Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:
Տասնամյակներ շարունակ Հայաստանում առկա վտանգավոր քիմիական նյութերը ոչ միայն չեն վնասազերծվում, այլև դրանց գտնվելու վայրերին պատշաճ ուշադրություն չի հատկացվում, մինդեռ այս նյութերը պետք է պահվեն առանձնացված, հատուկ պայմաններում։
Հայաստանում կան քիմիական նյութերի շուրջ 50 փոքր և 5 խոշոր պահեստներ։ Փոքր պահեստներ են համարվում, օրինակ, դպրոցները, բուհերը, որոնք ունեն քիմիական նյութեր պարունակող լաբորատորիաներ։ Խոշոր պահեստներն են նախկին քիմիական գործարանները՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն, «Վանաձորի քիմպրոմ» գործարանը, Ալավերդու մկնդեղի գերեզմանոցը և «Հայգյուղքիմիա» արտադրական միավորման պահեստները, որոնք, իրականում, ընդհանրապես չեն համապատասխանում որևէ չափորոշչի. եղել են գործարաններ, փակվել են ու լքվել, մինչդեռ այնտեղ շարունակում են մնալ մեծ քանակությամբ քիմիական նյութեր։ Որպես հենց քիմիական նյութերի պահեստ կառուցվել է միայն Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը։
«Եթե Նուբարաշենի պահեստը ինչ-որ չափով՝ շատ քիչ, համապատասխանում է որոշակի ստանդարտների, ապա մյուսները՝ բացարձակապես ոչ։ Գործարանը փակվել է, ինչպես նյութը եղել է, այդպես էլ թողել են ու դուրս եկել, այդ վիճակում էլ մնացել է։ Շատ դեպքերում անգամ պատերը քանդվում են և ամբողջը լցվում է շրջակա միջավայր»,- ասում է ճարտարագետ-բնապահպան Անի Բայբուրդյանը։
2022 թվականին իրականացրած ուսումնասիրության արդյունքում Բայբուրդյանը պարզել է Հայաստանում ժամկետանց թունաքիմիկատների հետևյալ քանակները. Արարատի մարզում՝ 28.040 կգ, Լոռիում՝ 21.600 կգ, Արմավիրում՝ 7000 կգ, Տավուշում՝ 6000 կգ, Գեղարքունիքում՝ 3730 կգ, Շիրակում՝ 2500 կգ, Սյունիքում՝ 2330 կգ, Վայոց ձորում՝ 700 կգ, իսկ ընդհանուր քանակը կազմել է 71.900 կգ:
«Քիմիական նյութերի տարածումը ոչ միայն հողին, բուսականությանը, կենդանիներին, մարդուն է վնաս, դրանից բացի, պատկերացնո՞ւմ եք, այդ մեծ քանակությամբ նյութերն ընկնեն ինչ-որ մեկի ձեռքը։ Այսինքն, կարող է քիմիական զենքի նման բան դառնալ»,- ասում է բնապահպանը։
«Քիմիական զենք», որի վրա ապրում է քաղաքը
Երևանի ծայրամասերից Նուբարաշեն թաղամասում ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցը կառուցվել է 1970-ականների վերջին, երբ մի շարք թունաքիմիկատներ, օրինակ՝ դիքլորդիֆենիլտրիքլորէթանը (ԴԴՏ, միջատասպան նյութ, որը վնասակար է շրջակա միջավայրի և մարդու համար), իսկ հետագայում նաև հեքսաքլորցիկլոհեքսանը, որոնք կայուն օրգանական աղտոտիչներ են, արգելվեցին համընդհանուր կերպով, այդ թվում՝ ԽՍՀՄ-ի տարածքում։ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ այդ տարիներին մշակվել է համամիութենական ծրագիր, ինչը ներառել է ԽՍՀՄ հանրապետություններից յուրաքանչյուրում արգելված և ժամկետանց թունաքիմիկատների հեռացում մատակարարման շղթայից և պահեստավորում՝ պարփակման համար կառուցված թափոնների գերեզմանոցներում։
Նուբարաշենի տարածքը տրամադրվել է՝ հաշվի առնելով բնակավայրերից հեռու լինելը, բայց ժամանակի ընթացքում Երևանն ընդլայնվել է։ Բացի այն, որ հետագայում թունաքիմիկատների գերեզմանոցի շուրջը ձևավորվել են բնակավայրեր, այն կառուցելուց տարիներ անց՝ 1990-ական թվականներին հայտնաբերվել է, որ տարածքը Ողջաբերդի ակտիվ սողանքային մարմնի վրա է։ Այսօր էլ սողանքային գործընթացները շարունակական են, ինչի հետևանքով էլ անգամ հարակից գյուղերը տեղահանման վտանգի տակ են:
Սողանքային գործընթացների ակտիվացման հետևանքով հնարավոր է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի բացում, ինչը կհանգեցնի տարածքի քիմիական վարակմանը:
Շրջակա միջավայրի նախարարության տրամադրած Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցում թաղված թունաքիմիկատների հնարավոր տեսակների թարմացված ցուցակը ներառում է 34 տեսակի տարբեր վտանգավորության թունավոր քիմիական նյութեր` ընդհանուր ավելի քան 500 տոննա կշռով, որոնցից են՝ 192.5 տոննա ԴԴՏ, 48.396 տոննա հեքսաքլորցիկլոհեքսան, 42.640 տոննա կալցիումի արսենատ, 33.121 տոննա էնդոբակտերին և այլն։
«Իրականում, սա շատ լուրջ հարց է․ ոնց որ քիմիական զենքը դնես քաղաքի տակ ու ապրես,- իր մտահոգությունն է հայտնում բնապահպանը՝ հավելելով, թե խնդիր է նաև այն, որ հարակից բնակավայրերում ապրողները, հիմնականում, նույնիսկ տեղյակ էլ չեն իրենց հարևանությամբ նման պահեստի գոյության մասին և գտնվելու վայրն էլ չեն իմանում,- Սա հաստատ այն բանն է, որ պետք է բնակիչներին տեղեկացնել, իրազեկել, զգուշացնել, առավել ևս՝ մարդիկ անասնապահությամբ են զբաղվում այդ տարածքում»։
Թունաքիմիկատների գերեզմանոցի պահպանության միակ միջոցը փշալարն է, որը ներկայումս ավելի շատ օգնում է ընդամենը տարածքը գտնելու հարցում, մինչդեռ այն ընդգրկված է ոստիկանության կողմից պահպանության ենթակա պետական մարմինների շենքերի և շինությունների ցանկում։
Բայբուրդյանն իր ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ թունաքիմիկատների գերեզմանը կառուցվել է նախագծային և շինարարական բազմաթիվ սխալներով, չի իրականացվել տարածքի երկրաբանական ուսումնասիրություն, չկա թունաքիմիկատների թաղման քարտեզ, բացի այդ՝ թունաքիմիկատները թաղվել են 5 խորշերում, որոնք բետոնային չեն և տարաբնույթ թունաքիմիկատները լցվել են միմյանց վրա, ծածկվել են հողաշերտով:
«Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցն արտաքինից մեծ թումբ է, ներսում՝ տարածություն է, որտեղ պահվում են վտանգավոր քիմիական նյութերը։ Իրականում այն պետք է բազմաթիվ չափանիշների բավարարեր, նման լիներ գոնե պահեստի, բայց այդ 5 խորշերից 2-ը խոնավության մեջ են ու փլվելու եզրին, մյուս 3-ը՝ համեմատաբար ավելի բարվոք վիճակում են,- ասում է Բայբուրդյանը՝ նշելով, որ առնվազն այդ պահեստը պետք է կարգի բերել։
Թունաքիմիկատների անվտանգ կառավարման՝ այդ թվում՝ երկրում առկա կայուն օրգանական աղտոտիչներ համարվող այդպիսի նյութերի ոչնչացման պարտավորություն Հայաստանը ստանձնել է նաև վավերացնելով «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիան, որը դեռևս 2001-2004 թվականներին 128 երկրների կողմից ստորագրվել և ուժի մեջ է մտել։ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում թաղված են նյութեր, որոնք ներառված են կոնվենցիայի 3 հավելվածներում էլ։ Կան նաև այնպիսիք, որոնք պետք է ոչնչացված լինեն արդեն 2025-ին։
Կոնվենցիայի մի շարք հոդվածներով սահմանվում են նաև երկրների միջև տեխնիկական, ֆինանսական փոխօգնության դրույթները, որի արդյունքում Հայաստանում աշխատանքներ են իրականացնում ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն։
Դեռևս 2013-ին հրապարակված ԵԱՀԿ-ի ուսումնասիրության համաձայն՝ 2010-ից աշխատանքներ են տարվել գերեզմանոցի հերմետիկության ժամանակավորապես ապահովման և վերանորոգման միջոցառումների իրականացման համար` մինչև հարցին վերջնական լուծում գտնելը:
«Վերանորոգման միջոցառումներից հետո, մարդու առողջության և շրջակա միջավայրի համար գերեզմանոցի ազդեցության հետ կապված ռիսկերը դեռևս գոյություն ունեն: Գերեզմանոցի մարմնի շուրջ բուսականությունից զուրկ 0,6 հա տարածքի հողի վերին շերտը մինչև 0,5 մ խորությամբ խիստ աղտոտված է թունաքիմիկատներով,- ասվում էր հետազոտությունում, միևնույն ժամանակ զգուշացնելով, -Եթե ոչինչ չձեռնարկվի, էրոզիան կշարունակվի և կավելանա աղտոտիչների շարժը` այդպիսով նպաստելով մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա գերեզմանոցի ազդեցության ռիսկերի աճին»:
ԱՆպատասխանատու=ԱՆլուծում
«Մենք այս պահին չենք անում ոչ մի բան»,- ասում է Բայբուրդյանը՝ նշելով, որ թունաքիմիկատներից «ազատվելու» ամենատարածված եղանակը հատուկ վառարանի միջոցով ոչնչացումն է, սակայն նման վառարան Հայաստանը չունի։ Քննարկվել է նաև այլ տարբերակ՝ ոչնչացումն իրականացնել Ֆրանսիայում, մինչդեռ հարևան Վրաստանը թույլ չի տվել իր տարածքով դուրս բերել նյութերը։
«Մեր հարևաններից այդպիսի վառարան ունի միայն Իրանը։ Այսինքն մեզ համար հնարավոր տարբերակներն այս 3-ն են՝ կա՛մ ստեղծում ենք այդ վառարանները Հայաստանում, կա՛մ համոզում ենք Վրաստանին, կա՛մ տանում ենք Իրան։ Վերջինի դեպքում էլ կան խանգարող քաղաքական հանգամանքներ»,- ասում է Բայբուրդյանը։
Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու կառույցի փնտրտուքներով պայմանավորված՝ դիմել ենք ներքին գործերի, շրջակա միջավայրի, առողջապահության նախարարություններին։
Ներքին գործերի նախարարությունը մի քանի հարցումներին ի պատասխան մատնանշել է գլխավոր պատասխանատու կառույցին՝ շրջակա միջավայրի նախարարությանը՝ միևնույն ժամանակ նշելով, թե «գերեզմանոցը գտնվում է սողանքային մարմնի ազդեցության գոտում, իսկ նրանից վերև առկա են փոքր սողանքային տեղամասեր, որոնց ակտիվացումը կարող է ծածկել գերեզմանոցը»։
Շրջակա միջավայրի նախարարությունից չցանկանալով բանավոր պարզաբանումներ տալ, հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ կոնվենցիայով սահմանված նյութերի և թափոնների կառավարմանն առնչվող որոշ միջոցառումների համար նախանշված են իրականացման տարբեր ժամկետներ.
«Նախարարությունն ուսումնասիրում է կայուն օրգանական աղտոտիչների էկոլոգիապես անվտանգ հեռացման հնարավոր տարբերակները, ներկայումս մշակվում են պոլիքլորացված բիֆինիլներ պարունակող թափոնների և ժամկետանց պեստիցիդների թափոնների գործածության կանոնները սահմանող իրավական ակտերի նախագծերը, որոնք նախատեսվում են շրջանառության մեջ դնել 2024 թվականի ընթացքում»։
Ինչ վերաբերում է կոնվենցիայի պահանջները չկատարելու դեպքում սպասվող պատասխանատվությանը, նախարարությունը մեջբերել է 17-րդ հոդվածը, ըստ որի՝ «Կողմերի կոնֆերանսը հնարավորինս սեղմ ժամկետներում մշակում և հաստատում է ընթացակարգեր ու կազմակերպչական մեխանիզմներ՝ Կոնվենցիայի դրույթները չպահպանելու փաստը որոշելու և Կոնվենցիայի դրույթները չկատարող Կողմերի հանդեպ վարվելակարգը որոշելու նպատակով»։
Առողջապահության նախարարությունը, չհերքելով և չհաստատելով որևէ պատասխանատվություն կամ անմիջական մտահոգություն թունավոր քիմիական նյութերով հագեցած այս տարածքի մասին, արձագանքեց՝ նշելով ակնհայտը.
«Շրջակա միջավայրի աղտոտումը, այդ թվում՝ տարբեր քիմիական նյութերով, պայմանավորված վերջիններիս կազմով, քանակով, ընդունման ուղիներով և ազդեցության ժամկետներով կարող են նպաստել ազդակիր բնակչության շրջանում տարբեր ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկերի բարձրացմանը, մասնավորապես կարող են առաջացնել սուր թունավորումներ և ունենալ հեռավոր ազդեցություններ»։
Երևանի քաղաքապետարանն այս խնդիրը, առհասարակ, հանել է օրակարգից․ եթե Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրում Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը գոնե սահմանված է որպես վարչական շրջանի բնակչության առողջությանը սպառնացող խնդիր, ապա 2024-2028 թվականների ծրագրով այս մասն ընդհանրապես հանվել է։
Անի Բայբուրդյանն իրական տարբերակ է համարում թունաքիմիկատների պահման համապատասխան պայմանների ստեղծումը Հայաստանում, ինչը պահանջում է միայն ֆինանսական ներդրում։
«Խնդիրն այն է, որ խոսքը միլիարդավոր դոլարների մասին չէ անգամ։ Կան բաներ, որոնք պետք է անել, բացի այդ՝ մենք կոնվենցիայի անդամ ենք և հնարավոր է մեզ աջակցեն այլ երկրներից։ Այնպես չէ, որ չլուծվող խնդիր է։ Սա մեր բնակչության առողջության և անվտագության հարցն է, ուստի ֆինանսական միջոցներ ուղղակի պարտավոր ես տրամադրել»։
Ըստ Բայբուրդյանի՝ Նուբարաշենը մայրաքաղաքում է, ուշադրություն երբեմն դարձնում են, մինչդեռ մյուս պահեստներն ընդհանրապես ավելի վատ պայմաններում են։
«Դրանք երբեմն անգամ մասնավոր սեփականություն են, վերահսկողությունը քիչ է, հասանելիություն չկա։ Նուբարաշենի դեպքում գոնե գիտենք պետությունը հասանելիություն ունի։ Սրանք կոնկրետ անվտանգության խնդիրներն են և այդ տարածքները լուրջ վերաբերմունքի կարիք ունեն»։
Դեռևս 20 տարի առաջ ստանձնած միջազգային պարտավորությունը և 40 տարուց ավելի քաղաքի տակ թաղված վտանգավոր նյութերի պահեստի վնասազերծման շուրջ միջոցներ ձեռնարկելն անհետաձգելի են։
Մարդ և օրենք
Քարսիթներ. օրենքը կա, իրագործումը՝ ոչ
Տրանսպորտային միջոցներում մանկական պահող համակարգերի՝ քարսիթների օգտագործումը Հայաստանում թեև պարտադիր է, սակայն այնքան էլ մեծ տարածում չունի։ Մարգարիտա Ղազարյանն անդրադառնում է երեխաների անվտանգությունն ապահովող այս համակարգերի կիրառման հայաստանյան փորձին։
Read moreԷլեկտրոնային արդարադատություն․ ռիսկեր և հնարավորություններ
Քաղաքացիական նոր գործերով դատավարական բոլոր փաստաթղթերն այսուհետ պետք է ներկայացվեն էլեկտրոնային համակարգով։ Ո՞րն է էլեկտրոնային արդարադատության համակարգի նպատակը, ի՞նչ խնդիրներ ու հնարավորություններ է այն ընձեռում, անդրադառնում է Աստղիկ Կարապետյանը։
Read moreՀաճախ կիրառվող ծայրահեղ միջոց՝ կալանք
Թեև մեկ տարուց ավելի է գործում է Քրեական դատավարության նոր օրենսգիրքն ու սահմանված են այլընտրանքային խափանման նոր միջոցներ, սակայն մինչդատական կալանքը Հայաստանում շարունակում է նախկինի պես հաճախ կիրառվել։ Ինչո՞ւ են դատարանները խուսափում կիրառել խափանման այլ միջոցները, մեկնաբանում է Աստղիկ Կարապետյանը։
Read moreՀացի խնդիր. ներմուծե՞լ ցորենը, թե՞ արտադրել
Հայաստանի համար ցորենի արտադրության և ներմուծման խնդիրն անվտանգային նշանակություն ունի: Ի՞նչ է արվում՝ Հայաստանի պարենային անվտանգության, մասնավորապես, ցորենի ինքնաբավությունը մեծացնելու, ինչպես նաև ցորենի անխափան ներմուծումն ապահովելու առումով, անդրադառնում է Լիլիթ Ավագյանը։
Read moreԱղբի չլուծվող հարցը
Չնայած մի շարք օրենսդրական կարգավորումներին, ընդունված ռազմավարությանն ու խոստումներին, Հայաստանում այդպես էլ լուծում չեն ստանում աղբի ու աղբահանության հետ կապված հիմնահարցերը՝ իրենց հետ բերելով ածանցյալ խնդիրներ։
Read moreԿոյուղու չլուծվող խնդիրներն ու շարունակ աղտոտվող ջրային պաշարները
Հայաստանի բնակավայրերի զգալի մասը չունի կոյուղի, առկայության դեպքում էլ, կեղտաջրերի մաքրման կայանների սակավության հետևանքով, կեղտաջրերի մեծ մասն առանց մաքրման լցվելով ջրային պաշարների մեջ աղտոտում են դրանք։
Read more