
Վահրամ Մարտիրոսյանի նոր ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։
…շատ ծանր են տեղիս պայմանները…
Պետրոս դի Գիլանենց
Մայրաքաղաք և ուրիշ քաղաքներ
Արհեստական բանականությունը (AI) ստեղծում է տարբեր ազգերի ներկայացուցիչների տիպական դիմանկարներ, ինչպես նաև՝ քաղաքների։ Թեթև համեմատությունը բավական է պարզելու, որ մայրաքաղաքների բնակիչներն ավելի «հղկված» դիմագծեր ունեն, խնամված, փափկակենցաղ մարդկանց տեսք։
Որպես մայրաքաղաք՝ Երևանն ընդամենը մեկ դարի «վարկային պատմություն» ունի, բայց, հավանաբար, «Կասկադի», Հյուսիսային պողոտայի, Սարյան փողոցի «էլիտար» սրճարանների շնորհիվ, նույնպես «գլամուր», սնդուսափայլ քաղաք է շատերի մտապատկերում։

Երևան
Երևանը Հայաստանի մայրաքաղաք է հռչակվել 1918-ին, բայց այն շատ ավելի վաղ այդպես են կոչել միջնադարի ֆրանսիացի ճանապարհորդներ՝ ակնավաճառ Ժան-Բատիստ Տավերնիեն (Jean-Baptiste Tavernier, 1605-1689) և ոսկերիչ Ժան-Բատիստ Շարդենը (Jean-Baptiste Chardin, 1643-1713), Վենետիկի մխիթարյան միաբաններից՝ Ղուկաս Սեբաստացին (1709-1752), որը գրառել է Դավիթ Բեկի ապստամբության պատմությունը, ուրիշներ։
Շարդենը նկարագրում է կանաչապատ, գեղեցիկ տներով, ցանկապատված փողոցներով քաղաք։ Նա իր ուղեգրությանը կցում է կոկիկ ու գունագեղ, այգեվետ ու… կարմիր տանիքներով քաղաքի նկար։ Եթե նկարիչը չի չափազանցրել, արժե հետին թվով նախանձել այդ դարի երևանցիներին՝ համեմատելով քաղաքի այսօրվա գեղագիտական էկլետիկայի, խառնաշփոթի հետ։
Ուշ միջնադարում Երևանը որպես Հայոց ոչ պաշտոնական մայրաքաղաք է ընկալվել նաև հոգևոր մայրաքաղաքի՝ Էջմիածնի հարևանության շնորհիվ, որը 1441-ին, հարյուրամյակների դադարից հետո, նորից դարձավ կաթողիկոսանիստ։ Ճիշտ է, Երևանը կուսակալության կենտրոն էր Պարսկաստանի կազմում, բայց մայրաքաղաք պատվանունը տեղացիներն ու օտարները նույն կարգավիճակ ունեցող ուրիշ նստավայրերի հասցեին համարյա չեն օգտագործել։
Իսկ ովքե՞ր էին երևանցիները։ Ինչպե՞ս են ապրել։ Տավերնիեն վեց անգամ ճամփորդել է Արևելք, որից հինգ անգամն անցել է Երևանով։ Իր առաջին ճամփորդությանը նա բերդում տեսել է միայն խանի իսլամ պաշտոնյաներին ու կայազորը, իսկ հայերն ապրել են պարիսպներից դուրս։ Ավելի ուշ հայեր եղել են նաև բերդում՝ նրանք են գործարկել դրամահատարանը, զենքեր սարքել։
Միջին դարերում կարևոր, նույնիսկ բախտորոշ էր, թե քաղաքի որ մասում էր ապրում մարդը՝ ամրոցու՞մ, թե՞ պարիսպներից դուրս։ Երբ թշնամին հարձակվում էր, ամրոցը բոլորին չէ, որ ներս էր առնում։ Երևանի բերդը ևս տասնյակ հազարների չէր տեղավորի, եթե նույնիսկ խանը դա ցանկանար։ Ինչպե՞ս են վարվել երևանցիները այդ օրհասական պահերին։ Քաղաքի անցյալը պարունակում է մի էջ, որը բացառիկ է համաշխարհային պատմության մեջ՝ արհեստական բանականությունը կարծրատիպերից շատ տարբեր երևանցու կերպար կստեղծեր, եթե տեղյակ լիներ 1724 թվականի այդ սակավածանոթ դրվագին։ Դա տեղի է ունեցել թուրք-պարսկական հերթական պատերազմի ընթացքում։

Ժան-Բատիստ Տավերնիե
Երևանը միակ քաղաքն է Արարատյան դաշտում, որը բերդ ունի. Պետրոս I-ին վստահեցնում էր Իսրայել Օրին՝ նրան Կովկաս հրապուրելով։ Ի տարբերություն, դիցուք, Կապանի գավառի, որ հայ պատմիչը (Ղուկաս Սեբաստացին) կոչում է Յոթնաբերդյան։ Այդ պատճառով XVI- XVIII դարերում թուրքերն ու պարսիկները Երևանը գրավել են իրարից… 15 անգամ։
1724-ի նահանջ տարին քաղաքը հերթական հարձակմանն էր սպասում՝ աֆղաններն էին սպառնում հարավից։ Բայց հյուսիս-արևմուտքից ավելի շուտ հասան թուրքերը։ Երևանի Միրհալի խանը 12.000 զինվորով մարտի դուրս եկավ, պարտվեց թուրքերի 1.800 հոգանոց առաջապահ ջոկատին, և թաքնվեց բերդում։ Բերդից դուրս հայկական թաղամասերն էին՝ առանց որևէ պաշտպանական կառույցի։ Ժամանակագիրը կոչում է «արձակաքաղաք»։ Հետո թուրքական հիմնական ուժերը մոտեցան քաղաքին…
Նախապատմություն 1724-ի ինքնապաշտպանության
Վենետիկցի դիվանագետ Ռոտան իր հիշատակարանում գրում է Սեֆյան գահատոհմի հիմնադիր Շահ Իսմայիլի (1487-1524) մասին, որի օրոք պառակտված Պարսկաստանը նորից դարձավ միասնական պետություն, սկսած 1501-ից.
«Շահ Իսմայիլն այնքան խորն էր ատում հրեաներին, որ որտեղ էլ նրանց հանդիպեր, աչքերը հանել էր տալիս, հետո բաց թողնում։ Բայց նա է´լ ավելի հալածում էր թուրքերին, և բոլոր նրանք, ովքեր ընկնում են իր ձեռքը, չեն խուսափում վատթարագույն մահից։ Նա նույնիսկ քանդել էր տալիս նրանց տաճարներն ու մզկիթները։ Նա ասում է, որ իր թրի սուր ծայրը երբեք չի դադարի հատելուց ու ջարդելուց այնքան ժամանակ, մինչև ինքը վերջ չտա բոլոր նրանց, ովքեր իրենց պաշտամունքը կատարում են կեսօրին՝ ինչպես թուրքերը և մահմեդականներն են անում, փոխանակ մեր՝ քրիստոնյաներիս պաշտամունքի, որը կատարվում է արևածագին։ Քրիստոնյաների նկատմամբ նա բարյացակամ է, որևէ թշնամական վերաբերմունք չի ցուցաբերում նրանց եկեղեցիների և մատուռների նկատմամբ։ Իր հետ տանում է նաև հայ պատրիարքին և մեր դավանանքին պատկանող բազմաթիվ քահանաների ու կրոնավորների, դրանով ցանկանալով ցուցադրել մահմեդական օրենքը խորտակելու, տակնուվրա անելու և կործանելու իր ունեցած մեծ ցանկությունը։ Այդ նպատակով նա բազմիցս համոզում է քրիստոնյա իշխաններին, որպեսզի Եվրոպայի հետ համատեղ պատերազմ հայտարարեն Թուրքիային, իսկ ասիական կողմից իրեն օգնություն հարկավոր չէ»։

Շահ Իսմայիլ I
Ռոտայի ամեն նախադասությունն անակնկալ է, անհավատալի է քրիստոնյաների հանդեպ նման հոգածությունը պարսկական տիրապետության մեր ընդհանուր պատկերացման համեմատ, բայց Սեֆյան հարստության ուժեղագույն գահակալները կայսրության անհաշտ պայքար են մղել էթնիկ թուրքերի դեմ՝ հանուն երկրի ազգային և կրոնական հավասարակշռության… Թեև արքունիքի լեզուն բավական երկար եղել է թուրքերենը։
Սա, իհարկե, չի նշանակում, թե ստում են մեր պատմագիրները, երբ ողբում են դաժան հալածանքների առթիվ։ Եթե Իսմայիլ I-ը հակաթուրք էր ու հրեատյաց, ապա XVII դարի երկրորդ կեսին գահ են բարձրանում կրոնական մոլեռանդությամբ տառապող շահեր, որոնց օրոք հայերի վիճակը հիշեցնում էր Հոլոքոսթի տարիներին հագուստներին դեղին աստղ կրող հրեաներին։ Թավրիզում «հայերին մյուսներից լավ տարբերելու համար,- գրում է ճիզվիտ միսիոներ Ժան-Բատիստ դե լա Մացը,- հրամայված է, որ իրենց մահուդե գլխարկներին մանիշակագույն կտոր կարեն»։ Այլ աղբյուրներից հայտնի է, որ կային բնակավայրեր, որտեղ հայերը հենց դեղին գույնի նշան պետք է կրեին, իբրև ցածր դասի մարդիկ։
Ահա թե ինչու Լեռնային Ղարաբաղի մելիքները, Գանձասարի կաթողիկոսները, Սյունյաց իշխանները, միևնույն է, երազում էին պարսկական, իսլամական տիրապետությունից ազատվելու մասին։ Նրանք դիմում էին Հռոմի պապին, եվրոպական տիրակալներին, ի վերջո, նաև ռուսներին։ Վերջիններիս, ի դեպ, Շահ Աբաս II-ը (1571-1629) «ֆրանկների», այսինքն՝ Եվրոպայի ուզբեկներ է կոչում՝ հավանաբար նկատի ունենալով մշակութային մեկուսացումը, որում հայտնվել էր միջինասիական այդ ժողովուրդը, թեև 92 ցեղ էր միավորում։ Ճիշտ է, հնուց չէ, որ հայ ժողովուրդը ռուսական կողմնորոշում է ունեցել, ինչպես ներկայացնում էին սովետահայ պատմաբանները։ Դա մի հորինվածք էր, որը նախ ռուսական արքունիքին պատմեց, ապա իր գործունեությամբ իրականության վերածեց Իսրայել Օրին։ Այս ինքնակոչ բանագնացը, վաճառականը, որ գնդապետի աստիճանի հասավ առանց պատերազմների մասնակցելու՝ կոչումները որպես իր առաքելության անհրաժեշտություն կորզելով տարբեր միապետերից։ Նա և իր գործընկեր, Արցախի Սուրբ Հակոբա վանքի առաջնորդ Մինաս վարդապետ Տիգրանյանցը կեղծել էին հայ մեծատոհմիկների նամակները ուղղված Պետրոս I-ին։
Իսրայել Օրին Պետրոս I ցարին դիմել էր նաև Երևանի անունից, որպես քաղաքի, որի 12 ավագները հայ էին։ 1701 թվականին ցարին ներկայացրած ծրագրում նա հավատացնում էր, որ այգիների միջով հեշտությամբ կարելի է մոտենալ Երևանի բերդին, որի դարպասները կբացեն ներսի հայերը։
Ազնիվ չի լինի շրջանցել այն փաստը, որ ցարերից պարբերաբար օգնություն էին խնդրում նաև վրաց թագավորները։ 1711-ին, կարծես թե ռուս նահանգային պաշտոնյայի կողմից թունավորվելով, վախճանվեց Իսրայել Օրին։ Նրա մահից տասը տարի էլ անցավ, մինչև միջազգային իրադրությունը բարենպաստ դարձավ Հայաստանի ազատագրության ծրագրի համար։ 1721-ին ավարտվեց Հյուսիսային պատերազմը՝ Մոսկովիայի առաջնորդությամբ կռվող պետությունների և Շվեդիայի թագավորության գլխավորած դաշինքի միջև, որը սկսվել էր… 1700 թվականին։ Հաղթեց և Ռուսաց կայսր (император) հռչակվեց Պետրոս I-ը։ Բայց։ Հին ցար-Մոսկովիայի մեծ դուքս-նորընծա կայսր Պետրոսից օգնություն հայցեց նաև Պարսից շահ Սուլթան Հուսեյնը (գահակալել է 1694-1722 թթ.-երին)՝ աֆղանական փուշտուն ցեղերը ներխուժել էին նրա երկիր և թնդանոթների դարում միայն սրերով ու նիզակներով զինված հաղթական արշավում էին դեպի Սպահան մայրաքաղաք։
Ժամանակագիր Աբրահամ Երևանցին այսպես է բնորոշում շահ Հուսեյնին՝ «տխմար գինեմոլ ոմն էր, անխելութեան տայր զինքն»։ Նրա հետ համաձայն են եվրոպացի ականատեսները, որոնք պատմում են նաև ահռելի կաշառքների, բազմապատկվող հարկերի մասին և նկարագրում Հուսեյնին որպես սնահավատ, հուզականորեն անկայուն, անառակ ու վատնող մեկը։ Արդյո՞ւնքը։ «Եվ այսպես աստուծասաստ բարկութիւնն ել ի վերայ ազգին պարսից և պատուհասեաց այրելով ընդ նմա և զազգս հայոց», գրում է ժամանակագիր, ճանապարհորդ, վաճառական Մարտիրոս դի Առաքելը (1657-1750)։
Պետրոսն ընդառաջեց շահի խնդրանքին, քանի որ ռազմարշավին… վաղուց էր պատրաստվում։ Նրա հրահանգով 1714-20 թթ.-ին կազմել էին Կասպից ծովի համադրական քարտեզը, սարքել 200 փոխադրանավ՝ 6.000 նավաստիով համալրված, որոնք սպասում էին հրամանի։ Ցարի հրովարտակով 1722-ի հուլիսի 26-ին զորքն ուղղվեց դեպի հարավ։ Հրապարակային պատրվակներն էին լեզգիների և կազըկումուշների առաջնորդների ապստամբությունն ընդդեմ իրենց տիրակալ Պարսից շահի և ավազակային հարձակումը ռուս վաճառականների դեմ։

Շամախիի 1683 թվականի նկար, Էնգելբերտ Կամպֆեր
Շիրվանի նահանգի Շամախի քաղաքի ասպատակությունից իսկապես տուժել էին ռուս առևտրականները, հատկապես Մատվեյ Եվրեինովը, որ ամենահարուստն էր երկրում։ Իրավացի են հայ ժամանակագիրները՝ հայկական թաղամասն էլ շատ տուժեց, կողոպտվեց, բայց հիմնական թիրախը շիա մահմեդական բնակչությունն էր, որին կովկասցի լեռնականները դաժանաբար կոտորեցին, իսկ մզկիթներն ախոռ դարձրին։ Ավելի ուշ կպարզվի, որ նրանց ապստամբությունը հրահրել էր թուրք սուլթանը։
Ռուսական կողմից Պարսկական արշավանքին ներգրավվեցին՝ 9.000 հեծելակ, հետևակի 22.000 զինվոր՝ շուրջ 200 թնդանոթով, կալմիկ խանի 7.000 հոգանոց հեծելազորը և 30.000 վարձկան թաթար։
Ռուսները գրավեցին Դերբենտը, որը Կովկասի կասպիական դարպասն էր՝ բառը հենց նշանակում է «փակ դարպաս», և մեր պատմագրությունից հայտնի է որպես Ճորա պահակը, որին երկաթե դարպասներ էր դրել դեռ… Ալեքսանդր Մակեդոնացին, իսկ Հռոմը հատուկ ռոճիկ էր տալիս Հայոց զորքին, որ այն փակ պահեն Վաղարշ II արքայի օրոք (թագավորել է 186-198 թվականներին)։ Ռուսները գրավեցին նաև՝ Բաքուն. այն դեռ սահմանային փոքր քաղաք էր XVIII դարի սկզբին։
Աֆղանները մարտ ամսից պաշարել էին Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանը, որը գրավեցին սեպտեմբերի 23-ին։ Շահին գահընկեց արեցին։ Նոր Ջուղայի հայերը ցաքուցրիվ եղան, կողոպտվեցին, շատ այլ զրկանքներ կրեցին։
Նոյեմբերին ռուսները Գիլանի՛ նահանգը գրավեցին… պարսիկներից, թեև արդեն սկսվել էր
Հայ-վրացական ապստամբությունը
1722 թվականի սեպտեմբերին Քարթլիի վրաց թագավոր Վախթանգ VI-ը շարժվեց դեպի Գանձակ՝ քաղաքը լեռնական լեզգիների պաշարումից ազատելու։ Նրա բանակին Աղվանից կաթողիկոս Եսայի Հասան Ջալալյանցի գլխավորությամբ միացավ արցախցիների զորքն ու Պետրոս դի Սարգիս Գիլանենցի փորձառու զինվորականներից բաղկացած հեծյալ ջոկատը։
Դի Սարգիս Գիլանենց, Մարտիրոս Դի Առաքել ազգանուններն անսովոր են հնչում այսօր, բայց ժամանակակիցներին կհուշեին, որ նրանք նորջուղայեցի վաճառականներ են, որոնք եվրոպացիների հետ առևտրում ավելի բարձր վստահություն վայելելու համար հաստատում էին իրենց ազնվական ծագումը սուտ կամ ճիշտ փաստաթղթերով։
Տարածաշրջանի բոցավառումը շարունակվեց Հայաստանի հարավով։ 1722-ի տարեվերջին 30 հոգանոց ջոկատով Վրաստանից Սյունիք եկավ Դավիթ Բեկը. երիտասարդ իշխան Ստեփանոս Շահումյանը Ղափանի ավագների անունից դիմել էր վրացի իշխան Շահ-Նավազին՝ որևէ հայ զորապետի օգնության ուղարկելու խնդրանքով։ Ըստ Րաֆֆու, այս նամակը ևս կեղծված էր՝ ինչպես Իսրայել Օրունը… ի շահ հայրենյաց։ Դավիթ Բեկն աներևակայելի հաջողությունների հասավ՝ տիրեց Սյունիքին։ Իհարկե՝ տեղի ազնվականների եռանդուն ռազմական մասնակցությամբ, որոնց թվում էին Մաղա Մելիքի որդիները՝ նրանք եկան հի՛ն, վերականգնված Ջուղայից՝ 2000 զինվորով։
Լեզգիները նահանջեցին Գանձակից, բայց հայ-վրացական զորքը երկու ամիս զուր սպասեց Պետրոս I-ին քաղաքի մոտակայքում։ Վախթանգ թագավորը մի փոքր մարզեց հայկական աշխարհազորը, ապա… բոլորը տներով գնացին։ Գիլանենցը՝ «միակ իսկական զինվորը հայ կապիտալի քաղաքական պատմության ամայի դաշտում» (ըստ պատմաբան Աշոտ Հովհաննիսյանի), մնաց տեղում՝ իր ծախսով, բայց մեծ պարտքերով պահելով հեծելաջոկատը՝ պատերազմն իր գինն ունի։ Բայց ժամանակի կրոնակենտրոն աշխարհում շրջակա մուսուլման խաների ու ցեղապետերի համար հայերն արդեն միայն այլահավատներ չէին, այլ Մոսկովիայի գործակալ ու թշնամի՝ նրանք սկսեցին ասպատակել քրիստոնյաների բնակավայրերը, թալանել ու գերեվարել հայերին ավելի անողորմաբար, քան երբևէ։
«Հայերի հարաբերությունները ռուսների հետ այն աստիճան ակներև և աշքարա էին դարձել, որ այլևս չէր կարող ծածուկ մնալ պարսից կառավարությունից։ Եվ այդ ավելի կատաղեցնում էր պարսիկներին, երբ պարզ տեսնում էին, որ հայերն առաջնորդում են իրանց թշնամուն՝ «մոսկոֆների» թագավորին՝ Պարսկաստանը տիրելու։ Զանազան տեղերում սկսվեցան խիստ հալածանքներ նրանց դեմ։ Երևանի նահանգում մինչև անգամ հրամայվեցավ կոտորել բոլոր հայերին։ Համադանցի Աստվածատուր կաթողիկոսի եռանդոտ միջնորդությունը հազիվ կարողացավ ազատել նրանց։ Նա հանգստացրեց Շահ Թահմազին բավական գումար նրան ընծա տալով և հավատացնելով, թե ինքը և իր ժողովուրդն ամենևին ապստամբության նպատակներ չունեն և պարսից հավատարիմ հպատակներ են»,- գրում է Րաֆֆին «Դավիթ Բեկ» պատմավեպում՝ ցուցաբերելով հետազոտողի տաղանդ։
«Ղարաբաղի ապստամբության գլխավորների» հետ Պարսից կառավարության պատվիրակներ են հանդիպում, մեծ արտոնություններ խոստանում՝ միայն թե չդաշնակցեն ռուսներին։ Մելիքների պատասխանը Րաֆֆին մեջբերում է Դի Գիլանենցի «Օրագրությունից».
«Մեզ պետք չէ ձեր փողը, երկիրը և պատիվները։ Մեզ ոչինչ պետք չէ։ Մենք ձեզ ճանաչել անգամ չենք կամենում։ Մենք հավաքվել ենք մեծ կայսրի և թագավորի (Պետրոսի) կամքով և մեր հույսը դրել ենք նրա վրա։ Մենք նրա մարդիկն ենք։ Եթե նա Աստուծո օգնությամբ կգա դեպի մեր կողմը, մենք կմիանանք նրա հետ և կկատարենք բոլորը, ինչ որ նա մեզ կհրամայե։ Բայց եթե, Աստված մի արասցե, մեծ կայսրը չի գա մեր կողմերը, և ոչ մի կարգադրություն չի անի մեր մասին և կմոռանա իր խեղճ ծառաներին, այն ժամանակ մենք կցրվինք ամեն մեկս դեպի մի կողմ։ Իսկ պարսից շահը թող չերևակայե, որ մենք երբևիցե կխոնարհվենք նրան»։
Այս նամակը կարծես երեկվա խոնարհ ու երկչոտ հարկատու հայերը չէին գրել, բայց ոչ էլ ռուսների ապագա ծառաները, այլ՝ մի ուրիշ քաղաքակրթության զանգերի ղողանջներին ունկնդիր առաջապահ գունդը, այդ քաղաքակրթության գրված ու չգրված օրենքների պարեկները։ Բայց։ Գիլանենցի զինակիցները, որ համաձայնեցնում էին իրենց գործողությունները ռուսների հետ, չունեին որևէ կարգավիճակ, չէին ստանում ռոճիկ։ Նրանք խնդրում էին ռուսներից մուսուլմաններին փոխադարձաբար թալանելու և գերեվարելու արտոնություն՝ ի պատասխան Շամախիում «Թուրքիայի գործիք դարձած» (Լեո) լեզգիների վայրագությունների (Շամախին Արևելյան Կովկասի ամենածաղկուն, վաճառաշահ քաղաքն էր)։ Բայց ո՛չ վարձատրություն եղավ, ո՛չ արտոնություն, ո՛չ էլ ռուսական զորքը եկավ-միացավ նրանց, այլ Պետրոս I-ը, բավարարված ձեռք բերածով, ընդհատեց արշավանքը՝ պարենավորման խնդիրների պատրվակով, և վերադարձավ Աստրախան, իսկ տարեվերջին արդեն Մոսկվայում էր։
1723 թվականի գարնանը ռուսները վերսկսեցին արշավանքը, բայց նվաճումների նրանց ժամանակը սպառվել էր։ Արևմուտքից Սեֆյան կայսրություն ներխուժեցին օսմանցիները։ Թեև աղֆաններն իրենցից մեկին Պարսից շահ էին հռչակել Սուլթան Հուսեյնին գերելուց հետո, նրանց դեմ որպես օրինական գահաժառանգ պայքարում էր Հուսեյնի որդին՝ կոչելով իրեն Թահմասպ II (Րաֆֆու հիշատակած Շահ Թահմազն է)։ Օսմանցիներից ավելի վախենալով, քան ռուսներից, նա դեսպան ուղարկեց Սանկտ Պետերբուրգ, դաշինք կնքելու, որի համաձայն, Պետրոս I-ը պետք է օգներ Թահմասպին երկրից աֆղաններին վտարելու, իսկ Պարսկաստանը Ռուսաստանի մաս ճանաչեր Դերբենտը, Բաքուն, զիջեր նաև Գիլանը, Մազանդարանն ու Աստարաբադը։ Պետրոս I-ը կնքե՛ց խաղաղության պայմանագիրը, բայց կատարեց միայն մի մասը՝ տիրացավ Պարսկաստանի մերձկասպյան գավառներին։

Քարթլիի վրաց թագավոր Վախթանգ VI
Վրացիներն այդ ընթացքում զբաղված էին ներքին կռիվներով։ Նրանք պահպանել էին իրենց ինքնիշխանությունը, բայց երկիրը կիսված էր երկու և ավելի թագավորությունների, որոնք պարբերաբար պատերազմում էին իրար դեմ։ Դրանց թագավորները հաճախ իսլամ էին ընդունում Պարսից արքունիքի բարեհաճությունը գրավելու համար (ճիշտ է, պատահում էր՝ ժամանակավոր), և իրենց մրցակցի դեմ հրահրում լեռնականներին, հիմնականում՝ մուսուլման լեզգիներին, որոնց վարձքը ավերն ու ավարն էր։
1723 թվականի վերջին Քարթլիի և Կախեթի թագավորությունների միջև հերթական կռիվները տեղի ունեցան՝ կախեթցիները գրավեցին Թիֆլիսը, որը ամիսներ անց… հանձնեցին թուրքերին։
Վախթանգ VI թագավորը՝ օրենսդիր, գրող, թարգմանիչ և զորավար, Վրաց առաջին տպագրատան նախաձեռնողը, որ, ի դեպ, նույնպես դավանափոխ էր, Ռուսաստան մեկնեց կնոջ, որդիների, արքունիքից ևս 1500 հոգու հետ։ «Ոչինչ կարաց առնել, բայց միայն առեալ զկինն եւ զորդիսն իւր` ել ի քաղաքէ անտի յանծանօթս եւ փախեաւ ի Մօսկովաստան», գրում է Աբրահամ Երևանցին։ (Նրա պատմությունը կա թե՛ բնագրով՝ ժամանակի խոսակցական լեզվով, թե՛ Վենետիկի մխիթարյանների գրաբար թարգմանությամբ, բայց բնագիրն այնքան խճողված է օտար բառերով, որ գերադասեցի մեջբերել գրաբարը):
Դեռ 1701 թվականին ռուսական կանցլեր («առաջին բոյարին», Լեո) Գոլովինը հարց էր տալիս Իսրայել Օրուն՝ իսկ ու՞մ են պատկանելու հայկական հողերը, եթե գրավենք… որպեսզի նա, գուշակելով ակնկալիք պատասխանը, ասեր՝ միմիայն ձեզ։ Բայց Պետրոսը բավարարում էր նաև ռուսական առևտուրը մերձկասպյան գավառներում պաշտպանելը։ Նա բանակցություններ սկսեց Օսմանյան կայսրության հետ՝ շարունակելով հույս տալ հայերին իր բանագնաց Իվան Կարապետի միջոցով, որը, որպես մուրացկան ծպտված, հասցրեց նրա նամակն ապստամբած Մեծ և Փոքր Սղնախներ։ Կլինեն մարդիկ, որոնց կապշեցնի դեժավյուն, բայց Արցախում ցարի նամակը կարդալուց հետո ութօրյա տոնախմբություն եղավ։ 1724 թվականի հունիսի սկզբին կնքվեց Կոստանդնուպոլսի պայմանագիրը, որով պարսկական տարածքներից թուրքերի տնօրինությանն էին հանձնվում Թավրիզի, Կազվինի և Շամախիի խանությունները… Հայաստանը և Վրաստանը, իսկ Ռուսաստանին՝ Հյուսիսային Պարսկաստանի մեծ մասը։
Ռուս-թուրքական առաջին սահմանազատումը սկսվեց Կովկասում։ Երկու կողմի պատգամավորները Շամախիում այսպես բաժանեցին տարածքը. մինչև Կասպից ծով 11 ժամ 25 րոպեի ճանապարհ էր՝ դրա 1/3-ը հատկացվեց Օսմանյան կայսրությանը, 2/3-ը՝ «Մոսկովին»։
…Սյունիքը և Արցախը դեռ կռվում էին, բոլորի դեմ՝ պարսիկների, թուրքերի, տեղի մահմեդական բնակչության։ Պետրոս Մեծը պատվիրեց նրանցից թաքուն պահել նոր պայմանագիրը և առաջարկել, որ վերաբնակվեն մերձկասպյան գրավյալ հողերում։ Հայերը դա մի անգամ արդեն տեսել էին և մերժեցին։ Մեծ պատվանունը կրող մեկ ուրիշ թագավոր՝ Շահ Աբասը, 1604-1605 թթ.-ին տեղահան արված հարյուր հազարավոր հայերի ու վրացիների տարավ Գիլան ու Մազանդարան, որպեսզի այստեղ շերամապահությունը զարգացնեն, բայց վերաբնակների փոքր մասը միայն ողջ մնաց՝ ճահճուտների անսովոր կլիման, վարակիչ հիվանդությունները հնձեցին մյուսներին։

Երևան, XVII դարի երկրորդ կես, Ժան-Բատիստ Շարդեն
Կռվախնձորը դուրս է գալիս կռվի
Պարսից պատառոտվող կայսրության անիշխանության գոտիներում խցանվելով՝ լուրերը դանդաղ էին տարածվում, բայց երևանցիներին պարզ էր, որ ռուսներն ու թուրքերը բաժանում են Կովկասը։ Ռուսներն արդեն Կասպից ծովի ափին էին, թուրքերը 1724-ի ապրիլի 7-ից բանակեցին Երևանի դիմաց…
Եվ ահա այս գաղութացված «արձակաքաղաքը», որի այգիների միջով «հեշտությամբ» կարելի էր մոտենալ բերդին, ինչպես ներկայացնում էր Իսրայել Օրին, վճռեց ինքնուրույն դիմադրել։ Քանի որ անձնատուր լինելու դեպքում, միևնույն է, հատուկենտ մարդիկ կփրկվեին՝ մնացածը սպանվելու, կողոպտվելու և անարգվելու էին։ Հովհաննես Հունդիբեկյա՛ն, Կառչիկ Հովհաննե՛ս, Պողոս Քիչիբեկյա՛ն, Դավիթ Միրզեջանյա՛ն՝ քաղաքի այս երևելիների կոչով Երևանը որոշեց կռվել, ինչպես պատմիչն է վկայում, «վասն անձանց և վասն կանանց ու որդւոց իւրեանց»։
Երևանցիներին միացան շրջակա գյուղերը` Փարաքարը, Գոգումբեթը, Առինջը, Ավանը, Ձագավանը, Ձագը, Կավակերտը։ Հավաքվեց 9.443 աշխարհազորային մարտիկ։
Թուրք պատմագիր Թարիխի Չելեբի-Զադեն մի ամբողջ էջ նկարագրում է, թե օսմանյան ինչ զորքեր են ուղղվել Երևանը գրավելու, գումարային՝ 60.000 զինվոր։ Ահռելի քանակ է, բայց թուրքերին տհաճ անակնկալներ էին սպասում։ Կարբի մեծ գյուղը դիմադրություն ցույց տվեց։ Շաբաթներ տևած բանակցություններից հետո նրանց երաշխիքներ տվեցին, որ թալան ու բռնություններ չեն լինի։ Թուրքերի հրամանատարը հորդորում էր. «Դուք վաղուց ի վեր հպատակ եք, այժմ ինչու՞ եք ընդվզում և զինվորագրվել մի երկրի, որը ձեր պետությունը չէ» (Չելեբի-Զադե)։ Կարբեցիները հանձնում են զենքերը, կայազոր է տեղադրվում, որ գյուղն անվտանգ մնա։ «Օսմանցիները… ավելի ցանկանում էին Հայաստանի այդ (արևելյան — Վ. Մ.) մասը հայ իշխանների ձեռքով կառավարել և նրանցից մի որոշյալ տուրք ստանալ, քան թե պարսից խաների ձեռքը տալ»,- գրում է Րաֆֆին «Դավիթ Բեկ»-ում։ Սա շատ հետաքրքիր տեղեկություն է, ցավոք, Րաֆֆին չի նշում աղբյուրը։ Կարբի գյուղը կարծես այդպիսի օրինակ է, բայց՝ միակը. թուրքերին երևի ավելի շատ պետք էր, որ Երևան քաղաքը զրկվի հնարավոր դաշնակիցներից։
Օսմանցիները հաղթանակն ապահովելու ուրիշ քայլեր ևս արեցին։ Տեղահանվեց – Բայազետ քշվեց Երևանի խանության գավառների… ավելի քան 300 գյուղերի բնակչությունը՝ 2-3 հարյուր հազար մարդ։ Որպեսզի հակամարտությանը կրոնական երանգավորում չտրվի, «Ըստամբօլու մին Ֆարման էկավ թէ` «Յէջմիածնու հեդ բան չունէք», հայտնում է Աբրահամ Երևանցին: Սա պետք էր, որպեսզի կաթողիկոսը չեզոքություն պահպաներ։
Օսմանցիները քաղաքը հանձնելու առաջարկ արեցին նաև երևանցիներին։ Բայց պատերազմների պատմության մեջ այսպիսի խոստումները որքան հարգվել, նույնքան անգամ խախտվել են՝ Երևանը մերժեց։
Ճակատամարտեր
Ապշեցուցիչ է, բայց օսմանյան բանակը չկարողացավ Երևանը գրավել մի թափով։ Ավելին՝ տեղի ունեցավ մի քանի ճակատամարտ։
Առաջինը՝ Ձորագյուղի մոտ, որը դիմացից բաց էր, բայց երևանցիների դիրքերն ավելի բարձր էին, քան օսմանցիներինը։ Թևերից գրոհները ձախողվում են՝ թուրքերը չեն կարողանում անցնել ամրությունները… որոնք Երևանի «բաղերն» են՝ այգիները, այդ թվում՝ Դալմայի։ Դրանք ծածկում էին շրջակա բլուրները և ավարտվում ուռենիներով։ Այդ ժամանակ է, որ «լացող ուռենին» ոչ թե տեղացիներին, այլ հարձակվող զորքին ստիպեց դառն արտասուք թափել՝ նրանք չեն տեսնում քաղաքի պաշտպաններին, իսկ իրենք կարծես ափի մեջ են։ Դիպուկ կրակոցները նոսրացնում են գրոհողների շարքերը՝ ի վերջո հուսալքության հասցնելով նրանց։ Թուրքերը նահանջում են՝ մարտի դաշտում թողնելով շուրջ 6000 դիակ։
Իհարկե, ուռենու ճյուղերն էլ բերդի պարիսպ չեն, որ պաշտպանեն հրաձգությունից ու հրետակոծությունից. առաջին օրը երևանցիները տալիս են 2.000 զոհ, երկրորդ օրը, երբ պարսկական ուժերը նրանց լքել – բերդն էին քաշվել՝ 1300։
Ըստ Թարիխի Չելեբի-Զադեի, հարձակվողներին միանում են «3000 ընտրյալ եգիպտական կտրիճ զինվոր», ժամանակակից բառերով՝ կայսրության եգիպտական գվարդիան։ Սրանք, առանց ընդհանուր հրամանի, շտապ գրոհում են, որպեսզի առաջինը տիրանան հարուստ ավարին։ Բայց նույնքան արագ էլ ջարդվում են՝ իրենց հետևած խառնամբոխի հետ միասին տալով նախորդ անգամվա չափ՝ 6000 զոհ։
Թիֆլիսում վեզիր Հաջի Մուստաֆան Ստամբուլից հրաման է ստանում իր մեծ բանակով Երևան շտապելու, ապա սուլթանը 35.000-անոց քրդական զորախումբն ու երկու ուրիշ փաշայի է նույն ճակատն ուղարկում։
«Պաշարեալ կային յամենայն կողմանց իբրև զձկունս ի ցանց. ոչ ուստեք էր յոյս նպաստութեան», գրում է Աբրահամ Երևանցին։ Քաղաքացիները՝ ասես ցանց ընկած ձկներ, ոչ մի կողմից օգնության հույս չունեին։ Նրանց միանում է միայն մի քանի հարյուր բոշա՝ հայացած գնչու, ճիշտ է, լավ զինված՝ թրերով ու հրացաններով։ Խանն էլ երբեմն հայերին աջակցելու էր ուղարկում բերդաբնակ (պարսկահպատակ) թուրքերի։
Օսմանցիները Կոնդի կողմից են գրոհում։ Նորից պարտվում են։ Երևանցիներն ունեն միայն վիրավորներ՝ 400 հայ, 40 բոշա. «Էն կռվին ԴՃ հայք, Խ բօշայ սրատվեցան, ոչ մեռան՝ հիվանդացան» (Աբրահամ Երևանցի):
Ենիչերիներն արդեն պատրաստ են սուլթանի դեմ ապստամբելու։ Նրանց թնդանոթների փողերը պատռվել են շատ կրակելուց, գետնուղիները, որ փորում են դեպի բերդի պարիսպները, հայտնաբերվում ու ոչնչացվում են, որի պատճառով զոհերը հաշվվում են հարյուրներով։

Երևան, Սարդարի պալատը
Բայց։ Նոր թուրքական օժանդակ ուժեր են գալիս։ Միրհալի խանը հակված է բերդը հանձնելուն՝ միայն իր և պալատականների անունից ժամանակ է խնդրում թուրքերից. Շահ Թահմասպն իրենց պետք է թո՛ւյլ տա՝ նա պատանդներ է վերցրել քաղաքի «մեծավորներից»՝ որպես Երևանը չհանձնելու երաշխիք։ Խանին օգնության է շտապում եղբայրը։
Նրան Սյունիքի մատույցներում դիմում է Ուրդովարի (այժմ՝ Օրդուբադ, Ադրբեջանի Հանրապետություն) մուսուլման բնակչությունը, թե մեղրեցիները բնաջնջել են քաղաքի բոլոր տղամարդկանց։ Խանի եղբայրը կանչում է մեղրեցիներին, որոնց ծերերն են ներկայանում, որ երիտասարդ կյանքեր չկործանվեն, եթե խիստ պատիժ լինի, բայց… արժանանում են ներողամտության, ապացուցելով, որ թուրքերն են նախահարձակ եղել։ Խանի եղբայրը թուրքերին է տուգանք («ջարիմա») պարտադրում։
Ճանապարհի տարբեր խոչընդոտներ թույլ չեն տալիս խանի եղբորը ժամանակին տեղ հասնել։
Քաղաքացիները զինամթերք չունեն, սնունդի պաշարները հատել են՝ փորձում են բանակցել թուրքերի հետ։ Բայց ենիչերիները սպանում են նրանց պատվիրակ Հարությունին, ապա՝ Միրզե Ախիջանյանին։ Հերոսնե՛ր, որ ստանձնել էին այդ պարտականությունը՝ հստակ իմանալով. գազազած ենիչերիները հազիվ թե պահպանեն բանագնացների անձեռնամխելիության պատերազմական կանոնը՝ թուրքական բանակը արդեն շուրջ 20.000 զոհ էր տվել։
1724 թվականի հունիսի 7-ին օսմանցիների բոլոր ուժերը գրոհում են, չորս կողմից միաժամանակ։ Այդ թվում՝ «կոկորդիլոսի նման» (Չելեբի-Զադե) անցնելով Հրազդան գետը, այդ դարերում՝ վարար։ 5000 երևանցիները դիմադրում են մինչև ուշ երեկո, մինչև ձեռնամարտ, բայց թուրքերը գրավում են «վարոշը» (հունգարերեն՝ քաղաք) և հողին են հավասարեցնում բոլոր տները։
«Զմայրաքաղաքն Երևանայ յետ բազում ժամանակաց պաշարմանն առին և զամենայն բնակիչսն ի սուր սուսերի մաշեցին», վերհիշում է Դավիթ Բեկի զինակից Ստեփանոս Շահումյանը։
Թուրք պատմագիր Չելեբին թվերով է խոսում, բայց՝ տասը հազարներից ոչ պակաս։ Իբր օսմանցիները երկու ժամում սպանել են 10.000 կըզլբաշի (շիա պարսիկի կամ թուրքի) և մաքրել «վարոշը» նրանց «կեղտոտ մարմիններից», ինչպես նաև 10.000 ընտանիք ու երեխա գերի վերցրել։
Հետո բերդն է հանձնվում։ Կամ՝ միջնաբերդը, քանի որ Չելեբին ինչ-որ մարտեր է նկարագրում, որոնք, հավանաբար, բերդի պարիսպը գրավելուց հետո են ընթացել։ Ստամբուլում այս իրադարձությունը նշում են 10-օրյա հրավառությամբ։
Հավերժական քաղաք
Գեղեցիկ է հնչում «հավերժական քաղաք» արտահայտությունը։ Ընդունված է ասել Հռոմի մասին։ Բայց աշխարհում շատ քաղաքներ կան, որ ավերվել ու նորից կյանք են առել։ Ժան-Բատիստ Տավերնիեի վկայությամբ XVII դարի երկրորդ կեսին Երևանում ընդամենը մի քանի բնիկ հին հայ ընտանիք կար։ Շահ Աբաս I-ի 1604-ին իրականացրած բռնագաղթի արդյունքում։ Բայց քաղաքները, բնակավայրերը երևի ինչ-որ ոգի ունեն, որը փոխանցվում է։ Եթե նույնիսկ եկվոր բնակիչները շատ են։ Այդպես 1724 թվականին օսմանյան բանակին մի քանի ամիս դիմադրեց 1604-ին լիովին հայաթափված Երևանը։ Այդպես այն… 1918-ին հաղթեց թուրքական կանոնավոր զորքին Սարդարապատի ճակատամարտում՝ իր աշխարհազորով, գթության կամավոր քույրերով, սնունդ ու ջուր հասցնելով առաջին գիծ։
Երևանի 1724 թվականի ինքնապաշտպանությունը մի դեպք է հիշեցնում համաշխարհային պատմությունից. առաջին հրեա-հռոմեական պատերազմի (73-74 թթ.) ավարտին Մասադա ամրոցի 960 հրեա ապստամբներ ինքնասպանություն են գործում։ Ոչ բոլոր պատմաբաններն են հավատում այս տեղեկությանը, բայց, ըստ հրեա պատմագիր Հովսեփոս Փլավիոսի, զոհվել են ամրոցի բոլո՛ր պաշտպանները՝ նախ սպանելով կանանց ու երեխաներին, ապա, վիճակահանությամբ՝ իրար: Երևանցիներն իրար չսպանեցին՝ կռվում զոհվեցին։ Բայց այդպիսով, ոչ միայն ամիսներ շարունակ քաղաքին գամեցին թուրքական ուժերը, ինչը թույլ տվեց Արցախին ու Սյունիքին պարզած պահել ապստամբության դրոշը, որն ավարտվեց միայն 1730-ին։
Երևանի հերոսամարտերի մանրամասն նկարագրությունը թողել է Աբրահամ Երևանցին իր «Պատմության» մեջ։ Որի ձեռագիրը մեն-միակ օրինակով հայտնաբերվեց Սուրբ Ղազար կղզում, Մխիթարյան միաբանության մատենադարանում։ Սա հայերեն բացառիկ մատյաններից է, որի հեղինակն աշխարհիկ մարդ է, զինվորական կամ վաճառական՝ ենթադրում են գիտնականները շարադրանքի խոսակցական լեզվից։ Մխիթարյան միաբանությունում գրի առնվեց նաև Ստեփանոս Շահումյանի «Դավիթ Բեկ կամ Պատմություն Ղափանցոց» հուշագրությունը։ Շահումյանը մեծ վաճառական դարձավ Եվրոպայում, Մխիթար Սեբաստացու աջակիցը և հուղարկավորված է Սուրբ Ղազար կղզում։
Արդյունքներ
Որքան էլ զավթիչների համար քաղցր էր թալանը, 1725-ին Պոլսից կայսերական ֆերման արձակվեց, որն արտոնեց հարյուր հազարավոր տեղահանված հայերին իրենց տները վերադառնալ։ Հայ գյուղապետերի բողոքների հիման վրա կայացավ դատավարություն, որը պաշտպանեց հայրենադարձության նրանց իրավունքը։ «Դեռ նոր գրավված Երևանի մեծ էլայեթի բարեշինությունն ու զարգացումը պետական նշանակության խնդիր է»՝ սա օսմանյան նորանշանակ պաշտոնյայի դիրքորոշումն էր, որն օգնեց ներգաղթին և դատարանի արդար վճռին։
Իսկ տասներկու տարի անց, 1736 թվականին, Պարսից նոր՝ Նադիր շահը ջախջախեց օսմանյան բանակը։ Թուրքիան հաշտություն խնդրեց և հրաժարվեց Կովկասի մեծ մասից, Երևանից, Ատրպատականից։ Նույն ժամանակ ռուսները հեռացան մերձկասպյան գրավյալ տարածքներից, ուր… հայերին ապրելու էին կանչում։ Սյունիքի, Արցախի ազատագրական հանդուգն շարժումը, Երևանի ինքնապաշտպանությունը հարկադրեցին պարսիկներին որոշ լրացուցիչ արտոնություններ և ավելի մեծ կրոնական ազատություն տալ հայերին։
Տեսեք նաեւ
Պեղումներ. Ջղային ջուղայեցիներ
Թե՛ Օսմանյան կայսրությունում, թե՛ Պարսկաստանում քրիստոնյա գյուղացիները, արհեստավորները մի կերպ գոյատևում էին, բայց կար մի խավ, որը կարող էր դուրս գալ տեղական սահմաններից՝ վաճառականները։ Այս գործընթացի առանցքում անսպասելիորեն հայտնվեցին հայերը։ Նրանց մեծ մասը սերում էր Արաքսի ափի մի կիրճում սեղմված Ջուղայից։
Read moreՊեղումներ. Ողջույն, Ժան-Ժակ Ռուսսո
Ժամանակակից գերմանացի փիլիսոփա Յուրգեն Հաբերմասի կարծիքով, հանրային ոլորտը հենց սրճարանում է սկսել կայանալ։ Առաջին սրճարանները, դրանց դերն ու այդ գործում հայերի ունեցած ավանդն է գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի երրորդ անդրադարձի առանցքում։
Read moreՊեղումներ. Հակոբ Մեղապարտի հետ՝ դեպի Վենետիկ
Հայերեն գիրքը թե՛ ազգային ինքնությունը պահպանելու հզոր գործիք դարձավ, թե՛ հնարավորություն մուտք գործելու գիտության, տեխնիկայի և տեղեկատվության զարգացման դարաշրջան։ Հակոբ Մեղապարտը, նրա գործունեությունն ու կենսական անհրաժեշտություն գրքերի տպագրման ուղին է գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի երկրորդ անդրադարձի առանցքում։
Read moreՊեղումներ. «Ալքիմիկոսը»՝ Մկրտիչ Նաղաշ
XV դարում է ստեղծագործել պանդխտության առաջին հայ երգիչը, որի անունն է բոլորին հայտնի գրականության դասագրքերից, բայց՝ ոչ կյանքը։ Մկրտիչ Նաղաշը, նրա ժամանակաշրջանն ու իրադարձություններն են գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի առաջին անդրադարձի առանցքում։
Read more