
Հայ մշակույթում երաժշտարվեստի հարաբերական ճգնաժամն իր խոր ազդեցությունն է թողել տարբերվող ժանրերի ինքնարտահայտման վրա։ Առաջին հայացքից արևելյան մոտիվներով երաժշտության անորակ դրսևորումները երբեմն լռեցնում են ընդհատակի ձայնը. իսկ ներքևում պատկերն այլ է։ Նրանց չես հանդիպի մեծ բեմերում, հեռուստատեսությամբ, նրանք մասսայական սեր չեն վայելում, բայց շարունակում են ստեղծագործել։
Ջրիմուռմուռներ / “Seaweedweeds”

Ջրիմուռմուռներ։ Ձախից՝ Հոլլի Արմենակյան, աջից՝ Գլազաստիկ Ֆինչ (Աննա)։ 26 Փետրվար, 2018։ Լուսանկարը վերցված է Ջրիմուռմուռների Ֆեյսբուքյան Էջից։
«Մեր առաջին համերգը Վրաստանում էր։ Նվագելուց առաջ որոշել էինք «Sex Bob-omb»-ի պես ասել՝ «we are here to remind you u about death and stuff»։ Ասեցինք։ Հումորը չընկալվեց ու մեր առաջին ելույթը տենց մանթոյով սկսվեց»։
Հոլլի Արմենակյան
«Ծովերի հատակներին, սառը ալիքներին երգող Jrimurmurner կան»։ Նվագում են պոստ-պանկ/էլեկտրո՝ սինթ-պոպից ոգեշնչված, նվազ ագրեսիվ ու էքսպերիմենտալ երաժշտություն։
Մուռեր Հոլլի Արմենակյանն ու Աննա Սախլյանը (Գլազաստիկ Ֆինչ) պատմում են, որ երաժշտությունն իրենց միշտ է հետաքրքրել։ Նրանք չեն կարողացել գտնել տեղական երաժշտություն, որը կհամընկներ սեփական երաժշտական մտածողության հետ, ու չգտնելով ուզածը՝ որոշել են նոր բան առաջարկել իրենք իրենց ու մյուսներին՝ 2015 թվականին ստեղծելով իրենց երաժշտական խումբը։
«Ջրիմուռմուռները, բնականաբար, առաջացան ծովում, երբ տարիներ առաջ երկուսով ծովի ափին էինք. զգացինք, որ պահն եկել ա դուրս հանելու մեր մեջ վաղուցվանից խլվլացող գաղափարը։ Անունը շատ հեշտ եկավ, բարձրաձայն բառեր էինք ասում երկուսով՝ արագ-արագ, առանց երկար մտածելու ու չգիտես որ ալիքի միջից բացվեցին ջրիմուռմուռները»,- պատմում են աղջիկներն ու ավելացնում, որ դաշտն այժմ հագեցած է նոր ու հետաքրքիր խմբերով։
Հոլլին կարծում է, որ իրենց երաժշտությունը ներքին անկումներն ընդունելու ու ընկերության մասին է՝ «քո ու քո միջի անհարմարի հետ»։ Նա ասում է, որ ուրախ կլիներ, եթե իրենց շատ մարդիկ լսեին, չնայած դրանից իրենց երաժշտությունը վստահաբար ոչ մի փոփոխություն չէր կրի։
Մուռերը ձայնի որակը շատ չեն կարևորում, հակառակը՝ կարելի է ասել, որ անորակության էսթետիկան գերակայում է նրանց գործերի մեջ։ Երաժշտությունը գրում են իրենց, ինչպես իրենք են անվանում՝ «ոչ այնքան ստուդիայում», ինչն էլ ուզած-չուզած ստեղծում է ձայնային աղավաղվածություն։
Մուռերը պատմեցին, որ համերգի ժամանակ բուռն ծափահարությունների ձայնագրություն էին միացնում երգերից հետո, թուլացնելու համար ներքին լարվածությունը։
— Ինչպե՞ս կնկարագրեիք Ձեր երաժշտությունը երկու բառով։
— Խիտ մառախուղ։
Radio EVN / Ռադիո EVN
«Եթե չլիներ Երևանյան ճարտարապետությունը ու ազդեցությունը, որ Թամանյանը թողել է ինձ վրա, ամեն ինչ դժվար թե լիներ այնպիսին, ինչպիսին կա»։
Սիմոն Հովհաննիսյան
Սովետական տարիներին բնակարանների խոհանոցներում անպայման ռադիո կար, որը հետո փչացավ, ու 2018-ին հնարեցին նորը՝ ընդհատակինը։ Հիմնադիրներից Սիմոն Հովհաննիսյանը մասնագիտությամբ ռեժիսոր է, ինչը պրոյեկտվում է Radio EVN-ի վիզուալ լուծումներում։
Radio EVN-ը տեսալսողական առցանց հեռարձակման հարթակ է, նախատեսված տեղական լսարանի համար։ Սիմոն Հովհանիսյանն ասում է, որ ամեն ինչ սկսվեց գիտակցումից, որ ընդհատակի երաժշտության վիզուալ մասը պիտի առանձնահատուկ լինի, ու առաջին երկու Loop-երից հետո ծնվեց իսկական Radio-ն։ Միտքն առաջացավ Երևանյան հիփ-հոփ փաբերից մեկում՝ Պեչենու Բաղերում, որովհետև ի սկզբանե այն կոչվում էր Radio EVN Պեչենու Բաղեր։ «Էդտեղ [Պեչենու Բաղերում] ծանոթացա երաժիշտներից մեկի՝ KOOK-ի հետ ու որոշեցինք օնլայն ռադիո բացել»,- պատմում է Սիմոնը։
Radio EVN-ի առաջին ուղիղ միացումը տեղի ունեցավ KOOK-ի հետ, մայրամուտին՝ 6։20։ Radio EVN-ի երաժշտությունը առանձին ինստալացիա է, որը մեծ հաշվով պրոյեկտում է Երևանը, իսկ ստեղծագործելու գլխավոր նպատակը լճացած ու ստանդարտ կաղապարներից դուրս գալն է։ «Խնդիրն այն է, որ էսպես կոչված ընդհատակի երաժշտությունն ու ժանրը մասսայական է դրսում, իսկ Հայաստանում այսպես կոչված մասսան ավելի քիչ է, ու ստացվում է, որ հետևողներն էլ են քիչ»,- ասում է Սիմոնը։

— Եթե ես խուլ լինեի, ի՞նչ գույն կունենար Radio EVN-ի երաժշտությունը։
— Գույները շատ են ու երևի թե նույնիսկ խուլ մարդը կզգար մեր սեթերը, որովհետև դրանք միշտ ուղեկցվում են թեմատիկ վիզուալներով։
LSD Sound-Out-Club
«Մեր հետ անպատասխանատու դեպքեր շատ են եղել։ Համերգից առաջ շատ ոգևորված մտնում ասում եմ, որ էս անգամ սաղ պետք ա օքեյ լինի։ Համերգից մի քանի րոպե առաջ ոչ մեկի չեմ կարում գտնեմ, վերջում տեսնում եմ՝ սկսել են նվագել։ Բարձրանում եմ, սկսում եմ երգել ինչ-որ լյա լյա լյա, վերջում նկատում եմ, որ Գուռուն շատ անջատված ու դանդաղ տոների մեջ նվագում ա։ Ու մի 30 րոպե հետո Գուռուն պռոստը դինամիկի վրա քնեց»։
Արեգ Առաքելյան
Արեգ Առաքելյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, հաշվապահ, բայց դա չի խանգարում նրան ստեղծագործել ու ժամանակակից մոտիվներով արվեստ ստեղծել։ LSD Sound-Out-Club-ի երաժշտությունը խառնուրդ է՝ ջազզ, էլեկտրոնային, էքսպերիմենտալ ռոք և պանկ ժանրերի։ Այս պահին LSD-ում են Վարդան Սարգսյանը (Գուռու/կիթառ), Արեգ Առաքելյանը (վոկալ), Աշոտ Փափազյանը (Golden Ash/ հարվածային), Քայ Խաչատրյանը (controls), Դավիթ Ալէքս Սիսթին (Alex Sisti, սաքսոֆոն) և Անի Եգոյանը (կիթառ)։
Արեգը պատմում է, որ ամեն ինչ սկսվեց 2004 թվականին, երբ գրանցվել էին նորամուտ խմբերի ֆեսթին՝ ՆՓԱԿ-ում։ «Պռոստը հավաքվել էինք Գետառի մոտ, ասեցի՝ եկեք գնանք գրանցվենք։ Անունը որոշեցինք տեղում՝ տվյալները գրանցելու ժամանակ։ Անունի միտքն էլ, իբր մի օր ենք նվագում, թող էյֆորիկ, կայֆ ինչ-որ անուն լինի։ Մի 10 տարի առաջ էպատաժային բաներից էինք խոսում ու մեծ հաշվով պրոպագանդում էինք լեգալացումը [թմրանյութերի], որովհետև էդ շրջանում էպատաժային էր խոսել սեքսից, թմրանյութերից ու ռոքընռոլլից։ Իսկ հիմա, եթե պատասխանելու լինեմ՝ LSD-ն ներքին վախերի ու կոնֆլիկների մասին ա, իսկ տեքստերը՝ սեքսի, աբսուրդի ու ազատության»։
Արեգն ասում է, որ հիմա ամեն ինչ, ինչ շոու բիզնեսից դուրս է՝ անդըրգրաունդ է, ու արհեստական բեմեր կան ու մարդիկ, որոնք ուղղակի չեն ուզում լինել այդ բեմում, դառնում են անդըրգրաունդ՝ ուզած- չուզած, անկախ նրանից՝ լավ են անում իրենց գործը, թե ոչ։
«Ընդհատակն իրանից ներկայացնում ա ինքնահեգնանք, թեթև պոֆիգիզմ, վերացած կերպար, չսանրված, խոխմա բան հագած տիպ»,- ասում է Արեգը, ում համար ամենաանընդհատակ խումբը Velvet Underground ն է։

— Ի՞նչ գույն ունի LSD-ի երաժշտությունը։
— Ցիտրուսային խմիչք ա՝ տարբեր երանգներով։ Ներքևից կարմիր ա, վերևը՝ դեղին ու ինչ-որ սառույցներ են։