
Հոդվածը կարող եք լսել Ձայնագիր
Կեղտաջրերի մաքրման կայանների սակավության հետևանքով Հայաստանում կեղտաջրերի մեծ մասը չի մաքրվում, ուստի կենցաղային կեղտաջրերը հիմնականում լցվում են մոտակա ձորակները, մակերևութային ջրային պաշարներ ու դրանց աղտոտման պատճառ դառնում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեից ստացած տեղեկության համաձայն՝ 2021-ի դրությամբ առաջացած համայնքային կեղտաջրերի ծավալի շուրջ 8 տոկոսն է մաքրվել, այն էլ միայն մեխանիկական, իսկ կենսաբանական մաքրման են ենթարկվել ընդհանուր կեղտաջրերի ծավալի շուրջ 0,13 տոկոսը։
«Հաշվի առնելով, որ կեղտաջրերի մաքրման կայանների, կոյուղու կոլեկտորների շինարարական աշխատանքների իրականացումը ենթադրում է մեծածավալ ֆինանսական միջոցներ և տևական ժամանակ, դրանց դիտարկումը գործնականում հնարավոր է համապատասխան ներդրումային ծրագրի մշակման և անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության պայմաններում»,- նշում է ՏԿԵՆ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։
Կա՛մ չկան, կա՛մ թերի են
Ջրային կոմիտեի հաղորդմամբ՝ վերջին տարիներին Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ջերմուկ և Դիլիջան քաղաքներում կառուցվել և գործում են կեղտաջրերի մաքրման նոր կայաններ, որոնց միջոցով մաքրված կեղտաջրերի ընդհանուր ծավալն օրական կազմում է շուրջ 66.531 խորանարդ մետր։ Սակայն այդ կայաններում իրականացվում է միայն մեխանիկական մաքրում: Հետագայում, անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության և անհրաժեշտության դեպքում՝ նշված կեղտաջրերի մաքրման կայաններում կարող են իրականացվել նաև կենսաբանական մաքրման և տիղմի մշակման համապատասխան կառուցվածքներ:
Կեղտաջրերի մաքրման գործող կայաններ չկան Արարատի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում: Շիրակի մարզում առկա Գյումրու կեղտաջրերի մաքրման կայանը ևս չի գործում, ուստի կոյուղաջրերը թափվում են գետեր:
Գեղարքունիքի մարզում, ինչպես արդեն նշվեց, Սևանա լճի ափամերձ համայնքներում գործում է մեխանիկական մաքրման 3 տեղային կայան:
Արմավիրի մարզում կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայաններ կան Փարաքար, Վաղարշապատ և Մեծամոր համայնքներում, սակայն վերջինիս կայանը չի աշխատում, նորոգման կարիք ունի:
Վայոց ձորի մարզում Ջերմուկ քաղաքն ունի կեղտաջրերի մաքրման մեխանիկական կայան, մինչդեռ Եղեգնաձոր և Վայք քաղաքային բնակավայրերում՝ չկան։
Սյունիքի մարզում մեխանիկական մաքրման կայաններ կան Կապան, Գորիս, Մեղրի, Ագարակ քաղաքներում, որոնք չեն գործում։
Տավուշի մարզում գործում է կեղտաջրերի մեխանիկական մաքրման մեկ կայան, որը սպասարկում է Դիլիջան քաղաքին:
Լոռու մարզում նորմալ վիճակում են միայն Ձորագետ, Լոռի Բերդ և Սվերդլով բնակավայրերի կայանները։ 2023-ի սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է կառուցել կեղտաջրերի մաքրման կայան Ֆիոլետովոյում:
Ջրային կոմիտեի տրամադրած տեղեկության համաձայն՝ Երևան քաղաքի կեղտաջրերի մասնակի մեխանիկական մաքրում կատարվում է «Աէրացիա» կեղտաջրերի մաքրման կայանում։ 2020, 2021 և 2022 թվականներին մայրաքաղաքում արտանետված կեղտաջրերի քանակները կազմել են, համապատասխանաբար, 49,3, 62,2 և 64,5 մլն խորանարդ մետր:
Ջրահեռացման համակարգերի շահագործման և պահպանման հիմնական պատասխանատուն «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունն է, իսկ այս ընկերության կողմից չսպասարկվող բնակավայրերում՝ համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները։
«Աէրացիա» կեղտաջրերի մաքրման կայանի դեպքում ևս պատասխանատու ընկերությունը «Վեոլիա Ջուրն» է, որի տնօրեն Մարիաննա Շահինյանն ասում է՝ «Աէրացիայի» կայանը կառուցվել է 1963-1978 թվականներին, որից հետո մինչ օրս որևէ էական ներդրում չի կատարվել և այն գտնվում է վատթար վիճակում, ուստի գործում է կայանի միայն մասնակի մեխանիկական մաքրում իրականացնող հատվածը:
«Համաձայն վարձակալության պայմանագրի՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պարտավոր է «Աէրացիա» կայանը շահագործել և պահպանել այնքանով, որքանով դա թույլ է տալիս կայանի տեխնիկական վիճակը,- մանրամասնում է Շահինյանը՝ հավելելով, թե պայմանագրով գույքի խոշոր նորոգումների և նորացման կապիտալ ներդրումների իրականացման պատասխանատուն վարձատուն է՝ կառավարությունը՝ հանձին Ջրային կոմիտեի,- Այդ նպատակով կառավարությունը 2008-ին նախատեսել է առկա մաքրման կայանի մի մասում նոր մաքրման կայանի կառուցում: Մաքրման նոր կայանի կառուցման աշխատանքները դեռևս ավարտված չեն»։
Շահինյանը վստահեցնում է՝ ընկերությունն իր պարտավարությունների շրջանակում իրականացրել է աշխատանքներ, մասնավորապես, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում կոյուղու համակարգերի վերակառուցման համար ծախսվել է համապատասխանաբար՝ 2020-ին 71 մլն դրամ (այդ թվում՝ Երևան քաղաքում շուրջ 43 մլն դրամ), 2021-ին 237 մլն դրամ (այդ թվում՝ Երևան քաղաքում շուրջ 176 մլն դրամ), 2022-ին՝ 282 մլն դրամ (Երևանի մասով տվյալը դեռևս չի ամփոփվել):
Անդառնալի հետևանքներ
Կեղտաջրերի մաքրման կայանների բացակայության պատճառով կենցաղային և արդյունաբերական կեղտաջրերի մեծ մասը միանգամից լցվում է մակերևութային ջրեր և ներթափանցում ստորերկրյա ջրերի պաշարների մեջ։
2018-ի հոկտեմբերից 2019-ի օգոստոսն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզում Ախուրյան գետի ջրի որակի մասին Վերակառուցման և զարգացման գերմանական բանկի կատարած հետազոտության մեջ նշվում է, որ գետի ստորին գոտիներում աղտոտված ջրի որակը պայմանավորված է մոտակա համայնքներից կենցաղային կեղտաջրերի արտանետմամբ։
Շիրակի մարզում գտնվող Ախուրյան գետից նմուշառում է կատարվել՝ Գյումրի քաղաքից ներքև գտնվող երկու նմուշառման կետերից։ Էկոլոգիական կարգավիճակը դասակարգվել է անբավարար։ Տեղում նկատվել են կեղտաջրի առկայությունը փաստող ցուցիչների մեծ զանգվածներ (օրինակ՝ Asellus aquaticus, Chironomus thummi և Tubificidae): Նմուշառման կետում հայտնաբերված գետի հատակի տիղմը և քարերի սև դարձերեսները վկայել են թթվածնի պակասի մասին։
«ԵՄ Ջրային նախաձեռնություն պլյուս Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակում կատարված հետազոտության արդյունքների համաձայն՝ Հրազդան ջրավազանային կառավարման տարածքում աղտոտման հիմնական աղբյուրը կեղտաջրերի արտահոսքն է: Համաձայն շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրային կադաստրի տվյալների և փորձագիտական գնահատման՝ 2018-ի հունվարի դրությամբ արդյունաբերական և կենցաղային կեղտաջրերի 90-95 տոկոսը չի հավաքվել և մաքրվել՝ բացասական ազդեցություն ունենալով Հրազդան և Քասախ գետերի ջրային պաշարների որակի վրա: Մարմարիկ գետի ջուրը ևս որակական նկատելի խնդիրներ է ունեցել կեղտաջրերի պատճառով։
Կեղտաջրեր պարունակող գետերն ի վերջո թափվում են Հայաստանի կենսական ջրային պաշար՝ Սևանա լիճ։ 2023-ի մայիսին Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնության կառավարության կողմից համատեղ ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի շրջանակում շրջակա միջավայրի նախարարության, Ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջև կնքվել է համաձայնագիր՝ Գավառ քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանի արդիականացման մասին։ Նշվում է, որ Սևանա լճի ծաղկման խնդիրը լուծելու առաջնային պայմանը կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանների տեղադրումն ու գործարկումն է, ինչը հնարավորություն կտա մաքրել կոյուղաջրերն ու կեղտաջրերը, որպեսզի վերջնարդյունքում գետերի ջրերը մաքուր լցվեն լիճ։
Իսկ մինչև մաքրման կայանը կարդիականացվի, Սևանը շարունակվում է աղտոտվել կեղտաջրերով։
Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն ասում է, որ Սևանի ավազանում եղած մաքրման կայանների միայն մեխանիկական մաքրման հետևանքով օրգանական նյութերը, կենսածին տարրերը, հատկապես ազոտը և ֆոսֆորը լցվում են լիճ։
«Ֆոսֆորը հիմնական գործոնն է, որը նպաստում է լճի ծաղկմանը՝ ջրիմուռների, այդ թվում՝ տոքսիկ կապտականաչ ջրիմուռների առաջացմանը։ Կեղտաջրերում առկա կենսածին տարրերը հանգեցնում են լճի ծաղկման ավելացմանը։ Հետևաբար, պետք է ոչ միայն մեխանիկական մաքրում իրականացնել, այլև կենսաբանական, այսինքն՝ պետք է ջրի մեջ լուծված քիմիական տարրերի մաքրում իրականացվի»,- ասում է Գաբրիելյանը։
Մասնագետը վստահ է՝ եթե գետերի վրա կառուցվեն կենսաբանական մաքրման կայաններ, Սևանա լճի ծաղկումը նկատելիորեն կքչանա, իսկ թունավոր ջրիմուռները բացասաբար են ազդում կենսաբանական ու բուսական աշխարհի վրա։
«Ջրիմուռների բուռն ծաղկման ժամանակահատվածում այդ մասերում եղած ջրային կենդանիներն ամբողջովին վերանում են։ Միայն ձկներն են, որ շարժուն են ու խուսափում են այդ տեղերից, սակայն ջրիմուռների վնասակար նյութերն ազդում են ձկների կերակրաբազայի, ձվադրման վայրերի վրա»,- նշում է Գաբրիելյանը։
Կոյուղուց անմիջապես լճի մեջ լցվող այդ օրգանական նյութերը, երբ սկսում են քայքայվել, թթվածին են օգտագործում՝ քչացնելով տվյալ գետի կամ լճի մեջ առկա թթվածինը, ինչը բերում է մի շարք բացասական երևույթների, այդ թվում՝ բացասաբար է ազդում կենսաբազմազանության վրա։
«Այդ օրգանական, կենսածին տարրերն անպայման պիտի հասցվեն նվազագույնի, եթե ուզում ենք ջրի որակը լավ լինի, կենսաբազմազանությունն ու էկոհամակարգը լավ վիճակում գտնվեն».- ասում է Գաբրիելյանը։
Առանց կոյուղու
Կոյուղաջրերի մաքրման կայանների խնդրից զատ, Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում՝ հատկապես գյուղական, ջրահեռացման համակարգեր՝ կոյուղիներ, առհասարակ, չկան։ Կեղտաջրերը լցվում են տվյալ տարածքներում այդ նպատակով կառուցված հորերը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը EVN Report-ի հարցմանը պատասխանելու նպատակով քննարկումներ է ունեցել Ջրային կոմիտեի և մարզպետերի աշխատակազմերի հետ, որի արդյունքում ամփոփվել են կոյուղի չունեցող համայնքները։
Այսպիսով՝
Արարատի մարզի 97 բնակավայրերից կոյուղու ցանց ունի միայն 28-ը։
Արմավիրի մարզի 98 բնակավայրերից կոյուղու ցանց ունի միայն 16-ը, 4-ում՝ մասնակի։
Լոռու մարզի 130 բնակավայրից կոյուղու ցանց ունի միայն 20-ը, որոնցից 1-ը չի գործում, մասնակի ցանց ունի 10-ը:
Կոտայքի մարզի 67 բնակավայրերից կոյուղու ցանց ունի միայն 32-ը։
Վայոց ձորի մարզի 55 բնակավայրերից կոյողու ցանց ունեն միայն Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքային բնակավայրերը։
Սյունիքի մարզի 138 բնակավայրից կոյուղու ցանց ունի միայն 22-ը։
Տավուշի մարզի 62 բնակավայրից կոյուղու ցանց ունի միայն 9-ը (Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան, Այրում, Ազատամուտ, Այգեպար, Կողբ և Հաղթանակ), 13 բնակավայրում կատարվում է մասնակի ջրահեռացում:
Շիրակի մարզի 138 բնակավայրից կոյուղու ցանց ունի շուրջ 30-ը, 1-ը՝ մասնակի։ Սակայն հարկավոր է նշել, որ Գյումրի խոշորացված համայնքից տեղեկություն չի հաղորդվել:
Գեղարքունիքի մարզի 98 բնակավայրից կոյուղու ցանց ունի 8-ը (Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս և Ճամբարակ քաղաքային բնակավայրերը, Վարդենիկ, Ծովասար և Վահան գյուղական բնակավայրերը):
Արագածոտնի մարզի 121 բնակավայրից կոյուղու ցանց ունի շուրջ 4-ը, 7-ը՝ մասնակի։ Ապարան խոշորացված համայնքը տեղեկություն չի հաղորդել:
Սակայն, համայնքներում կոյուղու առկայությունը դեռևս չի նշանակում, որ դրանք լավ վիճակում են և աշխատում են անխափան. մարզերի մեծ մասում կոյուղու խողովակները մաշված են, ունեն նորոգման կամ հիմնանորոգման կարիք, ինչպես, օրինակ, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերը։
ՏԿԵՆ Ջրային կոմիտեից ստացված տեղեկության համաձայն՝ 2020, 2021, 2022 թվականներին այս ընկերության կողմից սպասարկվող բնակավայրերում ջրահեռացման համակարգերի բարելավմանն ուղղված աշխատանքների իրականացման նպատակով, պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի շրջանակում իրականացվել են շուրջ 400 մլն դրամի աշխատանքներ։
«Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանն ասում է՝ այս ընկերության կողմից սպասարկվող շուրջ 400 բնակավայրի գերակշիռ մասն ունի ջրահեռացման համակարգեր։ Ջրահեռացման համակարգերը հիմնականում բացակայում են փոքր գյուղական համայնքներում, որոնցից ընկերությունը գանձում է միայն ջրամատակարարման մատուցած ծառայության դիմաց։ Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում առկա են կոյուղու համակարգ չունեցող բաժանորդներ: Երևան քաղաքում հավաքվում և մաքրվում են քաղաքի բաժանորդների 96,7 տոկոսի կողմից արտանետվող կեղտաջրերը:
«Երևան քաղաքի վարչական շրջանների կոյուղատարները հիմնականում գտնվում են տեխնիկապես բավարար վիճակում, իսկ ջրահեռացման համակարգի որոշ հատվածներ, որոնք հաճախակի վթարվում են, փոխարինվում են շահագործող ընկերության կողմից՝ յուրաքանչյուր տարի իրականացվող պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի շրջանակում»,- ասում է Մարիաննա Շահինյանը։
«Վեոլիա ջուր» ընկերությունից ստացած տեղեկության համաձայն՝ Երևանում ըստ անհրաժեշտության կատարվում են կոյուղագծերի վթարավերականգնողական և առկա խցանումների բացման աշխատանքներ: 2022-ին ձեռք են բերվել փոքրածավալ համալիր սարքավորումներ, որոնցով հնարավոր է դարձել սկսել կոյուղագծերի պրոֆիլակտիկ սպասարկումը՝ խցանումները կանխարգելելու նպատակով:
«Մասնավորապես, հաճախակի խցանումներ արձանագրած 75 հասցեների 3460 գծմ ընդհանուր երկարությամբ կոյուղագծերում կատարվել են պրոֆիլակտիկ մաքրման աշխատանքներ, որի շնորհիվ այդ հասցեներում խցանումների վերաբերյալ գրանցված կանչերն էականորեն նվազել են»,- վստահեցնում է Շահինյանը։
Նա ընդգծում է՝ վարձակալության պայմանագրի իրականացման տարիներին (2017-2023 թվականներին) կեղտաջրերի՝ խմելու ջրին խառնման դեպք չի արձանագրվել: Ընկերությունը ժամանակին կատարում է կոյուղու զննման, վթարային հատվածների հայտնաբերման, դրանց վերակառուցման կամ փոխարինման կանխարգելիչ աշխատանքներ: Միայն 2022-ին վերակառուցվել և փոխարինվել են 5954 մետր ընդհանուր երկարությամբ կոյուղագծեր, մաքրվել են 247 դիտահորեր, նորոգվել են 67 դիտահորեր:
«Կոյուղու համակարգում կան մաշված, վերակառուցման և փոխարինման կարիք ունեցող հատվածներ, որոնք դասակարգվում են ըստ առաջնահերթության, նախատեսվում և իրականացվում են շինարարական աշխատանքների տարեկան ծրագրերով՝ ֆինանսական հնարավորությունների շրջանակներում աստիճանաբար ներառելով ընկերության սպասարկման ողջ տարածքը»,- եզրափակում է Շահինյանը։
Կոյուղի չունեցող դպրոցներ
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2021-2022 թվականների ուսումնական տարում Հայաստանի 1354 պետական դպրոցներից 135-ում, որտեղ ուսանում է ավելի քան 12.500 աշակերտ և աշխատում շուրջ 1580 ուսուցիչ, չկա կոյուղու համակարգ:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակման համաձայն՝ 2021-2022 ուսումնական տարում Հայաստանի 70 դպրոցում (ընդհանուր դպրոցների 5 տոկոս), որոնք ունեն ավելի քան 4000 աշակերտ (1 տոկոս) և մոտ 600 ուսուցիչ (1,6 տոկոս), չկա խմելու կամ լվացվելու ջուր։ Իսկ ավելի քան 50 դպրոցներում սովորող գրեթե 3600 աշակերտ (0,9 տոկոս) և 500 ուսուցիչ (1,3 տոկոս) չունի ո՛չ սանիտացիայի պայմաններ, ո՛չ էլ ջուր:
Մարդ և օրենք
Մարդու իրավունքների պաշտպանությունը խնամքի հաստատություններում
Սեռական բռնությունից մինչև արհամարհանք, սանիտարահիգիենիկ պայմանների բացակայություն, կրթության խոչընդոտներ ու մարդու իրավունքների արձանագրված այլ խախտումները խնամքի հաստատություններում հրատապ լուծումներ են պահանջում, սակայն, արդյոք պետությունը զբաղվում է դրանց լուծմամբ, անդրադառնում է Սոնա Մարտիրոսյանը։
Read moreԱռողջության համապարփակ ապահովագրության հայաստանյան տեսլականը
Որակյալ բուժօգնության հասանելիությունը մարդու հիմնարար իրավունքն է, սակայն Հայաստանում շատերի համար այն շարունակում է մնալ անհասանելի շքեղություն: Բուժման չափազանց մեծ ծախսերը հոգալ չկարողանալու պատճառով շատ ընտանիքներ պարզապես աղքատանում են։
Read moreԿանանց զինծառայություն. որտեղ և ինչպես
Իգական սեռի քաղաքացիներին կամավոր սկզբունքով պարտադիր զինվորական ծառայության մեջ ընգրկելուն անդրադարձող օրինագիծը քննարկումների առիթ է դարձել։ Ի՞նչ է այն ենթադրում, որտե՞ղ և ինչպես են ծառայելու կանայք, ի՞նչ վտանգներ ու խնդիրներ կարող են առաջանալ, անդրադառնում է Արփինե Սիմոնյանը։
Read moreԱշխատանքային օրենսգրքի նոր կարգավորումներն ու լուծումները
Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից 122-ում նախատեսված են փոփոխություններ, որոնց նպատակն է որոշ դրույթների համապատասխանեցումը Սահմանադրությանն ու միջազգային փաստաթղթերին, օրենսդրական բացերի ու հակասությունների վերացումը, ինչպես նաև նոր համակարգերի ներդրումը։
Read moreԷլեկտրոնային շղթաներ՝ ընտանեկան բռնությունը կանխելու համար
Ընտանեկան բռնության կանխարգելման նպատակով Ազգային ժողովը օրենսդրական նոր կարգավորում է ներկայացրել, սակայն, թե որքանով այն կծառայի իր նպատակներին, ներկայացնում է Աստղիկ Կարապետյանը։
Read moreԲազմաբնակարան շենքերի կառավարման նոր պահանջները
Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների աշխատանքն առավել արդունավետ դարձնելու նպատակով նախատեսվում են փոփոխություններ։ Թե ինչ են ենթադրում օրենքում կատարված փոփոխությունները, երբ ու ինչպես են իրականացվելու, ներկայացնում է Արփինե Սիմոնյանը։
Read moreԲուժաշխատողների հավաստագրում. այլևս պարտադիր
Տարիներ առաջ ներդրված բուժաշխատողների հավաստագրման համակարգը 2023-ից պարտադիր է դարձել, թե ինչ այն ենթադրում ու ինչ նպատակ ունի, մեկնաբանում է Աստղիկ Կարապետյանը։
Read moreՉգրանցված աշխատանք, կորսված հարկեր, զիջված իրավունքներ
Վերջին երեք տարիներին աշխատողներին չգրանցելու փաստով արձանագրված դեպքերը շատացել են։ Ի հեճուկս բազմաթիվ օրենսդրական կարգավորումներին ու հսկող գործիքակազմերին, չգրանցված աշխատանքը դեռևս արդիական խնդիր է։
Read moreՊետական աջակցությունն անպտղության դեմ պայքարում
Պետությունը շարունակաբար ընդլայնում է անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագրերը, սակայն արդյոք դրանք բավարար հասցեական են։
Read more