տղամարդ չկա, նրանց ապրելու տեղ է պետք, ես սարքեմ, թող իրենք ապրեն։ Քաղաքապետն ասեց՝ խնդիր չկա։
Անդրանիկ Իսրայելյան

Բուն Գետաշենից եմ, երրորդ անգամ եմ տարհանվում` մեկ անգամ Շահումյանի շրջանից, 2020-ին Նոր Գետաշենից, հիմա էլ Մարտակերտից:
Երեք հոգով ենք այստեղ ապրելու: Մեր նախագծած ձևով ենք կառուցում, որ հնարավորինս հարմար լինի ամեն ինչ: Մասնագիտությամբ շինարար դիզայներ եմ, բայց զինվորական եմ եղել տարիներ շարունակ: Ի՜նչ իմանայի, որ մի օր այստեղ կհասնենք, ու այստեղ իմ հմտությունները կօգտագործեմ: Բոլորս էլ ծանր ենք տանում մեր կորուստները, բայց կարելի է ասել, որ այս աշխատանքը մեզ ստիպեց գոնե կարճ շեղվել, փորձել հաղթահարել։

Հոկտեմբեր 2023

Հունվար 2024
Գրիգորի Մարինյան
5 հոգով ենք ապրելու: Արցախում էլեկտրացանցում էի աշխատում: Այս շինարարության վրա էլ եմ նույն բանն անում: Այնտեղ երկու տուն էի սարքել, մի տունս երեք անգամ պատերազմներում վնասված է եղել, երեք անգամ էլ սարքել եմ, որ ընտանիքս ապրի։ Այդքան ամիս Երևանում վարձով էինք ապրում, ամեն օր գալիս էի, գործ անում, հետ գնում։ Արդեն տեղափոխվել ենք այստեղ։ Որոշ գործեր դեռ կան անելու, բայց ոչինչ, դա արդեն ժամանակի հարց է։ Հիմա մի հին լվացքի մեքենա եմ նորոգում, որ կարողանանք օգտագործել։ Կնոջս մայրը բարձեր է պատրաստում։ Ոչինչ չունենք, դեռ այնքա՜ն բան ունենք սարքելու։ Կարելի է ասել, որ տղամարդիկ իրանց հիմնական աշխատանքն ավարտեցին, հիմա կանանց աշխատանքի ժամանակն է գալիս (ծիծաղում է- հեղ.)։

Նոյեմբեր 2023

Մարտ 2024
Արմեն Բաբաջանյան

Ես Արցախում էլեկտրացանցում էի աշխատում, գազի վրա էինք աշխատում: Ոնց որ արցախցի տղամարդկանցից շատերը՝ շատ էի աշխատում։ Ընտանիքս Մասիսում վարձով էր ապրում, մինչև ամեն ինչ ավարտեցինք: Ամբողջ տարածքի հոսանքի հարցը լուծելը մեր վրա էր, շատ ակտիվ էինք աշխատում։ Մեր տունը Մարտունիում 1992 թվին ամբողջությամբ ավիրվել էր, վերականգնել էինք։ 44-օրյայի ժամանակ էլ սնարյադ էր ընկել, նորից էր քանդվել, նորից էինք սարքել։ Նորոգեցինք, նոր կահույք գնեցինք… ու ամեն ինչ թողեցինք, եկանք։ Արդեն տունը եղավ, մի քանի փոքր բան է մնացել անել, մնում է՝ տղամարդիկ աշխատանք սկսեն, որ կարողանանք այստեղ ոչ միայն տանիք ունենալ, այլ ապրել։ Հերթական անգամ կյանքը զրոյից ենք սկսում, հույս ունենք, որ սա վերջին անգամն է։

Նոյեմբեր 2023

Մարտ 2024
Էրիկ Կարապետյան
Շինարարության ես ամենակրտսերն էի՝ 17 տարեկան եմ։ Մեր ընտանիքի հինգ հոգով ենք այստեղ ապրելու, այդ պատճառով էլ ես այս ընթացքում ինչ աշխատանք կարողանում՝ անում էի։ Հիմնականում բանվորություն էի անում, ամեն ինչին մասնակցում էի, ուստաներն ինչ ասում էին՝ անում էի (ծիծաղում է — հեղ.)։ Դեռ պետք է ընտելանանք այստեղ։ Ես Արցախում սովորում էի, բայց այստեղ դժվար շարունակեմ։ Ուսումնարանում էի սովորում, ավտոէլեկտրիկ էի ուզում դառնալ։
Պապան մեծ է, չէի ուզում, որ գա ծանր աշխատանք անի, մեր տնից ես էի աշխատողը։ Հիմա դեռ վարձով Աբովյանում ենք ապրում, տունը պատրաստ է, բայց կահույք չկա։ Երևի պետք է աշխատենք՝ քիչ-քիչ առնենք։ Ամեն ինչ պատրաստ է, մաքրություն էլ եմ արել։ Մամային էլ չեմ թողել, որ գա մեր աշխատանքներից հետո հավաքի, ինքը Կոնյակի գործարանում է աշխատում, հոգնում է, ո՞նց կարող էի թողնել, որ գա իմ հետևից հավաքի։

Նոյեմբեր 2023

Դեկտեմբեր 2023
Մհեր Մուրադյան
Վեց հոգով ենք ապրելու այստեղ։ Այսքան ամիս համարյա վարձով էինք ապրում, այսինքն վարձ չէինք տալիս, կոմունալներն էինք տալիս։ Մի քանի մանր բան է մնացել անելու՝ պլինտուսը ամրացնելը, մի քանի բան կպցնելը տեղերը։ Փոքր երեխա ունեմ։ Երբ սեպտեմբերի 24-ին մեր մեքենայով գալիս էինք Հայաստան, ճանապարհին մի ձեռքումս մեքենայի ղեկն էր, մյուսում՝ երեխայի կաթի շիշը։ Երբ երեխային կերակրելու ժամն էր գալիս, ձեռքս պատուհանից հանում էի, որ շշի մեջինը հովանար։ Մինչև հիմա այդ ժամերը աչքիս առաջ են։ Կինս մեր աշխատանքից շատ գոհ է, հիմա իրերն է պատրաստում, որ վաղը արդեն վերջնական տեղափոխվենք։

Հոկտեմբեր 2023

Մարտ 2024
***
Մելինե Բալայանը հույս ունի, որ նոր տուն տեղափոխվելն իր ընտանիքին կօգնի գոնե մի քիչ հաղթահարել պատերազմի թողած ծանր հետքերը․
«Փոքր տղաս առանց հոր հետ գոնե հեռախոսով խոսալու չէր քնում: Եթե նա պոստում էր, անպայման պետք է հեռախոսով խոսար, ուր էլ որ լիներ: Հոր մահից հետո երկար ժամանակ տղաս ջերմում էր, լացում էր, չէր քնում, անընդհատ ասում էր` պապա, պապա… Հետո եղավ նաև տեղահանությունը, հետո եղավ տնից տուն տեղափոխվելը։ Գոնե հիմա վերջապես կարողանանք այստեղ մնանք ու շունչ քաշենք»։

14-ամյա Սյուզաննան իր սենյակում լուսանկարներ է փակցնում։ «Իսկական տան պատերին պետք է նկարներ լինեն»,- ասում է նա։
Դժվար է հավատալ, որ այս բնակարանի տեղում ընդամենը չորս ամիս առաջ Մասիս քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցի կիսավեր պատերն էին։

Բլոկադայի հացը
Բռնի տեղահանությունից ամիսներ անց էլ արցախցիները ցավով, բայց նաև արդեն կարոտով են հիշում շրջափակման հետևանքով առաջացած հացի խնդրի մասին։ Անի Գևորգյանի ֆոտոպատումն անդրադառնում է շրջափակման հացի պակասին ու այդ խնդիրը հանրայնացնելու փորձերին։
Read moreՇրջափակման և բռնի տեղահանության ժամանակ մայրացածները
Ոմանք հղի վիճակում, ոմանք արդեն նորածիններին գրկներում ստիպված եղան պատսպարվել ցուրտ ու խոնավ ապաստարաններում, ոմանք էլ իրենց փոքրիկներին լույս աշխարհ բերեցին հենց տեղահանության ճանապարհին, անդրադառնում է Անի Գևորգյանի ֆոտոպատումը։
Read more