Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր
Չնայած մի շարք օրենսդրական կարգավորումներին ու պահանջներին` Հայաստանում աշխատանքի ընդունման, գրանցման կարգը դեռևս շարունակում է խնդրահարույց մնալ՝ միլիոնավոր դրամների վնաս հասցնելով պետությանը, իսկ աշխատակիցներին զրկելով հարկ եղած դեպքում օգտվել իրենց իրավունքներից։
Հայաստանում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Աշխատանքային օրենսգրքով, որի 14-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով: 102-րդ հոդվածի համաձայն՝ առանց վերոնշյալ կարգերով իրականացվող աշխատանքը համարվում է անօրինական:
ՀՀ հարկային օրենսգրքի 412-րդ հոդվածով էլ յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար գործատուից գանձվում է 250.000 դրամի չափով տուգանք:
Կարգազանցները
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը հայտնում է, որ հարկային մարմինը պարբերաբար ստանում է բողոքներ այս կամ այն հարկային իրավախախտումների վերաբերյալ, այդ թվում` աշխատողին օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցելով պայմանավորված։ Միաժամանակ, վարչական պատասխանատվություն է նախատեսված առանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելու համար, որի մասով վարչական տույժ նշանակում է առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը։
Աշխատանքային իրավունքների պահպանման ապահովման նպատակով 2017-ին Հայաստանի կառավարության որոշմամբ ստեղծված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Էրիկ Աստվածատրյանը նշում է՝ տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում «Ստուգումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների տարեկան ծրագրով, ՀՀ կառավարության կողմից հաստատված ստուգաթերթերով, ինչպես նաև քաղաքացիների դիմումների և տեսչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթներով։
Ըստ այդմ՝ տեսչական մարմնի կողմից աշխատանքային իրավունքների խախտման դեպքերի առնչությամբ 2020-ին հարուցվել է 98 վարչական վարույթ, որից 6-ը վերաբերել է աշխատանքային պայմանագրի կնքման կարգը չպահպանելուն։ 2021-ին հարուցվել է 533 վարչական վարույթ (տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ 256, դիմումի հիման վրա՝ 277): Հարուցված վարչական վարույթներից 241-ը վերաբերել է աշխատանքային պայմանագրի կնքման կարգը չպահպանելուն, այդ թվում՝ 157-ը հարուցվել է ՊԵԿ-ից ստացված գրությունների և արձանագրությունների հիման վրա։ Տնտեսավարող սուբյեկտների և դրանց ծառայողների նկատմամբ որպես պատասխանատվության միջոցներ ընդունվել է տույժ նշանակելու մասին 88 որոշում։
2022-ին հարուցվել է 1245 վարչական վարույթ (տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ 876, դիմումի հիման վրա՝ 369), որից 861-ը վերաբերել է աշխատանքային պայմանագրի կնքման կարգը չպահպանելուն։ Հարուցված վարչական վարույթներից 729-ը հարուցվել են ՊԵԿ-ից ստացված գրությունների և արձանագրությունների հիման վրա։ Տնտեսավարող սուբյեկտների և դրանց ծառայողների նկատմամբ որպես պատասխանատվության միջոցներ ընդունվել է 618 որոշում՝ տույժ նշանակելու մասին։
Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն՝ հարկային մարմնի կողմից իրականացված ստուգումների միջոցով տարբեր ոլորտներում արձանագրվել է՝ 2020-ին 825 հարկ վճարողի մոտ 842 դեպքով 1756 չգրանցված աշխատող, 2021-ին 1163 հարկ վճարողի մոտ 1188 դեպքով 2200 չգրանցված աշխատող, 2022-ին 1410 հարկ վճարողի մոտ 1441 դեպքով 2326 չգրանցված աշխատող։
2020-2022 թվականների արդյունքներով օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողի աշխատանքի ընդունումը չգրանցելու փաստով չգրանցված աշխատողների մասով առավել շատ խախտումներ արձանագրվել են հետևյալ ընկերություններում. 2020-ին՝ «Իջ գրանդ տեքստիլօպտ», «Մարալ-Կ», «Պիցցա տաշիր», «Չեխ-Արմ-Ինվեստ», 2021-ին՝ «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան», «Կլուբնիչնայա պոլյանա», «Արշակ Վարդանյան», «Սոֆթ թրեյդ», 2022-ին՝ «Իտեքս», «Ար-Արտ տեքս», «Հասմիկ Գեղամյան», «Վարշամ»։
ՊԵԿ-ի տրամադրած տեղեկության համաձայն՝ աշխատողներին չգրանցելու դեպքեր կան նաև խոշոր հարկ վճարողների շրջանում։ 2022-ի ընթացքում խոշոր հարկ վճարողներից աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու ամենաշատ փաստեր արձանագրված ընկերությունների առաջին տասնյակը հետևյալն է․ «Դուստր Մարիաննա» (խոշոր հարկատուների ցուցակում 103-րդն է, գտնվում է Երևանում), «Էյ Դի Էյ Թեք» (123-րդն է, գտնվում է Երևանում), «Սթիլ Կոնցեռն» (172-րդն է, գտնվում է Կոտայքում), «Ոսկե Ագա» (256-րդն է, գտնվում է Երևանում), «Տիգրան Մեծ» հրատարակչություն (469-րդն է, գտնվում է Երևանում), «Էսթինգ» (394-րդն է, գտնվում է Երևանում), «Սպարտ» (475-րդն է, գտնվում է Սյունիքում), «Սահակյանշին» (445-րդն է, գտնվում է Երևանում), «Վարդգես Գրիգորյան Բայենդուրի» (688-րդն է, գտնվում է Արարատում), «Դուստր Անգելինա» (664-րդն է, գտնվում է Կոտայքում)։
«2020, 2021, 2022 թվականների ընթացքում աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու փաստով ակտերով արձանագրվել և հարկ վճարողների նկատմամբ 2020-ին սահմանվել է 442 մլն 470 հազար դրամ, 2021-ին՝ 549 մլն 810 հազար դրամ, իսկ 2022-ին՝ 581 մլն 500 հազար դրամ տուգանք»,- նշում է ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը։
2020-2022 թվականների ընթացքում աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու համար ամենամեծ չափով տուգանք վճարած ընկերությոնների ցանկը հետևյալն է․ 2020-ին՝ «Իջ գրանդ տեքստիլօպտ»՝ 27 մլն դրամ, 2021-ին՝ «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան»՝ 14 մլն դրամ, 2022-ին՝ «Իտեքս»՝ 13 մլն 750 հազար դրամ։
«Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցելու փաստեր 2022-ի ընթացքում հիմնականում արձանագրվել են մանրամեծածախ առևտրի, հանրային սննդի կազմակերպման, սննդամթերքի արտադրության, շինարարության ոլորտներում»,- նշում է Թամազյանը։
Ի դեպ՝ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկների համաձայն` հարկման բազա ունեցող (եկամուտ ստացող) անձանց միջին ամսական թվաքանակը 2020-ին կազմել է 609.469, 2021-ին՝ 635.748, 2022-ին՝ 672.187։
Պատճառներն ու հնարավոր լուծումները
Փաստաբան Սոսե Չանդոյանն ասում է՝ գործատուի կողմից աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր չկնքելը տարածված երևույթ է, որով փորձում են խուսափել օրենքով սահմանված կարգով և չափով հարկեր վճարելուց:
«Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի և «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ գործատուն պարտավորվում է յուրաքանչյուր գրանցված աշխատողի աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից հաշվարկել, պահել և պետական բյուջե փոխանցել եկամտային հարկ` 20 տոկոս և սոցիալական վճար 5 տոկոս: Այս ամենին գումարվում է նաև դրոշմանշային վճարը, որն էլ հաշվարկվում է ըստ աշխատավարձի չափի»,- ասում է փաստաբանը՝ բացատրելով, որ գործատուն, աշխատողի հետ չկնքելով աշխատանքային պայմանագիր, ինքն իրեն ազատում է վերոնշյալ հարկերը վճարելուց և արդեն նաև որպես հարկային գործակալ չի կատարում իր վրա դրված մի շարք պարտավորություններ։ Ըստ փաստաբանի՝ այս գործընթացը երբեմն իրականացվում է աշխատողի հետ փոխհամաձայնությամբ՝ չվճարվող հարկերի որոշակի հատվածն աշխատողին վերադարձնելու խոստումով:
Շուրջ 11.6 տոկոս գործազրկության ու ավելի քան 26.5 տոկոսանոց աղքատություն ունեցող Հայաստանում, փաստացի, շատերը գերադասում են լռել և պարզապես ունենալ աշխատանք՝ թեկուզ առանց գրանցման ու հավելյալ իրավունքների։
30-ամյա Ամալյան պատմում է` երբ աշխատանք փնտրելու երկար փորձերից հետո ի վերջո բանավոր պայմանավորվածությամբ, առանց պայմանագրի աշխատանքի է ընդունվել դասապատրաստում անցկացնող կենտրոնում, թեև գիտակցել է, որ խախտվում են իր իրավունքները, սակայն որոշել է լռել։
«Այլ ելք չկար, ես ընտրության հնարավորություն չունեի։ Հազիվ էի աշխատանք գտել, չէի կարող պնդել, որ ինձ գրանցեին, քանի որ կարող էի կրկին գործազուրկ դառնալ,- պատմում է Ամալյան՝ հավելելով, թե երբեք չի մտածել դիմել որևէ պատկան մարմնի՝ իր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար՝ չցանկանալով դատական քաշքշոցի մեջ հայտնվել,- պատկան մարմինների աշխատողները պետք է պաշտպանեն աշխատողների իրավունքները, պետք է ստուգումներ իրականացնեն, քանի որ աշխատողներն այս հարցում, իսկապես, անպաշտպան են»։
29-ամյա Քրիստինան, որ նույնպես աշխատելով մասնավոր հատվածում երբեք չի ունեցել և չի պահանջել գրանցում ու աշխատանքային պայմանագիր, ևս կարևորում է աշխատանքի շուկայի նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմինների դերը։ Բացի այդ` նա նշում է նաև մեկ այլ երևույթի մասին էլ, երբ գործատուն թեև որոշում է գրանցել աշխատողին, սակայն պայմանագրում չի նշում աշխատավարձի իրական չափը։
«Իմ փորձից կարող եմ ասել՝ հավատացե՛ք, աշխատող քաղաքացիների գոնե մեծ մասը չէր հանդուրժի, որ իր իրավունքները ոտնահարեին, եթե մեր աշխատաշուկան այսպիսի վիճակում չլիներ։ Աշխատանք գտնելը դժվար է․ մարդիկ վախենում են, որ հազիվ գտած աշխատանքն էլ կկորցնեն ու գործազուրկ կդառնան, ուստի նախընտրում են աշխատել ու վաստակել, թեկուզ չգրանցված։ Այդպես հարմարվում են ու լռում»,- ասում է Քրիստինան։
Բացի դժվար գտնվող աշխատանքը կորցնելու վախը, ըստ փաստաբան Սոսե Չանդոյանի, խախտված իրավունքների վերականգնման պահանջով դատարան չդիմելու պատճառներից է նաև դատարանների ծանրաբեռնվածությունը։ Սակայն փաստաբանը վստահեցնում է, որ համեմատական անցկացնելով նախորդ տասը տարիների հետ՝ աշխատանքային վեճերով դատական հայցերի թիվը նկատելիորեն աճել է:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը նշում է՝ եթե դատական կարգով հաստատված է, որ աշխատողի և գործատուի միջև գոյություն ունեն (գոյություն են ունեցել) փաստացի աշխատանքային հարաբերություններ, ապա աշխատանքային հարաբերությունները ծագում են այն օրվանից, երբ աշխատողը փաստացի անցել է աշխատանքի:
«Աշխատողը աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը հաստատելու նպատակով իրավունք ունի դիմելու դատարան փաստացի աշխատանքային հարաբերությունների գոյության ժամանակահատվածում, նաև փաստացի աշխատանքային հարաբերությունները դադարելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: Դատարանի օրինական վճռով գործատուի և աշխատողի միջև փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայության փաստի հաստատումը չի ազատում գործատուին օրենքով սահմանված պատասխանատվությունից»,- մանրամասնում է Մանուչարյանը։
Չգրանցված աշխատանք ունեցողների խնդիրներն առավել ցցուն արտահայտվեցին կորոնավիրուսի համավարակի ընթացքում, երբ կիրառված սահմանափակումներից հետո պետությունը մի շարք հրատապ միջոցառումներ ձեռնարկեց համավարակի առաջացրած սոցիալ-տնտեսական բացասական իրավիճակը մեղմելու համար, որոնք, սակայն, չէին ընդգրկել ոչ ֆորմալ աշխատանք ունեցողներին։
«Չգրանցված աշխատողների կարիքներն ու խնդիրները Հայաստանում և դրանց սրացումը՝ պայմանավորված ՔՈՎԻԴ-19 համավարակով» հետազոտության համաձայն՝ ամբողջ աշխարհում աշխատողների 61 տոկոսը, իսկ միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում աշխատողների 70 տոկոսն աշխատում են ոչ ֆորմալ դաշտում, այսինքն՝ առանց աշխատանքային պայմանագրի, ինչը նշանակում է, որ նրանք զրկված են աշխատանքային և սոցիալական պաշտպանության իրավունքից։
Ըստ հետազոտության՝ Հայաստանում վիճակագրություն չկա չգրանցված աշխատողների թվի, ինչպես նաև ոլորտային բաշխվածության վերաբերյալ: Վիճակագրական կոմիտեն առաջին, առայժմ նաև միակ անգամը ոչ ֆորմալ զբաղվածության ուսումնասիրությունն իրականացրել է 2008-ին, ըստ որի՝ ոչ ֆորմալ զբաղվածությունը (չգրանցված աշխատանք) կազմել է 51.8 տոկոս, որից ոչ գյուղատնտեսական ոլորտում` 29.1 տոկոսը։
«Մարդիկ միգուցե գրանցված չեն, հարկեր չեն վճարում, բայց այն եկամուտը, որ իրենք աշխատում են, ծախսում են, առևտուր են անում, տարբեր կրթական, առողջապահական և այլ ծառայություններից են օգտվում և այլն: Ուստի նրանց ունեցած չգրանցված եկամուտը վերադառնում է տնտեսություն այլ ձևով, օրինակ՝ ապրանքների գնման դեպքում ԱԱՀ և այլն: Այսինքն՝ մասնակցում են տնտեսական կյանքին և իրենց անտեսելն ու դուրս թողնելն այն հիմնավորումով, թե նրանք հարկեր չեն վճարում ու իրենք են մեղավոր, որ գրանցված չեն, խնդրահարույց է։ Իհարկե, գործատուն ավելի շատ լծակներ ունի և եթե աշխատանքի հավակնորդը գրանցվելու պահանջներ ներկայացնի, գործատուն աշխատանքի կընդունի մեկ այլ հավակնորդի»,- նշվում է հետազոտության մեջ:
Սոսե Չանդոյանի կարծիքով՝ չգրանցված աշխատանքի խնդրից խուսափելու համար հարկավոր է որոշակի փոփոխություններ մտցնել հարկային օրենսգրքում՝ թոթափելով հարկատուի հարկային բեռը:
«Ամենևին չցանկանալով ստանձնել օրենքը շրջանցող, խախտող գործատուների փաստաբանի գործառույթը, այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ միայն գրագետ հարկային քաղաքականություն մշակելով և նոր գործիքակազմի կիրառությամբ հնարավոր կլինի ստվերը կրճատել, հակառակ պարագայում՝ մշտապես օրակարգային է մնալու գործատուների կողմից չգրանցված աշխատողների օրինական ձևակերպման հարցը»,- ասում է փաստաբանը։
Չանդոյանը հիշեցնում է՝ աշխատանքային օրենսգրքում հստակ սահմանված են այն նորմերը, որոնք կարգավորում են գործատու-աշխատող իրավահարաբերությունները, ու աշխատողներին կոչ անում տեր կանգնել իրենց իրավունքներին։
Տեսեք նաեւ
Ռազմական դրություն․ արդարացում՝ սահմանափակումների համար
Ռազմական դրության մասին օրենքում նախատեսված փոփոխությունները խնդրահարույց հարցեր են առաջացրել։ Ի՞նչ վտանգներ են տեսնում մասնագետները, ներկայացնում է Արփինե Սիմոնյանը։
Read moreՊետական աջակցությունն անպտղության դեմ պայքարում
Պետությունը շարունակաբար ընդլայնում է անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագրերը, սակայն արդյոք դրանք բավարար հասցեական են։
Read moreԳործող հարկատեսակներ և նախատեսվող փոփոխություններ
Որո՞նք են հարկման հիմնական տեսակները Հայաստանում, ի՞նչ փոփոխություններ են նախատեսված հարկային դաշտում ու ի՞նչ խնդիրների են բախվում հարկատուները, ներկայացնում է Արփինե Սիմոնյանը։
Read moreՀՀ քաղաքացիություն․ ովքեր և ինչպես են ստանում
Ի՞նչ հիմքով, ի՞նչ ընթացակարգով են դառնում Հայաստանի քաղաքացի, ի՞նչ խնդիրների են բախվում քաղաքացիություն ստանալիս ու ինչ փոփոխություններ են նախատեսված, պարզաբանում է Աստղիկ Կարապետյանը։
Read moreՆոր օրենք․ զենքի ձեռքբերման ազատականացու՞մ, թե՞ խստացում
Հայաստանում ընդունվել է զենքի շրջանառությանը վերաբերող նոր օրենք։ Աստղիկ Կարապետյանն ուսումնասիրել է օրենքի ռիսկերը, վտանգներն ու առավելությունները։
Read moreՀակակոռուպցիոն դատարան. արդարադատության նոր ճակատ
Կոռուպցիոն գործերի քննության համար նախատեսված մասնագիտացված դատարանը սկսել է իր գործունեությունը։ Արաքս Մամուլյանը ներկայացնում է, թե ինչ է սպասվում, ովքեր են լինելու որոշում կայացնողները, անդրադառնում՝ դատարանի արդյունավետությանն ու խնդիրներին։
Read more«Խելացի» անասնաշենքեր՝ ոչ այնքան խելացի հաշվարկներով
Հայաստանի կառավարության նախաձեռնած ծրագիրը, որի նպատակն է ավելացնել կենդանիների կաթնատվությունն ու մթերատվությունը, նախատեսվածից ավելի պակաս հետաքրքրություն է առաջացրել։
Read moreԱնձնական օգնական՝ հաշմանդամություն ունեցող անձանց
Պետությունը ներդնում է հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ինստիտուտը։ Աստղիկ Կարապետյանն անդրադառնում է, թե ինչ նպատակներ ունի այն, որքանով է անհրաժեշտ ու իրատեսական։
Read more