EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Ստեղծարար Tech
Սպտ 1, 2025

Հայկական ձեռնարկությունների անհավասարաչափ թվայնացումը

Քնարիկ Բաղդասարյան

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։


Your browser does not support the
audio element.

Երևանյան աշխույժ ուրբաթ երեկո է։ Նույն փողոցի վրա երկու նոր ճաշարան է բացվել։ Արտաքինից դրանք գրեթե նույնանման են․ նույն թաղամասում են, ունեն նման ճաշացանկ և սպասարկում են նույն տեսակի հաճախորդներին։ Սակայն մեկը լի է այցելուներով, որոնցից շատերն օրեր առաջ են ամրագրել իրենց տեղերը, իսկ մյուսը գրեթե դատարկ է և շուտով կարող է մեկընդմիշտ փակվել։

Այս հակադրությունը բնորոշ է Երևանի ներկա գործարար միջավայրին։ Թեև գործունեության համար գտնվելու վայրը, գները և սպասարկման որակը շարունակում են կարևոր դեր ունենալ՝ գնալով առավել վճռորոշ գործոն է դառնում թվային դարաշրջանին հարմարվելու կարողությունը։ Թվայնացումը միայն նորագույն տեխնոլոգիաներ կիրառելը չէ․ այն բարելավում է հաճախորդի փորձառությունը, լավարկում է ներքին գործընթացները և խթանում է շարունակական կատարելագործման մշակույթը։ Հաջողակ ճաշարանը հաջողել է թվային միջավայրում ապահովել իր ներկայությանը․ սոցիալական ցանցերի գործուն էջեր, հարմարավետ կայք, ՔյուԱր (QR) ծածկագրով ճաշացանկ, սեփական հավելվածով հավատարմության ծրագրեր, առցանց պատվերներ և ակնթարթային ամրագրումներ։ Իսկ դժվարություններ ունեցող ճաշարանը չունի թվային ներկայություն, չի կիրառում թվայնացված մատակարարման գործիքներ և հապաղում է անկանխիկ վճարային համակարգերի ներդրման հարցում։

Այս պատկերը բնորոշ է հայաստանյան ողջ գործարար միջավայրին՝ հատկապես ավանդական ոլորտներում, ինչպիսիք են շինարարությունը, առևտուրը և արտադրությունը։ Թեև ձեռնարկությունները թվային տնտեսությանը հարմարվելու ճնշման ներքո են, թվայնացման մակարդակները շարունակում են անհավասար մնալ։ Որոշ ձեռնարկություններ հաջողությամբ ներդրել են թվային գործիքներ իրենց գործունեության մեջ, մինչդեռ շատերը շարունակում են գործել հնացած ձևերով։

Թվայնացման ցածր մակարդակի հետևանքները չեն սահմանափակվում ձեռնարկությունների մակարդակում առկա խնդիրներով․ դրանք ուղիղ ազդեցություն ունեն նաև Հայաստանի տնտեսական զարգացման վրա։ Թվայնացումն այլևս շքեղություն չէ, կամ հեռավոր նպատակ․ այն մրցունակության նախապայմանն է։ Փոքր տնտեսություն ունեցող Հայաստանում, որտեղ արտադրողականության բացերը դեռևս մեծ են, իսկ արտահանման ներուժը՝ թերօգտագործված, թվայնացումը գործունեության արդյունավետության բարձրացման և նոր շուկաներ մուտք գործելու ամենակարճ ճանապարհներից է։ Պետական մարմինները կարող են առաջատար լինել ծառայությունների թվայնացման հարցում, սակայն դա բավարար չէ, եթե Հայաստանի մասնավոր հատվածը պատրաստ և ոգևորված չէ անցնելու թվային փոխակերպման։

Իսկ ի՞նչ է ցույց տալիս մասնավոր հատվածում թվային խզվածքի պատկերը։ Ավելին, ի՞նչ հարցերի պետք է անդրադառնան թվայնացման խթանման քաղաքականությունները Հայաստանում, որպեսզի այդ բացը հաղթահարվի։ Հոդվածը փորձում է պատասխանել այս հարցերին՝ վերլուծելով թվայնացման վերաբերյալ ընկերությունների մակարդակում առկա տվյալները, որոնք ստացվել են ազգային վիճակագրությունից, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների իրականացրած հարցումներից և վերլուծություններից։

Մակերեսային թվայնացում

Վերջին տարիներին թվային փոխակերպումը Հայաստանում դարձել է քաղաքական առաջնահերթություն, սակայն ընկերությունների մեծ մասը դեռևս այս ճանապարհի սկզբնական փուլում է։ Ձեռնարկությունների մեծ մասի դեպքում թվային տեխնոլոգիաները սահմանափակվում են համակարգիչների և համացանցի օգտագործմամբ։ Նույնիսկ այն ընկերություններում, որոնք արդեն ներդրել են որոշ թվային գործիքներ, դրանց կիրառման խորությունն ու բարդությունը սահմանափակ են մնում։

Հայկական ընկերությունները հիմնականում հակված են ընտրել ավելի պարզ ու հաճախորդակենտրոն գործիքներ։ Լայնորեն տարածված է «Ֆեյսբուք»-ում կամ «Ինստագրամ»-ում էջ ունենալը, սակայն դա չի կարող համարվել իրական թվային փոխակերպում։ Թվայնացման ջանքերը, սովորաբար, սահմանափակվում են արտաքին մակարդակում՝ թվային մարքեթինգ, տարրական էլեկտրոնային առևտուր առցանց շուկաներում և թվային վճարումների կիրառում։ Իսկ ներքին գործընթացների բարեփոխումը կամ ինքնաշխատացումը (որն անվանում են գործընթացների, օրինակ՝ հաշվապահության, պահեստային հաշվառման կամ տվյալների վերլուծության թվայնացում) հազվադեպ է հանդիպում։ Ընկերության կարողությունների ծրագրման (ERP) համակարգեր օգտագործում են շատ քիչ ընկերություններ, իսկ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (CRM) ծրագրերը լայնորեն կիրառված չեն՝ բացառությամբ որոշ ոլորտների։ Վերջերս իրականացված հարցման համաձայն՝ մոտ 80 տոկոս ընկերություններ ընդհանրապես չեն օգտագործում ոչ մի վերոնշյալ համակարգերը։

Համեմատությունն այլ երկրների հետ առավել նկատելի է դարձնում այս տարբերությունը։ 2023 թվականին եվրոպական ընկերությունների 43.3 տոկոսը կիրառում էր ծրագրման համակարգեր․ այդ թվում՝ 37.9 տոկոսը փոքր ընկերություններում և 86.3 տոկոսը խոշորներում։ Հայաստանում ցուցանիշները զգալիորեն ցածր են․ ընդամենը 6.4 տոկոս փոքր և 16.9 տոկոս խոշոր ընկերությունների դեպքում։

Արդյունավետ թվայնացումը ենթադրում է ներքին գործընթացների, մատակարարման շղթաների և ծառայությունների մատուցման մեջ նոր գործիքների ներդրում կամ գործող կարգավորումների բարելավում։ Սակայն, հայկական ձեռնարկություններն այս առումով հետ են մնում։ Վերջին տարվա ընթացքում ընկերությունների միայն 13.9 տոկոսն է հայտարարել, որ իրականացրել են գործընթացների նորարարություն, մինչդեռ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում նույն ցուցանիշը միջինում կազմում է 20.1 տոկոս։

Թվային խզվածքի հետքերով․ ով է թվայնացնում, իսկ ով՝ ոչ

Թվային քաղաքականության արդյունավետ լուծումներ մշակելու համար նախ պետք է պարզել, թե որտեղ են Հայաստանում թվային խզվածքներն առավել ընդգծված և որ ընկերություններն են հետ մնում զարգացումներից։ Տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս որոշակի օրինաչափություններ․ թվայնացման ուղին ընտրած ընկերությունները մի շարք առանձնահատկություններով տարբերվում են հետ մնացածներից։ Տարբերությունները հիմնականում պայմանավորված են ընկերության չափերով, աշխարհագրական դիրքով, գործունեության ոլորտով և միջազգային շուկաների հետ համագործակցման մակարդակով։

Չափերը․ որքան փոքր է ընկերությունը, այնքան ցածր է թվայնացման ներուժը

Ընկերության չափը թվային գործիքների ներդրման ամենակարևոր գործոններից մեկն է։ Խոշոր ընկերությունները (250 և ավելի աշխատողներով) զգալիորեն առաջադեմ են թվային կիրառություններում․ մոտ 79 տոկոսն ունի կայքէջ, և շատերը ներառել են կարողությունների ծրագրման և հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման ծրագրերը և ամպային համակարգեր իրենց առօրյա գործունեության մեջ։ Միջին ընկերությունները (50–249 աշխատող ունեցող) նույնպես բավականին աշխույժ են թվային դաշտում և մոտ երկու անգամ ավելի հակված են զբաղվել առցանց առևտրով, քան փոքրերը։ Իսկ միկրո (1–9 աշխատող) և փոքր ձեռնարկությունները (10–49 աշխատող) Հայաստանում շարունակում են մնալ թվային փոխակերպման լուսանցքում․ շատերը դեռ հենվում են ֆիզիկական և թղթային գործարքների վրա՝ առանց թվային գործիքների կիրառության։

Աշխարհագրությունը․ երևանյան ձեռնարկություններն ավելի թվայնացված են, քան մարզայինները

Աշխարհագրական հասանելիությունը շարունակում է մնալ Հայաստանում թվային խզվածքը բացատրող հիմնական գործոնը։ Երևանում և մի քանի խոշոր քաղաքներում ձեռնարկություններն օգտվում են համեմատաբար զարգացած ենթակառուցվածքներից՝ օպտիկամանրաթելային համացանցից և զարգացող 5Ջի  ցանցերից։ Մինչդեռ մարզային շատ տարածքներ դեռևս սահմանափակվում են հնացած ենթակառուցվածքներով ու բջջային կապով, ինչը լրջորեն խոչընդոտում է թվային ներգրավվածությունը։ 2024-ի դրությամբ, երևանյան ընկերությունների 80 տոկոսն ունի վստահելի համացանցային կապ, մինչդեռ մարզերում այդ ցուցանիշը 70 տոկոս է։ Բարձր արագությամբ կապը (100 Մբիթ/վրկ և ավելի) հասանելի է մայրաքաղաքի ձեռնարկությունների 30 տոկոսին, իսկ մարզերում՝ ընդամենը 16 տոկոսին։

Այս տարբերության պայմաններում բնական է, որ երևանյան ձեռնարկությունները գրեթե բոլոր թվային ցուցանիշներով գերազանցում են մարզայիններին։ Երևանի ընկերությունների կեսից ավելին ունի կայքէջ, մինչդեռ մարզերում այդ թիվն ընդամենը 22 տոկոս է։ Նմանապես, մարզային ձեռնարկությունների 67 տոկոսն ընդհանրապես չի օգտագործում սոցիալական ցանցերը գործունեության ներկայացման նպատակներով, մինչդեռ երևանյան ընկերությունները երկու անգամ ավելի հաճախ են առցանց եղանակներով ներգրավում իրենց հաճախորդներին։

Գործունեության ոլորտը․ տեխնոլոգիական ոլորտի աճը չի զուգակցվում ավանդական տնտեսության հետ

Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը շարունակում է արագորեն զարգանալ, սակայն հիմնականում մեկուսացած է տնտեսության ավանդական հատվածներից։ Վերջին տասնամյակում ՏՏ ոլորտը ձևավորվել է որպես արտահանմանը միտված շարժիչ ուժ, որտեղ ընկերությունները գործում են «ի սկզբանե թվային» միջավայրում։ Այստեղ սովորական է կարողությունների ծրագրման ու հարաբերությունների կարգավորման համակարգերի, ամպային ծառայությունների ու գործընթացների ինքնաշխատացման գործիքների կիրառումը։ Շատ ընկերություններ, օգտագործելով իրենց փորձն ու գիտելիքը, մշակում են իրենց կարիքներին հարմարեցված ծրագրեր, որոնք հաճախ ավելի արդյունավետ են, քան պատրաստի հարթակները։

Հյուրընկալության ոլորտը երկրորդն է թվայնացման մակարդակով․ մոտ 24 տոկոսը կիրառում է առցանց վաճառքի միջոցներ, իսկ 23 տոկոսը՝ ERP կամ CRM համակարգեր։ Այս զարգացմանը նպաստում են ինչպես Հայաստանում գործող միջազգային հյուրանոցային և ռեստորանային ցանցերը, այնպես էլ տեղական խաղացողները, որոնք անցնում են առցանց ամրագրումների, առաքման ծառայությունների և մասնագիտացված կառավարման ծրագրերի։

Անշարժ գույքի և մասնագիտական ծառայությունների ոլորտներում ևս առաջընթաց է արձանագրվում․ CRM համակարգերը լայնորեն կիրառվում են, իսկ ամպային հարթակները տարածված են փաստաթղթաշրջանառության և տվյալների վերլուծության համար։ Իրավաբանական, խորհրդատվական և վարչարարական ծառայություններ մատուցող ընկերությունները գիտակցում են նոր տեխնոլոգիաների (օրինակ՝ արհեստական բանականության) կիրառման կարևորությունը և ներդրումներ են կատարում աշխատակիցների վերապատրաստման մեջ։ Չնայած դրան՝ տվյալների կառավարման ու կիբերանվտանգության ուղղությամբ ներդրումները բավարար չեն։

Ավանդական ոլորտները՝ շինարարությունը, արտադրությունը և առևտուրը, զգալիորեն հետ են մնում։ Արտադրողները երբեմն կիրառում են թվային գործիքներ հաշվապահության, մատակարարման շղթաների և մարդկային կարողությունների կառավարման նպատակով։ Հիմնականում օգտվում են ոլորտային ծրագրերից (Հայկական Ծրագրեր (ArmSoft), 1Սի, Բիտրիքս24 և այլն) և ամպային ծառայություններից (Դրոփբոքս, Գուգլ Դրայվ և այլն)։ Սակայն, դրանց լայն կիրառությունը շարունակում է սահմանափակ մնալ, և ձեռնարկությունները շարունակում են մեծապես հենվել ձեռքի աշխատանքի վրա։ Հատկապես շինարարության և մանրածախ առևտրի ոլորտներում գերիշխում են անալոգ գործառնությունները, ինչպես օրինակ՝ թղթային պահեստագրումը և ֆիզիկական գործարքները։

Միջազգային շուկաների հետ համակցումը արագացնում է թվայնացումը

Համաշխարհային արժեշղթաներին համակցված և արտահանմամբ զբաղվող ընկերությունները սովորաբար ավելի թվայնացված են։ Համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության (ֆրենչայզինգ), մատակարարման կամ գործընկերային հարաբերությունների միջոցով միջազգային ընկերությունների հետ կապված հայկական ձեռնարկությունները շատ ավելի հաճախ են կիրառում առաջադեմ թվային լուծումներ։ Դրանք հաճախ գործում են որպես ավելի զարգացած մայր ընկերությունների դուստր կամ գործընկեր, ինչով պայմանավորված պետք է համապատասխանեն դրանց թվային չափանիշներին և օգտվեն համաշխարհային փորձից ու առաջատար գործիքներից։

Արտահանող ընկերությունները նաև արտաքին ճնշման տակ են՝ շարունակաբար ներդրումներ կատարել թվայնացման մեջ։ Մրցունակ մնալու համար նրանք պետք է բավարարեն միջազգային գնորդների թվային պահանջները, գործարքներ իրականացնեն առցանց և հեշտացնեն համաշխարհային հաղորդակցությունը։ Վերջին տվյալները ցույց են տալիս, որ միջին և խոշոր ընկերությունները, որոնք ավելի թվայնացված են, երկու անգամ ավելի հաճախ են զբաղվում արտահանմամբ, քան փոքր ձեռնարկությունները, և հինգ անգամ ավելի հակված են արտահանմանը, քան միկրոձեռնարկությունները։

Ի՞նչն է խոչընդոտում ձեռնարկությունների թվային փոխակերպումը

Թեև թվային գործիքներն ու տեխնոլոգիաները գնալով ավելի մատչելի են դառնում, հայկական ձեռնարկությունների մեծ մասը շարունակում է մնալ թվային հասունության ցածր մակարդակում։ Այս բացը հասկանալու համար անհրաժեշտ է դիտարկել այն կառուցվածքային, համակարգային և վարքագծային գործոնները, որոնք սահմանափակում են թվային լուծումների կիրառումը։

Սահմանափակ իրազեկվածություն և անտեղի համարվող անհրաժեշտություն

Թվայնացման հիմնական խոչընդոտներից մեկը գործիքների և դրանց իրական օգուտների վերաբերյալ տեղեկացվածության պակասն է։ Շատ ձեռնարկությունների սեփականատերեր, հատկապես ավանդական ոլորտներում գործող, թվային լուծումները չեն համարում աճի համար կենսական։ Նրանք սովորաբար ներդրումներն ուղղում են սարքավորումների կամ տեխնիկայի վրա, որոնք տալիս են ավելի շոշափելի կարճաժամկետ արդյունք։ Մատչելի և տեղական շուկայում ստեղծվող թվային լուծումները հաճախ մնում են չօգտագործված՝ ցածր տեսանելիության պատճառով, իսկ միջազգային համակարգերը համարվում են չափազանց թանկ կամ բարդ օգտագործման համար։

Հայ գործարարների համար թվայնացումը հաճախ սահմանափակվում է սոցիալական մեդիայով, հատկապես «Ֆեյսբուք»-ով և «Ինստագրամ»-ով։ Սկսնակ ձեռնարկատերերի 53.1 տոկոսը սոցիալական մեդիան համարում է «շատ կարևոր», մինչդեռ ավելի զարգացած գործիքներին, ինչպիսիք են էլեկտրոնային փոստով շուկայավարումը, էլեկտրոնային առևտուրը և տվյալների վերլուծությունը, քչերն են նախապատվություն տալիս (20 տոկոսից ցածր)։ Իրազեկման պակասը հատկապես մեծ է գործող ձեռնարկությունների սեփականատերերի շրջանում, ինչի հետևանքով Հայաստանը 51 երկրի շարքում գրեթե ամենացածր տեղում է թվայնացման կարևորության ընկալման ցուցանիշով։ Սա վկայում է, որ ընկերությունները թվայնացումը դիտարկում են հիմնականում որպես գովազդային գործիք, այլ ոչ թե գործունեության զարգացման առանցքային շարժիչ։

Թույլ խթաններ և մրցակցության ցածր ճնշում

Հայկական ընկերությունները հաճախ գործում են շուկաներում, որտեղ նորարարություններ կիրառելու և թվայնացնելու մրցակցային ճնշումը սահմանափակ է։ Այն ընկերությունները, որոնք ներգրավված չեն արտահանման կամ միջազգային մատակարարման շղթաներում, շահագրգռված չեն ներդրումներ կատարել արդյունավետությունը կամ թափանցիկությունը բարձրացնող գործիքներում։ Այս վերաբերմունքն արտացոլվում է իրենց կարճաժամկետ գործունեության ռազմավարություններում․ եթե սկսնակ ձեռնարկատերերի գրեթե կեսը նախատեսում է առաջիկա վեց ամիսներին ավելացնել թվային գործիքների օգտագործումը, ապա գործող ձեռնարկությունների միայն 29 տոկոսն է առաջնահերթություն տալիս թվայնացմանը։ Այս ցածր ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 45-րդ տեղը 51 երկրների շարքում։

Ֆինանսական բացեր և տեխնիկական խոչընդոտներ

Նոր տեխնոլոգիաների ներդրման նախնական բարձր ծախսերը շատ ընկերությունների համար դառնում են թվային փոխակերպման հիմնական խոչընդոտներից։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ռազմավարական թվայնացումը միայն սարքավորումներ կամ ծրագրեր գնելը չէ․ այն պահանջում է երկարաժամկետ ծրագրում, աշխատանքային գործընթացների վերակազմակերպում, աշխատակիցների վերապատրաստում և թվային մտածողության ձևավորում։ Առանց մասնագիտական խորհրդատվության ձեռնարկությունները հաճախ շփոթվում են տարբերակների բազմազանությունից կամ էլ մնում են կիսատ, անարդյունավետ փոխակերպումների մեջ։

Հայկական ընկերությունների համար հատկապես ծախսատար ու դժվար հասանելի են թվային խորհրդատվական ծառայությունները։ Խնդիրը հատկապես սուր է խոստումնալից, բայց բարձրարժեք տեխնոլոգիաների դեպքում, օրինակ՝ արհեստական բանականության։ Թե՛ սկսնակ ձեռնարկատերերը, թե՛ գործողները «բարձր ծախսերը և ներդրման դժվարությունները» համարում են ԱԲ-ի կիրառության հիմնական մարտահրավերը։ Այս ցուցանիշով Հայաստանը դասվում է այն 15 երկրների շարքին, որտեղ ծախսատարությունը թվայնացման գլխավոր խոչընդոտն է։

Հմտությունների պակաս և ներքին կարողությունների սահմանափակումներ

Աշխատուժի հմտությունների բացերը ևս խոչընդոտում են թվային նախաձեռնությունների իրագործմանը։ Թեև որոշ ընկերություններ փորձում են լուծել խնդիրը ներքին ուսուցման կամ աշխատակիցների միջև փորձի փոխանակման միջոցով, կարողությունների ընդհանուր մակարդակը շարունակում է ցածր մնալ։ Հայկական ընկերությունների միայն 16 տոկոսն ունի վերապատրաստման ծրագրեր աշխատակիցների համար, մինչդեռ ԵՄ-ում և Կենտրոնական Ասիայում այդ ցուցանիշը կազմում է 36.2 տոկոս։ Առանց նպատակային հմտությունների բարձրացման կամ վերապատրաստման ծրագրերի՝ թվային գործիքները հաճախ մնում են թերի օգտագործված կամ սխալ կիրառված։

Ի՞նչ նպատակներ պետք է հետապնդեն թվայնացման քաղաքականությունները

Հայաստանն ազգային մակարդակով սահմանել է թվային փոխակերպման հավակնոտ նպատակներ՝ ներդրումներ կատարելով էլեկտրոնային կառավարման համակարգերում, կապի ենթակառուցվածքների ստեղծման մեջ և տեխնոլոգիական ոլորտը ներկայացնելով որպես աճի կարևոր հենասյուն։ Սակայն, այս քաղաքական ջանքերը նշանակալի տնտեսական արդյունք կունենան միայն այն դեպքում, եթե զուգորդվեն մասնավոր հատվածին ուղղված աջակցությամբ՝ օգնելու նրանց հաղթահարել թվային փոխակերպման մարտահրավերները։

Խնդիրը միայն թվային գործիքների խթանումը չէ․ անհրաժեշտ է ձևավորել մշակույթ, որտեղ թվային փոխակերպումն ընկալվում է որպես գործունեության աճի, կայունության և երկարաժամկետ կենսունակության անբաժան մաս։ Առանց այս մշակութային և կառուցվածքային փոփոխության՝ վտանգ կա, որ կձևավորվի «երկու արագությամբ տնտեսություն»․ այն ընկերությունները, որոնք թվային առումով առաջադեմ են (հիմնականում խոշոր, Երևանում տեղակայված կամ միջազգային կապերով), առաջ կանցնեն, իսկ փոքր ու ավանդական ձեռնարկությունները հետ կմնան։ Այսպիսի պառակտումը խորացնելու է արդեն գոյություն ունեցող տարածքային և ոլորտային անհավասարությունները՝ թուլացնելով Հայաստանի տնտեսական դիմադրողականությունը։

Ուստի, Հայաստանի թվային քաղաքականությունները պետք է, բացի բարձր մակարդակի ռազմավարություններից, կենտրոնանան նաև թվայնացման գործնական խթանների վրա, հատկապես այն հատվածներում, որտեղ թվայնացումը թույլ է արտահայտված։ Խթանման քաղաքականությունները կարող են ներառել․

  • Ցածր ծախսերով և մատչելի մուտքի գործիքակազմ, ինչպես օրինակ՝ նորարարության արժեթղթեր կամ ընդհանուր թվային ենթակառուցվածքների հասանելիություն։
  • Խորհրդատվական և առաջնորդական ծրագրեր, որոնք օգնում են ընկերություններին հասկանալ ոչ միայն, թե ինչ գործիքներ է պետք կիրառել, այլ նաև ինչու է դա արժեքավոր իրենց գործունեության համար։
  • Մարզերում ապակենտրոնացված ուսուցման և աջակցության կենտրոններ, որոնք գործնական աջակցություն կտրամադրեն ծրագրային ապահովման ներդրման, թվային մարքեթինգի, էլեկտրոնային առևտրի և կիբերանվտանգության հարցերում։
  • Ոչ տեխնոլոգիական ընկերությունների և տեղական տեխնոլոգիական ընկերությունների գործուն համագործակցություններ՝ խթանելու մատչելի, տեղային առանձնահատկություններին համապատասխան թվային գործիքների համատեղ ստեղծումը և միաժամանակ պահանջարկ ձևավորելու հայկական թվային արտադրանքի նկատմամբ։

Նպատակն ընկերություններին նորարարության առաջնագիծ մղելը չէ, այլ ապահովելը, որ ոչ մի ընկերություն հետ չմնա՝ թվային գործիքների անհասանելիության, տեղեկացվածության բացերի կամ բարձր ծախսատարության պատճառով։ Այս մոտեցումը կօգնի Հայաստանին ձևավորել ներառական, ապագային պատրաստ մասնավոր հատված, որտեղ թվային փոխակերպումը կծառայի որպես կայուն աճի հիմք բոլորի, այլ ոչ միայն ընտրյալների համար։

Ստեղծարար Tech

DigiTec 2025: Where Armenia’s Tech Future Never Sleeps

ԴիջիԹեք 2025. որտեղ տեխնոլոգիական ապագան երբեք չի քնում

Անի Թորոյան
Հկտ 8, 2025

Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական հավաքը՝ «ԴիջիԹեք»-ն այս տարի նշելով 20-ամյակը խոստանում է առանց դադարի եռօրյա հագեցած միջոցառումների ծրագիր: Ստարտափների հիմնադիրների և գաղափար ունեցող թիմերի համար սա ոչ միայն տեսանելիության հնարավորություն է, այլ նաև՝ փորձարկումների, գրում է Անի Թորոյանը՝ անդրադառնալով Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի համար կարևոր միջոցառմանը։

Read more
Tech Diplomacy: Reshaping Global Power Dynamics?

Տեխնոլոգիական դիվանագիտությունը համաշխարհային ուժերի հաշվեկշիռ գործոն

Անահիտ Բուդաղյան
Սպտ 11, 2025

Արտաքին քաղաքականությունն այսօր խորքային փոփոխությունների մեջ է, և պետությունները ստիպված են ավելի շատ ներգրավվածություն ապահովել տեխնոլոգիական գործընթացներում։ Անահիտ Բուդաղյանն ուսումնասիրել է Դանիայի Սիլիկոնյան հովտում դեսպան նշանակելու փորձից մինչև Հայաստանի «լուռ» նորարարական ռազմավարությունը։

Read more

Մեր էջից

the last flue flower 215236

Երևանի վերջին տերեփուկը

Վաղինակ Ղազարյան
Նյմ 4, 2025

Քաղաքաշինության ծիրում կորած Դալմայի այգիների վերջին պատառիկների հիշողություններին ու այլակերպվող Երևանին է անդրադառնում Վաղինակ Ղազարյանը։

Read more
I Have a Vision: Let the River Unite

Տեսլական ունեմ․ թող գետը միավորի

Նայիրի Խաչատուրեան
Սպտ 4, 2025

Այս անդրադարձում արվեստի պատմաբան և համադրող Նայիրի Խաչատուրեանն Արաքս գետը պատկերացնում է ոչ թե որպես սահման, այլ որպես կամուրջ՝ աշխարհի առաջին երկազգ՝ հայ-իրանական արվեստի հաստատության հիմք, որտեղ մշակույթը, բնապահպանությունն ու համագործակցությունը միահյուսվում են՝ համատեղ ապագա կերտելու համար։

Read more
Armenia, Azerbaijan and Constitutional Amendments

Սահմանադրական փոփոխությունները և հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Ջորջ Մենեշեան
Օգս 25, 2025

Հունաստանի և Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետության միջև տասնամյակներ տևած վեճը լուծվեց Պրեսպայի համաձայնագրով, որը պահանջում էր սահմանադրական հոդվածների և նախաբանի փոփոխություններ։ Ադրբեջանը ևս Հայաստանից պահանջում է սահմանադրական փոփոխություններ, սակայն արդյոք հնարավոր է հարցը լուծել Պրեսպայի օրինակով՝ մեկնաբանում է Ջորջ Մենեշեանը։

Read more
Advocating for Justice After the Peace Agreement

Արդարադատություն խաղաղության համաձայնագրից հետո

Գաբրիել Արմաս-Կարդոնա
Օգս 21, 2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հոդվածներից մեկի համաձայն` կողմերը պետք է դադարեցնեն միմյանց դեմ բոլոր միջազգային դատական գործերն ու նորերը չսկսեն: Սակայն արդարադատության հասնելու այլ տարբերակներ էլ կան, որոնց անդրադարձել է իրավաբան Գաբրիել Արմաս-Կարդոնան:

Read more
Iran’s Strategic Uncertainty and Armenia’s Security Challenges

Իրանի ռազմավարական անորոշությունն ու դրա ազդեցությունը Հայաստանի անվտանգության վրա

Աննա Գևորգյան
Օգս 19, 2025

Իրանի շուրջ զարգացումները կարող են ուղղակիորեն ազդել Հարավային Կովկասի, մասնավորապես, Հայաստանի անվտանգության վրա։ Թեև Իրանը շարունակում է հավասարակշիռ քաղաքականություն վարել Հայաստանի ու Ադրբեջանի հետ, սակայն իր հարաբերությունները Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ ու հնարավոր նոր ռազմական բախումներն անվտանգության սպառնալիքներ կարող են ստեղծել նաև Հայաստանի համար։

Read more
Fairy Tales, Textbooks and Territorial Claims: Weaving the Myth of “Western Azerbaijan”

Հեքիաթներ, դասագրքեր և տարածքային պահանջներ. ինչպե՞ս է հյուսվում «Արևմտյան Ադրբեջանի» առասպելը

Տաթևիկ Հայրապետյան
Հնս 13, 2025

Ադրբեջանը դասագրքերի, մանկական գրականության և ակադեմիական ծրագրերի միջոցով հաստատել է այն գաղափարը, թե Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է։ 2020 թվականի պատերազմից հետո նոր թափ առած այս խոսույթը արտահայտում է ծավալապաշտական ձգտումներ, որոնք տարածվում են Ղարաբաղյան հակամարտությունից անդին։

Read more

Հոդվածները լսեք ՁայնաԳիր

ՁայնաԳիր audio article
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Մշակույթ
      • Ընտրություններ
      • Ստեղծարար Tech

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ