
Մինչ ֆուտբոլային խաղերի օրերին ավելի քան 14 հազար մարդ շտապում է Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ ֆուտբոլ նայելու, 200 հոգի շտապում են նույն դաշտը` նույն ֆուտբոլը… չնայելու համար:
Կարևոր ու մեծ ֆուտբոլային հանդիպումների ժամանակ 150 կարգադրիչներ կամ ստյուարդներ աշխատում են մարզադաշտի ներսում, ևս 50-ը՝ անցակետերի մոտ, որտեղ, սովորաբար, ամենաթեժն է լինում։

23-ամյա Էդուարդ Եղյանը կարգադրիչ է՝ հերթափոխի պետ։
Մարզիչս մի անգամ խորհուրդ տվեց, որ փորձեմ այստեղ աշխատել. փորձեցի, հասկացա, որ կարող եմ: Մեկ ամիս աշխատել եմ որպես սովորական պահնորդ, դրանից հետո դարձա հերթափոխի պետ։

Կարգ ու կանոնը
Մեր պարտականությունների մեջ է մտնում մարզադաշտում ու դրա մերձակայքում կարգ ու կանոնի, հանդիսատեսի անվտանգության ապահովումը։ Եվ ամենակարևորն այն է, որ մեր աշխատանքի ընթացքում մենք իրավունք չունենք ֆուտբոլ նայել։
Երբ նոր աշխատակից է գալիս, պետք է իմանա` եթե որոշի խաղը նայել, աշխատանքից կհեռացվի: Եթե ուզում ես աշխատել, պետք է քեզ տիրապետես:
Հնարավոր է ֆուտբոլ սիրել, բայց կարողանալ չնայել: Մանավանդ երբ մերոնք հաղթանակներ են ունենում, ուզում ես դու էլ խաղը նայես, որ դու էլ զգաս այդ ուրախությունը…
Բարդ իրավիճակներ շատ են լինում, քաղաքացիներ են լինում, որոնք չեն ուզում ընդունել, որ կարգ ու դրվածք կա, դրանից մեկ-մեկ կռիվներ են լինում, բայց ամեն ինչ կարգավորում ենք: Երբ իրավիճակը թեժանում է, մենք չենք կարող անձամբ քաղաքացիների նկատմամբ գործողություններ իրականացնել, հրավիրում ենք ոստիկանության աշխատակիցներին։


Հսկվում են նաև հսկիչները

Մեր աշխատանքը հսկում է ոչ միայն մարզադաշտի տնօրինությունը, մեր վերադասը` մարզադաշտի անվտանգության պետը: Բոլորը հսկում են մեր աշխատանքը:
Չես կարող շրջվել ու հույս ունենալ, թե ոչ մեկ չի նկատի: Բացի այդ, նաև պատվիրակը կա, որն ՈՒԵՖԱ-ի (Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն) կողմից նշանակված անձ է, ով ամեն խաղից առաջ գալիս է Հայաստան ու թե՛ դրսից, թե՛ ներսից հսկում է մեր աշխատանքը, զննության ժամանակ էլ կարող է գալ նայել մեր աշխատանքի որակը:

Հայաստան-Գերմանիա խաղն եմ հիշում, որ մեջքով կանգնած էի դաշտին, շատ լավ եմ հիշում, շատ լարված էի, ամեն վայրկյան ուզում էի շրջվել, նայել, բայց, իհարկե, չէի անում: Երևանում Հայաստան-Թուրքիայի ժամանակ էլ էր այդպես:
Ամենածանր փորձությունը
Արդեն Թուրքիայում հանդիպման ժամանակ իրավիճակն այլ էր։
Յոթ հոգով ուղեկցել ենք մեր ֆուտբոլիստներին։ Նախորդ օրը մեր տղաների հետ գնացել ենք, խաղի օրը՝ գիշերը վերադարձել, առանց հյուրանոց մտնելու։ Ամբողջ օրը մեր ֆուտբոլիստների հետ էինք։ Կան խաղացողներ, որ ազգությամբ հայ չեն, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, չէին հասկանում, որ կարող է դուրս գան միայնակ ու իրենց համար վատ լինի։ Երբ դուրս էին գալիս խանութ կամ զբոսնելու, մենք նրանց ուղեկցում էինք։

Խաղի վերջում մարզադաշտում տեղի ունեցածը մեզ համար անակնկալ չէր, սպասում էինք, որ եթե չհաղթեն, մեր տղաների ուղղությամբ փորձելու են իրեր շպրտել (խմբ. խաղն ավարտվել էր 1։1 հաշվով)։ Շշեր չէին թույլ տվել մարզադաշտ մտցնել, պլաստիկ բաժակների մեջ անձեռոցիկներ էին խցկել ու ջուր էին լցրել, որ ծանրանա, դրանք էին փորձում գցել մեր մարզիկների ուղղությամբ, դրոշի ձողեր էին շպրտում, բայց, իրականում, որևէ մեկին չկարողացան վնասել։ Ամեն դեպքում, այդ փորձությունն էլ անցանք։

Իհարկե, Երևանում էլ ենք փորձում շատ ուշադիր աշխատել, բայց հարյուր տոկոսով հնարավոր չէ ամեն ինչ նկատել: 14․000 մարդու դժվար է հսկել:
Խաղերի ժամանակ ամենաոգևորողը FAF-ի (First Armenian Front/Առաջին Հայկական Ճակատ) դիմաց կանգնելն է, երբ վանկարկում են, թմբուկ են զարկում, գունավոր ֆայերներ են վառում ու շատ զգացմունքային են արձագանքում խաղին: Ոգևորվում ես, բայց որ չես կարող խաղը նայել, ինքդ քեզ զսպում ես:

Նաև չեմպիոն ու մարզիչ
Իսկ առհասարակ ստյուարդների մեծ մասն այլ աշխատանք էլ ունի, քանի որ սա հերթափոխով աշխատանք է, ժամանակ ես ունենում այլ բանով էլ զբաղվելու համար։
Ես ինքս Դուքենդո կառատեի մարզիչ եմ, Արմավիրի Շահումյան համայնքի մշակույթի տանը երեխաների եմ մարզում։ Դուքենդո կառատեի սև գոտի եմ, առաջին դան, միջազգային որակավորում ունեմ որպես մարզիչ, քիքբոքսի պրոֆեսիոնալ չեմպիոն եմ, ունեմ յոթ հաղթանակ, յոթ նոկաուտ, զրո պարտություն:
Իմ առաջին մարզիչն այս համայնքում է մարզումներ արել: Հետո գնաց Գերմանիա, ու ես որոշեցի, որ մի օր այստեղ պետք է խումբ բացեմ: 15 աշակերտ ունեմ` 6-15 տարեկան:

Երեխաների հետ աշխատելով` ես հանգստանում եմ: Շատերն են հարցնում, թե ինչու եմ անում, ասում են` թող, այլ գործ գտիր. ասում եմ, որ սիրում եմ իմ գործը:




Շատ եմ ուզում էրեխեքին դրսից կտրեմ: Եղել է` դրսում տեսել եմ, ասել եմ` եկեք մոտս պարապեք, եկել են ու նրանց կյանքը փոխվել է: Ամեն ինչ անում եմ, որ էրեխեքս ակտիվ լինեն, հովանավորներ եմ փորձում գտնել, որ կարողանանք տարբեր մրցումների մասնակցել:


Երկու երեխա կա Արցախից, որ մոտս պարապում են: 11 տարեկան Հայկը, ում ինքս եմ մարզանքի բերում իմ մեքենայով, վախեր ունի, ասում է` կրակոցների ձայներից շատ է վախեցել պատերազմի ժամանակ: Հիմա էլ, եթե բարձր ձայներ է լսում, ցնցվում է, բայց ասում է` շատ է ուզում հետ գնալ Արցախ: Ամեն օր մեքենայում խոսում ենք:
Համայնքապետարանն աշխատավարձ է վճարում ինձ, ու ես էրեխեքի հետ պարապում եմ: Իրենց համար անվճար է, ես ասում եմ` եկեք պարապելու, ձեր ընտանիքների համար բեռ չի լինի, իսկ դուք ուժեղ կմեծանաք:
Ես սիրում եմ այն ամենը, ինչով հիմա զբաղվում եմ. և՛ մարզչի գործն է կարևոր, և՛ ստյուարդի: Գիտեմ, որ երկուսի դեպքում էլ շատերը չեն նկատում, կարող է ընդհանրապես չիմանան մեր գոյության մասին: Բայց մենք աշխատում ենք ու դա սիրով ենք անում:
