
Զեկույցը կարող եք լսել Ձայնագիր տարբերակով:
Հայաստանի անվտանգային իրադրությունը դեռևս անորոշ է, քանի որ Ադրբեջանը զգալիորեն ավելացրել է միջպետական հակամարտության մեխանիզմների կիրառումը` նախաձեռնելով ինչպես լայնամասշտաբ ներխուժումներ, այնպես էլ աստիճանաբար դիմելով հիբրիդային պատերազմի, որի նպատակը հրադադարի ռեժիմի խախտումներն արդարացնելն է: Ադրբեջանի վրա միջազգային ճնշում գործադրելու նպատակով Հայաստանն անցել է խիտ դիվանագիտական նախաձեռնողականության ինչպես հանրային, այնպես էլ ոչ հանրային խողովակներով: Չունենալով ռազմական զսպման հնարավորություններ` Հայաստանը հենվում է իր անվտանգության դիվանագիտացման վրա` դիվանագիտական ճնշման հնարավորությունները համակարգելով Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության և Ֆրանսիայի հետ` Ադրբեջանի հետագա միջպետական ռազմական գործողությունները զսպելու համար: Գործընթացից Ռուսաստանի հարաբերական մեկուսացումը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)` Հայաստանի անվտանգության կարիքներին արձագանքելու գործընթացում որպես անվտանգության միջնորդ ծառայելու անկարողությունը փոխել է Ռուսաստանի` որպես անվտանգային դաշնակցի ընկալումը Հայաստանում: Ռուսաստանի գլխավորած անվտանգային ճարտարապետությունը Հարավային Կովկասում բոլոր առումներով փլուզվել է, և Ռուսաստանն այլևս չի համարվում Հայաստանի անվտանգության երաշխավոր:
Հայաստանի անվտանգության համատեքստը
Անվտանգության պարունակը 2022 թվականի սեպտեմբերին նախնականորեն պայմանավորված էր Եվրոպական Միության կողմից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև նախաձեռնած բանակցություններով: Միացյալ Նահանգները դրական գնահատեց այս զարգացումները, մինչդեռ Ռուսաստանը կասկած հայտնեց ԵՄ-ի գլխավորած բանակցությունների վերաբերյալ: Հանդիպումների արդյունքը դեռևս չհամապատասխանեցին երկու կողմի նպատակների հետ, քանի որ Հայաստանը նշեց, որ բանակցությունները բարդ են եղել, իսկ Ադրբեջանը վերադարձավ հարկադրվող դիվանագիտության իր դիրքորոշմանը, որը ակնհայտ դրսևորվեց Ադրբեջանի պաշտպանության նախարարության որդեգրած գործելաոճում։ Սեպտեմբերի 2-ին ադրբեջանական ուժերը ռազմական գործողություններ սկսեցին հայկական թիրախների նկատմամբ` միևնույն ժամանակ զորավարժություններ սկսելով Լաչինում: Սեպտեմբերի 3-ից «մոխրագույն գոտու» մարտավարության կիրառումը սրվեց` ուղեկցվելով հրադադարը խախտելու մեջ Հայաստանի դեմ շարունակական մեղադրանքներով, որոնք Հայաստանը համառորեն հերքում էր: Մեղադրանքները շարունակվեցին սեպտեմբերի 4-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին, 11-ին և 12-ին` գագաթնակետին հասնելով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի լայնամասշտաբ ներխուժմամբ: Ընդհանուր առմամբ, անվտանգության պարունակը շարունակեց վատթարանալ Բրյուսելի բանակցություններից հետո, երբ Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով սաստկացնում էր «մոխրագույն գոտու» մարտավարությունը, ինչն էլ հանգեցրեց սեպտեմբերի 13-ի ռազմական գործողություններին:
Ադրբեջանի հարձակողական գործողությունները լայնածավալ էին և ընդգրկում էին ավելի քան 30 բնակավայր` հիմնականում կենտրոնանալով Սոթքի, Ջերմուկի, Գորիսի և Իշխանասարի վրա, որի հետևանքով Ադրբեջանը դիրքային առաջխաղացում ունեցավ Ներքին Հանդի, Վերին Շորժայի և Սոթքի ուղղություններով: Հաշվի առնելով ռազմական գործողության ծավալն ու աշխահագրությունը, Ադրբեջանի ռազմավարական նպատակը Ջերմուկի գրավումն էր` որպես ընդարձակ անվտանգային (բուֆերային) գոտի Հայաստանի ինքնիշխան տարածքում` միևնույն ժամանակ վերահսկողություն հաստատելով ռազմավարական բարձունքների նկատմամբ` բուֆերային գոտու վրա վերահսկողությունն ապահովագրելու նպատակով։ Արդյունքում ադրբեջանական ուժերը 1,5 կմ առաջխաղացում ունեցան Ներքին Հանդի և Վերին Շորժայի, կես կիլոմետր` Իշխանասարի և մոտավորապես 7 կիլոմետր` Ջերմուկի ուղղությամբ:
Քարտեզ. սեպտեմբերի 13-14—ին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումները
Հեղինակի մասին

Դոկտոր Ներսես Կոպալյանը Լաս Վեգասի Նևադայի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս է: Նրա մասնագիտացման ոլորտները ներառում են միջազգային հարաբերությունները, աշխարհաքաղաքականությունը, քաղաքական տեսությունն ու գիտության փիլիսոփայությունը: Նա ծավալուն հետազոտություններ է անցկացրել բևեռականության, գերտերությունների հարաբերությունների, անվտանգության ուսումնասիրությունների վերաբերյալ։ Կոպալյանը «Համաշխարհային քաղաքական համակարգերը բևեռականությունից հետո» գրքի (Ռութլիջ, 2017) հեղինակն է, «Սեքս, իշխանություն և քաղաքականություն» գրքի (Փալգրև Մաքմիլլան, 2016) համահեղինակը: Նրա ընթացիկ հետազոտությունների առանցքում են աշխարհաքաղաքական և մեծ տերությունների հարաբերությունները՝ շեշտը դնելով Եվրասիայի վրա: Նա նաև լայնածավալ աշխատանք է կատարել Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների վերաբերյալ՝ մինչ թավշյա հեղափոխությունը և դրանից հետո։ Հայաստանի կառավարության համար մշակել է առաջարկությունների փաթեթներ, ինչպես նաև կամավորական հիմունքներով խորհրդատվություն է տրամադրել պետական տարբեր կառույցներին:
Զեկույցը անգլերեն
Հայաստանի անվտանգության ճարտարապետության կտրուկ վատթարացումը հանգեցրեց նրան, որ Երևանը գործի դրեց երկու մոտեցում. բուռն դիվանագիտական գործունեություն միջազգային գործընկերների հետ և պաշտոնական դիմում ՀԱՊԿ-ին` իր անվտանգային պարտավորություններն իրականացնելու կոչով: Հարձակման առաջին իսկ ժամերի ընթացքում վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ: Զուգահեռաբար, արտաքին գործերի նախարար Միրզոյանը շփվում էր Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլիի և Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի հետ: Միաժամանակ, հրավիրվեց ՀԱՊԿ Անվտանգության ընդլայնված խորհրդի արտահերթ նիստ, որտեղ ՀԱՊԿ-ը որոշում կայացրեց ուղարկել փաստահավաք առաքելություն, բայց ձեռնպահ մնաց թե՛ ուժի կիրառումից, թե՛ Հայաստանին դիվանագիտական աջակցություն տրամադրելուց: Հայաստանի անվտանգության իրավիճակի վատթարացման, ինչպես նաև թե՛ Ռուսաստանի, թե՛ ՀԱՊԿ-ի` ֆիզիկական անվտանգություն ապահովելուց կամ հրադադար պարտադրելուց հրաժարվելու պայմաններում, Երևանը մեծապես հենվում է Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի` Բաքվի վրա դիվանագիտական ճնշում գործադրելու հավանականության վրա: Հրադադար հաջողվեց հաստատել սեպտեմբերի 14-ի երեկոյան` հիմնականում Միացյալ Նահանգների ջանքով:
Քանի որ անվտանգային իրավիճակը դեռևս փխրուն էր, իսկ հրադադարը պահպանելու էական երաշխիքներ չկային, Երևանը շարունակում էր դիվանագիտական ալիքներով կրակի դադարեցման ռեժիմն ամրապնդելու ջանքերը, վարչապետ Փաշինյանը դարձյալ հեռախոսազրույց է ունենում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ: Ի լրումն դրա, շարունակվում էր շփումը Հայաստանի պաշտպանության նախարարության և Ամերիկայի պաշտպանության դեպարտամենտի միջև. պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույցներ ունեցավ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ: Մինչ ֆիզիկական անվտանգության երաշխիքների բացակայությունը դանդաղ լրացվում էր դիվանագիտական աջակցությամբ, ավելի լայն պարունակում երկու կարևոր իրադարձություն նպաստեց Հայաստանի անվտանգային իրավիճակի հարաբերական ամրապնդմանը. ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի այցը և Ֆրանսիայի նախաձեռնությամբ Ադրբեջանի ագրեսիայի քննարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի ֆիզիկական անվտանգության վատթարացման, Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի` պայմանագրային պարտավորություններից լուռ հրաժարվելու պայմաններում Հայաստանի անվտանգության ճարտարապետության ամբողջականությունը հիմա կախված է Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ դիվանագիտական համակարգումից: Խոսնակ Փելոսիի այցը, որը գնահատվեց որպես տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության նշանակալի փոփոխություն, և Հայաստանի ժողովրդավարության ու անվտանգության հանդեպ վստահության անվերապահ քվե, միաժամանակ դատապարտեց Ադրբեջանին՝ Հայաստանի տարածք ներխուժելու համար: Այս դիրքորոշումը հետագայում ամրապնդեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ինչպես նաև Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը: Դիվանագիտական աքցանի մյուս կողմում Ֆրանսիան Հայաստանի անվտանգային իրավիճակը ներկայացրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և հասավ ընդհանուր կոնսենսուսի, որը նպաստավոր էր Հայաստանի համար, քանի որ Հնդկաստանը, Նորվեգիան, Իռլանդիան, Ֆրանսիան և Միացյալ Նահանգներն աջակցություն ցուցաբերեցին Հայաստանին, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը չեզոքություն պահպանեցին:
Հայաստանի անվտանգության երկընտրանքի դիվանագիտացումն ամրապնդեց վարչապետ Փաշինյանի և պետքարտուղար Բլինքենի հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում, որին հաջորդեցին Շառլ Միշելի, ՄԱԿ-ի գլխավոր քատուղար Անտոնիո Գուտերեշի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումները: Դաշնակցային դիվանագիտության գործիքակազմի ձևավորումը շարունակվեց, երբ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 26-ին մեկնեց Վաշինգտոն, իսկ վարչապետ Փաշինյանը՝ Ֆրանսիա` նախագահ Մակրոնի հետ պաշտոնական հանդիպման: Ադրբեջանի ագրեսիայի շուրջ կոնսենսուս ձևավորելու Հայաստանի ջանքերը վերահաստատվեցին, երբ Ֆրանսիան իր դիրքորոշումը համաձայնեցրեց Միացյալ Նահանգների դիրքորոշման հետ. Ադրբեջանը շարունակում է մնալ ագրեսոր և պետք է իր զինված ուժերը վերադարձնի ելման դիրքեր, քանի որ նրա վարքագիծը Հայաստանի ինքնիշխանության խախտում է: Դրան հաջորդեց սեպտեմբերի 27-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Ֆրանսիա, որտեղ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն հաստատեց, որ ֆրանսիական ռազմական պատվիրակություն կժամանի Հայաստան` անվտանգային իրավիճակն ուսումնասիրելու նպատակով:
Ռազմավարական գնահատում
Հայաստանի՝ Ռուսաստանահեն անվտանգային ճարտարապետությունը փլուզվել է: Ռուսաստանն առաջվա պես ի զորու չէ կատարել Հայաստանի նկատմամբ իր անվտանգային պարտավորությունները թե՛ երկու պետությունների միջև 1997-ի երկկողմ պայմանագրի, թե՛ Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ի անվտանգության պայմանագրին Հայաստանի անդամակցության շրջանակներում: 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի շարունակվող ներխուժումների և Հայաստանի տարածք ներկայիս ներխուժման պայմաններում Ռուսաստանի դիրքորոշումը բավական միանշանակ է. Ադրբեջանի նախաձեռնած միջպետական ռազմական հակամարտություններին վերաբերող հարցերում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի անվտանգային պարտավորությունները չեն գործում: Ըստ էության, Ռուսաստանը հրաժարվել է Հայաստանի անվտանգության երաշխավորի իր պարտավորությունից: Հայաստանի առաջ ծառացած խնդիրները երեքն են.
- Նկատի ունենալով վերջին երեք տասնամյակում Հայաստանի անվտանգության ճարտարապետության կախվածությունը` Հայաստանի անվտանգային հայեցակարգի վերադասավորումը պահանջում է Ռուսաստանից կախվածության անցում ռազմավարական գործընկերների հետ զսպման հնարավորությունների ստեղծման:
- Զենքի գնումը խնդրահարույց է 2020-ի Արցախյան պատերազմից ի վեր, քանի որ Հայաստանը հայտնվել է ծանր կացության մեջ. վերջին երկու տարիներին Ռուսաստանը Հայաստանին զենք չի վաճառել, իսկ ՀԱՊԿ-ին իր անդամակցության պատճառով Հայաստանը խնդիրների է բախվում համապատասխան երկրներից զենք ձեռք բերելու հարցում: Արդյունքում կտրուկ ավելացել է ուժերի անհավասարությունը, քանի որ Ադրբեջանը շարունակել է զինվել, իսկ Հայաստանն ապարդյուն հույս է փայփայել, որ Ռուսաստանը կկատարի իր պարտավորությունները:
- Ռուսաստանի երախշավորած անվտանգության ճարտարապետության փլուզումը նվազեցրել է Հայաստանի` իր իսկ ֆիզիկական անվտանգության ապահովման հնարավորությունները, ինչը Երևանին ստիպում է զբաղվել իր անվտանգության դիվանագիտացմամբ, մինչև կլուծվեն զսպման և սպառազինության խնդիրները:
Այս անախորժ իրավիճակն էլ ավելի է բարդանում հիբրիդային պատերազմի ադրբեջանական մարտավարության շարունակությամբ և ուժգնացմամբ, քանի որ Ադրբեջանը «մոխրագույն գոտու» մարտավարությունից անցում է կատարում իրական ռազմական գործողությունների` օգտվելով Հայաստանի անվտանգային ճարտարապետության քայքայումից, ինչպես նաև ուժերի կառավարելի հավասարություն հաստատելու Հայաստանի անկարողությունից: Ադրբեջանն ունի երկու նպատակ. օգտվել Ռուսաստանի` որպես տարածաշրջանային հեգեմոնի թուլացումից և Հայաստանին պարտադրել զիջումներ, որոնք չիրականացան 2020-ի Արցախյան պատերազմի ընթացքում: Առաջինը կոպիտ պատեհապաշտ վարքի դրսևորում է, իսկ երկրորդը` մանրամասն մշակված ընդհանուր ռազմավարության շարունակություն: Սակայն տվյալ պահին երկու նպատակները համընկել են: Այս նպատակներին հասնելու համար Ադրբեջանն օգտագործում է երեք հիմնական մեթոդ. շերտատում, սահմանապատում (բորդերիզացիա) և Ռուսաստանի հետ փոխադարձության քաղաքականություն:
«Սալյամիի մարտավարություն» (շերտատում)
Բաքվի ընդհանուր քաղաքականության կարևոր մեթոդը «սալյամիի շերտատման մարտավարությունն» է, որը կրկնվող, սահմանափակ և քիչ ծախսատար գործողություններով ստեղծում է կայացած իրողությունների շարք՝ ազդեցության ոլորտի մեծացման նպատակով: Ադրբեջանը «սալյամիի մարտավարություն» կիրառում է կառավարելի անկայունություն ստեղծելու համար, այսինքն`ստեղծում է անկայուն իրավիճակ, դիմում շերտատման մարտավարության, ապա համաձայնում դադարեցնել կրակը` որպես կայունացման ակտ: Օգտագործելով տեղային բնույթի իր իսկ նախաձեռնած բռնության իրողությունը, որի նպատակը ցանկալի արդյունքին հասնելն է, Ադրբեջանը գործում է թե՛ որպես ագրեսոր, թե՛ խաղաղարար: Կառավարելի անկայունությունը շարունակվող «սալյամիի մարտավարության» որպես ավելի ընդգրկուն ռազմավարություն կայանալու շարժիչ ուժն է։ Շերտատման գործողությունների կազմակերպման հիմնական գործիքակազմը «սադրանքների» մասին հայտարարություններն են, որոնք պայմաններ են ստեղծում ինչպես անկայունություն առաջացնելու, այնպես էլ արհեստականորեն ստեղծված ճգնաժամի պայմաններում ինքնապաշտպանության պատրվակը գործածելու համար: Սա համահունջ է այն օրինաչափության հետ, երբ միջպետական ռազմական գործողությունների մեկնարկից առաջ ադրբեջանական կողմից սադրանքների մասին հաղորդումները զգալիորեն ավելանում են։
Սահմանապատում (բորդերիզացիա)
Սահմանապատման տեխնիկայի միջոցով Ադրբեջանը կիրառում է «ճկվող աշխարհագրության» գաղափարը` սողացող բռնակցման իր քաղաքականությունն արդարացնելու համար, քանի որ այն թույլ է տալիս, որ սահմանագծումն օգտագործվի որպես առավելություն ձեռք բերելու լծակ: Ստեղծելով ենթադրյալ անհստակություն և մոխրագույն գոտու մարտավարության միջոցով ամրապնդելով այդ անհստակության (գաղափարը), Ադրբեջանը գործնականում համադրում է սահմանապատումը սողացող բռնակցման հետ։
Ըստ էության, եթե երկու պետությունների սահմանային հարցերում կա անհստակություն, և որոշակի չէ, թե որտեղ է սկսվում դիմացինի տարածքային ինքնիշխանությունը, ապա ինչպե՞ս կարելի է մեղադրվել ներխուժման մեջ։ Գործի դնելով աշխարհագրական ճկուն մեխանիզմ` Ադրբեջանը տարածքներ է խլում Հայաստանից և սահմանապատման միջոցով ստեղծում է նոր իրականություն: Սա Ադրբեջանին ուժի սանդղակային կիրառման հնարավորություն է տալիս՝ սկսած սադրանքների համար թեթև հրազենի կիրառումից, վերջացրած լայնամասշտաբ ներխուժումներով և քաղաքացիական օբյեկտների զանգվածային հրետակոծություններով:
Հարկադրված դիվանագիտության տրամաբանության տեսանկյունից սահմանապատման նպատակը քաղաքական զիջումների հասնելն է: Այս պարունակում նպատակն է իրողություններ ստեղծելով՝ խաբեության, բռնության և անվտանգության սպառնալիքով զբաղեցնել շահավետ դիրք և քաղել քաղաքական զիջումներ։
Ռուսաստանի հետ փոխադարձության քաղաքականություն
Բաքուն ձևակերպել է Ռուսաստանի հետ հստակ սահմանված փոխադարձության քաղաքականություն, որն Ադրբեջանին գործողությունների որոշակի ազատություն է տալիս Հայաստանի նկատմամբ իր ագրեսիայի մեջ, ընդ որում՝ դրա բնութագիրը որոշվում է Ռուսաստանի համար փոխշահավետության սկզբունքով: Ադրբեջանն այս պայմանավորություններն ամրագրել է փետրվարի 24-ին` Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց առաջ ստորագրելով Մոսկվայի հռչակագիրը: 43 կետից բաղկացած համաձայնագիրն անդրադառնում է բոլոր հարցերին` տարածաշրջանային և ռազմական քաղաքականությունից մինչև բանկային և էներգետիկ ոլորտում համագործակցություն` այդպիսով ամրապնդելով երկու պետությունների շահերի փոխհամաձայնությունը: Ավելին, էներգետիկ համագործակցության ոլորտում ռուսական «Լուկօյլ» ընկերությունը ձեռք է բերել «Շահ Դենիզ» նախագծի 25 տոկոս բաժնետոմսեր` այդպիսով դառնալով Ապշերոնյան թերակղզու ծանծաղուտների մշակման նախագծի (SWAP) անբաժանելի խաղացող Կասպից ծովի ադրբեջանական հատվածում: Ոչ պակաս կարևոր հանգամանք է նաև, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն Իրանի հետ համատեղ ստորագրել են Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման մասին համաձայնագիր, որը միտված էր Ադրբեջանի տարածքով և դեպի Ռուսաստան տրանսպորտային և տարանցիկ խնդիրների լուծմանը:
Շահերի այս ռազմավարական և փոխադարձ համընկնումը սերտորեն կապված է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության խախտման հարցում Ռուսաստանի, ընդհանուր առմամբ, զուսպ արձագանքի հետ: Այս պարունակում Ռուսաստանն իր դաշնակցին աջակցելու փոխարեն ոչ միայն երկկողմանի խաղ է վարում, այլև փաստացի օգտագործում է Բաքվի հիմնական թեզերն ու միջպետական ռազմական գործողությունների արդարացումները: Օրինակ, ամրապնդելով սահմանագծման պատումը` որպես Ադրբեջանի վարքագծի արդարացում, Ռուսաստանը խոսում է Ադրբեջանի, այլ ոչ թե իր դաշնակցի լեզվով: Այսպիսով, եթե Հայաստանի դիմումները Ռուսաստանին հիմնված են ինքնիշխան տարածքի նկատմամբ բռնությունների փաստի վրա, ապա Ռուսաստանի արձագանքը համաձայնեցված է Ադրբեջանի այն փաստարկի հետ, որ ինքնիշխանությունը չի խախտվել, քանի որ սահմանները հստակեցված չեն: Ադրբեջանի թեզը նույնպես բարձրաձայնվել է ՀԱՊԿ-ի շրջանակներում. սահմանների խախտումը չի կարող քննարկման առարկա դառնալ, եթե սահմանագծում չի իրականացվել:
«Սալյամիի մարտավարությունն» ու սահմանապատումը միասին ընդլայնում են հարկադրված դիվանագիտության Ադրբեջանի հնարավորությունները` միևնույն ժամանակ նաև ստեղծելով նոր իրողություններ, որոնք ավելացնում են Հայաստանի վրա նրա ճնշման լծակները: Ի լրումն Հայաստանի առաջ ծանրացած անվտանգային երկընտրանքի` Ռուսաստանը լուռ համաձայնություն է տալիս Ադրբեջանի նեղ շահերին, քանի որ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ իր անվտանգային պարտավորությունների կատարման հանդեպ անփույթ վերաբերմունքը զերծ է պահում Ադրբեջանին տարածաշրջանային հեգեմոնի ճնշումներից: Ադրբեջանն օգտվում է Թուրքիայի աներկբա աջակցությունից և Ռուսաստանի լուռ համաձայնությունից` այդպիսով Բաքվին թույլ տալով առավելագույնի հասցնել Հայաստանի հարցում իր առանց այդ էլ առավելապաշտական նկրտումները: Ելնելով անվտանգության այսպիսի փոխդասավորություններից` Հայաստանի միակ այլընտրանքը մնում է դիմել դիվանագիտությանը` որպես ժամանակավոր դադար, և միևնույն ժամանակ ընդունել այն փաստը, որ անվտանգության իր միակ երաշխավորը մենակ է թողել իրեն: Երևանի տեսանկյունից, սա պահանջում է կտրուկ անցում դեպի Միացյալ Նահանգներ և Ֆրանսիա` հույս ունենալով, որ առաջինը կապահովի բավարար չափով քաղաքական կապիտալ, իսկ երկրորդը գուցե ծառայի որպես անվտանգության ոլորտի հավանական գործընկեր (ոչ երաշխավոր) և զենքի մատակարար:
Համակարգի վերլուծություն
Ռուսաստանի հովանավորած Հայաստանի անվտանգային ճարտարապետության փլուզումը և Հարավային Կովկասում ուժերի վերադասավորությունն ուղեկցվել է լուրջ համակարգային ու կառուցվածքային զարգացումներով: Համակարգային մակարդակում Ռուսաստանի գերտերական ազդեցությունը նվազել է, Թուրքիայի ներգրավվածությունը դարձել է անուղղակի, Իրանի դիրքորոշումը կախված է կարմիր գծերից, իսկ Միացյալ Նահանգների մասնակցությունը սահմանվում է Ռուսաստանի թուլացման պատճառով ստեղծված նոր հնարավորությամբ: Թեև Ֆրանսիան չի դարձել տարածաշրջանային խաղացող, այնուամենայնիվ, ընդմիջարկել է` Հայաստանին տրամադրելով դիվանագիտական աջակցություն՝ լրացնելով Ռուսաստանի անտարբերության հետևանքով առաջացած մեծ բացը: Հիմնարար համակարգային գործոնները, որոնցով բացատրվում է Հայաստանի անվտանգային վիճակը, հիմնականում կախված են երկու գործոնից` Ռուսաստանի հրաժարականը երաշխավորի իր դերից և իշխանության վակուումը լրացնելու Ամերիկայի որոշումը:
Եթե Ուկրաինայի պատերազմը համարվում է արտածին գործոն, որը համակարգային հետևանքներ է ունենում Հարավային Կովկասում, ապա տարածաշրջանում Ռուսաստանի անվտանգային քաղաքականության աղճատումը լավագույնս կարելի է հասկանալ, եթե ուսումնասիրենք «առանցքային զսպման» քաղաքականության քայքայումը: Հղում կատարելով Թիմոթի Քրոուֆորդի կոնցեպտուալ մոդելին` այս սկզբունքն ընդգծում է, որ տարածաշրջանային գերտերությունը չի անցնում երկու հակամարտող պետություններից որևէ մեկի կողմը, այլ շահագրգռված է պատերազմի կանխարգելմամբ: Այսպիսով, տարածաշրջանային գերտերությունը պտտվում է պատերազմող պետությունների շուրջ` նրանցից յուրաքանչյուրին թույլ չտալով ռազմական գործողություններ սկսել: Ռուսաստանի առանցքային զսպումը սահմանվում էր հնարավոր ռազմական արդյունքների վրա ազդելու նրա կարողությամբ, ինչը երկու պետություններին էլ հետ էր պահում միմյանց դեմ ոտնձգություններից: Սա` որպես զսպման ռազմավարություն, ազդում էր երկու դերակատարների վրա, քանի որ Ռուսաստանը կամ չեզոքություն էր պահպանում կամ աջակցում կողմերից մեկին: Անկայունությունն ու անորոշությունը, որոնք պայմանավորված էին Ռուսաստանի չեզոք դիրքորոշմամբ և կողմերից մեկի սխալ պահվածքի պատճառով առանցքի փոփության անկանխատեսելիությունը նվազեցնում էր լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը:
Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում 1994-2020թթ.

* Այս գծապատկերը գերազանցապես Լորենս Բրոերսի` Հարավային Կովկասում առանցքային զսպման տեսության տեսողական պատկերացումներից է:
2020-ին Ադրբեջանի կողմից Արցախյան պատերազմի սանձահարումը քայքայեց Ռուսաստանի առանցքային զսպման քաղաքականությունը, մինչդեռ Ադրբեջանի հետպատերազմական ռազմական գործողությունները, որոնց հաջորդեցին Ռուսաստանի անհաջողություններն Ուկրաինայում, հանգեցրին տարածաշրջանային քաղաքականության մասնատման: Ի վիճակի չլինելով զսպել Ադրբեջանին և չցանկանալով շրջվել Հայաստանի կողմը` Ռուսաստանի առանցքային զսպման քաղաքականության քայքայումը հանգեցրեց Հայաստանի անվտանգության ճարտարապետության փլուզմանը, որը կախված էր Ռուսաստանից:
Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում 2020-ից հետո

Ինչպես ցույց է տալիս գծապատկերը, երկու կողմերից յուրաքանչյուրին զինելու, դաշնակցային պարտավորությունները կատարելու կամ միջնորդությունը վերահսկելու Ռուսաստանի անկարողությունը նպաստել է տարածաշրջանային հեգեմոնի դերի թուլացմանը: Ադրբեջանն ավելացրել էր իր ռազմական ծախսերը Ռուսաստանից անկախ, մինչդեռ Ռուսաստանը նախկինի պես անկարող է կատարել Հայաստանը բավարար չափով զինելու իր պարտավորությունը: Չեզոքության և անհստակության գործոնն այս իմաստով զրոյացվել է, ու թեև դա իսկապես ավելացրել է անորոշությունը, Ռուսաստանն այլևս վստահելի լծակներ չունի Բաքվին զսպելու համար: Բացի այդ, «այլընտրանքային դաշինքի տարբերակները» վերահսկելու կամ սահմանափակելու Ռուսաստանի հնարավորությունները նվազեցին, երբ Ադրբեջանը Թուրքիային հրավիրեց Հարավային Կովկաս: Այդպիսով, Բաքվին արմատապես զսպելու անկարողությունը հանգեցրեց Հայաստանի անվտանգության ճարտարապետության անկմանը, ինչը Հայաստանին ստիպեց նաև դիտարկել այլընտրանքային դաշնակցային հնարավորություններ: Տարածաշրջանում Ռուսաստանի թուլացման և առանցքային զսպման քաղաքականության անկման հետևանքով Միացյալ Նահանգներն ավելացում է իր ներկայությունը տարածաշրջանում, իսկ Ֆրանսիան հանդես է գալիս` որպես «Հայաստանի այլընտրանքային դաշնակցի տարբերակ»:
Ամերիկայի առանցքային տեղաշարժը Հարավային Կովկասում նախատեսված է հենց Ռուսաստանի ձախողված զսպման քաղաքականությունը փոխարինելու համար, քանի որ Միացյալ Նահանգները ձգտում է լրացնել խաղաղապահի թափուր տեղը, բայց դա անում է լուռ՝ իրագործելով Բայդենյան դոկտրինը: Կոնցեպտուալ տեսանկյունից, ԱՄՆ-ը ձգտում է սանձել Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը` այդպիսով ամրապնդելով Հայաստանի անվտանգությունն ու ժողովրդավարությունը, միևնույն ժամանակ թուլացնելով տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության լծակները` Հայաստանը հանելով Ռուսաստանի ուղեծրից: Միացյալ Նահանգները ձգտում է տարածաշրջանում ստեղծել ազդեցության ժողովրդավարական ոլորտ, քանի որ Հայաստան-Վրաստան ժողովրդավարական երկյակը կարող է կարևոր խարիսխ լինել Միացյալ Նահանգների և, հետևաբար, տարածաշրջանում եվրոպական շահերի ամրապնդման համար: Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության և Եվրոպայի մեծ մասի դիրքորոշումն այս համատեքստում առանցքային զսպման փորձ է, բայց նախ և առաջ` դիվանագիտական գործիքակազմի միջոցով: Ըստ էության, ԱՄՆ-ն ձգտում է զսպել Բաքվի ագրեսիան` ազդարարելով այն մասին, որ անցում է կատարում Հայաստանի կողմը, ինչը փոփոխություն էր երեք տասնամյակ տևած չեզոքության քաղաքականությունից հետո: Նպատակը ոչ թե Հայաստանին ոգևորելը կամ ավելի լայն պարունակում նրա կողմն անցնելն է, այլ պատերազմի թատերաբեմն ընդայնելու Ադրբեջանի հավակնությունները զսպելը: Այս իմաստով, ԱՄՆ-ի գլխավորությամբ դիվանագիտական զսպման համակարգի ազդեցությունը Հայաստանի անվտանգային ճարտարապետության վրա աճում է՝ փոխարինելով կոշտ ուժի զսպման Ռուսաստանի քայքայված համակարգը:
Գործնական ռազմավարություն
Անկայուն անվտանգային իրավիճակում, որի հետ առերեսվում է Հայաստանը, գործնական ռազմավարությունը, ինչպես նախկինում, կախված է երկու հիմնական մոտեցումից` անվտանգության դիվանագիտացում և սպառազինության գնում Ռուսաստանից անկախ: Իր գործնական ռազմավարության շրջանակներում Հայաստանի հիմնարար և կարևորագույն նպատակը զսպման որոշակի մեխանիզմների ստեղծումն է: Տվյալ պահին այդպիսի կառույցի մշակման սաղմնային փուլը ենթադրում է համակարգային կախվածություն Միացյալ Նահանգներից, հզոր դիվանագիտական աջակցություն Ֆրանսիայից և սպառազինությունների ձեռքբերում Հնդկաստանից և այլ գործընկերներից: Համոզվելով, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ռուսաստանի ղեկավարած ՀԱՊԿ-ը մտադիր չեն զսպել Բաքվի վարքագիծը, Երևանը հեռացրել է Ռուսաստանին իր գործնական զսպման ռազմավարությունից: Անշուշտ, սա չի ենթադրում հարաբերությունների դադարեցում, այլ, հաշվի առնելով Ուկրաինայում Ռուսաստանի խնդիրները և ընդունելով Հարավային Կովկասում նրա ազդեցության կտրուկ նվազումը, Հայաստանը վերակառուցում է իր անվտանգային ճարտարապետությունը:
Հայաստանի գործնական զսպման ռազմավարությունը հենվում է երեք հիմնասյան վրա` անվտանգության շարունակական դիվանագիտացում, միջազգային դիտորդների որոնում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործողություններ, ինչպես նաև զենքի գնում` ուժերի անհավասարությունը մեղմացնելու համար:
Գործնական զսպման ռազմավարություն

Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության և Ֆրանսիայի ակտիվ մասնակցությամբ Հայաստանը ձեռնամուխ է եղել դիվանագիտությամբ զսպման ռազմավարության ձևավորմանը` հուսալով, որ այս խաղացողներին կհաջողվի Ադրբեջանին հետ պահել ևս մեկ լայնամասշտաբ ներխուժման մտահղացումից: Անվտանգության դիվանագիտացմանը զուգահեռ Հայաստանը դիմում է միջազգային անվտանգային մեխանիզմների, այդ թվում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ակտիվ մասնակցությանը` Բաքվի հետագա ագրեսիան զսպելու համար, ինչպես նաև կոչ է անում միջազգային դիտորդական առաքելություն տրամադրել: Մասնավորապես, հաշվի առնելով ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության դիրքորոշումների հետևողականությունն Ադրբեջանի կողմից զինված ուժերը դուրս բերելու և Հայաստանի տարածքից հեռանալու անհրաժեշտության վերաբերյալ, այս խնդրի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը շարունակում է մնալ Երևանի գործնական նպատակներից մեկը: Վերջապես, Հայաստանի կոշտ ուժի հնարավորություններն ընդլայնելու երկարաժամկետ գործընթաց է նախաձեռնվում Ֆրանսիայի պաշտպանության նախարարության հետ խորհրդակցությունների, ինչպես նաև Հնդկաստանից զգալի քանակով սպառազինություններ ձեռք բերելու միջոցով: