EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Ստեղծարար Tech
Սպտ 11, 2025

Տեխնոլոգիական դիվանագիտությունը համաշխարհային ուժերի հաշվեկշիռ գործոն

Anahit BudaghyanԱնահիտ Բուդաղյան

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:


Your browser does not support the
audio element.

Երբ Դանիան Սիլիկոնյան հովտում առաջին տեխնոլոգիական դեսպան նշանակեց Կասպեր Կլինգեին, պարզապես նորարարական դիվանագիտական ​​քայլ չէր, այն հիմք դրեց «տեխնոլոգիական դիվանագիտությանը», որը միջազգային հարաբերություններում նորարարություն էր։ Բայց դեռևս հստակ չէ՝ սա համաշխարհային ուժերի հավասարակշռությունը վերափոխող գործընթացի սկի՞զբ է, թե՞ հերթական խորհրդանշական քայլը մեր թվայնացող աշխարհում։

«Տեխնոլոգիական դիվանագիտության» զարգացումը

Արտաքին քաղաքականությունն այսօր խորքային փոփոխությունների է ենթարկվում, և պետությունները ստիպված են ավելի գործուն ներգրավվել տեխնոլոգիական գործընթացներում՝ իրենց դերակատարությունը համաշխարհային մրցավազքում երաշխավորելու համար։ Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը, որի հիմքում ընկած է տեխնոլոգիական նորարարությունը, ընթանում է աննախադեպ արագությամբ։ Այսօր «Գուգլ»-ը, «Ամազոն»-ը, «Մեթա»-ն և «Մայքրոսոֆթ»-ը հաճախ ավելի մեծ ազդեցություն ունեն միջազգային սահմանումների և կարգավորումների վրա, քան որոշ պետություններ։ Նման իրավիճակում առաջ է գալիս պետությունների միջև նոր մրցավազք, որը հետապնդում է տեխնոլոգիական գերազանցություն և իր հերթին վերափոխում է պետությունների միջև հարաբերությունները։

Ավանդական դիվանագիտական կցորդները դժվարանում են տեխնոլոգիական արագ զարգացումների հետ համընթաց քայլ պահել։ Թվային ժամանակաշրջանում իրենց ազդեցությունը պահպանելու նպատակով ներկայումս մի շարք կառավարություններ ունեն «տեխնոլոգիական», «թվային» կամ «կիբեր» դիվանագետներ։ Թեև այս պաշտոնները տարբեր նպատակներ ու գործառույթներ ունեն, դրանք հաճախ համախմբվում են մեկ ընդհանուր եզրույթի ներքո, որն է «տեխնոլոգիական դիվանագիտությունը»։

«Տեխնոլոգիական դիվանագիտություն»-ը շրջանառության մեջ է դրել Դանիան՝ նպատակ ունենալով ոչ միայն ներկայություն ապահովել Սիլիկոնյան հովտում, այլև հասանելիություն ունենալ խոշոր տեխնոլոգիական կազմակերպություններին և այդպիսով ազդեցություն ձեռք բերել համաշխարհային տեխնոլոգիական միտումների վրա։ Դանիայի «տեխնոդեսպանը» գործում է անմիջապես Սիլիկոնյան հովտում, զբաղվում է զարգացող երկրներում Դանիայի «փափուկ ուժի» ամրապնդմամբ։ Նա հնարավորություն ունի դեռևս վաղ փուլում ծանոթանալ նոր տեխնոլոգիաների հետ, գնահատել դրանց հետ կապված վտանգները և համագործակցել մասնավոր հատվածի հետ՝ ի շահ իր երկրի ազգային պաշտպանական առաջնահերթությունների, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կիբերանվտանգությունը, տվյալների պաշտպանությունը և թվային ենթակառուցվածքները։ Գլխավոր նպատակն առաջատար ընկերությունների հետ անմիջական և անխոչընդոտ կապն է, ինչպես օրինակ՝ «Մայքրոսոֆթ»-ի հետ՝ տեխնոլոգիական բարեվարքության, «Օփն Էյայ»-ի հետ՝ արհեստական բանականության կառավարման, «Սիսկո Սիսթեմս»-ի հետ՝ թվային ենթակառուցվածքներին վերաբերող հարցերում։

Երկկողմ համագործակցություններին զուգահեռ զարգանում են նաև բազմակողմ և համայնքահեն մոտեցումները։ Այս միտման հաջողված օրինակներ են «Թեք Դիփլոմասի Նեթվորք»-ը և ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) «Արտեմիս համաձայնագիր»-ը։ Այս հարթակները միավորում են կառավարություններին, քաղաքացիական հասարակությանը, ակադեմիական շրջանակներին և տեխնոլոգիական մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ համագործակցելու ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ աշխարհաքաղաքական ոլորտներում: Օրինակ, ՆԱՍԱ-ի «Արտեմիս համաձայնագիրը» նպաստում է տիեզերական գործունեության ոլորտում՝ սահմանել թափանցիկության, կայուն տիեզերագնացության և կարգավորման միասնական մոտեցումների միջազգային չափանիշներ։ Այս նախաձեռնությունները ցույց են տալիս, որ տեխնոլոգիական դիվանագիտությունն աստիճանաբար դուրս է գալիս երկկողմ դաշտից և վերածվում համընդհանուր ու ընդգրկուն ձևաչափի` ունակ քննարկելու համաշխարհային մարտահրավերներ ու համընդհանուր ձգտումներ։

«Անկեղծ ասած,- նշել է Կասպեր Կլինգեն՝ խոսելով տեխնոլոգիայի և դիվանագիտության անքակտելի կապի մասին,- պետք է գործել միասնաբար, քանզի այլընտրանքն իսկապես վախեցնող է»։

Դանիային հաջորդեցին մյուսները․ ՄԹ, Չինաստան, ԱՄԷ

Սիլիկոնյան հովտում Մեծ Բրիտանիայի տեխնոլոգիական նախկին բանագնաց Ջո Ուայթն իր դերը նկարագրում էր որպես հստակ ուղերձ, որ Բրիտանիան կրկին հաստատում է իր ներկայությունը համաշխարհային հարթակում։ Մեծ Բրիտանիան տեխնոբանագնացներին համարում է տեխնոլոգիական արդյունաբերության հետ կապերը խորացնելու, ներդրումներ գրավելու, կարգավորող շրջանակների վրա ազդելու և ազգային պաշտպանական ռազմավարությունների իրագործմանն աջակցելու միջոց: Նույն տրամաբանությամբ՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հետագայում Ջեյմս Քլևերլիին տեխնոբանագնաց նշանակեց հնդկական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ Հնդկաստանի և Հարավային Ասիայի երկրների հետ համագործակցությունն ամրապնդելու և իր համաշխարհային տեխնոլոգիական ներկայությունն ընդլայնելու նպատակով։

Չինաստանի օրինակը նույնպես ուշագրավ է․ երկրի Գիտության և տեխնոլոգիաների նախարարությունը տեխնոբանագնացներ է գործուղել շուրջ 50 երկրներ։ Նրանց հիմնական առաջադրանքն է հետևել տեխնոլոգիական զարգացումներին, բացահայտել ներդրումային հնարավորությունները և խթանել Չինաստանի համար օգտակար համագործակցություններ։ Բացի այդ, նախագահ Սի Ցզինպինն ունի հատուկ տեխնոբանագնաց, որը մասնակցում է տեխնոլոգիական տարբեր միջոցառումների, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է, որ տեխնոլոգիական ազդեցությունը դարձել է Չինաստանի արտաքին քաղաքականության առանցքային գործոն։

Սակայն, միշտ չէ, որ տեխնոլոգիական դիվանագիտությունը պաշտոնական բնույթ ունի։ Ծոցի երկրներում, ինչպես օրինակ ԱՄԷ-ում, պաշտոնական բանագնացների փոխարեն նախապատվություն են տալիս ռազմավարական ներդրումներին։ Աբու Դաբիի փոխկառավարիչ և ազգային անվտանգության խորհրդական շեյխ Թահնուն բին Զայեդ Ալ Նահյանի ղեկավարությամբ ստեղծվել են «Ջի42» և «ԷմՋիԻքս» ընկերությունները, որոնք զբաղվում են արհեստական բանականության և առաջատար տեխնոլոգիաների զարգացման և այդ ոլորտներում ներդրումներ կատարելու ուղղությամբ։ Արհեստական բանականության ենթակառուցվածքներում, համագործակցելով «Մայքրոսոֆթ»-ի նման տեխնոլոգիական հսկաների հետ, ԱՄԷ-ն ներդրել է 1,5 միլիարդ ԱՄՆ դոլար։ Նախաձեռնությունները ներառում են ԱԲ համակարգեր, կլիմայական տեխնոլոգիական լուծումներ, ինչպես նաև «ՆՎԻԴԻԱ»-ի հետ տվյալների կենտրոնների ստեղծում։ Այս քայլերով ԱՄԷ-ն ոչ միայն ընդլայնում է իր ազդեցությունը, այլև դիրքավորվում որպես առաջատար խաղացող ԱԲ մրցավազքում։

Հայաստանի «լուռ» ռազմավարությունը

Դիվանագիտությունը միշտ չէ, որ պաշտոնական կոչումների մասին է։ Երբեմն երկրի ազդեցությունը կառուցվում է ունեցած գիտելիքի և համաշխարհային կապերի միջոցով։ 17-րդ դարի սկզբին շահ Աբաս Առաջինը հազարավոր հայերի տեղափոխեց Ջուղայից դեպի Սպահանի նորաստեղծ Նոր Ջուղա։ Սա պարզապես տեղահանություն չէր․ այն խորությամբ հաշվարկված քաղաքական քայլ էր։

Հայերն ունեին այն հմտությունները, որոնց կարիքը կենսականորեն ուներ Սեֆյան Պարսկաստանը․ հեռահար առևտրի կազմակերպում, մետաքսի մշակում և գորգագործություն։ Իրենց լայնածավալ առևտրային ցանցերի շնորհիվ՝ հայկական համայնքները դարձան Պարսկաստանի համաշխարհային տնտեսական դիրքերի ամրապնդման առանցքային խթան։ Փոխարենը, նրանք ստացան ինքնավարություն, կրոնական ազատություն և առևտրային բացառիկ արտոնություններ։ Այս օրինակը վկայում է այն մասին, որ փոքր, բայց հմուտ համայնքը՝ զինված գիտելիքով և ոչ անպայմանորեն ռազմական ուժով, կարող է դառնալ դիվանագիտական նշանակալի դերակատար։ Սա մի ժառանգություն է, որի դրսևորումները նոր մոտեցմամբ տեսանելի են նաև այսօր։

Հայաստանը փորձում է ճանաչում ձեռք բերել որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) և նմանատիպ կազմակերպություններն առաջնորդում են Հայաստանը բարձր տեխնոլոգիաների «ուժային կենտրոնի» վերածելու ջանքերը։ Հայկական մոտեցումը մեծապես հիմնված է բիզնեսի զարգացման, կրթության և միջազգային ընդլայնման ուղղություններով համագործակցության վրա։ Օրինակ, ԱՏՁՄ-ն անուղղակիորեն ամրապնդում է Հայաստանի համաշխարհային ներկայությունը՝ Հայաստանում հիմնադրված ընկերությունների և միջազգային գործընկերների միջոցով։ Հայաստանը, օգտվելով սփյուռքի և միջազգային կապերից, կարողանում է իր ազդեցությունը տարածել՝ առանց նոր, առանձին հարթակ ստեղծելու։

Հայաստանին հասանելի է Լոս Անջելեսի և Սան Ֆրանցիսկոյի խոշոր հայկական համայնքների՝ «սփյուռքի դիվանագիտության» ներուժը։ «ՍերվիսՏիտան»-ի, «Պիքսարտ»-ի և «Կրիսպ ԷյԱյ»-ի նման տեխնոլոգիական հաջող ընկերություններն իրենց գործունեությամբ դառնում են ոչ պաշտոնական «տեխնոլոգիական դիվանագետներ»՝ Հայաստանին կապելով միջազգային շուկաների, ներդրումների հետ և համաշխարհային տեսանելիություն բերում։ Անգամ պաշտոնական տեխնոլոգիական դիվանագետների բացակայության դեպքում այս հանգամանքը թույլ է տալիս Հայաստանին ունենալ համաշխարհային ներկայություն: Վերջին շրջանի կարևոր օրինակ է «ՆՎԻԴԻԱ»-ի, «Ֆայրբրդ»-ի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև համագործակցությունը՝ 500 միլիոն ԱՄՆ դոլար ներդրմամբ արհեստական բանականության գործարանի ստեղծման համար։ Սա ոչ միայն կձևավորի տարածաշրջանային գերհաշվարկային և տվյալների մշակման կենտրոն, այլև կդարձնի Հայաստանը համաշխարհային ԱԲ ոլորտի առաջընթացի գործուն մասնակից։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիլիկոնյան հովտի կողմից 2020 թվականին մեկնարկած «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը նպատակ ուներ կապել հայկական ստարտափներին միջազգային էկոհամակարգերի հետ։ Չնայած խոստումնալից մեկնարկին՝ աջակցել 15 ստարտափի և համագործակցել Սիլիկոնյան հովտում գործող Դրեյփերի համալսարանի հետ, ծրագիրը չկարողացավ վերածվել կայուն հարթակի։ Սա վկայում է այն մասին, որ առանց տևականության սփյուռքի և համաշխարհային համագործակցության ներուժը մնում է չիրացված։ Միևնույն ժամանակ, միայն սփյուռքի կապերի վրա հենվելը կարող է բավարար չլինել մրցակցային համաշխարհային միջավայրում, որտեղ խոշոր տեխնոլոգիական ընկերություններն առաջնահերթություն են տալիս մեծ շուկաներին: Հիմնական մարտահրավերը ոչ պաշտոնական կապերը պաշտոնական ներկայության հետ հավասարակշռելն է՝ ունենալով հստակ ռազմավարություն։

Հայաստանի դիվանագիտական դպրոցը, որը գործում է արտաքին գործերի նախարարության ներքո, գնալով ավելի մեծ ուշադրություն է դարձնում դիվանագետների տեխնոլոգիական պատրաստվածությանը։ Սրանով ապահովվում է Հայաստանի մասնակցությունն աշխարհում ընթացող տեխնոլոգիական քաղաքականությունների մասին քննարկումներին և ազգային շահերի պաշտպանությունը։ Վերջերս Հայաստանի միանալը «Արտեմիս համաձայնագրին» վկայում է տեխնոլոգիական դիվանագիտության ոլորտում մեր երկրի աճող ներգրավվածության մասին, որը ռազմավարական առաջնահերթություն է։

Բացի դրանից, հանրային-մասնավոր նախաձեռնությունները, ինչպիսիք են «Արմաթ» կրթական ծրագիրը և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, դարձել են Հայաստանի փափուկ ուժի գործիքները․ նրանք լայն ճանաչում են ստանում աշխարհում՝ փոխանցելով Հայաստանի արժեքներն ու ազդեցությունը միջազգային կրթական և տեխնոլոգիական դաշտում։

Խաղի կանոնները փոխվում են՝ պատրաստ լինենք, թե ոչ

Նորաստեղծ տեխնոլոգիաներն այսօր նույնքան ազդեցիկ են, որքան քաղաքականությունը։ Ժամանակակից հասարակությունում քաղաքացիներն ունեն նվազագույն գիտելիքների կարիք, ինչպես քաղաքականության և քաղաքական համակարգերի մասին, այնպես էլ՝ տեխնոլոգիաների։

Դիվանագետները՝ լինեն Սիլիկոնյան հովտում, թե որպես տեխնոբանագնացներ օտար երկրներում, մեծ առավելություն են ստանում, եթե խորապես հասկանում են տեխնոլոգիական զարգացումները։ Տեխնոլոգիական դիվանագիտության ապագան, ամենայն հավանականությամբ, պատկանում է այն մասնագետներին, ովքեր համատեղում են ճարտարագիտական գիտելիքը կառավարման փորձի և դիվանագիտական հմտությունների հետ։ Նոր ծրագրերը, ինչպիսիք են «Քրաք տեխնոլոգիական դիվանագիտության ինստիտուտ»-ը, և պետությունների դիվանագիտական դպրոցներում տեխնոլոգիական ուղղվածության աճող կարևորությունը հենց այս նոր իրականության մասին են վկայում։

Փոքր երկրները կարող են ուժեղացնել իրենց արտաքին քաղաքականությունը՝ իրենց դիվանագետներին ապահովելով տեխնոլոգիական գրագիտությամբ։ Սա չի նշանակում ծրագրավորում սովորել, այլ պատկերացում ունենալ թվային ակտիվների, ինչպիսիք են տվյալների կենտրոնները կամ տեղական ամպային ենթակառուցվածքները, ռազմավարական կարևորության մասին։ Նպատակը դիվանագետներին այնպիսի գիտելիքով զինելն է, որ նրանք կարողանան ճիշտ պահին հայտնաբերել և կապ հաստատել այն անհատների հետ, որոնք կարող են աջակցել իրենց երկրի տեխնոլոգիական առաջընթացին։

«Խաղը փոխվում է,- ասում են մասնագետները,- և ավելի լավ է՝ մենք պատրաստ լինենք դրան»։

Ստեղծարար Tech

Bringing AI Home

Ի՞նչ կարող է տալ 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ԱԲ գործարանը Հայաստանին

Անի Թորոյան
Օգս 26, 2025

Հայաստանում 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ «արհեստական բանականության գործարան» կառուցելու ներդրումային նախագիծ կիրականացվի «ՆՎԻԴԻԱ»-ի, «Ֆայրբրդ»-ի և Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ։ Անի Թորոյանը ներկայացնում է, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ կենտրոնը երկրի տեխնոլոգիական էկոհամակարգի, էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման և Հայաստանի՝ ԱԲ նորարարությունների տարածաշրջանային հանգույց դառնալու գործընթացում։

Read more

Վերջերս հրապարակված

I Have a Vision: Let the River Unite

Տեսլական ունեմ․ թող գետը միավորի

Նայիրի Խաչատուրեան
Սպտ 4, 2025

Այս անդրադարձում արվեստի պատմաբան և համադրող Նայիրի Խաչատուրեանն Արաքս գետը պատկերացնում է ոչ թե որպես սահման, այլ որպես կամուրջ՝ աշխարհի առաջին երկազգ՝ հայ-իրանական արվեստի հաստատության հիմք, որտեղ մշակույթը, բնապահպանությունն ու համագործակցությունը միահյուսվում են՝ համատեղ ապագա կերտելու համար։

Read more
Armenia, Azerbaijan and Constitutional Amendments

Սահմանադրական փոփոխությունները և հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Ջորջ Մենեշեան
Օգս 25, 2025

Հունաստանի և Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետության միջև տասնամյակներ տևած վեճը լուծվեց Պրեսպայի համաձայնագրով, որը պահանջում էր սահմանադրական հոդվածների և նախաբանի փոփոխություններ։ Ադրբեջանը ևս Հայաստանից պահանջում է սահմանադրական փոփոխություններ, սակայն արդյոք հնարավոր է հարցը լուծել Պրեսպայի օրինակով՝ մեկնաբանում է Ջորջ Մենեշեանը։

Read more
Advocating for Justice After the Peace Agreement

Արդարադատություն խաղաղության համաձայնագրից հետո

Գաբրիել Արմաս-Կարդոնա
Օգս 21, 2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հոդվածներից մեկի համաձայն` կողմերը պետք է դադարեցնեն միմյանց դեմ բոլոր միջազգային դատական գործերն ու նորերը չսկսեն: Սակայն արդարադատության հասնելու այլ տարբերակներ էլ կան, որոնց անդրադարձել է իրավաբան Գաբրիել Արմաս-Կարդոնան:

Read more
Iran’s Strategic Uncertainty and Armenia’s Security Challenges

Իրանի ռազմավարական անորոշությունն ու դրա ազդեցությունը Հայաստանի անվտանգության վրա

Աննա Գևորգյան
Օգս 19, 2025

Իրանի շուրջ զարգացումները կարող են ուղղակիորեն ազդել Հարավային Կովկասի, մասնավորապես, Հայաստանի անվտանգության վրա։ Թեև Իրանը շարունակում է հավասարակշիռ քաղաքականություն վարել Հայաստանի ու Ադրբեջանի հետ, սակայն իր հարաբերությունները Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ ու հնարավոր նոր ռազմական բախումներն անվտանգության սպառնալիքներ կարող են ստեղծել նաև Հայաստանի համար։

Read more

Հոդվածները լսեք ՁայնաԳիր

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Մշակույթ
      • Ընտրություններ
      • Ստեղծարար Tech

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ