Արցախի շրջափակման ամիսներին հացի պակասի մասին բռնի տեղահանված ընտանիքները դեռ երկար կհիշեն: Երբեմն խոնավ ու դառնահամ այդ հացը դարձել է արցախցիների ծանր ապրումների, զրկանքների, միևնույն ժամանակ՝ խիզախության և ամրության խորհրդանիշը։


Զինա Սահակյան, 6 երեխաների մայր
Ալյուրով կիսվում էինք
Հայաստան նոր էինք հասել, մեր ծանոթները մեզ իրանց տանն ընդունեցին: Սեղան էին գցել, սեղանին հաց էր դրված: Քրոջս աղջիկը տեսավ, գունատվեց, հուզված ասաց՝ մամա, սա ի՞նչ ա, հա՞ց ա։ Ու մենք սկսեցինք լացել։
Եղել է, որ հացի փռից եմ կարողացել հացի խմոր գնել, բերել եմ տուն, զանգել եմ մերոնց, որ գան մի մասը վերցնեն: Մի օր շատ ծանր օր էր, քույրս ասաց՝ պետք չի, ձեզ հազիվ հերիքի, ես էլ ասացի՝ եթե քո երեխաներն այս հացից չուտեն, իմ երեխաներն էլ չեն ուտի։ Դժվար էր, բայց գիտեինք, որ սրան էլ կդիմանանք:
Երկու օր առաջ հաց էի թխել, վատ էր ստացվել: Երեխաներիս ցույց տվեցի, ասացի՝ վատ է եղել, թափեմ: Տղաս զայրացավ, ասաց՝ արդեն մոռացե՞լ ես, որ Արցախում սրան էլ էինք կարոտ, թող մնա, ես կուտեմ:


Քրիստինե Շահգելդյան, հացթուխ

Անեծքի տակ էինք ընկնում
Ալյուր չկար, եգիպտացորենի ալյուրից հաց էինք թխում, օրվա մեջ մեկ մարդու հասնում էր 200 գրամ հաց, դա էլ տալոններով:
Գիշերվա մեկից հերթեր էին կանգնում մարդիկ, որ առավոտվա համար հաց վերցնեն: Դա էլ մարդկանց կեսին էր հասնում: Շատ վատ վիճակ էր, սովը մի կողմից, թանկությունը՝ մյուս: Մարդիկ տեղին-անտեղին խոսում էին: Ասում էին, թե մեկը բարեկամ է, նրան տվեցինք և այլն: Բայց այդպես չի եղել: Երբեք չի եղել։ Տալոնով էինք աշխատում: Տալոնը հանձում էինք, ալյուրը ստանում: Բայց մարդիկ խոսում էին, անեծքի տակ էինք ընկնում: Մարդկանց պետք է նուրբ մոտեցում տայինք:
Մեզ համար էլ շատ ծանր աշխատանք էր, ամբողջ գիշեր աշխատում էինք, հովհարային անջատումների ժամանակ աշխատում էինք… ուժասպառ էինք լինում:
Ամսի 16-17-ին ընդհանրապես ալյուր չկար: Շատ ծանր էր վիճակը: Վերջին օրը ալյուր բաժանեցին, սպիտակ ալյուր էր: 100 դրամով բաժանեցինք մարդկանց, ու դա էր, վերջին հաց թխելն էր: Մարդիկ այդ օրը սպիտակ հացը կերան, պատերազմը սկսվեց:
Հիշում եմ Հայաստանում իմ առաջին միտքը, երբ հասկացա, որ կարող եմ նորից հաց թխել, և ալյուրի խնդիր չկա: Երբ Գորիս հասանք, հացը տեսանք… չասեմ, թե ինչ զգացինք:

Զարինե Ավագյան, հացթուխ
Մտածել ենք՝ լավն անենք, Աստված մեր դեմը կբերի
Ասում են՝ այս ամենը հայի ճակատագիրն է, հաց թխելն էլ է հայի ճակատագիրը…
Հացը թխում էինք երեք տեսակ ալյուրով՝ սպիտակ ալյուր, խամբարի (եգիպտացորենի) ալյուր ու թեփ: Բայց դրանից էլ էինք գոհ, որ այդ օրը սոված չմնացինք:
Ընտանիքներ կային, որ գալիս էին հաց առնելու, ու գիտեի, որ մեծ ընտանիք է: Մի ընտանիք կար, վեց երեխա ուներ: Նրանց հասնում էր երեք հատ հաց, բայց խիղճս չէր տալիս: Այդ ժամանակ էլ կտրոններով էին արդեն հացը բաժանում, տնօրինությունն ասում էր՝ պարտադիր պետք է չափսերով տաք ու ըստ կտրոնների, որ մեզ դրա չափով հետո ալյուր տան:
Մարդ կար, միայնակ էր, գալիս էր, 200 գրամ հաց էր վերցնում մեկ օրվա համար։ Իհարկե հասկանում էի, որ այդ մարդը չի կարող դրանով ապրել: Տարիքով մարդ էր, ես էլ նրան մեկ հաց էի տալիս: Միշտ նման դեպքերում մտածել ենք՝ լավն անենք, Աստված մեր դեմը կբերի…

Սարսափելի բաների մասին խոսել այլ լեզվով
2023-ի օգոստոսի 29-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում բարձրացրի Արցախի շրջափակման հարցը: Իմ մարմնով ու ցանցում եղած հացի շնորհիվ ես կարողացա ստեղծել սովի և այն տառապանքի այս պատկերը, որի միջով անցնում էր արցախցին։
STOP THE BLOCKADE / OPEN THE ROAD. իմ առաջին միջոցառումն էր Ցյուրիխում: Երկար ժամանակ ես տատանվում էի Շվեյցարիայում նախագծեր անել, քանի որ ուզում էի նախ ծանոթանալ կոնտեքստին ու տեղի միջավայրին։ Բայց երբ մամուլում ավելի ու ավելի տարածվեցին Արցախի և սաստիկ սովի մասին լուրերը, այլևս չէի կարող սպասել։
Երեք օր հաց եմ հավաքել հացաբուլկեղենից (աշխատում եմ որպես կամավոր FOODSHARING նախագծում և խնայում ենք սնունդը։ Այսինքն՝ վերցրել եմ չօգտագործված հացը, քանի որ չէի ուզում վատնել սնունդը) և հետո ես և իմ ընկերները ցանցից ինստալացիա արեցինք։
Ինձ համար կարևոր էր պատկերներ ու մեդիա նյութեր ստեղծել՝ արվեստի՛ միջոցով պատերազմի թեման վերհանելով և ոչ թե մեկ այլ լուսանկարով կիսվելով: Սա է նկարչի դերը՝ սարսափելի բաների մասին խոսել այլ լեզվով, պատկերների և խորհրդանիշների լեզվով։

Միշա Բադասյան, արվեստագետ

Լուսանկարները՝ Միշայի անձնական արխիվից
Ինչո՞ւ է այս հացը գետնին
Ես աշխատանքներ եմ ստեղծում լավաշով։ Վերջին գործերս ցուցադրվում էին Ֆրանկֆուրտի արվեստի մի կենտրոնում։
Լավաշից պատրաստված կտավներիս շատերը նայելիս չէին հասկանում, որ հացի են նայում, զարմացած հարցնում էին՝ սա ինչ է, կաշի՞ է, թո՞ւղթ է։ Երբ իմանում էին, որ հաց է՝ ավելի էին հետաքրքրվում:
Մոտ մեկ տարի առաջ մի ինստալացիա արեցի։ Լավաշը Հայաստանի քարտեզի ֆորմայով փռեցի գետնին ու գրեցի, որ այցելուները կարող են քայլել վրայով: Շատերի համար դա խնդիր չէր, անգամ զվարճալի էր, բացառությամբ մեկ տղայի։ Նա Սիրիայից էր։ Մոտեցավ ու զարմացած ասաց՝ սա հա՞ց է, ինչո՞ւ է այս հացը գետնին։ Այդ պահին չասացի, որ իմ աշխատանքն է, ասացի, որ ինստալացիա է, գետնին պետք է լինի, որ տեսնենք մարդկանց արձագանքը։ Նա ասաց՝ ոչ, իմ երկրում մարդիկ սոված են, այսպես չի կարելի անել:
Ես էլ ասացի՝ այո՛, հենց դա է իմաստը: Այստեղ հացը գետնին է, շատերի համար այն լուրջ արժեք չունի, սակայն հենց այս պահին շատ մարդիկ սոված են, ու ոչ ոք այդ մասին չի էլ մտածում:

Անի Բարսեղյան, արվեստագետ
