EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Ստեղծարար Tech
Օգս 26, 2025

Ի՞նչ կարող է տալ 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ԱԲ գործարանը Հայաստանին

Անի Թորոյան
Bringing AI Home

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:


Your browser does not support the
audio element.

Եվրոպայի խոշորագույն տեխնոլոգիական և ստարտափ միջոցառումներից մեկի՝ «Վիվա Թեքնոլոջի 2025»-ի (VivaTech 2025) ընթացքում հայտարարվեց Հայաստանում 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ «արհեստական բանականության գործարան» կառուցելու ներդրումային նախագծի մասին։ Հայտարարությունն անմիջապես լայն արձագանք գտավ սոցիալական ցանցերի հայկական տիրույթում՝ շատերի կողմից ներկայացվելով որպես պատմական քայլ, որը Հայաստանին կարող է դարձնել արհեստական բանականության (ԱԲ) մրցավազքում նշանակալի խաղացող։ Հաջորդ օրը տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նախաձեռնությանը` այն անվանելով «Հայաստանի Սթարգեյթ», ինչը, հավանաբար, հղում էր թե՛ ԱՄՆ-ում այս տարվա սկզբին հայտարարված տվյալների խոշոր կենտրոնի կառուցման ծրագրին, թե՛ նոր աշխարհ մուտք գործելու մասին գիտաֆանտաստիկ փոխաբերությանը։ Այսպիսով, նախագծի շուրջ սպասումներն իսկապես բարձր են՝ լի ակնկալիքներով, որ այն Հայաստանը կդարձնի ԱԲ-ի զարգացման նշանակալի կենտրոն և կնպաստի երկրի իրական տնտեսական առաջընթացին։

Չնայած նախաձեռնության մասին մանրամասները սահմանափակվում են ներդրման ծավալի, ակնկալվող հզորության և հիմնական դերակատարների մասին համառոտ տեղեկատվությամբ՝ դրանք բավարար են հասկանալու համար, թե ինչ սպասել նախագծից և ինչպես պատրաստվել երկրի համար առավելագույն արդյունք ապահովելուն։ Այս վաղ փուլում ճիշտ ակնկալիքների ձևավորումը և նախապատրաստական քայլերը կարևոր են, եթե նախագծից ակնկալում ենք էական վերափոխումներ, ինչպես ենթադրում է դրա «Սթարգեյթ» պիտակը։ Ոգևորվածության առաջին ալիքին հաջորդում են հետևյալ տրամաբանական հարցերը․ ի՞նչ է ԱԲ գործարանը, և ի՞նչ է սպասում Հայաստանին առաջիկա տարիներին։

Ի՞նչ է ԱԲ գործարանը

Հավակնոտ նախագծի հիմքում ընկած է պետական և մասնավոր ոլորտների դերակատարների միջև համակարգված համագործակցություն, որտեղ յուրաքանչյուրն ունի իր հստակ գործառույթները։ Վերջիններիս ծանոթանալը կօգնի հստակ պատկերացում կազմել նախաձեռնության մասին։ Նախաձեռնության կենտրոնում «Ֆայրբրդ»-ի (Firebird), «ՆՎԻԴԻԱ»-ի (NVIDIA), «Թիմ ընկերությունների խմբի» (Team Group of Companies) և Հայաստանի կառավարության միջև ձևավորված ռազմավարական գործընկերությունն է։

«Ֆայրբրդ»-ը նորաստեղծ ԱԲ ամպային ընկերություն է, որը նախաձեռնության և դրա իրականացման գործընթացի հիմնական շարժիչ ուժն է։ Ընկերությունը, որի գլխամասերը տեղակայված են Սան Ֆրանցիսկոյում և Երևանում, իրեն դիրքավորում է որպես արագ զարգացող շուկաներում բարձր արտադրողականությամբ ԱԲ ենթակառուցվածքներ ստեղծող` խոստանալով ձևավորված եկամուտների մի մասն ուղղել տեղական տեխնոլոգիական էկոհամակարգերի զարգացմանը։ Հայաստանի ԱԲ գործարանը լինելու է «Ֆայրբրդ»-ի առաջին նման նախագիծը, որը կօգնի ընկերությանն իր գործունեության հետագա ընդլայնմանը: Թեև ընկերությունը նորաստեղծ է, դրա հետևում կանգնած թիմն ունի մեծ փորձ, կապեր և ազդեցություն, ինչը նախագիծն ավելի վստահելի ու կենսունակ է դարձնում։ «Ֆայրբրդ»-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ռազմիգ Հովագիմեանը փորձառու ձեռնարկատեր է, ով նախկինում հիմնել է մի քանի հաջողված տեխնոլոգիական ընկերություններ, ինչպես նաև ներկայումս ղեկավարում է «Փլեյ Թայմ Վենչրս» (Play Time Ventures) վենչուրային ընկերությունը։ «Աֆեյան հիմնադրամը» ևս աջակցում է նախաձեռնությանը և հանդիսանում է «Ֆայրբրդ»-ի հիմնադիր ներդրողներից մեկը։ Հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը, ով նաև «Ֆլագշիփ Փայոունիրինգ»-ի (Flagship Pioneering) գլխավոր տնօրենն է և աշխարհում կենսատեխնոլոգիաների ու նորարարությունների ոլորտի կարկառուն դեմքերից մեկը, նախագծին միանում է որպես ռազմավարական խորհրդատու և հիմնադիր գործընկեր։ Նրանց բոլորի ներդրումն ավելին է, քան միայն նյութական միջոցները․  նրանց ներգրավվածությունը նախագծին տալիս է համաշխարհային հասանելիություն, տեխնոլոգիական առաջադեմ գաղափարներ և երկարաժամկետ տեսլական՝ ուղղված Հայաստանը ԱԲ տնտեսության մեջ մրցունակ դարձնելուն։

«ՆՎԻԴԻԱ»-ն նախաձեռնության մյուս առանցքային մասնակիցը, այս նախագծի և՛ տեխնիկական իրագործման գլխավոր դերակատարն է, և՛ «ԱԲ գործարան» եզրույթի հեղինակը։ Ընկերությունը տրամադրում է ներկայիս առաջադեմ ԱԲ մոդելների (ինչպիսիք են «ՉատՋիՓիԹի»-ն (ChatGPT) և «Ջեմինի»-ն (Gemini)) աշխատանքն ապահովող հիմնական սարքավորումները և ենթակառուցվածքը։ Դրանց հիմքում են գրաֆիկական պրոցեսորները (graphics processing unit), որոնք նախատեսված են հսկայական ծավալով համաժամանակյա հաշվարկներ կատարելու համար, ինչն իր հերթին ապահովում է ԱԲ համակարգերի ուսուցման և գործարկման բարդ գործընթացները։ Մեծ քանակությամբ գրաֆիկական պրոցեսորների հավաքածուն կազմում է այն, ինչը «ՆՎԻԴԻԱ»-ն անվանում է «ԱԲ գործարան»․ հաջորդ սերնդի տվյալների կենտրոն, որը նախատեսված է բացառապես ԱԲ-ի համար։ «ՆՎԻԴԻԱ»-ն նման գործարաններ է կառուցում աշխարհի տարբեր անկյուններում՝ ամրապնդելով իր դիրքն այս ոլորտում։ Թեև այդ կենտրոնները տարբեր չափեր ու նպատակներ ունեն, դրանց հիմքը նույնն է (գրաֆիկական պրոցեսորներով աշխատող ԱԲ ենթակառուցվածք)։

Հայաստանում «ՆՎԻԴԻԱ»-ի աջակցությամբ ստեղծվելու է նմանատիպ ԱԲ գործարան։ Այս նախագծի առանձնահատկությունը պայմանավորված է երեք հիմնական գործոններով։ Դրանք են գործարանի տեղակայումը, հզորությունը և արտադրողականությունը։

ԱԲ գործարանը լինելու է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Հարավային Կովկասում և հետխորհրդային տարածքի զգալի հատվածում առաջին նման չափի ԱԲ տվյալների կենտրոնը։ Նման գործարանները դեռևս նորություն են նույնիսկ զարգացած տնտեսությունների համար։ Օրինակ, Եվրոպայի ԱԲ ներուժը խթանելու համար Եվրոպական հանձնաժողովը միայն 2024 թվականի սկզբին որոշում ընդունեց ԱԲ նորարարական փաթեթի (AI Innovation package) շրջանակում առնվազն 15 նման կենտրոն ստեղծել մինչև 2026-ը։ Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն ևս արագ քայլերով կառուցում են իրենց ազգային ԱԲ գործարանները՝ ձգտելով դառնալ համաշխարհային ԱԲ գերտերություններ։ Հայաստանը, ոմանց համար անսպասելիորեն, ընգրկվեց այս տեխնոլոգիայի տարածման առաջին ալիքի մեջ՝ ձեռք բերելով «վաղ շարժվողի» առավելություն։

Երկրորդ գործոնը հզորությունն է, և այն ավելի կարևոր է, քան կարող է թվալ։ ԱԲ-ում էլեկտրաէներգիան հավասարազոր է ենթակառուցվածքի կարողությանը․ որքան շատ հոսանք, այնքան շատ գրաֆիկական պրոցեսորներ կարելի է գործարկել, ինչը թույլ է տալիս ավելի բարդ և մեծ տարբերակներ ստեղծել ու զարգացնել։ Նախատեսվում է, որ հայաստանյան գործարանի հզորությունը կհասնի մինչև 100 մեգավատտի (ՄՎտ)՝ առաջին փուլում ապահովելով 15 ՄՎտ հզորություն։ Համեմատության համար՝ աշխարհում նման կենտրոնները, ըստ ոլորտային աղբյուրների, ինչպիսին է «Էնկոննեքսը» (Enconnex(, սովորաբար, օգտագործում են 20-100 ՄՎտ։ Նորագույն հսկայական գործարանները, իհարկե, կարող են գերազանցել այդ հզորությունը, ինչպես օրինակ՝ 500 ՄՎտ հզորությամբ նոր ստեղծվող կենտրոնը Սաուդյան Արաբիայում կամ մինչև 1.2 գիգավատտ հզորությամբ «Սթարգեյթ»-ը (Stargate) ԱՄՆ Տեխաս նահանգում։ Ակնհայտ է, որ հայաստանյան գործարանը չի լինի ամենահզորների շարքում, սակայն 100 ՄՎտ-ը, իսկապես, էական հզորություն է։ Վերջինս վկայում է, որ սա պարզապես փորձնական կամ հետազոտական նախագիծ չէ, այլ արդյունաբերական ծավալի ԱԲ ենթակառուցվածք։

Երրորդ գործոնը, որն առանձնացնում է հայաստանյան ԱԲ գործարանը, արտադրողականությունն է, մասնավորապես, կրիչների տեսակը, որոնց վրա այն կգործի։ Նախագծի հիմքում ընկած կլինեն «ՆՎԻԴԻԱ»-ի նորագույն «Բլեքվել» (Blackwell) գրաֆիկական պրոցեսորները , որոնք թողարկվել են 2024-ին և այս պահին համարվում են ԱԲ-ի համար օգտագործվող ամենահզոր պրոցեսորները։ Այս նորագույն կրիչները հնարավոր են դարձնում լեզվական մեծ տարբերակների ավելի արագ ուսուցում, էներգիայի ավելի ցածր սպառում և ավելի մեծ արդյունավետություն լայնածավալ օգտագործման դեպքում։ Ըստ «ՆՎԻԴԻԱ»-ի՝ «Բլեքվել» -ը նոր արդյունաբերական հեղափոխության շարժիչն է, և Հայաստանը շուտով կդառնա աշխարհում նման կարողություն ունեցող քիչ կենտրոններից մեկը։

Անվտանգ, լայնածավալ և ինքնիշխան ԱԲ ենթակառուցվածքեր ստեղծելու գործում «ՆՎԻԴԻԱ»-ն համագործակցում է ոչ միայն կառավարությունների և արդյունաբերական առաջատար ձեռնարկությունների, այլև հեռահաղորդակցության մատակարարների հետ։ Ընկերությունը հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններին դիտարկում է որպես նշանակալի ենթակառուցվածքների արդյունավետ մատակարարներ։ Հայաստանյան ԱԲ գործարանի նախագծին է միացել «Թիմ ընկերությունների խումբը», որը «Տելեկոմ Արմենիա»-ի և իռլանդական «Իմեջին Բրոդբենդ»-ի (Imagine Broadband) մայր ընկերությունն է։ «Թիմ»-ը ոչ միայն տրամադրում է նախագծի ֆինանսավորման մի մասը, այլև գործարանի ֆիզիկական կառուցման և շահագործման հիմնական «պատասխանատուն» է։ Օպտիկական մանրաթելային զարգացող ենթակառուցվածքով, տարածաշրջանային ներկայությամբ և Հայաստանում թվային արդիականացման ոլորտում իր փորձառությամբ «Թիմ»-ը լավ դիրքում է նման բարձր արտադրողականությամբ ԱԲ կենտրոնի ծավալն ու բարդությունը սպասարկելու համար։

Այս հավակնոտ նախագծի իրականացման վերջին կարևոր մասնակիցը Հայաստանի կառավարությունն է։ Նման ծավալի ԱԲ գործարանը չէր կարող գործարկվել առանց կայուն և հզոր էլեկտրամատակարարման, և այստեղ պետության դերն առանցքային է։ Նախագծի մասին հայտարարությունից անմիջապես հետո կառավարության նիստում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը վերահաստատեց կառավարության պատրաստակամությունը ապահովելու անհրաժեշտ էներգապաշարներն ու նպաստելու տվյալների կենտրոնի կարողությունների ներառմանը  տնտեսության մեջ։ Նախագծի նախաձեռնող թիմն արդեն հրապարակայնորեն գովեստով է խոսել կառավարության արագ և կառուցողական արձագանքի մասին՝ ընդգծելով պետության բաց և աջակցող մոտեցումը, ինչը կարող է այս նախաձեռնությունը դարձնել երկրի տեխնոլոգիական վերափոխման խթաններից մեկը։

Ի՞նչ կարող է ԱԲ գործարանը տալ Հայաստանին

Եթե գեներատիվ ԱԲ-ը համարվում է նոր արդյունաբերական հեղափոխության շարժիչ ուժը (ինչպես էլեկտրաէներգիան՝ երկրորդ, իսկ համացանցը երրորդ արդյունաբերական հեղափոխության դեպքում), ապա գրաֆիկական պրոցեսորներով աշխատող տվյալների կենտրոնները դրա «Էլեկտրակայաններն» են։ Հայաստանում նմանատիպ կենտրոնի կառուցումն աննախադեպ հնարավորություն է։ Բայց ի՞նչ հնարավորությունների մասին է խոսքը։ Ավելին, կարո՞ղ են, արդյոք, դրանք իրական փոփոխություններ բերել, թե՞ կմնան միայն թղթի վրա։ Ստորև ներկայացված են հինգ հնարավոր ազդեցություններ, որոնցով նախագիծը կարող է ձևափոխել Հայաստանի ապագան։

1․ Հեղինակություն․ Հայաստանը կհայտնվի ԱԲ համաշխարհային քարտեզի վրա

Նախագծի առաջնային և անմիջական ազդեցությունը երկրի բարձրացող հեղինակությունն է։ Նման ծավալի ԱԲ կենտրոնի գործարկումը Հայաստանին դիրքավորում է համաշխարհային ԱԲ քարտեզի վրա։ Սա ազդակ է այն մասին, որ Հայաստանը թվային ապագայի կառուցմանը մասնակցում է ոչ թե դիտորդի դերում, այլ ներդրում է կատարում դրա կառուցման մեջ։ Այս ամենն ավելի նշանակալի է դարձնում այն փաստը, որ նախագծին մասնակցում է «ՆՎԻԴԻԱ»-ն՝ ԱՄՆ տեխնոլոգիական հսկան և ԱԲ ենթակառուցվածքներ մատակարարողների շարքում անվիճելի առաջատարը։ Ներկայիս խիստ տեխնոլոգիական դաշինքների և զգայուն մատակարարման շղթաների ժամանակներում նման համագործակցությունը նաև աշխարհաքաղաքական նշանակություն ունի՝ ցույց տալով, որ Հայաստանը պատրաստակամ է զարգացնելու համաշխարհային մակարդակի ԱԲ ենթակառուցվածքներ և համագործակցություններ։

2․ Տեղական ԱԲ էկոհամակարգի զարգացում

Եթե երկրի հեղինակության բարձրացումը գործարանի գործարկմամբ գրեթե երաշխավորված կլինի, ապա հաջորդիվ քննարկվող ազդեցությունները կախված են նրանից, թե որքան եռանդով Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը կօգտվի ընձեռվող հնարավորությունից։ Նախագծի ամենից քննարկվող սպասումները վերաբերում են ԱԲ գործարանի միջոցով հայկական ԱԲ ոլորտի խթանմանը։ Բայց կա մի կարևոր գործոն. գործարանի հաշվարկային հզորությունները հասանելի են լինելու ամպային ծառայությունների միջոցով, ինչը նշանակում է, որ դրանք կարող են հեշտությամբ մատակարարվել աշխարհի ցանկացած կետում գտնվող «հաճախորդների»։ Այսինքն, առանց գործուն նախաձեռնողականության, հայկական ԱԲ համայնքը կարող է պարզապես դիտորդի դերում մնալ։

Բարեբախտաբար, կան հուսադրող ազդակներ։ Նախագծի նախաձեռնողները հրապարակայնորեն հայտնել են տեղական էկոհամակարգի զարգացմանն աջակցելու իրենց պատրաստակամության մասին։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն էլ հայտարարել է, որ գործարանի հզորությունների մի մասն առանձնացվելու է հայաստանյան ԱԲ ստարտափների, հետազոտողների ու մասնագետների համար։ Սա, հավանաբար, ենթադրում է հատուկ գնային առաջարկներ, կառավարության դրամական օժանդակում կամ այլ գործիքակազմեր, որոնք կապահովեն ծառայությունների հասանելիությունը։

Սակայն, միայն հասանելիությունը բավարար չէ։ Որպեսզի այս ենթակառուցվածքը նպաստի իրական և շոշափելի աճին, պետք է լինի նաև դրա նկատմամբ տեղական պահանջարկ։ Դա նշանակում է, որ պետք է ձևավորվի ԱԲ հետազոտողների, ստարտափների և համակարգերի վճռական  զանգված, որը պատրաստ և ունակ կլինի օգտագործելու այս կարողությունը։ Նման պահանջարկ ձևավորելու համար անհրաժեշտ է զարգացնել տեղական մասնագետների կարողությունները, գիտահետազոտական և ձեռնարկատիրական հմտությունները, ինչպես նաև ստեղծել ուղիներ, որոնք տեղացի նորարարներին կկապեն այս նոր հնարավորության հետ։ Ենթակառուցվածքի առկայությունը, իհարկե, կարևոր է, սակայն դրա ազդեցությունը կախված է նրանից, թե որքան արդյունավետորեն այն կզուգակցվի և կաջակցի երկրի նորարարության ռազմավարությանը։

3․ ԱԲ գործարանը որպես էներգետիկայի ոլորտի թաքնված խթան

Էլեկտաէներգիայի սպառումը դարձել է ԱԲ-ի ապագային առնչվող հիմնական հարցերից մեկը, քանզի ինչքան ավելի հզոր են դառնում ԱԲ տեսակները, այնքան ավելի մեծ էներգիա են սպառում։ Պատճառը պարզ է. ԱԲ կրիչները, ինչպիսին է «ՆՎԻԴԻԱ»-ի «Բլեքվել»-ը, նախագծված են վայրկյանում միլիարդավոր հաշվարկներ կատարելու համար, ինչը, բնականաբար, պահանջում է հսկայական ծավալով էներգիա։ Թեև «ՆՎԻԴԻԱ»-ի նման ընկերությունները ջանքեր են գործադրում կրիչների էներգետիկ արդյունավետության բարձրացման ուղղությամբ, ԱԲ համաշխարհային պահանջարկն այնքան արագ է աճում, որ էներգիայի սպառումը, բացարձակ արժեքով, միայն ավելանում է։

Հայաստանյան ԱԲ գործարանը՝ իր նախատեսված մինչև 100 ՄՎտ հզորությամբ, կսպառի մոտավորապես այնքան էլեկտրականություն, որքան միջինում օգտագործում են 50-100 հազար տնային տնտեսությունները։ Ըստ կառավարության ներկայացուցիչների՝ Հայաստանում առկա ներկա ենթակառուցվածքը կարող է դիմակայել այս ծանրաբեռնվածությանը, բայց դա չի նշանակում, որ մարտահրավերների վտանգը զրոյական է։ Եթե օգտագործվող էլեկտրաէներգիան գեներացվելու է աղտոտող ջերմային էլեկտրակայաններից կամ փոխադրվելու է էլեկտրահաղորդման ոչ արդյունավետ ցանցի միջոցով՝ ցանցային բարձր կորուստներով, տեխնոլոգիական հաղթանակը կարող է փոխարինվել բնապահպանական հետընթացով։

Բայց այս մարտահրավերը միայն Հայաստանինը չէ։ Յուրաքանչյուր երկիր, որը կառուցում է բարձր արդյունավետությամբ ԱԲ ենթակառուցվածք, բախվում է նույն խնդրին։ Իսկ դա ստեղծում է հնարավորություն։ Այն երկրները, որոնք կկարողանան ԱԲ-ի զարգացումը արդյունավետորեն համատեղել մաքուր էներգիայի անցման հետ՝ կդառնան համաշխարհային ԱԲ առաջատարներ։ Հայաստանը նույնպես ունի այս ճանապարհով գնալու հնարավորություն։

ԱԲ գործարանը կարող է դրական կողմնակի ազդեցություն ստեղծել էներգետիկ ոլորտի համար։ Թիրախային քաղաքականությունների դեպքում այն կարող է խթանել ներդրումները արևային էներգիայի, փոքր մոդուլային միջուկային ռեակտորների, ցանցի լավարկման և էլեկտրաէներգիայի պահեստավորման լուծումների մեջ։ Եվ խոսքը տեխնիկական պարզ բարելավումների մասին չէ, այլ նոր ոլորտների, աշխատատեղերի ստեղծման և ներդրողների ներգրավման։ Ներկայումս, նույնիսկ խոշոր տեխնոլոգիական ընկերություններն են պատրաստ ֆինանսավորել էներգետիկ նորարարությունները, որոնք կաջակցեն իրենց ԱԲ նախագծերին։ Եթե Հայաստանը ԱԲ-ի զարգացումն արդյունավետորեն համակցի իր էներգետիկ ռազմավարության հետ, նշված էներգետիկ մարտահրավերները կարող են վերածվել իրական ռազմավարական հնարավորությունների։

4․ Ինքնիշխան ԱԲ-ի համար հիմքերի ստեղծում

Ողջ աշխարհում երկրները ձգտում են ստեղծել իրենց սեփական ԱԲ ենթակառուցվածքները՝ պայմանավորված ինքնիշխան ԱԲ-ի աճող պահանջարկով։ Ինքնիշխան ԱԲ-ի կարևորությունը պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր պետություն հնարավորություն ունենա վերահսկելու տվյալները, հաշվարկային հզորությունն ու որակյալ մասնագետների օգտագործումը։ Այս միտումը պայմանավորված է տարբեր մտահոգություններով՝ տվյալների գաղտնիությունից ու ազգային անվտանգությունից մինչև երկարաժամկետ տնտեսական անկախություն։ Այս առումով տարբեր երկրներ կիրառում են տարբեր մոտեցումներ․ որոշ երկրներ ներդրում են կատարում պետական սեփականություն հանդիսացող ինքնիշխան ԱԲ ամպային համակարգերի մեջ, մինչդեռ մյուսները համագործակցում են տեղական ամպային ընկերությունների հետ՝ ստեղծելով համատեղ կիրառման ԱԲ հարթակներ և՛ հանրային, և՛ մասնավոր օգտագործման համար։

Հայաստանի դեպքում, թեև ԱԲ գործարանը մասնավոր սեփականություն է և պատկանում է ԱՄՆ-ում գրանցված ընկերությանը, այն գործելու է Հայաստանում՝ կառավարության հետ համագործակցությամբ։ Սա «հիբրիդային» մոտեցում է, որը, այդուհանդերձ, հնարավորություն է տալիս ապագայում ավելի մեծ վերահսկողություն ունենալ ԱԲ կիրառությունների նկատմամբ։ Վերջինս հատկապես կարևոր կդառնա, երբ ԱԲ-ն ավելի կներառվի զգայուն և կարգավորվող ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, ֆինանսները և ազգային անվտանգությունը, որտեղ վստահությունը, թափանցիկությունը և վերահսկողությունն առաջնային են։

5․ Մասնագիտական ներուժ, որը կձևավորի ապագան

Թերևս ԱԲ գործարանի ամենանշանակալի և երկարատև ազդեցությունը կլինի դրա դերը տեղական տաղանդի զարգացման մեջ։ Եվ այդ ազդեցությունը չի սահմանափակվում տեղական ինժեներական տաղանդի ներգրավմամբ. խոսքը նոր սերնդի մասնագետների ձևավորման մասին է, ովքեր կարող են կառուցել, գործարկել և զարգացնել համաշխարհային մակարդակի ԱԲ ենթակառուցվածք։ Մի կողմից դա կօգնի Հայաստանում ձևավորել տվյալների կենտրոնների նախագծման ու կառավարման կարողություններ, ինչն աճող պահանջարկ ունի աշխարհում։ Նման հմտությունների զարգացումը վաղ փուլում կարող է Հայաստանին դարձնել ոլորտի տեխնիկական գիտելիքի արժեքավոր արտահանող։

Սակայն, նախագծից ակնկալվող ազդեցությունները շատ ավելի լայն են։ Բարձր արտադրողականությամբ ենթակառուցվածքի ստեղծումը կարող է խթանել մասնագիտական աճը հարակից ոլորտներում, ինչպիսիք են ԱԲ ճարտարագիտությունը, տվյալագիտությունը, կիբերանվտանգությունը, ռոբոտատեխնիկան և այլն։ Այս ուղղությամբ ևս առկա են հուսադրող ազդակներ։ «Թիմ Տելեկոմ Արմենիա»-ի (Team Telecom Armenia) համահիմնադիր և նախագծի նախաձեռնողներից Ալեքսանդր Եսայանն արդեն սկսել է համագործակցության հնարավորությունների շուրջ բանակցություններ տեղական համալսարանների հետ։ «Ֆայրբրդ»-ի տնօրեն Ռազմիգ Հովագիմեանը ևս խոսել է առաջադեմ հետազոտության և ռոբոտատեխնիկայի մեջ ներդրումների մասին՝ համագործակցելով համաշխարհային լավագույն ուսումնական հաստատությունների հետ՝ նպատակ ունենալով Հայաստանում կրթել նորարարների հաջորդ սերնդին։

Ինչպես «ԼինքդԻն»-ում գրել է «ԵրևաՆՆ» հետազոտական լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանը․ «Հիմա իմ գործը YerevaNN/ԵՊՀ-ում այն է, որ ձևավորեմ այն կադրերը, ովքեր կարող են այս հզորությունը ճիշտ օգտագործել»։ Նա ճիշտ է․ մասնագետներն են այն շարժիչ ուժը, որը որոշելու է, թե որքան արժեք Հայաստանը կստանա իր ԱԲ ենթակառուցվածքից՝ կլինի դա նոր տեսակների ստեղծման, թե արդեն եղածների հիման վրա խելացի լուծումների մշակման միջոցով։ Զարգացնելով այս հմտություններն այսօր՝ մենք կկարողանանք արդեն 2026-ին, երբ գործարանը կգործարկվի, ոչ միայն օգտագործել այն, այլև առաջնորդել տեխնոլոգիայի զարգացումը։

ԱԲ գործարանները թվային դարաշրջանի էլեկտրակայաններն են, որոնք օգտագործում են տեղական էլեկտրաէներգիան, վերածում այն բանականության և ստացված արժեքն արտահանում ողջ աշխարհին։ Այս ամենը, իհարկե, տպավորիչ է, սակայն պետք է հիշել, որ տնտեսական ու սոցիալական օգուտներն ինքնաբերաբար չեն առաջանում։ Ի տարբերություն ավանդական էներգատար տնտեսական ճյուղերի՝ ԱԲ գործարանն անմիջապես հազարավոր աշխատատեղեր կամ արագ եկամուտներ չի բերի տեղական տնտեսությանը։ Նրա արժեքը կախված է, թե ինչպես ենք այն օգտագործում։

Այս նախագծից առավելագույն օգուտ ստանալու համար Հայաստանը պետք է չբավարարվի միայն ազդեցիկ վերնագրերով։ Առաջիկա ամիսներն ու տարիները մեր «տնային աշխատանքը» պատշաճորեն կատարելու ժամանակահատվածն է․ մասնագետների աճ, պահանջարկի ձևավորում, էներգետիկ քաղաքականության հստակեցում և ԱԲ գործարանի ներառում երկրի նորարարության ռազմավարության մեջ։ Ճիշտ պատրաստվելու դեպքում այս նախագիծը կարող է իսկապես դառնալ «Սթարգեյթ»՝ բացելով տնտեսական կայունության և տեխնոլոգիական առաջնորդության նոր փուլի դռները։ Բայց դա ինքն իրեն տեղի չի ունենա։ Դա կլինի միայն այն դեպքում, երբ մենք դրան պատրաստ լինենք։

Մեր հայերեն էջից

Armenia, Azerbaijan and Constitutional Amendments

Սահմանադրական փոփոխությունները և հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Ջորջ Մենեշեան
Օգս 25, 2025

Հունաստանի և Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետության միջև տասնամյակներ տևած վեճը լուծվեց Պրեսպայի համաձայնագրով, որը պահանջում էր սահմանադրական հոդվածների և նախաբանի փոփոխություններ։ Ադրբեջանը ևս Հայաստանից պահանջում է սահմանադրական փոփոխություններ, սակայն արդյոք հնարավոր է հարցը լուծել Պրեսպայի օրինակով՝ մեկնաբանում է Ջորջ Մենեշեանը։

Read more
Advocating for Justice After the Peace Agreement

Արդարադատություն խաղաղության համաձայնագրից հետո

Գաբրիել Արմաս-Կարդոնա
Օգս 21, 2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հոդվածներից մեկի համաձայն` կողմերը պետք է դադարեցնեն միմյանց դեմ բոլոր միջազգային դատական գործերն ու նորերը չսկսեն: Սակայն արդարադատության հասնելու այլ տարբերակներ էլ կան, որոնց անդրադարձել է իրավաբան Գաբրիել Արմաս-Կարդոնան:

Read more
Iran’s Strategic Uncertainty and Armenia’s Security Challenges

Իրանի ռազմավարական անորոշությունն ու դրա ազդեցությունը Հայաստանի անվտանգության վրա

Աննա Գևորգյան
Օգս 19, 2025

Իրանի շուրջ զարգացումները կարող են ուղղակիորեն ազդել Հարավային Կովկասի, մասնավորապես, Հայաստանի անվտանգության վրա։ Թեև Իրանը շարունակում է հավասարակշիռ քաղաքականություն վարել Հայաստանի ու Ադրբեջանի հետ, սակայն իր հարաբերությունները Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ ու հնարավոր նոր ռազմական բախումներն անվտանգության սպառնալիքներ կարող են ստեղծել նաև Հայաստանի համար։

Read more
What Does Armenia Stand to Gain? Musings on the Washington Signing

Ի՞նչ է շահելու Հայաստանը. մտորումներ վաշինգթոնյան գործընթացի շուրջ

Դավիթ Պետրոսյան
Օգս 14, 2025

Պատերազմի վտանգի առնվազն երեք տարով հետաձգումը և ԱՄՆ-ի պաշտոնական ներկայությունը Հայաստանի հարավում՝ հստակ տնտեսական ու բիզնես շահերով, որն ինքին լրացուցիչ անվտանգային երաշխիք է, ունեն ներուժ էապես բարելավելու Հայաստանի դիրքերը, գրում է Դավիթ Պետրոսյանը՝ անդրադառնալով Վաշինգթոնում ձեռքբերված համաձայնություններին։

Read more
Fairy Tales, Textbooks and Territorial Claims: Weaving the Myth of “Western Azerbaijan”

Հեքիաթներ, դասագրքեր և տարածքային պահանջներ. ինչպե՞ս է հյուսվում «Արևմտյան Ադրբեջանի» առասպելը

Տաթևիկ Հայրապետյան
Հնս 13, 2025

Ադրբեջանը դասագրքերի, մանկական գրականության և ակադեմիական ծրագրերի միջոցով հաստատել է այն գաղափարը, թե Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է։ 2020 թվականի պատերազմից հետո նոր թափ առած այս խոսույթը արտահայտում է ծավալապաշտական ձգտումներ, որոնք տարածվում են Ղարաբաղյան հակամարտությունից անդին։

Read more

Գեմաֆին Գասպարյան. սևագրեր պարտության մասին

Վարդան Ջալոյան
Ապր 25, 2025

Գեմաֆին Գասպարյանի «Պարտության պատմություն» գիրքը ոչ միայն պատերազմի մասին է, այլ՝ հատկապես պարտության և հոգեկան խեղման, ինքնության և ենթակայության ջնջման, գրում է Վարդան Ջալոյանը՝ անդրադառնալով գրքին, պատերազմի խոսույթներին ու պոեզիայում դրանց վերարտադրմանը։

Read more

Բայց և սակայն, այնուամենայնիվ…

Փոդքաստ

Ռուսական արվեստի թաքնված թանգարանը Երևանի սրտում

EVN Report
Մրտ 13, 2025

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Հայաստանում շատ չեն համաշխարհային նշանակության հավաքածուներով թանգարանները։ Դրանցից մեկն է պրոֆեսոր Աբրահամյանի ռուսական արվեստի հավաքածուն, որն այդքան էլ հայտնի չէ հանրությանը՝ չնայած իր կենտրոնական դիրքին։ Այս թողարկմանը Վիգեն Գալստյանը թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի հետ քննարկում է թանգարանի ընդլայնված գործունեությունը, ինչպես նաև ռուսական արվեստը մերօրյա փոփոխված քաղաքական համայնապատկերում ներկայացնելու խնդիրները։

Read more

Անտեսված Մոհիկանը՝ Մարկոս Գրիգորյանի 100-ամյակի շուրջ

EVN Report
Փտր 13, 2025

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Համաշխարհային արվեստի պատմության մեջ հայազգի արվեստագետների անունները հաճախ չեն շրջանառվում։ Մինչդեռ, միջազգայնորեն հռչակված Մարկոս Գրիգորյանի ժառանգությունը մինչ օրս համապատասխան ճանաչման չի արժանացել հենց Հայաստանում։ Այս էպիզոդում Վիգեն Գալստյանի հյուրն է արվեստաբան Ռուբեն Արևշատյանը։ Նրանք քննարկում են Գրիգորյանի արվեստի հանրահռչակման խնդիրները և նրա երևանյան թանգարանը նոր տարածքում վերաբացելու խնդրահարույց նախագիծը։

Read more

Մեր հայերեն հոդվածները լսեք ՁայնաԳիր

ՁայնաԳիր audio article
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Մշակույթ
      • Ընտրություններ
      • Ստեղծարար Tech

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ