
«Բա ձեր աղջիկ-էրեխուն ո՞նց եք տենց մենակ Ամերիկա ուղարկում»։
Երկու տարի առաջ ես կրթաթոշակ շահեցի և հայաստանյան ավագ դպրոցների հազարավոր աշակերտների շարքում ընտրվեցի մեկ ուս.տարի Ամերիկայի Միացյալ Նահանգներում ուսումս շարունակելու համար։ Հենց այդ ժամանակ էր, որ ծնողներս սկսեցին այսօրինակ հարցադրումներ լսել։
Լսելով հաջողությանս մասին՝ շրջապատում ծնողներիս նախ և առաջ հիշեցնում էին աղջիկ լինելուս հանգամաքը։ Սա այն պահն էր, երբ հստակ էր դառնում, թե որտեղ է ավարտվում երազանքը և սկսվում ավանդական համոզմունքներին տեղի տալը։ Հասկացա, որ հասարակության լիիրավ անդամ համարվելու համար խելացի ու նպատակասլաց լինելը քիչ է, պետք էր առնվազն տղա ծնվել։
Սեռերի հավասար իրավունքների համար պայքարը սկիզբ է առել դեռ երկու դար առաջ։ Պայքարի առաջին նվաճումը՝ կանանց ընտրելու իրավունքը, ձեռք բերվեց միայն հարյուր տարի անց։ Երկար տարիներ հավասարության համար մղվող այս շարժումը պարզապես կանանց իրավունքներ է անվանվել, և միայն 1880-ականներին ծնունդ է առել այն տերմինը, որն ավելի ծանոթ է մերօրյա հասարակությանը՝ ֆեմինիզմը։
Պարզելու համար թե ժամանակակից հայկական սոցիալական համատեքստում ինչ են հասկանում ֆեմինիզմ ասելով, տերմինի ստեղծումից ավելի քան 100 տարի անց, որոշեցի զրուցել ծնողներիս սերնդից 10 եւ իմ սերնդակիցներից 10 կանանց հետ: Ուսումնասիրությունս սկսեցի մեր բակից: Այն, ինչ լրագրողական աշխատանքում հարցում էր համարվելու, իմ դեպքում պարզապես մտերմիկ զրույց էր հարևաններիս հետ, որոնց տարիներ շարունակ բարևել եմ, նրանք էլ ջերմորեն արձագանքել՝ բարև, Անուլ ջան։ Զրույցների ընթացքում պարզվեց, որ «ֆեմինիստները կայացած են», «բարձր վարձատրվող աշխատանք ունեն» կամ «կարողանում են իրենց խոսքը հստակ ասել հասարակության մեջ»։ Ծնողներիս սերնդակից կանանց մեծամասնությունն դիտարկելով ֆեմինիզմը որպես սեռերի՝ քաղաքական, տնտեսական և սոցիալական հավասարության տեսություն, կարծում են, որ այն կիրառելի է բարձր վարձատրվող կանանց շրջանում, որոնք կարող են պայքարել իրավական և գործնական հավասար հողի վրա կանգնելու իրենց իրավունքի համար։ Ինձ բացատրեցին, որ եթե տղամարդն ի վիճակի է այնքան գումար վաստակել, որ ընտանիքը ոչնչի կարիք չունենա, կինը կարող է հանգիստ խղճով զբաղվել միայն տնային գործերով և երեխաների դաստիարակությամբ։
«Տղամարդը ինչի՞ պիտի ճաշի կափարիչը բացի-փակի: Նրա գործը աշխատել ընտանիք պահելն ա: Բա լավ չի՞, որ տղամարդը նենց աաշխատում, որ իր կինն էլ սաղ կյանք աշխատելու կարիք չի ունենում»,- ասաց զրուցակիցներիցս մեկը։
Ինչ վերաբերում է իմ տարեկիցների պատկերացումներին, ապա այստեղ պատկերն այլ է։ Աղջիկները լսել են ֆեմինիզմի մասին, բայց վստահ չեն՝ դրական է այն, թե՞ բացասական։ «Հա՞։ Ֆեմինիզմն իրավունքների հավասարությու՞նն է։ Ես էլ գիտեի, թե կանայք գերիշխանություն են պահանջում»։
Դեպքերի մի մասում երիտասարդները, տեղի տալով հանրային ճնշմանը, պարզապես դադարել են խոսել իրենց՝ ֆեմինիստ լինելու մասին։ «Առաջ ֆեմինիստ էի, բայց հետո հանձնվեցի, որովհետև ինձ թվում էր, որ մենակ էի պայքարում»։
Խտրական վերաբերմունքի պատմություններ հանդիպում ես ամեն քայլափոխի: 18-ամյա Խանում Գևորգյանը իր կազմակերպած համայնքային ծրագրի ֆինանսավորումն ավելացնելու համար փորձում է դիմել գյուղապետարան։ Իր այս որոշման մասին խոսելիս անգամ նա բախվում ամոթ բառին՝ չէ՞ որ ավանդական հայկական մտածողությամբ աղջիկ-երեխան միայնակ ոչ մի գործ չի կարող ունենալ գյուղապետարանում։ Խանումը, սակայն, համառորեն գնում է գյուղապետարան, քանի որ կառույցը բաց է գյուղական համայնքի բոլոր ներկայացուցիչների համար՝ անկախ սեռից։
Անարդար այս վերաբերմունքն ու շատերի կողմից «աղջիկ» բառը որպես վիրավորանք դիտարկելն է նրան ֆեմինիստ դարձրել։ «Ինձ համար ամենակատաստրոֆիկ արտահայտությունն է, երբ ինձ ասում են՝ ափսոս, որ տղա չծնվեցիր: Ես ընդունում եմ, որ ֆիզիկական և ֆիզիոլոգիական մի շարք տարբերություններ կան կանանց և տղամարդկանց միջև, սակայն չեմ ընդունում, որ կնոջը թերագնահատում են։ Կարծրատիպերն ինձ բարկացնում են և ինքս ինձ ստիպում եմ ամեն րոպե պայքարել դրանց դեմ»,- ասում է Խանումը։
Հասարակական ոլորտում գործունեության հարուստ փորձ ունեցող Լարա Ահարոնեանը կարծում է, որ կանանց համար գեղեցկության գործող չափանիշներն արդեն իսկ անձնապես թերագնահատման տեղիք են տալիս։ Կնոջ դերի մասին խոսելիս Ահարոնեանը նշում է, որ հայ ընտանիքներում տղա երեխայի բացակայությունը բնական երևույթ չի համարվում, ինչը խոսում է հասարակական կյանքում տղային աղջկանից շատ ավելի արժևորելու մասին։ «Հաճախ մարդիկ կարծում են, որ ֆեմիստները պարտադիր պետք է նույնասեռական լինեն և տղամարդկանց ատեն, մինչդեռ ֆեմինիստական շարժման նպատակը երկու սեռերին հավասար հնարավորություններ ընձեռելն է»,- ասում է Ահարոնեանը: «Մարդիկ զարմանում են, երբ իմանում են, որ չորս երեխա ունեմ ու ասում են՝ բայց դու ֆեմինիստ ես: Ես էլ ասում եմ, որ այո, ֆեմինիստ եմ, այդ պատճառով էլ ուզում եմ, որ երեխաներս ապրեն հասարակությունում, որում չճնշվեն սեռի կամ գենդերի պատճառով: Շատերն ասում են, որ մայրիշխանություն եմ ուզում, բայց ինձ համար մայրիշխանությունն ու հայրիշխանությունը նույնն են, և իշխելը չէ ֆեմինիզմի նպատակը, այլ, առհասարակ, խտրականության վերացումը: Ըստ նրա՝ Հայաստանում ֆեմինստները շատ են աշխատում կնոջ կամքը ցանկացած պարագայում հաշվի առնելու ուղղությամբ։
Վերադառնալով երկու զրուցակիցներիս՝ նշեմ, որ չնայած տարիքային տարբերությանը, և՛ Լարա Ահարոնեանը, և՛ Խանում Գևորգյանը փաստում են, որ կանանց մոտ թերարժեքության բարդույթի ձևավորումը սկսվում է վաղ մանկությունից, երբ աղջիկներին սովորեցնում են, որ իրենք նուրբ են, փխրուն, որ իրենց չի կարելի տղաների հետ խաղալ, եթե այլ աղջիկներ չկան, որ եթե տղամարդը կարծիք է արտահայտում, ապա կինը չպետք է հակադարձի։ Բացի այդ, ըստ Ահարոնեանի, աղջիկներին շրջազգեստ են հագցնում և բացատրում, որ իրենց ծառ բարձրանալ չի կարելի, իսկ տղաներին հագցնում են տաբատ և նետում ցեխերի մեջ, որպեսզի կոփված մեծանան։ Եւ երբ կինը բռնության է ենթարկվում, առաջինը հարցնում են՝ «Բա ի՞նչ էր անում էդ ժամին էնտեղ», կամ՝ «Ինչի՞ էր էդքան կարճ հագել»։ Բայց ի՞նչ կապ ունի՝ բռնարարն է սխալը»,- նշում է Ահարոնյանը։
16 տարեկանում ես առաջին անգամ հասկացա, որ սեռով պայմանավորված խտրականությունը բարդագույն արգելքների պատճառ կարող է դառնալ։ Ծրագրում, որում ես հաղթողներից մեկն էի, աղջիկների թիվը տարիներ շարունակ գերակշռել է, ինչը խոսում է նրանց համառ և պատրաստակամ լինելու մասին։ Ես չեմ ծխում և մազերս կապույտ* ներկելու մտադրություն չունեմ, սակայն իմ ճանապարհին էլի են խտրականության դեպքեր հանդիպել։ Հաճախ մտածում եմ, թե ինչ կլինի, եթե կրկին բախտորոշ վճիռ կայացնելու խնդրի առաջ կանգնեմ։ Իսկ ի՞նչ է անելու հաջորդ 16 տարեկան աղջիկը՝ բախվելով այն անտեսանելի պատին, որը կառուցել է հասարակությունը. մի՞թե նա տեղի է տալու ավանդական մտածելակերպին, թե՞ գրանցվելու է ևս մեկ հաղթանակ՝ հօգուտ սեռերին տրված հավասար հնարավորությունների։