
Վահրամ Մարտիրոսյանը, երբեմն փոքր-ինչ շեղվելով հոդվածից, առավել մանրամասն է ներկայացնում պատումն ու ավելի շատ փակագծեր բացում։
«…վասն անցելոյն պատմել, վասն ներկային խօսել, վասն ապագային իմանալ եւ զգուշացուցանել»։
(Անցյալի մասին պատմել, ներկայի մասին խոսել, ապագայի մասին իմանալ և զգուշացնել)։
Թովմա Մեծոփեցի, XIV-XV դարեր
1448-ին գերմանական Մայնց քաղաքում դարբին, ոսկերիչ ու գեղագիր Յոհաննես Գուտենբերգը ստեղծեց տպագրական հաստոց։ Ձուլեց մայրատառեր (matrix, матрица), լույս տեսան գրքեր։ Դա ծանուցում էր, որ նոր դարաշրջան էր բացվել, կոչ բոլոր ազգերին՝
ա. առա՛ջ՝ գիրք տպագրելու
Բայց։ Ի՞նչ վիճակում էր Հայաստանը։ Արդեն շուրջ 400 տարի զուրկ էր անկախությունից, կիսված՝ Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև։
XVI դարը սկսվել էր պատերազմով այս երկու տերության միջև։ 1501-ին Իրանում գահ բարձրացավ Իսմայիլ I-ը, որը 1503-1510 թթ.-ին գրավեց Միջին Ասիայի որոշ մասը, թուրքերից՝ արաբական Իրաքը և Հայաստանը։ Օսմանյան կայսրության նոր սուլթան Սելիմը, իր հերթին, 1512-ին արշավանքի ելավ կորուստը հետ բերելու, ահռելի զորքով։ Այսինքն, Հայաստանում՝ հիմնական ռազմաբեմում, ամայանալու էին քաղաքներն ու շեները, թալանելու, սպանելու, գերեվարելու էին մարդկանց։ Այրվելու կամ պատանդ էին տարվելու մատյանները։ Քաղաքների ու շեների բնակիչները դրամ էին հանգանակում ոչ միայն գերված հայրենակիցներին, այլև ձեռագիր մատյանները փրկագնելու համար, որոնք հաճախ պատառոտված էին լինում, նույնիսկ՝ դաշունահար։ Թալանված այս մարդիկ ի՞նչ գումար էին հավաքելու։ Միշտ խնդիր է անցյալ և ներկա ժամանակների համեմատելի գները որոշել։ Որքա՞ն արժեին ձեռագիր մատյանները։ 1668-ին Մարգարիտ անունով մի բարեպաշտ տիկին երկու ձիու, երկու եզի և մեկ կովի դիմաց է ձեռագիր «Ավետարան» գնել (պահվում է Մատենադարանում, գրված է Ավըրդնիկ կոչվող վայրում), ստվարածավալ «Աստվածաշունչը» բազմապատիկ թանկ էր, իհարկե։ Երկու ձին, երկու եզն ու մեկ կովը մի ամբողջ կարողություն էին այդ ժամանակ։
«Ավետարանը», «Աստվածաշունչը» ինքնության վկայականներ էին։ Միջնադարում մարդու ազգությունը հաճախ որոշում էին ոչ թե ըստ տարածքի, այլ՝ կրոնի։ Կամ նույնիսկ դավանանքների տարբերության՝ մեկ կրոնի շրջանակում, քանի որ, ասենք, հայերեն «Աստվածաշունչն» ու լատիներեն «Աստվածաշունչը» էական տարբերություններ ունեին։ Հայ ժամանակագիրները հիշատակում են «մի քրիստոնյայի»… «մի այլահավատի»՝ առա՛նց ազգությունը նշելու, իսկ հայ իշխանին, որը հարել էր բյուզանդական ուղղափառ եկեղեցուն, կոչում էին… հույն։
Մաշված էին հայկական շատ եկեղեցիների Սուրբ գրքերը, որոնց ընդօրինակումը, ծաղկումը (նկարազարդումը) տևում էր տարիներ, պահանջում՝ հազարավոր մագաղաթներ, հազվագյուտ ներկեր՝ մանրանկարների, արծաթ ու գոհարեղեն՝ վայելուչ պատյանների համար։ Գուտենբերգի հնարած հաստոցը թեև դեռ բազկամամուլ էր, այսինքն՝ ամեն ինչ ձեռքի ուժով էր արվում, տասնյակ անգամ արագագործ էր։ Թուղթը բազմակի էժան էր մագաղաթից, իսկ նկարները տպվում էին սովորական վերնագրերի նման հեշտ։ Հմուտ վարպետը մամլիչի տակից 2000 էջ կհաներ օրական, մինչդեռ ձեռագրի մեկ էջի ընդօրինակումը տևում էր մեկ օր և ավելի։
Ուրեմն, գրքերը կենսական անհրաժեշտություն էին քրիստոնյա հայերի համար։ Պարսիկ և թուրք մուսուլման հոգևորականությունը դեմ էր, որ… սրբազան «Ղուրանը» մեքենայով տպվի, այն պետք է ձեռքով գեղագրվեր։ Այդ է պատճառը, որ առաջին թուրք տպագրիչը սկսել է իր գործունեությունը միայն 1729-ին, որոշ ժամանակից ընդհատվել է, իսկ Իրանի առաջին պարսկերեն գիրքը Ռուս-պարսկական պատերազմի ընթացքում շահի արձակած հրովարտակների ժողովածուն է, որը հրատարակվել է 1817-ին։
Այսքան
Մաս 1
Պեղումներ. «Ալքիմիկոսը»՝ Մկրտիչ Նաղաշ
XV դարում է ստեղծագործել պանդխտության առաջին հայ երգիչը, որի անունն է բոլորին հայտնի գրականության դասագրքերից, բայց՝ ոչ կյանքը։ Մկրտիչ Նաղաշը, նրա ժամանակաշրջանն ու իրադարձություններն են գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի առաջին անդրադարձի առանցքում։
Read moreՁայնաՊատում
Ձայնային տարբերակում հեղինակը բացում է փակագծեր և առավել ընդգրկուն ներկայացնում Մկրտիչ Նաղաշի ու նրա ժամանակաշրջանի պատումը։
բ. բարդությունները թելադրում էին, որ պետք է գնալ արտասահման՝ գիրք տպագրելու
Իսկ ու՞ր, որտե՞ղ էին լավագույն պայմանները։ Պատասխանը կարծես պարզ է։ Մա՛յնց, որտեղ Գուտենբերգը 1455-ին Աստվածաշունչ էր տպագրել։ Ի դեպ, նախքան դա մի յուրօրինակ հրատարակություն՝ Türkenkalender-ը, «Թուրքական օրացույցը», որն ահազանգ էր Եվրոպա թուրքական ներխուժման մոտալուտ վտանգի մասին Կոստանդնուպոլսի անկումից հետո (1453 թ.), ինչը շուտով հաստատվեց։
Բայց։ Մայնցի երկու տպարանն էլ ոչնչացվել էր դեռ 1462 թվականին, երբ Ադոլֆ II Նասաուցին գրավեց քաղաքը՝ տիրելու արքեպիսկոպոսությանը, որը խոշորագույնն էր Սրբազան Հռոմեական Կայսրությունում։ «Գուտենբերգի զավակները», ինչպես կոչում էին նրա աշակերտներին, սփռվել էին Եվրոպայով մեկ և առաջին գրքերը տպել մի շարք լեզուներով։
Այդ դեպքում՝ ու՞ր՝ Հռո՞մ, Փարի՞զ, Լոնդո՞ն։ Ոչ՝ Վենետի՛կ, որտեղ խարիսխ կար՝ Հայոց տունը… 1253 թվականից։ Նաև՝ մատուռ, մի փողոցում, որ հետագայում կվերանվանվի Կալե դեի Արմենի։ Տունն ու մատուռը ձեռք էին բերվել վենետիկցի Մարկո Ձիանիի (Marco Ziani) բարերարությամբ, «կտակած գումարով»՝ ի նշան հայերի հանդեպ ջերմ բարեկամության։ Որի հիմքը առևտրական աշխույժ կապերն էին Կիլիկիայի հետ, վենետիկցի վաճառականների փողոցը Այաս նավահանգստում, բազմաթիվ արտոնությունները։
Բայց։
1510-ին, Սիցիլիայից սկսվելով, Վենետիկում, մյուս իտալական պետություններում, ապա և ամբողջ Եվրոպայում տարածվել էր coccolucio, կնգուղ, պոպոզիկ կոչվող համաճարակը։ Առաջին անգամ գրանցված այս հիվանդության ախտանիշներից էր զգայնությունը լույսի հանդեպ, որից պաշտպանում էր աչքերին քաշած կնգուղը։ Այս հիվանդությանը, որ այժմ կոչվում է… «կապույտ հազ», 1990-ին զոհ է դարձել 138 հազար մարդ… թեև 1940-ին արդեն հայտնաբերվել էր պատվաստանյութը։ Ուրեմն, ինչքան ավելի մեծ է եղել մահացությունը, վարակի վտանգը XVI դարում։ Ընդ որում, այն ժամանակ ևս պետությունները՝ սահմաններին, դքսություններն ու կոմսությունները՝ քաղաքներում, արգելափակում էին տեղաշարժը՝ մեծ ամրոցներում հատկացված տարածքներում կիրառելով 40-օրյա մեկուսացում (իտալերեն՝ quarantena, quaranta giorni — կարանտին քառասուն օրով)։ Այսպիսի կարանտինում, որը նա կոչում է «նազարեթ», հայտնվել է միջնադարյան հայ ճանապարհորդ Սիմեոն Լեհացին, «ղաֆիլ» ձևով՝ հանկարծակի.
Տէրն ազատէ ըզմեզ աստի
Այս նազարէթ ղարիպ երկրի.
Ղաֆիլ անկաք մեք այս տեղի,
Փորձանք եկաւ խիստ մեր գլխի։
Այս նազարէթս որ է զընտան,
Անմեղ մարդկանց արգելարան…
1512-ի Եվրոպայում նույնպես պատերազմ էր, որում Վենետիկի Հանրապետությունը արդեն երեք տարի ներգրավված էր որպես Սրբազան Լիգայի անդամ։ Հռոմի պապը ստեղծել էր Լիգան, որ դիմակայի Օսմանյան կայսրությանը, բայց այն նախապես ուղղել էր… Վենետիկի ազդեցությունը զսպելուն, Ֆրանսիայի՛ օգնությամբ, ապա՝ վերջինի՛ս ախորժակները, Վենետիկի մասնակցությամբ։ Ահա այսպիսի բարդ քաղաքական համապատկեր։ Նույն 1512-ի ապրիլի 11-ին արյունալի ճակատամարտ է տեղի ունենում Ռավեննայում, Սրբազան Լիգայի և Ֆրանսիայի միջև։ Շուրջ 12 հազար զոհ, նույնքան վիրավոր՝ ամեն կողմից։
Տեղաշարժի այս խոչընդոտները հաղթահարելով, մենք, այնուամենայնիվ, Հակոբ Մեղապարտի հետ հասնում ենք այնտեղ, ուր նա ձգտում էր։ Զարմանալի Վենետիկ։ Այն պետություն էր 697 թվականից՝ հարաճուն ազդեցությամբ միջերկրածովյան գոտում… Յոթ անգամ պատերազմել է միայն Օսմանյան կայսրության դեմ, մի քանի մեծ ծովամարտ հաղթել։ Ի դեպ, Վենետիկի դեսպանները 1504-ի խաղաղ տարին Օսմանյան կայսրությանն առաջարկեցին… Սուեզի ջրանցքը կառուցել, ինչը կլիներ ցատկ դեպի ապագա՝ իրագործվեց միայն XIX դարում։
Վենետիկ։ Այստեղ պետք էր
գ. գտնել տպարան
1512-ի Վենետիկը զարգացած էր։ Սենատը՝ քաղաքային խորհուրդը, դիցուք, օպտիկական ակնոցի ապակիների որակի չափանիշները սահմանել էր… 1300 թվականին։ Մեծատոհմիկներից ոմանք արդեն գրպանի ժամացույց ունեին, որ սարքել էին նյուրնբերգցի վարպետները հայտնաբերվել էր 1505-1510 թթ.-ին։ Ըստ Մարտիրոս Երզնկացու, 1490 թ-ին քաղաքում կար 74.000 տուն, Սուրբ Մարկոսի եկեղեցում՝ երկու մեծ երգեհոն, երկու թևավոր ոսկե առյուծ… Մեկ ուրիշ հայ ճանապարհորդ՝ Սիմեոն Լեհացին (1584-1639), թվարկում է 40 հազար կամուրջ, 40 հազար պոռնիկ… 365 մարմարե եկեղեցի։ Քաղաքն անառիկ է, քանի որ «եթե նավով գան՝ կխրվեն, եթե ձիով՝ կխեղդվեն, իսկ ցամաքով անհնար է»։
Վենետիկից էր նախնական, ոչ շարժական տառերով փայտագիր տպագրությունն անցել Գերմանիա և Հոլանդիա. տպարաններ քաղաքում, բնականաբար, կային։ Բայց քանի՞սն էին՝ երե՞քը, չո՞րսը, հի՞նգը, զբաղված չէի՞ն արդյոք։
Վենետիկում կար… 250 տպարան, որքան էլ անհավատալի թվա։ Բայց։ Քաղաքում, ուր ամեն ինչ կարգաբերված էր, դրանցից յուրաքանչյուրն ուներ արտոնագիր, տրված՝ 10 տարով, որտեղ հստակ նշված էր, թե ինչ գրքեր կարող է տպել։ Խախտելու դեպքում տուգանքը 200 ոսկե դուկատ էր, որը միջնադարի ամենակայուն արժույթն էր։ Շա՞տ էր, թե՞ քիչ։ 15-20 դուկատը բավարար էր, որ ունևոր ընտանիքը բարեկեցիկ կյանքով ապրեր մի ամբողջ տարի։
Իսկ հնարավոր չէ՞ր շրջանցել արտոնագիրը… լուծել հարցը կաշառքով, որ եղել է միշտ։ Ոչ, տուգանքի գումարը շատ խորամանկ էր տեղաբաշխված։ 100 դուկատը տրամադրվում էր Սուրբ Անտոնիոյի հիվանդանոցին. մարդը մահկանացու է, բայց նախ՝ հիվանդացու, և ամբողջ քաղաքն էր շահագրգռված, որ հիվանդանոցը հարուստ լինի։ Մնացյալը բաժին էր հասնելու Վենետիկի Հանրապետության փաստաբաններին, որ շահագրգիռ լինեին օրինազանցներին պատժելո՛ւ, ոչ թե պաշտպանելու։
Ի՞նչ արտոնագրեր ունեին տպարանները։ Աստվածաբանությո՛ւն հրատարակելու, բժշկակա՛ն գրքեր, արհեստագործական… Հնարավո՞ր է, որ հայերեն գիրք տպելու իրավունք էլ որևէ մեկն ուներ։ Պարզվում է՝ այո. Վենետիկի քաղաքային արխիվում կա փաստաթուղթ, որ ոմն Դեմոկրիտո Տերաչինա 1498-ին ձեռք է բերել հայերեն լեզվով գիրք տպելու արտոնագիր։ 25 տարով… Եվ ոչ մի գիրք չէր տպել մինչև 1512-ը։ Նա… նույնիսկ տպարան չուներ։
Ո՞վ էր, ուրեմն, Տերաչինան՝ արկածախնդի՞ր։ Ոչ, նա ճանաչված գրավաճառ էր, և իր խնդրագրում բացատրել է, թե ինչու՞ ոչ թե 10, այլ 25 տարվա արտոնագրի կարիք ունի՝ հազվագյուտ լեզուներով է գրքեր տպելու, այդ թվում՝ հայերեն։ Գործից մի քիչ հասկացողը կկռահի՝ գոյություն չունեն, ասենք, հայերեն մայրատառեր, հայրատառեր, չկան գրաշարներ, որ դրանք իրարից տարբերեն, սրբագրիչներ… Մի խոսքով, պահանջվելու են cum grandissima et quasi intorellabel spexa — «մեծամեծ և անտանելի ծախսեր»։ Սա նշանակում էր հայտնվել
դ. դեմ-հանդիման փակուղու
Բայց Մեղապարտը ելք գտել է, ուրեմն, այն եղել է։ Որոշ սովետահայ հետազոտողներ ենթադրել են, որ Տերաչինան մահացել է 1498-ից շատ չանցած, և արտոնագիրը «անտեր է մնացել»։ Դե, ՍՍՀՄ-ում արտասահմանյան արխիվները նույնիսկ վաստակաշատ գիտնականներին էին անհասանելի, այլապես կիմանային, որ Տերաչինան վախճանվել է 1513-ին։ Եվ նրա արտոնագիրը գրեթե անմիջապես անցել է զարմիկներին՝ Պաոլոյին ու Մասիմոյին… ինչը ես համացանցի միջոցով պարզեցի ընդամենը կես օրում։
Բրենդեյսի համալսարանի պրոֆեսոր Միրոսլավ Կրեկը համարում է, որ միայն հայերը կարողացան Տերաչինայի մահվան և զարմիկների կողմից արտոնագրի վերստացման միջակայքում գրքեր տպագրել մայրենի լեզվով։ Նրա վարկածը մի թույլ կողմ ունի՝ գիտնականը միայն երկու հայերեն գրքից է տեղյակ, իսկ Մեղապարտը հի´նգն է տպագրել։ Հաշվարկները ցույց են տվել՝ ամիսները, նույնիսկ մեկ տարին բավական չէր, որպեսզի Մեղապարտը տպարան հիմներ, մայրատառեր ձուլեր, փորագրանկարներ ձեռք բերեր, հինգ գրքի շարվածք աներ և տպագրեր դրանք բազկամամուլ եղանակով։
Առեղծվածի վրա կարող է լույս սփռել հայերեն առաջին գրքի՝ «Ուրբաթագրքի» մուտքի նկարը։ Այն պատկերում է երեք հոգևորականի այցելություն մի հիվանդի։

«Ուրբաթագրքի» մուտքի նկարը
«Ուրբաթագիրքը» խորհուրդ է տալիս Հիսուսի խաչելության օրը, որ ուրբաթ էր, հիվանդին տանել եկեղեցի։ Արդյո՞ք իրականությունը ծածկագրված չէ այս նկարում։ Եթե Տերաչինան վախճանվել է 1513-ին, նա 1512-ից կամ 11-ից կարող էր հիվանդ լինել։ Նկարում եկեղեցականները իրենք են այցելում հիվանդին. հավանաբար Մեղապարտն այցելել, բանակցել է նրա հետ ու պայմանավորվել, որ տպարանը ի՛նքը հիմնի ու հայերեն գրքեր կտպագրի։
Արտոնատերը կարող էր համաձայնել, բայց նա կհարցներ անպայման՝ ո՞վ է… պատվիրատուն։ Որևէ հայ հոգևորական չէր հանդգնի գիրք տպագրել առանց ունենալու
ե. եկեղեցու առաջնորդի համաձայնությունը
Տվյալ դեպքում երկու եկեղեցու՝ հայ և կաթոլիկ։
Հայերեն գրքի հրատարակությամբ ամենաշահագրգիռը Ամենայն հայոց կաթողիկոսն էր՝ վերոհիշյալ պատճառներով։
1512-ին Էջմիածնի Մայր աթոռը զբաղեցնում էր Սարգիս Գ կաթողիկոսը, որին հիշատակում են նաև Մյուսայլ անունով։ Կարո՞ղ էր նա լինել Մեղապարտին պատվիրակողը։ Հազիվ թե. Մյուսայլը հնչում է որպես ֆրանսիական տիտղոս, բայց իրականում նրան այլ Սարգիս, մյուս Սարգիս են կոչել նախորդ ու հաջորդ Սարգիս կաթողիկոսներից տարբերելու համար, մինչև մյուս + այլ-ը հավասարվել է Մյուսայլի։
Հուշում՝ այդ ժամանակի մոտիկ ապագայից։ Մեղապարտի գործը կես դար անց շարունակած Աբգար Դպիր Թոքատեցուն Եվրոպա էր ճանապարհել Կիլիկիո´ կաթողիկոսը (Սեբաստիայի Սուրբ Աստվածածնի եկեղեցում հրավիրած ժողովի որոշմամբ)։ Միգուցե Մեղապարտը Կիլիկիայի՞ց էր ճանապարհ ընկել, որն ավելի մոտ է Վենետիկին, ծովային ճանապարհներին։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ Կիլիկիայի կաթողիկոսը 1512 թվականին Հովհաննես Թլկուրանցին էր, իսկ Մեղապարտի հրատարակած «Տաղարանում» (1513) կան բանաստեղծություններ… նույն ստորագրությամբ։
Տարօրինակ բան է կատարվել այս հարցում։ Երկար տարիներ հայագիտությունը համարել է, որ տաղասացը կաթողիկոսն է։ Ըստ այդմ, նաև՝ առաջին հայ հեղինակը, որի ստեղծագործությունները լույս են տեսել կյանքի օրոք… Թեև տաղերը մեծ մասամբ սիրային են։ Ի վերջո, պարզվեց, որ իսկական հեղինակը՝ կաթողիկոսի անվանակից Հովհաննես Թլկուրանցին ապրել է մեկ դար ավելի վաղ։ Նա հռչակի էր հասել Կիլիկիայի թագավորության Սիս մայրաքաղաքի հերոս պաշտպանին նվիրված «Տաղ քաջի Լիպարտին» ստեղծագործությամբ։ Արդյունքում… կաթողիկոսը մոռացվեց։
Մինչդեռ պետք է հարց ծագեր. առաջին հայերեն գրքերից մեկում, Գրիգոր Լուսավորչի տաղերի, Ներսես Շնորհալու հանելուկների կողքին ինչպե՞ս կհայտնվեին ինքն իրեն «Խև» անվանող Թլկուրանցու սիրային տաղերը, եթե նա չլիներ Կիլիկիո գործող կաթողիկոսի անվանակիցը և,- ազգանունից հստակ է,- հայրենակիցը՝ Թլկուրանցի։
Ուրեմն, կողմնակի, բայց խոսուն ապացույց կա, որ Մեղապարտը եղել է նվիրակը Կիլիկիո կաթողիկոս Հովհաննես Թլկուրանցու։ Կաթողիկոս, որն իր այս հանձնարարությամբ արժանի է Հակոբ Մեղապարտի կողքին տեղ գրավելու հայ գրատպության… կարելիական, վիրտուալ պանթեոնում։
Մյուսը՝ Հռոմի պապի հավանությունն էր՝ նրա խոսքը հոգևոր ոլորտում կաթոլիկների համար անբեկանելի էր, թեկուզև այդ պահին Վենետիկի Հանրապետությունն ու Վատիկանը հակասություններ ունեին։

Հովհաննես Թլկուրանցու բանաստեղծությունները Մեղապարտի հրատարակած «Տաղարանում» (1513)
Հուշում այդ ժամանակի մոտիկ ապագայից. Ոսկան Երևանցին հայերեն առաջին «Աստվածաշունչը» Ամստերդամո՛ւմ տպագրեց, որը բողոքական էր, բայց միևնույն է անհրաժեշտ եղավ մեծ համբերություն, որ պապական կաթոլիկ նվիրակ Նեերքասելի հետ համաձայնության հասներ։ Իսկ Մեղապարտը…
«Ուրբաթագրքի» մուտքի նկարի կենտրոնում մի հոգևորական է, որի գլխին վեղար կա, դեմքին՝ մորուք, որոնք հատուկ են հայ առաքելական աբեղային, իսկ լատին հոգևորականների գագաթներն ածիլված են, իրենք անմորուս են, ինչպես երեք այցելուից առնվազն մեկը։ Վեղարի ու մորուքի գույնը մուգ է մնացյալ նկարի համեմատ։ Դա եզրակացնել է տվել հետազոտողներին, որ գույնը… ուշ է ավելացվել փորագրանկարում։ Ըստ ամենայնի, երբ Մեղապարտը-Տերաչինան… գրքի ազդօրինակն ուղարկել են Հուլիուս Բ պապին, ի դեպ՝ Հուլյան տոմարի հեղինակին, երեք հոգևորականն էլ նկարում եղել են անմորուս, իսկ երբ Հռոմից ստացվել է պապի թույլատվությունը, փորագրության մեջ սև ներկով ավելացրել են հայկական մորուք-վեղարը՝ ընդգծելու համար Մեղապարտի պատկանելությունը Հայ առաքելական եկեղեցուն… Եվ տպաքանակը թողարկվել է այդպես։
Նույն ենթադրյալ «գրաքննություն» է պատճառը, կարծում եմ, որ գրքի բովանդակությունը «ողջամիտ» է։ «Ուրբաթագիրքը», ըստ էության, բժշկական բնույթի է՝ աղոթքները ներառյալ. զուտ կրոնական բնույթի հրատարակությունը պապի դավաբանական դժգոհությունը կհարուցեր, այնուամենայնիվ (հայերեն իմացող «գրախոսներ» Հռոմում գտնվում էին, եթե պետք էր)։
Ուրեմն, պատվիրատուին իմացանք, «գրաքննիչին», իսկ ո՞վ է հոգացել գրքերի տպագրության
զ. զարհուրելի «մեծ ծախսերը»
Ցավոք, մեր պատմաբաններին հազվադեպ է հետաքրքրել ֆինանսների խնդիրը, թեև միշտ, բոլոր ժամանակներում առանց դրամի մեկ նկանակ հաց իսկ հնարավոր չէ հայթայթել… առավել ևս՝ գիրք տպել։ Իհարկե, Հովհաննես Թլկուրանցի կաթողիկոսը Հակոբին դատարկաձեռն չէր ուղարկի Եվրոպա, բայց արդյոք բավարար միջոցներ ունե՞ր տպարան սարքավորելու, 5 գիրք տպագրելու։ Եթե՝ ոչ, ինչպե՞ս էր անհրաժեշտ գումարը համալրվելու։


Սուրբ Փոկաս և նրա աղոթքը
Հուշում՝ այդ ժամանակի մոտիկ ապագայից։ 1579 թվին Վենետիկում արդեն այնքան հայ վաճառական կար, որ համայնքը կազմում է ինքնավար Ազգային Սահմանադրություն։ 1665-68 թթ.-ին առաջին հայերեն Աստվածաշունչը Ամստերդամում տպագրելիս մեծ գումար են տվել հայ վաճառականները։ Կարելի է կռահել, որ նույնը եղել է մեկուկես դար առաջ։ Դա հաստատվում է կողմնակի ապացույցով, որը կա «Ուրբաթագրքում»։ Սուրբ Փոկասի պատկերը։ Ինչո՞ւ՝ հազարավոր սրբերից հենց նա (այո, մի զարմացեք՝ հազարավոր քրիստոնեական սրբեր կան)։
Սուրբը նավապետի որդի էր, ի զորու՝ հանդարտեցնելու ծովը, իսկ դա խիստ անհրաժեշտ էր… վաճառականներին, հայ վաճառականներին՝ նրանք արդեն նավարկում էին հեռու երկրներ։
Այսինքն, պատվիրատուն ծանրակշիռ էր, փողը նույնպես կար, բայց
է. էական է՝ ո՞վ էր Հակոբ Մեղապարտը
Պատմագիրները, ժամանակագիրները չեն անդրադարձել հրատարակիչներին, որպեսզի աղբյուրներից որևէ բան քաղենք՝ նրանց հերոսները թագավորներն ու կաթողիկոսներն են (Գուտենբերգի մասին ևս չնչին տեղեկություններ են պահպանվել միայն ֆինանսական թղթաբանության շնորհիվ)։
«Ուրբաթագրքի» հրատարակչի դեպքում նախ պետք է «անմեղության կանխավարկածով» առաջնորդվել՝ նա մեղապարտ չէր։ Հակոբն իրեն այդպես է կոչել «Պատարագատետր» գրքի հիշատակարանում, ըստ ինքնանվաստացման քրիստոնեական ավանդույթի, որի օրինակները բազմաթիվ են՝ սկսած «Նարեկ»-ից մինչև ուշ միջնադարյան ձեռագրի հիշատակարաններ՝ «Գծօղ սորին՝ Նազարէթի որդի անպիտան Միքայէլ՝ չնչին ծառայ»։ XVIII թուրք պատմագիրն էլ իրեն ներկայացնում է այսպես՝ «նվաստս՝ Քյուչուկ Չելեբի-Զադե»… և ոչ ոք նրան չի կոչել՝ Քյուչուկ Նվաստ։
Հակոբը պիտի հոգևորական լիներ՝ աշխարհիկ մարդիկ սովորաբար այնքան գրագետ չէին, որ բնագրերին ծանոթ լինեին, սրբագրեին շարվածքները… Մայրատառերի չափը, ձևը որոշեին։ Միգուցե նրան նաև ձեռագրերի ընդօրինակման փո՞րձն է օգնել։ Ընդ որում՝ ձեռագիր «Ուրբաթագրքեր» ևս եղել են։ Համեմատելով գիրքը և ձեռագիր մատյանները, որոշ գիտնականներ ենթադրել են, որ դրանցից մեկի (#8675 ձեռագիր, Մատենադարան) գրիչը՝ տեր Հակոբ քահանան և Հակոբ Մեղապարտը նույն մարդն են։
Ինչ վերաբերում է Մեղապարտի օգտագործած տպագրական նշանին, այն բանավեճերի ու քննարկումների առարկա է մինչև այսօր։ Տարածված բացատրությունը սա է՝ D-Dei Servus – Աստծո ծառա, I-Iakobus — Հակոբ, Z-Zanni (Հովհաննիսյան), A-Armenius — հայ: Ես տրամաբանական եմ համարում այս մեկնաբանությունը, բայց ունեմ երկու այլ առաջարկ-վարկած.

«Ուրբաթագրքի» տպարանի նշանը
- Z-ը կարող է նշանակել Ziani, Մարկո Ձիանիի անունով, որը XIII դարում հայկական համայնքին է նվիրաբերել Վենետիկի Հայոց տունը. միգուցե այս տարածքում էլ ստեղծվել ու գործե՞լ է հայկական տպարանը,
- խաչի նշանը, որ նման է լատիներեն T-ին, վենետիկցի գրավաճառ Terracina-ի ազգանվան առաջին տառն է՝ նա էր հայերեն գրքի տպագրության օրինական արտոնատերը։
Բայց։ Հանուն ինչի՞ էր այսքան չարչարանքը։ Միգուցե պետք էր սպասել լավ օրերի՞… Ոչ, հայերեն գիրքը թե՛ ազգային ինքնությունը պահպանելու հզոր գործիք դարձավ, թե՛ հնարավորություն մուտք գործելու գիտության, տեխնիկայի և տեղեկատվության զարգացման դարաշրջան։
Դեռ միջնադարի ավարտին մեծահարուստ հրեա բանկիր Նաթան Ռոթշիլդը պիտի ասեր՝ ով տիրապետում է տեղեկատվությանը, տիրում է աշխարհին։ Իսկ գիրքն առաջին զանգվածային տեղեկատվությունն էր մինչև մամուլը։ 1512-13-ին լույս տեսած առաջին հայերեն գրքերը լույս վառեցին ուշ միջնադարի մռայլ թունելի սկզբում, որը մեր ժողովրդին ուղեկցեց մի քանի դար։
Հայերեն գիրքը թե՛ ազգային ինքնությունը պահպանելու հզոր գործիք դարձավ, թե՛ հնարավորություն մուտք գործելու գիտության, տեխնիկայի և տեղեկատվության զարգացման դարաշրջան։ Հակոբ Մեղապարտը, նրա գործունեությունն ու կենսական անհրաժեշտություն գրքերի տպագրման ուղին է գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի երկրորդ անդրադարձի առանցքում։
0:00:00 Լույս՝ թունելի սկզբում (1512)
0:01:49 ա. առա՛ջ՝ գիրք տպագրելու
0:05:23 բ. բարդությունները թելադրում էին, որ պետք է գնալ արտասահման՝ գիրք տպագրելու
0:09:52 գ. գտնել տպարան
0:12:42 դ. դեմ-հանդիման փակուղու
0:15:01 ե. եկեղեցու առաջնորդի համաձայնությունը
0:19:59 զ. զարհուրելի «մեծ ծախսերը»
0:21:39 է. էական է՝ ո՞վ էր Հակոբ Մեղապարտը