EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Ստեղծարար Tech
Սպտ 18, 2025

Երիտասարդ աշխատողներն առցանց շահումով խաղերի ոլորտում․ հնարավորություններ և էթիկական հարցադրումներ

Anna SukiasyanԱննա Սուքիասյան

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:


Your browser does not support the
audio element.

Հայաստանում հաճախակի կարելի է հանդիպել երիտասարդների, ովքեր աշխատում են վերջին տարիներին աննախադեպ աճ գրանցած առցանց շահումով խաղերի ոլորտում։ Աշխատանքի որոնման խոշոր հարթակներում գրանցված հաստիքների գրեթե մեկ երրորդը կապված է հենց այս ոլորտի հետ։ Աշխատանքի հայտարարությունները պարզապես թերթելը բավարար է ոլորտին առնչվող հայտարարությունների ահռելի քանակը նկատելու համար։ Միայն 2025 թվականի օգոստոսի առաջին շաբաթում ոլորտի առաջատար ընկերություններից մեկը հրապարակել էր 23 ամբողջական էջ աշխատատեղերի հայտարարություններ։

Երիտասարդ շատ հայ մասնագետներ իրենց աշխատանքային գործունեությունը սկսում են հենց առցանց շահումով խաղերի ոլորտից՝ ոգևորված տեխնոլոգիական առաջընթացի, հնարավորությունների և բարձր վարձատրության խոստումներից։ Սակայն, այս պայծառ պատկերի տակ թաքնված է մտահոգիչ իրականություն, որի մասին քչերն են խոսում։ Անցած տարի առցանց շահումով խաղերի ոլորտի հայկական ընկերություններում տարեկան շրջանառությունը կազմել է 18 միլիարդ ԱՄՆ դոլար՝ գերազանցելով երկրի պետական պարտքը (մոտ 13.8 միլիարդ ԱՄՆ դոլար)։

Այս աննախադեպ աճը մի կողմից ստեղծել է նոր հնարավորություններ, մյուս կողմից ուժեղացրել է երիտասարդ աշխատուժի նկատմամբ պահանջարկը՝ ավելի շատ երիտասարդների ներգրավելով ոլորտում և վերաձևել աշխատաշուկան։ Ոլորտի ընդլայնմանը զուգահեռ, առաջ է գալիս կարևոր մի հարց․ արդյո՞ք սա դառնում է նոր սերնդի աշխատանքի հիմնական ուղին, և ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ։

Առցանց շահումով խաղերը հավաքական եզրույթ է, որն ընդգրկում է առցանց շահումով խաղերն ու խաղադրույքները։ Դրա մեջ մտնում են վիրտուալ կազինոները, առցանց սպորտային խաղադրույքները, պոկերը և համացանցային այլ խաղեր, որոնք կապված են գումար շահելու հետ։ Այս ոլորտում ընդգրկված են այն ընկերությունները, որոնք մշակում են կայքեր, հավելվածներ և համակարգեր՝ այդ խաղերը հասանելի դարձնելու համար։ Ներկայում Հայաստանում գործում է շուրջ 30 նման ընկերություն, ինչպես նաև բազմաթիվ տեխնոլոգիական ու շուկայագիտական կազմակերպություններ, որոնք խթանում են դրանց աճը։

Թիրախավորում, աշխատանքի ընդունում, վերապատրաստում և այդպես շարունակ

Աշխատանք փնտրելու առաջին քայլը հաճախ արագ որոնումն է համացանցում։ Ըստ «ՎայՖայ Թելենթս»-ի (WiFi Talents)՝ համաշխարհային աշխատաշուկայի տվյալների հետազոտությամբ զբաղվող կազմակերպության, առցանց շահումով խաղերի ոլորտի ընկերությունների 77 տոկոսը սոցիալական ցանցերի հարթակներն օգտագործում է նոր աշխատակիցներ ներգրավելու համար։ Հայկական ընկերություններն էլ այս առումով բացառություն չեն։

Երկրում գործող խոշոր ընկերություններից մեկն առանձնանում է «խաղավարի» իր հաստիքների ագրեսիվ գովազդով՝ թիրախավորելով հատկապես երիտասարդներին։ Հայկական սոցիալական մեդիայում գործուն գրեթե յուրաքանչյուր օգտատեր առնչվել է այս հայտարարություններին, որոնց հաճախականությունն անտեսել հնարավոր չէ։ Ընկերությունն «Ինստագրամ»-ի իր էջը վարում է @firstjob_am անունով՝ դիտավորությամբ դիմելով երիտասարդներին․ ռազմավարություն, որն արդյունավետ է «Զեթ» սերնդի ներկայացուցիչների համար։

Նրանց էջերում հրապարակված են հարյուրավոր գրառումներ, որոնք ներկայացնում են աշխատանքի ընդունման հեշտ ընթացակարգը և տարատեսակ արտոնությունները․ «սովորիր, աշխատիր, զարգացիր» կարգախոսի ներքո՝ մինչև 150․000 դրամ (մոտ $400) պարգևավճարներ, վճարովի վերապատրաստում և նույնիսկ գրադարան ու յոգայի սենյակ՝ հերթափոխից հետո հանգիստն անցկացնելու համար։ Թեև այս արտոնություններն ավելի գրավիչ են, քան տեղական շուկայի այլ առաջարկները, հայտարարությունների նման «հեղեղը»՝ սկսած սոցիալական ցանցերից մինչև Երևանի մետրոյի կայարանների գովազդային վահանակները, որտեղ խոստանում են «այֆոններ» և ուղևորություններ դեպի  Դուբայ, ավելի շատ հիշեցնում է երիտասարդների համառ որս, քան աշխատողների հավաքագրում։ Առնվազն երեք նմանատիպ այլ ընկերություններ հրապարակում են համանման առաջարկներ սոցիալական ցանցերի իրենց էջերում։

Թիրախավորված հավաքագրումը, սովորաբար, սկսվում է թիրախավորված մարքեթինգից։ Հայաստանի նոր ձևավորվող ինֆլուենսերային դաշտում միշտ կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ են գովազդել առցանց շահումով խաղերի ընկերություններում աշխատանքի առաջարկները։ Վերջերս ավելի քան տասը երիտասարդ ինֆլուենսեր նկարահանել են «խաղավարի կյանքից մեկ օր» թեմայով տեսանյութեր առնվազն երեք տարբեր ընկերությունների համար։ Այս տեսանյութերը հսկայական դիտումներ են ունեցել․ ընդհանուր առմամբ, ավելի քան 300 հրապարակում, որոնք միասին ունեցել են ավելի քան 3 միլիոն դիտում*։ Նման ագրեսիվ ջանքերը ենթադրում են, որ ընկերությունները ինֆլուենսերներին պատրաստ են ավելի բարձր վճարել՝ երիտասարդ լսարանին առավել տեսանելի դառնալու համար։

Ինֆլուենսերների ներգրավվածությունը չի սահմանափակվում միայն «Ինստագրամ»-ով․ նրանք ներկա են նաև աշխատանքի տոնավաճառներին՝ նախապես հայտարարելով իրենց ներկայության մասին և հետևորդներին խրախուսելով այցելել առցանց շահումով խաղերի ընկերությունների տաղավարները։ Մի՞թե, սրանք քողարկված հավաքագրման փորձեր չեն։ Իրենց ներգրավմամբ ինֆլուենսերները դառնում են այս ընկերությունների ագրեսիվ գովազդային մեքենայի անբաժան մասը։

Թեև Հայաստանում արգելված են շահումով խաղերի գովազդները, ներառյալ՝ առցանց հարթակներում, աշխատանքի հայտարարություններն առցանց շահումով խաղերի ընկերությունների համար շարունակում են հասանելի լինել։ Արդյունքում այս հավաքագրման արշավները տարածվում են ոչ միայն սոցիալական ցանցերում և աշխատանքի տոնավաճառներում, այլև Երևանի մետրոյի կենտրոնական կայարանների վահանակների վրա: Այլ կերպ ասած՝ վայրերում, որտեղ հաճախ են լինում համալսարանական տարիքի երիտասարդները։

Սպասելիքներ և իրականություն

Հայաստանում առցանց շահումով խաղերի ոլորտի ընկերությունները դարձել են երիտասարդ մասնագետների աշխատանքային գործունեության մեկնարկի հիմնական հարթակը։ Դրա պատճառներից են աշխատանքի ընդունման հեշտ գործընթացները, մրցակցային աշխատավարձերը, ժամանակակից գրասենյակները և լրացուցիչ արտոնությունները, ինչպես օրինակ՝ բժշկական ապահովագրություն և աշխատանքային ճկուն ժամանակացույց, որոնք գրավիչ են հատկապես ուսանողների համար։

Սակայն, դիմորդները ոչ միշտ են աշխատանքի ընդունման կամ վերապատրաստման փուլերում տեղեկացվում այն մասին, որ իրենց ընկերությունները ծրագրային և գործավարական ծառայություններ են մատուցում բացառապես առցանց շահումով խաղերի ընկերություններին։ Վիոլետան*, ով նախկինում աշխատել է այս ոլորտում որպես հաճախորդների սպասարկման գծով վերապատրաստող, աշխատանքի էր անցել՝ հավատալով, թե աշխատում է տեխնոլոգիական ընկերությունում։ Միայն ավելի ուշ նա պարզեց, որ իր գործատուն ղեկավարում է Հայաստանում մի քանի առցանց շահումով խաղերի հարթակներ։ Մեկ տարուց էլ պակաս աշխատելուց հետո նա դուրս եկավ՝ գիտակցելով, որ սնուցում է մի համակարգ, որը նպաստում է իր երկրում կախվածությունների տարածմանը։ 

«Թեպետ իմ դերը փոքր էր, ես, միևնույնն է, մասնակցում էի մի բանի, որը կործանում էր հազարավոր ընտանիքներ Հայաստանում»,- ասում է նա։ 

Վիոլետան պատմում է իր բարդ աշխատանքային առօրյայի մասին, երբ հաճախ էր բախվում գրգռված, կախվածություն ունեցող խաղացողների զանգերին, վիրավորանքներին ու պահանջներին, որոնք ի վիճակի չէր բավարարելու։ Նրա սկզբնական սպասելիքները՝ զարգացնելու հաղորդակցման հմտություններ տեխնոլոգիական ընկերությունում, արագ բախվեցին կոշտ իրականությանը։

Վիոլետան, ծանոթ լինելով ընկերության խաղային բաժնին, հիշում է նաև աշխատողների, որոնք ընդամենը 15–16 տարեկան էին և, հավանաբար, դեռ սովորում էին դպրոցում։ Կարճ վերապատրաստումից հետո նրանք անմիջապես անցնում էին աշխատանքի։ Շատերի համար, ովքեր չունեին աշխատանքային լայն տարբերակներ, սա արագ մուտքի հնարավորություն էր ապահովում դեպի սրընթաց աճող ոլորտ։

Լիլիթը, ով նախկինում աշխատել է որպես տվյալագետ Հայաստանի խոշորագույն առցանց շահումով խաղերի ընկերություններից մեկում, հիշում է, որ աշխատանքի ընդունման փուլում իրեն ասել էին՝ ընկերությունն ապահովում է ծրագրային և գործավարական լուծումներ տարբեր ոլորտների համար։ Թեև տեղյակ էր, որ դրանց մի մասն առնչվում է առցանց խաղերին, սկզբում դա չափազանց լուրջ չէր ընդունել։ Որպես համալսարանի ուսանող, ով գրեթե չուներ աշխատանքային փորձ՝ նրան գրավում էր տեխնոլոգիական ընկերությունում աշխատելու հեռանկարը։ Ժամանակի ընթացքում նա հետաքրքրվեց խաղային հարթակների ներքին համակարգերով։

«Դա նման է «Էֆ-Բի-Այ»-ում (ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրո) աշխատելուն»,- ասում է նա՝ կիսվելով ոլորտում որոշումների կայացման և օգտատերերի ներգրավման ռազմավարությունների մասին իր տեսածով։

Առցանց շահումով խաղերի ընկերությունները հաճախ իրենց հաստիքները ներկայացնում են որպես «տեխնոլոգիական աշխատանքի» հնարավորություններ։ Նրանք պարբերաբար ներկայանում են աշխատանքի տոնավաճառներին։ 2023-ին Երևանի պետական համալսարանի աշխատանքի տոնավաճառին նրանց տաղավարում մեծ պաստառ էր կախված՝ «Ինչո՞ւ միանալ մեզ» վերնագրով։ Տաղավարի անձնակազմը ներգրավում էր այցելուներին արագ հարցուպատասխաններով, որոնք վերաբերում էին աշխատանքի ընդունման ընթացքին ու արտոնություններին, սակայն ոչ ընկերության ոլորտային գործունեությանը։ Նորավարտ ուսանողների համար այս առաջարկները գրավիչ էին հնչում։ Բայց պատկերացրեք՝ չորս տարի բարդ ուսումնառությունից հետո համալսարանի աշխատանքի տոնավաճառում առցանց շահումով խաղերի ընկերությունները ձեզ առաջարկում են «խաղավար»-ի աշխատանք՝ որպես աշխատանքային գործունեության խոստումնալից սկիզբ։ Այն փաստը, որ համալսարանները թույլ են տալիս նման ընկերություններին ուղղակիորեն ներկայանալ շրջանավարտներին, ավելի մտահոգիչ է դարձնում իրավիճակը։

Այս ընկերությունները մշտապես նոր աշխատակիցների կարիք ունեն։ Սակայն, ինչպես վկայում են նախկին աշխատակիցները, քչերն են երկար մնում, եթե ղեկավար հաստիքների չեն անցնում։ Որոշների համար, ինչպես Վիոլետայի և Լիլիթի, հեռանալու որոշումը նաև բարոյական պատճառներ ունի․ նրանք դժվարանում էին համատեղել բարձր աշխատավարձը ոլորտի բարոյագիտական խնդիրների հետ։ Շատերը մտնում են այս ոլորտ առանց երկարաժամկետ աշխատանքային գործունեություն կառուցելու մտադրության՝ ընդունելով այն որպես ժամանակավոր լուծում մինչև ավելի հարմար աշխատանք գտնելը։

Այնուամենայնիվ, արտոնությունները ոլորտում աշխատանքն իսկապես գրավիչ են դարձնում․ աշխատավարձերը բարձր են տեղական շուկայի համեմատ, աշխատակիցներին տրամադրվում է բժշկական ապահովագրություն, ինչպես նաև հաճախակի գործուղումներ դեպի շքեղ խաղադրույքային համաժողովներ Լոնդոնում, Ռիո դե Ժանեյրոյում, Մայորկայում և Դուբայում։ Այս հնարավորությունները գրավիչ են եղել նախկին աշխատակիցների համար։ Թեև նրանք կարող էին գտնել բարձր վարձատրվող այլ աշխատանք, սակայն ֆինանսական կայունության, բժշկական ապահովագրության և ճկունության համադրությունը՝ հատկապես ուսման ընթացքում, այս առաջարկները դարձնում են չափազանց գայթակղիչ։

Հայաստանի աշխատաշուկայի վրա ազդեցությունը

Առցանց շահումով խաղերի ոլորտի աճող պահանջարկը փոխում է աշխատաշուկան՝ անցնելով անհատական մասնագիտացումների սահմաններից։ Երբ երիտասարդ աշխատուժը հոսում է դեպի այս ոլորտ, մարդկային ներուժն աննկատ հեռանում է այն բնագավառներից, որոնք կենսական նշանակություն ունեն երկրի երկարաժամկետ զարգացման համար։ Բարձր վարձատրվող հաստիքների կենտրոնացումը կարող է ապահովել ֆինանսական կայունություն որոշների համար, սակայն միաժամանակ խորացնել անհավասարությունը նրանց և ցածր վարձատրվող խմբերի միջև։ Այն, ինչ առաջին հայացքից թվում է շարժունակ ու խոստումնալից զարգացում, ժամանակի ընթացքում կարող է զգալիորեն խորացնել սոցիալական անհավասարությունները։

Հայաստանի քիչ բազմազանեցված տնտեսության պայմաններում յուրաքանչյուր նոր աշխատատեղ, անկասկած, կարևոր է։ Առցանց շահումով խաղերի ընկերությունները տրամադրում են վերապատրաստում և նպաստում մասնագիտական աճին, բայց դրանց չափսերը և խորությունը սահմանափակ են մնում։ Շատերը, ինչպես Վիոլետան ու Լիլիթը, ցանկանում են իրենց աշխատանքով նպաստել Հայաստանի ապագային։ Բայց այս ոլորտը խորացնում է անհավասարությունները․ ավանդական ոլորտները՝ առողջապահություն, պաշտպանություն, կրթություն, արտադրություն, դժվարությամբ են մրցում այն աշխատավարձերի և պայմանների հետ, որոնք առաջարկում է առցանց շահումով խաղերի ոլորտը։ Թեև երիտասարդ մասնագետների մի մասը հավատարիմ է մնում այդ կենսական ոլորտներին, այդ անհավասարությունը մարտահրավերներ է առաջացնում՝ կապված կայունության, բարոյագիտության և Հայաստանի զարգացման առաջնահերթություններ հետ։

Առցանց շահումով խաղերի ոլորտի ընկերություններն իրենց դիրքավորում են որպես տեխնոլոգիական նորարարության և տնտեսական աճի շարժիչ ուժ, սակայն դրանց գործունեության ավելի լայն սոցիալական ազդեցություններն այնքան էլ միանշանակ չեն։ Հայաստանի փոքրածավալ և քիչ բազմազանեցված աշխատաշուկայում շատ երիտասարդ մասնագետներ հայտնվում են այս ոլորտում ոչ թե իրենց ընտրությամբ, այլ հանգամանքների բերումով։ Անհատական մակարդակում նրանցից յուրաքանչյուրի դերը կարող է փոքր թվալ, սակայն միասին նրանք սնում են մի համակարգ, որն ահռելի վտանգներ է ստեղծում լայնածավալ խաղամոլության տարածման համար։ Երբ այսպիսի դեպքերի թիվն աճում է, այն, ինչ թվում էր աշխատաշուկայի հերթական միտում, վերածվում է կառուցվածքային խնդրի՝ կորզելով արժեքավոր մարդկային ներուժն այն ոլորտներից, որոնք կենսական նշանակություն ունեն Հայաստանի երկարաժամկետ զարգացման համար։

 

Նշում․ հոդվածում օգտագործված անունները փոխված են՝ հարցազրույց տված անձանց անձնական տվյալները պաշտպանելու նպատակով։

*Թվերը հիմնված են հեղինակի սեփական հաշվարկների վրա։ Դրանք ներկայացնում են «Ինստագրամ» և «ՏիկՏոկ» հարթակներում մեծաքանակ հետևորդներ ունեցող առնվազն հինգ ինֆլուենսերների՝ առցանց շահումով խաղերի ոլորտում աշխատանքը գովազդող տեսանյութերի ընդհանուր դիտումների քանակը։

Ստեղծարար Tech

DigiTec 2025: Where Armenia’s Tech Future Never Sleeps

ԴիջիԹեք 2025. որտեղ տեխնոլոգիական ապագան երբեք չի քնում

Անի Թորոյան
Հկտ 8, 2025

Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական հավաքը՝ «ԴիջիԹեք»-ն այս տարի նշելով 20-ամյակը խոստանում է առանց դադարի եռօրյա հագեցած միջոցառումների ծրագիր: Ստարտափների հիմնադիրների և գաղափար ունեցող թիմերի համար սա ոչ միայն տեսանելիության հնարավորություն է, այլ նաև՝ փորձարկումների, գրում է Անի Թորոյանը՝ անդրադառնալով Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի համար կարևոր միջոցառմանը։

Read more
Tech Diplomacy: Reshaping Global Power Dynamics?

Տեխնոլոգիական դիվանագիտությունը համաշխարհային ուժերի հաշվեկշիռ գործոն

Անահիտ Բուդաղյան
Սպտ 11, 2025

Արտաքին քաղաքականությունն այսօր խորքային փոփոխությունների մեջ է, և պետությունները ստիպված են ավելի շատ ներգրավվածություն ապահովել տեխնոլոգիական գործընթացներում։ Անահիտ Բուդաղյանն ուսումնասիրել է Դանիայի Սիլիկոնյան հովտում դեսպան նշանակելու փորձից մինչև Հայաստանի «լուռ» նորարարական ռազմավարությունը։

Read more

Հայկական ձեռնարկությունների անհավասարաչափ թվայնացումը

Քնարիկ Բաղդասարյան
Սպտ 1, 2025

Հայաստանում որոշ ձեռնարկություններ հաջողությամբ կիրառում են առցանց գործիքներ և փոխկապակցված համակարգեր, շատերը շարունակում են գործել հնացած եղանակներով և բախվում են անհավասար թվայնացման։ Քնարիկ Բաղդասարյանը վերլուծում է թվային խզվածքը՝ ըստ ընկերությունների չափի, գործունեության ոլորտի և աշխարհագրական դիրքի։

Read more
Bringing AI Home

Ի՞նչ կարող է տալ 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ԱԲ գործարանը Հայաստանին

Անի Թորոյան
Օգս 26, 2025

Հայաստանում 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ «արհեստական բանականության գործարան» կառուցելու ներդրումային նախագիծ կիրականացվի «ՆՎԻԴԻԱ»-ի, «Ֆայրբրդ»-ի և Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ։ Անի Թորոյանը ներկայացնում է, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ կենտրոնը երկրի տեխնոլոգիական էկոհամակարգի, էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման և Հայաստանի՝ ԱԲ նորարարությունների տարածաշրջանային հանգույց դառնալու գործընթացում։

Read more

Մեր էջից

the last flue flower 215236

Երևանի վերջին տերեփուկը

Վաղինակ Ղազարյան
Նյմ 4, 2025

Քաղաքաշինության ծիրում կորած Դալմայի այգիների վերջին պատառիկների հիշողություններին ու այլակերպվող Երևանին է անդրադառնում Վաղինակ Ղազարյանը։

Read more
I Have a Vision: Let the River Unite

Տեսլական ունեմ․ թող գետը միավորի

Նայիրի Խաչատուրեան
Սպտ 4, 2025

Այս անդրադարձում արվեստի պատմաբան և համադրող Նայիրի Խաչատուրեանն Արաքս գետը պատկերացնում է ոչ թե որպես սահման, այլ որպես կամուրջ՝ աշխարհի առաջին երկազգ՝ հայ-իրանական արվեստի հաստատության հիմք, որտեղ մշակույթը, բնապահպանությունն ու համագործակցությունը միահյուսվում են՝ համատեղ ապագա կերտելու համար։

Read more

Հոդվածները լսեք ՁայնաԳիր

ՁայնաԳիր audio article
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Մշակույթ
      • Ընտրություններ
      • Ստեղծարար Tech

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ