
Վահրամ Մարտիրոսյանը, երբեմն փոքր-ինչ շեղվելով հոդվածից, առավել մանրամասն է ներկայացնում պատումն ու ավելի շատ փակագծեր բացում։
Յայնժամ հարկահանն գթացեալ ‘ի նա, ասաց տանիլ զնա ‘ի մի ‘ի սենեկաց իւրոց և տալ նմա խահֆե, զի սակաւ մի ոգի առնուցու և զօրասցի։
(Այդ ժամանակ հարկահանը խղճաց նրան, ասաց, որ տանեն սենյակներից մեկը և սուրճ տան, որպեսզի մի փոքր ուշքի գա և գոտեպնդվի)։
«Պատմութիւն կենաց և վարուց տեառն Մխիթարայ Սեբաստացւոյ րաբունապետի և աբբայի», Ստեփաննոս Գիւվէր Ագոնց
Հին Հունաստանում հասարակական կյանքի էպիկենտրոնը ագորան էր՝ քաղաքային հրապարակը, որը երիզող շենքերի սյունասրահներում իրենց աշակերտների հետ շրջելով, զրուցում կամ բանավիճում էին անտիկ փիլիսոփաները։ Պատահական չէ, որ Պլատոնն իր աշխատությունների մեծ մասը շարադրել է երկխոսությունների ձևով։
Այն մարդկանց համար, ովքեր սիրում են երևակայել անցյալը, Աթենքը մի վայր է, որտեղ հաճելի է պատկերացնել քեզ նշանավոր քաղաքական գործի՜չ, զորավա՜ր, գրո՜ղ, փիլիսոփա՜։ Միջնադարյան Եվրոպայում հասարակությունն ավելի համր էր, բանավեճերը կրոնական բնույթի էին և դուրս չէին գալիս վանքերի, երբեմն՝ պալատների սահմաններից։ Նորությունների փոխանակման, բայց ոչ իմաստավորման վայր էր շուկան, որը մութն ընկնելուն պես փակվում էր։
Ուշ միջնադարում՝ XVI-XVIII դարերում, Վերածննդի ժամանակաշրջանում՝ նորից առաջնային դարձան փիլիսոփայական զրույցները… պոեզիան, երաժշտությունը, բայց այդ խորտիկները հնարավոր էր ըմբոշխնել միայն բարձրաշխարհիկ սալոններում, որտեղ մյուս դասերը մուտք չունեին… բացի, թերևս, նոր ձևավորվող բուրժուազիայի հատուկենտ ներկայացուցիչներից։ Բնականաբար, այս սալոնները հասանելի չէին նաև տարագիրների՛ն, որոնց այլությունը նրանց դեմ խոչընդոտներ է հարուցում նույնիսկ այսօրվա քիչ թե շատ հանդուրժողական աշխարհում։
Տարագիրների, «ղարիբության», այլության թեման գերիշխող է եղել հայկական պոեզիայում ու երգարվեստում մի քանի դար։
Կռունկ, ուստի՞ կուգաս
Իմ հայրենիքեն խաբրիկ մը չունի՞ս…
Միջնադարյան «Կռունկը»՝ Կոմիտասի մշակմամբ և Լուսինե Զաքարյանի կատարմամբ, ամենահաճախ հնչող երգերից էր 1960-80-ական թվականներին։ Մկրտիչ Նաղաշը (1394-1470) առաջինն է գրել պանդխտության թեմայով, երբ հայրենի Ամիդ-Տիգրանակերտից հեռացել է Ղրիմ։
Շատոց սեղան լինէր դրած հազար բարով,
Եւ գայր ղարիպն ու մտանէր ամաչելով,
Նայ հազար գէշ ասեն մնայ նախատելով,
Ապա թէ տան կտոր մի հաց տրտնջելով:
Առատ սեղանից պանդուխտին հազար ու մի նախատինքով են մի կտոր հացի արժանացնում։ Նաղաշի բանաստեղծություններն արտահայտում են տարագրության ամենածանր ապրումները՝ հայրենիքի, մտերիմների կարոտը և՝ իրենց խորթությունը տեղական միջավայրին։
Հիմնականում հայ վաճառականներն էին նախ հաստատվում որևէ երկրում։ Անցնում էր մեկ-երկու տասնամյակ, և հիմնվում էր եկեղեցի՛ն։ Հաճախ դպրոց էլ էր հաջողվում բացել։ Միջնադարում Ղրիմը կոչում էին Ծովային Հայաստան (Armenia Maritima). հայերը թվով զիջում էին միայն թաթարներին և ունեին երկու հոգևոր թեմ։ Հայկական գաղթօջախներն օտար երկրներում աչքի են ընկել իրենց համախմբվածությամբ, ինքնության պահպանմանն ուղղված հաստատությունների առկայությամբ։ Վենետիկի համայնքն ունեցել է ինքնավար Ազգային Սահմանադրություն (1578), իսկ Աստրախանինը՝ դատաստանագիրք (1752)։ Ժամանակի ընթացքում հայ համայնքները նաև տարբեր արտոնություններ են ստացել Եվրոպայում, ինչպես, օրինակ՝ Հունգարիայում, Լեհաստանում, Ռուսաստանում, բայց մնում էր տեղի բնակչության հետ արժանապատիվ շփման, ժամանակակից բառով՝ սոցիալականացման, անհրաժեշտությունը՝ «գետտոյի» չվերածվելու, «այլությունը» հաղթահարելու համար։
Ուրեմն,
ի՞նչ անել, երբ մուտք չունես տեղական հասարակություն
Եթե լեռը չի գնում Մուհամեդի մոտ… «Մուհամեդը»՝ տեղի հասարակությունը պետք է գա քեզ մոտ։ Ո՞ւր՝ քեզ մոտ։ Եկեղեցի՞։ Ո՛չ, նրանք ուրիշ դավանանքի են։ Դպրո՞ց։ Լեզուն է տարբեր։ Այդ դեպքում՝ ո՞ւր։ Սրճարա՛ն։
Պեղումներ
Մաս 1
Պեղումներ. «Ալքիմիկոսը»՝ Մկրտիչ Նաղաշ
XV դարում է ստեղծագործել պանդխտության առաջին հայ երգիչը, որի անունն է բոլորին հայտնի գրականության դասագրքերից, բայց՝ ոչ կյանքը։ Մկրտիչ Նաղաշը, նրա ժամանակաշրջանն ու իրադարձություններն են գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի առաջին անդրադարձի առանցքում։
Read moreՄաս 2
Պեղումներ. Հակոբ Մեղապարտի հետ՝ դեպի Վենետիկ
Հայերեն գիրքը թե՛ ազգային ինքնությունը պահպանելու հզոր գործիք դարձավ, թե՛ հնարավորություն մուտք գործելու գիտության, տեխնիկայի և տեղեկատվության զարգացման դարաշրջան։ Հակոբ Մեղապարտը, նրա գործունեությունն ու կենսական անհրաժեշտություն գրքերի տպագրման ուղին է գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի երկրորդ անդրադարձի առանցքում։
Read more
Կահիրե, XVIII դարի սրճարան

Եվրոպայի միջնադարյան սրճարաններ
Բայց։ XVI-XVII դարերի Եվրոպայում սուրճը ծանոթ է միայն դեղատներից. այս դառն ըմպելիքը նախատեսված է ստամոքսի բուժման համար և բավական թանկ է։
Առաջին սրճարանը բացվել է Կոստանդնուպոլսում, 1554-55-ին։ Երկու արաբ՝ հալեպցի Շեմսն ու դամասկոսցի Հակիմն են այցելուներին մատուցել սուրճ, արաբերեն՝ քահվե, որը կարելի է թարգմանել «քնարգել» կամ, խոսակցական լեզվով՝ «քնահարամ»։ Սուլթան Սուլեյման I-ը (1520–1566), ինչ-որ վտանգ զգալով, փորձել է արգելել սրճարանները, բայց նրա հրամանը… անտեսվել է, և դրանք արագ տարածվել են կայսրությունում։
Հայկական հին աղբյուր։ «Սասնա ծռեր» էպոսի պատումներից մի քանիսում ակնարկ կա, որ Ասորեստանից փախչելուց հետո, երբ Սանասար-Բաղդասար եղբայրները ծառայության են անցնում Կապուտկողի թագավորի արքունիքում, Աբամելիքը (Բաղդասարի անունը՝ մի շարք պատումներում) սուրճ է մատուցում արքային… կամ, միգուցե, սրճարան է բացում, «պալատին կից»՝
Սանասարն էղավ չըբուխչի,
Աբամելիքն էղավ ղայվաչի։
Սուրճի հայրենիքը Եթովպիան է, որտեղից XV դարում այն անցել է Եմեն, տարածվել մինչև ֆրանսիական ու դանիական գաղութային կղզիներ, ապա միայն հասել Նոր աշխարհ, Բրազիլիա, որը… սուրճի ամենամեծ արտադրողն է հիմա։ Եթովպիան համեմատաբար մոտիկ է մեզ, բայց Աբամելիք-Բաղդասարի սրճարանը հավանաբար ուշ շրջանի հիշողություն է, հետսամուտ տարր, ինչպես մատենագետներն են սիրում ասել։ Եթե Սանասարը «չըբուխչի» էր՝ ծխամորճ վառող-մատուցող, ուրեմն… հայտնագործված էր Ամերիկան, որտեղից Հին աշխարհ բերվեց ծխախոտը, մինչդեռ էպոսի իրադարձությունները ներշնչված են VII-X դարերի պատմությունից։
Եվրոպայի առաջին սրճարանների բացման տարեթվերի մասին կան իրարամերժ կարծիքներ, բայց ավելի տարածված է տեսակետը, որ Պոլսից մի դար ուշ՝ 1652-ին, Լոնդոնում է սկսել գործել առաջին սրճարանը։
Այն բացել է Պասքուա Ռոզեն, որին հանրագիտարանային գրականության մեջ ներկայացնում են մերթ որպես ուղղափառ հույն Զմյուռնիայից (այժմ՝ Իզմիր), մերթ… սիցիլիացի, Ռագուզա քաղաքից։ Նա 1658-ին հեռացել է Լոնդոնից, ապա… հետքը կորել է։ Բայց միգուցե մշուշը թույլ կտա ցրել՝ հուշումը մոտիկ ապագայից։
1671-ին Փարիզի առաջին սրճարանը բացել է Պասկալը, որը հայ է, հետազոտողները նրան կոչում են Հարություն (Արութին)։ Պասկալ, Պասքուա անունները կապված են սուրբ Զատիկի, Քրիստոսի Հարության տոնի հետ (ֆրանսերեն Pasque՝ Զատիկ), ինչպես բնականաբար և` Հարություն հայկական անունը, որը, ըստ ամենայնի, լատինականացվել է, Պասկալ է դարձել հեշտ հաղորդակցվելու համար. այդպես հաճախ էին վարվում հայ վաճառականները։
Տեղեկությունները սուղ են ենթադրելու համար, որ Պասկալը հենց նույն լոնդոնյան Պասքուան է, բայց նրանք կարող էին լինել նաև եղբայրներ, որոնց հայրանունն է Հարություն։ Հայրանո՛ւն-ազգանունը. մոտավորապես նույն թվականներին Փարիզում տեղի է ունեցել հայ առևտրական գործիչ Մարտին Մարգարայի աղմկահարույց դատավարությունը, որի ազգանունը ծագել է Մարգար հայրանունից։ (Նշեմ, համենայնդեպս, որ նա արդարացվել է. Մարգարայի մասին «համընդհանուր մանրապատմություն» ժանրի հետազոտություն է գրել ամերիկահայ պատմաբան Սեպուհ Ասլանյանը)։
Ամենաարագ բազմացող հաստատությունը պատմության մեջ
Պասքուայի ցանած սերմերը պտուղներ տվեցին։ Անգլիայում սրճարանները բազմապատկվեցին՝ հասնելով երեք հազարի և դառնալով… այլընտրանքային խորհրդարան, ինչը 1675 թվականին դրդեց Կարլոս II թագավորին փակել բոլորը՝ խռովություն առաջացնելու մեղադրանքով: Բայց։ Հրամանի դեմ ընդվզեց ամբողջ քաղաքական դասը, որի հետ չէր կարելի խաղ անել՝ Կարլոս I-ին, որը «գործող» թագավորի հայրն էր, դատարանի վճռով կախաղան էին հանել ընդամենը քառորդ դար առաջ՝ 1649-ին։ Կարլոս II-ը շաբաթներ անց չեղարկեց որոշումը:
Անգլիական սրճարաններում արտոնված էր միայն տղամարդկանց մուտքը, կանանց թույլատրվում էր սպասարկել։ 1674-ին կանայք հանրագիր հրապարակեցին, որտեղ հայտարարում էին, որ «այս նորահնար, զզվելի… լիկյորը (սա սուրճն է – Վ.Մ.) ներքինացնում է մեր ամուսիններին, ստիպում վատնել փողն ու ժամանակը»։ Տարբեր էր իրավիճակը… Օսմանյան կայսրությունում, որտեղ կանայք ոչ միայն սուրճ էին խմում, այլև… իրավունք ունեին ամուսնուց բաժանվելու, եթե նա չէր ապահովում սուրճի իրենց օրական չափաբաժինը։ Ճիշտ է, հրապարակային վայրերում սուրճ վայելելու նրանց հնարավորության մասին տվյալներ չկան։

Շրջիկ սուրճավաճառ
Փարիզյա՛ն առաջին սրճարանի ստեղծման համար հող ստեղծեց Օսմանյան կայսրության դեսպան Սուլեյման աղան, որին ուղեկցում էր վերոհիշյալ Պասկալ-Արութինը։ Մուհամեդ IV սուլթանի դեսպանը մատնոցաչափ գավաթներով, շաքարի կամ դարչինի ուղեկցությամբ սուրճ էր հրամցնում բոլոր պաշտոնական ու ոչ պաշտոնական հյուրերին։ Նրա մեկնումից հետո Պասկալը մի վրան-կրպակ վարձեց Սեն Ժերմենի տոնավաճառում, որը գործում էր մարտ-ապրիլին Փարիզի բերդապարիսպին հարող Լատինական թաղամասի մերձակայքում։ Թուրքական հանդերձով պատանի մատուցողները շրջում էին բազմության մեջ տաք ըմպելիքով, որն արագորեն տարածվեց։ Տոնավաճառում այն փաղաքշաբար անվանեցին «սևուկ»։
Այնուհետև Պասկալը ոչ մեծ սրճարան բացեց Pont Neuf կամրջի մոտ, որի հաճախորդները շատ չէին: Բայց Պասկալի մատուցողները, սուրճով լի սափորներն ամրացրած վառվող լամպին, որպեսզի տաք մնան, շարունակեցին այն վաճառել, արդեն՝ տնետուն։ Ինչպես Հայաստանի քաղաքներում մի ժամանակ «մածուն-մածունն» էր հնչում, այդպես փարիզեցիներին արթնացնում էին «սուրճ-սուրճ» բացականչությունները։
1672-ին Փարիզի Բուսի փողոցում սրճարան բացեց Մալիբանը, նույնպես՝ հայ, որը նաև ծխախոտ էր առաջարկում հաճախորդներին։ Հետազոտողները նրա գործընկերոջը կոչում են «պարսիկ Գրիգոր», որից հասկանալի է դառնում՝ նա հայ վաճառական էր Սպահանի Նոր Ջուղա արվարձանից. պարսիկները նման անուն չունեին և միջազգային առևտուր հազվադեպ էին անում։ Գրիգորը սրճարանը Բուսի փողոցից տեղափոխեց Մազարինի փողոց՝ Comédie Française-ի մոտ։
Իսկ 1685-ին Վիեննայի առաջին սրճարանը բացեց Յոհաննես Դիոդատոն, որի անունը հետագայում ուսումնասիրողները վերծանեցին որպես Հովհաննես Աստվածատուր։
Լավագույն լրտեսները վարձատրվում են սուրճով
1683-ին տեղի ունեցավ Վիեննայի ճակատամարտը, որում թուրքերը պարտվեցին և Լեոպոլդ I կայսերը զիջեցին իրենց գրաված հունգարական տարածքների զգալի մասը։ Դա Օսմանյան կայսրության եվրոպական նվաճումների վերջի սկիզբը դարձավ։ Ճակատամարտի հերոսներից մեկը՝ Գեորգ Ֆրանց Կոլշիցկին (Jerzy Franciscek Kulczycki՝ լեհական աղբյուրներում), ավար վերցրեց թուրքական բանակի սուրճի պաշարները… որոնց վաճառքի արտոնագիր ստացավ նույն տարում։ Կոլշիցկուն ևս որոշ աղբյուրներ կոչում են «լրտես»։ Նա, ծպտվելով որպես թուրք զինվոր, անցել էր թշնամու բանակի միջով և կարևոր նամակ փոխանցել դաշնակիցներին։ Նրան արձան են դրել Վիեննայում և քաղաքի IV թաղամասի փողոցներից մեկը անվանակոչել Կոլշիցկի։ Լեհ հետախույզը փոքրիկ խանութ-սրճարանների ցանց ստեղծեց, հավանաբար, նույն 1683-ին, որը կենսունակ չեղավ։ Ըստ ամենայնի, Լուսավորության դարաշրջանի հասարակությունները ոչ այնքան այդ մթերքի, որքան ավելի լայն շփման կարիք ունեին։ Երկու տարի անց մեծ սրճարան բացեց «լրտես» Դիոդատոն, որը, հավանաբար, Կոլշիցկու նման մի սխրանք էր գործել։ 2004-ին Ավստրիայի մայրաքաղաքի զբոսայգիներից մեկը նույն IV թաղամասում կոչվեց Դիոդատոյի անունով։
Հետագա տարիներին նրա հետ մրցակցել են արդեն հայրենակիցները, մասնավորապես, երևանցի ներգաղթյալ Սահակ Ղուկասը կամ Ղուկասյանը՝ 1697-ից, որն իրեն Վիեննայում կոչում էր Լուգաս կամ դե Լուկա՝ ըստ գերմանացի հետազոտող Տեպլի Կարլի։
Տեպլի Կարլը կարողացել է նաև Մարիա Յոզեֆ Յոհաննես Նեպոմուկի հետքի վրա ընկնել, որը եկել էր Ստամբուլից և, վստահաբար, առաջին հայ սրճարանատիրուհին է՝ նա օրինական բնակության իրավունք է ստացել 1724-ին ավստրիական Գրաց քաղաքում։ Կարլի կարծիքով՝ այն, որ եվրոպական լեզուներում տարածվել է ոչ թե արաբական «քահվա» բառը, այլ թուրքերեն «կավեն», նույնպես խոսում է այն մասին, որ սրճարանները հիմնականում հայերն էին հիմնում՝ Օսմանյան կայսրությունից կամ կայսրության տարածքով եկած։
Սուրճը շուտով նաև եվրոպական բանակների ըմպելիքների ցանկը համալրեց։ Շուրջ վեց տարի, XVII դարի վերջին, ֆրանսիական բանակին սուրճ է մատակարարել Իսրայել Օրին՝ եվրոպական երկրների օգնությամբ Հայաստանն ազատագրելու գաղափարի ռահվիրաներից մեկը։
Ֆրանսիացիներն անգլիացիների չափ արագ չսիրեցին սրճարանները՝ սուրճի մեջ ալկոհոլ չկա՞ր։ Պասկալը, Գրիգորը, Մալիբանը՝ առաջին հայ սրճարանատերերը Փարիզում, այդքան չդիմացան, մինչև սիրեն։ 1686-ին Փարիզում բացվեց «Պրոկոպ» սրճարանը։ Այն տնօրինում էր իտալացի խոհարար Ֆրանսուա Պրոկոպ Կուտոն (Ֆրանչեսկո Պրոկոպիո դեի Կորտելի, Պալերմո քաղաքից)։ Նա իր գործունեությունը սկսել էր Պասկալի հետ, որը 1675-ին Լոնդոն էր մեկնել, բայց, ի տարբերություն իր երբեմնի գործընկերոջ, այցելուներին մատուցում էր նաև լիմոնադ, ուրիշ օշարակներ, պաղպաղակ և ժելատին… որի գյուտարարն է համարվում։
1680-ին բացված Comédie Française թատրոնը աստիճանաբար համբավ ձեռք բերեց, և դերասանները դարձան սրճարանի մշտական հաճախորդները։ Իսկ երբ նրանց միացան փիլիսոփաները, արվեստագետները, գրողները, «Պրոկոպը» դարձավ Լուսավորության դարաշրջանի դասական սրճարան։ Այստեղ են աշխարհի առաջին հանրագիտարանը քննարկել և ստեղծել Դենի Դիդրո, Վոլտերը, Մոնտեսքյոն, Ռուսոն, այստեղ սեղան է զբաղեցրել երիտասարդ Նապոլեոնը։
Հիմա արդեն ազնվականներն իրենց զգացին հասարակությունից կղզիացված, այլ ոչ թե՝ ինքնամեկուսացած, և նույնպես Մեծ հավասարարների՝ սրճարանների սեղանները զբաղեցրին։

Նկարը՝ «Տիգրանի փոխակերպումները» գրքից (Les métamorphoses de Tigrane, Paris, 2014)
Հայերը՝ Եվրոպայում Մեծ հավասարարների առաջին հիմնադիրները, ըստ ամենայնի, իրենք ևս սրճարանների մշտական հաճախորդ էին։ Այս մասին վկայում է հուշումը ապագայից՝
Ժան-Ժակ Ռուսոյի հայկական թիկնոցը
Ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա և գրող Ռուսոն (1712-1778)՝ հեղինակը «հասարակական դաշինքի» և «բնական մարդու» տեսությունների, որոնք ժամանակակից քաղաքագիտական մտքի անկյունաքարերից են, շուրջ հինգ տարի շրջել է հայկական թիկնոցով, հաճախել է օպերա և սրճարան, մեկնել Լոնդոն, որտեղ նրան այդ հանդերձով 1766-ին պատկերել է շոտլանդացի հայտնի նկարիչ Ալան Ռեմսեյը։
Իսկ ի՞նչ է նշանակում «հայկական հանդերձ»։ Քաղաքացո՞ւ, արհեստավորի՞, գյուղացո՞ւ տարա՞զ է, թե՞ ազնվականի հագուստ։
XVIII դարում Հայաստանը պետականություն չուներ՝ կիսված էր երկու բռնապետության՝ Պարսկաստանի և Թուրքիայի միջև։ Այս հետամնաց ու հետադեմ կայսրությունների գյուղացու կամ արհեստավորի համար Ռուսոյի հագուստը չափազանց շքեղ է, իսկ հայ ազնվականություն համարյա գոյություն չուներ՝ վերացրել էին օտար իշխողները։ Մնում էր մի խավ, որը XV դարից ոտք էր գցում այսպես կոչված «նավահանգստային ազգերի»՝ անգլիացիների, հոլանդացիների, իսպանացիների, իտալացիների հետ՝ հայ վաճառականները, խոջաները։
«Նրանք զբաղվում են փոխանակությամբ՝ ոտքով ճանապարհորդելով Չինաստանի սահմաններից մինչև Գվինեական ափի Կորսու Հրվանդանը։ Դա վկայում է այդ բանական ու աշխատասեր ժողովրդի առանձնահատուկ ծագման մասին, որը հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք կտրում անցնում է համարյա ողջ Հին աշխարհը և կարողանում սիրալիր ընդունելություն գտնել բոլոր ժողովուրդների կողմից, որոնց մոտ լինում է»,- հիանում էր XVIII դարի երևելի փիլիսոփա Էմանուիլ Կանտը։
Արդյոք հայ վաճառականները բավականաչափ կրթված էին սրճարանային բանավեճերին մասնակցելու համար։ Նրանց որդիները կրթություն ստանում էին, սկսած XVII դարից, բայց՝ Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի դպրոցում։ Տաղաչափություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն, սաղմոսերգություն էին ուսանում, բայց… հաճախ դժգոհ էին թողնում ուսուցչապետին՝ առաջնությունը տալով «համարողական արհեստներին», որ «արիշ-վերիշի» ՝ առևտրի հիմքն էին։

Ձախ և աջ
«Տիգրանի փոխակերպումները» գրքից (Les métamorphoses de Tigrane, Paris, 2014)


«Ոսկե օձ» սրճարան
Մյուս կողմից, նրանք հետաքրքիր զրուցակիցներ էին՝ աշխարհը ոտքի տակ էին տալիս։ Վաճառական ու մատենագիր Հովհաննես Թովմաճանյանը, դիցուք, շաբաթներ շարունակ հրավիրվել է Վերսալ՝ Լյուդովիկոս XV թագավորին (1715-1774) իր ուղևորությունները պատմելու։ Թովմաճանյանն այցելել էր 30 ինքնիշխան երկիր և թագավորություն, աշխարհի երեք մասերում՝ Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում։
Հայ վաճառականները նաև բազմաթիվ գրքեր են հովանավորել։ Ժան-Ժակ Ռուսոն իր նամակներից մեկում պատմում է հայ «l’homme d’esprit»-ի՝ ինտելեկտուալի հետ հանդիպման մասին, որի անձը, ցավոք, հայտնի չէ։ Հավանաբար նա եղել է կա՛մ ուսյալ վաճառականներից մեկը, կա՛մ այդ շրջանակին առնչվող մտավորական։ Նույն շրջանից հայտնի է առնվազն մեկ հայ, որը համատեղում էր այդ երկուսը։
Պրահայում 1714-ին «Ոսկե օձ» անունով սրճարան (kafírna) է բացել Գեորգիուս Դեոդատուս Դամասկենուսը՝ Գևորգ Աստվածատուր Դամասկոսցին, որը նախ 8-10 տարի փողոցներում սուրճ է վաճառել, ապա պաշտոնական արտոնագիր և քաղաքացիություն ստացել, իսկ ավելի ուշ… հրատարակել է հինգ լատիներեն, երեք գերմաներեն գիրք աստվածաբանական և բարոյախոսական թեմաներով։

Ձախ և աջ
«Տիգրանի փոխակերպումները» գրքից (Les métamorphoses de Tigrane, Paris, 2014)

Ուրեմն, կային նախադրյալներ, որ հայկական ներկայությունը եվրոպական միջավայրում այնքան դրական գնահատվեր, որ Ժան-Ժակ Ժուսոն ցուցադրաբար, իր թիկնոցի միջոցով ցանկանար ասոցացվել հայերի հետ։
Ցավոք, սրճարանները չդարձան հայկական ապրանքանիշ, «բրենդ», և միայն ցաքուցրիվ տեղեկությունները համադրելով է գոյանում պատկերը, որ Եվրոպայի «գլխավոր» մայրաքաղաքներից երեքում՝ Լոնդոնում, Փարիզում և Վիեննայում, հայ վաճառականներն են առաջին սրճարանները հիմնել։
Ժամանակակից գերմանացի փիլիսոփա Յուրգեն Հաբերմասի կարծիքով, հանրային ոլորտը հենց սրճարանում է սկսել կայանալ։ «Հանրային ոլորտի կառուցվածքային փոփոխումը» աշխատության մեջ նա սահմանում է, որ այն պետք է լինի պետությունից անջատ, հասանելի՝ բոլոր քաղաքացիներին, որոնք ազատորեն կարտահայտեն իրենց կարծիքը և կպաշտպանեն դրա տարբերությունն ուրիշներից։ Այդպիսին դարձավ ինքնագիտակից ու քննադատական միտք խրախուսող բուրժուազիան դեռ XVIII դարում նաև սրճարանների շնորհիվ։ Եվ կարելի է հպարտություն ապրել, որ մեր տարագիր հայրենակիցներն ակունքում են այդ Քաղաքակրթական հնոցի, որտեղ իրենք վախվորած հյուր չեն եղել, այլ հյուրընկալ։
Առաջին սրճարանների, դրանց դերի ու այդ գործում հայերի ունեցած ավանդի մասին ՁայնաՊատումում Վահրամ Մարտիրոսյանը, փոքր-ինչ շեղվելով հոդվածից, առավել մանրամասն է ներկայացնում պատումն ու ավելի շատ փակագծեր բացում։
0:00:00 Հայկական սրճարանները միջնադարյան Եվրոպայում
0:05:08 ի՞նչ անել, երբ մուտք չունես տեղական հասարակություն
0:10:24 Ամենաարագ բազմացող հաստատությունը պատմության մեջ
0:15:16 Լավագույն լրտեսները վարձատրվում են սուրճով
0:20:17 Ժան-Ժակ Ռուսոյի հայկական թիկնոցը