
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ։
1946 թվականին հայրենադարձների առաջին ալիքով Հայաստան տեղափոխվեց իմ տատիկը` Մելինեն: Վերհիշելով իր «վերադարձը»` նա հաճախ կրկնում էր. «Ինչքան առու կար, թռչում էի վրայով, որ կարողանամ Արաքսի վրայով թռչել ու փախչել Հայաստանից»:
Ոգեշնչված գրանցած հաջողություններով` երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Իոսիֆ Ստալինը նախատեսում էր հարձակվել Թուրքիայի Հանրապետության վրա Խորհրդային Հայաստանի կողմից, գրավել Կարսն ու վերադարձնել Արևմտյան Հայաստանի մի մասը: Իհարկե, հարկավոր էր իրավական հենք նման գործողությունն արդարացնելու համար, օրինակ` մինչ ցեղասպանությունն այս տարածքներում ապրող հայերի իրավահաջորդների արդարացի պահանջը՝ հետ ստանալ իրենց ժառանգությունը: Իրավահաջորդները սփռված էին երկրագնդով մեկ ու երազում էին միասնական հայրենիքի մասին: Այսպես ծնվեց 1946-47 թվականներին մասամբ իրագործված հայրենադարձության նախագիծը, որը դառնալու էր հայոց պատմության կորած սերունդների մասին պատմող հերթական էջը` լի բռնությամբ, օտարման ու կարոտի զգացմունքով:
Չնայած ողջ ներուժ ունեցող պատկերայնությանը, կինոյում այս թեմայի մասին համարյա չի խոսվել: Բացառություն կարելի է համարել Համո Բեկ-Նազարյանի «Երկրորդ քարավան» (1951) ֆիլմը, որը գովերգելու էր խորհրդային կարգերը` որպես փրկություն կապիտալիստական Արևմուտքից: Սակայն չճշգրտված ու շինծու պատճառներով Մոսկվան արգելեց ավարտել ֆիլմը: Արդեն վերջին տասնամյակում թեմային է անդրադարձել Տիգրան Պասկևիչյանը` պատրաստելով վավերագրական եռագրություն՝ նվիրված հայրենադարձներին ու նրանց վրա գործադրված բռնաճնշումներին:
Ամերիկահայ ռեժիսոր, դերասան Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը, որը 2022-ին բացեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և շուտով կհայտնվի քաղաքի էկրաններին, այս պատմական իրադարձությունների մասին է: Պատմությունը կառուցվում է Ամերիկայից Խորհրդային Հայաստան տեղափոխված Չարլի Բախչինյանի շուրջ, ով դժբախտություն է ունենում շարժել ռուս սպա և կոմունիստական կուսակցության անդամ Դմիտրիի խանդը` արժանանալով նրա կնոջ` հայուհի Սոնայի համակրանքին: Դմիտրին դիմում է խնդրի լուծման ամենապարզ մեթոդին և հրամայում Չարլիին Սիբիր աքսորել (բարեբախտաբար, Չարլին Սիբիր չի հասնում ու բանտարկվում է Գյումրիում):
Հայրենադարձի, գաղթականի կերպարը վերստեղծելու համար Գյուրջյանն օգտագործում է դասական նշանային համակարգ, որն ամենից հաճախն է զուգորդվում հայկական այս երևույթի հետ: Առաջին տարրը, որը հիմնասյուն էր Օսմանյան կայսրությունում հայկական ինքնության պահպանպան համար, իսկ հետագայում նաև օտարության մեջ, քրիստոնեությունն էր: Տանն Աստվածաշունչ ունենալը, եկեղեցի այցելելը, հաճախակի խաչակնքվելը սփյուռքահայերից շատերի սոցիալ-մշակութային առօրյայի անբաժան մասն էր կազմում, ինչն ամենևին չէր խրախուսվում Խորհրդային Միությունում: Զավեշտալիորեն, կեղծ մեղադրանքներից մեկը, որ ներկայացվում է Չարլիին բանտարկելիս, քրիստոնեական քարոզչությունն է հասարակական վայրերում (վերջինս խաչակնքվում է ռեստորանում): Ֆիլմում կա մեկ այլ անդրադարձ քրիստոնեական մշակույթի անցանկալիությանը՝ Չարլիի պատմությանը զուգահեռ զարգացող մյուս սյուժետային գծում. բանտի պահակներից մեկին` գրաքննված նկարչին արգելել են նկարել, քանի որ «նա խելագարվել ու սկսել էր եկեղեցիներ նկարել»:
Գյուրջյանն օգտագործել է նաև արագիլի խորհրդանիշը, որը պանդխտային ենթամշակույթի` գլխավորապես գրականության և ժողովրդական բանահյուսության դասական բաղադրիչներից մեկն է: Ֆիլմի առաջին րոպեներին, երբ փոքրիկ Գարոն (Չարլին) պետք է սկսի իր երկար ճանապարհորդությունն Ամերիկա, նրա տատը նրան արագիլ է անվանում: Արդեն ավելի ուշ՝ բանտում, երկրաշարժի ժամանակ Չարլին փրկում է արագիլի ձուն` վտանգելով իր կյանքը, և տարիներ անց այս արագիլն «օգնում է» Սոնային՝ գտնել Չարլիին ու փրկել նրան Սիբիր աքսորվելուց: Ֆիլմում գործադրված մյուս սիմվոլային տարրերից են նաև օրորոցային մեղեդու մասին հիշողությունը, որի շնորհիվ գլխավոր հերոսը փորձում է գտնել իր արմատները, ինչպես նաև Արարատի պատկերը, որը պետք է լինի յուրաքանչյուր հայի տանը, եթե անգամ այդ տունը բանտախուց է:
Տպավորիչ է գլխավոր հերոսի` Չարլիի դերասանական խաղը, ում մարմնավորում է ռեժիսորը` Մայքլ Գյուրջյանը: «Ամերիկացի»-ին նրա առաջին ռեժիսորական աշխատանքն է Հայաստանում, իսկ միջազգային ճանաչում Գյուրջյանը ձեռք է բերել իր դեբուտային` «Պատրանք» (2004) ֆիլմով, որի գլխավոր դերում ամերիկացի լեգենդար դերասան և ռեժիսոր Կիրկ Դուգլասն էր: Իր դերասանական աշխատանքի համար Գյուրջյանը նաև պարգևատրվել է «Էմմի» մրցանակով (1994): «Ամերիկացի» ֆիլմում Մայքլը կերտում է միամիտ հայրենադարձի կերպար` ակնհայտորեն ոգեշնչված չապլինյան էկրանային պարարվեստով և ամերիկացիների մասին հայտնի բոլոր կարծրատիպերով:
Այստեղ պատահական չեն նաև աղերսները «բանտային» ժանրի այլ նշանային ֆիլմերի, օրինակ՝ Ռոբերտո Բենինիի «Կյանքը չքնաղ է» և Ֆրենկ Դարաբոնտի «Փախուստ Շոուշենկից» կինոնկարների հետ։ Այդ ֆիլմերի կերպարների պես, հայրենադարձ Չարլին նույնպես իդեալիստ երազող է, ով եկել է իր անուրջների հայրենիք` գտնելու իր ամերիկյան երազանքի հայկական տարբերակը: Չարլին անգամ խիզախում է ընդդիմանալ բանտային ղեկավարությանը, երբ վերջիններս երկրորդ փորձն են անում նրան Սիբիր աքսորել: Շրջապատող մարդկանց կողմից որպես հիմարություն դիտարկվող լավատեսությունը նրա միակ միջոցն է շարունակելու գոյատևել խոնավ ու գարշահոտ բանտախցում:
Կարծրատիպային են նաև ֆիլմի մյուս հերոսները` բանտապանները, ռուս սպան, որը վախկոտ է ու երկերեսանի: Չնայած արևմտյան «այլասերված» բարքերի քննադատությանը, նրանք գաղտնի թերթում են ամերիկյան ամսագրերն ու հիանում կիսամերկ ամերիկացի դերասանուհիներով: Աչք շոյող է Սոնայի` հայ կնոջ կերպարը, ինքնավստահ և ուժեղ, որին չի համարձակվում ընդդիմանալ նրա ամուսինը` ռուս սպան:
Սովետական իշխանությունների բռնաճշումը հայրենադարձների միակ խնդիրը չէր: Խորհրդային Հայաստան ներգաղթած բոլոր մարդիկ իրենց օտարված էին զգում, ինտեգրումը գրեթե հնարավոր չէր: Բանտախցում հայտնված, բոլորից մեկուսացված Չարլիի դրությունը շատ նման է այն զգացողությանը, որ ապրում էր հայրենադարձների մեծամասնությունը: Չկարողանալով դառնալ հասարակության մաս` հերոսը դառնում է դիտորդ, բանտախցի պատուհանը նրա փոքրիկ հեռուստացույցն է դեպի աշխարհ, որտեղ նրա համար տեղ չկա: Նրա կրկնվող երազները՝ լինել սեղանի շուրջ որպես մեծ ընտանիքի մաս, մասնակցել խնջույքի, ոչ միայն ազատության տենչի, այլև միայնակ չլինելու, պատկանելության մասին են:
Ցավոք, ֆիլմում պատկանելության խնդիրը քիչ է քննված և գրեթե չկա անդրադարձ հայաստանյան հասարակությանը, որը չափազանց փակ էր ու թույլ չէր տալիս հայրենադարձներին ինտեգրվել: Ֆիլմը դիտարկում է խնդիրը միակողմանիորեն` բացասական դերերում ներկայացնելով միայն սովետական վարչակարգի խամաճիկներին, և ոչ երբեք սովորական քաղաքացիներին, որոնք, իրականում, ծաղրում ու վիրավորում էին հայրենադարձներին ոչ պակաս, քան բանտի աշխատակիցները:
Ֆիլմի պատկերի հեղինակը պարսկահայ օպերատոր և ռեժիսոր Ղասեմ Էբրահիմյանն է, ով հայտնի է որպես ռոք համերգների պատկերահան: «Ամերիկացի» ֆիլմում Էբրահիմյանը համադրում է կոկիկ ու անշարժ կադրերը դերասանների դեմքերի խոշոր պլաններով` ստեղծելով հերոսների փոխհարաբերությունների ու զգացմունքների հավասարակշռություն: Տպավորիչ է ֆիլմի երաժշտական ձևավորումը, որը լի է ժողովրդական երաժշտությամբ ու ազգային երգերի նորօրյա կատարումներով: Այս հսկայական աշխատանքի մեջ ներգրավված է իսկական աստղաբույլ թե՛ Հայաստանից, թե՛ ԱՄՆ-ից, այդ թվում նաև Սերժ Թանկյանը, Էդուարդ Թոփչյանը, Միքայել Ոսկանյանը և այլք:
Մայքլ Գյուրջյանը ստեղծել է ֆիլմ, որ ներկայացնում է պատմական շատ մութ ժամանակաշրջան՝ չափազանց դրական ու լուսավոր դիտանկյունից՝ հարելով զանգվածային կինոյի դասական կանոններին: Նման փորձեր արվել են նաև նախկինում, բայց Գյուրջյանը, թերևս, առաջին ռեժիսորն է, որին հաջողվել է հոլիվուդյան կինեմատոգրաֆին ներհատուկ այդ զգացմունքային ու «դրապաշտական» տոնայնությունը համոզիչ կերպով ներմուծել հայկական իրողություն։ Նրա ֆիլմը հումորային է, դինամիկ ու լավատեսական, ինչը դժվար է պատկերացնել հետպատերազմյա բռնաճնշումների մասին մտածելիս: Սակայն ռեժիսորն ընտրել է հիշողությունների վերարտադրման այս բանաձևը, որը, թերևս նույն բանաձևն է, ինչ օգտագործել են ցեղասպանություն վերարապրած, իրենց տունը մի քանի անգամ կորցրած ու զրոյից ապրել սկսող հայերը։ Գուցե հենց այս բանաձևն է դրդել նրանց շարունակել ապրել:
Տեսեք նաեւ
Կաֆկան Արցախում
Սոնա Կարապողոսյանն անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի մասին ֆիլմին` նշում է, որ ռեժիսորը փորձել է պատմությունը ներկայացնել բեմականացված-վավերագրական ժանրի պրիզմայով, որը ֆիլմի ընթացքում սկսում է մետամորֆոզ ապրել, դառնալ բարակ ու թափանցիկ` բացահայտելով ռեժիսորի ու նրա տեսախցիկի ներկայությունը:
Read moreՍպասելով գարնանը…
Կինոքննադատ Սոնա Կարապողոսյանն անդրադառնում է այս օրերին կինոթատրոններում ցուցադրվող 2016 թվականի քառօրյա պատերազմի մասին պատմող «Գարուն ա…» ֆիլմին։
Read moreԿինոէկրանը քաղաքական ռազմադաշտ
Կինեմատոգրաֆի քարոզչական ներուժը քաղաքական գործիչներից շատերն են փորձել օգտագործել։ Բայց կինոլեզվի զարգացմանը զուգահեռ սկսեց նաև հակառակ գործընթացը՝ ռեժիսորները մի շարք արտահայտչամիջոցներ էին օգտագործում իշխանություններին քննադատելու, հակադրվելու համար։ Թվում էր, թե 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո ժամանակակից հայ կինոն պետք է ողողվեր դրա մասին կամ դրա դեմ ֆիլմերով։ Սակայն օրինակները սակավ են:
Read moreՀանդարտվե՞ց արդյոք քամին. Նոռա Մարտիրոսյանի լավատեսական դրաման Արցախից
Նոռա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» գեղարվեստական ֆիլմը համաշխարհային հանրության առջև բացում է Արցախի օդանավակայանի շուրջ ստեղծված անելանելի դրությունը, և այն օգտագործում որպես ելակետ՝ խոսելու Արցախի պատմության, խնդիրների ու ոգու մասին, գրում է Սոնա Կարապողոսյանը:
Read more