
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:
Ի՞նչ է տեխնոլոգիաների առևտրայնացումը և ի՞նչ խնդիր այն կարող է լուծել Հայաստանում գիտական էկոհամակարգը զարգացնելու և գիտահենք տնտեսություն ստեղծելու ճանապարհին
Ամերիկայի Միացյալ Նահանգների գյուղատնտեսության նախարարության (US Agriculture Department) գիտահետազոտական կենտրոնի (Agriculture Research Service — ARS) տարեկան բյուջեն ճիշտ այնքան է, որքան 2022 թվականին պլանավորված Հայաստանի պետական բյուջեի ծախսային հատվածի մեկ երրորդը՝ 1.5 միլիարդ դոլար: Համաշխարհային մակարդակում առկա գյուղատնտեսական մարտահրավերների հաղթահարմանը գիտահենք լուծումներ առաջարկող ամերիկյան այս կառույցը միավորում է 8 հազար աշխատակցի, այդ թվում՝ 2 հազար գիտնականի: Նրանք տարեկան իրականացնում են 650-ից ավելի հետազոտական նախագիծ՝ 90-ից ավելի վայրերում: Կենտրոնի գիտական խմբերը 2020-ին տպագրել են 3933 գիտական հոդված, ներկայացրել 76 արտոնագրի հայտ ու ստացել 50-ը:
«Փի Էս Այ» գիտանորարարական ընկերության համահիմնադիր, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Վարդան Գևորգյանը, ով արդեն 13 տարի ուսումնասիրում և զբաղվում է գիտական նորարարությունների առևտրայնացմամբ, 2017-ին հնարավորություն ստացավ վերապատրաստում անցնել նշյալ գիտահետազոտական կենտրոնի ստորաբաժանումներից մեկում՝ տեխնոլոգիաների առևտրայնացման գրասենյակում: Երբ վարորդին խնդրել էր իրեն այնտեղ հասցնել, պարզվել էր՝ Գյուղատնտեսության գիտահետազոտական կենտրոնը բազմաթիվ մասնաշենքերից բաղկացած «հսկա քաղաք» է ու պետք էր հստակ հասցեն իմանալ: Ըստ Վարդան Գևորգյանի՝ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության կազմում տեխնոլոգիաների առևտրայնացման գրասենյակի գոյությունը բացառություն չէ, նման գրասենյակներ ունեն գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող բոլոր կառույցները՝ համալսարանները, գիտահետազոտական ինստիտուտները, նախարարությունները և այլն:
Ինչպե՞ս առաջացան տեխնոլոգիաների առևտրայնացման գրասենյակները
Ինչպես Վարդան Գևորգյանն է նկատում, աշխարհը վերջին չորս դարում արդյունաբերական մի քանի հեղափոխությունների միջով է անցել, որոնց շարժիչը նոր գիտելիքը, տեխոլոգիաներն ու նորարարություններն են: Ներկայում էլ համարվում է, որ ընթանում է արդյունաբերական չորրորդ հեղափոխությունը, որտեղ նոր կանոններ ու կենսակերպ են թելադրում արհեստական բանականությունը, կենսատեխնոլոգիաներն ու քվանտային և այլ հեղափոխական տեխնոլոգիաները:
Այն երկրները, որոնք ներկայում առաջատար են տնտեսության մեջ նորարարական լուծումների կիրառությամբ, ժամանակին մեծ ներդրումներ են կատարել գիտության ոլորտում՝ ՀՆԱ-ի մեջ այս ճյուղին ուղղվող միջոցները հասցնելով 2 տոկոսի, որոշ երկրների դեպքում այս ցուցանիշն ավելի բարձր է: Տարիների ընթացքում այս ամենը տվել է իր արդյունքը՝ մեծացնելով գիտության արդյունքի որակն ու քանակը:
ԱՄՆ-ում մինչև 1980 թվականը գիտնականների կողմից ստեղծված մտավոր սեփականության իրավունքը պատկանել է պետությանը՝ որպես ոլորտի հիմնական ֆինանսավորողի: Այդ իսկ պատճառով պետությունը մեծ քանակությամբ արտոնագրերի սեփականատեր է եղել, բայց չի ունեցել բավականաչափ ռեսուրս դրանք առևտրայնացնելու համար: Այստեղ շատ արագ հասկացել են խնդիրն ու օրենսդրական փոփոխություններ կատարել: Մասնավորապես, հարցին լուծում են առաջարկել սենատորներ Բըրչ Բայն ու Բոբ Դոլը, և նրանց պատվին էլ փոփոխությունն անվանվել է Բայ-Դոլի ակտ: Ըստ այս փոփոխությունների՝ գիտնականներին, համալսարաններին ու գիտահետազոտական կենտրոններին է փոխանցվել իրենց ստեղծած գիտական արդյունքի մտավոր սեփականության իրավունքը, փոխարենը նրանք պարտավորվել են զբաղվել գիտական նորարարությունների առևտրայնացմամբ: Հենց այս նպատակով էլ ստեղծվել են տեխնոլոգիաների առևտրայնացման գրասենյակները, որոնց հիմնական գործառույթը գիտնականի մտավոր սեփականության արգասիքը նոր տեխնոլոգիայի, ապրանքի վերածելու գործընթացի կազմակերպումն ու շուկա դուրս բերումն է:
Հայաստանում տեխնոլոգիաների առևտրայնացման գրասենյակ ստեղծելու քայլեր են արվում
Այժմ Վարդան Գևորգյանին հանձնարարվել է այդ ոլորտում տարիների իր փորձը ծառայեցնել Հայաստանում տեխնոլոգիաների առևտրայնացման գրասենյակի հիմնադրմանը: Որոշումը ՀՀ էկոնոմիկայի նախարարինն ու Գիտության կոմիտեի ղեկավարինն են: Այժմ փորձ է արվում Նորամուծության ու ձեռներեցության ազգային կենտրոն (ՆՁԱԿ) պետական ոչ առևտրային կազմակերպությունը դարձնել բաց բաժնետիրական ընկերություն կամ հիմնադրամ՝ վերածելով այն ավելի ճկուն կառույցի, որպեսզի արդեն այս կենտրոնին պատվիրակվեն տեխնոլոգիաների առևտրայնացման գրասենյակի գործառույթները:
«Նոր բյուջե ու նոր հաստիքներ են հատկացվելու այս գրասենյակի հիմնադրման համար: Հիմա իրավական գործընթացներն են ընթանում, հարցը շրջանառվում է նախարարություններում»,-ասում է Գևորգյանը:
Եթե կենտրոնի կառուցվածքի փոփոխության գործընթացը հաջողությամբ իրականացվի, գիտական կիրառական արդյունքի առևտրայնացումը կդառնա այս կառույցի գլխավոր գործառույթը: Կենտրոնն ի սկզբանե ստեղծվել է նորամուծության ու ձեռներեցության զարգացումը խթանելու համար և, քանի որ երկու ուղղությամբ էլ այն անմիջականորեն կապվում է տեխնոլոգիաների առևտրայնացման գրասենյակների գործառույթների հետ, ՆՁԱԿ-ը մի կողմից աշխատանք կտանի նորարարությունը խթանելու, մյուս կողմից՝ դրանք բիզնես նախաձեռնությունների վերածելու ուղղությամբ:
Վարդան Գևորգյանն ասում է, որ գաղափարը հավանության է արժանացել գիտական ու կրթական էկոհամակարգի բոլոր այն անդամների կողմից, որոնց այն ներկայացվել է: Ինքը նույնիսկ ուրախ կլիներ լսելու հակադիր կարծիքներ, որոնց մինչ այժմ չի հանդիպել: Բայց որպես ռիսկ Գևորգյանը համարում է այն, որ գուցե այս նախաձեռնությունը չընդունվի ֆինանսների նախարարության կողմից կամ չստանա անհրաժեշտ ֆինանսավորումը: Ամեն դեպքում՝ իրենք բավականաչափ ուսումնասիրություն են կատարել և թղթին հանձնել տեխնոլոգիական գրասենյակի գործունեության վերաբերյալ իրենց տեսլականը:
«Սկզբում պետք է հավաքել բանիմաց թիմ՝ մտավոր սեփականության, լիցենզիոն պայմանագրերի իրավաբաններ, տեխնոլոգիական ոլորտի փորձագետներ, որ գիտնականների կողմից ներկայացվող հայտերը ստանալուց հետո կարողանան գնահատել դրանց գիտական և տեխնոլոգիական ներուժը: Շուկայի մասնագետների թիմն էլ պետք է գնահատի, թե այս կամ այն տեխնոլոգիան կենսական ինչ նշանակություն ունի, որքանով է կիրառելի, որքանով է այն նորարարական»,-մանրամասնում է Վարդան Գևորգյանը: Նրա հաշվարկներով՝ 20-25 հոգանոց աշխատակազմ է հարկավոր, որպեսզի բոլոր գործառույթները պատշաճ կատարվեն: Անհրաժեշտ կլինեն նաև արտերկրից ենթապայմանագրերով մասնագետներ, ովքեր կօգնեն արդեն պատրաստի տեխնոլոգիաներն իրենց գործունեության երկրների շուկա դուրս բերելու հարցում:
Հայտնագործությունը վերածել գյուտի՞, թե՞ որպես առևտրային գաղտնիք պահպանել
Երբ գյուտարարը կամ որևէ տեխնոլոգիական ընկերություն առևտրայնացման ենթակա գաղափար ունի, առաջին հերթին պետք է ստանա մասնագիտական խորհրդատվություն՝ արդյոք պետք է գյուտն արտոնագրե՞լ, թե՞ այն որպես առևտրային գաղտնիք պահպանել: «Կնյազյան ընդ Փարթնրս» ՓԲԸ գլխավոր տնօրեն, մտավոր սեփականության իրավունքի մասնագետ Սարգիս Կնյազյանն ասում է, որ երբ որոշում են արտոնագրել գյուտը, այն ամբողջովին բացահայտում և հանրամատչելի են դարձնում հանրության համար: Առևտրային գաղտնիքի դեպքում բացահայտում են միայն այն ընկերություններին, որոնք նախատեսում են գնել կամ օգտագործել տվյալ գյուտը կամ նորարարությունը: Գյուտի օգտագործման տարածքը, հոնորարը, ժամկետը, բացառիկ կամ ոչ բացառիկ օգտագործման իրավունքը և բոլոր այլ պայմանները որոշվում են կողմերի միջև կնքված պայմանագրով:
Երբ որոշումը կայացվել է գյուտն արտոնագրելու օգտին, այս դեպքում ևս պետք է հստակ իմանալ՝ որ երկրում արտոնագրել, ինչ արժե այդ ծառայությունը, որքան կտևի արտոնագրի տրամադրման գործընթացը, արդյոք հնարավոր կլինի պաշտպանել իրավունքները, եթե դրանք խախտվեն տվյալ երկրում և այլն: Իրավաբանի խոսքով՝ մասնագետների հետ այս հանդիպումները պետք է լինեն կոնֆիդենցիալ, որպեսզի ինֆորմացիայի արտահոսք չլինի:
«Հայաստանում մեր ընկերություններին պետք են խորհրդատուներ, որոնց հետ կարող են հանդիպել ու մշակել մտավոր սեփականության իրավունքների պահպանության և առևտրայնացման ռազմավարություն,-ասում է Սարգիս Կնյազյանն ու ավելացնում,- Եթե տեղում չկան մասնագետներ, պետք է ճարահատյալ դիմել դրսի խորհրդատուներին, ինչը նաև նշանակում է, որ մեր մտավոր սեփականությունն ու գաղտնիքները միանգամից փոխանցում ենք դուրս: Բնականաբար, բոլոր պարկեշտ իրավաբաններն այդ ինֆորմացիան պարտավոր են պահել ու չբացահայտել երրորդ անձանց, բայց կապի միջոցների օգտագործումը ևս կարող է հեշտացնել տեղեկատվության արտահոսքը: Այս և այլ հանգամանքներ հաշվի առնելով էլ առաջանում է Հայաստանում նման մասնագետներ ունենալու անհրաժեշտությունը»:
Ցանկալի է գյուտը գրանցել բոլոր այն երկրներում, որոնք տվյալ ապրանքի կամ տեխնոլոգիայի սպառման տեսանկյունից կարևոր նշանակության շուկա են:
«Եթե գյուտը գրանցված է մի երկրում, ապա մեկ այլ երկրում նույն գյուտի համար երրորդ անձինք արտոնագիր այլևս չեն կարող ստանալ, բայց օգտագործել այն, առանց գյուտի իրավատիրոջ իրավունքները խախտելու, կարող են: Եթե ապրանք է, կարող են այն պատրաստել ու վաճառել որևէ երկրում, որտեղ գյուտն արտոնագրված չէ: Գյուտը չեն կարող պատրաստել ու վաճառել միայն այն երկրներում, որտեղ այն արտոնագրված է: Հենց այդ նկատառումով էլ ի սկզբանե մտավոր սեփականության ռազմավարություն է մշակվում»,- նկատում է իրավաբանը:
Ի՞նչ ժամկետներում է գրանցվում գյուտն ու որքա՞ն արժե
Գյուտի գրանցումը ժամանակատար ու մեծ ֆինանսներ պահանջող գործընթաց է: Իհարկե, Հայաստանում անհամեմատ էժան է ու ավելի արագ է գրանցվում, բայց, ինչպես Սարգիս Կնյազյանն է նշում, այսօր Հայաստանում գյուտ արտոնագրելը շատ քչերին է հետաքրքրում: Նրա խոսքով՝ դա որպես մեծ խնդիր պետք չէ դիտարկել, քանի որ գիտելիքահենք տնտեսության ու տեխնոլոգիաների տրանսֆերի իմաստն այն է, որ քո երկրից մտավոր սեփականությունն արտահանես ու դրսից ֆինանսներ ներգրավես՝ զարգացնելով քո երկրի տնտեսությունը: Գյուտը միայն փոքր երկրի շուկայում առևտրայնացնելով ու կիրառելով՝ ֆինանսական մեծ ներհոսք ակնկալել չես կարող: Իհարկե, գյուտից գյուտ բացառություններ կարող են լինել, բայց ֆինանսական մեծ ներհոսք ապահովելու համար անհրաժեշտ է այն առևտրայնացնել արտասահմանյան մեծ շուկաներում:
«Մենք պետք է նախ և առաջ հասկանանք, թե գիտության որ ոլորտներն են կարևոր զարգացնել Հայաստանում: Օրինակ, վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ երկրի ու քաղաքացիների անվտանգության և առողջության հարցերն առաջնային են: Միայն այս երկու ոլորտներն իրենց մեջ ներառում են մեծ թվով ենթաոլորտներ և հարակից ոլորտներ: Բացի այդ, անհրաժեշտ է հասկանալ պետության և մասնավոր սեկտորի դերակատարումն այդ ոլորտների զարգացման գործում: Քանի դեռ այս հարցերին հստակ և ճիշտ պատասխաններ չեն տրվել, դժվար կլինի հասկանալ, թե որտեղ է գտնվում և ուր է գնում մեր երկիրը՝ հատկապես գիտելիքահենք տնտեսություն կառուցելու առումով»,- ասում է մասնագետը:
Ինչ վերաբերում է արտոնագիր ստանալու ժամկետներին ու պահանջվող ծախսերին, ապա պետք է նկատել, որ քիչ հայտեր լինելու պատճառով գործընթացը Հայաստանում արագ է կազմակերպվում: Հնարավոր է վեցամսյա ժամկետում իրականացվի փորձաքննությունն ու արտոնագրվի գյուտը: Զարգացած երկրներում այս գործընթացը կարող է միջինը 2-4 տարի տևել:
Արտոնագրի հայտ պատրաստելը զարգացած երկրներում տասնապատիկ ավելի թանկ է, քան Հայաստանում: Եթե մեր երկրում մինչև 500 ԱՄՆ դոլարի սահմաններում հնարավոր է գյուտի արտոնագիր պատրաստել ու հասնել գրանցման, ապա Միացյալ Նահագներում միայն պետական տուրքերը կարող են այդքան լինել, իսկ հայտը պատրաստելուց մինչև արտոնագրում հնարավոր է 25-50 հազար դոլար արժենա՝ կախված գյուտից: Բնականաբար, թիվը մեծանում է արտոնագրման շուկաների (երկրների) ավելացմանը զուգահեռ:
Հայաստանում վերջին հինգ տարիներին միջինում ներկայացվել է 133 գյուտի և օգտակար մոդելի հայտ
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության 2020 թվականի տարեկան հաշվետվության՝ նախորդ տարի ներկայացվել է 70 գյուտի և 29 օգտակար մոդելի հայտ, որոնցից 87-ը՝ ազգային, 12-ը՝ օտարերկրյա հայտատուներից (Ռուսաստանի Դաշնություն, Շվեյցարիա, Իսպանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Սինգապուր)։ Հայտերի շուրջ 10 տոկոսը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով:
Վերջին հինգ տարիներին միջինում ներկայացվել է 133 գյուտի և օգտակար մոդելի հայտ: 2020-ին շեշտակի նվազել է ընդհանուր գյուտերի ու օգտակար մոդելների հայտերի քանակը, 2019-ի համեմատ՝ շուրջ 40 տոկոսով, փոխարենն աճել է օտարերկրյա հայտատուների քանակը՝ երեք անգամ:
Համաձայն նույն աղբյուրի՝ մեր երկրի 3424 գյուտի արտոնագրերից ՀՀ տարածքում գործում են 189-ը, իսկ օգտակար մոդելի 601 արտոնագրերից՝ 109-ը։ Փոխարենն այստեղ գործում է 5244 Եվրասիական արտոնագիր:
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կայքում տեղադրված վիճակագրության համաձայն՝ 2020 թվականին Հայաստանից արտասահման ներկայացվել է գյուտի 70 արտոնագրի հայտ, վերջին տասը տարում միջինում ներկայացվել է 61 հայտ: Ինչ վերաբերում է տրված արտոնագրերին, ապա դրանք, ի համեմատ հայտերի, շեշտակիորեն պակաս են: Մասնավորապես, 2020 թվականին տրվել է 39 գյուտի արտոնագիր, իսկ տասը տարվա միջինը՝ 28 է:
Գրեթե բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, գյուտերի կամ արտոնագրերի մասին օրենքը պահանջում է, որ տվյալ երկրում հղացած գյուտի հայտն առաջինը ներկայացվի հենց այդ երկրում, և միայն թույլտվություն ստանալուց հետո արտոնագրվի այլ երկրներում: Սա պայմանավորված է ազգային անվտանգության նկատառումներով:
«Որոշ երկրներում դիմում են, որպեսզի թույլտվություն ստանան այլ երկրներում արտոնագրելու համար, մեր երկրում շատ ավելի թեթև մոտեցում է: Հայտատուն դիմում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ, երեք ամսյա ժամկետում արգելք չլինելու դեպքում ազատ կարող է գյուտի հայտը ներկայացնել որևէ այլ երկրում»,- տեղեկացնում է Կնյազյանը:
Որքան էլ օրենքի այս պահաջն արդարացված է, դրա իրականացումը որոշակի դժվարություններ ու ծախսեր է ստեղծում այն հայտատուների համար, որոնք Հայաստանում իրենց գյուտն արտոնագրելու հետաքրքրություն առհասարակ չունեն: Այդ կապակցությամբ ցանկալի է օրենսդրական նոր մոտեցումներ մշակել: Օրինակ են բերվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունները, որոնց համար Հայաստանն իրենց ապրանքի կամ ծառայության սպառման առաջնային շուկա չի դիտարկվում: Եթե նույնիսկ իրենց իրավունքներն այստեղ խախտվեն, իրենց համար դա էական չէ:
«Էական է, որ իրենց իրավունքները չխախտվեն այն երկրներում, ուր իրենց ապրանքները վաճառվում և լուրջ եկամուտ են ապահովում: Բայց ստացվում է, որ այս ընկերությունները ստիպված են օրենքով առաջինը հայտը ներկայացնել Հայաստանում, մարդկային ու ֆինանսական ռեսուրսներ ներդնել այդ պահանջը բավարարելու համար: Եվ քանի որ դրսի շուկայի համար են աշխատում, գյուտի հայտն ի սկզբանե անգլերենով են պատրաստում, պետք է թարգմանեն հայերեն, որպեսզի ներկայացնեն Մտավոր սեփականության գործակալություն և վճարեն պետական տուրքեր: Այսինքն՝ հատկապես ՏՏ ոլորտի այս ընկերությունները լրացուցիչ ծախսեր պետք է կատարեն, որը կարծում եմ արդարացված չէ»,- նշում է մտավոր սեփականության իրավունքի մասնագետը:
Նոր ստարտափերի (spin-off) ստեղծումը ևս առևտրայնացման գրասենյակի թիրախում կլինի
Գիտնականների ստեղծած տեխնոլոգիան, նորարարությունը կարող է շուկա մտնել ու կիրառություն գտնել ոչ միայն նրանցից անկախ ընկերություններին լիցենզավորելու միջոցով, այնպես էլ հենց գիտական խմբերի հիմքի վրա ձևավորված ստարտափերի (spin-off) կողմից: Այս հարցում ևս Հայաստանում ձևավորվող առևտրայնացման գրասենյակը կունենա աջակցման գործառույթներ: Առաջնահերթություն է լինելու Հայաստանում հիմնել այդ ընկերությունները:
«Կենտրոնի գերխնդիրը լինելու է գիտական նորարարությունների առևտրայացումը Հայաստանում, որ օգուտ ստանա տեղի տնտեսությունը: Եթե հնարավոր է այդ տեխնոլոգիան պահել Հայաստանում, այստեղ դրա արտադրությունը հիմնել ու վաճառել ամբողջ աշխարհին, արվելու է այստեղ: Բայց, օրինակ, եթե ստեղծվում է մեքենայի անվտանգության բարձիկի նոր տեխնոլոգիա, և Հայաստանում չկա մեքենաշինություն, ինքնըստինքյան պետք է դուրս գալ դրսի շուկա, գտնել արտադրողների, նրանց հետ պայմանագրեր կնքել, բայց էլի եկամուտները գալու են Հայաստան լիցենզիոն պայմանագրերից և մինչև գիտնական հասնելու են»,-նշում է Վարդան Գևորգյանը:
Հարցին, արդյոք, կենտրո՞նն է փնտրելու և գտնելու առևտրայնացման ենթակա կիրառական արդյունքը, թե՞ գիտական խումբն է դիմելու կենտրոնին, Վարդան Գևորգյանը պատասխանում է, որ դա երկկողմանի գործընթաց է: Մի դեպքում իրենք են դիմելու գիտական ինստիտուտներին, համալսարաններին, որպեսզի վերջիններս ներկայացնեն առևտրայնացման ենթակա գաղափարներ, որոնք կենտրոնի աջակցությամբ բերվելու են պատրաստվածության անհրաժեշտ աստիճանի, մյուս դեպքում՝ իրենք միջնորդ են լինելու, որպեսզի մասնավորից գա այս կամ այն տեխնոլոգիական լուծումների ստեղծման պատվերը․ «Երկրորդ տարբերակում շուկայից բխող գիտական կիրառական հետազոտությունները բերում ես բուհ ու ասում, եթե այս խնդիրը լուծեք, մենք սրա համար գումար կհատկացնենք, սա կառևտրայնացնենք: Այսպիսով՝ արդի խնդիրներն են մտնում լաբորատորիա»:
Հետագայում նախատեսում են նաև բուհերում ունենալ ներկայացուցիչներ, որոնց պատասխանատվությունը կլինի բուհի գիտական խմբերի նորարարությունները հավաքագրելը, դրանք համապատասխան տեսքի բերելն ու որպես առաջարկ կենտրոնին ներկայացնելը: Կենտրոնն էլ կքննարկի հայտը և որոշակի ուսումնասիրությունից հետո կունենա հիմնավորումներ այն ընդունելու կամ մերժելու համար:
«Թակեցի ինովացիոն դեպարտամենտի դուռն ու ընկա թակարդը». առևտրայանցման գրասենյակի դերը “SuperAnnotate”-ի ստեղծման գործում
Հայաստանում հիմնադրված “SuperAnnotate” ստարտափը, որն իր նորարարական ալգորիթմի շնորհիվ 10-20 անգամ արագացնում է օբյետների ընդգծման գործընթացը, Շվեդիայի համալսարաններից մեկում գործող տեխնոլոգիայի առևտրայանցման գրասենյակի աշխատանքի շնորհիվ է ստեղծվել:
Ընկերության համահիմնադիր և տեխնիկական գծով տնօրեն Վահան Պետրոսյանն ասպիրանտ էր Ստոկհոլմի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտում (KTH Royal Institute of Technology in Stockholm) և մեքենայական ուսուցման ոլորտում հետազոտություն էր իրականացնում, որի ընթացքում էլ մի քանի ալգորիթմ էր մշակել: Լսել էր համալսարանում գործող ինովացիոն դեպարտամենտի մասին, գնացել ու ներկայացրել էր իր գաղափարը:
«Հենց թակեցի դեպարտամենտի դուռը, «ընկա իրենց թակարդը»: Անընդհատ կապ էին պահում՝ հասկանալու ինչ փուլում են աշխատանքները: Հետաքրքրվում էին, թե իմ ընկերներն ինչ հետազոտություններում են ներգրավված, որպեսզի նրանց էլ պատմեմ դեպարտամենտի գործունեության մասին»,-մանրամասնում է Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում այս ստորաբաժանումը փորձում է հասկանալ ներկայացված գաղափարի կիրառական նշանակությունը, ինչ բիզնեսներում կարող է օգտագործվել, արժի ֆինանսավորել, թե՝ ոչ: Երբ համոզվում են, որ գաղափարը նորարարական է ու կարող է արժեքավոր տեխնոլոգիա դառնալ, ֆինանսավորում են նախատիպի ստեղծումը: Վահանի դեպքում ևս այդպես է եղել։
«Երբ տեսնում են մտավոր սեփականություն կա մշակված ալգորիթմի ներքո, փորձում են պատենտով զբաղվել ու հենց իրենք զբաղվեցին այդ բոլոր հարցերով, որը մոտ չորս-հինգ ամիս տևեց: Այնտեղ պատենտները բավականին թանկ են, ու իրենք ամբողջ ծախսերն իրենց վրա վերցրին: Բացի այդ՝ 10-15 հազար դոլար ֆինանսավորում տրամադրեցին նախատիպի ստեղծման համար»,-նշում է Պետրոսյանը:
Պատենտի առևտրայնացման ողջ իրավունքը պատկանում է Պետրոսյանին, ի տարբերություն այլ երկրների՝ Շվեդիան, ոչ միայն մտավոր սեփականությունը, այլև առևտրայնացման իրավունքն է ամբողջությամբ տալիս այն ստեղծող հետազոտողին:
Մտավոր սեփականության իրավունքի պատկանելիության հարցը հստակեցումների կարիք ունի
Հետսովետական երկրներում մտավոր սեփականության իրավունքը պատկանում է բուհերին և գիտահետազոտական ինստիտուտներին, որոնք, որպես կանոն, մտավոր սեփականության և առևտրայնացման ոլորտում հատուկ մասնագիտական կարողություններ և անհրաժեշտ այլ ռեսուրսներ չունեն: Մինչդեռ առևտրայնացումը խթանելու համար անհրաժեշտ է, որ գյուտի հեղինակն իրավունք ունենա զբաղվելու առևտրայնացմամբ կամ դիմելու համապատասխան անձանց, ովքեր պատրաստ են աջակցելու նրանց այդ հարցում: Այդ նպատակով, ըստ Սարգիս Կնյազյանի, պետք է օրենքով և համալսարանների ներքին իրավական ակտերով նախատեսել մտավոր սեփականության օգտագործման և առևտրայնացման համար առավել նպաստավոր կարգավորումներ: Իսկ դրանց հիման վրա կարող են կարգավորվել նաև տվյալ բուհի կամ գիտահետազոտական ինստիտուտի՝ որպես գործատուի և գիտաշխատողի կամ ուսանողի իրավահարաբերությունները՝ կապված մտավոր սեփականության իրավունքների և դրանց առևտրայնացման հետ:
Վարդան Գևորգյանն էլ հավելում է, որ մտավոր սեփականության իրավունքի պատկանելիության հարցը հստակեցումների կարիք ունի, այլապես ներկայիս իրավիճակը բազմաթիվ դատական հայցերի կարող է հանգեցնել:
«Ենթադրենք, ինչ-որ ամբիոնի գիտական խումբ հետազոտություն է իրականացրել, կիրառական արդյունք ունի ու դա սկսենք առևտրայնացնել: Ու՞մ է պատկանում ստեղծվածը՝ ինստիտուտի՞ն, պետությա՞նը, թե՞ գիտաշխատողին: Պետք է աշխատանքային պայմանագրով, ինչպես այլ երկրներում է, հստակ ամրագրվի, որ գիտնականների ուսումնասիրություններից ստացված կիրառական արդյունքն առևտրայնացվելու դեպքում մտավոր սեփականությունը պատկանում է գիտնականին, բայց առևտրայնացումից եկած եկամտի, օրինակ, 30 տոկոսը պատկանում է գիտական խմբին, 10 տոկոսը՝ ամբիոնին, այսքանը բուհին, այնքանը պետությանը: Էլի եմ կրկնում, դա պայմանագրերով պետք է հստակեցվի, որ խնդրի առաջ չկանգնենք»,-հավելում է Գևորգյանը:
Ի՞նչ կառաջարկի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը տեխնոլոգիաների առևտրայնացման գրասենյակին
Որպեսզի տեխնոլոգիաների առևտրայնացման գրասենյակն իրոք Հայաստանում աշխատի, պետք է սկզբնական շրջանում փորձի հասկանալ բիզնեսի կարիքներն ու համապատասխան ոլորտում գտնի արդեն գիտական միջավայրը: Այսպես է կարծում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը: «Այս պահին առաջարկը պահանջարկին գերազանցում է, բայց իմաստային առումով շատ կարևոր է ստեղծել այդ կապերն ու տնտեսությունն առաջ մղել»,-ասում է գիտնականը: «Առաջարկը պահանջարկին գերազանցում է» միտքը Արսեն Առաքելյանը բացատրում է նրանով, որ Հայաստանում բիզնեսի կողմից չկա բավարար ցանկություն, գուցե գիտակցություն, որ ստեղծվող նորարարությունները կիրառեն սեփական գործառնությունների մեջ:
Հայկական գիտական արդյունքն առևտրայնացնելու ներուժի մասին խոսելիս՝ Արսեն Առաքելյանը նկատում է, որ դա երկրորդ կարևոր հարցն է, որ պետք է տեխնոլոգիաների առևտրայանցման գրասենյակն ուսումնասիրի և հասկանա․ «Կամայական գիտնականի համար իր իրականացրած հետազոտությունն աշխարհի ամենալավ հետազոտությունն է, ամենախոստումնալից բացահայտումը: Դրա համար շատ կարևոր է այնպիսի կառույցի գոյությունը, որն օբյեկտիվ գնահատական կտա և կտարանջատի հիմնարար կարևոր հետազոտությունները կիրառական նշանակության հետազոտություններից, որոնք կարող են առաջ մղվել ու դառնալ որևէ արտադրանք»:
Երբ ընկերության կողմից լիցենզավորվում է գիտական արդյունքը, դա որևէ կերպ կաշկանդո՞ւմ է գիտնականին խոսել իր գիտական հայտնագործության մասին հարցին ի պատասխան՝ Արսեն Առաքելյանը նկատում է, որ ճիշտ ռազմավարություն որդեգրելու դեպքում նմանատիպ խնդիրներից կարելի է խուսափել:
«Գիտնականը պետք է կարողանա ճիշտ գնահատել, թե որ արդյունքներն է պատրաստվում հանրայնացնել միանգամից, իսկ որոնք ունեն առևտրայնացման ներուժ: Անգամ այն տեխնոլոգիաները, որոնք պատենտավորված են ու լիցենզավորված, ևս տպագրվում են ու դրանց վերաբերյալ իրազեկում է տեղի ունենում: Միայն տարբերությունն այն է, թե երբ է դա տեղի ունենում: Եթե միանգամից հանրայնացնես, տեսականորեն կորցնում ես առևտրայնացման բոլոր հնարավորությունները, մյուս դեպքում՝ կարող ես սկսել առևտրայնացման գործընթացը, հասնել ինչ-որ փուլի, հետո նոր արդյունքները տպագրել: Այսպես թե այնպես պետք է տպագրել արդյունքները, քանի որ դա վկայությունն է նրա, որ քո գիտական արդյունքը, հայտնագործությունն ունի կշիռ ու քաշ, անցել է գրախոսությունը: Վերջինն ամենակարևոր պարամետրերից է՝ լինի տեխնոլոգիայի մշակում, թե գիտական արդյունք»,-մանրամասնում է գիտնականը:
Ինչ կառաջարկի իրենց ինստիտուտը տեխնոլոգիաների առևտրայնացման գրասենյակին, երբ պահը հասունանա, ինստիտուտի տնօրենը մի քանի ուղղություններով իրենց գործունեությունն է ներկայացնում և հավելում, որ առաջին հերթին առաջարկները ուղղված են լինելու գիտական ներուժի օգտագործմանը․ «Որպես տեխնոլոգիական ուղղություններ՝ կարող եմ մատնանշել տարբեր հիվանդությունների ախտորոշման մարկերների բացահայտումը, դրանց համար ախտորոշիչ թեստերի մշակումը, դեղերի դիզայնն ու մշակումը, կենսաինֆորմատիկայի ոլորտում մեծ տվյալների վերլուծության ալգորիթմների ստեղծումն ու ծառայությունները»:
Գյուղատնտեսության ոլորտում ունեն խաղողի գենետիկական ռեսուրսների քարտեզագրման մեծ նախագիծ: Այդ ուսումնասիրության արդյունքում կարող են բացահայտել խաղողի վիրուսազերծ տեսակները, որոնք գինեգործական ընկերությունների կողմից կարող են օգտագործվել որպես տնկանյութ:
Մեկ այլ ուղղություն է Սլավոնական համալսարանի հետ համագործակցությամբ գենոմի խմբագրման հետազոտությունը:
Իրենք կներկայացնեն առաջարկները, իսկ թե դրանցից որոնք կդառնան առևտրայնացման ենթակա մշակում, արդեն գրասենյակի հետ համագործակցությամբ պարզ կդառնա:
Ոլորտի մասնագետները վստահեցնում են, որ չնայած գիտության ոլորտին ուղղվող սահմանափակ ֆինասնական միջոցներին, հայ գիտնականների կողմից իրակացվող աշխատանքներն ունեն լայն շրջանակ ու հավակնում են դառնալ համաշխարհային մակարդակի խնդիրների լուծման ուղիներ: