Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր
Բոլոր ժամանակների թագերի պատկերների տիպերից կարելի է հստակ տարբերել, թե ինչ աստիճան ունեցող անհատի է այն պատկանում: Դա է պատճառը, որ թագերի ուսումնասիրությունը պատմության տեսանկյունից շատ կարևոր է: Թագերի միջոցով կենսունակ կերպով ու իրականությանը համապատասխան արտացոլվում են կատարված քաղաքական ու պետական փոփոխությունները, քաղաքական կողմնորոշումը և հայացքները, պատմական իրողությունները:
Կիլիկյան թագը մշտապես եղել է տարբեր ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում՝ պատմության, մանրանկարչության, դրամագիտության մի շարք հարցերի լուսաբանման պարունակում: Դրանց մասին պատկերացումներ են տալիս մեզ հասած դրամները, արքայական կնիքները, մանրանկարները և այլն:
Բյուզանդական և արևմտաեվրոպական թագերը
Վարդան Հացունին իր «Պատմություն հին հայ տարազին» աշխատության մեջ, խոսելով կիլիկյան հայոց տարազի, մասնավորապես թագի մասին, գրում է, որ դեռ 1196 թվականին Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս 3-րդը թագ էր ուղարկել Լևոն իշխանին, բայց նա սպասում էր «Արևմտյան» թագին, որը, ինչպես Հացունին է գրում, քաղաքականորեն ավելի ցանկալի էր, և այս երկու թագերով՝ «ի Ֆռանգաց և ի Յունաց», 1198-ին Լևոն իշխաLնն օծվում է որպես թագավոր [1]:
Իսկ ի՞նչ թագ էին կրում կիլիկյան արքաները, արդյոք այն բյուզանդական էր, թե՞ արևմտյան: Խնդիրն ամբողջապես պատկերացնելու համար հարկավոր է առնվազն մակերեսորեն դիտարկել արևմտաեվրոպական և բյուզանդական թագերի զարգացման պատմությունը և դրանց տիպերը:
Հռոմեական կայսրության պատմության առաջին երեք դարերում կայսրերը ոչ թե թագեր, այլ դիադեմաներ էին կրում, որոնք գլխի օղակաձև հարդարանքներ էին և ավելի հասարակ էին, քան բյուզանդական արքաների զարդարուն թագերը: Արքայական անտիկ թագը՝ դիադեման, սկզբնական շրջանում հյուսված երկար սպիտակ գործվածք էր, որը հանգուցվում էր ծոծրակի հատվածում՝ ազատ թողնելով ծայրերը: Սպիտակ գլխակապը շատ հասարակ էր իշխանություն խորհրդանշելու համար, ուստի այն սկսում են ագուցել մարգարիտներով և այլ թանկարժեք քարերով:
Անտիկ աշխարհում հանդիպող գլխի հարդարանքի հաջորդ տեսակը դափնեպսակներն էին, որ եկան փոխարինելու դիադեմաներին: Արդեն ձևավորված Հռոմեական կայսրությունը կիրառում էր ինչպես դափնու տերևներից, այնպես էլ թանկարժեք մետաղներից պատրաստված պսակներ: Անտիկ թագի ավանդույթները ժառանգեցին Հռոմեական կայսրության մշակութային հենքի վրա ձևավորված միջնադարի երկու հզորագույն տերությունները՝ Բյուզանդիան և Հռոմեական Սրբազան կայսրությունը:
Բուն բյուզանդական թագն ունեցել է զարգացման հիմնական երկու փուլ․ վաղ շրջանում դրանք կայսերական դիադեմաներն էին, իսկ ավելի ուշ լայն տարածում ստացան փակ թագերը՝ ստեմմաները: Վաղ բյուզանդական շրջանում տարածված գլխի հարդարանքի լավագույն ներկայացումը Ռավեննայի Սան-Վիտալե եկեղեցու՝ Հուստինիանոս կայսեր 6-րդ դարի խճանկար-պատկերն է (նկ. 1): Արքան այստեղ կրում է թանկարժեք քարերով ագուցված, դեպի վեր քիչ լայնացող գլխի հարդարանք: Այն ուղղակիորեն կայսեր գլխին է դրված այնպես, որ դրա տակից երևում են մազերը: Թագն ունի թանկարժեք քարերով զարդարված ճակատային մաս, և երկու կողմերի՝ քունքերի վրա, կախված են մարգարտյա շարաններ՝ կատասիստներ կամ պենդուլիաներ [2]:
11-րդ դարում բյուզանդական կայսրերի գլխի հարդարանքն աստիճանաբար փոփոխվում է, թագի օղակն ավելի բարձր է դառնում, վերևում լայնանում է և ամբողջապես փակում է մազերը [3]: Քրիստոնեությունը՝ որպես գլխավոր գաղափարախոսություն, ազդել էր ինչպես բյուզանդական ողջ տարազի, այնպես էլ թագերի վրա: Հենց սրանով էր պայմանավորված համարյա բոլոր թագերի վրա առկա խաչը: Խաչը՝ որպես թագը պսակող տարր, ավելի բարձր էր, քան հիմնական հորինվածքը (նկ. 2):
Սրբազան Հռոմեական կայսրության, կամ այսպես կոչված «Արևմտյան» թագի սկզբնավորումը կարելի է կապել 9-րդ դարում ղեկավարող Կարլոս Մեծի անվան հետ: Առաջինը հենց նրա գլխին ենք տեսնում բարձր, խաչավոր թագ: Արևմտաեվրոպական միջնադարյան պատկերների, դրամների և կնիքների վրա հիմնականում մի քանի տեսակի թագեր ենք հանդիպում [4].
- Մանեկաձև (օղակաձև)՝ գնդածայր ճառագայթներով,
- Մանեկաձև, որ որպես ճառագայթ չորս գնդիկներ ունեին,
- Երեք-երեք գնդիկներից կազմված ճառագայթներ,
- Շուշանաձև ճառագայթներով:
նկ. 1
նկ. 2
Թեև թագերի վրա խաչի առկայությունը տիպիկ էր բյուզանդական կայսրության համար, սակայն «Արևմտյան» թագերի, ինչպես օրինակ` Կարլոս Մեծի թագի դեպքում ևս դրանք կիրառվում էին: Բացի շուշանաձև ճառագայթներով թագերից, մնացած բոլոր ձևերն ունեին նաև խաչավոր տարբերակներ, որոնց կենտրոնում թագը պատվանդան էր դառնում խաչի համար:
Բյուզանդական խաչը, ինչպես նաև մարգարտյա կախիկները ժամանակի ընթացքում անցել էին նաև Արևմուտք: Արևմտյան գնդաճառագայթաձև թագերի երկու կողմերում հաճախ բյուզանդական ձևով կախում էին մի-մի շղթա, որոնք ավարտվում էին երկու կամ երեք գոհարով:
Բյուզանդական կայսերական գաղափարը
Հրաչ Բարթիկյանն իր «Բյուզանդիան և հայ պետականությունը» հոդվածում, խոսելով հայ-բյուզանդական առնչությունների մասին, անդրադարձել է նաև թագի հիմնահարցին:
Հիմնականում խոսելով Բագրատունիների թագի մասին՝ Բարթիկյանն առաջ է քաշում այն դրույթը, որ Բյուզանդիան ոչ մի հայ արքայի, ինչպես նաև որևէ պետության կառավարչի, թագավորական թագ չի ուղարկել: Նրա այս մոտեցումը հիմնված է բյուզանդական կայսերական գաղափարի վրա: Այս գաղափարախոսության համաձայն, Բյուզանդիան ընդունում էր միայն մեկ թագավորի՝ բասիլևսի, որը հենց Բյուզանդիայի կայսրն էր: Աստվածային կայսրը համարվում էր ողջ Տիեզերքի՝ «Օյկումենեի» տերը: Նա միակ ճշմարիտ տիրակալն էր այն դեպքում, երբ մնացած բոլոր իշխողները սոսկ արխոնտներ, կառավարիչներ էին [5]: Բարձրագույն իշխանության դոկտրինայի հռոմեական հիմքը ձևավորվել էր մինչքրիստոնեական դարաշրջանում: Քրիստոնեության ընդունումից հետո Հռոմեական կայսրության քաղաքական այս տեսությունը ձեռք բերեց կրոնական բնույթ: Կայսրության գերագույն իշխանավորը ստացավ Աստծո օծյալի կոչում՝ որպես իշխող՝ Աստծո կողմից ընտրված «հռոմեացի» ժողովրդի վրա [6]:
Բարթիկյանը նշում է, որ երբ Աշոտ Բագրատունին իրեն թագավոր հռչակեց, ճանաչում ստացավ ինչպես Արաբական խալիֆայության, այնպես էլ Բյուզանդական կայսրության կողմից: Սակայն վերջինս նրան թագ չուղարկեց, այլ միայն ճոխ ընծաներ և ոչ թե որպես թագավոր ճանաչեց, այլ՝ իշխանաց իշխան: Պետք է շեշտել միայն, որ արաբներն Աշոտին իշխանաց իշխան էին անվանում նախքան վերջինիս թագավոր դառնալը, իսկ բյուզանդացիները նրան ճանաչում էին իշխանաց իշխան նաև թագավոր օծվելուց հետո [7]:
Ըստ Բարթիկյանի՝ Լևոն Առաջին թագավորը միակն էր, ում թագ ուղարկեց թե՛ Հռոմեական Սրբազան կայսրության տիրակալ Հենրիխ 6-րդը, թե՛ Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս 3-րդը, սակայն, ինչպես նշում է հեղինակը, այս դեպքում ևս այդ թագն արքայական չէր. «Լևոն Երկրորդը ճանաչվեց թագավոր՝ միջազգային առումով, թեև բյուզանդական արքունիքը, հակառակ որ արքայական թագ ուղարկեց, ո՛չ Լևոնին, ո՛չ էլ նրա հաջորդներին չկոչեց բասիլևս (թագավոր), այլ սոսկ ռեքս»:
Պահպանվել են կայսերական և պատրիարքական բազմաթիվ նամակներ՝ ուղղված Կիլիկիայի հայոց վեհապետերին, որոնցում հայոց արքան մշտապես ռեքս է կոչված, իսկ ռեքսը, ըստ 12-րդ դարի բյուզանդական պատմիչ Հովհաննես Կիննամոսի, երկրորդ կարգի թագավոր է: Բասիլևսի և ռեքսի տարբերության մասին նա գրում է. «լատինները բասիլևսին սովորաբար իմպերատոր էին կոչում՝ նկատի ունենալով, որ նա գերագույն իշխանության տերն է, իսկ երկրորդ կարգի տիրակալներին անվանում են ռեքս» [8]:
Կիլիկյան հայոց թագը
Լևոն Առաջին արքայի թագի մասին պատկերացում ենք կազմում նրա ոսկյա կնիքից (նկ. 4) և դրամներից (նկ. 3): Կնիքի պատկերում Կիլիկիայի առաջին արքան նստած է գահին՝ արքայական հանդերձանքով և թագով: Այստեղ նա կրում է ճառագայթաձև գնդիկազարդ կենտրոնախաչ թագ: Կենտրոնական ճառագայթը հիմք է դառնում խաչի համար, իսկ երկու կողմերից կախվում են մարգարտյա կախիկներ: Իսկ ի՞նչ թագ է սա՝ Բյուզանդիայի՞ց, թե՞ Հռոմեական Սրբազան կայսրության կողմից ստացածը:
Բյուզանդիայի կողմից ուղարկված թագի մասին պատկերացումներ կազմում ենք Կիրակոս Գանձակեցու և Հակոբ վարդապետի ակնարկով, ով Բյուզանդիայի նվիրած թագը նկարագրում է՝ որպես խաչավոր թագ [9]: Կիլիկյան արքաների՝ մեզ հասած պատկերներում եղած միակ խաչավոր թագը հենց Լևոն Առաջինին արքայի կնիքինն է: Բայց արդյո՞ք սա Բյուզանդական թագն է:
Մինչ 1198-ը՝ Լևոնի թագադրումը, և դրանից հետո, բյուզանդական թագերը, ինչպես արդեն նշեցինք, հիմնականում խաչավոր էին և ունեին մարգարտյա կախիկներ՝ պենդուլիաներ, ինչպես այս կնիքի թագը, սակայն վերջինիս հորինվածքն էական տարբերություն ունի այդ բոլոր ձևերից: Բյուզանդական թագերը շատ ցածր էին ու չունեին ճառագայթներ: Իսկ Լևոնի կնիքի թագն այդպիսին չէ: Այն «Արևմտյան» թագերի ճիշտ նմանակն է և հորինվածքով կրկնում է դրանք: Ինչպես արդեն տեսանք, խաչը և մարգարտյա կախիկները՝ պենդուլիաները, Լևոնի թագադրումից առաջ արդեն անցել էին Սրբազան Հռոմեական կայսրություն և կիրառություն գտել այնտեղ:
նկ. 3
նկ. 5
նկ. 4
նկ. 6
Եթե Լևոնի կնիքը համեմատենք Գերմանական կայսրերի՝ ինչպես օրինակ Հենրիխ 6-րդի և Օտտոն 4-րդի կնիքների հետ (նկ. 5, 6), ապա հստակ նմանություն կտեսնենք ոչ միայն կնիքների հորինվածքում, այլև թագերի ձևում: Իսկ սա, ինչպես նշում է Հացունին, գերմանական դրամների ու կնիքների զուտ նյութական նմանակումը չէ, այլ նույն թագի կիրառության արդյունքը [10]:
Կնիքի պատկերում Լևոնի հակառակ երեսին պատկերված առյուծի թագերը, ինչպես նաև արքայի մյուս պատկերներում՝ մետաղադրամներում եղած թագերն Արևմտյան թագեր են: Առյուծի թագի դեպքում բացակայում են մարգարտյա կախիկները և խաչը, սակայն հորինվածքը, ընդհանուր առմամբ, դարձյալ Արևմտյան է:
Կիլիկյան թագի հիմնահարցի ուսումնասիրության համար կարևոր սկզբնաղբյուր են համարվում նաև Լևոն Երկրորդ արքայի (1198 -1219) հինգ մանրանկար-պատկերները, որոնք բացառիկ և հետաքրքիր երևույթ են հայ և համաշխարհային արվեստի պատմության մեջ, քանի որ 13-րդ դարում Բյուզանդիայի կամ Արևմուտքի որևէ տիրակալ, որպես կանոն, երբևէ չի պատկերվել ավելին, քան մեկ կամ երկու անգամ [11]:
Լևոն Երկրորդի՝ մեզ հասած առաջին մանրանկարում նա պատկերված է որպես թագաժառանգ և բացագլուխ է (նկ. 7), ինչը բացառիկ երևույթ է, եթե փորձենք համեմատել արքայազների նախորդ շրջանից պահպանված պատկերների հետ [12]: Սա, ըստ էության, Արևմտյան ազդեցության հետևանք էր: Մինչ Կիլիկյան պետության սկիզբը հայոց արքաները երբեք բացագլուխ չեն եղել. անգամ արքայազները միշտ գլխի հարդարանք են կրել: Սանահինի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու արևելյան պատի հարթաքանդակում պատկերված են Բագրատունի երկու արքայազն եղբայրներ Սմբատը և Գուրգենը: Այս պատկերում Սմբատը դեռ արքա չէ, սակայն նրանք երկուսն էլ գլխի հարդարանք են կրում: Սմբատ և Գուրգեն եղբայրների մեկ այլ պատկեր կա Հաղպատի Սուրբ Նշան եկեղեցու արևելյան ճակատին: Այս հարթաքանդակում Սմբատն արդեն թագավոր է և խալիֆից ուղարկած արաբական չալման է կրում, իսկ Գուրգենը, հավանաբար, տեղական թագ կամ սաղավարտանման գլխանոց (նկ. 8):
Կիլիկիայի արքայական տարազը նույնպես ազդված էր «Արևմտյանից»: Այս առնչությունների մասին իր՝ Լևոնին ուղղված նամակում ակնարկում է Կիլիկիայի պետության և կաթողիկոսարանի եռանդուն գործիչ Ներսես Լամբրոնացին: «Թուղթ առ Լևոն» կոչվող այդ թուղթ-նամակը Լամբրոնացու բնութագիրն է, միաժամանակ՝ Սանահինի և Հաղպատի վանահայրերի գրած բողոքագրի պատասխանն ու հերքումը: Այդ բողոքագրում Լամբորնացուն մեղադրում էին, որ նա «այլասեր» է, «շեղվել է» հայ եկեղեցու ճիշտ ուղուց, հետևում է լատիններին ու հույներին և այլն [13]:
Այստեղ Լամբրոնացին ոչ միայն արդարացնում է իրեն, այլև քննադատում է Լևոնին՝ առաջ բերելով այն հարցը, որ արքան ինքը սերտ հարաբերություններ ունի լատինների և հույների հետ: Մեկ առ մեկ թվում է նաև Արևմտյան սովորույթները, այդ թվում տարազը՝ երևույթը որակելով այսպես. «սա հայս, որ զգեստուք փռանգ է ձևացեալ» [14], և ավելի ուշ, խոսելով արքայական հանդերձի մասին, ավելացնում՝ «Մի՛ կայք բացագլուխ՝ ըստ Լատինացւոցն իշխանացն եւ թագաւորացն. այլ դիք չարփուշ՝ որպէս ձեր նախնիքն» [15]: Այստեղից հստակորեն երևում է Արևմտյան արքաներից ունեցած ազդեցությունը, և մինչ այդ հայ արքաների և արքայազների բացագլուխ չլինելու հանգամանքը:
Արքայազն Լևոնի ևս մեկ պատկերում ներկայացված են ինքը՝ արքայազնը և Կեռան թագուհին (նկ. 9): Սա ամուսնության տեսարան է: Այստեղ թե՛ Լևոնը, թե՛ Կեռանը թանկարժեք քարերով զարդարված թագեր են կրում: Պատմաբան Ռաֆայել Մաթևոսյանի կարծիքով սա բյուզանդական թագն է [16]: Սակայն, այդ կարծիքը չի կարող համապատասխանել իրականությանը. նախ այն պատճառով, որ Լևոնն այստեղ դեռ արքայազն է, ոչ թե թագավոր, հետևաբար, չէր կարող արքայական թագ կրել, և հետո, այս թագերը, որ տեսնում ենք թե՛ Լևոնի և թե՛ Կեռանի գլխին, ամուսնական թագեր են, ոչ թե դիադեմաներ, ինչպես Մաթևոսյանն է կարծում:
Կեռան թագուհու՝ 1272-ի Ավետարանի մանրանկարը (նկ. 10) ներկայացնում է արքայական ընտանիքը: Լևոն արքան այս պատկերում կրում է գնդաճառագայթ թագ, որը զարդարված է թանկարժեք քարերով: Մարգարտյա կախիկները և խաչն այստեղ բացակայում են: Այն մանեկաձև է, իր վրա կրում է գնդածայր կոնաձև ճառագայթներ: Վերջիններս ավարտվում են ոչ թե մեկական, այլ երեքական գնդիկներով: Արքայի նույն թագը հանդիպում ենք նրա՝ 13-րդ դարի Աղոթագրքում (նկ. 11): Առաքել Պատրիկը Կեռանի ավետարանի պատկերում եղած թագում ավելի շատ ինքնուրույն տարրեր է տեսնում, վկայելով, որ զգեստավորման մեջ ավելի շեշտված են հայկական ինքնուրույն հատկանիշները, ինչպես նաև թագի ձևում, որից առկախ չկան թագը զարդարող պենդուլիաները [17]: Թագի՝ հայկական լինելու մասին մի ակնարկ էլ Մաթևոսյանն է անում, որը ևս չի հիմնավորում միտքը [18]:
նկ. 7
նկ. 8
նկ. 9
Սակայն պենդուլիաների բացակայությունով չի կարելի պայմանավորել թագի ինքնուրույնությունը: Ինչպես արդեն տեսանք, թե՛ բյուզանդական, թե՛ հատկապես «Արևմտյան» թագերի շարքում բազմաթիվ են առանց մարգարտյա կախիկների ձևերը: Ժամանակի ընթացքում, ինչպես եվրոպական, այնպես էլ կիլիկյան թագերը զարգանում են և փոփոխվում: 1331-ի Ավետարանում Լևոն Չորրորդ արքան շուշանաճառագայթ թագ է կրում (նկ. 12), որն այդ ժամանակ, ինչպես արդեն նշեցինք, նաև տարածված էր Եվրոպայում:
Այսպիսով, մեզ հասած պատկերներում եղած թագերի տեսքով կարելի է պատկերացում կազմել ժամանակի առնչությունների ու ազդեցությունների մասին՝ ոչ միայն հագուստի կամ այլ նյութական դրսևորումների առումով, այլև կարելի է որոշակիորեն հասկանալ քաղաքական գործընթացները, ժամանակակից տերմինաբանությամբ՝ «քաղաքական կուրսը»: Ուսումնասիրելով այս գործընթացները՝ ակնհայտ են դառնում նաև ժամանակի ներքին հակասությունները, ինչպես այս դեպքում՝ եկեղեցականների և կառավարիչների հակասությունները:
նկ. 10
նկ. 11
Որպես ուժի և իշխանության խորհրդանիշ՝ թագերի ուսումնասիրությունը կարևոր է նաև հասկանալու համար այն իրական գործընթացները, որոնք տեղի են ունեցել տվյալ ժամանակահատվածում, որպեսզի անցյալի մասին պատկերացումները ոչ թե զուտ ցանկալի լինեն, այլ իրական: Ինչպես արդեն տեսանք, Բյուզանդական կայսրերն արքայական թագ ոչ մի երկրի թագավորի չեն ուղարկել՝ իրենց համարելով Աստվածային կայսր, իսկ մյուս արքաներին՝ իրենց եղբայր, որդի և այլն: Հենց սա է պատճառը, որ Կիլիկյան կարևոր նշանակություն ունեցող պետական խորհրդանիշերում, ինչպիսին են դրամները և կնիքները, Բյուզանդիայի կողմից նվիրված թագը չենք տեսնում:
Անցյալում կատարված իրողությունների ուսումնասիրությունն ու այդ գործընթացները հարցադրելը, պատմական շղթան հասկանալը կարևոր է նաև ներկայում կատարվող իրողություններն անաչառ գնահատելու, զուգահեռներ տանելու տեսանկյունից:
Թագը տարազ չէ, և այդ շրջանում տարազ հասկացություն չկար, այլ կոչվում էր արքայական հանդերձանք, իսկ թագը իշխանության խորհրդանիշ է։
Շատ ուժեղ հետազոտություն էր. ու ոչ պակաս կարևոր կլինի, հետազոտել նաև եկեղեցական խույրերն ու մանավանդ գավազանը։
Շնորհակալություն այս նյութին անդրադառնալու համար, արքայական տարազ հասկացությունը այդքան էլ տեղին չէ, Լևոնի թագը խաչ չի ունեցել: