-Ո՞ւր եք գնում:
-Մեր երազանքի հետևից:
-Նստեք, կակրազ էդտեղով եմ անցնում։
Առավոտյան արթնացանք, անելու բան չկար, մտածեցինք` էս տարվա Վիշապի փակումը չանե՞նք։ Փողը կհերիքեր մենակ ճանապարհի սնիկերսին ու մի շիշ թարմ հանքային ջրին։ Որոշեցինք գնացքով գնալ, վերադառնալ ավտոստոպով։ Դե ոնց որ միշտ, մենք շատ բախտավոր էինք` գնացք չկար:
Մի 2 տարի առաջ ավտոստոպով Սևան պիտի գնայինք։ Ամառվա սկիզբ էր, ցուրտ ու քամոտ։ Մի մեքենա կանգնեց` մեծ գազել։ Պապիկը նայեց, ասեց նստեք, կտանեմ։ Նստեցինք, պարզվեց կարտոֆիլ ա տանում-բերում։ Մենք էլ խցկվեցինք։ Իջնելուց ասել էինք, որ մի 3 ժամից վերադառնալու ենք Երևան։ Իջանք, 3 ժամն անցավ ու մենք էլի ճանապարհին էինք. պարզվեց, պապիկը ժամ ա պահել ու ուղիղ 3 ժամից նույն տեղով անցել, որ մեզ վերցնի։ Լայն ժպիտով ու տաք-տաք տուն դարձանք ու էդտեղից էլ ամեն ինչ սկսվեց:
Գնացքին սպասողներից մեկն էլ օգնեց, որ հասնենք Հյուսիսային ավտոկայան։ Ավտոկայանում գազելներից մեկի դիմաց միջին հասակի, կարմիր շապիկով տղամարդ էր կանգնած` չափազանց աշխույժ ու բարձրախոս: Մոտեցավ մեզ.
— Աղջիկներ, ձեզ ո՞ւր ա պետք հասնել։
— Թերակղզի։
— Նստեք, գնում եմ Նիկոլի հայրենիք, ձեզ կիջացնեմ։
— Բա ձեր անունն ի՞նչ ա։
— Էսօր` Սիմոն, վաղը` դեռ չեմ որոշել։
Նստեցինք ու ամբողջ ճանապարհին լսում էինք ոնց ա Սիմոնը պատմում թթի արաղի, հեղափոխության ու Իջևանի մասին։ Մեզնից գումար չվերցրեց, բայց ասեց`իմ մասին նենց գրեք, որ հայտնի դառնամ։
Սիմոն — Էս բա խի՞ ես նկարում, հո հարկայինից չե՞ք։
Ես — Չէ՜, հոդված ենք գրելու քո մասին։
Սիմոն — Պա՜հ, ասա կարգին հայտնի տղա եմ դառնալու էլի։
Ճանապարհին հասցրեցինք ծանոթանալ ամբողջ ավտոբուսի հետ, բոլորն ուրախ էին տեսնել ավտոստոպը կիրառության մեջ, չնայած զգուշավոր էին: Հենց էդտեղ էլ պարզ դարձավ, որ մարդիկ փակ են օգնություն խնդրելու, բայց բաց` օգնելու հարցում: Ու մարդկային բազմազանությունը դիտարկվում է ոչ թե որպես ընտրություն, կամ հնարավորություն, այլ որպես պոտենցիալ վտանգ, որը սպառնում է առօրյային: Ավտոբուսում հասցրեցինք քաղաքական վերլուծություններ անել, հեռախոսահամարներ փոխանակել: Վերջում մի ամբողջ էջ գրառումներ էին նոթատետրիս մեջ`ինստագրամի էջեր ու հեռախոսահամարներ:
Սիմոն — Երեխեք, պատրաստ ե՞ք թռիչքի:
Ես — Ըհը՜…
Սիմոն — Հետս սելֆի կանեք, նոր կգնաք։
Ի դեպ, մի անգամ Դիլիջան էինք գնում, ավտոստոպով։ Մի մարդ կանգնեց, համաձայնեց մեզ հասցնել տեղ։ Նստեցինք, հետևի նստարանին, մանկական սնունդ ու պամպերս էր, ու մենք` Ծովագյուղի մեջտեղում։ Շատ ձիգ ու կոպիտ մարդ էր, հազիվ էր ժպտում։ Ճանապարհի կեսից երաժշտություն միացրեց, որ ցրի անհարմար լռությունը։ Մեկ էլ էնքան լայն ժպտաց, ոնց որ ամբողջ կյանքում էդ պահին էր սպասել. սկսեց քթի տակ երգել՝ Նիկոլն ազգի հերոս է, Հայաստանը փարոս է…
Հրաժեշտ տվեցինք ավտոբուսի մեր նոր ընկերներին ու շարունակեցինք ճանապարհը: Հաջորդ կանգառը Սուրբ Խաչ եկեղեցին էր, ճանապարհն էլ` երկար: Չնայած որոշված էր, որ ոտքով էինք անցնելու ճանապարհը, բայց կանգնեց Աշոտն ու առաջարկեց իր օգնությունը: Սկզբում հետներս ռուսերեն էր խոսում, հետո որ նստեցինք, ասաց` ինձ թվաց ամերիկացի եք:
— Ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել, աղջիկներ:
— Բարև Ձեզ, ուզում ենք եկեղեցի գնալ:
— Նստեք, բարձրացնեմ, էսքանը հո ոտքով չե՞ք գնալու:
Ճանապարհին Աշոտն ասաց, որ չի վստահում փողոցի մարդկանց։ «Չգիտեմ ո՞վ կլինի ու ի՞նչ տիպի մարդ կհանդիպի ճանապարհին։ Ուրախանում եմ, որ տեսնում եմ Ձեզ, հավես ժողովուրդ եք, բայց աղջկաս կվախենամ թողնել, չգիտեմ ինչու, չեմ վստահում ու վերջ»:
Սիմոն
Սիմոն
Աշոտ
Մանուկ
Ավտոստոպում առավել արտահայտված է կնոջ հանդեպ ուշադրությունն ու վախը: Ու խիզախ կնոջ կերպարը ոչ մի կերպ չի հատվում նրա հայ լինելու հետ։ Եթե խիզախ է, ուրեմն եվրոպացի է։
Փոքրիկ ճամփորդության ընթացքում 5 մեքենա փոխեցինք, որոնցից միայն մեկի վարորդն էր դրական վերաբերվում ավտոստոպի մշակույթին` Մանուկը, ով էլ մեզ հասցրեց Երևան: Ավտոստոպին նա նայում էր որպես զարգանալու, նորը ճանաչելու ու ֆինանսական սուղ պայմաններից չկաղապարվելու լավագույն միջոցի: Բայց անգամ Մանուկը վստահ չէր տղամարդկանց հարցում: «Մեկ-մեկ խուսափում եմ տղաներ վերցնելուց, ի՞նչ գիտես` ովքեր են, ինչի՞ են ընդունակ։ Աղջիկների դեպքում հեշտ է, իրենք անվնաս են»:
Մանուկն ասաց, որ ուրախ կլինի, որ իր աղջիկն էլ մեծանա ու ավտոստոպով ճանապարհոդրելու ինքնուրույնություն ունենա: Ճիշտ է, չբացառեց նաև, որ կանհանգստանա, բայց իր անհանգստությունը չի կտրի նրա թևերը:
Վիշապում, ինչպես միշտ, խաղաղ էր, ու ամբողջ օրվա խառնաշփոթից փախչելու համար պետք էր պարզապես ափին նստել, գինի խմել, բարձր ծիծաղել, պարել ու վերադառնալ:
Երեկոյան մենք արդեն Երևանում էինք: Հասցրել էինք ծանոթանալ մարդկանց հետ, որոնք ապրում են ուրիշ նիստ ու կացով, ուրիշ պատկերացումներ ունեն կյանքի մասին, բայց մեկ է, դա չէր խանգարում նրանց բաց լինել դեպի նորը:
Առավոտյան արթնացանք ու կիրակի էր ու էլի անելու բան չկար ու Վիշապի համար արդեն ցուրտ էր: Հաջորդ կայարանը`ըստ տրամադրության։