
Ուսումնասիրությունը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։
EVN Report-ի ընտրողների վարքագիծը վերծանող ուսումնասիրության երկրորդ փուլի արդյունքները, ցույց են տալիս անվտանգության և երկրի ուղղության վերաբերյալ քաղաքացիների դրական տրամադրությունների կայուն միտում։ Հարցախույզը պատրաստել է «Հայաստանի ընտրական համակարգի ուսումնասիրության կենտրոնը» (ArmES)։ Առաջին փուլի համեմատ՝ հարցման արդյունքները վկայում են իշխող կուսակցության բարենպաստ տեղաշարժի մասին, մինչդեռ ընդդիմադիր կուսակցությունները ձայների բաշխման հարցում մնում են մասնատված։
Փետրվարի 26-ին հրապարակված առաջին հարցման նման՝ երկրորդ փուլը նույնպես ներկայացնում է մանրամասն տվյալներ «չկողմնորոշված» ընտրողների վերաբերյալ․ այս ընտրազանգվածը, թերևս, ամենակարևորն է, քանի որ հենց այն է որոշելու հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքը։ Ընդհանուր արդյունքները ցույց են տալիս, որ վարչապետ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրական դաշտում գերիշխող դիրք ունի ընդդիմության նկատմամբ, սակայն միակուսակցական կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնություն չի ապահովում: Այնուամենայնիվ, թեև «Քաղաքացիական պայմանագիրը» առաջ է ընդդիմադիր բոլոր կուսակցություններից, բայց կստանար ձայների հարաբերական մեծամասնությունը, եթե ընտրություններն անցկացվեին վաղը: Ընդդիմադիր դաշտը գլխավորում է Նարեկ Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը (մասնակցելու է դաշինքով), որի ցուցանիշները երկրորդ փուլում մնացել են գրեթե նույնը, մինչդեռ գործող խորհրդարանի հիմնական ընդդիմադիր ուժը՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը չի հաղթահարում խորհրդարան անցնելու շեմը: Ընտրական դաշտում անբարենպաստ դիրքում են նաև արևմտամետ ընդդիմադիր ուժերը, որոնցից ոչ մեկը մոտ չէ անցողիկ շեմին, և չունի խորհրդարան անցնելու և «Քաղաքացիական պայմանագրի» հետ հնարավոր դաշինք կազմելու ներուժ:
Հարցման արդյունքները ցույց են տալիս վեց կարևոր զարգացում․ 1) Վարչապետ Փաշինյանի գործունեության գնահատականը ոչ միայն բարելավվել է առաջին փուլի համեմատ, այլև իրականում գտնվում է դրական տիրույթում: 2) Եթե առաջին փուլում հարցվածների ոչ մեծ մասն էր կարծում, թե երկիրը ճիշտ ուղղությամբ է ընթանում, ապա երկրորդ փուլի արդյունքները վկայում են երկրի ուղղության նկատմամբ վստահության զգալի աճի մասին։ 3) «Ուժեղ Հայաստանը» մնում է առաջատար ընդդիմադիր ուժը, իսկ «Հայաստան» դաշինքն առաջին փուլի համեմատ չնչին բարելավել է դիրքը՝ հիմնականում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայների հաշվին։ 4) Ընտրողների մեծամասնությունը համարում է, որ Հայաստանի անվտանգային միջավայրը բարելավվել է՝ նույնիսկ Իրանի պատերազմի պայմաններում։ 5) ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը հայ ընտրողը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել։ Դրական է գնահատվել նաև ԹՐԻՓՓ (Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) նախագիծը, ի շահ իշխող կուսակցության վարկանիշի աճի։ 6) Անկախ իրենց անհատական կողմնորոշումից, ինչպես առաջին փուլում, հայ ընտրողների մեծամասնությունը կարծում է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կհաղթի և կձևավորի միակուսակցական կառավարություն:
Մեթոդաբանություն և ձևաչափ
Հարցումների երկրորդ փուլի մեթոդաբանական մոտեցումը հիմնված է «Ամերիկյան ազգային ընտրությունների ուսումնասիրությունների» (ANES), մասնավորապես՝ 2020-ի «բազմափուլ հարցումների ուսումնասիրության» վրա։ Քաղաքական վարքագծի հարցախույզների «ոսկե չափանիշ» համարվող «ԱՆԵՍ»-ը նախընտրական և հետընտրական հարցում է, որն իրականացվում է խառը մոտեցմամբ (հեռախոսային + համացանցային): «ԱրմԵս»-ը շատ առումներով նպատակ ուներ նմանվել իր ամերիկյան գործընկերոջը: Ե՛վ «ԱրմԵս»-ը, և՛ «ԱՆԵՍ»-ը հիմնվում են կրկնվող (panel) և թարմ նմուշ (fresh sample) ձևաչափի վրա, և երկուսն էլ ներկայացուցչական են ազգային մակարդակով: Փոքր տարբերությունները ներառում են՝ (1) «ԱՆԵՍ»-ը կիրառում է խառը մոտեցում, մինչդեռ «ԱրմԵս»-ն օգտագործել է բացառապես հեռախոսային հարցազրույցներ, և (2) «ԱՆԵՍ»-ը նախընտրական և հետընտրական բնույթի է, մինչդեռ «ԱրմԵս»-ը միայն նախընտրական է:
Նախընտրական հարցման երկրորդ փուլը մեկնարկել է 2026-ի փետրվարի 23-ին։ Հեռախոսային հարցումն իրականացվել է հեռախոսահամարների պատահական ընտրությամբ, իսկ հարցվողների ընտրությունը կատարվել է համաձայն գրանցված ընտրողների թվաքանակի և մարզային բաշխվածության։ Յուրաքանչյուր հարց տեսականորեն միտված է քաղաքացու ընտրական նախապատվությունները սոցիոլոգիական և սոցիալ-հոգեբանական դիտանկյունից հասկանալուն։ Հարցումը բաղկացած է հետևյալ բաժիններից.
(1) Երկրի ուղղությունը և խնդիրները
(2) Կուսակցական պատկանելություն
(3) Ընտրությունների և թեկնածուների գնահատում
(4) Սոցիալ-ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական ցուցանիշներ
(5) Քաղաքացիական կանխատեսում
Հարցվողներին ուղղվել է 23 հարց, որոնցից 14-ը վերաբերել են առաջիկա ընտրություններին։ Հարցումը ներառել է նաև հարցեր՝ ուղղված հարցվողների սոցիալ-տնտեսական և սոցիալ-ժողովրդագրական հատկություններին։ Հարցումն ավարտվել է 2026-ի մարտի 31-ին, հարցմանը մասնակցել է 911 մարդ։ 95 տոկոս վստահության ցուցանիշով սխալի սահմանը կազմում է 3,25 տոկոս։
Արդյունքները
EVN Report-ի հարցման առաջին փուլում հարցվածների 37,9 տոկոսը նշել էր, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ, մինչդեռ 34,9 տոկոսը կարծում էր, որ այն շարժվում է ճիշտ ուղղությամբ, իսկ ընտրողների 26,5 տոկոսը եղել է չկողմնորոշված: Երկրորդ փուլը ցույց է տալիս իշխող կուսակցության դիրքերի զգալի բարելավում, քանի որ 41,2 տոկոսը նշել է, որ երկիրն ընթանում է ճիշտ ուղղությամբ (6 տոկոս աճ), իսկ 33,3 տոկոսը՝ սխալ ուղղությամբ: Այս փոփոխությունը կարող են բացատրել երեք գործոններ. 1) փոխնախագահ Վենսի այցից հետո կառավարության ստացած քաղաքական օգուտները, 2) կառավարության վարած քաղաքականությունը Իրանի պատերազմի կապակցությամբ, 3) կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ կառավարության հայտարարությունը։ Միջազգային հեղինակության աճի, անվտանգության զգացողության ուժեղացման և սոցիալական ծախսերի ընդլայնման պայմաններում, ըստ երևույթին, ձևավորվել է հանրային դրական արձագանք երկրի զարգացման ընթացքի նկատմամբ։ Ընտրողների վարքագծի վերաբերյալ լայնածավալ հետազոտություններում երկրի ուղղության փոփոխականը հանդիսանում է իշխող կառավարության նկատմամբ հանրային ընդհանուր ընկալումների շատ ուժեղ ցուցիչ, ինչը վկայում է, որ գործող կառավարության նկատմամբ հանրային վերաբերմունքը զգալիորեն բարելավվել է մեկ ամիս առաջվա համեմատ։

Նմանապես, արդյունքները ցույց են տվել վարչապետի գործունեության գնահատման դրական աճ. հարցվածների մեծամասնությունը՝ 47,2 տոկոսը դրական է գնահատում վարչապետի գործունեությունը, մինչդեռ 35,8 տոկոսը՝ բացասական, իսկ 16,5 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Առաջին հարցման համեմատ, երբ դրական ցուցանիշը 36 տոկոս էր, իսկ բացասականը՝ 45 տոկոս, վարչապետի գործունեությանը հանրային աջակցության 11 տոկոս աճ է նկատվում։

Չկողմնորոշված ընտրողների շրջանում, ինչպես ներկայացված է ստորև, վարչապետի գործունեությունը դրական է գնահատում 35,5 տոկոսը, բացասական՝ 31,2 տոկոսը․ չկողմնորոշված ընտրողների շրջանում սա փոքր, բայց նկատելի բարելավում է առաջին հարցման համեմատ, երբ դրական ցուցանիշը 35,4 տոկոս էր, իսկ բացասականը՝ 33,5 տոկոս։ Այսպիսով, նկատվում է միտում, որ չկողմնորոշված ընտրողները հակված են դրական գնահատական տալ վարչապետի գործունեությանը, ինչի մասին վկայում է բացասական ցուցանիշի 4 տոկոսով նվազումը։

Հարցումը ներառել է ազգային տնտեսությանն ուղղված երկու հարց, մեկը՝ հետահայաց, մյուսը՝ հեռանկարային: Հետահայաց հարցը պարզել է, թե ինչպես են մասնակիցները որակում տնտեսության ներկա վիճակը նախորդ տարվա համեմատ, մինչդեռ հեռանկարային հարցը վերաբերել է ներկա պահից մեկ տարի անց նրանց ունեցած ակնկալիքներին: Հետահայաց հարցին մասնակիցների 39,5 տոկոսը ասել է, որ տնտեսությունն այժմ ավելի լավ վիճակում է, քան մեկ տարի առաջ, 23,6 տոկոսի կարծիքով տնտեսությունը մնացել է նույնը, մինչդեռ 27,8 տոկոսն ասել է, որ այն շատ ավելի վատ վիճակում է։ Առաջին փուլի արդյունքների համեմատ՝ տնտեսության վերաբերյալ դրական գնահատականը աճել է 7,5 տոկոսով, իսկ բացասականը նվազել է 10 տոկոսով:

Հարցվողների 38 տոկոսը չի իմացել, թե ինչպիսին կլինի Հայաստանի տնտեսությունը մեկ տարի անց, մինչդեռ 40,4 տոկոսը նշել է, որ տնտեսությունը կբարելավվի, և միայն 17,6 տոկոսն է ասել, որ այն կվատթարանա: Համեմատական կարգով, թեև անորոշ պատասխանների թիվն առաջին հարցման համեմատ աճել է 10 տոկոսով, դրական հեռանկարն աճել է 6 տոկոսով, իսկ բացասականը նվազել է 5,5 տոկոսով: Ընդհանուր առմամբ, առաջին և երկրորդ հարցման արդյունքներով տնտեսության թե՛ ներկա, թե՛ ապագա վիճակի վերաբերյալ նկատելի է դրական միտում, ընդ որում՝ երկրորդ հարցումը ցույց է տալիս տնտեսության վերաբերյալ հանրային ընկալումների զգալիորեն ավելի ուժեղ արդյունքներ։

Հաշվի առնելով չկողմնորոշված ընտրողների բարձր ցուցանիշը ինչպես 2021-ի նախընտրական հարցման ընթացքում, այնպես էլ այս շարքի առաջին փուլում, այս փուլում ևս չկողմնորոշված ընտրազանգվածի «սև արկղի» հետևանքից խուսափելու համար կիրառել ենք կողմնորոշիչ տեսակետային հարցերի շարք՝ որպես ընտրողների քվեարկությունը որակավորելու և կանխատեսելու գործիք։ Տեսակետային հարցերը հաճախ կիրառվում են զարգացող երկրներում՝ ընտրական վարքագիծը վերլուծելու նպատակով, մասնավորապես «Աֆրոբարոմետր» հետազոտական նախաձեռնության շրջանակում։ Այս փուլում քաղաքացիներին ուղղել ենք հարցեր՝ գնահատելու նրանց դիրքորոշումը արդարադատության և պատասխանատվության, Հայաստանի անվտանգային իրավիճակի, ինչպես նաև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ և ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի մասին: Հարցվողներին ներկայացվել են քաղաքական երկու տարբեր տեսակետներ, որոնցից մեկը համապատասխանում է գործող կառավարության, իսկ մյուսը՝ ընդդիմության տեսակետին:
Առաջին հարցով մասնակիցներին առաջարկվել է հստակեցնել իրենց դիրքորոշումը՝ արդյո՞ք ներկայիս կառավարությունը բավարար աշխատանք է կատարել կամ բավարար աշխատանք չի կատարել նախկին պաշտոնյաներին ապօրինի գործունեության համար պատասխանատվության ենթարկելու հարցում:

Հարցվողների 55 տոկոսը նշել է, որ Փաշինյանի կառավարությունը բավարար աշխատանք չի կատարել նախկին կառավարությունների պաշտոնյաներին իշխանության չարաշահման, կոռուպցիայի և այլ ապօրինի գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու հարցում։ Միայն 19 տոկոսը, որը համարժեք է ռուսամետ ընդդիմության ընտրական դաշտին, նշել է, որ բավարար քայլեր են ձեռնարկվել նախորդ կառավարությունների պաշտոնյաների դեմ։ Այս հարցի պատասխանը մատնանշում է հանրային լայն աջակցություն կառավարության կողմից ավելի համապարփակ քրեական հետապնդման գործողություններին՝ նախորդ վարչակարգի քաղաքական վերնախավին ենթադրյալ անօրինական գործունեության համար պատասխանատվության ենթարկելու համար:

Պատասխանատվության ենթարկելու պահանջը բարձր է նաև չկողմնորոշված ընտրողների շրջանում․ 54,4 տոկոսը կարծում է, որ ներկայիս կառավարությունը բավարար աշխատանք չի կատարել նախկին կառավարությունների պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ Միևնույն ժամանակ, 25,5 տոկոսն այն համոզմունքին է, որ կառավարության մոտեցումը եղել է բավարար, և, հետևաբար, նախկին վարչակարգի պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումները պետք է դադարեցվեն։ Առաջին փուլի հարցման համեմատ՝ չկողմնորոշված ընտրողների շրջանում նախկին պաշտոնյաների նկատմամբ առավել մեծ հաշվետվողականության կողմնակիցների թիվն աճել է 3 տոկոսով, իսկ քրեական գործողությունները դադարեցնելու կողմնակիցների թիվը նվազել է 2 տոկոսով։
Երկրորդ հարցով քաղաքացիներին առաջարկվել է ընտրել երկու տեսակետից մեկը՝ արդյո՞ք մեկ տարի առաջվա համեմատ Հայաստանի անվտանգային վիճակը բարելավվել է, թե՞ ոչ: Այս հարցը հատկապես կարևոր է հաշվի առնելով տարածաշրջանային ներկայիս զարգացումները և Հայաստանի հարավում ընթացող Իրանի պատերազմը: Հարցվողների մեծամասնությունը դրական է պատասխանել՝ նկատելով, որ երկրի անվտանգության միջավայրը բարելավվել է նախորդ տարվա համեմատ։ Հասարակության 52,4 տոկոսը համաձայն է, որ երկրի անվտանգային իրավիճակը բարելավվել է, մինչդեռ 40 տոկոսն այդպես չի կարծում։ Առաջին հարցման համեմատ դրական արձագանքն աճել է մոտ 2 տոկոսով, իսկ բացասականը նվազել է 1 տոկոսով։ Վերլուծական տեսանկյունից՝ նույնիսկ հաշվի առնելով ԱՄՆ-Իսրայել և Իրան շարունակվող հակամարտությունը և այն փաստը, որ պատերազմն ընթանում է Հայաստանի հարավային սահմանին, հայ հանրության մեծամասնությունը դեռևս կարծում է, որ Հայաստանը 12 ամիս առաջվա համեմատ ավելի ապահով ու անվտանգ երկիր է։

Չկողմնորոշված ընտրողների շրջանում անվտանգության վերաբերյալ հարցի արդյունքները նույնպես ցույց են տալիս, որ մեծամասնությունը դրական միտում է տեսնում երկրի անվտանգային միջավայրի բարելավման հարցում։ Այսպես կոչված չկողմնորոշված ընտրողների 45,6 տոկոսը համարում է, որ անվտանգային միջավայրը բարելավվել է, մինչդեռ 41,2 տոկոսը կարծում է, որ այն չի բարելավվել։ Թեև չկողմնորոշված ընտրողների շրջանում առկա միտումը վկայում է անվտանգային միջավայրի ուղղությամբ կառավարության գործունեության հավանության մասին, այդուհանդերձ, առաջին հարցման համեմատ, չկողմնորոշված ընտրողները կարծես փոքր-ինչ ավելի մտահոգված են. դրական արձագանքը նվազել է 5 տոկոսով (առաջին հարցման 50,7 տոկոսից), իսկ բացասական արձագանքն աճել է 4 տոկոսով։

Երրորդ հարցով մասնակիցներին առաջարկվել է հայտնել իրենց կարծիքը ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ՝ ներկայացնելով երկու տեսակետ․ ԹՐԻՓՓ-ը շահեկան է Հայաստանի համար, քանի որ կբերի տնտեսական աճ և կայունություն կամ ԹՐԻՓՓ-ը շահեկան չէ Հայաստանի համար, քանի որ չի բերի տնտեսական աճ կամ կայունություն։

Հարցվածների 42,3 տոկոսը ԹՐԻՓՓ-ը համարում է Հայաստանի համար շահավետ, մինչդեռ 36,7 տոկոսը չի հավատում, որ ԹՐԻՓՓ-ը կբերի կայունություն և տնտեսական աճ։ Ընդհանուր դրական պատասխանների հարաբերական մեծամասնությունը համահունչ է հարցման առաջին փուլի արդյունքներին, բացասական պատասխանները 1,8 տոկոս չնչին աճ ունեն։ Ինչ վերաբերում է չկողմնորոշված ընտրողներին, ինչպես ներկայացված է ստորև, այս թվերի բաշխվածությունը հիմնականում մնում է հաստատուն. չկողմնորոշվածների 38,2 տոկոսը ԹՐԻՓՓ-ը համարում է Հայաստանի համար շահավետ, իսկ 31,4 տոկոսը՝ ոչ։ Ընդհանուր առմամբ, ԹՐԻՓՓ-ը մնում է համեմատաբար ընդունելի, սակայն արդյունքները ցույց են տալիս, որ չկողմնորոշված ընտրողների գրեթե մեկ երրորդը դեռևս դիրքորոշում չի ձևավորել այս հարցի շուրջ։

Չորրորդ հարցով մասնակիցները գնահատել են ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Հայաստան՝ ներկայացնելով երեք ձևակերպում. փոխնախագահ Վենսի այցը դրական էր Հայաստանի համար, Վենսի այցը բացասական էր Հայաստանի համար, և Վենսի այցը չեզոք էր Հայաստանի համար։ Հարցվածների հարաբերական մեծամասնությունը՝ 37,4 տոկոսը, ԱՄՆ փոխնախագահի այցը համարել է դրական Հայաստանի համար, 31,7 տոկոսը գտել է, որ այն չեզոք էր, և միայն 13,6 տոկոսն է այն համարել բացասական։ Դրական և բացասական պատասխանների հարաբերակցությունը բավականին բարձր է դրականի օգտին, մինչդեռ չեզոք պատասխանները վկայում են ավելի զգուշավոր մոտեցման մասին։ Ընդհանուր առմամբ, սա ցույց է տալիս, որ հայ հասարակությունը ոչ միայն դրական է գնահատել Վենսի այցը, այլև բացասական գնահատականների ցուցանիշը մնում է էապես ցածր։


Չկողմնորոշված ընտրողների շրջանում Վենսի այցի գնահատականը որոշ չափով ավելի հակասական է, սակայն բաշխման առումով համահունչ ընդհանուր պատկերին․ 35,5 տոկոսը՝ հարաբերական մեծամասնությունը, այն համարել է դրական, 28,6 տոկոսը՝ չեզոք, և միայն 13,5 տոկոսն է գնահատել որպես բացասական։ Այսպիսով, չկողմնորոշված ընտրողների շրջանում բացասական գնահատականները շարունակում են մնալ բավական ցածր, սակայն առավել հետաքրքիր է չկողմնորոշված հարցվողների աճը․ չկողմնորոշված ընտրողների մոտ այդ ցուցանիշը 5 տոկոսով աճել է։
Ընտրողների քվեարկության մասնակցությունը և մտադրությունը հասկանալու համար հարցրել ենք՝ արդյո՞ք նրանք քվեարկելու են հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում, և եթե այո, ապա ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին: Հարցվողների մոտ 89 տոկոսը նշել է, որ մտադիր է մասնակցել առաջիկա ընտրություններին (առաջին հարցման համեմատ 7 տոկոս աճ), ինչը նշանակում է, որ ստացված արդյունքները համադրվել են 89 տոկոս մասնակցության կանխավարկածով: Սա համահունչ է բազմաթիվ ուսումնասիրությունների հետ, որոնք վերլուծում են «մասնակցության բացը», երբ հարցումների ժամանակ ինքնահայտարարված մասնակցությունը տարբերվում է իրական մասնակցությունից։ Սովորաբար, հարցվածների մտադրությունն ու իրական մասնակցությունը տատանվում է 10-30 տոկոսի սահմանում։ Մասնակցության ավելի բարձր տոկոսը թույլ է տալիս առաջատար կամ գերիշխող կուսակցության արդյունքները առավել խիստ գնահատել: Որքան ցածր է մասնակցության մակարդակը, այնքան բարձր է գերիշխող կուսակցության ընտրական ցուցանիշը։ Հետևաբար, մասնակցության ավելի բարձր մակարդակը թույլ է տալիս ավելի զգուշավոր գնահատել առաջատար կուսակցության կատարողականը: Այսպիսով, ընտրողների 70 տոկոս մասնակցության մակարդակում, գերիշխող կուսակցության ցուցանիշը կլիներ ավելի ուժեղ, իսկ 60 տոկոսի դեպքում՝ էլ ավելի ուժեղ, և այդպես շարունակ:

Քվեարկության մտադրության առումով, նախնական արդյունքները, չկողմնորոշված ընտրողների հավանական հակվածությունը չհաշված, ցույց են տալիս որ «Քաղաքացիական պայմանագիրը» կապահովի ձայների հարաբերական մեծամասնությունը 33,6 տոկոսով, ինչը նախորդ հարցման համեմատ 7,5 տոկոսով ավելի է և ցույց է տալիս իշխող կուսակցությանն սատարելու դրական միտում։ «Ուժեղ Հայաստանը» երկրորդ տեղում է՝ ձայների 11,4 տոկոսով, որը նախորդ հարցման համեմատ նվազել է չնչին 0,5 տոկոսով, սակայն ազդակ է, որ նրանց քարոզարշավը լճացել է։ Ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» դաշինքը, որին դաշինք լինելով պայմանավորված անհրաժեշտ է ձայների 8 տոկոսը, երրորդ տեղում է՝ 4,2 տոկոսով։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը զբաղեցնում է չորրորդ տեղը՝ 3,3 տոկոսով, արձանագրելով նկատելի անկում հարցման առաջին փուլի համեմատ, մինչդեռ Արամ Սարգսյանի գլխավորած և հիմնականում «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցող «Հանրապետություն» կուսակցությունը հինգերորդն է՝ 2,7 տոկոսով։ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցությունը, որն իրեն համարում է գործող իշխանությանն այլընտրանք ժողովրդավարական ուժ, վեցերորդն է՝ ձայների 2,3 տոկոսով։ Ընդհանուր առմամբ, «Քաղաքացիական պայմանագրից» և «Ուժեղ Հայաստանից» բացի, որևէ այլ ուժ չի հաղթահարում խորհրդարան անցնելու շեմը, հատկապես արևմտամետ ուժերը։ Միևնույն ժամանակ, 2021-ի ընտրություններում ձայների 21 տոկոսն ապահոված և ընդդիմադիր դաշտը կլանած «Հայաստան» դաշինքը, շարունակում է զիջել դիրքերը «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, որը նմանապես՝ գաղափարապես ռուսամետ, թավշյա հեղափոխության դեմ պայքարող ուժ է: Ընդհանուր առմամբ, այսպես կոչված «հակափաշինյանական» ուժերը հիմնականում կենտրոնացել են «Ուժեղ Հայաստանի» շուրջ, մինչդեռ «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստանը» փորձում են պահպանել իրենց առկա ընտրազանգվածը։ Այս երեք ուժերի ընդհանուր ձայների բաժինը կազմում է մոտ 20 տոկոս, ինչը համադրելի է «Հայաստան» դաշինքի 2021-ի արդյունքի հետ։ Սա հաստատում է առաջին հարցմամբ արձանագրված միտումները, քանի որ ձայների բաշխումը հստակ ցույց է տալիս, որ «հակափաշինյանական» ձայները տեղափոխվում են «Ուժեղ Հայաստանի» կողմ՝ «Հայաստան» դաշինքի հաշվին։

Ամենակարևոր արդյունքը սակայն քվեարկության մտադրության բաժնում հարցվածների 23,3 տոկոս «հրաժարվում եմ պատասխանել», և 13,7 տոկոս «չգիտեմ» պատասխանած խմբինն է։ Այս երկու խմբերը միասին կազմում են 37 տոկոս, որը հայաստանյան ընտրազանգվածի չկողմնորոշված հատվածն է։ Այս ձայների բաշխումը, ըստ էության, կորոշի ընտրությունների արդյունքը, ինչպես եղավ 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Չկողմնորոշված քաղաքացու հակումները զատորոշելով՝ հարցախույզը, ինչպես և առաջին փուլում, ներկայացնում է պատկերացումներ և արդյունքներ չկողմնորոշված ընտրողների հավանական քվեարկության մասին։ Սա հնարավոր է դարձել համակցային ինդեքսի մոդելավորման կիրառմամբ։ Այս մոտեցումը տարածված է քվեարկության վարքագծի ուսումնասիրություններում, մասնավորապես այն գիտնականների շրջանում, ովքեր ուսումնասիրում են ընտրազանգվածի քաղաքական խրթինությունը։ Մեր դեպքում, հղում տալով չորս՝ տեսակետ ակնկալող օրինակների, կիրառում ենք 0-4 համակցային սանդղակ, որը հնարավոր է դարձնում բացահայտել հարցման մասնակցի համաձայնության մակարդակը իշխող վարչակարգի վարած քաղաքականության նկատմամբ։ 4 միավորը ցույց է տալիս հարցվողի քաղաքականության դիրքորոշումների և վարչապետի դիրքորոշումների զգալի համընկնում։ 0 միավորը նշանակում է դիրքորոշումները չեն համընկնում։ Եթե առաջնորդվում ենք այն կանխավարկածով, որ Հայաստանում ընտրողներն առավելաբար քվեարկում են խնդիրներից ելնելով (մեր առաջին և երկրորդ փուլերի նախնական արդյունքները դրա բավարար հիմնավորում տալիս են), ապա մեր համակցային ինդեքսը կարող է կանխատեսել չկողմնորոշված ընտրողների հավանական քվեարկության տրամաբանությունը։

Արդյունքները ցույց են տալիս, որ չկողմնորոշված ընտրողների 12 տոկոսն «ամենայն հավանականությամբ» կքվեարկի «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, 20,2 տոկոսն էլ «ավելի հավանական» է, որ կքվեարկի իշխող կուսակցության օգտին, իսկ 20,1 տոկոսը՝ «մասամբ հավանական»։ Այսպիսով, ընդհանուր առմամբ, չկողմնորոշված ընտրողների 52,3 տոկոսը հակված է իշխող կուսակցությանն ընտրելուն։ Չկողմնորոշված ընտրողների նման հակվածությունը նշանակալի և հիմնավոր ազդեցություն ունի: Սա, ընդհանուր առմամբ, առաջին հարցման ժամանակ արձանագրված 46,3 տոկոսի համեմատ աճել է։ Միևնույն ժամանակ, չկողմնորոշված ընտրողների 36,2 տոկոսը «քիչ հավանական» է, որ կքվեարկի «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, իսկ 11 տոկոսը՝ «խիստ անհավանական»։

Համակցային ինդեքսի արդյունքները թույլ են տալիս քվեարկության միտման կանխատեսողական մոդելավորում։ Վերևում, ցույց է տրված, թե ինչպիսին կլինի «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեների քանակը 89 տոկոս համընդանուր ընտրողների մասնակցության դեպքում, եթե չկողմնորոշված ընտրողների 52,3 տոկոսը քվեարկի ՔՊ-ի օգտին։ Պահպանողական գնահատականով, միայն «ամենայն հավանականությամբ» չկողմնորոշված ընտրողների ՔՊ-ին ձայն տալու պարագայում, իշխող կուսակցության ձայների բաժինը աճում է մինչև 36,6 տոկոս։ «Առավել հավանականությամբ» և «ամենայն հավանականությամբ» չկողմնորոշված ընտրողների ընդհանուր թվի դեպքում, իշխող կուսակցության ձայների բաժինը հասնում է մինչև 41,5 տոկոս։ Իսկ եթե «հավանական» համարվող բոլոր չկողմնորոշված ընտրողները քվեարկեն ՔՊ-ի օգտին, ապա կուսակցության ձայների բաժինը կհասնի 50,3 տոկոսի։ Այնուամենայնիվ, կարևոր է նշել, որ «մասամբ հավանական» խմբի ձայները, որոնք կազմում են չկողմնորոշված ընտրողների 20 տոկոսը, ՔՊ-ի օգտին երաշխավորված քվե չեն։ Հետևաբար, ընտրողների 89 տոկոս մասնակցության պայմաններում 50,3 տոկոս արդյունքը, ՔՊ-ի համար հնարավոր լավագույն արդյունքն է։ Այսպիսով, վիճակագրության լեզվով, ՔՊ-ն ներկայումս ունի 41,5-50,3 տոկոսի սահմաններում ձայների մասնաբաժին, ինչը նշանակում է, որ եթե ընտրությունները տեղի ունենային վաղը, և գրանցված ընտրողների 89 տոկոսը մասնակցեր քվեարկությանը, ՔՊ-ն կստանար քվեների մոտավորապես 41,5 տոկոսը, սակայն այս պահին դեռևս երաշխավորված չէ 50,3 տոկոսի ապահովումը։
