44-օրյա պատերազմից երկու տարի անց մենք շարունակում ենք ապրել պատերազմական իրավիճակում:
Շատերը ստիպված սկսել են ավելի հանգիստ ընդունել այս լարվածությունը, իսկ ոմանց համար ժամանակն այլևս այլ կերպ է ընթանում: Եվ այդ նոր ժամանակի մեջ նոր անելիքներ են ձևավորվել:
Շատ զոհվածների ծնողներ, ի հիշատակ իրենց որդիների, նախաձեռնել են գործեր, որոնք ոչ միայն կրում են տղաների անունները, այլև հանրային բարիք ու հոգատարություն ստեղծում` իրականացնելով այն ցանկություններն ու երազանքները, որոնք տղաներն իրականացնել չհասցրին:
Այգի և հիշատակի պտուղներ




Երևանից Քանաքեռավան ուղևորվելիս` չհասած Մրգաշատ գյուղ, դատարկ, քարքարոտ մի հատվածում կարելի է տեսնել նոր կառուցված պարիսպ: Դրանից ներս արդեն մեկ տարուց ավելի է, ինչ պատերազմում զոհված Դավիթ Ուզունյանի հայրը` Բագրատը, պտղատու ծառերի այգի է հիմնել և հյուրատուն է կառուցում:
Դավիթը ծնվել էր 2001 թվականի հունվարի 1-ին։ 21-րդ դարի ՀՀ առաջին քաղաքացիներից մեկն էր: Նա զոհվեց 2020-ի հոկտեմբերի 1-ին։
Բագրատի խոսքով, ի սկզբանե այգում քառասուն ծառ է տնկվել, որից հետո անցած տարվա աշնանը շատ ծնողներ եկել են ու իրենց ձեռքերով էլի ծառեր են տնկել. «Հիմա դեռ ծառերի տեղ պետք է ավելացնեմ: Հենց իմ ծառն է առաջինը բերք տվել: Մեկ տարեկան ծառը սովորաբար բերք չի տալիս: Դա առաջինն էր, որ այգում տնկեցի և այն արագ իր արմատներն ամրացրեց»:

Բագրատ Ուզունյանը` որդու լուսանկարի մոտ:
«Դավիթիս դեպքից հետո պետությունը զոհվածների ծնողներին գումար տվեց: Այդ գումարը մենք չէինք կարող ուտել, ծախսել որևէ բանի վրա: Իմ մտքով անցավ այգի ստեղծել, որտեղ կլինեն ոչ թե դեկորատիվ, այլ պտղատու ծառեր: Բնականաբար, հնարավոր չէր բոլոր երեք հազարից ավելի զոհերի անուններով ծառեր տնկել: Սակայն արեցինք այն տղաների անուններով, ում ծնողների հետ այս ընթացքում ծանոթացանք, մտերմացանք: Ես մտածում եմ այնպես անել, որ երբ ծառերն արդեն լիարժեք բերք տան, ամեն ծառի պտուղները հավաքեմ և ուղարկեմ իր ծնողին»,- պատմում է Ուզունյանը:
«Այգու հարևանությամբ շինարարություն է ընթանում: Ուզում եմ լավ մարդկանց համար շահույթ չհետապնդող հյուրատուն ստեղծել, տուն: Ուզում եմ, որ ցանկացած մարդ կարողանա գա այստեղ, մի քիչ հանգստանա: Այս այգու իմաստն այն է, որ լավ մարդիկ այստեղ հավաքվեն, շփվեն ու տղաներին հիշեն»:
Վիշտը փարատելու միջոցներից մեկն աշխատանքն է



«Մենք որոշեցինք քարե հուշարձանի փոխարեն ստեղծել կենդանի հուշարձան»,- ասում է պատերազմում զոհված Կարո Հովագիմյանի հայրը` Սարգիսը: Ի հիշատակ որդու և պատերազմում զոհված մյուս տղաների, սիրիահայ ընտանիքը հիմնել է «Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամ, որն արդեն մեկ տարեկան է:
Ընդամենը մեկ տարվա ընթացքում, բարեգործական հիմնադրամի շնորհիվ 36 երեխա ստացել է դեղորայքային աջակցություն, 2110-ը ստացել է սոցիալական, իսկ 62 երեխա` կրթամշակութային աջակցություն: Եվս 786 երեխա ստացել է ամանորյա նվեր: Հիմնադրամի միջոցներով Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոցում հիմնվել է ռեսուրս սենյակ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների համար:
Ապագա բժիշկ Կարո Հովագիմյանը կարող էր ծառայության մեկնած և 44-օրյա պատերազմին հայտնված չլինել: Նա Սիրիայի քաղաքացի էր, ընտանիքը տարիներ առաջ էր Սիրիայից տեղափոխվել Հայաստան:
«Մենք տեղափոխվեցինք Հայաստան 2003-ին, երբ Կարոն 2.5 տարեկան էր: Որոշեցինք մեր կյանքը շարունակել Հայաստանում: Բավական դժվարությունների միջով անցանք, մինչև տարիների ընթացքում կարողացա աշխատանքի առումով կայանալ: Հայաստանում ծնվեց իմ աղջիկը` Նանեն, հետո էլ կրտսեր որդիս` Մանվելը»,- պատմում է զոհված զինվորի հայրը:
Սարգիսն ատամնատեխնիկ է, և դա ընտանեկան բիզնեսի մի մասն է: Դպրոցն ավարտելուց հետո Կարոն ևս որոշել էր ապագան կապել բժշկական բնագավառի հետ, սակայն զորակոչվել էր բանակ ու որպես բուժակ ծառայության էր անցել Ջրականում:
Սարգիսի խոսքով, հիմնադրամի կատարած աշխատանքը որդու սրտով կլիներ, քանի որ նա ցանկանում էր բժիշկ դառնալ և մարդկանց բուժել. «Վիշտը միշտ էլ կա, երբեք չի էլ մարում: Իսկ վիշտը փարատելու միջոցներից մեկն աշխատանքն է: Ոչ թե անձնական աշխատանքը, այլ հասարակությանն օգուտ բերող աշխատանքը: Մենք մեր առաջին փորձն ունեցանք ԿԱՊԿՈՒ երեխաների համար ծրագիր իրականացնելով: Պետական ներառական ծրագրով այդ երեխաները պետք է սովորեն սովորական պայմաններում, սակայն դպրոցներում նրանց համար չկան պայմաններ ո՛չ երեխաների, ո՛չ ուսուցչական կազմի համար: Չարենցավանի դպրոցից մեկը դիմեց մեզ, մենք առաձին սենյակ նորոգեցինք, մասնագետների հետ խորհրդակցելով կահավորեցինք, արդյունքում ունենք երեք մասնագիտական սենյակ: Սենյակից կարողանալու են օգտվել նաև այն բոլոր երեխաները, որոնք կունենան հոգեբանի, լոգոպեդի և այլ մասնագետի կարիք»:

Սարգիս Հովագիմյանը` աշխատասենյակում:
Ծանոթացնել ու զարգացնել
Քամանչահար, 22-ամյա Մհեր Փոթոյանը բանակում ծառայում էր որպես ֆագոտահար: Նա զոհվել է 2020-ի հոկտեմբերի 27-ին` Ասկերանում: Յոթ ամիս անց, ողբերգական ավտովթարից մահացել է նրա մայրը` Սաթենիկ Խալաթյանը:
Մհերի եղբայրը` Նարեկը հիմնել է «Մհեր Փոթոյան» մշակութային հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է պահպանել, վերարժևորել հայկական երաժշտությունն ու բացահայտել նոր տաղանդավոր երաժիշտների:
Մհերն ընտանիքի չորս որդիներից մեկն էր: Չորսն էլ նվագում էին երաժշտական տարբեր գործիքներով:
Տղաների հայրը` Վաչագան Փոթոյանը պատմում է. «Մեր համայնքում` Քանաքեռավանում, արվեստի լավ դպրոց ունենք: Մեծ տղաս` Մկրտիչը ակարդեոն էր նվագում, Նարեկը շվի էր նվագում, Մարզպետը սկզբում դհոլ էր նվագում, մի քանի տարի հետո ասեց` ուդ եմ ուզում նվագել: Մհերն այդ ընթացքում ոչինչ չէր նվագում, մենակով մնում էր տանը: 10-11 տարեկան էր: Ասում էի` դե Մհեր ջան, մի բան էլ դու որոշի, որ եղբայրներիդ հետ գնաս-գաս: Մի օր հեռուստացույցով համերգ էր, նայեց, ասեց` պապա, ես այ սրանից եմ ուզում նվագել: Քամանչա էր»:
Մհերի եղբոր` Նարեկի խոսքով, անցած մեկ տարվա ընթացքում կազմակերպությունը կարողացել է բացառապես իր սահմանափակ հնարավորություններով մի շարք միջոցառումներ իրականացնել. «Մենք շատ էինք ուզում գտնել տարբերակ, որ նրա գործը շարունակվի: Մեր գլխավոր նպատակն էր հայկական ժողովրդական երաժշտական գործիքներն ավելի հանրահռչակել, նաև ճանաչելի դարձնել այն արտիստներին, ովքեր ստեղծագործում են և նվագում են այդ գործիքներով: Մարդիկ նրանց քիչ են ճանաչում: Մենք ցանկանում ենք նրանց ձայնն ավելի լսելի դարձնել: Իհարկե, սա հեշտ բան չէ, աշխատանքների ընթացքում շատ խնդիրների ենք հանդիպում»:
Իրենց գործունեության ընթացքում Մհերի հարազատները տարբեր միջոցառումներ են կազմակերպել, որոնց թվում Արամ Խաչատրյան համերգասրահում իրականացված անվճար դասախոսություններն են.«Մարդիկ գալիս ու ծանոթանում էին գործիքների հետ: Ունեցել ենք ցուցահանդես-համերգ-վաճառք, ունեցել ենք բարեգործական համերգներ: Նպատակները շատ-շատ են, բոլորն իրականացնելու համար մենք այժմ գործընկերների ենք փնտրում»:
Նարեկ Փոթոյանն ասում է. «Մեր ընտանիքի համար քամանչան սովորական գործիք չէ, այն Մհերի խորհրդանիշն է»:




Վաչագան Փոթոյանը` որդու մասին պատմելիս:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքում` զոհված ուսանողների ցուցանակի մոտ:
Կրթություն` և՛ փոքրերի, և՛ մեծերի համար


Ալեն Մարգարյանն ընդամենը մեկուկես ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Նա կապի վաշտի ծառայող էր և պարտականությունների բերումով պարտավոր էր գտնվել թաքստոցում, սակայն պատերազմի առաջին իսկ օրվանից Թալիշի և Մատաղիսի առաջնագծում էր։ Երբ հրամանատարական կազմը հրահանգել է զենք-զինամթերք, սնունդ հասցնել առաջնագիծ, Ալենը ստանձնել է այդ աշխատանքը։ Մարտական առաջադրանքը կատարելիս Ալեն Մարգարյանը զոհվել է 2020-ի սեպտեմբերի 30-ին, Մատաղիսում։
Ի հիշատակ որդու՝ ծնողները հիմնել են «Ալեն Մարգարյան» բարեգործական հիմնադրամ: «Մեր գլխավոր թիրախները կրթությունն ու մշակույթն են: Մեր ընտանեկան միջոցներից մենք կրթաթոշակներ, ուսման վճարներ ենք տրամադրում, բացի դա Մանկավարժական համալսարանում գործում է «Ալեն Մարգարյան կրթաթոշակը»,- պատմում է մայրը՝ Նազելի Տերտերյանը:
Այս ամառվա ընթացքում Նազելի Տերտերյանը տարրական դասարանների աշակերտների համար ամառային դպրոց է կազմակերպել. «Փոքրիկները միշտ էլ իմ թուլությունն են եղել: Մանուկների մեջ կա ազնվություն, մաքրություն, անկեղծություն: Մանուկները նաև Ալենի թուլությունն էին: Դրա վկայությունը նրա գրած մանկական հեքիաթներն են, որոնց տպագրման աշխատանքները շուտով ավարտին կհասցվեն»
Որպես ապագա ամենակարևոր անելիք՝ Ալենի ծնողները ցանկանում են կրթօջախ հիմնել: «Բանակից հետո Ալենը ցանկանում էր կրթությունը շարունակել Բոստոնում, ինչից հետո երազում էր վերադառնալ ու Հայաստանում նոր կրթական համակարգի հիմք դնել: Ցավոք, հիմա ես եմ անելու դա, ոչ թե նա… Բնության ու կյանքի օրենքը փոխվել է: Հիմա ծնողներն են շարունակում իրենց որդիների գործը, մինչդեռ պետք է լիներ հակառակը»,- ասում է Նազելի Տերտերյանը:

Ալենի կրտսեր եղբայրը` Դավիթը:
