
Վահրամ Մարտիրոսյանը նոր ՁայնաՊատումի առանցքում փոքր-ինչ շեղվելով հոդվածից, առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում։
…իբր արտայայտութիւն իր ունեցած արքայական շնորհների և սիրոյ, Ջուղայի հայերին է նւիրում Զայանդեռուդ գետի աջ ափի եզերքի պետական հողերը…
Շահ Աբասի հրամանագրից
Հայոց պատմության XV-XVIII դարերը կարծես կա՛մ դատարկ են, կա՛մ դժբախտ։ Եթե որևէ բան հիշում ենք, կապ ունի օտար տիրապետության հետ՝ բռնագաղթ, անմարդկային հարկեր, հավատափոխության պարտադրանք, ասպատակություններ։ Բայց ավելի ու ավելի շատ են նոր հետազոտությունները, որոնք ցույց են տալիս՝ այդ շրջանում հայերը մեծ դերակատարություն են ունեցել… միջազգային ասպարեզում։ Նույնիսկ՝ ավելի, քան անկախ պետականության որոշ փուլերում։ Իսկ ինչպե՞ս՝ չէ որ սակավաթիվ էին ասպարեզները, որտեղ երկու իսլամական պետությունների մեջ կիսված հայերը կարող էին պաշտոն զբաղեցնել առանց հավատուրացության։ Ուրեմն նրանք հասել են մեծ հաջողության՝
ա. անելով միայն թույլատրելին
Թե՛ Օսմանյան կայսրությունում, թե՛ Պարսկաստանում հայերին, ինչպես բոլոր մյուս քրիստոնյաներին, բանակ չէին զորակոչում։ Թուրքերը խլում էին քրիստոնյա ծնողների որդիներին այսպես կոչված մանկահավաքի ընթացքում, դավանափոխ անում, զրկում ընտանիքի հետ շփումից, ամուսնանալու իրավունքից (սա գործել է շուրջ դարուկես), այսինքն՝ հիշողությունից և այն փոխանցելու հնարավորությունից։ Հարյուրամյակներ շարունակ՝ ենիչերիները, սեխաձև գլխարկներով, երկար թրերով սպանության այդ մեքենաները, կայսրության ռազմական հենարանն էին։
Իսլամական երկու կայսրությունում էլ քրիստոնյա գյուղացիները, արհեստավորները մի կերպ գոյատևում էին, բայց կար մի խավ, որը կարող էր դուրս գալ տեղական սահմաններից՝ վաճառականները։
Նախ երևի արժե մի փոքր խոսել, թե ով էր վաճառականը, ինչպես էին նրան վերաբերվում Միջնադարում։ Քրիստոնեական աշխարհում՝ ոչ այնքան դրական։ Հիսուսը Նոր Կտակարանում զգուշացնում էր. «Ավելի դյուրին է, որ ուղտն ասեղի ծակով անցնի, քան թե հարուստը Երկնքի Արքայություն մտնի» (Մատթ. ԺԹ 24, Մարկ. Ժ 25, Ղուկ. ԺԸ 25)»։ Կրոնական խոշորագույն փիլիսոփա Թովմա Աքվինացին, դիցուք, նույնպես արհեստավորներին ու գյուղացիներին ավելի բարձր էր դասում՝ «Նոր Կտակարանի» ցուցումներով։ Հասարակությունը պետք է որ համամիտ լիներ՝ վաճառականը չէր ցանում ու հնձում, որևէ բան չէր ստեղծում, այլ դրամ էր շահում ուրիշների քրտինքն առնել-ծախելով։ Քրիստոնյաները նաև հալածում էին հրեաներին որպես մի ազգի, որը խաչելության է դատապարտել Քրիստոսին, իսկ նրանք հնուց ի վեր հայտնի էին որպես հմուտ վաճառականներ։ Այդ վերաբերմունքը տարածվում էր նաև մյուս ազգերի վաճառականների վրա։
Անցյալի բացասական ընկալումը մեզանում հետագայում ամրապնդել են XIX-XX դարերի հակաբուրժուական գրական երկերը (հիշենք Բազազ Արտեմին «Գիքորը» պատմվածքից), ապա մասնավոր առևտրի դեմ Սովետական Միության պայքարը։ Ովքեր ՍՍՀՄ-ում պետական համակարգից դուրս էին առևտուր անում, սպեկուլյանտներ էին՝ հանցագործներ, որոնց տարիների բանտարկություն էր սպառնում։ Մյուս կողմից, յոթանասուն տարվա ընթացքում, երբ Հայաստանը ՍՍՀՄ կազմում էր, հատկապես Կովկասի երեք հանրապետությունների պետական խանութներում համատարած դարձան թերակշռումները, որակյալ ապրանքների թաքուն առուծախը, և սովետական առևտրի աշխատակիցները սիրված չէին։ Նրանց պետք է որ խստորեն պատժեր օրենքը, որն աչք էր փակում՝ կաշառքի դիմաց։ Մասնավոր առևտրի, ազատ մրցակցության բացակայությունը հանգեցրեց հետսովետական հանրապետությունների մեծ մասի տնտեսության կործանմանը՝ ՍՍՀՄ փլուզումից հետո։ Հին դաստիարակությամբ մարդիկ մինչև օրս չեն հաշտվում, որ գործարանները միանգամից դադարեցին աշխատել՝ դա բացատրելով նոր պետական գործիչների չարամտությամբ, բայց ապրանքի արտադրությունն իմաստ ունի, երբ կա սպառում՝ սովետական ապրանքները պարզապես դադարեցին գնորդ ունենալ։ Արտադրության փոխարեն 1990-ականների սկզբին ծաղկեց «սեղանիկային» առևտուրը՝ արտասահմանյան երբեմնի չճարվող սիգարետներով ու ծամոններով, և դա հավելյալ ազդակ էր, որ հասարակությունը նախանձի և հակակրի նոր «վաճառականներին»։

«Արկածախնդիր վաճառականներ» ընկերության զինանշաններից մեկը, Յորք, Անգլիա
Ինչ վերաբերում է «դասական» վաճառականներին, այն ամենավտանգավորներից է եղել աշխարհում։ Զուր չէ, որ անգլիական մի խոշոր առևտրական ընկերություն կրում էր… «Արկածախնդիր վաճառականներ» անունը (Merchant Adventurers)։
Ուշ միջնադարում մանավանդ հեռավոր երկրների միջև ապրանքների, դրանց արտադրման նորամուծությունների շրջանառությունը հանգեցրեց նոր՝ կապիտալիստական հասարակարգի առաջացմանը։ Այս գործընթացի առանցքում անսպասելիորեն հայտնվեցին հայերը։ Նրանց մեծ մասը սերում էր Արաքսի ափի մի կիրճում սեղմված Ջուղայից։
«Չեմ կարծում, որ աշխարհում կա հին Ջուղայից պակաս բերրի ու սարսափելի տեղ. ո՛չ ծառ, ո՛չ խոտ,- գրում է ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը (Jean Chardin, 1643-1713),- […] քաղաքի դիրքը, սակայն, գեղեցիկ է, և այն երկար ամֆիթատրոնի տեսք ունի»։
Հին աղբյուրներում Ջուղան հիշատակվում է որպես ավան, գյուղ, գյուղաքաղաք, քաղաք, որով տարբեր ժամանակներում անցել են միջազգային քարավանային ուղիները… այլապես հազիվ թե այդ քարքարուտ տեղում Ջուղան երկար դիմանար։ Ջուղայից ոչ հեռու կա Արաքսի ափերը կապող քառակամար կամուրջ (կողքին՝ գեղեցիկ դռներով քարավանատուն), թռիչքը՝ 37 մետր, միակը՝ շրջակայքում, որ սարքված է սրբատաշ քարերով. այն առևտրական խաչմերուկի գոյության խոսուն վկա է։ Ըստ մխիթարյան ամենագետ միաբան Ղևոնդ Ալիշանի, այն XVII դարի սկզբին քանդել է Շահ Աբաս I-ը… Բայց նա Լենկ Թեմուրը չէ, պետական գործիչ է, որի ամեն մի ավերումն ունեցել է կառուցման հեռահար նպատակ, ինչպես ցույց կտա հետագան։
Ջուղայի բնակչության կազմը սովորական չէր։ Մ.թ.ա VI դարում, ըստ Խորենացու, երբ հայոց արքա Տիգրան Երվանդյանը հաղթեց մարերի Աժդահակ թագավորին, նրա առաջին տիկնոջը՝ Անուշ թագուհուն, իր որդիներով, տասը հազարից ավելի գերիներով բնակեցրեց Գողթան գավառում, Խրամ, Խորշակունիք և Ջուղա ավաններում։ Լեոն այդպես էլ կոչում է ջուղայեցիներին «Հայ կղերական դիվանագիտությունը» աշխատության մեջ՝ ձուլված-հայացած մարեր։ Ջուղան նաև այն բնակավայրերից է, ուր տեղափոխվել են անեցիները XIV դարում Լենկ Թեմուրի կործանարար արշավանքներից հետո՝ Կիլիկիայի Սիս մայրաքաղաքի և Վանի շարքում։
XV դարի առաջին կեսում ջուղայեցիները փերեզակներ էին՝ մանրավաճառներ։ «Ասեղ, հուլունք, / Մատնիք, մարջան, / Ապարանջան»… Սա է ապրանքների տեսականին, որ նրանք վաճառում էին, ըստ Թումանյանի «Թագավորն ու չարչին» բալլադի։ Որի ենթավերնագիրն է… «Ջուղայի գաղթից»։ Վաճառում էին կամ, ավելի հաճախ, փոխանակում հավ ու ձվի հետ, քանի որ գնորդները խեղճ էին դրամից։ Չարչին՝ ծպտյալ թագավորը… Շահ Աբասն է, որի ձեռնարկած դաժան բռնագաղթից բողոքում է ծեր գյուղացին։
Շահը ծանր գնով էր Պարսից գահ բարձրացել, ստիպված էր եղել պատանի տարիքում ծպտված ապրել, որ չսպանվի, այսինքն՝ արևելյան հեքիաթների այս մոտիվը Թումանյանի բալլադում իրական հիմք ունի։
Չարչին պետք է բավական սրտոտ լիներ, որ գյուղից գյուղ գնար ճանապարհներով, որտեղ վխտում էին ավազակները։ Նա նաև պետք է քաղցր լեզու ունենար, որպեսզի գնել տար իր մանրուքը «հարսն ու աղջիկներին»։
Փերեզակների եկամուտը մեծ չէր, բայց առավել հաջողակները կուտակեցին այնքան գումար, որ խոշոր առևտրի անցնեն և սկսեցին նվաճել կովկասյան շուկան՝ Շամախին, որը բավական հայահոծ էր, իսկ իրանական խոշոր քաղաքներից՝ Գիլյանը, Ղազվինը, Թավրիզը։
Այս քաղաքների նշանակությունը մեծացավ, երբ թուրքերը 1453-ին գրավեցին Կոստանդնուպոլիսը, և անատոլիական առևտրական ճանապարհները բավական երկար ժամանակով փակվեցին։ Հայ վաճառականներն իրենց ապրանքներն ուղղեցին հյուսիս՝ Ղրիմ, որտեղ ուժեղ առևտրական համայնք ունեին նավագնաց ջենովացիները։ Բայց։ 1475-ին թուրքերը գրավեցին նաև Ղրիմը։ Հայ վաճառականների մեծ մասը, որոնց «նավահանգստային հայեր» է կոչում թեմայի բազմամյա հետազոտող Սեպուհ Ասլանյանը, տեղափոխվեց ջրանցքների վրա կառուցված Վենետիկ հրաշագեղ քաղաքը։
Դոժին ուղղված հայկական մի խորհրդաժողովի նամակում այն անվանվում է՝ «բանալի և փականք բովանդակ քրիստոնեության»։ XVI դարում հայ համայնքը, որում շատ ջուղայեցիներ կային, այնպես է ամրապնդվել Վենետիկում, ըստ կառավարման կարգի՝ հանրապետությունում, որ գրում է ինքնավար Ազգային Սահմանադրություն։ Լիվորնոյում ևս, որն այդ ժամանակ աշխույժ նավահանգիստ էր, հայ վաճառականները նույնն են անում 1553-ին։ 1591-ին հատուկ հրովարտակով նրանց այնտեղ բնակվելու արտոնություն տվեց Տոսկանայի մեծ դուքս Ֆեդերիկոն՝ իտալական Մեդիչի հայտնի տոհմից։
Կարծես թե բարեհաջող էր ավարտվում ջուղայեցիների XVI դարը Եվրոպայում, բայց
բ. բուն Հայաստանում Ջուղայի գլխին ամպեր էին կուտակվում
Օսմանյան կայսրությունը հզորանում էր, Պարսկաստանը՝ թուլանում, որի հետևանքը գահակալական խարդավանքներն էին, ներքին անկայունությունը։ Դա տևեց մինչև Շահ Աբաս I-ի գահակալությունը (1588-1629)։

Պարսկական մանրանկարում Շահ Աբասի արքունիքն է. աջ կողմի կարմիր
հագուստով տղամարդը Քարաջաղայ խանն է

Շահ Աբաս և նրա դիմավորումը Թավրիզում
Վեց տարեկան էր Աբասը, երբ կասկածամիտ եղբայրը՝ Իսմայիլ II շահը, հրամայեց նրան սպանել, բայց այն խանը, որն իրագործելու էր մահապատիժը, հետաձգեց անմեղ արյան հեղումը, մինչև անցնի մուսուլմանական հերթական տոնը։ Մի քանի օր, որ բախտորոշ եղան Աբասի և հայության համար՝ Իսմայիլ II-ը մահացավ թունավոր ափիոնի օգտագործումից։ Երկու տարի անց, հարեմ ներխուժելով, Աբասի մորը սպանեցին ղզլբաշները։ Սրանք շիա իսլամ էին դավանում և թյուրքալեզու յոթ ցեղի ռազմականացված հոգևոր միաբանության անդամներ էին։ Պարսկական զորքի հարվածային ուժը կազմելով շուրջ երկու դար՝ բարձրագույն դիրքերի էին հասել պետության մեջ։ Ղզըլ-բաշ, թուրքերեն՝ «կարմրագլուխ» էին կոչվում, քանի որ տասներկու շերտանոց կարմիր փաթթոցներ էին կրում՝ միաբանության հիմնադիր Շեյխ Հեյդարի նման, ի պատիվ տասներկու շիա իմամների։
Գահ բարձրանալով 1588-ին, տասյոթամյա հասակում՝ Աբասը շարունակեց պապի՝ Թահմասպ I-ի քաղաքականությունը։ Նա ղզըլբաշների ազդեցությունը թուլացնելու համար տասնյակ հազարավոր քրիստոնյա չերքեզների, վրացիների ու հայերի տեղափոխեց Պարսկաստան և նրանցից, դավանափոխ անելով, կազմեց այսպես կոչված «ղուլամների» (բառացի՝ ստրուկների) թիկնապահ հրաձիգ գունդը՝ թուրքական ենիչերիների նմանությամբ։ Աբասն ինքը հասակ էր առել «ղուլամների» միջավայրում՝ նրանցից սովորելով զենքի տիրապետել և որս անել։
Թեև շահն իշխանության էր եկել ղզլբաշների մի թևի օգնությամբ, նա «ղուլամներից» շատերին դարձրեց հրամանատար և կարևոր նահանգների կառավարիչ, այդ թվում՝ հայազգի Յուսուֆ խանին, որը նախ շահի որսապետն էր, ապա՝ Աստարաբադի, Շամախի, Շիրվանի նահանգապետը (1610-1624 թթ.)։ Իսկ Երևանում ծնված Քարաջաղայ խանը, որի մանկության ընկերն էր Յուսուֆը, 1716-ին նշանակվել էր Պարսից զորքի սպարապետ, եղել Թավրիզի և ամբողջ Ադրբեջանի, ապա Մաշադի կառավարիչը՝ հյուսիս-արևելյան Խորասանում։ Նա արվեստասեր էր և ճենապակու հարուստ հավաքածու ուներ։ Այսքանն էլ, հիմնական նյութից շեղվելով, շահի դավանափոխ հայկական շրջապատի մասին։
Շահը 1590-ին հաշտություն կնքեց Օսմանյան կայսրության հետ՝ մեծ տարածքներ զիջելով, որպեսզի ամրապնդի երկիրը։ Նա արդիականացրեց բանակը անգլիացի երկու արկածախնդիր սպայի՝ Էնթընի և Ռոբերթ Շիրլի եղբայրների օգնությամբ և Միջին Ասիայում մի շարք հաղթանակներ տարավ։ Ապա Օսմանյան կայսրությունից հետ նվաճեց Թավրիզը, 1602-1604 թթ.-երին՝ կովկասյան տարածքները, այդ թվում՝ Երևանը, հնգամսյա պաշարումից հետո։
Երևանի Ամիրգունա խանի մասին պատմում էին, որ եթե հղի կնոջ ամուսնուն տանում էր կոռի՝ հարկադիր աշխատանքի, դա տևում էր այնքան, մինչև որդին մեծանում-միանում էր հորը… բայց օսմանյան վայրագություններն ու հարկային կողոպուտն այնքան ավելի անտանելի էին, որ հայերը, ուրիշ քրիստոնյա և մուսուլման ազգեր ցնծությամբ էին դիմավորում Շահ Աբասին։ Թավրիզում շատերն իրենց թուրք փեսաների և աներորդիների գլուխներն էին նվեր բերում շահին, իսկ մայրերն իրենց ձեռքով սպանում թուրքերից ծնված զավակներին, որպեսզի այդ «չար ժողովրդից որևէ հիշողություն չմնա» (սա պատմում է ժամանակակիցը՝ պորտուգալական Սիրեն քաղաքի եպիսկոպոս Անտոնիո դե Գուվեյան (António de Gouveia, 1575-1628), ջուղայեցիներն էլ քաղաքի փոքրաթիվ կայազորն են կոտորում և, թուրքերի գլուխները տեգերի ծայրին հագցրած, ընդառաջ գալիս շահին։
Այնուհետև Շահ Աբասը աղետալի «մեծ գաղթը» կազմակերպեց, որը Թումանյանը նկարագրում է «Թագավորն ու չարչին» բալլադում. «Ետևը՝ սո՜ւր, առաջը՝ ջո՜ւր»՝ այդ տարի, ի լրումն ամենի, Արաքսն էր վարարել։ Բալլադի ենթավերնագիրն է՝ «Ջուղայի գաղթից», բայց բռնի Պարսկաստան տեղափոխեցին Նախիջևանի գավառի, Երևանի, Հայաստանի տասնյակ ուրիշ քաղաքների, հարյուրավոր գյուղերի բնակչությունը։
Պայմանավորվա՞ծ էր «Մեծ գաղթը» հայերի կամ քրիստոնյաների հանդեպ Շահ Աբասի թշնամությամբ։
Ոչ։ Պատմագիտության մեջ արդեն ընդունված տեսակետ է, որ շահը «այրված հողի» քաղաքականություն է վարել Օսմանյան կայսրության դեմ 1604-1606 թթ.-երի պատերազմում։ Վստահ չլինելով, որ կպահպանի գրաված հողերը՝ նա բնակչությանը տեղափոխել է Պարսկաստան, որպեսզի Օսմանյան բանակները, տեղական պարենավորումից զրկվելով, չկարողանան ամրանալ ու հետ քաշվեն։ Սա հիմնավոր մեկնաբանություն է։ Ավելին՝ հայկական մի հիշատակարան տեղեկացնում է, որ թուրքական զորքն այնքան մոտ է եղել, որ բոլորի հետ միասին «(շ)ահ մեծ անկաւ։ Ամենեքեան թափեցան ի ջուրն եւ անցին միասին թագաւորն եւ իւր զորք եւ ռամիկքն»։ Ուրեմն, շահն էլ է մի կերպ գետն անցել։ Հետաքրքիր է, որ, ի տարբերություն բազում նկարագրությունների, այս դեպքում «ոչ ոք վնասեցաւ խնամովն Աստուծոյ»։
Բայց։ Ռազմագիտականից բացի, շահի կազմակերպած «մեծ գաղթը» մի քանի ուրիշ խնդիր լուծեց։ Նա մի անգամ բացեիբաց հայտարարել է՝ «Ես ամենանվաստ քրիստոնյայի կոշիկի ներբանների փոշին գերադասում եմ օսմանյան ամենաբարձր պաշտոնյայից»։ Սա ասում էր քրդական ծագումով, լիովին թուրքացած Սեֆյան գահատոհմից սերված մի շահ, քանի որ նրա համար մեծագույն վտանգը թուրքական տարրն էր, հատկապես՝ ղզլբաշները։
Առաքել Դավրիժեցին գրում է, որ Շահ Աբասը «ի վաղ ժամանակաց ունէր ի մտի» տարհանել քրիստոնյա ազգերին։ Եվս մեկ առանձնահատուկ տեղեկություն. քչերը գիտեն Հայաստանում, որ շահը, շուրջ 300.000 հայերից բացի, գաղթեցրել է 200.000 վրացու և տասնյակ հազարավոր չերքեզների, որ այդ ժամանակ դեռ քրիստոնյա էին։ Չերքեզներն ու վրացի ազնվականները պետք է բանակի սերուցքը կազմեին՝ բռնի իսլամացվելուց հետո։ Նույնիսկ հարեմում նա, թուրքական ծագման կանանց փոխարեն, չերքեզուհիներին ու վրացուհիներին տվեց նախապատվությունը, որոնք իրենց ազդեցությունն արքունիքում կօգտագործեին ոչ թե հանուն որևէ իսլամական ցեղախմբի կամ «կուսակցության», այլ արժանավոր անհատների առաջխաղացման։
Վրացի և հայ գյուղացիներին վերապահված էր շերամապահության զարգացումը Գիլյանում ու Մազանդարանում։ Շահն ուզում էր Մազանդարանում հաստատել իր երկրորդ մայրաքաղաքը՝ Ֆարահաբադը, բայց ճահճային տեղանքի և մալարիայի պատճառով հազարավոր վերաբնակներ մահացան, իսկ ով կարողացավ, փախավ։
Բոլորովին տարբեր գործառույթ պետք է ստանձնեին ջուղայեցիները։ Նրանց սպասում էր ոսկե վանդակ՝ Նոր Ջուղան, և երկարամյա «քաղցր»
գ. գերությունը
Շահ Աբասը մայրաքաղաքը Ղազվինից 1598-ին տեղափոխել էր երկրի խորքը՝ Սպահան, որի մի ընդարձակ արվարձանը հատկացրին հայերին։ «Մեղավորը» իրենք՝ ջուղայեցիներն էին, 1603-ին շահը հյուրընկալվել էր Ջուղայում, Խոջա Խաչիկի դաստակերտում։ Երեք գիշեր քաղաքը ցերեկվա պես լուսավոր էր, քանի որ հիսուն հազար լապտեր էր վառվում։ Գորգեր ու կերպաս էին փռել շահի ճանապարհին, որպես նվեր ոսկե սկուտեղներով ոսկու ձուլակտորներ մատուցել։ Եվ, իհարկե, «պատուեցին զնա համադամ կերակրօք և ծաղկահամ գինեաւ» (Առաքել Դավրիժեցի)։
Ջուղայի գերեզմանատան հազարավոր «ասեղնագործ» խաչքարները, որոնք ոչնչացրեց Իլհամ Ալիևը 2005-6 թվականներին, նույնպես քաղաքացիների անբավ հարստության ապացույց էին։

Լուսանկարը՝ Արամ Վրույրի, 1915 — Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն, Հայաստան, ԳԳ 70, Ա. սև 1/1411
Շահը հասկացավ, որ այս քաղաքի գլխավոր գանձը ջուղայեցիներն իրենք են։
«Խոջաները»՝ այս փոքրիկ քաղաքի բազմաթիվ վաճառականները կարողացել էին հաղթահարել օսմանյան անապահով ճանապարհները, մաքսավորների («ռահտարների») սանձարձակությունները, տարերքի փորձությունները, պարբերական համաճարակների դժվարությունները և, կտրելով պետական փոփոխական սահմանները, շահույթով արտահանել, շահույթով ներմուծել ու հարստություն կուտակել։ Ուրեմն, ինչեր կանեին սրանք, եթե աջակցություն ու հովանավորություն ունենային։
Շահ Աբասը ցուցաբերեց քաղաքա-տնտեսական հանճար։ Նա ոչ միայն կրոնափոխություն չպահանջեց ջուղայեցիներից, ինչպես՝ վրացիներից ու չերքեզներից, այլև նույնիսկ ուզում էր Մայր տաճարը Էջմիածնից քանդել-տեղափոխել Նոր Ջուղա։ Այս «լավությունը» մեծ դիմադրության հանդիպեց։ Շահն էլ անմիջապես նախաձեռնեց եկեղեցու շինարարություն, որի շուրջը մի քանի տասնամյակ անց հառնեց Սուրբ Ամենափրկիչ շքեղ վանքը՝ հայ-իրանական հոգևոր ճարտարապետության զուգադրությամբ և որմնանկարներով, որոնք կրում են… Վերածննդի իտալական նկարչության ազդեցությունը (վերջինս առանձին մեծ թեմա է՝ շեղվելու համար)։
Շահը հրամայեց Արքունատան նախարարին խստորեն պատժել այն մուսուլմաններին, որ «մի քանի սեխի, մի քանի լիտր խաղողի և բամբակեհատի համար» կռվել էին ջուղայեցիների հետ։ Հայերը մի ժողովուրդ են, «որը, ի պատիւ մեզ լքել է հազարամեայ հայրենիքը… ձեր տունն է եկել», ջուղայեցիներն էլ թողել են երկու հազար թուման արժեցող տները, կուտակած ոսկին ու մետաքսը։ Սա 1606 թվականի ֆերման էր, հրամանագիր, իսկ 1618 թվականի «հրովարտակով Շահ Աբաս Մեծը, իբր արտայայտութիւն իր ունեցած արքայական շնորհների և սիրոյ, Ջուղայի հայերին է նւիրում Զայանդեռուդ գետի աջ ափի եզերքի պետական հողերը և հրամայում պետական դիւանապետին, որ մատեանների մէջ այդ հողերը արձանագրւեն հայերի անունով»… Ահա թե ինչու շահին կարող էր զայրացնել նաև «Թագավորը և չարչին» բալլադի ծերունին, թեև նրա պատմական կերպարին չի համապատասխանում, որ իր ձեռքով սպաներ որևէ մեկին, ինչպես Թումանյանն է ներկայացրել։
Սպահան նոր մայրաքաղաքի նոր արբանյակ քաղաքը «խասե» էր, այսինքն՝ ուղղակիորեն ենթարկվում էր շահին (մեր խոսակցական լեզվում մինչև հիմա կա «խաս պահած» արտահայտությունը) և ուներ լիակատար ինքնավարություն՝ ինքն էր ընտրում քաղաքապետին։
Շահը հայերին առանց տոկոսի պետական վարկավորման իրավունք տվեց, որպեսզի չսահմանափակվեն իրենց ունեցած մեծ կամ փոքր գումարներով, այլ ընդլայնեն առևտուրը։ Նա մետաքսի հումքի պետական մենաշնորհ հայտարարեց, որպեսզի վարչական խոչընդոտներ չլինեն. հայերը գնե՛ն այն, արտահանեն-վաճառեն, և լցնեն գանձարանը։
Մետաքսի ծագումն առասպելը վերագրում է բոժոժին, որը թթի ծառից ընկել է կայսրուհի Սի Լինշիի թեյի բաժակն ու ջերմությունից վերածվել թելի… Իսկ Իրանում, ըստ գերմանացի աշխարհագրագետ Ադամ Օլեարիուսի (1599-1671), տարեկան 20 հազար հակ մետաքսի հումք էր հավաքվում այդ ժամանակ (շուրջ տասը տոկոսը՝ Ղարաբաղից), որից միայն հազարն էր վերամշակվում։
Հազիվ թե ջուղայեցիները պատկերացնում էին, թե ինչ է իրենց սպասում՝
դ. մրցակցություն «ծովային ազգերի» հետ
Եվրոպայում արդեն կային առևտրական խոշոր ընկերություններ՝ թագավորական ընտանիքի, պետական այրերի մասնակցությամբ։ Հիմնական նպատակը Հնդկական օվկիանոսի շուկան գրավելն էր, որն ուղղակիորեն արտացոլվում էր այդ ընկերությունների անվանումներում՝ Արևելա-հնդկական։

Անգլիական Արևելա-հնդկական ընկերության պաշտոնյա, 1760
Առաջինը հիմնվեց Անգլիայում, 1600-ին, ապա Նիդերլանդներում՝ 1602-ին։
Առևտրական ընկերություններն ունեին սեփական նավեր ու զորք։ Հնդկաստանը, Հեռավոր-արևելյան Ասիան միշտ գրավիչ է եղել որպես շուկա։
Դպրոցական դասագրքերից իսկ հայտնի համեմունքներով, որոնք Եվրոպայում ոսկու գին ունեին։ Ուրեմն, ինչո՞ւ հատկապես հիմա էր պետք ռազմականացված ընկերություններ ստեղծել։ Պատճառը… Կոլումբոսն էր, որը 1492-ին հայտնագործեց «Նոր Հնդկաստանը»՝ Ամերիկան։
1545-ին իսպանացիները Պերուում սկսեցին շահագործել Պոտոսի կոչվող հանքավայրը Սեռո Ռիկո լեռան գագաթի մոտ, որի բարձրությունը քիչ է զիջում Արարատին, 4782 մետր է։ Համանուն քաղաքը՝ ծովի մակարդակից բարձր 4090 մ, շուտով ունեցավ շուրջ 200.000 հազար բնակչություն՝ հանքը պարունակում էր ամբողջ աշխարհի արծաթի 60 տոկոսը, որի մեծ մասն արտահանվում էր Ֆիլիպիններ։ Որն այսօր Ասիայի երկու քրիստոնյա պետություններից մեկն է, անվանակոչվել է Իսպանիայի Ֆիլիպ II թագավորի պատվին՝ հայտնի նաև որպես Ֆիլիպ Խոհեմ (1556-1598)… թեև նրա կառավարման չորս տասնամյակի մեծ մասն անցել է պատերազմների մեջ, որոնցից վերջինն ավարտվեց նրա մահվանից վեց տարի անց։ Իսպանացիներն արծաթի մեծ մասը տանում էին ոչ թե Եվրոպա, որի շուկայում թանկարժեք մետաղի գնանկում կառաջանար, այլ Մանիլա, և վաճառում Հնդկական օվկիանոսում, որտեղ և ուղղվեցին «նավահանգստային ազգերը»… որպեսզի հանդիպեին իրենցից առաջ ընկած հայերին։
Պարսկաստանի Սպահան մայրաքաղաքի Նոր Ջուղա արվարձանի հիմնումից ընդամենը վեց տասնամյակ անց՝ 1667-ին, Ալեքսեյ Միխայիլովիչ ցարի օրոք պայմանագիր կնքվեց հայ բանագնացների պատվիրակության հետ, ըստ որի՝ պարսկական մետաքսի հումքը միայն Ռուսաստանով պետք է արտահանվեր Եվրոպա։ Անգլիացիներն ու հոլանդացիները, որ ձգտում էին այդ արտոնությանը, մերժում ստացան ռուսներից՝ վտանգավոր մրցակիցներ էին։ Ռուսական կայսրության Աստրախան հանգուցային նավահանգստում հայերը շուտով մեծամասնություն կազմեցին, իսկ 1746-ից արտոնություն ստացան ունենալու Հատուկ դատարան և Դատաստանագիրք, որը պարունակում էր… 214 տնտեսական հոդված։
1688-ին անգլիացիների՛ Արևելա-հնդկական ընկերությունը համաձայնագիր ստորագրեց հայերի հետ։ Ընկերությունը պատրաստ էր իրեն պատկանող ցանկացած քաղաքում տարածք հատկացնել, որտեղ իր ծախսով հայկական եկեղեցի կկառուցեր և յոթ տարի շարունակ հիսուն ֆունտ (կարելի էր ինը ձի գնել) կվճարեր այն հոգևորականին, որին այստեղ կհրավիրեին։ Հայ վաճառականներին տրվեցին Անգլիայի քաղաքացիներին հավասար իրավունքներ… «Չկարողանալով յաջողութեան հասնիլ հայերու հետ մրցապայքարին մէջ, անգլիացիները դիմած են «եթէ չես կրնար յաղթել անոնց, միացիր անոնց» քաղաքականութեան», մեկնաբանում է պայմանագիրը «Հնդկական օվկիանոսից մինչև Միջերկրական. Նոր Ջուղայի հայ վաճառականների համաշխարհային առևտրային ցանցերը» գրքի հեղինակ Սեպուհ Ասլանյանը։
1629-ի նոյեմբերի 23-ին հրապարակվում է կարդինալ Ռիշելիեի հատուկ արտոնագիրը՝ հայ վաճառականներին Մարսել ազատ մուտք ու ելք ունենալու իրավունքի մասին, որը մինչև այդ սահմանափակվել էր ֆրանսիացի առևտրականների պահանջով։
Սկսեցին օվկիանոսից օվկիանոս նավարկել հայկական նավերը։ Ղևոնդ Ալիշանը հիշատակում է մի շարք վենետիկցի նավատեր հայերի անուններ՝ Շահումյաններ և Նուրիքյաններ, որոնց նավերը կոչվում էին «Սուրբ Խաչ» (La Santa Croce) և «Տիրամայր Շնորհաց» (Madonna della Grazia), Առաքել Գերաքյանի նավը կոչվում էր «Խաղաղության Տիրամայր» (Madonna della Pace), վաճառական Զանդի նավը «Սուրբ Հոգի» (Տрirito Santo)։ Հոլանդիայի և Մերձավոր Արևելքի միջև նավարկում էին` «Հայաստանի վաճառականը» (Соорman van Armenian) և «Պարսկաստանի վաճառականը» (Сооpman van Persien)։ Ֆրանսիացիների բարեկամ Խոջա Վաջիդն ուներ վեց նավ՝ «Սալամաթ Ռեսան» (Salamat Ressan), «Սալամաթ Մանզիլ» (Salamat Manzil), «Մուբարաք» (Mobarak), «Գենսամեր» (Gensamer), «Մեդինա Բախշ» (Medina Baksh) և «Մուբարաք Մանզիլ» (Mubarak Manzil)։ Հայ խոշորագույն նավատերերից էր Խոջա Մինասը, որն առաջին նավը ձեռք է բերել, ըստ հնդիկ կին գիտնական Շիրին Մուսվինի (Shireen Moosvi), 1663-ին։ Մուսվինը թվարկում է Մինասի չորս նավերի անունները՝ «Սուրբ Միքայել» (St. Michael), «Սուլեյմանի» (Selimony [= Sulaimani]), «Քեդահյան վաճառական» (Queddah Merchant) և «Հոփուել Բրյուս» (Hopewell Bruce)։ «Քեդահյան վաճառականը»՝ 400 տոննայանոց նավ, որը մի քանի տասնյակ թնդանոթ ուներ, իսկ նավապետը անգլիացի էր (John Wright), 1698-ին գրավել է հռչակավոր ծովահեն Քիդը։

Նավապետ Քիդի մահապատիժը
Ծովահենները հաճախ էին գործակցում Մեծ Բրիտանիայի կամ Արևելա-հնդկական ընկերության «պատվերով»։ «Քեդահյան վաճառականի» դեպքից շատ չանցած, 1701-ին, բայց ոչ այս պատճառով, Քիդը կախաղան հանվեց Լոնդոնում։ «Քեդահյան վաճառականը» երեք դար կորած էր, և միայն 2007-ին նավի մնացորդները հայտնաբերվեցին Դոմինիկյան Հանրապետության ծովեզրին։
Եղել են նաև հայ նավապետեր։ Ջուղայեցի խոջա Հովսեփի գերեզմանաքարին (1704) մակագրություն կա.
Նաւավար էր ուրոյն նաւի
Համագործ էր նաւապետի…
Իսկ Թովմաս Խոջամալյանը (1720, Նոր Ջուղա — 1780, Ագրա, Մեծ Մողոլների կայսրություն), եղել է նավապետ, ապա պաշտպանել է հնդկահայ վաճառականների իրավունքներն ընդդեմ անգլիական Արևելա-հնդկական ընկերության ու Բենգալիայի գենենալ-նահանգապետ Վանսիթարտի։ Նա Լոնդոնում մի քանի տարվա ջանքերից հետո շահեց դատը և ստացավ 500.000 դահեկանի փոխհատուցումը։ Այնուհետև Խոջամալյանը… գրել է «Պատմություն Հնդկաց» ուսումնասիրությունը (1768), որի մեծ արժանիքն այն է, որ իրադարձությունները ներկայացնում է ո՛չ գաղութարարների շահերի տեսանկյունից, ինչպես ժամանակի շատ եվրոպացի հեղինակներ։
Այս բոլորից հետո երևի զարմանալի չթվա, որ աշխարհի խոշոր քաղաքները, որտեղ համայնքներ ունեին կամ կանոնավոր առևտուր էին անում ջուղայեցիները, հարյուրից ավելի էին, իսկ Պարսկաստան տարեկան 40 հազար իրանահպատակ հայ առևտրական է ելումուտ արել, ըստ ճիզվիտ քահանա Թադեուշ Կրուզինսկու (1675-1756)։
Ֆրանսիական լուսավորության նշանավոր ներկայացուցիչ Շառլ Լուի Մոնտեսքյոն (1689-1755) «Պարսկական նամականի» ստեղծագործության մեջ գրում է, որ Սևծովյան Զմյուռնիա (Իզմիր) նավահանգստից «հայկական քարավաններն ամեն օր են մեկնում Սպահան»։ Հայ վաճառականը «կարողանում է սիրալիր րնդունելություն գտնել բոլոր ժողովուրդների կողմից, որոնց մոտ լինում է», համարում է գերմանացի մեծ փիլիսոփա Էմանուիլ Կանտը (1724-1804)։ «Հայերը, որոնց շարքին կաթոլիկներու որոշ թիւ մը կայ, ամբողջ Ասիոյ ամենէն կարող եւ խորամանկ գործարարներն են. անոնք կը ճանչնան առեւտրական կեդրոնները եւ կը գործեն բոլոր արտադրողներուն հետ՝ թէ՛ ծովեզերային գօտիներուն եւ թէ՛ այդ երկիրներուն ներքին շրջաններուն մէջ։ Անոնք են, որոնք անգլիացիներուն սորվեցուցած են աշխարհի այդ մասին առեւտուրը»՝ սրանք իսպանացի դի Պերեյրա Վիանայի խոսքերն են, որ մեջբերում է Սեպուհ Ասլանյանը։
Սա նշանակում էր, որ համաշխարհային առևտրական մրցակցության սկզբնախաղը շահել էին հայերը, բայց
ե. եկավ միջնախաղի ժամանակը, որն ավելի բարդ էր
Շահ Աբասը հայկական առևտրական ընկերություն չէր հիմնել։ Պատճառը նրա հեռատեսությո՞ւնն էր, թե՞ երկրի համակարգային հետամնացությու՞նը, դժվար է ասել, բայց դա սկզբնական շրջանում որոշակի առավելություններ տվեց հայերին։
Ինչ էլ նրանք դնեին ընկերության անունը, այն համարվելու էր պարսկական, ուրիշ երկրներից արժանանալով այնպիսի վերաբերմունքի, որը տվյալ պահին կունենային միջպետական հարափոփոխ առնչությունները։ Իսկ ջուղայեցիները… հայերը՝ կային նաև ագուլիսցի, երևանցի, վանանդեցի խոշոր վաճառականներ, իրենց բեռները տեղափոխում էին՝ ինչ երկրի դրոշի տակ «այդտեղ և այդժամ» հարմար լիներ… երբեմն էլ իրենց դրոշակը պարզում։ Դա նաև անհրաժեշտ պահին ազատում էր պատասխանատվությունից, քանի որ «իրավաբանական անձ» չէին։ Նրանք, դիցուք, խախտեցին թե՛ Ռուսաստանի, թե՛ անգլիացիների հետ կնքված պայմանագրերը՝ ոչ դիտավորյալ։ Ռուսաստանի դեպքում կազակներն էին կողոպտում ճամփորդներին, սպանում, իսկ «ապստամբ» Ստեփան Ռազինը… ներխուժել էր Պարսկաստան՝ փակելով քարավանային ճանապարհները, ասպատակել Գիլյանի և Մազանդարանի գավառները։ Անգլիացիները՝ իրենց հերթին, պարբերաբար պատերազմում էին մյուս եվրոպացիների հետ, և նրանց նավերը չէին կարող խարիսխ գցել Հնդկական օվկիանոսի շատ քաղաքներում, որտեղ հոլանդացիները կամ պորտուգալացիներն էին ոտքները պնդացրել, և հայերի բեռները կմնային։
Արևելա-հնդկական ընկերության պաշտոնական գրագրության մեջ անգլիացիները հաճախ վատաբանում են հայերին, բայց նույն շրջանում, անելանելիությունից, իրենք են խնդրում նրանց, որ տվյալ պահի իրենց հակառակորդի նավով անգլիական բեռներ տեղափոխեն հատկապես արծաթի առևտրի երկարամյա մայրաքաղաք Մանիլա, որը իսպանական տիրապետության տակ էր։
Ջուղայեցիների, որոնց «անսահման թվերից» բողոքում է ֆրանսիական առևտրական ընկերության բարձրաստիճան պաշտոնյա Ռոքը, «իրավաբանական անձ» չլինելը խնայում էր վարչական անձնակազմի, բյուրոկրատիայի մեծ ծախսը։ Իրենց գործունեության նախնական փուլում, դեռ 1619-ին, դա պիտի օգնած լիներ ջուղայեցիներին շահել պարսկական մետաքսի արտահանման իրավունքի աճուրդը։ Նույնիսկ շահի միապետական լիազորությունները բավական չէին, որ նա կամայական որոշումներ կայացներ հօգուտ իր հպատակ հայերի, եթե նրանք լավ գին չառաջարկեին՝ Շահ Աբասը եվրոպական պետություններից շատերի հետ բանակցություններ էր վարում Օսմանյան կայսրության դեմ դաշինք կազմելու համար, և նրանց վաճառականներին չէր կարող նեղել։
Ինչո՞ւ հենց պարսիկ վաճառականները չէին արտահանում իրենց երկրի արտադրանքը, այլ առավելագույնը 30000 բնակիչ ունեցող Նոր Ջուղան էր մրցակցում եվրոպական պետությունների հետ։ Մի առանցքային հատկության շնորհիվ, որը նշում էին նրանց բոլոր մրցակիցները՝ խնայասիրությունը։ Նրանք նույնիսկ իրենց անկողիններն էին հետները տանում քարավաններով (որոնց ամեն յոթերորդ ուղտը հատկացվում էր անձնական իրերին), որպեսզի օտար վայրերում դատարկ սենյակ վարձեն, որտեղ ապրում էին 5-6 հոգով։ Նրանք ուտելիք էին վերցնում իրենց հետ, որն ամբողջությամբ չէին օգտագործում, մի մասը հետ էին տանում։ Ճիշտ է, դա երբեմն վերածվում էր ծայրահեղ ժուժկալության կամ ուրիշների հանդեպ կծծիության, որ հատկապես անախորժ էին մեծահարուստ վաճառականների դեպքում։ Իսկ պարսիկ վաճառականները… իրենց վայելքներին էին տալիս օտար երկրներում։ Ինչպես և՝ պարսիկ դեսպանները։ Այդ պատճառով Շահ Աբասը 1610-ին նորջուղայեցի Խոջա Սաֆարին ուղարկեց Վենետիկի Հանրապետություն, որի հետ Պարսկաստանը… շուրջ երկու դար բանակցում էր, որպեսզի բարեկամանա ընդդեմ երրորդի՝ Օսմանյան կայսրության։ Ռուսաստանում ևս շուրջ քառորդ դար, 1654-ից, պարսից դեսպանն էր նորջուղայեցի Վասիլի Դաուդովը (Ալամարցյան)։
Ջուղայեցիների մյուս մրցակցային առավելություններն էին՝ արհեստավարժությունը, աշխատասիրությունը, տեղեկատվական ցանցը… հավատարմությունը ազգային ինքնությանը, վստահելիությունը։
Արհեստավարժությունը պայմանավորված էր ժառանգորդությամբ։ Որդիները փոքր տարիքից սովորում էին հայրերի գործը։ XVII դարի կեսերից նաև համապատասխան կրթություն էին ստանում Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի դպրոցում, որտեղ առևտրական դասընթաց էր վարում Կոստանդ Ջուղայեցին (1630-ականներ-1702)։ Նա երեք հարյուրից ավելի երեխայի է ուսուցանել «համարողական արհեստներ», վերջնարդյունքում՝ հաշվապահություն և տոմարագիտություն։ Ուսանողներն «անցնում էին» նաև տաղաչափություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն, սաղմոսերգություն, որը նրանց բազմակողմանի զարգացումն էր ապահովում։
Ջուղայեցին գրել է երկու դասագիրք՝ «Աշխարհաժողով» և «Արհեստ համարողութեան»։ Առաջինում նախ գրաբարով վարքի կանոններ է պատգամում աշակերտներին. «Մի՛ լինիր ստայխօս, մի՛ լինիր քուֆրատու, մի՛ լինիր զրկող, մի՛ լինիր ուխտազանց, որ է եղրարազանց, մի՛ լինիր երդումնակեր, մի՛ լինիր բարկացող, մի՛ լինիր ինքնակամ և ինքնահաճ», ապա… արդեն խոսակցական լեզվով գործնական գիտելիքներ է փոխանցում։ «Արհեստ համարողութեան»-ը լույս է տեսել 1675-ին Մարսելում, և առաջին աշխարհաբար գիրքն է։ Կոստանդ ուսուցչապետի Ալեքսանդր որդին եղել է ամենայն հայոց կաթողիկոս (1706-1714)՝ վեց կաթողիկոսների շարքում, որոնք կա՛մ ջուղայեցի էին, կա՛մ օծվել են ջուղայեցի խոջաների աջակցությամբ։
Ջուղայեցի Շահրիմանյանների ծախսով Խաչատուր Էրզրումցին (1666-1740, Լեոն գրում է նաև՝ Կարնեցի) աստվածաբանական բազմաթիվ գրքեր է լույս ընծայում, 1711-ին նաև՝ «Բովանդակութիւն ամենայն ուսմանց» երկհատոր հանրագիտարանային հրատարակությունը։ Իսկ 1699-ին Ամստերդամում տպագրվեց Ղուկաս Վանանդեցու «Գանձ չափոյ, կշռոյ, թւոյ և դրամից բոլոր աշխարհի» վաճառականական ձեռնարկը, որը ժամանակի տնտեսական տեղեկատվության մի հարուստ շտեմարան է… Իսկական սխրանք՝ պետականություն չունեցող ազգի համար… Բայց։ Ուժերի հարաբերակցությունը գնալով փոխվում էր հօգուտ Եվրոպայի, որտեղ արդեն ֆինանսական տեղեկագրերը տասնյակներով էին հաշվում, իսկ վաճառականական դասագրքերը՝ հազարներով։
Նոր Ջուղայի առևտրական դպրոցում չէին դասավանդում օտար լեզուներ։ Դրանք ուսուցանվում էին Պարսկաստանում հաստատված կաթոլիկական միաբանություններում։ Այդտեղ հաճախելու համար հարկավոր էր դավանափոխ լինել։ Հանուն աշխարհի տարբեր անկյուններում հաղորդակցության դյուրության որոշ հայ պատանիներ (և նրանց ծնողները) կաթոլիկություն ընդունեցին, որի դեմ պայքարում էր Լուսավորչական եկեղեցին և համայնքը։

Նորջուղայեցի ազնվական տիկին՝ նորջուղայեցիներից շատերը սերում էին կամ հետագայում ստացել են ազնվականական տիտղոսներ
Նոր ջուղայեցիները վաստակած դրամագլուխը չէին քնեցնում, վարկ էին տալիս իրենց գործակալ-աշակերտներին, բավական բարձր փայաբաժին վերցնելով, բայց նորելուկ վաճառականները ի վերջո ինքնուրույնանում էին, և ընդլայնվում էր ընդհանուր գործունեության դաշտը։
Հավատարմությունը ազգային ինքնությանը արտահայտվում էր համայնք ստեղծելու մշակույթով։ Երբ հայ վաճառականը հաստատվում էր որևէ օտար երկրում, Նոր Ջուղայից կանչում էր նախ օգնական-գործակալների, ապա… հարսնացուներն էին ժամանում և քահանան, որին սպասում էր նորակառույց եկեղեցին։ Ամստերդամում, որտեղ ընդամենը 60 տուն հայ է ապրել, համայնքն ունեցել է իր եկեղեցին, իսկ միայն Ոսկան Երևանցին (նույնպես՝ Նոր Ջուղայում ծնված) 16 գիրք է հրատարակել, այդ թվում՝ առաջին հայերեն «Աստվածաշունչը»։ Հայագետ Հուրի Բերբերյանը նշում է այն մեծ դերը, որ ունեին Նոր Ջուղայի կանայք, որոնց ամուսինները բացակայում էին ամիսներով, տարիներով, երբեմն՝ տասնամյակներով։ Նրանք պետք է գլուխ հանեին առևտրական հաշիվներից, վերահսկեին գործերը և քահանաների օգնությամբ գրված նամակներով տեղյակ պահեին իրենց ամուսիններին իրավիճակի մասին։
Իհարկե, սա չէր նշանակում, թե ջուղայեցի բոլոր վաճառականներն օրինակելիության տիպար էին։ Եկեղեցական գործիչ, ժամանակագիր Գրիգոր Դարանաղցին (1576-1643) էջեր է նվիրել նրանց «վտանգավոր կապերին»։
Խաչատուր անունով մեկը, որը ուներ կին և զավակներ, մի ռուս աղախին է գնել Եգիպտոսում, որի հետ բացեիբաց շրջել է մարդաշատ վայրերում։ Մյուս վաճառականները դիմել են Դարանաղցուն, որ կա՛մ իրենց էլ թույլ տա, կա՛մ նրան արգելի, քանի որ շատ մեծ է գայթակղությունը։ Հոգևորականի խրատները, բանադրանքը, անեծքները չեն ազդել, ի վերջո, Խաչատուրը գնացել է Լեհաստան, որտեղ… նաև սեռական կողմնորոշումն է փոխել։ Դարանաղցու «Ժամանակագրության» այս դեկամերոնյան էջերում պատահում են այլ ջուղայեցի վաճառականներ ևս, որոնցից մեկը կաթոլիկություն է ընդունել՝ իտալուհու հետ ամուսնանալով, «բազում» ուրիշներ «ի Մըսր», այսինքն՝ Եգիպտոսում՝ իսլամ, նույն հողի վրա։ Շատ են այցելությունները «պոռնկատուն», որտեղ բռնվելը ոչ միայն հասարակական պարսավանքի, այլև մեծ տուգանքների էր հանգեցնում։ Դարանաղցին այպանում է ջուղայեցիներին շատ այլ մեղքերի համար, բայց նրա սրված ատելության թաքուն պատճառը կարծես թե այն է, որ, բացի Էջմիածնից ու Երուսաղեմից, նրանք ուրիշ վանքերի չեն օգնում դրամով։
Վստահելիության հիմքերը մի քանիսն էին։ Հայ վաճառականները հիմնականում նույն գերդաստանից էին՝ մեկի զեղծարարության համար պետք է պատասխան տային բոլորը։ Գերդաստանի ավագը ստանում էր հաշվետվությունների տետրերը, իսկ ընդհանուր վերահսկողությունը կատարում էր Նոր Ջուղայի քալանթարը՝ ընտրովի քաղաքապետը։
Շահն անսահման դյուրությամբ վարկ էր տալիս՝ վաճառականներ կային, որ միայն իրենց բեղի մազն էին գրավ դնում՝ ոչ երկու մատով բռնած տանելով, այլ փոքրիկ գեղեցիկ տուփով, բայց խաբեության դեպքում նույնքան խիստ կլիներ պատիժը՝ թե՛ միապետի կողմից, թե՛ առևտրական ցանցի։ Պարսկական ասացվածք կա այդ ժամանակներից, թե «Հայը սուտ չի խոսում»։
Ֆրանսիացի բնագետ Ժոզեֆ դը Տուրնըֆորը (1656-1708) գրում է, որ հայ վաճառականներն անձնազոհաբար մինչև պարանոցը ջուրն էին մտնում, որպեսզի դուրս հանեն ձիերին, փրկեն սեփական կամ իրենց վստահված բեռները, որոնք համեստ ապրող շատ ընտանիքների ներդրած գումարներով էին գնվել։

Գորգին խան (նորջուղայեցի Գրիգոր Հարությունյան)
Հայերը տեղաբնիկներին ոչնչով չէին սպառնում՝ եթե նույնիսկ ունեին անձնական զենք, չունեին հետևից զորք, որը գալիս էր/գալու էր գաղութացման նպատակով։ Այս բանի շնորհիվ նրանք մեծ արտոնություններ էին ստանում, մասնավորապես, Հնդկաստանի Մեծ Մողոլների կայսրության լուսավորյալ կառավարիչներից՝ իրենց հերթին գաղութարարների դեմ կռվելով որպես բարձրագույն հրամանատարական կազմ առնվազն մեկ հնդկական ապստամբության ընթացքում (նախկին վաճառական, ապա բանակի գլխավոր հրամանատար Գորգին-խան՝ Գրիգոր Հարությունյան, նորջուղայեցի, Մարգար Ջուղայեցի՝ Գրիգորի եղբայրը, Հարություն Ջուղայեցի, Գրիգոր Այվազյան Ջուղայեցի՝ հազարապետեր)։
Տեղեկատվական ցանցը գոյանում էր հազարավոր նամակներից, որոնք փոխանակվում էին համայնքների ու «մայրաքաղաքի», «սերվերի» (պատմաբան Մերուժան Կարապետյանի սրամիտ խոսքով)՝ Նոր Ջուղայի միջև։ Դրանք մի կողմից վերահսկողություն էին ապահովում, մյուս կողմից՝ շրջանառում բոլոր ֆինանսա-տնտեսական նորությունները։
Աշխատասիրությունը դաստիարակության, արագ ու երաշխավորված առաջընթացի ձգտման արդյունք էր։ Հեռավոր Բենգալիայում հայերը գյուղից գյուղ էին անցնում՝ անհրաժեշտ ապրանքը նվազագույն գնով ձեռք բերելու համար։
Այդպես անցավ XVII դարը։
XVIII դարում Սեֆյան գահատոհմի դիրքերը թուլացան։ Եվրոպացի ճանապարհորդները զարմանքով նկարագրում էին, որ լավ զինված հայ վաճառականները մուսուլման ավազակների փոքրաթիվ խմբերին գումար էին տալիս, որ կռվից խուսափեն (ի տարբերություն, ասենք, կապանցի ըմբոստ հայ երիտասարդների)։ Մյուս կողմից… XVIII դարում գրառված թուրքական «Քյոռօղլի» էպոսում, որի հերոսն ավազակ աշուղ է, հայ վաճառականը հաղթում է նրան մենամարտում, հետո վեհանձնաբար բաց թողնում՝ հյուրասիրելով և հինգ հարյուր թուման նվիրելով, բայց Քյոռօղլին դարան է մտնում Երզնկայի մոտ, սպանում ու յուրացնում է նրա հարստությունը։ Էպոսներ են թափանցում սովորաբար տիպական դեպքերը՝ դա վերաբերում է թե՛ քաջության դրսևորումներին, թե՛ էթիկական չափանիշներին։ Ուրեմն, ջուղայեցի վաճառականները նաև կռվել են ավազակների դեմ, հաղթել, բայց նրանք «ջղային» էին իրենց գործի համաշխարհային ընդգրկմամբ՝ Մեքսիկայից մինչև Չինաստան, որի անխափանության սիրույն կարող էին նաև երբեմն զիջել մանր դրամաշորթության մանր չարքերին։
զ. …«զամենայն ինչսն եւ զչորքոտանիսն տանէին եւ զմարդիկն նետով անողորմ խոցէին»…
Սա մեջբերում է Հեթում Պատմիչի 1307 թվականին գրած «Պատմություն թաթարաց» մատյանից, բայց անկայունության շրջանների բնորոշ պատկեր է՝ զավթիչները ինչքը՝ ունեցվածքն ու ընտանի կենդանիներին խլում էին, մարդկանց նետահարում։ Մանավանդ որ թնդանոթների ու հրացանների դարում իսկապես միայն սրերով, նետ-աղեղով ու նիզակներով զինված աֆղանական փուշտուն ցեղերը 1722 թվականին պարտության մատնեցին Պարսից շահ Սուլթան Հուսեյնին (իշխել է 1694-1722 թթ.), գրավեցին Սպահանը՝ նորջուղայեցիներից պլոկելով նրանց ողջ հարստությունը։ Նադիր շահը (1736-1747)՝ «Ասիայի վերջին մեծ զորավարը», որը սերում էր աֆշարների թյուրքալեզու ցեղից՝ գահընկեց արեց Սեֆյան Թահմասպ II-ին, երեք պատերազմ հաղթեց, հալածեց թուրք ու թուրքամետ ցեղերին, հայերի դիրքը վերականգնեց և արգելեց արտագաղթել, բայց նրա սպանությունից հետո վերսկսվեցին խառնակությունները, որ շարունակվեցին տասնամյակներ։
Հայ «խոջայական կապիտալի», ինչպես Լեոն է ձևակերպել, ամենաուժեղ «մասնաճյուղում»՝ Հնդկաստանում, 1757-ից հաստատվեց անգլիական գերիշխանություն։ Դա իրականացվեց Արևելա-հնդկական առևտրական բաժնետիրական ընկերության միջոցով, որը մինչև… 260.000 զինվոր է ունեցել։
Լեոն մեղադրում է հայ խոջաներին, որ ավելի մեծ ազգային խնդիրներ չեն դրել և լուծել։ Բայց։ Նույնիսկ հետին թվով դժվար է երևակայել, որ նրանք դա կարող էին անել՝ ուժերի հարաբերակցությունը չափազանց անբարենպաստ էր։
Նաև չի կարելի ասել, թե բոլոր վաճառականները տապակվել են միայն իրենց հաշիվներով։ Իսրայել Օրին նույնպես վաճառական էր՝ մարդ-մեդիա. նույնիսկ հայ մելիքների նամակները կեղծելով՝ Մոսկովիայի ուշադրությունը սևեռեց կովկասյան ուղղությանը, իսկ հայության մեջ տարածեց ռուսական փրկչական առաքելության հույսը։ Պետրոս դի Գիլանենցն իր ունեցած ողջ առևտրական դրամագլուխը ծախսեց, որպեսզի հեծելազորային ջոկատ կազմավորի, և այն միավորեց Այվազ Աբրահամովի և Աղազար դի Խաչիկ Ախիջանենցի ջոկատների հետ՝ ստեղծելով Հայկական էսկադրոնը ռուսական բանակում։ Գիլանենցը քաջաբար կռվել և մարտում է զոհվել 1724-ին։

Շահ Սուլեյման I
Աղազար դի Խաչիկ Ախիջանենցը ծնվել էր վաճառականի ընտանիքում, Նոր Ջուղայում, որի պաշտպանության կազմակերպիչներից էր 1722-ին, երբ աֆղանները ներխուժեցին Իրան։ Պաշարված հայերն իրար պարսկական անուններով էին կոչում, որ աֆղանները մտածեն՝ կանոնավոր բանակը նույնպես իրենց դեմ է կռվում։ Եվ քիչ զենքով այնքան ուժեղ են դիմադրում, որ կասեցնում են թշնամու հարձակումը։ Հուսեյն շահը հաշվարկ էր արել, որ… աֆղանները շուտ կհեռանան, եթե գրավեն ու կողոպտեն հարուստ Նոր Ջուղան, և զինված օգնություն չցուցաբերեց։ Բայց երբ ընկավ Նոր Ջուղան, ընկավ նաև Սպահանը, իսկ Հուսեյն շահին աֆղաններն ի վերջո գլխատեցին։
Աղազար դի Խաչիկ Ախիջանենցը մասնակցեց ռուսական բանակի Կասպիական արշավանքի (1722-1735 թթ.) բոլոր խոշոր ճակատամարտերին՝ որպես խիզախ հրամանատար, ի վերջո արժանանալով գեներալ-մայորի աստիճանի։
XVIII դարում հայկական վաճառականական միջավայրից զատվեց Հովսեփ Էմինը, որը երկրներ ոտքի տակ տվեց հանուն հայրենիքի ազատագրության։ Տասնամյակներ անցան, մինչև հնդկահայ վաճառականները որոշեցին գումար տրամադրել նրան, բայց արգելք դարձավ Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը, որին հակադրվելու կամք չունեցավ նրանցից և ոչ մեկը։ Եվ վերջապես՝ Հնդկաստանի Մադրաս քաղաքում Շահամիրյանները հրատարակեցին հայկական նոր պետականության հիմունքները ներկայացնող գրքեր, բայց հեղինակներին բանադրեց նույն Սիմեոն Երևանցին՝ դիմադրության գաղափարից սարսափող, բայց հայ համայնքների վրա հսկայական ազդեցություն ունեցող հոգևոր առաջնորդը…
Ուրիշ դեպք ևս հայտնի է, երբ վաճառականական գերդաստանի ժառանգն ինքնուրույն փորձել է քաղաքական ծրագիր իրականացնել։
Լազարյանները (Եղիազարյանները, Ղազարյանները) Նոր Ջուղայի Դաշտ թաղամասից էին: Նրանք XVIII դարի կեսին հաստատվեցին Ռուսաստանում. նախ` Աստրախանում՝ 1747-ից, ապա՝ Մոսկվայում: «Ռուսաստանը գրեթե բացառապես ներմուծման և սպառողության երկիր էր,- գրում է Լեոն,- …մի գերազանցորեն ասիական պետություն, որ նոր էր Արևմուտքի հետ սկսված առևտրի միջոցով ենթարկվում Արևմտյան Եվրոպայի ազդեցությանը»։ Լազարյանները ոչ միայն առևտրական տներ, այլև գործարաններ հիմնեցին։ Նոր Ջուղայի նախկին քաղաքապետ Աղազար Լազարյանը, որը 1774-ին Եկատերինա II կայսրուհու հատուկ հրամանագրով կոմսի տիտղոսի արժանացավ, Մոսկվայում մետաքսագործական ֆաբրիկա հիմնադրեց:

Աղազար Եղիազարյան, Աննա Եղիազարյան՝ Իվան Արգունովի գեղանկարները, 1760-ականներ, Օստանկինո
Նրա որդի Հովհաննես (Իվան) Լազարյանն իսկական պետական խորհրդականի պաշտոն ուներ Եկատերինայի օրոք, միաժամանակ, ռուսական կայսերական բանկի կառավարիչն էր: Նա իր միջոցներով դպրոցներ բացեց Մոսկվայում, Թիֆլիսում, Նոր Նախիջևանում, Գրիգորոպոլիսում, իսկ Ցարսկոյե Սելոյում՝ նաև ռուսակա՛ն օրիորդաց գիմնազիա: 1815-ին Մոսկվայում Հովհաննես Լազարյանի կտակի շնորհիվ սկսեց գործել Լազարյան ճեմարանը, որը հետագայում վերածվեց Արևելագիտության ինստիտուտի: Ճեմարանին կից գործում էր հայկական տպարան: Հովհաննեսի թոռը՝ Հովհաննես Հովակիմի Լազարյանը, ռուսական արքունիքի սենեկապետն էր, եղել է դիվանագետ, ուսումնատենչ հայ երիտասարդության մեկենասն էր, հովանավորում էր հայկական գրքերի, պարբերականների տպագրությունը: Բայց ահա երբ Լազարյան տոհմից Եղիազար Հովակիմի Լազարյանը Արևելյան Հայաստանում ազգային պետությունը վերականգնելու ծրագիր կազմեց, հետևեց պատիժը. նրան՝ ռուս-պարսկական պատերազմի հերոսին, զորացրեցին և աքսորեցին:
Այնուամենայնիվ։ Հայկական համաշխարհային առևտրական ցանցը պաշտպանեց ազգակիցներին ուծացումից՝ կրոնա-մշակութային բազմաթիվ ձեռնարկներո՛վ, կրթության հանդեպ հոգածությա՛մբ, նույնիսկ նամակով կշտամբելով Ամենայն Հայոց Նահապետ Ա կաթողիկոսին, որ մոռացել է «դպրատներ և դասատներ» հիմնելու իր քաղաքակրթական առաքելությունը։ Ջուղայեցի Գրիգոր Չաքիկյանի ծախսով է ստեղծվել Էջմիածնի տպարանը, 1771-ին, առաջինը՝ Հայաստանում։ Նա ֆրանսիացի երկու վարպետ ուղարկեց, որ նաև թուղթ արտադրող գործարան հիմնեն, 1776-ին։ Չաքիկյանի փեսա Սամուել Մուրատը որբ ու աղքատ հայ երեխաների համար դպրոց նախաձեռնեց, ինչի արդյունքում ի վերջո բացվեց «Մուրադ-Ռափայելյան» մեծահամբավ վարժարանը Վենետիկում։ Երեք դարում հայերը տպարաններ հիմնեցին աշխարհի շուրջ երկու տասնյակ քաղաքներում, լույս ընծայեցին հազար անուն գիրք, մոտ հինգ հարյուր հազար տպաքանակով՝ վաճառականների կայուն մասնակցությամբ։
Առաջին հայկական պարբերականը՝ «Ազդարար» ամսաթերթը, որի հետաքրքրաշարժ նյութերը Հարություն քահանա Շմավոնյանը հասցեագրել էր «Բարեպաշտ Պարոնաց և Մաքրակենցաղ տիկնաց Մադրասիս Հայոց», նույնպես լույս տեսավ գաղութում, հնդկահայ, ինչպես պարզ է խմբագրի ուղերձից։ Անգլիացիները միայն դրանից 10 տարի առաջ, 1784-ին էին իրենց Calcutta Gazette-ը տպել Հնդկաստանում, իսկ աշխարհում դեռ մամուլ չէին հրատարակել… սերբերը, բուլղարները, վրացիները, թուրքերը, պարսիկները, այլ ազգեր։
Համաշխարհային վաճառականական ցանցապետության շնորհիվ հայության մեծ հատվածներ արժանապատիվ կյանք վարեցին Պարսկաստանում և… ի սփյուռս աշխարհի։ Նրա կենտրոն Նոր Ջուղան Կապուչինյան միաբան Գաբրիել դը Շինոնը հայկական «հանրապետություն» է կոչում, իսկ Լեոն, սովորաբար՝ զուսպ ու քննադատական Լեոն, այն անվանում է «մի եզակի երևույթ… Արևելքում», «մի վաճառականական քաղաքիկ, մի փոքրիկ առևտրական հանրապետություն»։
0:00:54 Հայկական համաշխարհային առևտրապետություն
0:01:58 ա. անելով միայն թույլատրելին
0:10:29 բ. բուն Հայաստանում Ջուղայի գլխին ամպեր էին կուտակվում
0:18:15 գ. գերությունը
0:22:38 դ. մրցակցություն «ծովային ազգերի» հետ
0:30:38 ե. եկավ միջնախաղի ժամանակը, որն ավելի բարդ էր
0:30:45 զ. …«զամենայն ինչսն եւ զչորքոտանիսն տանէին եւ զմարդիկն նետով անողորմ խոցէին»…
Տեսեք նաեւ
ՁայնաՊատում
Պեղումներ. Ողջույն, Ժան-Ժակ Ռուսսո
Ժամանակակից գերմանացի փիլիսոփա Յուրգեն Հաբերմասի կարծիքով, հանրային ոլորտը հենց սրճարանում է սկսել կայանալ։ Առաջին սրճարանները, դրանց դերն ու այդ գործում հայերի ունեցած ավանդն է գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի երրորդ անդրադարձի առանցքում։
Read moreՊեղումներ. Հակոբ Մեղապարտի հետ՝ դեպի Վենետիկ
Հայերեն գիրքը թե՛ ազգային ինքնությունը պահպանելու հզոր գործիք դարձավ, թե՛ հնարավորություն մուտք գործելու գիտության, տեխնիկայի և տեղեկատվության զարգացման դարաշրջան։ Հակոբ Մեղապարտը, նրա գործունեությունն ու կենսական անհրաժեշտություն գրքերի տպագրման ուղին է գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի երկրորդ անդրադարձի առանցքում։
Read moreՊեղումներ. «Ալքիմիկոսը»՝ Մկրտիչ Նաղաշ
XV դարում է ստեղծագործել պանդխտության առաջին հայ երգիչը, որի անունն է բոլորին հայտնի գրականության դասագրքերից, բայց՝ ոչ կյանքը։ Մկրտիչ Նաղաշը, նրա ժամանակաշրջանն ու իրադարձություններն են գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի առաջին անդրադարձի առանցքում։
Read more