Սա հիմնված է իրական փաստերի վրա, բայց ինչ կկարդաս, դեռ չի նշանակում, որ ճշմարտություն է, թեև բացառված չէ դրա իրական լինելը:
Տեսած կա՞ս, որ մարդիկ ապրեն լճի ափին, լինեն ոչ շատ հարուստ, փոխարենը ձկներով հարուստ լինի լիճն ու մարդիկ խնայեն ձկներին։ Չէ, բուսակեր չեն։ Սա պարզապես չգրված համաձայնությունն է Ջողազի երկու ափին ապրող հարևանների միջև: Ձկներն այստեղ գիտե՞ս ինչքան մեծ են… Սա ձկների դրախտն է:
Իմ ոտքն էս կողմերն ընկավ աշնան կեսերին։ Ցամաքի հարևան Զառնիվերում և Բերքատեղում մի քիչ պտտվեցի… Հրաշք աշուն էր. անտառի գույները, Բերքատեղի լիճը, Զառնիվերի զառիվերները, մի քիչ ցեխոտ փողոցները… Պատահական մեքենայով էս կողմերով հանգիստ չես պտտվի։ Սա ամենագնացների տարածք է։
Մի գաղտնիք էլ ասեմ. էս մեր Բերքատեղը մի քիչ պատմական գյուղ է։ Աշոտ Երկաթ Բագրատունի թագավորին կհիշե՞ս, նա 920 թվին էս գյուղում ծառ է տնկել ու մինչև հիմա էդ ծառը կա։ Գյուղում ոսկու ծառ էլ կա՝ կառալյոկինը։ Թե որ տերևները թափվում են ու պտուղն էլ ծառին է կախ մնում՝ լավ հասունացած, ասես ոսկի կախված լինի:
Բերքատեղցիք ինձ մի բան էլ պատմեցին. էստեղ տան կնանիք լուսամուտին մուգ վարագույր են կախում՝ թե բա տան լույսը խալխին չերևա։ Մի առավոտ էլ տներից մեկում, ծերերը մուգ վարագույրը քաշեցին ու դրսի լույսը ներս չեկավ։ Պարզվեց պատ կա՝ ճիշտ պատուհանի տեղը։ Դավադրությունն էլ համարյա հարսի ու տղի ձեռի գործն էր։
Էս կողմերում Էդ ապահով-չապահովին չեն նայում է, մի կաֆե են սարքել, անունն էլ «Էքստրիմ» դրել։ Սրա նման էլ ուրիշը չկա: Թե ավտո գտնես, մի կես ժամ գնաս, մի տեղ կճարես, բայց դե դա հո «Էքստրիմը» չի:
Գյուղի էն վերջի դքերին են շենքը սարքել, մուտքին էլ գրելու են՝ «Մուտքը՝ անվճար, ելքը` վճարովի», ու որ էստեղ սուրճը մի քանի անգամ ավելի համով է, որովհետև էդ սուրճի յուրահատկությունն է՝ սուրճը ռիսկ է սիրում։
Սուրճի հետ էլ թե քաղցր բան ուզես, թարմ կառալյոկ կառաջարկեն կամ կառալյոկի չիր ու գիտե՞ս որտեղից… Չէ, Եդեմից չի, «Խաղաղության այգուց» է: Այգին էլ սրճարանից հեռու չէ՝ գյուղի ամենա-ամենածայրին, ճիշտ էն լճի ափին։
Այգին ինչի՞ է խաղաղության… Կաֆեն ինչի՞ է էքստրիմ… Էն ձկները… Պատապատած լուսամուտը… Սրանք հլը միտդ պահի ու արի մի ուրիշ բան էլ ցույց տամ, որ քաղաքից եկած էն արտասահմանցիքին ու լրասացներին ցույց տվեցին։
Դպրոցի ոլորավուն աստիճաններով իջանք ներքև ու մտանք ճեփ-ճերմակ պատերով սենյակ։ Նկարներ էլ կային՝ աղավիներ, տուն, գյուղ: Երեխեքն են նկարել: Էս նկուղն էլ մեծերն են սարքել՝ չօգտագործելու պայմանով: Թե հանկարծ պետք գա, ասել են, մի 4 ժամ կմնաք:
Մուտքն էստեղ գաղտնաձայնից հետո է բաց: Էդ օրը զանգը երկար էր հնչել ու փայտե երկար նստարաններին լիքը մարդ կար նստած՝ մեծ ու փոքր։ Սերյոժան էր երգում, հետո՝ բոլորը… «Չենք լքի գյուղը, չենք թողնի անտեր»: Մեկ էլ լույսերը գնացին, ոչ ոք իրար չխառնվեց…
Մի բան էլ. դեռ մի ամիս չկա, որ գյուղը նոր պետ ունի։ Սա ոնց որ իրենց Նիկոլը լինի: Ընտրության ժամանակ ուրիշ թեկնածու չկար, բայց սաղ գյուղով գնացել են, հերթ են կանգնել, թուղթը վերցրել ու ասել են՝ «Հա, սրան ենք ուզում, էն նախորդին չենք ուզում: Սա ա լավը, էն վատ էր»:
Իսկական սալյուտ էս մեր գյուղում վերջին անգամ հենց էդ օրն ա եղել ու մեկ էլ մի քանի հարսանիքի: Վերջինը Սմբոյի հարսանիքն էր, մեծ չէր՝ մի 20 հոգանոց։ Հարսն էլ հարսի շոր հագել էր, բայց մենակ նկարվելու համար:
Գյուղում սայլուտի նմանվող մի ուրիշ ձայն էլ կա՝ կրակոցները: Էդ ձայնը երեխեքը սալյուտի հետ շփոթում են, հատկապես՝ երբ հեռվից է գալիս:
Էդ կրակոցների պատճառով էր, որ կռվի ժամանակ, մի 20 տարի առաջ ջրամատակարարման ցանցը վնասվեց ու ցամաքի հարևան Զառվիվերում քանի՜ տարի ջուրը աղբյուրից էին բերում: Հատկապես փակոցների օրերին՝ 1 կմ երկու տարրա ձեռքին զառիվերը բարձրանալը սառույցի վրա սահել չի, հասկանում ես: Մի շաբաթ կրում էին ջուրը, որ մի օրում փակեն: Ու Լարիսը Զառիվերում ջրի դարդից տղու համար ավտո է առել։
Հիմա աղբյուրն էդքան էլ հեռու չէ։ Ամեն փողոցում մի հանրային ծորաղբյուր կա։ Էն սենյակը սարքած մարդիկ քաշել, բերել, փողոց են հասցրել:
Առհասարակ, կրակոցները ամենամեծ խնդիրն են Բերքաբերի (Բերքատեղ), Սարիգյուղի (Զառնիվեր) և Ադրբեջանին սահմանամերձ շատ այլ գյուղերի համար:
Կրակոցների պատճառով է, որ սահմանաբաժան Ջողազի ջրամբարից ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմը չի կարողանում օգտվել: Տարածքն ականապատ է և երկու կողմերի զինվորականների թիրախում: Ձկնորսությունն էլ ռիսկային ու էքստերմալ է, ինչպես որ սրճարանն է թվում էքստրեմալ այս պայմաններում։
Ի դեպ, սրճարանի միտքը Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանինն է: Նա էլ հենց կյանքի է կոչել իր գաղափարը։ Այստեղ անվտանգության և տարածքի նշանակությունը իրականում զգալու համար հյուրերին անգամ զրահաբաճկոններ են առաջարկվելու։
Տների զրահաբաճկոններն էլ պատերն են, որ այստեղ լուսամուտների փոխարեն են կառուցում՝ բնակիչներին ուղիղ նշանառությունից պաշտպանելու համար։ Այսպիսի պատերով փոխարինվում են նաև դպրոցի ու մանկապարտեզի լուսամուտները։ Իսկ մուգ վարագույրը տանտիկինները նախընտրում էին մինչև պատերը, որ երեկոյան ժամերին տան լույսը դուրս չթափանցեր ու տունը կրակոցի թիրախ չդառնար։
Խաղաղության այգին իրականում կա: Սահմանից ընդամենը 300 մետր է հեռու։ Մշակելը վտանգավոր է՝ կրակոցների պատճառով, բայց չմշակել էլ չեն կարող՝ եկամուտ է պետք։ Նույն խնդիրն ունեն նաև համագյուղացիները, իսկ «Խաղաղության այգու» տերը գիտի, որ խաղաղությունը հենց սահմանից պետք է սկսվի։
Կրակոցների պատճառով է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով կառուցվել Բերքաբերի դպրոցի «ապահով» սենյակը։ Այնտեղ մշտապես ջուր կա, տաք ծածկոցներ, առաջին օգնության պարագաներ, լապտերներ: Պատերին միայն օդանցքեր են և նկարներ: Սենյակը առաջնային ապահովության վայր է, որտեղ կրակոցների դեպքում կարող են պաշտպանվել փոքր տրամաչափի հրազենից ու բեկորներից՝ մինչև վերջնական տարհանում կամ կրակի դադար։
Մարդասիրական այս կազմակերպության համագործակցությամբ է վերականգնվել Սարիգյուղի ջրամատակարարման ցանցը և տեղադրվել հանրային ծորակները։ Խորհրդային տարիներին գյուղը ջուր ստացել է հարևան Բերքաբերի ջրամբարից։ Ջրամատակարարման ցանցը վնասվել էր 90-ականներին և 20 տարուց ավել բնակիչներն առանց դրա են ապրել։
Էս ոչ սովորական պատմությունը մոտ 30 տարի առաջ սկսվեց ու էդ օրվանից լճի հարևանները դարձան հակառակորդներ: Ու թե ինչքան էլ կձգվի՝ չգիտեմ: Ես աչքիս տեսածը պատմեցի, եթե քո ոտքն էն կողմերը դեռ չի ընկել, հիմա գոնե գիտես, որ Հայաստանի հյուսիսում էսպիսի գյուղեր կան ու էսպիսի սահմանաբաժան ջրամբար, ուր ձկները կուշտ ու երջանիկ ապրում են ու մեռնում միայն ծերունական տարիքում։