
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր
Հյուսիսային պողոտայի ստորգետնյա առևտրի կենտրոնում՝ «Տաշիր սթրիթ» պատկերասրահում, 2021 թվականի նոյեմբերի 26-ին բացվել էր «Նվեր Երևանին» ցուցադրությունը: Կազմակերպիչը Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն էր, որ իր հիմնադրման 100-ամյա հոբելյանի առթիվ թանգարանի ֆոնդերի ցուցանմուշների միջոցով ներկայացրել էր, թե ինչ նվերներ են ստացել և միմյանց նվիրել հայտնի հայ գործիչները։ Ցուցանմուշները տեղադրված էին ապակյա ցուցախցիկներում՝ տարածքի քայլուղու կենտրոնում՝ երկու կողմերից տեղ թողնելով անցորդների համար:
Առևտրի կենտրոնում արվեստի գործ կամ թանգարանային նմուշներ տեսնելուն անսովոր այցելուի կամ անցորդի համար ցուցանմուշներն առաջին պահին ընկալվում էին որպես վաճառվող ապրանքների ստենդներ և միանգամից դժվար էր նկատելը, որ դրանք հենց թանգարանային նմուշներ են, ոչ թե տարածքը զարդարող ցուցանմուշներ կամ վաճառվող իրեր:
Ցուցահանդեսը զերծ չէր մատուցման որոշակի ավանդական ձևերից կամ կազմակերպիչների կողմից կլիշեավորված ձևակերպումներից, այնուամենայնիվ, այն ցուցանմուշները մատուցելու նոր մոտեցում էր, եթե հաշվի առնենք թեկուզ ցուցադրության խցիկների վրա առկա QR կոդերը, որոնց միջոցով դիտողը կարող էր ավելին իմանալ ցուցանմուշների, դրանց պատմության մասին, և տարածքը, որում ներկայացված էր ցուցադրությունը:
Արվեստի ավանդական տարածք համարվող միջավայրից դուրս ցուցահանդեսները հայաստանյան իրականության մեջ շատ չեն, բայց, միևնույն ժամանակ, դժվար չէ նկատելը վերջին տարիների միտումը՝ մոլերում ու հանրային այլ վայրերում արվեստի գործերի կամ հնագիտական/ազգագրական առարկաների ցուցադրությունը։
Ի՞նչ նպատակ ունեն այս ցուցահանդեսները, նո՞ր են, և արդյոք արվեստը կարող է գոյություն ունենալ իր ավանդական տարածքներից դուրս: Այստեղ կարելի է խոսել երեք հիմնական միտումների՝ արվեստի ավանդական տեղի փոփոխության, արվեստի ապրանքայնացման կամ առևտրականացման և արվեստի հանրայնացման մասին:
Հանրային վայերում արվեստի գործերի ցուցադրման որոշակի ակտիվացում նկատվեց 2018-ի հեղափոխությունից հետո։ Ընդ որում, թե՛ հեղափոխությանը վերաբերող թեմաներով (օրինակ՝ «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» լուսանկարչական ցուցահանդեսը Մաշտոցի պուրակում), թե՛ այլ թեմաներով գործերը (օրինակ՝ «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» կատարողական արվեստի նախագիծը՝ Հանրապետության հրապարակի մետրոյի դիմացի շատրվանի հատվածում): Հենց հեղափոխության ընթացքում էլ այնպիսի հանրային ինքնաբուխ ակցիաներ էին տեղի ունենում, որոնք ևս ինչ-որ չափով արվեստային արարք էին հիշեցնում:
Քանի որ արվեստը քաղաքական-հասարակական փոփոխությունների անքակտելի մաս է կազմում, այս դեպքում ևս արվեստի բնույթը փոխվեց՝ ձգտելով դառնալ ավելի ժողովրդավարական և «մասսայական»: Ինչպես 2018-ի շարժմանը հանրությունը դարձավ թելադրող՝ որոշակիորեն ջնջելով էլիտա-հասարակություն պատնեշը, այնպես էլ արվեստը «թուլացրեց» ամենաբարձրում լինելու իր հիերարխիկ դիրքն ու անհասանելիությունը և ինքը «եկավ» դիտողի մոտ: Տեղի ունեցավ մոտավորապես այն, ինչ հասարակական կյանքում. արվեստը որոշ չափով «ազատագրվեց» թանգարանային տարածքներից՝ դուրս գալով հանրային տարածք:
Բայց արդյոք նման փոխակերպումը նո՞ր երևույթ է:
Արվեստի տեղի հարցադրումը մշտապես եղել է արվեստագետների և տեսաբանների ուշադրության կենտրոնում: Եթե դիմում ենք ժամանակակից արվեստի պատմությանը, ապա տեսնում ենք, որ արվեստի տարածքի հարցադրումն այստեղ նոր չէ: Ժամանակակից արվեստի առանցքային այն հարցի շրջանակում, թե «ի՞նչ է արվեստը», ոչ միայն սովորական, պատրաստի իրերն են բերվում թանգարանային տարածք և դառնում արվեստի գործ՝ ստանալով նոր իմաստ և նշանակություն, այլև արվեստի արդեն ընդունված գործերն են դուրս բերվում թանգարանի կամ ցուցասրահի տարածքից և վերա-ներկայացվում կատարելապես նոր, նույնիսկ հակադիր պարունակում:
Ֆրանսիացի արվեստագետ Դանիել Բյուրենը, օրինակ, իր գործերում մշտապես հետազոտել է արվեստի շրջանակը և պարունակը՝ անմիջականորեն կապելով դրանք այն տարածքների հարցի հետ, որոնցում արվեստը կարող է ի հայտ գալ։
1973-ին` «Շրջանակի ներսում և նրանից անդին» կոչվող ցուցահանդեսի ժամանակ Բյուրենը ներկայացրեց արվեստի գործ, որը բաղկացած էր 19 սև ու սպիտակ զոլերով կտորներից, որոնց մի մասը կախված էին Նյու Յորքի Ջոն Վեբերի ցուցասրահում, մյուս մասը` պատուհանից դուրս՝ փողոցում՝ առաջին հայացքից թողնելով դրոշների կամ լվացքի տպավորություն:
Սա վառ օրինակ է այն բանի, որ արվեստի նույն գործը կիրառության տարբեր տարածքներում կարող է բոլորովին այլ ազդեցություն թողնել դիտողի վրա, քանի որ այս դեպքում տարածքը զուտ տեղի նշանակություն չունի, այլ օժտված է խորհրդանշանականությամբ, և առարկաներին, որոնք այս դեպքում արվեստի գործերն են, որոշակի բովանդակային պարունակ է հաղորդում: Այսինքն տվյալ օրինակում տեղի փոփոխությունը բերում է նաև պարունակի փոփոխության:
Տեղի փոփոխության հետևանքով՝ արվեստի գործի նոր ընկալման, ինչպես նաև արվեստի գործի ապրանքայնացման մեկ այլ, պատկերավոր օրինակ է ամերիկացի արվեստագետ Բարբարա Քրյուգերի պաստառներից մեկի հետ կապված պատմությունը: 1987-ին Քրյուգերը ստեղծեց «Գնում եմ, հետևաբար գոյություն ունեմ» (I shop therefore I am) պաստառը, որը հեգնական հայտարարություն էր սպառողականության հաղթանակի մասին: Սակայն այն բոլորովին փոխում է իր բնույթը, երբ 1990-ին բրիտանական Սելֆրիջիս (Selfridges) սուպերմարկետների ցանցը, նկարչի թույլտվությամբ, այս մակագրությունն օգտագործում է վաճառքի և զեղչերի օրերին։
Ամերիկացի մեկ այլ արվեստագետ Կլես Օլդենբուրգը 1961-ին իր արվեստանոցում բացում է «Խանութ» ցուցահանդեսը (The Store), որտեղ ցուցադրվում էին ապրանքների՝ գիպսով կաղապարված կրկնօրինակներ՝ իրական չափերից մի փոքր շեղումներով։ Այսպիսով, արվեստագետը ևս մեկ անգամ դիմում է արվեստի առևտրականացման խնդրին՝ առևտրի տարածքից գործը տեղափոխելով արվեստի տարածք։
Մոլերում, առևտրի կենտրոններում ներկայացվող արվեստը ոչ վաղ անցյալում ձևավորված երևույթ է, որը, այնուամենայնիվ, հասցրել է բավականին տարածվել: Մշակութային և ստեղծագործական այսպիսի տարածքների զարգացման հաջող փորձեր կան աշխարհի տարբեր վայրերում։ Դրանցից են, օրինակ, Օհթա Լաբը (Ohta Lab) և «Ժեմչուժնայա Պլազա»-ն (“Жемчужная Плаза”)՝ Սանկտ Պետերբուրգում։ Օհթա Լաբը մշակութային և կրթական տարածք է, որը գտնվում է Օխթա Մոլ (Okhta Mall) առևտրի կենտրոնում (այժմ ժամանակավորապես փակ է)։ «Ժեմչուժնայա Պլազա»-ն զվարճանքի կենտրոն է, որտեղ պարբերաբար անցկացվում են նաև արվեստի միջոցառումներ։ Իսկ աշխարհի ամենահայտնի արվեստային մոլը համարվում է Կ 11 Արտ Մոլը (K11 Art Mall)՝ Շանհայում, որ արվեստի և առևտրի հիբրիդային մոդել է։
Եթե հայաստանյան հանրային տարածքներում արվեստի գործերն այնքան էլ տարածված չեն, ապա առավել ևս հենց մոլերում կամ առևտրի կենտրոններում դրանց ցուցադրությունները հաշված են: Կարելի է հիշել մի օրինակ, երբ խոսակցություններ կային նկարիչ Մինասի «Գիշեր» որմնանկարի տեղափոխման և «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի մշակութային տարածքում տեղադրման շուրջ։ Տարածքը միտված էր պարբերաբար ծառայելու նաև որպես այլ գեղանկարիչների ստեղծագործությունների ցուցադրավայր։ Թեպետ վերականգնված որմնանկարն այժմ տեղադրված է մոլում, այն դարձել է առևտրի կենտրոնի «ֆիքսված» խորհրդանիշ և դժվար է պատկերացնել այս տարածքի վերափոխումն ակտիվ ցուցահանդեսային կենտրոնի։
Մյուս օրինակը վերջին 2 տարիներին Հյուսիսային պողոտայի ստորգետնյա առևտրի կենտրոնում՝ «Տաշիր սթրիթում» արդեն մի քանի անգամ ցուցադրվող գործերն են։
Ի՞նչ նպատակ ունեն Հայաստանում կազմակերպվող այս հատուկենտ ցուցահանդեսները, և արդյոք դրանք համընկնու՞մ են միջազգային նմանատիպ ցուցադրությունների միտումներին։
Դառնալով «Նվեր Երևանին» ցուցահանդեսին՝ պետք է նշել, որ կազմակերպիչներն իրենք էլ տարբեր հարթակներում անդրադարձել են ցուցահանդեսի նպատակներին ու միտումներին։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մարքեթինգային ծրագրերի պատասխանատու, ցուցադրության համակարգող Հասմիկ Հախվերդյանն այս տարածքը կոչում է պատկերասրահ՝ ասելով․ «Գաղափարը հետևյալն է՝ աշխարհում շատ ընդունված է, որ թանգարաններն իրենց ազգային արժեքները պարբերաբար հանրահռչակում են և դրանով նաև նպաստում են քաղաքային մշակույթի ստեղծմանը։ Մենք էլ ցանկացանք անմասն չմնալ և սկսեցինք ընդամենը մեկ իրի՝ Սայաթ-Նովայի քամանչայի ցուցադրությունից․․․ Մենք փնտրում էինք մի հատված, որտեղ մարդիկ շատ են լինում, և այդ ուղղությամբ պետք է աշխատանքը տարվեր, որ մշակույթն ընդառաջ գնա այն հատվածներ, որտեղ շատ մարդիկ կան, և այդ միջոցով նաև փորձում ենք բերել դեպի մշակույթ․ հանրային ուշադրության ալիք բերել թանգարան»։ Հախվերդյանը խոսում է նաև լսարանի քանակի հետ կապված խնդիրներից և տեխնոլոգիաների ներգրավումից։
Այսպիսով, հանրային տարածքներում՝ այդ թվում առևտրի կենտրոններում ցուցահանդեսների կազմակերպումը մի կողմից ինքն իրենով առաջ է բերում ժամանակակից արվեստի առանցքային հարցը՝ թե ինչ է արվեստը՝ այդ պարունակում՝ հարցադրելով արվեստի տարածքը։ Մյուս կողմից սա փորձ է արվեստի տարածքն ընդլայնելու, այն դուրս բերելու արվեստի ավանդական հարթակներից և նոր սպառողներ ներգրավելու, քանի որ, հատկապես կորոնավիրուսի համավարակից հետո, արվեստի հին փորձը և մատուցման ձևերը կարծես գնալով կորցնում են իրենց արդիականությունն ու ներուժը և չեն կարողանում անհրաժեշտ թվով այցելուներ կամ դիտողներ հավաքել։ Դրա ապացույցն է նաև թանգարանային տարածքների ահագնացող փոխակերպումը որպես տարատեսակ միջոցառումների, հանդիպումների ու նկարահանումների «ֆոն»։
Դուրս գալով ավանդաբար արվեստային տարածք համարվող միջավայրից և տեղափոխվելով առևտրի կենտրոն՝ արվեստի գործը վերածվում է յուրօրինակ ապրանքի։ Սա նոր լսարանի հնարավորություն է թե՛ թանգարանի, թե՛ առևտրի կենտրոնի համար։ Ուստի, առևտրի կենտրոններում՝ առևտրի և ժամանցի բազմազան տեսակների համադրության միջավայրում, ստեղծվում է մշակութային ժամանցի նոր ձևաչափ, որն ունի արվեստը մասսայականացնելու զգալի ներուժ։ Հարցը, թե ինչպիսի ներազդեցություն են ունենալու ապրանքայնացման նման պրակտիկաներն արվեստի գործի շուրջ ստեղծվող արժեհամակարգերի վրա, դեռևս կարիք ունի հայեցման ու պարզաբանման, սակայն նշմարվող գործընթացները խոսում են արվեստի մատուցման ու ընկալման արմատական փոփոխությունների մասին արտասահմանում և արդեն նաև Հայաստանում։
ԵՎ այլն
Կետաձկան ծիծաղը
Գյումրեցի արձակագրի ստեղծագործությունն իր ուրույն բնույթով վերադասավորում է բիբլիական հռչակավոր ասքերից մեկը՝ Հովնան մարգարեի և կետաձկան պատմությունը: Վեպում ամուսնական ճգնաժամը վերածվում է զավեշտալի ու դրամատիկ ռոբինզոնադայի, մեկնաբանում է Արամ Պաչյանը։
Read moreՀայկական երազանքը. Մայքլ Գյուրջյանի ֆիլմը հայրենադարձ Չարլիի մասին
Մեծ հայրենադարձության նախագծի պատմական իրադարձությունների մասին ամերիկահայ ռեժիսոր, դերասան Մայքլ Գյուրջյանի ֆիլմը 2022-ին բացեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։ Սոնա Կարապողոսյանն անդրադառնում է ֆիլմին։
Read moreՃարտարապետության ժամանակը կրկին
Ճարտարապետության հիմնահարցերին, ընկալումներին ու խնդիրներին է անդրադառնում Միսակ Խոստիկյանը։
Read moreՎերաիմաստավորենք մեր միջնադարյան գերեզմանոցները
Ճարտարագետ Յարութիւն Խաչատուրեանն անդրադառնում է հայաստանյան գերեզմանների խնդիրներին, ժամանակակից և միջնադարյան գերեզմանոցների տարածքների սահմանազատման կարևորությանն ու հիմնավորում միջնադարյան գերեզմանոցների վերաիմաստավորման կարևորությունը։
Read moreԿաֆկան Արցախում
Սոնա Կարապողոսյանն անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի մասին ֆիլմին` նշում է, որ ռեժիսորը փորձել է պատմությունը ներկայացնել բեմականացված-վավերագրական ժանրի պրիզմայով, որը ֆիլմի ընթացքում սկսում է մետամորֆոզ ապրել, դառնալ բարակ ու թափանցիկ` բացահայտելով ռեժիսորի ու նրա տեսախցիկի ներկայությունը:
Read more