Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:
Ինչպե՞ս է վարվում պետությունը հանցանք կատարած անձի հետ: Այո՛, պատժում է: Պատժում է՝ ազատազրկելով: Մարդասպանին, գողին կամ հասարակական վտանգ ներկայացնող այլ հանցագործներին ազատազրկում են, մեկուսացնում հասարակությունից: Իսկ եթե մարդը պատահաբա՞ր, անզգուշությա՞մբ է հանցանք կատարել, որքանո՞վ է իրավաչափ նրան ազատազրկելը: Այս դեպքում «օգնության է գալիս» պրոբացիան, երբ քաղաքացուն ոչ թե պատժում են, ազատազրկում, այլ նրան տալիս են փորձաշրջան անցնելու հնարավորություն՝ ազատության մեջ: Այսինքն՝ պետությունը ստանձնում է ոչ թե պատժիչ գործառույթ, այլ փորձում վերականգնողական արդարադատության սկզբունքը՝ քաղաքացուն հնարավորություն է տալիս գիտակցել իր արարքը, զղջալ դրա համար և այլևս չկրկնել:
Քաղաքացուն ոչ թե պատժելու, այլ վերափոխվելու հնարավորությունը Հայաստանում կարգավորվում է 2016 թվականին ուժի մեջ մտած «Պրոբացիայի մասին» օրենքով: Իսկ արդեն 2024-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքը։ Սա ևս մեկ քայլ է՝ պատժիչ տրամաբանությունից վերականգնողական արդարադատության սկզբունքին անցնելու ճանապարհին:
Սա նշանակում է, որ Պրոբացիայի ծառայությունն այսուհետ գործելու է՝ որպես պետական ծառայության առանձին տեսակ. դարձյալ արդարադատության նախարարության կազմում, սակայն առանձին ենթակառուցվածքներով՝ կադրերի բաժին, առանձին բյուջե: Օրենքը փորձելու է ստեղծել նախադրյալներ, որպեսզի ծառայությունում աշխատանքը հրապուրիչ դառնա՝ բարձրացնել ծառայողների աշխատավարձը, նրան վճարվող նպաստները, սոցիալական լրացուցիչ երաշխիքներ տալ: Նախատեսվում է պրոբացիայի ծառայությունը համալրել 100 հաստիքով:
Պրոբացիան ու կիրառման առաջին դեպքը
Պրոբացիան ազատազրկմանն այլընտրանք է, փորձաշրջան՝ հատկապես թեթև իրավախախտում կատարած անձանց համար: Դատարանի վճռով նրանց հնարավորություն է տրվում սահմանափակ ազատության մեջ, որոշակի վերահսկողության պայմաններում կրել պատիժը կամ խափանման միջոցը` առանց կտրվելու հասարակությունից, ընտանիքից: Այն կրկնահանցագործությունը կանխելու, քրեական ենթամշակույթի ազդեցությունը բացառելու միջոց է: Պրոբացիայի ծառայությունը նաև պայմաններ է ստեղծում, որպեսզի հանցագործություն կատարած անձն ու տուժողը հաշտվեն:
«Պրոբացիա»-ն լատիներեն Probare բառն է՝ «փորձել, փորձաշրջան»: Այս մեթոդի հիմքերը դեռևս երկու դար առաջ էին դրվել, երբ 1841-ին ԱՄՆ Բոստոն քաղաքի բնակիչ, կոշկակար, ժուժկալության ջատագով Ջոն Ավգուստուսը, որը հավատում էր, թե կարեկցանքով ու բարությամբ կարելի է ալկոհոլամոլությունը կանխել, խնդրեց դատարանին՝ իր հսկողությանը հանձնել հարբեցող մի դատապարտյալի: Դատարանը բավարարելով խնդրանքը՝ դատապարտյալին հնարավորություն տվեց խուսափել հարբեցողության համար կարճաժամկետ ազատազրկումից: Երեք շաբաթ անց հարբեցողը՝ Ավգուստուսի ուղեկցությամբ, ներկայացավ դատարանին: Ի զարմանս ներկաների՝ փոխվել էր ոչ միայն նրա վարքը, անգամ՝ արտաքին տեսքը: Այդպես Ջոն Ավգուստուսն օգնեց ազատության մեջ գտնվող դատապարտյալին վերջ տալ հարբեցողությանը և փոխել վարքը:
Իր կյանքի հետագա 18 տարիներին ևս Ավգուստուսն իր անձնական պատասխանատվությամբ ստանձնեց 1946 դատապարտյալի վերափոխելու, սոցիալականացնելու պարտավորությունը: Ըստ վկայության՝ միայն տասը դեպքում արդյունքի չհասավ. մյուս դեպքերում դատապարտյալները վերափոխվեցին:
Ջոն Ավգուստուսի օրինակով՝ ամերիկյան դատարանը սկսեց կիրառել «պրոբացիան»՝ որպես ազատազրկմանն այլընտրանքային միջոց, որպես փորձաշրջան:
Մինչև 2016-ին Պրոբացիայի պետական ծառայության ստեղծումը, Հայաստանի Հանրապետությունում ևս կիրառվում էին պատժատեսակներ՝ առանց ազատազրկման, իսկ վերահսկողությունն իրականացնում էր քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումը։
2012-ին իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի համաձայն՝ Պրոբացիայի ծառայությունը նախատեսվում էր ստեղծել արդարադատության նախարարության կառուցվածքում՝ որպես քրեակատարողական ծառայությունից անկախ և առանձին մարմին:
Ու թեև արդեն 2016-ին էլ ընդունվեց Պրոբացիայի մասին օրենքը, սակայն առավել արդյունավետությամբ սկսեց գործել 2018-ից, երբ ընդունվեց նաև Ծառայության ներքին կանոնադրությունը:
Ծառայողները
Պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգով ամրագրված խնդիրներից է նաև քրեակատարողական հիմնարկների բեռնաթափմանը նպաստելը: Այս ծառայության նպատակն է մեղադրյալի հնարավոր անօրինական վարքագծի կանխման ու դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունների կատարման ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը, անչափահաս շահառուների ֆիզիկական և հոգեկան բնականոն զարգացման ապահովումը, նրանց դաստիարակումը և այլ անձի բացասական ազդեցությունից պաշտպանությունը, ինչպես նաև կրկնահանցագործության կանխարգելումն ու պրոբացիայի շահառուի և տուժողի (տուժողի իրավահաջորդի) հաշտեցումը։
Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունում առանձին հարցեր համակարգող խորհրդական Կարեն Հակոբյանի տվյալներով՝ 2024-ի փետրվարի դրությամբ Պրոբացիայի ծառայությունն ունի 8500 շահառու, իսկ ծառայությունն իրականացնող աշխատակիցների թիվը 108 է։
«Շատ դեպքերում, մեկ ծառայողը 100 վարույթ է իրականացնում: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր ծառայողի համար միջինը 50-60 վարույթի դեպքում է հնարավոր իրականացնել արդյունավետ աշխատանք»,- ասում է Հակոբյանը:
Պրոբացիայի ծառայողին վճարվող աշխատավարձը 80.000-120.000 դրամ էր:
Պարտականությունների թիվը՝ աշխատավարձից անհամեմատ «տպավորիչ». ամեն ամիս մասնակցել առնվազն 10-20 դատական նիստերի, յուրաքանչյուր գործով այցելել տարբեր քրեակատարողական հիմնարկներ, շահառուի բնակության հասցե, տուժողների կամ նրանց իրավահաջորդների բնակության հասցե, մասնակցել մի շարք հանդիպումների դատապարտյալի ուսման կամ աշխատանքի վայրի վարչակազմի հետ, ընտանիքի անդամների, ազգակաների, ընկերների, հարևանների, ինչպես նաև տուժող կողմի հետ և այլն, և այլն: Եվ այս ամենը՝ իր միջոցների հաշվին: Սակայն Հակոբյանը նշում է, որ սպասվում է աշխատավարձի բարձրացում, որն ամրագրված է նաև ծառայության մասին նոր օրենքով։
«ԱԺ է ներկայացվել «Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծը, որով պրոբացիայի ծառայության համար առանձին սանդղակ կա՝ 20 տոկոսով կբարձրանա աշխատավարձը»,- նշում է Հակոբյանը:
Ըստ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանի՝ «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքը կստեղծի անհրաժեշտ նախադրյալներ՝ ծառայությունը պրոֆեսիոնալ կադրերին գրավիչ դարձնելու համար:
Փորձագետի մտավախությունն է, սակայն, որ Ծառայությունը հնարավոր է համալրվի ոչ թե վերականգնողական, այլ պատժիչ արդարադատության գաղափարները կրող աշխատակիցներով:
«Կա ռիսկ, որ իրավապահ համակարգից Պրոբացիայի ծառայություն կգան մարդիկ, որոնք պատժիչ մտածելակերպով կմոտենան ծառայությանը, ոչ թե վերականգնողական, ինչը հակասության մեջ է պրոբացիայի փիլիսոփայությանը»,- ասում է Հովհաննիսյանը, այնուամենայնիվ, հավելելով նաև, որ Պրոբացիայի ծառայության լծակները քիչ են, որովհետև շահառուներն ազատության մեջ են։
Շահառուները
Քրեական օրենսգրքով սահմանվում են այն հանցագործությունները, երբ քաղաքացին ոչ թե ազատազրկման է ենթարկվում, այլ հայտնվում է Պրոբացիայի ծառայության ուշադրության ներքո։ Եթե ընդհանրացնենք՝ քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը հանցանքը կատարել է առանց մեղքի կամ կատարել է անզգուշությամբ այն դեպքում, երբ օրենքը քրեական պատասխանատվություն է նախատեսում տվյալ արարքը միայն դիտավորությամբ կատարելու համար:
«Այո՛, կան կայացած մարդիկ, որոնք ունեն ընտանիք, աշխատանք, կրթություն և այլն, պատահաբար կատարել են հանցագործություն,- ներկայացնում է Կարեն Հակոբյանը,- Հասկանում ես, որ տվյալ անձի հետ անելիք չկա, սակայն դա կատարվում է ռիսկերի, կարիքների գնահատման արդյունքում, որի համար ունենք էլեկտրոնային ծրագիր՝ բաղկացած ութ բաժիններից: Ըստ այդմ՝ հասկանում ես՝ կրկնահանցագործություն կատարելու ռիսկը բա՞րձր է, միջի՞ն, թե՞ չկա, և որոշվում է՝ ունի՞ տվյալ անձը վերասոցիալականացման միջոցառումներին մասնակցելու անհրաժեշտություն, թե՞ ոչ»:
Եթե անձը չունի վերասոցիալականացման կարիք, շարունակում է աշխատել, ապրել իր ընտանիքում՝ բնականոն կյանքով:
Եթե Պրոբացիայի ծառայության վերահսկողության տակ հայտնված անձը կրթությունը կիսատ է թողել, հեռու է հասարակական կյանքից, նրա հետ տարվում են վերասոցիալականացման աշխատանքներ:
Ըստ Հակոբյանի՝ ամեն տարի Պրոբացիայի ծառայության 30-50 շահառու, որոնք ունեն վերասոցիալակացման խնդիրներ, տեղավորվում են աշխատանքի:
«Անչափահաս շահառուներ ունեինք, որոնք, փաստացի, դպրոց չէին հաճախում: Մեր վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի աշխատակիցները մեծ ջանքեր են գործադրել և նրանց վերականգնել դպրոցներում»,- ասում է Հակոբյանը՝ նշելով, որ Պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուներն այսօր երեքն են, բոլորը տնային կալանքի տակ են։ Նրանցից մեկն է ստանում դպրոցական կրթություն։
Հակոբյանը բացատրում է, որ տնային կալանքը ենթադրում է դատարանի կողմից սահմանված մի շարք սահմանափակումներ՝ չունենալ հեռահաղորդակցում, չօգտագործել ինտերնետ, համակարգչային կապով չկապվել այլ անձանց հետ, չհյուրընկալել այլ անձանց, հեռախոսազրույց չունենալ և այլն.
«Նման սահմանափակումների պայմաններում կրթության իրավունքն իրացնել հնարավոր չէ, հետևաբար, դատարանի կողմից կրթական իրավունքի դեպքում բացառություն սահմանելու պարագայում՝ այդ երեխաները հնարավորություն են ունենում ստանալ դպրոցական կրթություն՝ հեռավար եղանակով»:
Հակոբյանն ասում է, որ Պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուների թիվը տարեկան, միջինը, 10-15 է, շահառու կանանց թիվը՝ 100-150:
Պրոբացիայի շահառուներն ունեն օրենքով ամրագրված մի շարք պարտականություններ և իրավունքներ, ինչպես օրինակ՝ դրսևորել օրինապահ վարքագիծ, կատարել և պահպանել պատժի և հարկադրանքի այլ միջոցների կարգը և պայմանները, կատարել պրոբացիայի ծառայողի օրինական պահանջները, ինչպես նաև ունեն իրավունք բողոքարկելու պրոբացիայի ծառայության գործողությունները կամ անգործությունը վերադասության կարգով կամ դատարան, իսկ այլազգի շահառուներն իրավունք ունեն պետական միջոցների հաշվին թարգմանչի օգնությամբ իրականացնելու իրենց իրավունքները:
Պետության համար չափազանց կարևոր է ուշադիր լինել յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ և «Պատժել պետք չէ ներել» նախադասության մեջ, եթե կա իրավական հնարավորություն, ստորակետը դնել՝ հօգուտ ներելու:
Վերջերս հրապարակված
Վտանգավոր քիմիական նյութերը քաղաքում՝ աչքից հեռու, մտքից հեռու
Հայաստանում քիմիական նյութերի խոշոր պահեստները չեն համապատասխանում որևէ չափորոշչի. եղել են գործարաններ, փակվել են ու լքվել, մինչդեռ այնտեղ շարունակում են մնալ մեծ քանակությամբ քիմիական նյութեր։ Վտանգավոր նյութերի պահման պայմաններին, դրանց վնասազերծման խնդիրներին ու պետության պարտավորություններին է անդրադառնում Մարիամ Տաշչյանը։
Read moreՊատերազմ… Չենք ուզում պատերազմ, բայց պետք չէ այդ բառով վախեցնել
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացի գործնական փուլ մտնելու մասին վարչապետի լուրը ոսկեպարցիներին մտահոգել է։ Լիլիթ Ավագյանը տեղում հանդիպել է գյուղացիներին ու լսել նրանց հիմնավորումները։
Read moreԱրդյոք մեր ֆինանսական սովորություններն ազդում են ապագայի ձևավորման վրա
Ի հեճուկս ակնկալիքների՝ Հայաստանում նկատվում է բարձր տնտեսական աճ, թեև սպառման, խնայողությունների տեղական սովորություններն ու այլ գործոններ շարունակում են խոչընդոտել տեղական արտադրությանը և մրցունակությանը: Սամսոն Ավետյանը բացատրում է, թե ինչ է պետք փոխել։
Read moreՔարսիթներ. օրենքը կա, իրագործումը՝ ոչ
Տրանսպորտային միջոցներում մանկական պահող համակարգերի՝ քարսիթների օգտագործումը Հայաստանում թեև պարտադիր է, սակայն այնքան էլ մեծ տարածում չունի։ Մարգարիտա Ղազարյանն անդրադառնում է երեխաների անվտանգությունն ապահովող այս համակարգերի կիրառման հայաստանյան փորձին։
Read moreԷլեկտրոնային արդարադատություն․ ռիսկեր և հնարավորություններ
Քաղաքացիական նոր գործերով դատավարական բոլոր փաստաթղթերն այսուհետ պետք է ներկայացվեն էլեկտրոնային համակարգով։ Ո՞րն է էլեկտրոնային արդարադատության համակարգի նպատակը, ի՞նչ խնդիրներ ու հնարավորություններ է այն ընձեռում, անդրադառնում է Աստղիկ Կարապետյանը։
Read more