«Քննությունից կդրվանք»,- ասաց 19-ամյա մի հայաստանցի երիտասարդ անփաստաթուղթ ներգաղթյալների համար նախատեսված վարորդական իրավունքի տրամադրման հարցերով զբաղվող ամերիկացուն: Հատկապես արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո հայաստանաբնակ երիտասարդների շրջանում մեծ թափ առած եղանակով` Մեքսիկայից սահմանն ապօրինի հատելով ԱՄՆ մուտք գործած բազմաթիվ անփաստաթուղթ ներգաղթյալներից էր նա: “We failed the exam”,- սրընթաց հետևեց իմ թարգմանությունը հեռախոսակապով: Լսելի էր ամերիկացու շփոթմունքը. “Wait… Who we?” (Մի րոպե… Մենք` ովքե՞ր): Թեկուզ քերականորեն ճիշտ, մշակութորեն, սակայն, սխալ էր իմ թարգմանությունը: Եվ ստիպված եղա հնարավորինս կարճ մակերեսային լեզվամշակութային բացատրություն տալ այն մասին, թե ինչու է այս անհատն իր անձնական ձախողումը վերագրում ինչ-որ անհամրելի ու անտարորոշելի բազմությանը, որի մի մասն է ինքն իրեն կարգում: Այլ կերպ ասած` պարզապես հայերենից անգլերեն թարգմանելուց զատ պիտի թարգմանեի նաև հավաքապաշտերենից անհատապաշտերեն:
«Ես»-ի փոխարինումը «մենք»-ով հատուկ է հավաքապաշտական բարձր ցուցիչ ունեցող հասարակություններին, ինչպիսին Հայաստանն է, որտեղ դա տեղի է ունենում ոչ միայն գաղափարական մակարդակում, այլև` լեզվական: Այս յուրահատուկ լեզվական երևույթը Հայաստանում ունի լայն տարածում, բայց չունի անուն: Եթե մի բառով, ապա կարելի է այն անվանել մենքախոսություն կամ մենքամտություն: Թերևս հենց այս երևույթի արգասիքն էր ժամանակին լայն տարածում ստացած հայաստանյան կարգախոսը` «մերն ուրիշ է»: Իսկ որքանո՞վ է ուրիշ, որքանո՞վ է իրականում առանձնահատուկ գլոբալ համայնապատկերում:
Թեև Հայաստանում ակնհայտորեն գերիշխում է հավաքապաշտական և առնական մշակույթը, քիչ չեն հասարակությունում անհատապաշտական և/կամ սեռահավասարության ձգտող սակավաթիվ շերտերի կողմից նրան նետված ձեռնոցները: Միևնույն երկրում գոյակցող այս հակադիր մշակույթների անտագոնիզմի դրսևորումներից էր «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» ներկայացումը: Այս ներկայացման ընթացքում էր, որ հատվեցին ապագայապաշտների, ավանդապաշտների (մենքամիտների) ու ազատականների ուղիները:
Մի օր ապագայապաշտ Ազատ Վշտունին, Գևորգ Աբովն ու Կարա Դարվիշը վերջապես հրավիրվում են իրենց պաշտած ապագա` հեռավոր 2019 թվականի նոյեմբերի 2:
Կանչում են մրրկող ձայներ,
կանչում են դեպի հեռուն.
կանչում են մրրկող ձայներ,
դեպ կյանքը հորդ և յեռուն [1]:
Կանչում են այս ապագայապաշտներին դեպի հեռավոր ապագա մի խումբ արվեստագետներ` պարագիր Հասմիկ Թանգյանը, բանաստեղծ Լիլիթ Պետրոսյանը, «ՔոՔոԼաբ» դպրոցի սաները, գրաֆիկական ձևավորող Նվարդ Երկանյանը: «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ»-ի մտահղացումն առաջացել է գերմանացի տեսողական և կատարողական արվեստագետ Լինդա Նադջիի հետ համագործակցության արդյունքում: Ժամադրության վայրը Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի բացօթյա շատրվանների վիթխարի պողպատ-բետոնե ծաղկաթերթերն էին: «Թող զնգա՛ ուժգին պողպատ մո՛ւրճը մեր [2]»,- հուզված գոչում է Ազատ Վշտունու գիրքը` հանրային այս ներկայացման վերնագրի ոգեշնչման աղբյուրը,- «Շոքի,— հոգի, պողպատ [3]: Պոետ-պողպատ-հանճար [4]»:
Ամեն ինչ հաջող հանդիպում էր խոստանում: Վերջապես ուշադրության կենտրոնում էին հայտնվելու հայ գրականության մոռացության մատնված էջերը: Կայանալու էր ապագայապաշտ պոեզիայի հանդիպումն իր պաշտելի ապագայի հետ ապագայի պոեզիայի միջոցով:
Այդ հանդիպումը, սակայն հարթ չանցավ: Դրանից երկու տարի հետո պարագիր Հասմիկ Թանգյանն ֆեյսբուքյան իր էջում պիտի դիմեր իր իսկ ներկայացմանն այսպես.
Սիրելի հուԶԱՆՔ ու ԶԱՆԳ,
Անցյալ տարի այս նույն ժամանակ, քո մասը կազմող Նարեկը զոհվեց պատերազմում, և սիրտ չմնաց այս օրը նշել: Բայց նոյեմբերի 2-ը քո օրն է ինձ համար:
Գիտե՞ս, քեզանից հետո ոմանք աշխատանքից հեռացվեցին, ոմանք սթրեսից կորան, ոմանք հրաժարվեցին ստեղծագործել, իսկ ոմանք ուժ գտան քո մեջ, ոմանք կորցրեցին իրենց եսը, ոմանք քո վրա ինքնահաստատվեցին, ոմանք հոդվածներ գրեցին և քո մասին ֆրանսիական ժուրնալներում տպեցին:
Քեզ վախենում ենք հիշել, բայց հավատա՛ չենք մոռանում: Կզարմանաս հիմա, բայց այս երկու անցած տարիների ընթացքում այդպիսի օր չի եղել, որ չհիշատակվես: Ոմանց կոկորդին ես, ոմանց գլխին, իսկ ոմանց՝ ոտնատակ: Դեռևս խոսեցված չես, վերլուծված չես, պաշտպանված չես:
Շնորհավո՛ր տարեդարձդ
Այն, ինչ տեղի ունեցավ ներկայացման օրն ու հաջորդիվ վեր հանեց հայաստանյան հասարակության մեջ առկա բազմաթիվ խնդիրներ ու անտագոնիզմներ, որ կարոտ են մանրազնին մարդաբանական և մշակութաբանական հետազոտության: Համաձայն եմ Հասմիկի հետ, որ քչփորելու դեռ շատ բան կա: Այս էսսեն ես սկսեցի սևագրել դեռ 2019-ի նոյեմբերի 2-ին ներկայացումը խաթարելու փորձերից ու մասնակիցների վրա կատարված հարձակումներից անմիջապես հետո: Ինձ անհանգստացրել էին ոչ միայն բռնության գործողությունները, այլև հասարակության լայն շրջանակների ցուցաբերած աջակցությունը դատապարտող հատուկենտ թույլ հայտարարությունների ֆոնին: Բայց շուտով էսսեն կանգ առավ, երբ սկսեցի որոնել գործիքներ, որոնք ինձ թույլ կտային առավել ընդգրկուն պատկերացում կազմել այն մասին, թե ինչու է հայաստանյան հասարակությունը, որից սերում եմ, գործում այն կերպ, ինչպես որ գործում է:
Մոտ մեկամյա դադարից հետո ես վերայցելեցի տվյալ էսսեն 2020-ի սեպտեմբերին Հայաստան կատարած այցելությանս ժամանակ: Մեկ-երկու պարբերություն անց սկսվեց պատերազմը: Եվ շշմեցնող արնահեղության առաջին ժամերին ինձ հանդիպեց այս էսսեի գործող անձանցից մեկի տեսանյութը, որում նա ի զեն էր կոչում բոլորին դեպի մոտակա կամավորական կայան ուղևորվելիս: Պատերազմի ընթացքում, մինչ սպասում էի զորակոչվելու իմ հերթին, ժամանակ առ ժամանակ մտնում էի ֆեյսբուքյան նրա անձնական էջ` հույսով, որ ողջ կվերադառնա: Հրադադարից միայն շաբաթներ անց հաստատվեց, որ նա զոհվել էր մարտում:
Ավելի քան մեկ տարի անցավ, մինչև սիրտ արեցի վերսկսել էսսեն այն գիտակցումով, որ ատելության հողի վրա կատարված ապագա բռնությունների կանխումը պահանջում է հասարակության բարոյական հյուսվածքում առկա պատճառների բաց քննարկում: Այդուհանդերձ այդ մտահոգություններին ուղեկցում էր մի հոգեհան հարց: Այսօր` պատերազմից գեթ մեկ ու կես տարի անց, արդյո՞ք մեր հասարակությունն իր մեջ ուժ կգտնի մի կողմ դնելու իր կանխակալություններն ու անկաշկանդ քննարկելու ագրեսիվ անհանդուրժողականության, ատելության խոսքի ու ծանր ֆիզիկական բռնության սպառնալիքի արմատները, եթե դրանք հեղինակել է մեկը, որը բացառիկ արիություն դրսևորելով, հենց առաջին օրը կամավորագրվել ու մեկնել է Երկրորդ արցախյան պատերազմի ամենաթեժ ճակատներից մեկը: Հատկապես, որ նա այդպես էլ չվերադարձավ, և նրա մահը դարձավ իր կնոջ ու փոքրիկ երեխայի անամոք վերքը:
Կարևոր է խնդիրները դիտարկել մեր ձևավորած մշակույթի արժեքների, դրանց ընկալումների ու պարտադրման մեխանիզմների կտրվածքով: Այս էսսեում ես կփորձեմ քերել այս խրթին խնդրի մակերեսն ազգային մշակույթների վեցաչափ մոդելի միջոցով, որը մշակել է հոլանդացի սոցիալական հոգեբան Խեերթ Հոֆսթեդեն 1980-ին (լրացվել է 2005-ին).
1) Անհատապաշտությունն ի հակադրություն հավաքապաշտության (individualism vs. collectivism)—որքանով են մարդիկ իրենց զգում անկախ կամ միմյանցից կախված որպես ավելի մեծ մարդկային խմբավորումների անդամներ
2) Իշխանական հեռավորություն (power distance)—հասարակության ավտորիտարիզմի մակարդակը կամ, այլ կերպ ասած, որքանով է իշխանության անհավասար բաշխումը կազմակերպություններում կամ հասարակական հաստատություններում (օր.` ընտանիքում, դպրոցում կամ աշխատավայրում) պակաս իշխանություն ունեցողների համար ընդունելի կամ ակնկալելի
3) Առնականությունն ի հակադրություն իգականության (masculinity vs feminity)—որքանով է ուժի կիրառումը քաջալերվում հասարակական հարաբերություններում
4) Խուսափում անորոշությունից (uncertainty avoidance)—որքանով են հասարակության անդամները սպառնալիք տեսնում անորոշ, անմիանշանակ կամ անկանխատեսելի իրադրություններում
5) Երկարաժամկետ կողմնորոշումն ի հակադրություն կարճատև կողմնորոշման (long-term vs short-term orientation)—որքանով է հասարակությունը տուրք տալիս դարերով թրծված ավանդույթներին, իսկ հասարակական փոփոխությունները դիտարկում կասկածամտությամբ
6) Վայելք ի հակադրություն զսպվածության (indulgence vs restraint)—կյանքը վայելելու մարդու հիմնական ու բնական ձգտումների բավարարում ի հակադրություն այդ ձգտումների բավարարման զսպմանը:

Իշխանական հեռավորության և անհատապաշտության համադրությունը 50 երկրներում:
Ֆակտորային վերլուծության միջոցով Հոֆսթեդեն մշակել է այս չափորոշիչների հաշվարկման 100-միավորանոց սանդղակ: Ցավոք, տվյալ հետազոտության համար ուսումնասիրված 50 երկրների մեջ Հայաստանն ընդգրկված չէր: Սակայն նրա ցուցիչների մասին գոնե մոտավոր պատկեր է տրամադրում «Հոֆսթեդե Ինսայթ» (Hofstede Insight) ընկերությունը, որը Հոֆսթեդեի վեցաչափ մոդելի հիման վրա խորհրդատվություններ է տրամադրում բազմերկիր այնպիսի կորպորացիաների ու կազմակերպությունների, ինչպիսիք են “Nike”-ն, “Ikea”-ն, ՄԱԿ զարգացման ծրագիրը և այլն: Ըստ “Hofstede Insight”-ի` 100-ից 22 միավորով Հայաստանում անհատապաշտության ցուցիչը, անզարմանալիորեն, միանգամայն ցածր է, սակայն բարձր են իշխանական հեռավորության (85) և անորոշությունից խուսափման (88) ցուցիչները: Հայաստանում ծնված-մեծացած ցանկացած մեկը կարող է հաստատել, եթե ոչ բուն թվերի, ապա գոնե ընդհանուր միտումների ճշգրտությունը: Այս էսսեում մենք կկենտրոնանանք առաջին չորս չափումների վրա, քանի որ դրանք են առավելապես առնչվում խնդրի առարկայի հետ:

Տարբեր երկրների ցուցիչները կարելի է համեմատել Հոֆսթեդե Ինսայթ ընկերության տրամադրած գործիքով այս կայքէջում։
Ընդլայնված ընտանիք, ամուր ազգակցական կապեր, լայն ընկերական շրջապատ, որոնք կազմում են անձնական աջակցման ընդարձակ ցանց, հաճախակի, ջերմ ու անմիջական մարդկային շփումներ, փոխադարձ աջակցության` լավությունների ավանդույթ, առաջնային են ոչ թե անհատական, այլ խմբային շահերը, կարևորվում է խմբի մնացած անդամների բարօրության ապահովումը: Այս առանձնահատկությունները պարարտ հող են հավաքապաշտական անարխիզմի գաղափարներով ուղղորդվող հասարակության հաստատման համար: Սակայն այդ իդեալիստական անարխիստական երազները փլուզվում են այն նույն պահին, երբ երևան է գալիս տվյալ հասարակության անհավասարության գործոնը խիստ իշխանական ստորակարգության ու սեռային անհավասարության տեսքով: Դրանց համադրման դրսևորումներից են. ավտորիտար ընտանեկան ու կազմակերպական ստորակարգությունը, իշխանությունը չարաշահելու միտումը, պրեստիժի խորհրդանիշները, կնոջ դերի` որպես տղամարդու նպատակների սպասարկուի ընկալումը, նորի նկատմամբ վախն ու կասկածամտությունը, անհայտի կամ անմիանշանակ իրադրությունների նկատմամբ անհանդուրժողականությունը և/կամ ագրեսիան:
Ինչ վերաբերում է պրեստիժի խորհրդանիշներին, դրանք իշխանության կամ հեղինակության կարևոր նշաններ են ցանկացած հասարակությունում, բայց ամոթի հասարակություններում, ինչպիսին Հայաստանինն է, դրանք միշտ չէ որ հիմնավորված են իրական բովանդակությամբ: Այս առումով վերոնշյալ հայ ապօրինի ներգաղթյալը, որը կտրվել էր վարորդական գրավոր քննությունից, տիպական օրինակ է: ԱՄՆ սահմանն ապօրինի հատելուց հետո անփաստաթուղթ, անաշխատանք ու ֆինանսապես խոցելի վիճակում գտնվող այս ներգաղթյալի առաջին գործողություններից մեկը «գոլդ» հեռախոսահամար գնելն էր: Զավեշտալի է, որ այդ բառը հայերն անգլերենից են փոխառել, մինչդեռ ԱՄՆ-ում այդպիսի մեղմասություն չկա. կրկնվող թվերով հեռախոսահամարները ոչ թե ոսկե են կոչվում, այլ սնափառական: Ամեն երրորդ անփաստաթուղթ հայ ներգաղթյալ, որի համար թարգմանել եմ այս վերջին տարվա ընթացքում, ուներ սնափառական հեռախոսահամար:
«ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ»-ն ավելին էր, քան կատարողական արվեստի ներկայացում. այն դարձավ բեմ, որի վրա նյութականացավ այս հակադիր ցուցիչների դրաման: Ներկայացումից մեկ օր առաջ գլխավոր փորձն ընդհատեցին մի խումբ տղամարդիկ` պահանջելով ոչ միայն դադարեցնել այդ փորձը, այլև չեղարկել բուն ներկայացումը: Տղամարդկանց դուր չէին եկել պարուհիների անսովոր շարժումները, որոնք համարել էին ոչ կանացի: «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ»-ի բոլոր մասնակիցները երիտասարդ կանայք էին:
Առանց ներկայանալու` նրանցից մեկը հայտարարեց, որ այն, ինչ այդ աղջիկներն անում են, արվեստի հետ կապ չունի. հակաազգային, հակաքրիստոնեական, հակապետական, հակամարդկային է, ճղճիմ ու սատանայական` առանց մեղադրանքներից որևէ մեկի համար հիմնավորում առաջարկելու: Ինչ-որ մի պահ ակնհայտ է դառնում, որ աղջիկների նկատմամբ թշնամական վերաբերմունքը կանխորոշված էր նրանց ներկայացումը արտոնած ու հովանավորած ԿԳՄՍ նախարարության նկատմամբ իրենց դժգոհությամբ, որի պատճառներից մեկը եկեղեցու պատմությունը որպես առանձին առարկա դպրոցի ծրագրից հանելու որոշումն էր:
Հովանավորչական «էրեխեք» դիմելաձևով տղամարդը հավաստիացրեց, որ այդ կանանց ուղեղները լվացել են, տեղը լցրել` ժավելաջուր ու հավատացրել, որ կինը կարող է ամուսնանալ կնոջ հետ, էշի հետ, կոկորդիլոսի և այլն: Փնովեց Լիլիթ Պետրոսյանին տղամարդուն հարիր ժեստիկուլյացիայով ու բառապաշարով խոսելու համար: Տղամարդը նաև հիշեցրեց բոլոր կանանց, որ իրենց թիվ մեկ առաքելությունը երեխա ունենալն ու դաստիարակելն է:
Կնոջը խելք սովորեցնելու տղամարդու առաքելության դրսևորմամբ (mansplaining) և կանանց փոխարեն կանանց տեղն ու դերը հասարակությունում որոշելու տղամարդու բացառիկ իրավունքը բանեցնելով` այս տղամարդը ցուցադրեց դասական թունավոր առնականության վարպետաց դաս: Այս տղամարդկանց հունից հանել էր իրենց հատկացված դերերը խաղալուց կանանց հրաժարումը: Այս տեսակ հասարակության առավելապես պահպանողական շրջանակներում տղամարդուց ակնկալվում է հաստատականություն, նպատակասլացություն, համառություն, հերոսականություն, իսկ կանայք պետք է լինեն համեստ, հնազանդ, հոգատար, տղամարդկանց նպատակների սպասարկու: Կանայք չպիտի հակադարձեն տղամարդուն: Իսկ միասեռականությունը սպառնալիք է հասարակությանը և այլն:
Հայաստանյան մշակույթի առնական բաղկացուցիչը տարածվում է նաև լեզվի` դրա սեռականության վրա: Հայերենն ունի աշխարհի հազվադեպ սեռաչեզոք լեզուներից մեկը լինելու համբավը: Այդպե՞ս է արդյոք: Լեզվաբանորեն` այո, մշակութապես` ոչ: Իրականում այն գերակշռորեն արական է. երրորդ դեմքի իգական սեռի դերանուն ստեղծելու փորձեր եղել են (օր.` ձախողված «նե»-ն), իսկ արական` երբեք:
Արվեստագետները տեղի չտվեցին իրենց փորձը խափանած տղամարդկանց ճնշումներին: Բայց դրանք դեռ ծաղիկներն էին: Հակառակ մենքախոսների նախազգուշացումների ու սպառնալիքների` հաջորդ օրը պողպատ-բետոնե ծաղկաթերթերին հայտնվեցին սպիտակազգեստ պարուհիները, որոնց մարմնամասերի անկաշկանդ դեգերումները` ոգեկոչելով մեկ այլ ֆուտուրիստի, կարծես արտասանեին.
A вы
нектар собрать
смогли бы
из фонтана железобетонных цветов [5]
Դեռ նոր էր սկսվել ներկայացումը, երբ հանդիսատեսների մի մեծ խումբ քայլեր ձեռնարկեց ներկայացումը տապալելու համար: Անտարբեր ոստիկանների աչքի առաջ նրանցից մեկը պոկեց բարձրախոսների լարերը, որից հետո բանաստեղծ Լիլիթ Պետրոսյանը ստիպված էր թոքերի ողջ տարողությամբ գոռալ իր ու ֆուտուրիստների պոեզիայի մտերմիկ երկխոսությունը: Այն, սակայն, խլացնում էին մեգաֆոններով «ամո՜թ» վանկարկող մի խումբ տղամարդիկ: Չնայած այս ամենի` պարուհիները շարունակում էին հաստատակամորեն պարել, իսկ Լիլիթը` ասմունքել:
«Ամոթ»-ի վանկարկումը ուղիղ հղում է տալիս հավաքապաշտական չափանիշներից մեկին. «Երբ տվյալ խմբի անդամներից մեկը խախտում է հասարակության կանոնները, ապա այդ խմբի մնացած անդամներն ամոթի զգացում են ապրում հավաքական պարտավորություններ ունենալու գաղափարի հիման վրա»[6]: Սա ակնհայտորեն հղում է 1934-ին մարդաբան Ռութ Բենեդիկտի (Ruth Benedict) առաջարկած` մեղքի ու ամոթի հասարակությունների տարբերակմանը: Մեղքի հասարակությունում գործում է հետևյալ ինքնահարցադրումը. «Արդա՞ր է արարքս, թե՞ անարդար»: Կարևորվում է օրենքն ու պատիժը, ընդգծվում է անհատական խիղճը, իսկ մեղքի զգացումն առկա է անկախ նրանից տեղյակ են ուրիշները տվյալ արարքի մասին, թե ոչ: Մեղքն անհատական է, մինչդեռ ամոթն` էությամբ սոցիալական: Ամոթի հասարակությունում կարգ ու կանոնը պահպանվում է ամոթի ինդոկտրինացիայի ու օստրակիզմի (արտաքսում, աքսոր, մեկուսացում) սպառնալիքի միջոցով: Այս տեսակ հասարակություններում անհատն ինքն իրեն հարցնում է. «Մարդիկ ի՞նչ կմտածեն: Ամոթ կլինի՞, եթե սենց անեմ»:
Զելյոնկայով հարձակումը ներկայացման տապալման փորձերի գագաթնակետը դարձավ: Մի երիտասարդ տղամարդ ցատկեց ուղիղ ներկայացման մեջ` զելյոնկա ցպնելով պարուհիներից մեկի, ապա` բանաստեղծ Լիլիթ Պետրոսյանի վրա: Ոստիկանները շարժվեցին տեղից ու բերման ենթարկեցին ներկայացման արդեն մյուս մասնակիցների ուղղությամբ վազող այդ տղամարդուն:
— Սատանիստական երևույթ իմ երկրում չի լինելու, քանի ես սաղ եմ, — գնալով էլ ավելի խզվող ձայնով գոռում էր բարկացած Նարեկ Սարգսյանը դեպքի վայրից հեռացվելիս:
Աչքերին դիպչելու դեպքում, զելյոնկան կարող է հարուցել եղջերաթաղանթի մթագնում և անգամ երկկողմանի կուրացում, իսկ կուլ տալու դեպքում` թունավորել օրգանիզմը:
100 հնարավորից Հայաստանի 88-ը անորոշությունից խուսափման բավական բարձր ցուցիչ է: Բողոքողների գործողություններն ու դրանց հետևած հասարակության լայն շրջանակների աջակցությունը թե՛ առցանց, թե՛ անցանց, ինչ-որ չափով հիմնավորում են այդ գնահատականը: «Այն տրամադրվածությունը, որը բարձրացնում է անորոշությունից խուսափման ցուցիչը կարելի է հակիրճ ամփոփել այլատյացության այս հավատամքով. «Այն, ինչ տարբեր է, վտանգավոր է»: Իսկ այն տրամադրվածությունը, որը նվազեցնում է անորոշությունից խուսափման ցուցիչը, հակառակն է պնդում. «Այն, ինչ տարբեր է, հետաքրքրասիրություն է առաջացնում»[7]: Բարձր ցուցիչի չափանիշներն են` ա) ծանոթ ռիսկերի ընդունում, վախ անորոշ իրավիճակների ու անծանոթ ռիսկերի նկատմամբ, բ) ագրեսիան և հույզերը կարող են պարպվել պատշաճ ժամանակ ու տեղում, գ) մեծ սթրես, մեծ տագնապ, ավելի սուր նևրոտիզմ դ) վարանոտություն նոր ապրանքների կամ տեխնոլոգիաների նկատմամբ[8]:
Բայց ինչպե՞ս կարող էր այս փոքրիկ դրվագն այնպիսի լուրջ ու տևական հոգեբանական տրավմաներ առաջացնել ներկայացման որոշ մասնակիցների մոտ, ինչպիսիք թվարկել է Հասմիկն իր հետահայաց նամակում:
Ներկայացման տապալումից հետո ամաչեցման, հալածման (bullying) ալիք բարձրացավ հայաստանյան հասարակության մեջ գերակշռող պահպանողական շերտերի նախաձեռնությամբ, այն բանից հետո, երբ ներկայացումը լայնորեն լուսաբանվեց զանգվածային լրատվամիջոցների կողմից: Սա զոհին տարանջատելու` ամոթի հասարակության գործիքակազմն է: Զոհը նա է, որը տվյալ հասարակության պտուղ լինելու բերումով անխուսափելիորեն հարցնում է ինքն իրեն` «ամոթ կլինի՞, եթե», սակայն հանդգնում է գործել ի հեճուկս` ապավինելով սեփական աշխարհայացքին, արժեքների համակարգին և/կամ «օրենքով չի արգելվում, ուրեմն կարելի է» սկզբունքին, որն առավելապես բնորոշ է մեղքի հասարակություններին:
Քարկոծվում էին նաև ԿԳՄՍ նախարարությունն ու հատկապես այս նախագիծն իրենց ստորագրությամբ արտոնած հանձնաժողովի անդամները: Հատկանշական էին նրանցից երաժիշտ Գոռ Սուջյանի արդարացումները: Խաչակնքվում էր ֆեյսբուքյան ստատուսներում ու հարցազրույցներում` ամեն կերպ ջանալով ապամտազուգորդվել այս ներկայացումից ու դրա բովանդակությունից` չնայած ներկայացումն արտոնող իր ստորագրությանը: Ինչևէ, մինչ Գոռը Սուջյանը «կ՛արդանար», Նարեկը համալրում էր զելյոնկայի իր պաշարները հանուն ապագայի կամ «ֆութուրի» (որը Լիլիթը հաճախ էր արտասանում ներկայացման ընթացքում):
Նարեկ Սարգսյանը բերման ենթարկվելուց երեք ժամ չանցած ազատ արձակվեց:
— Գնացինք, հասանք տեղ: Ես ասում եմ` էնպիսի վերաբերմունք ա ինձ ցուցաբերվել, որի արդյունքում ես նույնիսկ չուզեցա իմ իրավաբանին զանգեմ: Տղեքը հայ են,- պատմեց Սարգսյանը իր բերման ենթարկվելուց հետո ոստիկանական բաժնում տեղի ունեցածի մասին երկու օր անց իր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում` հավելելով, որ անգամ բացատրագիր չեն պահանջել: — Այսինքն` իրանք վերաբերմունք ցույց տվեցին, շատ պրոֆեսիոնալ մակարդակի:
«Անհատապաշտական հասարակությունում օրենքներն ու իրավունքները պետք է տարածվեն բոլոր անդամների վրա (այլ հարց է, թե արդյո՞ք միշտ է հաջողվում այդ չափորոշիչը պահել): Հավաքապաշտական հասարակությունում օրենքներն ու իրավունքները կարող են տարբերվել ըստ մարդու կատեգորիայի, եթե ոչ տեսականորեն, ապա օրենքների կիրարկման ձևով. և դա չի ընկալվում որպես սխալ»[9]:
Եթե հիշենք, թե որքան հեշտ կալանքից ազատվեցին 2012-ին «DIY» ակումբը հոմոֆոբիական հայացքների պատճառով պայթեցրած անձինք ՀՅԴ պատգամավորների գրավի շնորհիվ, ապա Նարեկի արագ ազատ արձակումը՝ շատ ավելի թեթև զանցանքի պարագայում, օրինաչափ է` անկախ նրանից, որ առաջինը մինչ-, իսկ մյուսը հետհեղափոխական շրջանում է տեղի ունեցել: Շատ ավելի հեշտ է փոխել իշխանության ղեկին գտնվող անցանկալի մարդկանց, քան նրանց իշխանության բերած գերիշխող արժեքները: Հոֆսթեդեի մեկնաբանությունը իշխանական հեռավորության բարձր ցուցիչ ունեցող երկրներում կատարվող հեղափոխությունների արդյունավետության վերաբերյալ և՛ հիասթափեցնող է, և՛ սթափեցնող. «Այսպիսի հեղափոխությունների մեծ մասը ձախողվում է, անգամ հաղթելու դեպքում, որովհետև նոր իշխանության եկած մարդիկ որոշ ժամանակ անց կրկնում են նախկինների վարքը, և այդ հարցում նրանց սատարում են անհավասարության գերիշխող արժեքները»[10]: Թեև ոչ ամենուրեքյան և ոչ այնքան խոշոր որքան նախկին ավտորիտար իշխանությունների օրոք, հետհեղափոխական չորս տարիների ընթացքում ԶԼՄ-ների բացահայտած մի քանի նեպոտիստական դրսևորումները հիմնավորում են տվյալ ասույթը:
Այս տխուր պատկերի ֆոնին այլևս անարդարության զգացում չկա, որ տասը տարի անց` մի քանի շաբաթ առաջ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրեց ներկա ՀՀ կառավարությանը «DIY» ակումբի տեր Արմինե Օգանեզովային վճարել նրա համար, որ մինչհեղափոխական իշխանությունները չեն պաշտպանել նրան հոմոֆոբիական բռնությունից:
Արդյոք չէ՞ր կարող «DIY»-ը պայթեցրած եղբայրների անպատժելիությունը ամրապնդած լինել «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ»-ի մասնակիցներին հալածողների վստահությունը ու նույնիսկ քաջալերել նրանց: Նույն այդ ասուլիսի ընթացքում Նարեկ Սարգսյանը ոչ միայն չզղջաց իր արարքի համար, այլ գնաց ավելի հեռուն: Նրան կարծես հունից հանել էր այն, որ այս աղջիկների խումբը հանդգնել էր քանդել առնական հասարակության հիմնադրույթներից մեկը` «աղջիկը պիտի զիջող լինի» պատգամը` չանսալով իր նախօրեի պահանջներին չեղարկել ներկայացումը: Նա ափսոսանք հայտնեց, որ հետը «մի վեդրո զելյոնկա» չէր վերցրել: Սպառնաց էլ ավելի դաժան հաշվեհարդար տեսնել ցանկացած նմանատիպ երևույթների նկատմամբ:
Դե, հիմա պատկերացնենք նրա հարձակման զոհերի հոգեվիճակը այս համատեքստում, երբ նրանց հալածողը ոչ միայն ազատության մեջ է, այլև` անպատժելիությունից ոգևորված, հրապարակավ սպառնում է բազմապատկել ու դաժանացնել իր ահաբեկումները: Էլ ավելի մտահոգիչ է, երբ մի ամբողջ հասարակություն նրանից հաշիվ չի պահանջում, չի ստիպում նրան ջանք գործադրել գոնե ծանրակշիռ փաստարկներով հիմնավորել իր գործողությունների արդարացիությունը: Նա հրավիրում է ասուլիս, որտեղ կցկտուր նախադասություններով պարծենում է իր գործողություններով:
Որպես հիմնավորում, թե ինչու պիտի այդ ներկայացումը տեղի չունենար, Նարեկն ասուլիսին ապավինեց ad populum տրամաբանական սխալին. «Եկեք, սիրելի աղջիկներ, աղջիկների նման եսիմինչեր, եկեք մի արեք էդ ամեն ինչը, որովհետև հասարակությունը դա չի ընդունում»: Նրա արձագանքը կարծես պատկերազարդեր Հոֆսթեդեի մատնանշած` հավաքապաշտական հասարակության առանձնահատկություններից մեկը. բարձրահամատեքստ շփումը (high-context communication), երբ շատ բաներ ակնհայտ են` շփումը դարձնելով սակավաբառ, «դե դու ջոգիր» կարգի համոզվածությամբ: Սրան հակադրվում է անհատապաշտական հասարակություններին հատուկ ցածրահամատեքստ շփումը (low-context communication), որտեղ ամեն ինչ պետք է հատկորոշվի ու ճշգրտվի, ինչը շփումը դարձնում է առատաբառ:
Այս երկատման շնորհիվ է կարելի ծագումնաբանորեն հասկանալ հայերեն «բան» մակաբույծ բառը` հայոց բառապաշարի Ջոկերը: Հավաքապաշտական հասարակություններում զանազան երևույթների մասին կարծիքների կանխորոշվածության կանխավարկածը և այն ենթադրությունը, որ տվյալ հասարակության բոլոր անդամները դրանց ծանոթ են, հանապազօրյա շփումներում հանգեցնում են լեզվական ալարկոտության ու բառապաշարային աղքատության: Որպես հետևանք` ամենօրյա բառապաշարը նվազման միտումներ է դրսևորում ու շատ բառեր հաճախ փոխարինվում են «բան» մակաբույծով: Երբեմն առօրյա խոսքում այս ալարկոտությունը հասնում է անհեթեթության այնպիսի աստիճանի, որ նախադասությունը դառնում է բացառապես անհայտներ պարունակող հավասարման լուծման պես մի բան: Այս առումով տարածված ինքնաքննադատական կատակ է «բան անենք, բան ըլնի» անհեթեթ նախադասությունը:
Երբ Նարեկին խնդրեցին ապացուցել ներկայացման սատանիստականությունը, որն իր հարձակման առերևույթ գլխավոր պատճառն էր, նա ասաց. «Շարժումները աղջկա… տենց անկանոն բառերի… տենց, բանը իմ համար հարցական մնաց… որը լրացրեց մի մասնագետ (հղում կկատարեմ իմ էջում), որը չի հարյուրտոկոսանոց ասում իրանք էդ նպատակն ունեն, թե չէ, բայց ասում ա` այս շարժերը, այդ գործողություններն ու բառերը հիմնականում օգտագործում են էն մարդիկ, ովքեր պորտալ են բացում»:
Ահա այս փաստարկի բերումով պիտի գանակոծվեր, ահաբեկվեր ու տառապեր մի ամբողջ ստեղծագործական խումբ: Դրա ղեկավարներից մեկը` Հասմիկը, Նարեկին կարգել է ներկայացման մասնակից: Առաջին հայացքից տարակուսելի է, բայց երբ իր մասին խոսելիս` Նարեկն ասուլիսի ժամանակ հպարտորեն ասում է «իմ հայի ըմբոստ հոգին», ամեն ինչ իր տեղն է ընկնում: Հենց ըմբոստությունն է այն կետը, որտեղ հատվում են ներկայացման բոլոր երեք կողմերը: Միայն թե երեքի ապստամբությունների թիրախները միանգամայն տարբեր են, եթե ոչ հակադիր: Մի կողմից հնի, անցյալի ըմբոստ հերքման ջատագով ֆուտուրիստներն են` Ազատ Վշտունին ու իր ֆուտուրիստ ընկերները: Մյուս կողմից` հինը, ավանդականը պաշտպանող ըմբոստ հայի հոգին է` Նարեկ Սարգսյանն ու իր կողմնակիցները: Երրորդ կողմը «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ»-ի ստեղծագործական խումբն է, որն ըմբոստանում է թունավոր առնականության դեմ` ձգտելով սեռահավասարության և որի վերաբերմունքը ֆուտուրիզմի պոետիկայի նկատմամբ հիացմունքի ու սարկազմի խառնուրդ է:
Այս անտագոնիզմի արմատները երևի թե հասնում են 20-րդ դարի սկիզբ: Մինչ ոմանք Հայաստան էին ներկրում ռուսական գոպնիկական/գողական մշակույթն ու խաչասերում ազգային ավանդույթների ու արժեքների հետ, հայաստանյան հասարակության մեկ այլ շերտի ներկայացուցիչներ տեղայնացնում էին ռուսական ֆուտուրիզմը` հիմք դնելով ձախականության մշակույթին: Այդ առումով «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ»-ի ընթացքում տեղի ունեցած մշակութային բախումը կարելի է դիտարկել որպես ճակատամարտ, որը թրմվում էր տասնամյակներ շարունակ արևելքի ու արևմուտքի խաչմերուկ համարվող Հայաստանում գոյակցող այս երեք ուժերի միջև:
Սկսենք Ազատ Վշտունուց: Ազատ Վշտունին ըմբոստանում է ավանդական մշակույթի, Հայաստանի անկախության ու կապիտալիզմի դեմ: Նա ողջունում է կարմիր հեղափոխությունն ու Խորհրդային Հայաստանի հաստատումը:
Քո երգո՛ւմ`
ըմբոստ հերքո՛ւմ հնի…
քո յերկրո՛ւմ`
ճիչ ու բերկրում հիմի…[11]
Արդյո՞ք կհայտնվեր Ազատն իր բաղձած ապագայում, եթե Լիլիթն ու Հասմիկը հետևեին իր իսկ պատգամի տառին` դարձնելով իրենց երգը «ըմբոստ հերքում հնի», որպիսին այսօր անխուսափելիորեն ֆուտուրիստական պոեզիան է: Ոչ: Ապագայապաշտներն այստեղ են, որովհետև ըմբոստ աղջիկների` հնի հերքման հիմքում վճռորոշը ժամանակագրական գործոնը չէ: Վշտունու ոգին ըմբոստանում է, օրինակ, հետևյալ համատեքստում.
Բեթհովեն մի ստվեր ե անուժ
մեր վաղվա յերգերի դեմ հսկա [12]
Կամ
Մի Դանթե՞, կամ թե
Պուշկի՞ն ես դու.—
չե՛, ի՛մ ընկեր,
ավելի ուժգի՛ն ես դու…[13]
Կամ
Մասիսը հին՝ առասպել չար ու չնչին[14]
Կստորագրեի՞ն արդյոք նրա այս տողերի տակ աղջիկները: Ներկայացման հեղինակներին հին, սակայն, այլ ախտեր են մտահոգում՝ համենայնդեպս ըստ նրանց տարածած հայտարարության. «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ»-ը հարցականի տակ է դնում կնոջ պահվածքի, խոսելու և շարժվելու ձևի հանրային ընկալումը»: Ներկայացման բանաստեղծական բաղադրիչը կարծես թիրախավորում է կապիտալիզմի, նեոլիբերալիզմի հաղթարշավը, կարծես վշտանում բոլոր երկրների պրոլետարների միացման տապալման/հետաձգման կապակցությամբ: Իսկ շատ ավելի հին երևույթներից պոեմը թիրախավորում է հայրիշխանության ու առնականության թունավոր տարրերը ժամանակակից Հայաստանի Հանրապետությունում, որը վեր է հառնել «խրոխտ, տիտանի նման, վեսկա՛մ» Խորհրդային Հայաստանի մոխիրներից:
Եթե Նարեկ Սարգսյանը կարդացած լիներ Վշտունու գիրքը ներկայացման թեման ուսումնասիրելու մղումով, ապա կտեղեկանար մասնավորապես Մասիսի վերաբերյալ Վշտունու չարախոսության մասին: Հարձակումը միևնույն է չէր արդարացնի, բայց վրդովմունքը հասկանալի կդարձներ` հաշվի առնելով հայկական ինքնության համար այդ սրբազան լեռան անթառամ կարևորությունը: Այդ վրդովմունքը ներդաշնակ կլիներ իր ազգայնական կերպարին ու միգուցե ունենար աջակիցների շատ ավելի ստվար ու կուռ զանգված: Բայց Վշտունու լղար գրքույկը կարդալու փոխարեն նա նախընտրեց հույսը դնել անհիմն ու անհոդաբաշխ մեղադրանքների վրա, ինչպիսին, օրինակ, հետևյալն է. «Ես իրանց որակավորում եմ տալիս ուղիղ սատանիստական»: Ապա անհասկանալի սիլլոգիստական անցումներով կապեց այդ աղջիկների գործունեությունը «ԼԳԲՏ բարքերի» տարածման հետ:
Երբ Հովհաննես Իշխանյանի «Կաց, անցորդ, կաց» վավերագրական ֆիլմում Հասմիկ Թանգյանը զանգահարեց Նարեկ Սարգսյանին, որ առաջարկի հանդիպել, վերջինս զրույցի ընթացքում ինչ-որ մի պահ պատասխանեց. «Զելյոնկեն կարա վերածվի բենզինի, եթե ես հասկանամ` դուք իմ ազգային արժեքներին ոտնահարում եք: Վաղը իմ էրեխեն չեմ ուզում յուբկով ձաձա տենա, հարցնի` կներես, պապ, էս ի՞նչ ա: Ես ի՞նչ եմ իրան բացատրելու: Դուք պատրաստում եք հանրությանը դրան»:
Փաստորեն ինչ է, թե ինչ-որ մեկը չգիտի, թե ինչ պատասխանի ԼԳԲՏՔ համայնքը ներկայացնող անձանց առանձնահատկությունների մասին հետաքրքրվող իր երեխային, ուրեմն նրանք գոյության իրավունք չունեն: Ինչ է, թե ինչ-որ մեկը չի ուզում մի փոքր ջանք գործադրել մի երկու ուսուցողական հոդված կամ գիրք թերթելու համար, որպեսզի երեխային մատչելի կերպով բացատրի մարդ արարածի կենսաբանական առանձնահատկությունների կամ կենսագործունեության եղանակների բազմազանության մասին, նրանց վրա պետք է զելյոնկա կամ բենզին շփել:
2008-ին Occupy Wall Street շարժման ընթացքում լայն տարածում գտավ մի լուսանկար, որտեղ մի ոստիկան իրեն պատահած բոլոր ցուցարարների երեսին արցունքաբեր էր պզացնում: Եվ շատ չանցած այն հուժկու մեմային պայթյուն առաջացրեց ցանցում: Նրան սկսեցին մոնտաժել է՛լ մուլտհերոսների, է՛լ արձանների, է՛լ տարբեր պատմական ժամանակաշրջաններում հայտնի կտավների հերոսների երեսներին արցունքաբեր փչելիս:
Երբ լսեցի Նարեկի սպառնալիքները, պատկերացրեցի մեմերի մի ամբողջ շարք, որտեղ համատեքստից կտրված իր հարձակման կադրը որպես կոլաժ հայտնվում է տարբեր պատմական դրվագներում, որտեղ զելյոնկայով են պատվում տարբեր կարկառուն միասեռական գործիչներ: Պատկերացրեցի, թե ինչպես է զելյոնկայով պատվում աշխարհի ամենաշատը մեջբերված գիտնականը` միասեռական Միշել Ֆուկոն, իր միասեռականության պատճառով բանտարկված Օսկար Ուայլդը, որ չկարողանար բանտարկության ընթացքում գրել իր գլուխգործոցներից “De Profundis”-ը: Պատկերացրեցի նույն պատճառներով բանտարկված Փարաջանովի կուրացումը զելյոնկայով, որպեսզի այժմ Հայաստանի ամենահայտնի թանգարաններից մեկում ցուցադրվող և ոչ մի կոլաժ չկարողանար ստեղծել, իսկ ազատվելուց հետո ո՛չ «Սուրամի ամրոցի լեգենդ» նկարահաներ, ո՛չ էլ «Աշուղ Ղարիբ»: Պատկերացրեցի, թե ինչպես է կովբոյի շորեր հագած տղայի կլոր կոնքերին փարված ու անհագուրդ նրա գգվանքները հրե ծծող Չարենցի վրա զելյոնկա շփում: Միասեռական Չայկովսկու ականջներին էլ էր երևի պետք ի ծնե ցպնել այնքան զելյոնկա, որ չկարողանար գեթ մեկ նոտա երկնել` ներառյալ «Մարդուկ-ջարդուկ» բալետը` հայաստանյան երեխաների ամենասիրված ամանորյա ներկայացումներից մեկը:
Նարեկ Սարգսյանն ի վերջո համաձայնում է հանդիպել Հասմիկ Թանգյանի հետ մի սրճարանում: Զրույցի ընթացքում երկուսն էլ իրար հավաստիացնում են, որ սիրում ու գուրգուրում են Հայաստանն ու փայփայում նրա մշակութային արժեքները: Խորհրդանշական առումով դա կարևոր երկխոսություն ու բարի կամքի դրսևորում էր: Բայց սատանան մանրուքների մեջ է, ինչպես ասում են: Եվ, ցավոք, սակավ էր առարկայական քննարկումը, որը թույլ կտար գլուխ հանել մեր ազգային մշակույթի այն առանձնահատկություններից, որոնք նրանց տանում են հակադիր ճամբարներ: Թեև Նարեկը հրաժարվեց ներողություն խնդրել իր գործողությունների համար, նա, այնուամենայնիվ, իր մեջ ուժ գտավ ինքն իրեն ասելու` անցած լինի, ու գրկել Հասմիկին, երբ վերջինս ազդանշան տվեց:
Լիլիթը հրաժարվել էր հանդիպել Նարեկ Սարգսյանի հետ` իր որոշման որևէ կոնկրետ հիմնավորում չտրամադրելով: Պատճառը երևի թե ավելին է, քան բուն թիրախը լինելու փաստը: Քանի որ ներկայացման վոկալ շերտը ձախողվեց բարձրախոսների վնասված լարերի պատճառով, պոեզիայի հետ ծանոթությունն ինձ համար հնարավոր դարձավ ցանց վերբեռնված ձայնային ֆայլի շնորհիվ:
Կա՞ր արյդոք սատանիզմ: Չգիտեմ: Լիներ էլ, լինելով աթեիստ, լուրջ չէի վերաբերվի: Բայց ականջիցս չվրիպեց հետևյալ զիլ տողը. «Կեսկատակ, կեսլուրջ, կեսաստված»: Ամենաշատը կրոնական թեմաներին այս տողն էր մոտեցել:
Վշտունու հուզանքը ժամանակակից մատուցմամբ տպավորիչ է ու կարևոր:
Մենք նո՛ր ենք, մենք պոետներ ջահել,
մեր մուսան ելեքտրիկն ե, շոքի՛ն.[15]
Լիլիթ Պետրոսյանին հաջողվել էր սինթեզել ապագայապաշտի էլեկտրական պոեզիան էլեկտրոնային երաժշտության հոսանքի հետ: Մի պահ վառ ապագայի նկատմամբ հուժկու հավատով ու վարակիչ լավատեսությամբ լիցքավորված ապագայապաշտների հուզառատ խոսքերը, սակայն, ապագայի պոետը` մեր ժամանակակիցը, կտրում է ոչ թե շաքարով, այլ` «լոմկայով»:
Ապագայապաշտներից մեկի (Աբովի կամ Կարա-Դարվիշի) «Սահմաններ չունի հիմա աշխարհը / Նոր է, անծիր» վերջաբանին հետևում է. «Կա, կա, կա, կա / Լոմկա, լոմկա (կամ միգուցե` լոմ կա)»: Ֆուտուրիստների գովերգած, բաղձած ապագայի ձա՞յնն է: 20-րդ դարի նրանց գովերգած արդյունաբերական վերելքի զարկ տված առաջընթացի զավակների հիասթափությունն է կարծես, լոմկան: Առօրյայի լոկշում լռված, արդյունաբերական զարթոնքի ջարդոնների արանքներում մոլորված, բանվոր դասակարգի երազ/մուրազը` փորներում մնացած նոր սերունդները:
Շուտով ակնհայտ է դառնում, որ Լիլիթին կախարդել են Վշտունու վարպետորեն հյուսած բաղաձայնույթները: Եվ Լիլիթին ևս հաջողվել է դյութել բաղաձայնույթների իր տարափով, որ գցում են տրանսի մեջ: Սա մեկն է հայալեզու պոեզիան էլեկտրոնային երաժշտության թարգմանելու հաջողված փորձերից, որոնցից են Գեմաֆին Գասպարյանի «խենթ ես դու մի լուսե», «նուրբ երշիկ» բանաստեղծությունները «Չկա` չկա» բանաստեղծական ժողովածուից (2017), ինչպես նաև Տիգրան Ալեքսանյանի «Ռեպետիտիվ տեխնիկա»-ն (2017): Իսկ իմ ոգևորությունն այս ոճով, ինչ խոսք, կարելի է դիտարկել կանխակալ` հաշվի առնելով “House Sweet House” (2005) պոեմը «Գրողի ծոցը» ժողովածուից:
Միանգամայն հաճախ են գործածում հայ ֆուտուրիստները «հանճար» բառը: Հայ ֆուտուրիստական տեքստերը չափչփող անկեղծ հանճարը, սակայն, Լիլիթի հետֆուտուրիստական տեքստում դառնում է հետմոդեռնիստական զավեշտի, քամահրանքի առարկա: Համեմատենք.
Ու մե՛նք, ամենքս մե՛կ,—
պոետ-պողպատ-հանճար…[16]
Եվ
Ածող հավերի ածանցյալ ե՞ս դարձել
Մտացածին հանճար ե՞ս,
Թե՞ ճար գտնես
Հանճար ե՞ս, թե՞ ճար գտնես:
Ճարտար ե՞ս:
Դե ճառ ասա,
Որ ճար գտնես
Ժամանակ առ ժամանակ Լիլիթի տեքստը շեղվում է ոչ միայն գրական հայերենի նորմերից, այլև բազմաթիվ սլենգային արտահայտություններով ներխուժում է տղայական խոսքի տիրույթ, ինչը դատապարտելի է նույն այդ գողական/քյարթական աշխարհի ներկայացուցիչների համար.
Հրաշքներ բաժանողից էլ մի քիչ կանաչ նվեր բեր,
Տեսնեմ` ի՞նչ նպատակ ա քեզ քոր տալի, ապե:
Հետո, Լիլիթն անսպասելիորեն անցնում է անգլերենի: Անակնկալ կերպով զավեշտն ու տնազն արդ վերածվում են ջղային ու անկեղծ բողոքի ալիքի, որում ցուսումնալից օտարալեզու հայհոյանքներ են վխտում (my fucking freedom, the fucking truth և այլն): Սկսում է ժողովրդի/պրոլետարիատի հաշվին հարստացածների դեմ բողոքով. “Only foolish, wretched profiteers are sitting now in their private luxurious rooms talking on behalf of real working class heroes. You know why? It’s cool to be a rebel when you are only a label” (Մենակ հիմար, թշվառ չարաշահորդներն են նստած իրենց մասնավոր շքեղ առանձնասենյակներում ու խոսում բանվորական դասի իսկական հերոսների անունից: Գիտե՞ս ինչու: Ըմբոստ լինելը զիլ ա, երբ ոչ այլ ինչ ես, քան պիտակ): Հետաքրքիրն այն է, որ հայերենից անցնելով անգլերենի Լիլիթը կարծես ճամբարափոխ է դառնում` սկսելով երբեմն հավաքապաշտական դիրքերից հարձակվել անհատապաշտական որոշ առանձնահատկությունների վրա: Իր պոեզիայի որոշ հատվածներում ծաղրում ու քֆրտում է “privacy” կոչեցյալը[17], որն անկյունաքարային նշանակություն ունի անհատապաշտական հասարակություններում, սակայն չի վայելում նույնքան ժողովրդականություն հավաքապաշտական հասարակություններում, «որտեղ նորմալ ու ճիշտ է համարվում, երբ մարդ ցանկացած ժամանակ կարող է առանց զգուշացնելու ներխուժել նույն խմբի մեկ այլ անդամի անձնական տարածք»[18]: Բայց ինչո՞ւ է Լիլիթ Պետրոսյանը հայերենից անցնում անգլերենի հենց այն պահին, երբ հայհոյանքների տարափ է արձակում:
Իրենց մայրենի (L1) և երկրորդ լեզվով (L2) հնչող հայհոյանքներին երկլեզվակիրների հոգեբանական արձագանքն ուսումնասիրելու նպատակով իմացական հոգեբան Քեթի Քոլդուել-Հերիսն ու իր գործընկերները 2003-ին պոլիգրաֆային տեխնոլոգիայի (ստի դետեկտորի) միջոցով թուրքերեն-անգլերեն երկլեզվակիրների մաշկի հաղորդականության փորձ են անցկացրել: «Պարզվել է, որ ֆիզիոլոգիական արձագանքները շատ ավելի ուժեղ էին լսողական եղանակով ներկայացված տաբուացված թուրքերեն բառերի, քան դրանց անգլերեն համարժեքների նկատմամբ»[19]: Հենց այս ուժգնության բերումով է, որ երկ- և բազմալեզվակիրները նախընտրում են իրենց մայրենիով հայհոյել նախատեսված արդյունքին հասնելու համար: Դա է հաստատում կիրառական լեզվաբան Ժան-Մարկ Դևելի ուսումնասիրությունը` “Christ fucking shit merde!” Իրենց լեզուներին գերազանց տիրապետող բազմալեզվակիրների լեզվական նախասիրությունները հայհոյելու համար»: Բայց Դևելն իր հարցազրույցների ընթացքում նաև բացահայտել է ևս մի բան, որը բացատրում է Լիլիթի հակաինտուիտիվ թվացող ընտրությունը. «Մասնակիցների փոքրամասնության մոտ ընդհանուր միտումից շեղում է նկատվել, մասնավորապես` ասիական և արաբական ծագում ունեցողները հայտնել են, որ սովորաբար անցնում են օտար լեզվի, երբ ցանկանում են արտահայտել այնպիսի հույզեր, որոնք իրենց L1 մշակույթում անպատշաճ են համարվում»[20]: Ինչ վերաբերում է հայհոյանքներին, հայաստանյան մշակույթն իր անմիջական հարևանների պես սահմանափակումներ է պարտադրում: Սակայն ի տարբերություն տղամարդկանց, կանանց կողմից վիրավորական բառապաշարի գործածումը զգալիորեն ավելի սահմանափակ է: Ուստի օտար լեզուն, որը սովորաբար ավելի ցածր հուզական անդրադարձ ունի, դառնում է սոցիալական սահմանափակումներից խուսափելու ուղի:
Քանի որ անպարկեշտ խոսքը սովորաբար ընկալվում է որպես անցանկալի, անտեղի կամ զզվելի, քիչ կանայք են հակված անարդար համարել այս միակողմանի, միայն կանանց ուղղված խարանումը: Այս առումով հակված են կարծելու, որ պարզապես տղամարդկանցից ավելի պարկեշտ են: Իսկ տղամարդիկ անում են ամեն ինչ, որպեսզի կանայք որևէ կերպ չառնչվեն հայհոյախոսություններին (ինչպես փոքր երեխաների պարագայում), և դա արվում է որպես նրանց հանդեպ խորը հարգանքի նշան:
Իր բանաստեղծությունը գրոտեսկային քանակությամբ “fuck”-երով լցնելը թվում է` Լիլիթի յուրօրինակ բողոքն է ընդդեմ կանանց ինֆանտիլացման, ընդդեմ հասարակության կեղծավորության: Համենայնդեպս նրա բողոքը որոշ չափով զգուշավոր է՝ անգլերեն լեզվով լինելու բերումով:
Լիլիթի լեզվական արտասահմանյան ուղևորության պատճառներից է թերևս այն, թե ինչ օրի գցեցին Հայաստանի ամենահայտնի բանաստեղծներից մեկին` Վիոլետ Գրիգորյանին, 2001-ին անտպագրելին հրապարակելու համար: Նորանկախ Հայաստանի հայ գրականության ասպարեզում վուլգարիզմների գործածման տաբուն կոտրելու գծով կանանց շրջանում նա դարձավ ռահվիրան, երբ ԳՄ պաշտոնաթերթ «Գրական թերթ»-ում հրատարակված իր բանաստեղծությունում փափագեց. «Մի Նայիրի էլ ես դառնամ ու խփեմ սիրտը էն գանդոնի» (ցիտումն` ըստ հիշողության, քանի որ տեքստը չկա համացանցում ու այդպես էլ չիմացա, թե ի վերջո ով էր այդ թիրախը): Նա համատարած ամոթանքի ու հալածանքի ենթարկվեց հայկական ԶԼՄ-ներում գլխավորապես կին լրագրողների կողմից: Նա խստիվ քննադատվեց նաև համալսարանական լսարաններում, ներառյալ Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի լսարաններից մեկը, մասնավորապես` 5-րդ կուրսի ուսանողների մանկավարժության դասի ընթացքում, որտեղ այս տողերի հեղինակն առաջին անգամ լսեց Վիոլետի անունը թերթը գլանակած ու օդում կատաղած թափահարելով ու փրփրացող բերանով նրան գանակոծող իր մանկավարժության դասախոսից: Նա մի քանի հետաքրքրասեր ուսանողների թույլ տվեց ծանոթանալ տվյալ հատվածին: Ես նրանցից մեկն էի: Աղջիկներից ոչ մեկն ընթերցելու ցանկություն չհայտնեց:
Հայկական հասարակությունը հավատացած է, որ հայհոյախոսությունը պետք է ոչ միայն տարիքային, այլև սեռային սահմանափակում ունենա: Հայհոյախոսության տաբուացումը միայն կանանց համար լեզվական հիջաբի հարկադրման պես բան է: Շատ հաճախ դա ստիպում է հայ կանանց ներկրել ռուսերեն և անգլերեն համարժեքներ ծայրաստիճան ջղագրգռվածության ժամանակ սթրեսից ազատվելու համար:
Չնայած ես հայհոյախառը խոսքի սիրահար չեմ ու Լիլիթ Պետրոսյանի հոյակապ պոեմի անգլիալեզու դրվագն ուժեղ չեմ համարում, ես այնուամենայնիվ կարծում եմ, որ նրա ժամանակավոր լեզվական արտագաղթը ցույց է տալիս, որ խնդիրը ոչ թե պոեզիայի մեջ է, այլ լեզվի: Հայոց լեզուն պետք է իր տանիքի տակ գրկաբաց, սրտաբաց ու մտաբաց ընդունի ցանկացած տեքստ: Լեզուն պետք է հյուրասեր լինի` անկախ սեռից, սեռակողմնորոշումից կամ հոգեվիճակից: Հաշվի առնելով հայախոսների նվազող թիվը, հայոց լեզվին գոյատևման համար անհրաժեշտ է ոչ թե սրբացումը կամ մաքրագործումը, այլ իր արական, իգական կամ սեռանորոշ (gender-fluid) ներկայացուցիչների ազատությունն արտահայտել մարդկային հուզական ներկապնակի այնքան նրբերանգ, որքան որ լեզվաբանորեն հնարավոր է: Այս նկատառումներով հանձն եմ առել թարգմանել անգլերեն մասի հետևյալ դրվագները հայերեն.
Fuck privacy, man / Քունեմ գաղտնիությունը, արա Fuck your privacy / Գաղտնիությունդ քունեմ (կամ` փաթթած ունեմ) If the price is your fake democracy / Եթե դրա գինը կեղծ ժողովրդավարությունն ա Cause at the end of the day / Որտև վերջ ի վերջո Better be who you wanna be / Ավելի լավ ա լինել էն ինչ ուզում ես Than who is better to be / Քան էն ինչ ավելի լավ կլիներ լինել <…> Only foolish wretched profiteers are sitting now / Մենակ հիմար, թշվառ չարաշահորդներն են նստած In their private luxurious rooms / Իրանց մասնավոր շքեղ առանձնասենյակներում Talking on behalf of real working class heroes / Ու խոսում բանվորական դասի իսկական հերոսների անունից: You know why? / Գիտե՞ս խի: It’s cool to be a rebel / Ըմբոստ լինելը զիլ ա When you are only a label / Երբ ոչ այլ ինչ ես, քան պիտակ So be a profiteer / Նենց որ չարաշահորդ եղի Labels / Պիտակներ Stop projecting your insecurity on dreamers / Հերիք ա քո բարդույթները երազողների վրա պրոյեկտես When all you care is to protect your privacy / Երբ ուշք ու միտքդ մենակ սեփական գաղտնիությունդ And some pocket money / Ու գրպանիդ փողը պաշտպանելն ա So once again fuck privacy / Եվս մեկ անգամ քունած ունեմ գաղտնիությունդ Motherfucker fuck your privacy / Այ մերաքուն, քունեմ գաղտնիությունդ Your price is the fake democracy / Քո գինը կեղծ ժողովրդավարությունն ա Better later than never / Ավելի լավ ա ուշ քան երբեք To accept that / Ընդունել ա պետք, որ Your father is your motherfucker / Քո հերը քո մերաքունն ա Your mother is / Քո մերը… Free your mother / Ազատիր մորդ Free your father / Ազատիր հորդ Free your mother-fucking tongue from your… / Եվ ազատիր քո մերը քունած լեզուն քո… |
Այս կարճ լեզվարտասահմանյան ուղևորությունից հետո Լիլիթի տեքստը հայրենադարձվում է ու կրկին դառնում է անհայհոյանք, մշակութապես ընդունելի, բայց նաև տրանսային: Նայելով իր վրա գոռացող տղամարդկանց խմբին, Լիլիթը արտասանում էր.
Մարդ հուզեցիր,
ուզեցի երգեմ քեզ:
Կամ
Կաց անցորդ, որ գրկեմ քեզ
Գրեմ քեզ:
Ոչ ոք չարձագանքեց նրա կանչին: Մի քանի ամիս անց «կաց, անցորդ, կաց» երգած ու իր հակառակորդի հետ գրկախառնվելու պատրաստ եղած կինը հրաժարվեց միանալ Հասմիկ Թանգյանին ու գնալ Նարեկ Սարգսյանի հետ հանդիպման: Վավերագրական ֆիլմում Լիլիթը ի ցույց է դնում իր վերքն ու պատմում բախումից հետո առաջացած փոխակերպման մասին.
Ես մի քիչ սթափվեցի: Սոցիալական վախի հնարավորությունը հասկացա, որ կարա դա լինի, կարա դա փոխի քո առօրյա ցանկությունները, քո հագնելու ոճը: Ու փոխեց իմ պոեզիան ավելի կարևոր տեղում: Այսինքն` իմ պոեզիան դարձավ ավելի ինձ հանգստացնող: Այսինքն` ուզում եմ գտնել էն տեղը, որ էդ տղամարդիկ չկարանան քաղաքականացնել իմ պոեզիան կամ էդ խոսքը, էլի: Զգուշություն, էլի, առաջացավ մոտս: Բառերը ոնց որ գործողություն են արդեն: Ու դու էդ բառերով ստեղծում ես քո իրականությունը:
Մի խումբ տղամարդիկ բավականաչափ տագնապ ներշնչեցին այս ըմբոստ հոգուն, որ փոխակերպվի նրա աշխարհը, նրա պոեզիան: Նրա հետհուզանքային պոեզիան նույնքան շերտավոր է ու հնչյունապես դյութիչ` չնայած բթեցված սուր անկյունների: Ահա հետհուզանքային նրա պոեզիայից մի հատված.
Դուք կարծեցիք` ես հատուկ մեկն եմ:
Իսկ ճշմարտությունն այն է, որ ես պարզապես ոչ մեկն եմ
Եվ իմ յուրահատուկ ուժն այն է, որ ես գիտեմ, որ ոչ մեկն եմ:
Եվ ունեմ ընկերներ, ովքեր նույնպես ոչ մեկն են:
Եվ մենք հաճախ իրար հիշեցնում ենք, որ մենք ոչ մեկն ենք:
Կատակլիզմային բախման համատեքստում ինքնանսեմացման ու ինքնաոչնչացման մասին մտքեր են երևան գալիս այս տողերում: Միգուցե դրանք քողարկված հղում են իր ընկերներին իրար հետևից ուտող Պոլիփեմոս կիկլոպին որպես Ոչ Մեկ ներկայանալու Ոդիսևսի հնարամտությանը: Այս խորամանկ հնարն ի վերջո օգնեց Ոդիսևսին ու իր ընկերներին փախչել կղզուց Պոլիփեմոսին կուրացնելուց հետո: Նրանց չհետապնդեցին մյուս կիկլոպները, քանի որ Պոլիփեմոսը նրանց հարցին, թե ով է իր վրա հարձակվել, ով է կուրացրել, նա պատասխանում էր` Ոչ Մեկ: