
Մկրտիչ Նաղաշը, նրա ժամանակաշրջանն ու իրադարձություններն են գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի առաջին անդրադարձի առանցքում, որի ձայնային տարբերակում հեղինակը բացում է փակագծեր և առավել ընդգրկուն ներկայացնում պատումը։
«…վասն անցելոյն պատմել, վասն ներկային խօսել, վասն ապագային իմանալ եւ զգուշացուցանել»։ (Անցյալի մասին պատմել, ներկայի մասին խոսել, ապագայի մասին իմանալ և զգուշացնել)։
Թովմա Մեծոփեցի, XIV-XV դարեր
1370 թվականը Անգլիայի և Ֆրանսիայի միջև 100-ամյա պատերազմի 34-րդ տարին էր։ Որն իրականում տևեց 116 տարի։ Հինգ տարի էր մնացել մինչև Կիլիկիայի Հայոց թագավորության անկումը։ Նույն 1370-ին աշխարհի արևելյան կողմում Չաղաթայի խանության գահակալ դարձավ 34-ամյա Լենկ Թեմուրը, որը գրավեց Բալխ կարևոր քաղաքը (այժմ՝ Աֆղանստանում) և սկսեց վերականգնել Չինգիզ խանի (1162-1227) կայսրությունը, որը վայրէջք էր ապրում XIII դարի կեսերից… Դա հանգեցրեց համաշխարհային օրհասի. Թեմուրի արշավանքների ընթացքում զոհվեց 17 միլիոն մարդ՝ աշխարհի այն տարիների շուրջ 350 միլիոնանոց բնակչության 5 տոկոսը։

Լենկ Թեմուրը գրավում է Բալխը
«Պատմութիւն ԼանկԹամուրայ և յաջորդաց իւրոց»
Բարձրահասակ, շիկամորուս, մարտի ընթացքում ստացած վերքերից՝ կաղ («լենկ»), աջ ձեռքը՝ գոսացած, Թեմուրն անցել էր վայրիվերումներով լի՝ զորապետ-ավազակ-վարձկան-զորահրամանատար ուղի։ Նա կարողացավ շահել վստահությունը թուրք-մոնղոլական ցեղերի, որոնք բազմաթիվ էին։ Թեմուրը նաև մրցակից ուներ, որի հանդեպ գերազանցության հասավ, քանի որ ամրոցներ չէր կառուցում նրա պես, այլ… քանդում էր։
1389-ին, երկրորդ անգամ գրավելով Բալխը, Թեմուրն ավերեց քաղաքի միջնաբերդը, ինչի շնորհիվ միայն ամրապնդեց իր հեղինակությունը։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ, դա բարբարոսություն է։ Այո, բարբարոսություն է, բայց նստակյաց քաղաքակրթության տեսանկյունից, իսկ քոչվորների համար ազդանշան էր, որ Թեմուրի հույսն ամրություններն ու կայազորները չեն, այլ հեծյալ բանակը։ Որի առավելությունը հենց «քոչվորություն» էր, «անշարժ գույքի», հայրենիքի բացակայությունը։ Նրանք ամեն պահի պատրաստ էին արշավի դուրս գալու, և ինչ տարածք գրավեին, այնտեղ էլ կհաստատվեին։
Հունգարերեն բառ կա՝ honfoglalás (հոնֆոգլալաաշ), որը նշանակում է «հայրենիքի զբաղեցում»։ Հունգար ժողովուրդն այդպես է կոչում Կենտրոնական Եվրոպայում իր հաստատվելը։ Այս բառը կանխում է սեփական պատմությունը հետ տանելու կամ կեղծ բնիկության ցանկացած վարկած, որոնց «արտադրությամբ» զբաղված են նախկին քոչվոր ցեղերից շատերը, այդ թվում՝ մեր հարևանությամբ, քանի որ լեզուն ամեն ինչ ասում է, իսկ ժամանակագիրներն էլ վկայում են, որ դա կատարվել է մոտ հազար հինգ հարյուր տարի առաջ։
Հայ ժողովուրդը պատմագրության ավանդույթ ունի, սեփական աղբյուրները՝ V դարից, որոնց քննական ընթերցման շնորհիվ կարելի է վերականգնել անցյալ ժամանակաշրջանների պատկերը։ XV դարում մենք ունեցել ենք միայն մեկ պատմագիր՝ Թովմա Մեծոփեցին (1378–1446), դա էլ է բարեբախտություն՝ համաշխարհային աղետի պայմաններում նրա «Պատմութիւն ԼանկԹամուրայ և յաջորդաց իւրոց» մատյանը կարող էր չգրվել կամ կորչել, և մենք զրկված լինեինք այդ կարևորագույն ոսպնյակից, որը մանրամասն դիտարկել է մեր տարածաշրջանը։
Մեծոփեցին Թեմուրին կոչում է՝
«աւազակապետ եւ գլուխ մարդասպանից»
Վասպուրականի Բերկրի քաղաքի բերդը գրավելուց հետո Թեմուրը հրամայում է բնակիչներին՝ հայ, թե մուսուլման, գցել պարիսպներից ցած։ Դիակների կույտն այնքան է բարձրանում, որ, ըստ պատմիչի՝ «վերջին ընկնողներն արդեն չէին մահանում»։
Դամասկոսում Թեմուրը 700.000 հոգու գլուխ է կտրել տալիս, որոնցից յոթ բուրգ են կուտակում։ Բաղդադում նույնն անում է մարդկանց մարմիններով։ Թովմա Մեծոփեցուն այս ամենը պատմում է վանեցի Մխիթարը, որ նրա հոգեորդին էր և այդ ժամանակ Թեմուրի կողքին է եղել։ Իր տեսած վայրագություններից ազդված՝ Մխիթարը քաշվում է Մեծոփա վանք, որտեղ, երեք տարին չլրացած, ավանդում է հոգին։
Մեծոփեցին մեկ այլ անձնական աղբյուր ևս ուներ։ Գևորգ վարդապետը՝ մեծանուն փիլիսոփա Հովհանն Որոտնեցու աշակերտը։ Թեմուրը Երզնկա քաղաքը վերցրել է առանց կռվի, հիմնիվեր ավերել է Սուրբ Սարգիս Մայր տաճարը։ Գևորգ վարդապետը ցանկացել է կանխել մյուս եկեղեցիների քանդումը, ինչին Թեմուրին դրդում էին տեղի «տաճիկները» (հավանական է՝ թուրքերի մասին է խոսքը)։ Բայց երբ ներկայացել է Թեմուրին, նրա շրթունքը ճաքել է ահ ու սարսափից, արյուն է եկել։ Պատմիչը լռում է այն մասին, թե արդյոք կարողացել է որևէ բան ասել վարդապետը՝ վերադարձել է, համենայնդեպս, ձեռնունայն։
Այնուհանդերձ, «վիշապն անդնդային»՝ Թեմուրը, սևեռուն ատելություն չի տածել քրիստոնյաների հանդեպ, թեև իրեն հռչակել էր «Իսլամի սուր» (ինչը մեր պատմա-բանասիրական գրականության մեջ համարյա չի արծարծվել՝ չի համապատասխանում առկա կարծրատիպերին)։ Նա պատերազմների մեծ մասը մղել է Պարսից տերության կամ թուրքական պետությունների, Ոսկե հորդայի, Դելիի և Մամլուքյան սուլթանությունների դեմ։ Ուրեմն, 17 միլիոն զոհերի ճնշող մեծամասնությունը մուսուլմաններ են եղել:
Մեծոփեցին վկայում է, որ նույն Դամասկոսում Թեմուրը հրահանգել է 700.000 հոգի սպանել, բայց՝ բացառելով քրիստոնյաներին. «ով ասի՝ «Ես Հիսուսից եմ», նրան չմոտենաք»։ Պատմիչի նկարագրած մեկ ուրիշ, ողբերգազավեշտական դեպք նույնպես կրոնական գործոնի անտեսման մասին է վկայում։ Անին գրավելուց հետո Թեմուրը հրամայում է առանձնացնել հարյուր քրիստոնյայի և երեք հարյուր թուրքի։ Քաղաքի եպիսկոպոս Մկրտչի երկու եղբայրը խառնվում են «տաճիկներին»՝ մտածելով, որ քրիստոնյաներին են սպանելու։ Բայց… նվաճողները կոտորում են թուրքերին՝ երկու հայի խոստովանությունը, թե իրենք քրիստոնյա են, արդեն չի օգնում նրանց։

Թովմա Մեծոփեցին գիրք է ընծա ստանում Պողոս առաքյալից
Մեծոփեցին միապաղաղ ողբասաց չէ, ինչը մոտ կլիներ քրիստոնեական մատենագրության ոգուն։ Թեև նա չգիտե որևէ հայի, որը զոհ չունի կամ չի ունեզրկվել («չիք ոք որոյ ոչ գոյր սիրելի կամ բարեկամ անհետ եւ անգտանելի եղեալ ի սիրելեաց»)` hարկահանները ոսկի ու արծաթ էին պահանջում նույնիսկ նրանցից, ովքեր պղնձե դրամ իսկ չունեին, բայց տարբերակում է օտար իշխողներին։ Թեմուրի տեղապահներից մեկը, դիցուք՝ Շեյխ-Ահմադը, մեղմ բնավորություն ունի, սիրում է քրիստոնյաներին և 11-ամյա խաղաղություն է հաստատում, «նորոգում երկիրը»։ Պատմիչը գովասանքով է խոսում նաև «չար գազան» Թեմուրի որդու՝ Միրան-շահի մասին։
17 միլիոն մարդ… Այս շարունակական աղետի ընթացքում հայությունը կարծես խաղից դուրս է, «պատմությունից դուրս է»՝ չկա Կիլիկիայի իրական կամ կարելիական, վիրտուալ ամպհովանին, հայաբնակ տարածքներում համարյա չկա ինքնիշխանություն, չկան քաղաքական առաջնորդներ։ «Հայկազն իշխանները ոչ մի տեղ չեն երևում», դեռ XIII դարում վշտանում էր պատմագիր Կիրակոս Գանձակեցին։ Դիմադրությունն անիմաստ է թվում, բայց անզեն և ուրիշ ազգերի հպատակ հայերը միշտ չէ, որ հույսներն Աստծո վրա են դնում։ Մեծոփեցին հիշատակում է Կողբի խիզախ տանուտեր Մարտիրոսին, որը մոտակա լեռներն է բարձրանում իր հավաքած քաջերի հետ և, Լենկթեմուրի տեղական զորքը, չնայած իր անհամեմատելի գերազանցությանը, բազմաթիվ գրոհներից հետո նահանջում է՝ մեծ կորուստներով։ Ահա թե ինչ բանաստեղծական է հնչում զարհուրելի կոտորածի վտանգից չահաբեկված շինականների՝ գյուղացիների դիմակայությունը ոսկեղենիկ գրաբարով.
Իսկ բարեպաշտ տանուտէր մի Մարտիրոս անուն՝ յոյժ զօրեղ զօրական, ողորմած եւ աղքատասէր, ի գեղջէն Կողբայ, ելեալ ի լեառն Բարդող… յոյժ արի եւ քաջ մանկամբք գեղջն, ապրեցոյց զամենայն հաւատացեալսն մեծաւ պատերազմաւ եւ սրտապինդ զօրութեամբ, օգնութեամբ հզօրին Աստուծոյ Յիսուսի Քրիստոսի փրկչին մերոյ։ Եւ թէպէտ բազում անգամ պատերազմեալ՝ ոչ կարացին առնուլ զլեառնն։
Մեծոփեցին մի քանի ուրիշ դեպք էլ է պատմում, երբ հայերը միանում են տեղական իսլամ կառավարիչներին, միասին մոնղոլ-թաթարներին ջարդում – հետ են բերում ավարը, որ զավթիչների համար հարստության աղբյուր էր, և բնիկներին կփրկեր մոտալուտ սովից։
1405-ին Թեմուրը «սատակում» է։ Բայց… համաժողովրդական տոնախմբություններ տեղի չեն ունենում՝ «իշխանության վակուումը» անմիջապես հանգեցնում է թուրքմենական երկու ցեղի՝ ակ-կոյունլուների («սպիտակ ոչխարներ») և կարա-կոյունլուների («սև ոչխարներ») դաժան հակամարտությանը։ Վերսկսվում են նախճիրներն ու զանգվածային գերեվարությունը, քրդերի ասպատակությունները, որ խառն ժամանակների մշտական ուղեկիցն էին։ Զանգվածային կողոպուտներին հետևում է սովը՝ մարդակերության աստիճանի։
Շատ հողագործներ, արհեստավորներ ուրիշ ելք չէին տեսնում այդ անտանելի վիճակում, քան պանդխտություն գնալը, որը… նույնպես դյուրին չէր։ XV դարում է ստեղծագործել պանդխտության առաջին հայ երգիչը, որի անունն է բոլորին հայտնի գրականության դասագրքերից, բայց՝ ոչ կյանքը։

Մկրտիչ Նաղաշի նկարազարդումներից, հատված
Լուսանկարը տրամադրել է Վիբկե Ցոլմանը
Միջագետքի հայոց արքեպիսկոպոս՝ Մկրտիչ Նաղաշ
Նաղաշի ծննդյան ու մահվան տարեթվերը հայտնի չեն, բայց նա սքանչելի է, որ ունեցել է կենսագիր, Աստվածատուր վարդապետը, որի մատյանը պահպանվել է, ի տարբերություն բազում ուրիշ ձեռագրերի։ Ըստ վարդապետի, Նաղաշը սերում է ազնվական տոհմից։ Նա չի հայտնում, թե՝ որ, բայց խոսքն արժանահավատ է ահա թե ինչու։
Հուշում ավելի հեռու անցյալից։ Հայոց նախարարություններում իշխանությունը ժառանգում էր ավագ որդին, իսկ կրտսերներից մեկը ստանձնում էր հոգևոր թեմի առաջնորդությունը։ Դարավոր ճնշումներից հետո, որ իրագործում էին օտար նվաճողները՝ նախարարները, ազատանին կորցնում էին իրենց կալվածքները, բայց ոչ՝ եկեղեցին, որը մնում էր որպես միջնորդ օղակ տեղացիների և այլազգիների միջև։ Եկեղեցու գլուխ էին կանգնում, բնականաբար, ազնվական ընտանիքների ժառանգները։
Թեև Նաղաշն ուրիշ էր։ Նա եթե ազնվական ծագում էլ չունենար, միգուցե իր ճանապարհը հարթեր որպես… հրաշամանուկ։ «Նաղաշի»՝ նկարչի նրա տաղանդը դրսևորվել է դեռ տասնհինգ տարեկանում, կերպարվեստի ամենաբարդ գործերը նա կարողացել է վերարտադրել, նույնիսկ գերազանցել ընդամենը մեկ անգամ տեսնելուց հետո՝ ըստ կենսագրի։ Վաղ տարիքից է ի հայտ եկել նաև տաղերգուի նրա ձիրքը։
Մկրտիչը ծնվել է տեր Առաքել քահանայի ընտանիքում, ուսանել Բաղեշի Սուրբ Գևորգ, Սուրբ Անանիա վանքերում, սերտ կապված է եղել Թովմա Մեծոփեցու հետ, ըստ ամենայնի՝ սովորելով նաև Մեծոփա վանքում։
Երեսունհինգին մոտ է Նաղաշը, երբ 1430-ին Կոստանդին Զ Վահկացի կաթողիկոսը, որի նստավայրը Սիսն էր, նրան ձեռնադրում է 24 թեմի առաջնորդ, ապա, մյուս տարի նշանակում Ամիդի (Դիարբեքիր, Տիգրանակերտ) թեմակալ՝ ամբողջ Միջագետքի հոգևոր առաջնորդ։
Կենսագիրը թվարկում է Նաղաշի տասներեք առաքինությունը։ Հազվադեպ է պատահում, որ մեջբերումը, մանավանդ՝ հինավուրց աղբյուրից, պարունակի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, բայց Աստվածատուր վարդապետի ցանկը գրաբարից թարգմանելուց հետո պետք է միայն մի փոքր համառոտել և պարզաբանել.
- Եկեղեցիները խարխլվել էին, որոշները հողաշեն էին (ուրեմն, այդպիսիք էլ են եղել մեր Հայաստանում), ոչ ոք չէր հանդգնում նույնիսկ մի քար ամրացնել, իսկ Նաղաշը նորոգեց կամարներն ու գմբեթները, նորերը կառուցեց՝ Բարձրահայաց սուրբ Աստվածածինը, Արկնիի անմատչելի բերդի կողքին (1433 թվական)։
- Ավետարաններով, գրքերով, ժամերգության հանդերձներով ապահովեց եկեղեցիները։
- Քրիստոնյաները զգուշանում էին եկեղեցի գնալուց, իսկ նրա օրոք ավելի համարձակ էին իրենց կրոնը պաշտում քաղաքներում և ավաններում, քան նույնիսկ մեկուսի վանքերում։
- Մուսուլման իշխանավորները հոգևորականներից ավելի մեծ հարկեր էին պահանջում, քան աշխարհականներից, և Նաղաշն այդ հարկերից ազատեց նրանց։
- Եկեղեցիները մաքս էին վճարում, որից նա ազատեց, և ինքն էր մեծ գումարներ վերցնում (իսլամադավան) իշխանավորներից, որոնք բաժանում էր եկեղեցիներին, աղքատներին, կարոտյալներին։
- Նրա օրոք եկեղեցականներն ավելի բարեհաճ վերաբերմունքի էին արժանանում մուսուլման իշխանավորների կողմից, քան նույնիսկ՝ իրենց հոգևոր առաջնորդների։
- Հոգևորականներն ազատ շրջում էին կրոնավորի իրենց հագուստներով։
- Նաղաշի անունը տալով՝ մարդիկ ազատվում էին դատերից, տուգանքներից, ճանապարհների առևանգումներից։
- Այս կետը՝ նախ գրաբարով.
«…բազում գերիս ազատեաց ի յանօրինաց, Զո՛րս խնդրեաց ի պարոնաց, զո՛րս հափշտակելով։ Առաքեր ի ծառայից յուրոց արս զօրեղս և սրտապինդս և խլէին զգերիս յանաւրինացն և բերէին ի նորաշէն վանս իւր ապաստանի՝ ի բարձր Աստուածածինն, պահելով ժամանակս ինչ, մինչև գային տեարքն ծառայից և տայր զնոցա հանդերձս և նաֆաղայսն և ուղևորեր ի տեղիս իւրեանց»։
Ժամանակի մեծագույն չարիքներից մեկը գերեվարումն էր։ Նաղաշը բազմաթիվ գերիների է ազատել անօրեններից՝ մեկի համար խնդրելով իշխանավորներից, մյուսին… հափշտակելով. նա կազմավորել էր մի խումբ իր ուժեղ և քաջարի ծառաներից, որոնք անօրեններից խլում գերիներին, բերում էին նորակառույց վանք, որ իր նստավայրն էր՝ Բարձրահայաց սուրբ Աստուածածին, որտեղ թաքցնում էր որոշ ժամանակ, մինչև կգային նրանց «տերերը»։ Ազատագրված գերիներին հագուստ էր տալիս, կերակուր և ճանապարհում իրենց տները։
- Բոլորի խնդիրն իրենն էր համարում՝ օգնում էր և՛ խոսքով, և՛ ապրանքներով։
- Եպիսկոպոսարանը սեղանատուն չի ունեցել։ Նաղաշը հիմնել է սեղանատուն, որտեղ ամեն ազգի մարդիկ ուտում էին, խմում և դեռ տանում հետները, ինչքան ուզենային, և ինքն էլ նվիրում էր՝ ձիեր, ջորիներ, հանդերձներ, ոսկի, արծաթ, ինչն ապշեցնում էր բոլորին, առաջին հերթին՝ իշխանավորներին։
- Միայն ինքն էր, որ կատարում էր թշնամիներին սիրելու, իսկ ատողներին բարի գործերով պատասխանելու պատվիրանը, և Աստված «անդնդասույզ» կործանում էր չարակամներին։
- Իսլամ իշխանավորների տարածքներում՝ Հայքից մինչև Հրեաստան, նախկինում թույլ չէին տալիս հայ հանգուցյալներին ուսամբարձ՝ ուսերին դրած բացահայտ տանել գերեզմանատուն, և Նաղաշը թանկ նվերներով սուլթանից ստացավ այդ արտոնությունը։
Մկրտիչ Նաղաշի 13 առաքինությունը, ասես Հերակլեսի 12 սխրանքները, առասպելական համբավ էին բերել նրան։ Բարեգործությունները, բարձրաբերձ եկեղեցին, որը նրա իսկ հատակագծով, զարդանախշերի գծագրերով էր կառուցվել, գերիների մեծ փրկագները, որի շնորհիվ հարսներն ու աղջիկներն անարատ պետք է վերադառնային տուն, առատ հյուրասիրությունն ու նվերները… բոլորի սիրելին էր դարձրել նրան։
Եվ ահա լուր է տարածվում, թե Նաղաշը «քէմիայ ունի»։

Մանրանկարչի ինքնանկար՝ Թորոս Տարոնացին, 1318 թ.
Ալքիմիկոս Նաղաշը
Ալքիմիկոսը ոսկի է ստանում սովորական մետաղներից նյութերի քիմիական փոխազդեցության միջոցով։ Թվում է «քիմիա» բառն իսկ անծանոթ պիտի լիներ փոքրասիական Ամիդ քաղաքում, բայց հանուն արտասովոր բամբասանքի (որը հետագայում վերածվելու է առասպելի) մարդիկ նույնիսկ անդրծովյան գիտելիքներ կհայթայթեն։ Գիտությունը վաղուց ժխտել է, որ ալքիմիկոսները երբևէ ազնիվ մետաղ են ստացել պղնձից ու անագից, ուրեմն Մկրտիչ Նաղաշի ալքիմիան ուրիշ էր։ Դա… խորապես գիտակցական հավատն էր, որը գնահատելով՝ Միջագետքի ամիրա Օթման բեկը նրան հրավիրում և մինչև լույս խոսել էր տալիս Աստվածաշնչից։ Դա մղումների ազնվությունն էր, որի շնորհիվ եկեղեցին մեծ նվիրատվություններ էր ստանում։ Տեղին է հիշել, որ բարերարություններով հայտնի էր նաև Նաղաշի եղբայր Աբգարը, որը հարուստ վաճառական էր։ Եղբայրները կարծես ծնվել էին իրականացնելու աստվածաբան, Հայ առաքելական եկեղեցու սուրբ Գրիգոր Տաթևացու պատգամը.
Հարուստները Աստծո ձեռքերն են, պարտավոր են իրենց ունեցվածքը շատերին և աղքատներին բաշխել։
Բայց։ Այս հեքիաթը, «Երկրորդ Լուսավորչի» (Աստվածատուր վարդապետի բառերով) գործունեությունն ընդհատվում է, երբ Ամիդի Սուրբ Թեոդորոս կաթողիկեի նրա վերակառուցած (1439-1443 թթ.), «մարդահասակ պատուհաններով» գմբեթն ավելի մեծ բարձրության է հասնում, քան մզկիթների մինարեներն են։ Նաղաշը վայելում էր Օթման ամիրայի վստահությունը, բայց Ամիդը քաղաք էր, որտեղ 1416-ին փետրվարի 15-ին կրոնախև մուսուլմանները քարկոծելով սպանել էին մի հայ կնոջ, որը քրդի հետ էր ամուսնացել, ընդ որում՝ հավատափոխ լինելով։ Այս քաղաքում էր շրջում նաև հայ երեցի որդու և մոլլայի դստեր միջև սիրավեպի պատմությունը, որն ավարտվել էր նրանց մահով։
Երբ Օթման ամիրան մահացավ, նրա որդի Համզան քանդել տվեց կաթողիկեի գմբեթը՝ ենթարկվելով մուսուլմանների պահանջին։ XVI դարում Սուրբ Թեոդորոսը կվերածվի մզկիթի, և եկեղեցուն մոտիկ գերեզմանոցում կկառուցվի Սուրբ Կիրակոս յոթախորան եկեղեցին։
Մկրտիչ Նաղաշը հեռացավ Ամիդից։ Որոշ դեգերումներից հետո հաստատվեց հայահոծ Ղրիմում, որտեղ մի քանի մատյան ծաղկեց՝ նկարազարդեց։ Եվ, պանդխտության ամբողջ դառնությունը ճաշակելով, դարձավ առաջին հայ բանաստեղծը, որը երգեր գրեց «ղարիբների» մասին, պատկերավոր ու հուզիչ տաղեր.
Յորժամ յիշէ զիւր սիրելիքն հաւասար,
Նա յաչերուն արիւն կաթէ երեսն ի վայր…
Նաղաշին տանջում էր սիրելիների կարոտը, բայց Միջագետքի հայկական եկեղեցիներն էլ «որդեկորույս մոր» էին նման առանց նրա, և Ամիդը զգում էր պակասը հեղինակավոր քրիստոնեական առաջնորդի։
Համզա ամիրային մի քանի տարի անց հաջորդած Ջհանգիր Միրզան հետ է կանչում Նաղաշին։ Եվ նա միանում է իր հոգևոր հոտին, որի հետ է թե՛ քաղաքը երկու անգամ պատուհասած համաճարակների ընթացքում (1449, 1469), թե՛ երբ հակառակորդներն են հարձակվում, և նրա միակ որդին՝ Մեսրոպ քահանան, զենքը ձեռքին զոհվում է Ամիդը պաշտպանելիս (1451 թվական)։
Նաղաշն իր տաղերով կոչ էր անում չարին հնազանդությամբ, թշնամությանը սիրով պատասխանել, ինչպես Քրիստոսն էր ներում իրեն խաչողներին.
Յայնժամ լինես դու քրիստոնեայ, յորժամ խոցեն նայ համբերես
Եւ Քրիստոսի սիրոյն համար զչարկամաց ոտքն համբուրես…
Միաժամանակ իր գործունեությամբ ջանում էր խանգարել, որ չարն առհասարակ իշխանություն ունենա և չէր հապաղում իր զինյալ ծառաներին ուղարկել գերիներին ազատելու։ Սա իհարկե հակասություն էր հավատի պատգամների և գործի միջև, բայց նա գիտակցում էր դա և, ցույց տալով ուրիշների մեղքերը, միշտ շեշտում էր, որ մեղադրանքներն առաջին հերթին իր անձին է հասցեագրում… և, միգուցե, այդ կերպ էր ապաշխարում.
Գերի Նաղա՛շ ողորմելի, ի քեզ նայեաց դու յարաժամ,
Զինչ որ այլոց քարոզեցիր, ամէնն քեզ կայ ի լման:
Հայության պատուհասն էր, որ Թեմուրի «համաշխարհային աղետից» հետո միայն արտաքին թշնամին, այլահավատները չէ, որ սպառնում էին իր անդորր գոյությանը։ Հայոց եկեղեցին պառակտված էր մի քանի կաթողիկոսության միջև։ Նաև Վատիկանն էր ջանում «միավորել» արևմտյան և արևելյան եկեղեցիները։ Դա նշանակում էր՝ իր հովանու ներքո, և հայերի մեջ արդեն կային թեր ու դեմ հոսանքներ։ Սսի Կոստանդին Զ Վահկացին, որը միավորման կողմնակից էր, հանձնարարեց Միջագետքի իր տեղապահ Նաղաշին պատասխան գրել։ Նույն խնդրանքով դիմեց նրան Թովմա Մեծոփեցին, որը Հայոց եկեղեցու ինքնուրույնությա՛ն կողմնակից էր։ Նաղաշը գրեց։ Նրա պատասխանի էությունն այն էր, որ Հայոց եկեղեցին պետք է լինի մյուսներին հավասար, և եթե նույնիսկ մի հայ մնա աշխարհում Արամյան ազգից, դեմ է լինելու Քաղկեդոնին, այսինքն՝ 451 թվականին կայացած տիեզերաժողովին, որին չմասնակցեց և կայացրած մի շարք կարևոր վճիռներ չընդունեց Լուսավորչի եկեղեցին։ Նաղաշ բանաստեղծին տանջում էր նաև այն, որ մեր եկեղեցու ներսում.
Կաթողիկոսքն շատացան անօրինացն բռնութեան,
Եպիսկոպոս օրհնեն անբան, ամէնն վասն ագահութեան.
Վարդապետքն որ նոր ելան, բանին եղեն վաճառական
Եւ քարոզեն զհաճոյս մարդկան, ամէնն վասն ագահութեան:
Եպիսկոպոսք զկանոնն անցան, որ պոռնկաց տան հրաման,
Կաշառ առնուն կարմիր դեկան, ամէնն վասն ագահութեան։
Հաբեղանին զվանքն ուրացան, բնաւ զսաղմոսն մոռացան,
Դռնէ ի դուռ ի շուրջ կուգան, ամէնն վասն ագահութեան:
Երիցանին յիրար կռուան, բիր վերուցին եւ գաւազան,
Փետեն մորուք, կոտրեն բերան, ամէնն վասն ագահութեան։
Արատների այս թվարկումը կարող է չափազանցություն թվալ, բայց Թովմա Մեծոփեցին ևս դատապարտել է հոգևորականների շահամոլությունը, իսկ ժամանակի իրողություններից հիշատակել, որ Կոստանդին Զ Վահկացին գլխավորել էր իր նախորդ Պողոս Բ Գառնեցի կաթողիկոսի սպանությունը 1430-ին։ (Իրեն՝ Կոստանդին Զ Վահկացուն էլ 1439-ին թունավորեցին)։
…
Մատյանների պատկերազարդումը, որ արել է Մկրտիչ Նաղաշը՝ հիացնում է մասնագետներին, նրա սաղմոսները երգել են Դիարբեքիրի հայոց եկեղեցիներում ընդհուպ մինչև Ցեղասպանության տարիները, իսկ տաղերն այսօր աշխարհով մեկ կատարում է «Նաղաշ» անունով համույթը՝ ամերիկահայ կոմպոզիտոր Ջոն Հոդյանի ղեկավարությամբ, բայց սքանչելի այս ստեղծագործությունների հետ մրցակցում է ազգային առաջնորդի նրա կյանքը։ XV դարում, երբ հայությունը «պատմությունից դուրս» էր, հաճախ՝ դժոխային պայմաններում, նա կարողացավ հոգալ իր ժողովրդի մի մեծ հատվածի հոգսերը, որն այսօրվա Հայաստանից ավելի մեծ տարածքում էր ապրում, կարեկցեց, մխիթարեց և օգնեց տառապյալներին։
* Ուղղում. հոդվածի նախնական տարբերակում չորրորդ նկարը մակագրված է «Մկրտիչ Նաղաշ», սակայն պետք է լինի «Մանրանկարչի ինքնանկար՝ Թորոս Տարոնացին, 1318 թ.»։