EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Արվեստ և մշակույթ
Փտր 12, 2024

Պեղումներ. Աստված սեր է, բոլորը հավասար են Նրա առաջ

Վահրամ Մարտիրոսյան


Your browser does not support the
audio element.

Մեր թվարկության առաջին դարերում դավանանքի ընտրությանը, ինքնազոհաբերություններին, զանգվածային նահատակություններին է անդրադառնում ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։

«Պեղումներ» շարքի հաջորդ՝ «Ինչու՞ քրիստոնեություն» ենթաշարքը Հայոց եկեղեցու պատմությունը չէ. այն պետականության արժեքների տեսանկյունից է դիտարկում կրոնն ու Եկեղեցու հաստատությունը, ինստիտուտը սկսած՝ I դարից՝ զուգահեռելով Հայաստանի քաղաքական իշխանության գործունեության հետ։ Իսկ «Պեղումների» նախորդ հոդվածներն ընդգրկում են ոչ շատ հայտնի դրվագներ ու գործիչների հայոց պատմությունից՝ սկսած Տիգրան Երվանդյանից մինչև Եվրոպայի հայկական սրճարաններ, մեր անվանադիր Հայկից մինչև գրերի գյուտ ու պատմության արձանագրման գաղտնիքներ։

Մեր թվարկության առաջին դարերը Հայաստանում դավանանքի անհատական, անձնական ընտրության ժամանակներ էին։ Ստրուկից մինչև թագավոր՝ իրենք էին որոշում՝ ինչ կրոնի հետևել. պաշտոնականի՞ն՝ հեթանոսությա՞նը, ինչպես՝ բոլորը, թե՞ քրիստոնեությանը… ենթարկվելով ինքնասահմանափակումների (ծոմապահություն, մենամուսնություն), հալածանքների ու զրկանքների՝ հանուն մերձավորի հանդեպ սիրո, հավասարության, արդարության… թեկուզև՝ մահվանից հետո։  

Հիսուսին մայրաքաղաք ընծայող թագավորը

Մատյանից մատյան է անցել` Եվսեբիոս Կեսարացուց մինչև Մովսես Խորենացի, Աբգար թագավորի հուզիչ նամակը ուղղված Քրիստոսին, որը նա գրել է Եդեսիայից։ 

«Աբգար Արշամից աշխարհի իշխան, բարերար և փրկիչ Հիսուսիդ, որ Երուսաղեմում հայտնվեցիր, ողջո՛ւյն: […] Ասում են, դու կույրերին տեսցնում ես, կաղերին քայլեցնում, բորոտներին մաքրում, չար ոգիներ ու դևեր հանում, դու նաև մեռածներին ես կենդանացնում։ […] Նաև լսեցի, թե հրեաները քեզանից դժգոհում են և ուզում են քեզ չարչարել, բայց ես մի փոքր ու գեղեցիկ քաղաք ունեմ, որ երկուսիս էլ բավական է»:

Դաստառակը

Սիրահոժար առաջարկելով միասին տիրել իր թագավորանիստ քաղաքին` Աբգարը Հիսուսին աղաչում է, որ նեղություն կրի, գա և բժշկի իրեն։ Նա ուղարկում է նամակն իր նախարար Անանեի միջոցով, որը Երուսաղեմում փորձում է նկարել Փրկչին, ինչը չի հաջողվում նրա չափազանց աշխույժ դիմախաղի պատճառով։ Հիսուսը երեսին է սեղմում ձեռքի սրբիչը՝ Դաստառակը (Մանդիլիոն), որին տպվում է նրա դիմանկարը։ 

Անանեն Եդեսիա է բերում Դաստառակը, որի հրաշագործ զորությունը բուժում է Աբգարի բորոտությունը։ Ապա, Քրիստոսի պատվիրանի համաձայն, այստեղ է գալիս Թադեոս առաքյալը։ Աբգար թագավորը ճանաչում է նրան տեսիլքի շնորհիվ, գահից իջնում ու երկրպագում է՝ հարուցելով իր իշխանների զարմանքը (երկիր պագանել գրաբարով նշանակում է համբուրել հողը՝ որևէ մեկի ոտքերի առաջ)։ Այստեղ էլ Թադեոսը կատարում է առաջին ձեռնադրությունը` «պարզ օրհնությամբ» եպիսկոպոս է օծում Ադդե Կերպասագործին, որով նա ստանձնում է «Քրիստոսի լուծը» (Խորենացի):

Այս մանրամասնը հրաշալի նկարագրում է քրիստոնեության ակունքների ժողովրդավարական բնույթը։ Քաղաքի հոգևոր առաջնորդ է դառնում տասնյակ հազարավոր բնակիչներից մեկը, որն «ընդամենը» արհեստավոր է, կերպասագործ։ Ըստ ամենայնի՝ «աշխատանքից ազատ ժամանակ» կատարելով իր նոր պարտականությունները։

Աբգարի մահից հետո Եդեսիային տիրում է Հայոց Սանատրուկ թագավորը։ Նա անգթորեն հալածում է քրիստոնյաներին։ Կտրում են Ադդե եպիսկոպոսի սրունքները, որից նա մահանում է, սրախողխող են անում Թադեոս առաքյալին։ Սանատրուկ թագավորը, «դառնորեն արտասվելով», հրամայում է սպանել նաև իր դստերը։ 

Թագուհին, որն իր զարդերի գնով փրկեց Երուսաղեմի բնակիչների կյանքը

Ըստ Խորենացու, Սանատրուկը կոտորել է Աբգարի համարյա ամբողջ գերդաստանը, բացի գթասրտությամբ հայտնի Հեղինե թագուհուց, որին արտոնեց ապրել իր կալվածքներում։  

Սանատրուկի և Աբգարի մասին պատմական աղբյուրների տեղեկությունները հակասական են։ Ժամանակակից գիտնականները վիճարկում են, որ Աբգարն ապրել է I դարում՝ համարելով, որ քրիստոնեություն է ընդունել Աբգար IX թագավորը, որը գահակալել է III դարի սկզբներին։ Բայց։ Իրական է Հեղինե թագուհին, որը I դարի 30-ական թվականներին հեռացել է Երուսաղեմ, որտեղ մ.թ. 46–47 թվականների սովի տարիներին, զարդերը վաճառելով, Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից ցորեն, իսկ Կիպրոսից չոր արմավ է բերել և բաժանել կարիքավորներին՝ անկախ դիրքից, ազգությունից ու հավատից։ Դա գրում է Խորենացին, նույնը վկայում է I դարի հրեա պատմաբան Հովսեփոս Փլավիոսը, թեև, վերջինիս համաձայն, Հեղինեն ոչ թե Աբգարի… այլ Ադիաբենեի թագավոր Մոնոբազոս I-ի կինն է (և քույրը, ինչն ընդունված կարգ էր ժամանակի Արևելյան երկրներում)։ 

Փլավիոսը գրում է, որ Հեղինեն հուդայականություն է ընդունել։ Նրան երկրորդում է հրեական «Թալմուդը», որին վստահելով այսօրվա Իսրայելում Helene Hamalka՝ Հեղինե թագուհի են կոչել Երուսաղեմի կենտրոնական փողոցներից մեկը։ Մինչդեռ «Ադիաբենի եկեղեցու պատմության» ասորի հեղինակ Մշիխա Զեխայի համաձայն, հուդայականությունը… հրեաների մովսեսական կրոնը չէ, այլ վաղ քրիստոնեական ուսմունք, որն այդ շրջանում ընկալվում էր որպես հուդայականություն։ 

Ալբրեխտ Դյուրերի ստեղծագործությունը

Ընկերովի մահը հարսանիք է

հայկական ասացվածքի բառացի համարժեքը չեմ գտել ուրիշ լեզուներում։ Հավանաբար, առաջացել է վաղ քրիստոնեության դարերում, երբ տեղի էին ունենում խմբային նահատակության դեպքեր։

Ոսկյաններ են կոչվում Հռոմի կայսեր հինգ պատգամաբերները, որոնց գլխավորի անունը Խռիսոս էր։ Նրանք Հայաստան են գալիս Սանատրուկ թագավորին հանդիպելու նպատակով, բայց լսում են Թադեոս առաքյալի քարոզչությունը և մկրտվում: Հայ առաքելական եկեղեցին այս նահատակների տոնին տարածում է հաղորդագրություն, ըստ որի, 40 տարի ճգնելուց հետո Ոսկյանները, «առաջնորդվելով աստվածային պատգամով… գալիս են հայոց արքունիք` քրիստոնեություն քարոզելու հայոց Արտաշես թագավորին ու Սաթենիկ թագուհուն»: Ոսկյաններին, սակայն, հետևում է միայն Սաթենիկ թագուհու տասնութ ազգական՝ Սուքիասի գլխավորությամբ, որոնց «սրախողխող են անում» հայոց արքայազնները՝ չկարողանալով համոզել, որ հավատն ուրանան: 

Սուրբ Քառասուն մանկանց անունը կրում են Հայկական մի քանի վանք ու եկեղեցի։ Դսեղից մինչև Հալեպ։ Այս քառասունը երեխաներ չեն եղել (գրաբարով հաճախ էին մանուկ կոչում պատանիներին ու երիտասարդներին՝ Խորենացու «Վարդգես մանուկը», դիցուք, «կռում-կոփում» է, այսինքն, թակում է «զդուռնն Երուանդայ արքայի»), այլ՝ երիտասարդ զինվորներ Սեբաստիայում, որոնց սառցամույն են արել լճում, որպեսզի հավատն ուրանան, բայց նրանք մահն են գերադասել։ Սեբաստիայում կառուցվել է քառասնագմբեթ եկեղեցի, որն ավերել է Լենկ Թեմուրը, ինչպես կարելի է ենթադրել Թովմա Մեծոփեցու (1378-1446) «Պատմութիւն ԼանկԹամուրայ և յաջորդաց իւրոց» գրքից։

Վիտորե Կապրիչիոյի ստեղծագործությունները

Հայտնի է նաև շատ ավելի զանգվածային նահատակության դեպք, որին նվիրված է Վերածննդի մեծագույն նկարիչներից մեկի՝ Ալբրեխտ Դյուրերի (1471-1528) «Տասը հազարի նահատակությունը» վերնագրով գլուխգործոցը (1508 թ., Արվեստի պատմության թանգարան, Վիեննա), որում օսմանյան հագուստներով դահիճները Արարատ լեռան մատույցներում դաժան կտտանքների են ենթարկում իրենց զոհերին, իսկ ուղղորդում է նրանց… թուրք սուլթանը։

Դյուրերը նկարում պատկերել է նաև իրեն, ձեռքին՝ իր ստորագրությունը, և ընկերոջը՝ բանաստեղծ Կոնրադ Ցելտիսին՝ ականատես-վշտակիցների դերում։ Նկարը նախատեսված էր ավստրիական Վիթենբերգ ուսանողական քաղաքի (որտեղ սովորում էր Շեքսպիրի Համլետը) «Բոլոր սրբերի» եկեղեցու համար։ Դյուրերի հովանավորի ցանկությունը եղել է ցույց տալ թուրքական վտանգը, որը շատ առարկայական էր այդ ժամանակ… թեև առաջին դարերում մեր տարածաշրջանում թուրքեր չկային։ 

Բուն վկայաբանության (սրբի կենսագրության) համաձայն, Արարատի լանջերին բնակվող ինը հազար քրիստոնյա հայ զորականներ հերոսական դիմադրությամբ օգնում են Հռոմին հաղթանակ տանել պարսիկների դեմ։ Կայսրը նախ մեղմաբար հորդորում է նրանց վերադառնալ հեթանոսական հավատին, բայց մերժում է ստանում, որից հետո պահանջում է, սպառնում և, ի վերջո, հռոմեական զորք է ուղարկում… որից հազար հոգին միանում են հայ քրիստոնյաներին։ Կայսրը դիմում է… թշնամի պարսիկների օգնությանը՝ Շապուհ I-ին (արքայից արքա III դարում), որն անկասկած ոխակալած կլիներ դառն պարտությունից։ Հայ և հռոմեացի զորականները չեն ընկրկում, թշնամիները մերկացնում են նրանց ու խաչում։ 

Այս նահատակությունը պատկերել է նաև վենետիկցի գեղանկարիչ Վիտորե Կապրիչիոն։ Թվում է՝ իսկապես 10.000 խաչյալ կա «Տասը հազարի նահատակությունը Արարատ լեռան վրա» մոնումենտալ կտավում (չափսերը՝ 307×205 սմ, 1515 թ., Վենետիկի Ակադեմիական պատկերասրահ)։ Պատվիրատուի ընտանիքը այդպիսով ցանկացել է նշել հաղթանակը թուրքերի դեմ՝ որպես քրիստոնյաներին հալածողների, երբ 1499-1503 թթ.-երի Օսմանա-վենետիկյան II պատերազմում վենետիկցիներին հաջողվեց ամրանալ Պելեպոնեսյան թերակղզում։ (XVIII դարի սկզբին հենց այստեղ աշակերտների հետ սեփական ձեռքերով իր առաջին վանքը կառուցեց, ապա Վենետիկի Հանրապետության պարտությունից հետո կորցրեց Մխիթար Սեբաստացին)։

Համաշխարհային մշակույթի արձագանքը նահատակության այս դրվագներին ապացուցում է, որ մինչև 301 թվականը հայաբնակ վայրերում խիստ տարածված է եղել քրիստոնեությունը՝ ի հեճուկս մահացու վտանգների։ Իսկ ավելի վաղեմի ավանդություններում նկարագրված է մի

ընկերություն, որ բերեց հավատի, և՝ հավատարմություն, որը հանգեցրեց ինքնազոհաբերության

Նոր կրոնի հետևորդները հավաքվում էին գաղտնի, քարանձավներում կամ գետնահարկերում, և երբ նրանց հայտնաբերում էին, հարկադրված էին կամ ուրանալ հավատը, կամ նահատակվել։ 

Արևելյան Անատոլիայի Մելիտենե (Մալաթիա) քաղաքի դատավորը հայ ազնվական Պողիկտոսն էր, որի մտերիմ բարեկամ Նեարքոսը քրիստոնյա էր։ Պողիկտոսը նրա հետ մասնակցում էր գաղտնի պատարագներին, որ անցկացվում էին քարանձավներում։ Քաղաք է ժամանում հռոմեական կուսակալը, որպեսզի կայսեր հրամանով գտնի ու պատժի քրիստոնյաներին։ Դա լսելով՝ Պողիկտոսը… մկրտվում է։ Դա է իսկական ընկերության նրա ըմբռնումը։ Պողիկտոսն ամուսնացած էր քաղաքի իշխան Ֆելիչեի դուստր Պաոլինայի հետ, որի… պատանեկան սերն է եղել նոր կուսակալը։ Թե՛ Ֆելիչեն, թե՛ քաղաքի գլխավոր քուրմը, թե՛ հռոմեական կուսակալը՝ ինքը, համոզում են Պողիկտոսին ուրանալ հավատը, բայց ապարդյուն։ Չնայած կուսակալի հանդեպ նորից բորբոքված իր զգացմունքին, Պաոլինան միանում է ամուսնուն, երբ նրան դատապարտում են մահվան՝ գազանների կողմից հրապարակային հոշոտման։ 

Սա «Պողիկտոս» վերնագրով դրամայի համառոտ բովանդակությունն է, որի հեղինակը «ֆրանսիական ողբերգության հայր» Պիեռ Կոռնեյլն է (1606-1684)։ Պիեսը, որի ընթերցման ժամանակ որոշ դիտողություններ է արել մեծն կարդինալ Ռիշելիեն, հաջողություն է ունեցել բեմում, իսկ XIX դարում իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետին նույն ստեղծագործության հիման վրա գրել է «Մարտիրոսներ» օպերան, որի առաջնախաղը տեղի է ունեցել 1848-ին, նույնպես Փարիզում։ Ավելի քան մեկ դար անց օպերան վերադարձել է մեծ բեմահարթակներ` «Պողիկտոս» վերնագրով։ Աշխարհահռչակ Մարիա Կալասն է կատարել Պաոլինայի դերը։ Նրա Di quai soavi lagrime — «Քաղցր արցունքներ» մեներգից հետո դահլիճը պայթել է ծափահարություններից։

Պողիկտոսի նահատակությունը՝ Վասիլ II կայսեր «Մենոլոգիոնից»՝ եկեղեցական օրացույցից, մոտ՝ 1000 թ.

Պողիկտոսը համաքրիստոնեական՝ Ընդհանրական Եկեղեցու սուրբ է։ Վազգեն I վեհափառի (Ամենայն հայոց կաթողիկոս` 1955-1994 թթ.) բաղձանքն էր, որ հայ նահատակի մասին օպերան բեմադրվի Երևանում։ Երկար բանակցելով Վատիկանի հետ, որի գրադարանում է պահվում նոտագրությունը, նա այն ձեռք բերեց։ «Պողիկտոսը» (հունարեն նշանակում է հենց «բաղձանք») բեմադրվեց Օպերայի ու բալետի ազգային թատրոնում, 1993-ին… երբ օրական երկու ժամ էր հոսանք լինում, հովհարաձև՝ Հայաստանը պատերազմի մեջ էր, վերաբեմադրվեց 2017-ին։

Պողիկտոսի մարտիրոսությունը հավաստի է թվում, քանի որ նրա նահատակության տարեթիվը համարվում է 259 թվականը, իսկ արդեն IV դարի կեսերին ի պատիվ այս սրբի եկեղեցիներ են կառուցվել Մելիտենեում, Կոստանդնուպոլսում, իտալական Ռավեննայում, Եգիպտոսում (Լուվրում պահվում են այստեղից բերված եկեղեցական մոմակալներ, որոնց վրա նրա անունն է գրված) և, վերջապես, ամենավաղը՝ Երուսաղեմի հայկական մի վանքում։ 

Ըստ վարքաբանության, Պողիկտոսը սպա էր հռոմեական XII լեգեոնում, որը Մելիտենեում էր տեղակայված։ Իր զինակից Նեարքոսի ազդեցությամբ համակվելով քրիստոնեական գաղափարներով, նա ջարդում ու ոտքերով տրորում է տասներկու կուռքերի արձանները, որոնք ուսերին առած քրմերը երթով շրջում էին քաղաքում։ Պողիկտոսին կալանավորում են, պահանջում, որ հրաժարվի հավատից, բայց նա մերժում է՝ հակառակ կնոջ, նրա հոր՝ քաղաքի իշխանի թախանձանքներին, և դատապարտվում է մահվան։ Նահատակվում է նաև նրա զինակից Նեարքոսը։ 

Քրիստոնեական սրբերի զգալի մասը որևէ առաքինության հովանավոր է համարվում։ Պողիկտոսն օրինավորության հովանավորն էր, երդմանազանցների սարսափը, և, դա նկատի ունենալով, նրա անունը շրթունքներին էին դաշնագրեր կնքում հին ֆրանսիական թագավորները։

Ազգերը՝ առաջին համաշխարհային կրոնի ակունքներում

Իսկ ի՞նչ ազգային ծագում ունեին առաջին քրիստոնեական սրբերը։ 

«Հայկական» առաքյալներ Թադեոսն ու Բարդուղիմեոսը հրեա էին։ 

Աբգարը Օսրոենեի թագավորն էր՝ այդ պետությունը հայկական չի համարվում։ 

Հեղինե թագուհուն (որի քարե դագաղը հնագետ Լուի Ֆելիսիեն դե Սոլսին հայտնաբերել է XIX դարում) ֆրանսիացի հետազոտող Ռուբենս Դյուվալը վերագրում է պարթևա-հայկական ծագում՝ իր «Եդեսիայի քաղաքական, կրոնական և գրական պատմությունը մինչև առաջին խաչակրաց արշավանքը» գրքում։ 

Պողիկտոսին որպես հայ է ներկայացնում դրամատուրգ Կոռնեյլը, օտար մի շարք աղբյուրներ, բայց օտարազգի կրոնական պատմաբանները նրան մեծ մասամբ այլ ծագում են վերագրում։ 

Հա՞յ էին արդյոք Ոսկյանները։ Հավանաբար հույն են եղել (Խռիսոս հունարեն նշանակում է ոսկի), Սուքիասյան նահատակները՝ ալաններ են, ինչպես Սաթենիկ թագուհին՝ ըստ Արտաշես արքայի և ալան արքայադուստր Սաթենիկի ավանդազրույցի (ալաններն այսօրվա օսերն են)։ Արտաշեսն առևանգել է նրան և առել «զտիկին օրիորդն Ալանաց զՍաթենիկ ի կնութիւն»։ Դա նշանակում է, որ Ոսկյանները… Քրիստոսի ծնունդից շուրջ երկու հարյուր տարի առաջ պետք է գային, որպեսզի նրանց նահատակության ավանդությունը հավաստիություն ձեռք բերեր։ 

Սուրբ Գայանյանց կույսերը, որոնց սպանել է տալիս Տրդատ թագավորը III-IV դարերի սահմանագծին, հռոմեացի էին։

Բայց։ Համաշխարհային կրոնների վերազգային, «աշխարհաքաղաքացիական»-կոսմոպոլիտ բնույթը ենթադրում է, որ քարոզիչները տարբեր երկրներից լինեին, ավելին, նրանք նախընտրում էին մեկնել հեռավոր ու վտանգավոր վայրեր։ Դա նշանակո՞ւմ է, որ նրանց ազգային ծագումը կարևոր չէ, եթե… նույնիսկ Հիսուսի պատմականությունն է վիճարկվում մինչև այսօր։ Կարևոր է։ Նախ՝ հավատացյալների համար, քանի որ այդպես ամրապնդվում է նրանց զգացմունքային կապն իրենց դավանանքի հետ, ապա՝ որպես ազգային ինքնությունը ձևավորող պատմա-մշակութային ժառանգություն՝ նախնիների, հերոսների «որդեգրում» է. միևնույնը չէ, ազգը երկրպագում է թագուհուն, որն իր ունեցվածքը վաճառել ու սովյալների է փրկել, թե, դիցուք, մի աշխարհակալի, որը շուրջ 17 միլիոն մարդ է ոչնչացրել իր արշավանքների ընթացքում՝ արնախում Լենկ Թեմուրին։

Այդ առումով ավելորդ չէ նշել, որ Աբգար թագավորի մայրաքաղաք Եդեսիան, այնուամենայնիվ, եղել է հայկական պետականությունների ազդեցության գոտի, ժամանակավորապես՝ նաև տարածք, իսկ այսօր Թուրքիայում Ուրֆա կոչվող քաղաքի քսան մզկիթների մեծ մասը նախկին հայկական եկեղեցիներ են։ 

Պողիկտոսի հայրենի Մելիտենե-Մալաթիան ևս իր պատմության տարբեր շրջաններում մեծ մասամբ հայերով է բնակեցված եղել, ընդհուպ մինչև՝ Ցեղասպանությանը նախորդող տարիները (Մելիտենեից է նաև 2007-ին Ստամբուլում նահատակված Հրանտ Դինքը)։ Այսինքն, այս քաղաքը, Եդեսիայի նման, եղել է  հայկական օյկումենեի՝ մարդաբնակ տարածքների մաս։

Դաստառակը, որին հրաշքով տպվել էր Հիսուսի դիմապատկերը… մեկը չէ։ Գիտականորեն չի հաստատվում դրանց վավերականությունը, բայց նկարներից մեկը, որ համարվում է IV դարի ստեղծագործություն և գտնվել է հենց Եդեսիայում, երկարամյա դեգերումներից հետո՝ XIV դարից հանգրվանել է Ջենովայում և պահվում է… երբեմնի հայկական թաղամասի Սուրբ Բարդուղիմեոս այժմ չգործող հայկական եկեղեցում։

Սան Մինիատո ալ Մոնտե եկեղեցու որմնանկարներից. ձախից՝ Քրիստոսը, Սուրբ Մինիատուսը, 1409 թ.

Մեծ է հայերի թիվը, որոնք քրիստոնեություն են քարոզել Եվրոպայում, շատերը՝ նահատակվել։ 

Սուրբ Մինասը (Մինիատուս) նահատակվել է Ֆլորենցիայում, 250 թվականին՝ նրան է նվիրված քաղաքի ամենահին եկեղեցին։ 

Բոլորովին վերջերս գրական թարգմանչուհի Աննա-Մարիա Մատտաարը գրեց Սերվաաս կամ Սերվացիուս անունով հայի մասին, որը IV դարում քարոզել է հեթանոսական Նիդերլանդներում և դարձել Մաաստրիխտ քաղաքի առաջին եպիսկոպոսը, հետագայում՝ Նիդերլանդների առաջին սուրբը: 

Ահա այսպես, իրենց անձերը զոհելով, երկրի ներսում, թե այլուր՝ հայ քարոզիչները տարածում էին նոր կրոնը, մինչև հասավ պահը, երբ քրիստոնեությունը Հայաստանում ավելի մեծ հեղինակություն ձեռք բերեց, քան հին հավատքը։

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

0:00:00 առաջաբան
0:01:30 Հիսուսին մայրաքաղաք ընծայող թագավորը
0:03:57 թագուհին, որն իր զարդերի գնով փրկեց Երուսաղեմի բնակիչների կյանքը
0:06:00 ընկերովի մահը հարսանիք է
0:10:39 ընկերություն, որ բերեց հավատի
0:14:58 ազգերը՝ առաջին համաշխարհային կրոնի ակունքներում

Պեղումներ

Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից

Պեղումներ. Ինչո՞ւ քրիստոնեություն

Պեղումներ. Ինչո՞ւ քրիստոնեություն

Վահրամ Մարտիրոսյան
Փտր 5, 2024

Վաղուց չէ, որ խաչվել է Հիսուսը։ Ի՞նչ են խոսել Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, որոնց քարոզչության ուղիները հատվել են Հայաստանում։ Սուրբ Հոգու հրա՞շքն են հիշել երախտագիտությամբ, թե՞ խոսել են փորձություններից, որոնց հանդիպել են քարոզչության տատասկոտ ճանապարհներին։

Read more

ՁայնաՊատում. Ինչո՞ւ քրիստոնեություն

Պեղումներ․ Խենթություն հայկական ձևով՝ Սասնա ծռեր

Պեղումներ․ Խենթություն հայկական ձևով՝ Սասնա ծռեր

Վահրամ Մարտիրոսյան
Հնվ 29, 2024

«Սասնա ծռերը» պատմական Հայաստանի մի որոշ հատվածի վեպն է, բայց հայ ժողովուրդը «որդեգրել է» այն։ Իսկ արդյո՞ք ժողովուրդն այժմ համապատասխանում է իր էպոսին։ Բնորո՞շ է, դիցուք, «Սասնա ծռերի» հերոսների վարքն այսօրվա հայությանը, որքանո՞վ ենք մենք՝ հայերս, «ծռեր»՝ միամիտ խենթեր, մեկնաբանում է Վահրամ Մարտիրոսյանը:

Read more

ՁայնաՊատում. Խենթություն հայկական ձևով՝ Սասնա ծռեր

Պեղումներ ամբողջական ՁայնաՊատումը լսեք այստեղ։

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ