
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր
2023 թվականի մարտի 24-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշում, ըստ որի՝ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունում և Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը։ Հայաստանը Հռոմի կանոնադրությունը ստորագրել է 1999-ի հոկտեմբերի 1-ին, սակայն այն դեռ չի վավերացրել` մասամբ 2004-ի Սահմանադրական դատարանի նախնական որոշման պատճառով, որով Հռոմի կանոնադրությունն անհամատեղելի է համարվել 1995-ի Հայաստանի Սահմանադրության հետ: Սակայն, դրանից հետո Հայաստանի Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է և Սահմանադրական Դատարանի վերջին որոշումն այժմ Հայաստանին կանաչ լույս է տալիս՝ ցանկության դեպքում վավերացնել Հռոմի կանոնադրությունը և դառնալ ՄՔԴ-ի լիիրավ անդամ:
Որոշումը կայացվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին և նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Ալեքսեևնա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդերներ տալուց մեկ շաբաթ անց: Օրդերները վերաբերում են ռազմական հանցագործություններին` ապօրինի արտաքսմանը և երեխաներին Ուկրաինայից Ռուսաստան տեղափոխելուն: Ակնկալվում է մեղադրանքների երկրորդ խումբ՝ կապված Ռուսաստանի հարձակումների հետ Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, որոնք օրինական ռազմական թիրախներ չեն համարվում:
ՄՔԴ-ի նման քայլը խիստ կարևոր է: Ռուսաստանի սանձազերծած պատերազմից հետո առաջին դեպքն է, երբ միջազգային մեղադրանքներ են ներկայացվում, նաև երբևէ առաջին դեպքն է, երբ նման մեղադրանք է ներկայացվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի ղեկավարի դեմ։ Ռուսաստանն ամբողջությամբ մերժել է ձերբակալության օրդերները՝ համարելով դրանք օրինական ուժ չունեցող՝ հաշվի առնելով, որ ինքը ՄՔԴ անդամ չէ: Իրականում, ոչ էլ Ուկրաինան է, չնայած Ուկրաինան երկու անգամ ընդունել է ՄՔԴ-ի հրատապ իրավասությունը՝ համաձայն Հռոմի կանոնադրության 12-րդ (3-րդ) հոդվածի, իր տարածքում կատարված հանցագործությունների համար՝ սկսած 2013-ի նոյեմբերի 21-ից (տես այստեղ և այստեղ), և «Իրավիճակն Ուկրաինայում» ավելի քան 40 անդամ պետություններ ներկայացրել են ՄՔԴ-ին։
ՄՔԴ-ն իր իրավասության տարածքներում կարող է հետապնդել ոչ անդամ պետությունների քաղաքացիներին, ովքեր միջազգային հանցագործություններ են կատարում (ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություններ և պատերազմական հանցագործություններ)։ Սա կարևոր է Հայաստանի համար, որը սկսել է լուրջ քայլեր ձեռնարկել Հռոմի կանոնադրության վավերացման համար, ինչպես նաև Դատարանի 12-րդ հոդվածի 3-րդ մասով իրավասություն հայցել 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելուց հետո: Ինչպես նախկինում քննարկվել է, սա կլինի ամենաարդյունավետ միջոցը իրական պատասխանատվություն ենթարկելու (և զսպելու) պատերազմական հանցագործությունների համար, որոնք կատարվել են (և կարող են հետագայում կատարվել) ադրբեջանցիների կողմից (կամ որևէ մեկի կողմից) Հայաստանի տարածքում:
Այժմ, երբ սահմանադրական արգելքը դուրս է եկել, Հայաստանին ՄՔԴ-ին միանալու համար անհրաժեշտ է միայն քաղաքական կամք։ Սակայն ձերբակալությունների որոշման մասին հայտնի դառնալուց հետո լուրջ բանավեճեր են ծավալվել՝ Հայաստանի համար Հռոմի կանոնադրության վավերացման ցանկալիության և հետևանքների վերաբերյալ: Միջազգային քրեական իրավունքի դասախոս Գուրգեն Պետրոսյանը կարծում է, որ «Եթե մենք անդամակցենք ՄՔԴ-ին, ապա Ռուսաստանը փորձելու է մեզ ամեն կերպ պատժել», իսկ «Պուտինի այցի դեպքում Հայաստանը պարտավոր է ձերբակալել նրան»։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գտնում է, որ Հայաստանը չպետք է շեղվի վավերացումից, և որ «Պուտինի ձերբակալությանը նպաստելը բխում է Հայաստանի շահերից»։
Հռոմի կանոնադրությունն անդամ պետություններին պարտադրում է ՄՔԴ-ի հետ լիարժեք համագործակցություն (տե՛ս հոդված 86), ներառյալ՝ անձանց ձերբակալելու և արտահանձնելու հարցում (տես հոդվածներ 87, 89-92): Այնուամենայնիվ, ՄՔԴ-ը «չի կարող դիմել այնպիսի հանձնման կամ օգնության խնդրանքով, որը կպահանջի հայցվող կողմին պետության կամ երրորդ պետության անձի կամ գույքի դիվանագիտական անձեռնմխելիության միջազգային իրավունքի իր պարտավորությունների հետ անհամապատասխան վարվել, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ձեռք է բերել անձեռնմխելիությունից հրաժարվելու երրորդ պետության համագործակցությունը» (տես հոդված 98(1): Պետությունների գործող ղեկավարները, ինչպիսին է Պուտինը, օտարերկրյա հետապնդումից լիովին անձեռնմխելի են՝ համաձայն միջազգային սովորութային իրավունքի, որն ըստ Արդարադատության միջազգային դատարանի որոշման (ինչ-որ չափով հակասական) տարածվում է այն անձանց վրա, ովքեր մեղադրվում են պատերազմական հանցագործություններ կամ մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեջ (տե՛ս «Ձերբակալության օրդերի գործը» (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունն ընդդեմ Բելգիայի), 2002-ի փետրվարի 14-ի վճիռ, պարբերություն 58):
Հռոմի կանոնադրությունը, այնուամենայնիվ, նախատեսում է, որ նման անձեռնմխելիությունը կամ պաշտոնեական դիրքը «ոչ մի դեպքում անձին չեն ազատում քրեական պատասխանատվությունից» և «դատարանին չպետք է խոչընդոտվի իր իրավասությունն իրականացնել այդպիսի անձի նկատմամբ» (հոդված 27): 2019-ին ՄՔԴ-ի վերաքննիչ պալատը (ավելի հակասական) որոշեց, որ Հորդանանի Թագավորությունը որևէ հիմք չուներ ՄՔԴ-ի պահանջը մերժելու և չկատարելու Սուդանի այն ժամանակվա նախագահին՝ ոչ անդամ պետության, ձերբակալելու և հանձնելու պահանջը (տես. Դատախազն ընդդեմ Օմար Հասան Ահմադ Ալ-Բաշիրի, վճիռը Հորդանանում ուղղորդման վերաբերյալ Ալ-Բաշիրի բողոքարկում, պարբերություն 117): ՄՔԴ-ի վճռի ավելի ուշադիր ընթերցումը ցույց է տալիս, որ անդամ պետություններին արգելված չէ հանձնել ոչ անդամ պետության ղեկավարին ՄՔԴ-ին, միայն այն դեպքում, երբ ձերբակալման հրամանը բխում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջից:
Որպես այդպիսին, թեև գործող պետությունների ղեկավարների անձնական անձեռնմխելիությունը խոչընդոտ չի հանդիսանում ՄՔԴ-ի կողմից հետապնդման որոշում կայացնելու համար, այն որոշ դեպքերում կարող է վիճարկելիորեն խոչընդոտել անդամ պետություններին ՄՔԴ-ի ձերբակալության որոշումները կիրառելուց կամ կատարելուց: Թե ինչպես կմեկնաբանեն ՄՔԴ անդամ երկրները Պուտինին ձերբակալելու ցանկացած պարտավորություն, դեռևս պետք է պարզվի. Գերմանիան ասում է, որ դա կանի, Հունգարիան ասում է, որ դա չի անի: Առայժմ, քանի որ այս հրամանների կատարումը թվում է անհավանական, այդ պատճառով էլ դրանք հիմնականում համարվում են «խորհրդանշական»: Բայց խորհրդանիշները կարևոր են, և սա հստակ ազդանշան է ուղարկում իրենց անձեռնմխելի համարող այնպիսի բռնապետերին, ինչպիսին Ալիևն է, որ իրենք կարող են լինել հաջորդը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների հետաքննությունները, նույնիսկ եթե դրանք մեղադրվողներին չեն հանգեցնի փաստացի դատապարտումների կամ պատիժների, կարող են կարևոր կանխարգելիչ ազդեցություն ունենալ:
Այդուհանդերձ, ձերբակալությունների մասին որոշման հրապարակումից հետո ՄՔԴ-ին միանալը, անշուշտ, համարձակ քայլ կլինի Հայաստանի համար Ռուսաստանի նկատմամբ, որի ՄՔԴ-ից դժգոհության սանդղակը տատանվում էր այդ որոշումը որպես զուգարանի թուղթ նկարագրելուց մինչև գերձայնային հրթիռներ օգտագործելու սպառնալիք, նույնիսկ սեփական գործ բացելով ՄՔԴ-ի դատախազի և դատավորների դեմ։ Որքան մեծանում է Ռուսաստանի միջազգային մեկուսացումը, այդքանով ավելի դժվար կլինի Հայաստանի համար Ռուսաստանի հետ համագործակցությունը, հատկապես ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունների աճող չկատարման լույսի ներքո: Եվ եթե վարչապետ Փաշինյանի պատասխանը՝ Ռուսաստանի ագրեսիայի նկատմամբ Հայաստանի թույլ դիրքորոշման վերաբերյալ աճող քննադատություններին, թե «մեր երկիրն ամեն ինչ անում է միջազգային հարթակներում իրեն որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ դիրքավորելու համար» հիմնավոր է, ապա Հայաստանն այլևս չպետք է հապաղի դառնալ ՄՔԴ-ի 124-րդ անդամ պետությունը։
Ի վերջո, Հայաստանին ամենից շատ մտահոգում է Ադրբեջանի ագրեսիան։ Դրան հակազդելու ճանապարհը չի կարող լինել ընկճվելն ու մեկ այլ անբարեկամ կողմին ապավինելը, այլ ավելի շուտ՝ վավերացնել Հռոմի կանոնադրությունը, որպեսզի կարողանանք ազդեցիկ դեր խաղալ ՄՔԴ դատավորների և դատախազների ընտրության հարցում և Հայաստանից անձնակազմ ուղարկել ՄՔԴ-ի տարբեր մարմիններում աշխատելու համար։ Դառնալով ՄՔԴ-ի անդամ պետություն և չընդունելով միայն ժամանակավոր իրավասություն՝ համաձայն Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ կետի, Հայաստանը կապահովի իր տեղը կարևոր միջազգային սեղանի շուրջ և իր խոսքն ուժ կունենա Դատարանի կյանքում: Լինելով լիիրավ անդամ պետություն՝ Հայաստանն ավելի լայն հնարավորություններ կունենա վիճարկելու ՄՔԴ դատախազի ցանկացած հնարավոր որոշում՝ չշարունակելու Ադրբեջանի հետ կապված իրավիճակի ուղղորդման հետաքննությունը: Ամեն դեպքում, քիչ կասկած կարող է լինել, որ ՄՔԴ-ն արժեքավոր հավելում կլինի Հայաստանի միջազգային իրավական գործիքակազմում:
Մեր հայերեն էջից
Պատերազմական նոր հանցագործություններ և ոչ մի արդարադատություն
Ադրբեջանական զինուժի կողմից կատարված ռազմական հանցագործությունների մասին նոր տեսանյութ է հայտնվել։ Նման հանցագործությունների համար իրական պատասխանատվություն ունենալու ամենակենսունակ միջոցը Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության ստորագրումն ու վավերացումն է:
Read moreՁայն մարդկային. մեծ հարցերն ու փոքր խնդիրները
Շրջափակման առաջին օրվանից նպատակ եմ ունեցել թույլ չտալ ամենակարևորը՝ մտքի շրջափակումը։ Ամենօրյա ռեժիմով դժվարացող խնդիրների մեջ չմոռանալ ամենակարևոր հարցի մասին, Արցախից գրում է Թամարա Գրիգորյանը։
Read moreՄեր ժամանակի կարման. ապրել ու ստեղծել պատերազմի հետ
Պատերազմի մեջ և դրա հետևանքների հետ ապրելը մեծ ուժ և հոգեկան ջանքեր է պահանջում։ Ֆոտոլրագրող Անի Գևորգյանը ներկայացնում է արվեստագետների, ովքեր վստահ են՝ անհրաժեշտ է ոչ թե փախչել իրականությունից, այլ ապրել պատերազմի հետ:
Read moreՄիջազգային հանրությունը պետք է կանխի Ադրբեջանի կողմից սողացող էթնիկ բնաջնջման իրականացումը Լեռնային Ղարաբաղում
Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունները վկայում են Ադրբեջանի` բնիկ հայկական բնակչության էթնիկ բնաջնջման մտադրության մասին և ընդգծում այնտեղ միջազգային նորմերի համաձայն գործող խաղաղապահ ճարտարապետության անհրաժեշտությունը:
Read more