
Illustration by Armine Shahbazyan.
Մեկ տարուց ավելի աշխարհը պանդեմիայի մեջ պահող կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերն արդեն կիրառվում են՝ սպասումով, որ այսպիսով վիրուսին հնարավոր կլինի սանձել։ Հայաստանը ևս փորձում է անմասն չմնալ գործընթացից ու աշխատում պատվաստանյութով գոնե ամենախոցելի խմբերին ապահովելու ուղղությամբ։
Պատվաստանյութերի համաշխարհային մրցավազք
Դեռևս մեկ տարի առաջ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութ ունենալն անիրատեսական էր թվում, և անգամ 2020-ի մարտի վերջին պատվաստանյութերի միջազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն Ջերոմ Քիմն իր հարցազրույցներում հուսադրող համարելով կորոնավիրուսի դեմ պայքարի միջոց ստեղծելու գաղափարը, հավելում էր, որ դա շատ երկարատև և բարդ գործընթաց է ու որպես կանոն, պատվաստանյութ ստեղծելու համար պահանջվում է 5-ից 10 տարի, սակայն արտակարգ իրավիճակը հաշվի առնելով՝ հույս էր հայտնել, որ ժամկետները կսեղմվեն ու պատվաստանյութ կլինի 12-18 ամիսների ընթացքում։
Սակայն պատվաստանյութ ստեղծելուն ուղղված համաշխարհային նոր մրցավազքն ավելի վաղ տվեց պտուղներ։
Արդեն 2020-ի օգոստոսին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին: Մինչև դեկտեմբեր գրանցվեցին նաև մի քանի տեսակի պատվաստանյութեր և աշխարհի շատ պետություններ սկսեցին պատվաստման գործընթացը։

Covid 19-ի դեմ պատվաստանյութերը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքի տեղեկատվության համաձայն՝ 2021 թվականի ապրիլի կեսի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության դեմ ավելի քան 200 պատվաստանյութեր գտնվում են մշակման փուլում, մի շարք երկրներում լայն սպառում ունեն առնվազն յոթ տարբեր պատվաստանյութեր։
Covid 19 պատվաստանյութերի մոնիթորինգ իրականացնող կայքերից մեկի համաձայն՝ ապրիլի կեսի դրությամբ այդ յոթ՝ ամենալայն տարածում ունեցող պատվաստանյութերն են․
1- Oxford/AstraZeneca — արտադրությունը Օքսֆորդի համալսարանի և AstraZeneca բրիտանա-շվեդական դեղագործական ընկերության կողմից
կենդանի վեկտորային պատվաստանյութ
ընդունված է 83 երկրներում
արդյունավետությունը շուրջ 70 տոկոս
բաղկացած է երկու ներարկումից՝ 8-12 շաբաթվա ինտերվալով
պահվում է 2-8 °C վեց ամիս
արժեքը մեկ դեղաչափը մոտ 4 ԱՄՆ դոլար
2- Pfizer/BioNTech — արտադրությունը ամերիկա-գերմանական
գենետիկ մասնիկներ պարունակող պատվաստանյութ
ընդունված է 82 երկրներում
արդյունավետությունը շուրջ 95 տոկոս
բաղկացած է երկու ներարկումից՝ մեկ ամսվա ինտերվալով
պահվում է -80-60°C վեց ամիս, պատվաստման կենտրոն հասցվելուց հետո այն պետք է ապասառեցնել և օգտագործել հինգ օրվա ընթացքում
արժեքը մեկ դեղաչափը մոտ 15-30 ԱՄՆ դոլար
3- Gamaleya: Sputnik V — արտադրությունը Ռուսաստան, Նիկոլայ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային կենտրոն
կենդանի վեկտորային պատվաստանյութ
ընդունված է 60 երկրներում
արդյունավետությունը շուրջ 92 տոկոս
բաղկացած է երկու ներարկումից՝ 3 շաբաթվա ինտերվալով
պահվում է -18․5 °C ջրիկ վիճակում, 2-8 °C չոր վիճակում
արժեքը մեկ դեղաբաչափը մոտ 10 ԱՄՆ դոլար
4- Moderna — արտադրությունը ամերիկյան Մոդերնա ընկերություն
գենետիկ մասնիկներ (mRNA) պարունակող պատվաստանյութ
ընդունված է 45 երկրներում
արդյունավետությունը շուրջ 94 տոկոս
բաղկացած է երկու ներարկումից՝ 1 ամսվա ինտերվալով
պահվում է -2-8 1°C մեկ ամիս, -20 °C վեց ամիս
արժեքը մեկ դեղաբաչափը մոտ 25-30 ԱՄՆ դոլար
5- Janssen (Johnson & Johnson) — արտադրությունը ամերիկյան Johnson & Johnson դեղագործական ընկերության Janssen-Cilag ստորաբաժանման
կենդանի վեկտորային պատվաստանյութ
ընդունված է 39 երկրներում
արդյունավետությունը շուրջ 85 տոկոս
բաղկացած է մեկ ներարկումից՝ ի տարբերություն մինչ օրս գրանցված մյուս պատվաստանյութերի
պահվում է սովորական սառնարանային պայմաններում` մինչև երեք ամիս
արժեքը մեկ դեղաբաչափը մոտ 10 ԱՄՆ դոլար
7- Covishield — արտադրությունը Հնդկաստանի Շիճուկային ինստիտուտի կողմից մատակարարվող AstraZeneca-ի
կենդանի վեկտորային պատվաստանյութ
ընդունված է 33 երկրներում
արդյունավետությունը շուրջ 70 տոկոս
բաղկացած է երկու ներարկումից՝ 8-12 շաբաթվա ինտերվալով
պահվում է 2-8 °C վեց ամիս
արժեքը մեկ դեղաչափը մոտ 4 ԱՄՆ դոլար
Նշված բոլոր պատվաստանյութերը հիմնականում նախատեսված են 18-ից բարձր անձանց համար։ Պատվաստանյութերը նախատեսված են միայն միջմկանային ներարկման համար և սովորաբար սկսում են ազդել երկու շաբաթվա ընթացքում։ Բոլոր պատվաստումների կողմնակի ազդեցությունների բաժնում հիմնականում նշվում է գլխացավ, մկանների ցավ, հազ, ջերմաստիճանի բարձրացում, այսինքն գրիպային հիվանդություններին բնորոշ խնդիրներ։ Հակացուցումները նույնպես գրեթե նույնն են՝ բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ ալերգիա, պատվաստման պահին ջերմություն, հիվանդությունների սրացման փուլ և այլն։ Պատվաստումից հետո պացիենտը 30 րոպե պետք է գտնվի բուժաշխատողների հսկողության տակ:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք արդեն վարակված և լավացած անձինք ևս պետք է պատվաստվեն, փորձագետները կարծում են, որ պատվաստումը մեկ շատ կարևոր առանձնահատկություն ունի․ ի տարբերություն բնական վարակի, խթանում է իմունիտետի հիշողության բջիջներն ու ամեն անգամ օրգանիզմը հանդիպելով վիրուսին, հիշում ու սկսում է շատ արագ արտադրել հակամարմիններ, հետևաբար, կարևորվում է նաև այս խմբի պատվաստումը։
Իսկ թե որքան ժամանակ են պատվաստումներն ապահովում վարակից, դեռևս հայտնի չէ։
184 տեսակի պատվասրանյութեր գտնվում են նախակլինիկական փուլում, 29-ը` փոձնական առաջին, 28-ը` երկրորդ և 21-ը` երրորդ փուլում: Արդեն իսկ հաստատված հինգ պատվաստանյութ բնակչության լայն զանգվածի վրա ազդեցության դիտարկման փուլում են:
13 պատվաստանյութեր հաստատվել են առնվազն մեկ երկրում: Ի դեպ՝ պատվաստանյութերը համարվում են հաջողված, եթե նրանց արդյունավետությունը գերազանցում է 60 տոկոսը։
Վերոնշյալ պատվաստանյութերից ամենատարածվածն ու ամենալայն կիրառումն ունեցողը, ուստի նաև ամենաքննարկվածը AstraZenecaն է։
Ըստ Bloomberg-ի տվյալների՝ AstraZeneca-ն դեռևս ուսումնասիրությունների ընթացքում էր արդեն շուրջ 3 մլրդ չափաբաժնի պատվեր ստացել։ Այս պատվաստանյութի պատվերների մեծ թիվը պայմանավորում են ինչպես նրանով, որ այն ամենամատչելին է, այնպես էլ, որ այն պահման մատչելի պահանջներ ունի։
Սակայն ինչպես այս, այնպես էլ տարածվածությամբ երկրորդ տեղում գտնվող Pfizer/BioNTech պատվաստանյութերն արդեն հասցրել են «մեղադրվել» մահերի պատճառ լինելու մեջ։ Մանավորապես, հունվարին Նորվեգիայից ահազանգեցին, որ Pfizer/BioNTech-ով պատվաստումից հետո 33 մարդ է մահացել, բոլորը 80-ից բարձր տարիքի։ Սակայն արդեն օրեր անց երկրի առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ չի արձանագրել որևէ կապ Pfizer-BioNTech-ի և պատվաստումից հետո գրանցված մահերի միջև, մահացածներից 13-ն ունեցել են թույլ իմունիտետ և առողջական լուրջ խնդիրներ։ Նշվեց նաև, որ սովորաբար Նորվեգիայի ծերանոցներում օրական մահանում է միջինում 45 անձ։
AstraZeneca-ի դեպքում իրավիճակն այնքան սրվեց, որ Եվրոպական մի շարք երկրներ մարտի սկզբին որոշ ժամանակով դադարեցրին պատվաստանյութի կիրառումը։ Սակայն երբ մարտի 19-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Եվրոպայի դեղամիջոցների գործակալությունը հայտարարեցին, թե կապ չեն հայտնաբերել կորոնավիրուսի դեմ կիրառվող AstraZeneca պատվաստանյութի և տրոմբերի առաջացման միջև, պատվաստանյութը շարունակեցին կիրառել։ Ի դեպ՝ հենց նույն օրը Վրաստանում մահացավ մարտի 18-ին Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո կոմայի մեջ ընկած երիտասարդ բուժքուրը, կրկին սրելով թեման։ Սակայն տեղի վարակաբանները նշեցին, որ անմիջական կապ չեն տենսում պատվաստանյութի ու մահվան մեջ, դեռևս ընթանում է փորձաքննություն։
Տարբեր պատվաստանյութերի ընդունումից հետո մահազդեր, կողմնակի ազդեցություններ եղան նաև այլ երկրներում, սակայն մասնագետները շարունակում են կարծել, որ պատվաստանյութերն ավելի անվտանգ են, քան հիվանդությունը, և, որ պատվաստանյութերի օգուտները գերազանցում են ռիսկերը։ Նշվում է նաև, որ ըստ նախնական ուսումնասիրությունների՝ պատվաստանյութերն արդյունավետ են նաև կորոնավիրուսի նոր շտամների դեմ, բացի այդ, ինչքան արագ մարդիկ պատվաստվեն, այնքան քիչ առաջ կգան նոր շտամեր։
Պատվաստանյութերի գնման գործընթացը
Covid 19-ի դեմ պատվաստանյութեր ձեռք բերելու երեք տարբերակ կա՝ ա․պետությունն այն պատվիրում է արտադրողից, բ․պետությունն այն պատվիրում է տարածաշրջանային կառույցից, օրինակ, Եվրոպական միությունից կամ Աֆրիկյան միությունից, գ․պետությունն այն պատվիրում է Covax Facility -ի միջոցով:
Covax-ը շահույթ չհետապնդող համաշխարհային համագործակցություն է՝ ուղղված Covid 19 պատվաստանյութի ստեղծմանն ու հավասար բաշխմանը։ Այն ղեկավարվում է «Gavi» պատվաստանյութերի դաշինքի, ԱՀԿ-ի և CEPI-ի կողմից, և նպատակն է նպաստել ամենասեղմ ժամկետներում պատվաստանյութի ստեղծմանն ու արտադրությանը և երաշխավորելու դրա հավասար բաշխումը աշխարհի յուրաքանչյուր երկրում (շուրջ 190 երկիր)՝ անկախ դրանց ֆինանսական բարեկեցության աստիճանից։
Covax-ի շրջանակներում պլանավորվում է մինչև 2021 թ. ավարտը հասանելի դարձնել պատվաստանյութի 2 միլիարդ չափաբաժին, որը պետք է բավարարի առողջապահական և սոցիալական ոլորտների աշխատողներին, ինչպես նաև լուրջ հիվանդության կամ մահվան առավելագույն ռիսկի տակ գտնվողներին պաշտպանելու համար աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Հատկանշական է, որ նախաձեռնության պատասխանատուները երկրների փոխարեն անձամբ են բանակացություններ վարում պատվաստանյութ արտադրողների հետ և երկրներին առաջարկում պատվաստանյութերի տեսակներն ու չափաբաժինը` հաշվի առնելով կոնկրետ երկրի բնակչության ու խոցելի խմբերի թիվը։
Պատվաստման գործընթացը Հայաստանում
2020-ի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը ևս միացել է Covax նախաձեռնությանը։
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանն նշում է, որ այս հարթակի կողմից Հայաստանին արդեն պարբերաբար առաջարկվել են պատվաստանյութեր, որոնք պարտադիր քննարկվում են իմունականխարգելման հանձնաժողովի մասնագետների, փորձագետների կողմից, տրվում են տարբեր մեկնաբանություններ, առաջարկներից մեկն էլ՝ AstraZenecaն, արդեն ընդունվել և Հայաստանում է։
«Հայաստանին արդեն չորս պատվաստանյութ է առաջարկվել․ Pfizer, AstraZeneca, Janssen (Johnson & Johnson), Novavax: Pfizer-ից այս փուլում որոշում կայացվեց հրաժարվել, քանի որ այն պահանջում էր պահման բարդ պայմաններ, մնացած պատվաստանյութերի շուրջ բանակցությունները շարունակվում են։ Միաժամանակ, առողջապահության նախարարությունը բանակցություններ է վարում միջազգային այլ կազմակերպությունների և այլ պատվաստանյութ արտադրողների հետ, այդ թվում՝ նաև Ռուսաստանի Դաշնությունում արտադրվող Sputnik V պատվաստանյութի ձեռքբերման առումով»,-ասում է Գրիգորյանը՝ վստահեցնելով, որ Հայաստանի Հանրապետության կողմից յուրաքանչյուր քայլ ձեռնարկվում է, որպեսզի երկիրը ժամ առաջ ունենա անվտանգ, արդյունավետ պատվաստանյութ։
Նշենք, որ մարտի 15-ին էլ կայացած «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» նիստի ժամանակ հանձնաժողովը որոշում է կայացրել այս փուլում չմերժել 89.3 տոկոս արդյունավետություն ունեցող Novavax ընկերության պատվաստանյութը, որը, սակայն, դեռևս հաստատման փուլով է անցնում։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվեց 2020-ի մարտի 1-ին։ 2021-ի ապրիլի 15-ի դրությամբ երկրում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 206,142 է, փաստացի բուժվում են 16,236 քաղաքացի, մահացել է 3,817քաղաքացի, ևս 964-ը՝ այլ պատճառով։
Հունվարի 20-ին «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ում կայացած «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» նիստի ժամանակ քննարկվել են կորոնավիրուսի դեմ առաջիկայում կատարվելիք պատվաստումների մասին հարցեր ու ռիսկի խմբերի առաջնահերթությունները, և հայտարարվել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումների առաջին փուլում պատվաստվելու են՝
- տարեցների խնամքի կենտրոններում բնակվողներն ու աշխատակիցները,
- բուժաշխատողները
- խնամքի կենտրոնների աշխատակիցները
- 65 տարեկան և բարձր տարիքի անձինք
- 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները
Երկրորդ փուլում կպատվաստվեն՝
- դասախոսները, ուսուցիչները
- արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները,
- զինծառայողները
- արդարադատության ոլորտի աշխատակիցները
- հանրային տրանսպորտի աշխատակիցները
- պետական ծառայողները:
Մարտի վերջի դրությամբ ընթացքի մեջ էր առաջին փուլում ներառված խմբերի պատվաստման գործընթացը, որն իրականացվում է դեռևս ամիսներ առաջ Ռուսաստանի կողմից Հայաստանին նվիրաբերված մոտ 1000 մարդու համար նախատեսված Sputnik V -ի պատվաստանյութով։ Արդեն մարտի 28-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի՝ Covax Facility նախաձեռնության միջոցով առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ: Ապրիլի առաջին օրերին էլ Հայաստանը ստացավ Sputnik V պատվաստանյութի ևս 15 հազարանոց խմբաքանակը, որը կկիրառվի 7500 մարդու պատվաստման համար՝ յուրաքանչյուրին երկուական դեղաչափ։
Հատկանշական է, որ ապրիլի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ ըստ պատվաստանյութերի՝ որոշակի փոփոխություններ են կատարվել առաջին փուլում պատվաստվողների դեպքում և լրացուցիչ ապահովության ու անվտանգության համար AstraZeneca-ի դեպքում առաջին ռիսկի խումբը 65 և բարձր տարիքի քաղաքացիներն են, 55-ից բարձր բուժաշխատողները և քրոնիկ հիվանդները, ինչպես նաև սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները, իսկ Sputnik V-ի օգտագործման ցուցումներում սահմանվել են հետևյալ խմբերը․ 18-54 տարեկան բուժաշխատողները, ինչպես նաև մինչև 54 տարեկան քրոնիկ հիվանդները, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները։
ՀՀ առողջապահության նախարարության Covid 19-ի գնումների և բաշխման և առողջության որակի բարելավման ուղղությամբ աշխատող Արազ Չիլոյանն հայտնում է, որ պատվաստանյութերի բաշխումն արդեն սկսվել է և առաջիկա օրերին կմեկնարկի պատվաստման գործընթացը։
«Sputnik V նախկինում ստացված պատվաստանյութը շուտով վերջանալու է, քանի որ դեղաչափը շատ մեծ չէր, դրա իրացմամբ զբաղվում էր ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» (ՀՎԿԱԿ), սակայն AstraZeneca-ի դեպքում պատվաստման գործընթացները կիրականացվեն ամբուլատորիաներում ու բաշխումը պետք է կատարի հենց առողջության առաջնային պահպանման օղակը, որը տիրապետում է առաջին փուլի պատվաստվողների բոլոր տվյալներին»։
Արազ Չիլոյանը նշում է, որ պատվաստանյութ ընտրելը բարդ գործընթաց է, քանի որ որոշումը կայացնելիս հաշվի են առնվում մի շարք գործոններ՝ այդ թվում ՝ պատվաստանյութերի ապահովությունը, որակը, պահման պայմանները, ինչպես նաև գինը։
«Covax-ի հետ շարունակում ենք աշխատել, նրանց կողմից առաջարկվող պատվաստանյութերի տեսակները գնալով ավելանում են, իրենց հետ բանակցությունների մեջ ենք, առաջարկները մշտապես քննարկում ենք տարբեր փորձագետների հետ։ Առանձին բանակցություններ են տարվում նաև անմիջապես արտադրողների հետ,-ասում է Չիլոյանը, հավելելով, որ բոլոր տեղերում արտադրման հետ խնդիրներ կան, չեն հասցնում պահանջարկին,-Մենք հույս ունեինք, որ պատվաստանյութը Հայաստան կհասնի փետրվարին, սակայն Covax-ի հետ համագործակցողները հիմնականում ստացան մարտին, քանի որ չէին հասցնում արտադրել»։
Թեև նշվում է, որ վիրուսին հնարավոր կլինի սանձել, եթե պատվաստված լինի բնակչության 70 տոկոսը սակայն այս պահին, ըստ Չիլոյանի՝ Հայաստանը ներկայումս կկարողանա պատվաստվել երկրի բնակչության 10 տոկոսին, որոնց մեջ ներառվելու են ռիսկի խմբերը։
«Հասկանում եմ, որ դժվար օրեր են, շատերի վստահությունը կորել է շատ բաների նկատմամբ, սակայն այս իրավիճակի կանխարգելման միակ տարբերակը պատվաստումներն են»,- վստահեցնում է Չիլոյանն ու կոչ անում հնարավորության դեպքում անպայման պատվաստվել։
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը ևս այն համոզմունքին է, որ պատվաստումներից պետք չէ հրաժարվել։
«Համաճարակային իրավիճակի լուրջ ակտիվացում ունենք, որը պահպանվելու դեպքում կրկին կկանգնենք լրջագույն խնդիրների առջև, միտումները դադարեցնելու համար պետք է պահպանենք այս պահին առկա այն կանխարգելիչ միջոցառումները, որ առաջարկում է առողջապահության նախարարությունը՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորության ապահովում, ձեռքերի ախտահանում, հաջորդիվ էլ նաև պատվաստումների կիրառումը,-ասում է Գրիգորյանը՝ հավելելով, քանի պատվաստումներն այս պահին նախատեսված են միայն ռիսկային խմբերի համար, ուստի դրանց նպատակը ծանր դեպքերի, ինչպես նաև մահերի կանխարգելումն է, հոսպիտալացման նվազեցումը։
«Այս փուլում պատվաստումների նպատակը վիրուսի շրջանառության ընդհատումը չէ։ Սա պետք է հստակ գիտակցենք, քանի որ ռիսկի խմբերին պատվաստելը նպատակ ունի պաշտպանել հենց իրենց։ Համաշխարհային շուկայում ներկայումս առկա բոլոր պատվաստանյութերը 100 տոկոսով կանխարգելում են հիվանդության ծանր դեպքերն ու մահերը, սակայն պետք է չմոռանալ, որ պատվաստվածը կարող է նաև անախտանիշ հիվանդանալ ու վիրուսը տարածել»,-ասում է Գրիգորյանը՝ հավելելով, որ ներկա պահին Հայաստանում պատվաստումներ իրականացվում են կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող հիվանդանոցների բուժաշխատողների շրջանում, որոշակի քանակություն է հատկացված նաև այլ ռիսկի խմբերի համար։
Գրիգորյանն ասում է, որ յուրաքանչյուր պատվաստվողի մոտ դիտարկվում է հետպատվաստումային ժամանակահատվածը՝ առաջին 48 ժամը, ընդհանուր առմամբ սպասելի հետպատվաստումային վիճակներ են գրանցվում, օրինակ՝ տեղային՝ թեթև կարմրություն, այտուց, ներարկման հատվածում ցավ, ընդհանուրը՝ ջերմության բարձրացում, շատ ավելի հազվադեպ են եղել, այլ ռեակցիաներ առայժմ չեն ունեցել։
«Ըստ ԱՀԿ առաջարկությունների՝ պատվաստումից առաջ կորոնավիրուսային հիվանդության որևէ հետազոտություն, այդ թվում հիվանդությունը հաստատող թեստի կարիք չկա։ Գնահատվում է մարդու առողջական վիճակն ու եթե անձն այդ պահին չունի որևէ սուր երևույթներ, այդ թվում՝ ռիսկի խմբում ներառված քրոնիկ հիվանդները, եթե իրենց մոտ տվյալ պահին քրոնիկ հիվանդության սրացում չկա, ուրեմն կարող են պատվաստվել»,-ասում է Գրիգորյանը՝ շեշտելով, որ մինչև պատվաստումների մեկնարկը բոլոր բուժաշխատողների համար անցկացվում են դասընթացներ, ներկայացվում են պատվաստումների առանձնահատկությունները, հետպատվաստումային շրջանում դիտարկվող երևույթները, պատվաստումների կատարման տեխնիկան, այսինքն այն գործընթացները, որոնք յուրաքանչյուր նոր պատվաստումի ներդրումից առաջ իրականացվում են։
Ըստ Գրիգորյանի՝ թեև նոր պատվաստանյութերի ստեղծումը բավական երկարատև գործընթաց է ու կարող է տևել մինչև տասը տարի՝ անցնելով մի շարք փուլեր, սակայն, հաշվի առնելով արտակարգ իրավիճակն ու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման հրատապությունը՝ ժամանակ շահելու նպատակով, պահպանվել են բոլոր փուլերը, պարզապես մի քանի փուլեր զուգահեռ են անցկացվել։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում պատվաստումներն իրականացվում են բացառապես կամավորության սկզբունքով: Գրիգորյանը նշում է, որ այս պահին, բացի ռիսկի խմբերից, պատվաստանյութերի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա քաղաքացիների շրջանում ևս և իրենց պարբերաբար զանգահարում ու ցանկանում են ճշտել, թե երբ հնարավորություն կունենան պատվաստվել։ Ապրիլի 9-ի տվյալներով՝ պատվաստման համար հերթագրված է մոտ 600 քաղաքացի։
Կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» աշխատակիցների մի մասը նույնպես արդեն պատվաստվել են։
Կենտրոնի տնօրեն Հովհաննես Մադոյանը ասում է, որ մարտի վերջի դրությամբ դեռ 25 հոգի են պատվաստվել՝ այդ թվում նաև ինքը։
«Առաջին 15 հոգին արդեն անցել են պատվաստման երկու փուլն էլ։ Ինձ մոտ տեղային թեթև ցավ է եղել, սակայն ջերմություն կամ այլ խնդիրներ չեն եղել ու պերսոնալի հիմնական մասը թեթև են տարել պատվաստումը, մի քանիսի մոտ թեթևակի ջերմություն եղել է, սակայն ոտքի վրա են անցկացրել, լուրջ շեղումներ չկան,-ասում է Մադոյանը՝ հավելելով, որ անձնակազմի հիմնական մասը ցանկանում է պատվաստվել ու սպասում են իրենց հերթին,- Պատվաստվողների մեջ կան նաև արդեն հիվանդացածներ, քանի որ թեև հիվանդանալով նույնպես ձեռք է բերվում հակամարմիններ, սակայն ժամանակի ընթացքում դրանց կոնսենտրացիան նվազում է, իսկ պատվաստանյութի արդյունքում ստացված հակամարմինները երկարաժամկետ են»։
Մադոյանը նույնպես մտահոգիչ է համարում ներկա փուլում համաճարակային վիճակն ու նշում ինչպես իրենց բուժհաստատությունում, այնպես էլ կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող մյուս հիվանդանոցներում մեծ թվով դիմելիություն է ու ծանրաբեռնվածությունը շատ մեծ է։
«Պետության համար ևս սա մեծ բեռ է, կորոնավիրուսի հետ կապված բոլոր ծառայություններն անվճար են, պետությունը 100 տոկոսով փակում է այդ ծախսերը։ Այս պարագայում պատվաստումը միակ ելքն է թերևս, ապացուցված է, որ պատվաստումը հիվանդացությունը նվազեցնելու է և ռիսկերն ավելի քիչ են, իսկ օգուտը՝ շատ»,-նշում է Մադոյանը։
Պատվաստման գործընթացն աշխարհում
Ապրիլի 15-ի դրությամբ աշխարհի 141 երկրներում իրականացվել է ավելի քան 825 մլն. դեղաչափ պատվաստում: Ամենաշատ պատվաստումներ իրականացնող 10 երկրներն են ըստ հերթականության՝
ԱՄՆ 192,282,781
Չինաստան 175,623,000
Հնդկաստան 111,179,578
Միացյալ Թագավորություններ 40,107,877
Բրազիլիա 30,801,723
Գերմանիա 19,244,464
Թուրքիա 19,062,758
Ինդոնեզիա 15,602,574
Ֆրանսիա 14,894,517
Ռուսաստան 14,583,881
Պատվաստումներում ամենաբարձր ընդգրկվածությունն Իսրայելում է – 55%, ԱՄՆ – 22.4%, ՄԹ- 25.5%:
Ինչ վերաբերում է տարածաշրջանին, ապա առաջատարն Ադրբեջանն է․ շուրջ 10 մլն բնակչություն ունեցող երկրում ապրիլի 15-ի դրությամբ առկա է 1,177,187 դեղաչափ, պատվաստվել է 418,898 քաղաքացի։ Մոտ 3 մլն 700 հազար բնակիչ ունեցող Վրաստանում էլ ապրիլի 15-ի դրությամբ առկա է եղել շուրջ 70 000 դեղաչափ, պատվաստվել է մոտ 24,917 քաղաքացի։