
Փոքր տարիքում բոլորս էլ սթրիթ արտիստներ էինք, պարզապես ինքնարտահայտման փողոցը տան պատերն էին, իսկ լսարանը՝ ընտանիքի անդամների դժգոհ դեմքերը։ Արդեն գիտակից տարիքում հասկացանք, որ փողոցը կտավ դարձնելու մեր մեծ ձգտումն իրականում ավելի բարդ ու պատասխանատու ընթացք է։ Մեզնից ոմանք մոռացան իրենց նկարչական «տաղանդները», մյուսները զարգացրին դրանք՝ ստեղծելով իրենց պատկերացրած Երևանը։
Ինչպիսի՞ Երևանում ես ապրում դու։
Երևանի մասին մեր պատկերացումները շատ տարբեր չեն. քաղաքային կյանքի կենտրոնում մարդիկ վազում են աշխատանքի, ֆրիլանսերները՝ Աչաջուր, գազանանոցի մոտ հավերժ խցանումներ են ու երթուղայինում հավերժ պայքար՝ պատուհանը բացելու ու փակելու համար։ Աշխատանքային օրվա կեսին երազում ես հայտնվել արևադարձային որևէ երկրում, կոկտեյլ խմել ու ոչ մի բան չանել։ Հա, ի՞նչ վատ կլիներ, հոդվածս կգրեի Էկվադորից, շուրջս մեծ արմավենիներ կլինեին ու գունավոր փողոցներ։ Այս առավոտ քայլում էի ու մտածում ոչմիբանի մասին ու «Տափաստանի» պատին արևադարձային Երևան կար: Հաստատ գիտեմ, Կենտրոնի պատերին տեսել եք այս նոր ու յուրահատուկ պատկերները, որոնք հստակ ձեռագիր ունեն. դրանք Yerevantropics-ինն են։ Սերգեյ Նավասարդյանն այս առավոտ տվեց հնարավորությունը լինելու արևադարձային Երևանում։
Սերգեյը մասնագիտությամբ դիզայներ է ու պատմում է, որ ինքն էլ է սկզբում նկարել տան ու իրենց բակի հնարավոր բոլոր պատերին։ Ուսումնասիրելուց հետո փողոցային արվեստի ուղերձն ու նպատակները Հայաստանից դուրս, հասկացել է՝ ուզում է զարգացնել սթրիթ-արտը Երևանում։ Երկար ժամանակ, սեփական ուղերձի շուրջ մտորելիս, սթենսիլներ էր անում։ 2013 թվականին, օրինակ, Կենտրոնի փողոցներից մեկում Խոզ էր նկարել՝ «մինչ նոր անկախություն» գրությամբ։ Այդ տարիների զայրույթն արտահայտվել էր Խոզի կերպարանքով, ուղղված ռուսականության ու հետխորհրդային հետընթացի դեմ։
Սերգեյն ասում է, որ ավելի մեծ մասշտաբի սթրիթ-արտով զբաղվելիս հասկանում ես՝ պետք է հոգ տանել առանց այն էլ բռնաբարված քաղաքային միջավայրի մասին, քո նկարած կտորները չպետք է զուտ դատարկ, պատի նկարներ լինեն, ինչպես այսօր երևանյան դալաններում է։ «Կարևոր ա միջավայրը փոխելուց հաշվի առնել այն, հասկանալ, ուսումնասիրել. դրանք նման են դաջվածքների, պետք է ճիշտ վայրում ճիշտ նկար պատկերել։ Ափսոս, այդ փաստը ուշ ես հասկանում, բայց լավ է ուշ և փորձառու. սա հնարավորություն ա տալիս փակել նախորդը նորովի, խմբագրել, կամ գնալ ու ներկել հարթ, որ կորի»։
Փողոցային արվեստը իշխանությունների, անարդարության դեմ դժգոհությունն արտահայտելու ձև է։ Դրա միջոցով քաղաքացին, արվեստագետն արտահայտում է իր բողոքը, բավարարում իր՝ լսված լինելու կարիքը։ «Արարատը՝ պալմաներով, ունի հումորային կոնտեքստ։ Կարող ա՞ հիշես, որ մի ժամանակ Արարատը որ նկարում էին, իրա դեմը կային երկու հատ բարդի։ Երևանը իմ համար ուտոպիստական մտքերի քաղաք ա ու որոշեցի որ էդ երկու հատ բարդին պիտի փոխվի երկու հատ պալմայով։ Ես նկարում եմ Արարատը, բայց փաստացի ինքը մերը չի ու մենք չունենք պալմաներ։ Իմ աշխատանքները մեծ հաշվով իմ երազանքի Երևանի մասին, էնպիսին, ինչպիսին ես կուզեի տեսել Երևանը։ Պատկերացնո՞ւմ ես, եթե մենք ապրեինք պալմաներով քաղաքում, ենթադրաբար Չարբախից մի քիչ էն կողմ ծով պետք ա լիներ»։ Սերգեյը նշում է, որ մենք ունենք հին ու նոստալգիկ մտքերով ապրելու հակում ու կարոտ՝ դեպի իրերն ու իրադարձությունները, որոնք փաստացի չկան կամ մերը չեն։ Նրա հետ զրուցելիս անընդհատ մի բառ էր պտտվում գլխումս, որի մասին ինձ մի տարի առաջ էին պատմել. HIRAETH- Կարոտ տան հանդեպ ուր երբեք չես կարող վերադառնալ, որը այլեւս գոյություն չունի կամ գուցե երբեք չի եղել:
Երևանում սթրիթ-արտի իլեգալ և լեգալ դրսևորումները միանշանակ չեն։ Եթե աշխատանքը քաղաքական ենթատեքստ չունի, չի բարձրաձայնում սոցիալական խնդիրներ, ամենայն հավանականությամբ պահպանվում է. բայց դա այն լեգալ չի դարձնում։ Ստացվում է, որ իշխանություններն ու ոստիկաններն ավելի էսթետ են ու պահպանում են արվեստի գործեր, որոնք «գեղեցիկ» են ու «պուպուշ»։
Այս դեպքում բախվում ենք հստակ կողմնապահության, երբ իշխանությունն է որոշում է, թե որ արվեստի գործը պիտի ապրի փողոցում, որը՝ ոչ։
ՀՀ քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածը սահմանում է. «Շենքերը կամ այլ կառույցներն անպարկեշտ գրագրություններով կամ պատկերներով պղծելը, հասարակական տրանսպորտում կամ այլ հասարակական վայրերում գույքը վնասելը, եթե բացակայում են առավել ծանր հանցագործության հատկանիշները՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»:
Սերգեյի համար սթրիթ-արտը նկարչություն է․ նա չունի կտավ, չունի արվեստանոց, նկարում է փողոցում։ Նրա համար իր արվեստը հանրային չէ։
Կենտրոնից դուրս, բայց Կենտրոնին շատ մոտ Կոնդում արդեն արևադարձային տրամադրություն է։ Սերգեյը Կոնդում էլ է հասցրել թողնել իր հետքը։ Նրա համար Կոնդը ասես բաց արվեստանոց լինի՝ հետաքրքիր մարդկանցով, հետաքրքիր կենցաղով ու պատմություններով։ «Առաջին գործս Կոնդում, որ դուրս շատ էր գալիս, փակեցին, գնացի իմանամ խի են փակել։ Ընկերական չէին տրամադրված, հետո որ բացատրեցի ինչ եմ նկարել ու ինչի, նկարեցի երկրորդը անմիջապես ջնջվածի կողքը, ու անցա երրորդին, չորրորդին։ Ուզում էի Կոնդում միջավայր ու տրամադրություն փոխել, ստացվեց: Կոնդեցիք էլ օգնեցին: Արդեն գիշերվա փոխարեն գնում ու ցերեկն էի նկարում»։
Կոնդում դժվար է պատկերացնել արմավենիներ ու գույներ, բայց պարզվում է Yerevantropics-ը հենց Կոնդում ստեղծեց իր առանձին հանրապետությունը՝ յուրօրինակ սթրիթ-արտով ու տրամադրությամբ։ Սերգեյը մտադիր է այլ արտիստների էլ հրավիրել, որպեսզի ստեղծվի հենց այն տրամադրությունը, որի մասին ինքն է երազում։
Կոնդը քանդելու մասին անվերջ խոսակցությունները Սերգեյի համար չեն։ Եվ եթե քանդելու են, ինչո՞ւ տարածությունն ավելի լավ չօգտագործել, մանավանդ, որ կոնդեցիներն էլ դեմ չեն։ «Ինչո՞ւ ուրբան-արտ Կոնդում, կամ ավելի ճիշտ Կոնդի էն հատվածում, որը կարծես թե սենց թե նենց քանդելու են։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Եթե սենց թե նենց քանդելու են, կարելի է տարածությունն ավելի օպտիմալ օգտագործել՝ մինչ սպասում ենք քանդելուն։ Հատկապես, տեղացիք շատ ջերմ ընդունեցին»։
Կոնդում, Սերգեյից բացի, վրացի մի արտիստ էլ է աշխատել, ծրագրեր կան համագործակցելու օտարերկրացիների հետ։ Անփոփոխ ու անշարժ շրջապատին նոր շունչ հաղորդած Yerevantropics-ը վստահ է, որ Կոնդում ստեղծվելու է նոր, հետաքրքիր ու գունավոր միջավայր, որը լինելու է Հայաստանի սթրիթ-արտի գոյության ապացույց, որը կապրի հավանաբար այնքան, որքան Կոնդը՝ այսօրվա տեսքով։ Ու եթե կոնդեցիներ են կարդում՝ «ձեզ լիքը մերսի իմ ու հատկապես Սերգեյի կողմից՝ նրան ոգեշնչելու համար»։
Yerevantropics-ը ցույց է տալիս, որ Հայաստանում urban art կա ու այն զարգանալու է։ Դե, Կենտրոնով ու հատկապես Կոնդով անցնելիս ուշադիր եղեք պատերին, ես էլ գնամ Էկվադորում կոկտեյլս խմելու։





