Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր
Կարծիք արտահայտելու սահմանափակում, տպագրող, ռադիոհեռարձակող և այլ սարքերի ժամանակավոր առգրավում կամ կալանք, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգ, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնների սահմանում․ զանգվածային լրատվամիջոցներին առնչվող այս և այլ սահմանափակումները նախատեսվում են «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով։
Ինչպես սահմանվում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով՝ ռազմական դրությունը բացառապես Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում իրականացվող ժամանակավոր միջոցառում է, որի դեպքում սահմանվում է տարբեր կառույցների գործունեության հատուկ իրավական ռեժիմ և թույլատրում է մարդկանց իրավունքների և ազատությունների որոշակի սահմանափակումների և լրացուցիչ պարտավորությունների սահմանում:
Արդարադատության նախարարության կողմից ներկայացված փոփոխությունների նախագծի համաձայն՝ առաջարկվող իրավակարգավումները միտված են ռազմական դրության իրավական ռեժիմի առավել արդյունավետ կանոնակարգմանը.
«ՀՀ զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ դիմակայել զինված հարձակմանը կամ կանխել դրա անմիջական վտանգը, ինչպես նաև ապահովել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում»։
Արդարադատության նախարարությունից պարզաբանում են, որ 2020-ի Արցախյան պատերազմից, այնուհետև 2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծած ագրեսիայի ընթացքում ի հայտ են եկել օրենսդրական խնդիրներ՝ տեղեկատվական անվտանգության ապահովման համար, եղել է զգայուն տեղեկատվական հոսքերի անվերահսկելի շրջանառություն, ինչով էլ պայմանավորված նախաձեռնվել են օրենսդրական փոփոխությունները՝ միտված պետական անվտանգության, հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությանը։
Հատկանշական է, որ նախագիծը հանրային քննարկման է ներկայացված եղել 2022-ի դեկտեմբերի 22-ից մինչև 2023-ի հունվարի 6-ը։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ մշակման ընթացքում շահագրգիռ կողմերի հետ պատշաճ քննարկումներ չեն եղել.
«Դրվել է քննարկման փաստացի Նոր տարվա արձակուրդների ընթացքում, այսինքն, ակնհայտ երևում է, որ օրինագիծն արագ, ծածուկ անցկացնելու միտում կա»:
Անորոշ ձևակերպումներ, թերի կարգավորումներ
Փաստաբան Դավիթ Ասատրյանի դիտարկմամբ՝ նախատեսվող փոփոխությունները, ըստ էության, չեն հակասում Սահմանադրությանը։ Մասնավորապես, նախագծով հղում է արվում Սահմանադրության 76-րդ հոդվածին, որով թույլատրվում է հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներ՝ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ։
«Պետությունն ասում է, որ ես ռազմական դրության ժամանակ կսահմանափակեմ ԶԼՄ-ներին, ինտերնետ հասանելիությունը, սոցցանցերը և այլն: Այս մասով համապատասխանում է Սահմանադրությանը։ Սակայն նախագիծն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ մի շարք կարգեր պետք է ընդունվեն, թե ինչ ձևով են դա անելու՝ այստեղ են թաքնված լինելու հիմնարար իրավունքների խախտման խնդիրները»,- ասում է փաստաբանը:
Փոփոխությունների նախագծով նախատեսվում է նաև հեռուստատեսությամբ հեռարձակվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակության սահմանափակում՝ ապահովելով բացառապես ռազմահայրենասիրական բովանդակությամբ հեռուստաֆիլմերի ու հաղորդաշարերի ցուցադրումը և տեղեկատվության տարածումը:
Մասնագետներին հատկապես խնդրահարույց է թվում այս՝ ռազմահայրենասիրական բովանդակությանը վերաբերող դրույթը։
«Ի՞նչ է ռազմահայրենասիրականը,- հարց է տալիս Սամվել Մարտիրոսյանը,- Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող պատասխանել, շատ սուբյեկտիվ տերմին է, մեկի համար կարող է «Վարդանանքը» լինել ռազմահայրենասիրական, մյուսի համար՝ ոչ, հիմա ո՞նց է որոշվելու: Բացարձակ անորոշ իրավաբանական մեխանիզմ է ստեղծվում: Իսկ երբ ստեղծում ես անորոշություն, փաստացի ստեղծում ես հնարավորություն օրենքը կիրառել կամայական ձևով»:
Դավիթ Ասատրյանը նշում է, որ անհասկանալի է, թե ինչպես են մի շարք հարցեր կարգավորվելու, օրինակ՝ պետությունն ինչպե՞ս է պարտավորեցնելու, որ անձն իր յութուբյան ալիքով տարածի ռազմահայրենասիրական բովանդակությամբ հեռուսատաֆիլմեր, հաղորդաշարեր կամ տեղեկատվություն․
«Այո՛, կարող են սահմանափակել, բայց կարո՞ղ են փոխել կամ այլ տեղեկատվություն տարածելու մասին պարտավորեցնել անձին»:
Փաստաբանը մեկ այլ հարց է տալիս՝ եթե լրատվամիջոցի գործունեությունը սահմանափակում են, անձը ինչպե՞ս է բողոքարկում որոշումը․ արդյոք դատարան դիմելու և տարիներով դատավարության ավարտին սպասելու փոխարեն կարող է լինել արտադատական կարգով հարցը լուծելու մեխանիզմ։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով, ընդհանուր առմամբ, պարզ չէ, թե որ դեպքերում են լինելու համացանցի սահմանափակումները, կայքերի կամ հավելվածների արգելափակումները՝ ում որոշմամբ և ինչ հիմքով․
«Որևէ հստակ բան չկա գրված նախագծում: Ենթադրվում է, որ սա արվում է ազգային անվտանգության համար, բայց ոչ մի երաշխիք չկա, որ դա չի արվի, օրինակ՝ ներքին քաղաքական հարցերից ելնելով, չի արվի, որ թաքցվի, օրինակ՝ կառավարության կամ բանակի ձախողումները»:
Մարտիրոսյանը՝ ներկայացնելով տեղեկատվության ազատության սահմանափակման տարածաշրջանի երկրների փորձը, նշում է, որ օրինակ՝ Թուրքիայում գործում են բազմաթիվ տարբեր տիպի սահմանափակող գործիքներ՝ արտադատարանական միջոցառումներից սկսած մինչև դատական որոշումներ։ Իրանում համընդհանուր սահմանափակումների հայեցակարգ կա և համացանցային աղբյուրների զգալի մասն արգելափակված է։ Ադրբեջանում սահմանափակումները մշտական բնույթ ունեն և բազմաթիվ լրատվականներ արգելափակված են, իսկ ռազմական դրության ժամանակ փակվում են նաև սոցիալական ցանցերը.
«Բայց մենք գործ ունենք բռնապետական ռեժիմների հետ, մեր դեպքում այդպես չէ, բայց խնդիրն այն է, որ, փաստացի, օրենքի շրջանցումով մեզ մոտ հենց հիմա էլ կան սահմանափակումներ: Հենց հիմա ադրբեջանական մի շարք լրատվականներ Հայաստանում արգելափակված են, ընդ որում՝ ոչ ոք իրավասու չէ դա անելու, բայց արել է: Վրաստանն այս առումով ամենալիբերալն է»:
Դասե՞ր անցյալից
«Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ տնօրեն, մեդիափորձագետ Արթուր Պապյանի կարծիքով՝ գործ ունենք շատ կարևոր իրավունքի՝ խոսքի ազատության իրավունքի սահմանափակումների հետ.
«Ունենք վատ փորձ, երբ իշխանություններն իրականացրել են արգելափակումներ քովիդի շրջանում՝ 2020 թվականի մայիսի 16-ից սկսած: Երբ կար որոշում ու այդ որոշումն իրականացնում էր ոստիկանությունը, որը չուներ համապատասխան կարողություններ»։
Ըստ Պապյանի՝ նման պատկեր է եղել նաև 2020-ի Արցախյան պատերազմի օրերին․
«Հանրային հեռուստաընկերությամբ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսներ կային և չկար այլընտրանքային տեղեկատվության հնարավորություն, տեսանք՝ քաղաքացիները մոբիլիզացիային պասիվ էին մասնակցում, մտածում էին, որ գործերը լավ են, ինչի համար զենք վերցնեն, ընդամենը ֆեսբուքյան խմբեր կստեղծեն, կօգնեն, դա բավական է»:
Նշենք, որ 2020-ին արտակարգ դրություն էր հայտարարվել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, այնուհետև՝ ռազմական դրություն՝ պատերազմի ժամանակ։
Արթուր Պապյանը դիմել է Ազգային անվտանգության ծառայություն՝ խնդրելով պարզաբանել, թե 2020-ի պատերազմի օրերին ինչպես և ինչ սկզբունքով են սահմանափակումները կատարվել․
«ԱԱԾ-ն պարզապես չի կարողացել պատասխանել, թե ինչու, ինչպես է որոշվել, թե կոնկրետ ինչը պետք է արգելափակվի: Ինչու է ՏիկՏոկն արգելափակվել, իսկ Տելեգրամը՝ ոչ»:
Երկար տարիներ իրավական ոլորտը լուսաբանող լրագրող Ռուզան Մինասյանը նշում է, որ պատերազմի օրերին, երբ լրագրողներն իրենց մասնագիտական պարտքն էին կատարում՝ իրենց կյանքը, առողջությունը վտանգելով, մի շարք լրատվամիջոցների դռներ բացում էին ոստիկանները՝ տուգանելու համար։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցի համաձայն՝ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ընթացքում արձանագրվել է 32 դեպք, երբ ոստիկանությունը լրատվամիջոցներից ու լրագրողներից պահանջել է հեռացնել հրապարակումներն ու գրառումները։ Նախատեսված էին նաև տուգանքներ, սակայն դրանք չկիրառվեցին։ Իսկ ռազմական դրության ժամանակ 13 լրատվամիջոց ենթարկվել է տարբեր չափի վարչական տուգանքների։ Թե որ լրատվամիջոցներն են դրանք, ՀՀ ոստիկանությունն այդպես էլ չի հայտնել՝ պատճառաբանելով, որ այդ տեղեկություններն անձնական տվյալներ են, որոնք պաշտպանված են օրենքով։
«Ես հիշում եմ, որ 13 լրատվամիջոց տուգանվեց 700.000-ական դրամի չափով, իսկ 1.5 միլիոն դրամ էլ՝ ռազմական դրությամբ պայմանավորված սահմանափակումները խախտելու համար: Այնուհետև, 24-ից ավելի լրատվամիջոցներ հայտարարություն տարածեցին, որին հետևեց մարդու իրավունքների պաշտպանի դիմումը Սահմանադրական դատարան: Հիշում եմ նաև, որ ԱԺ-ն 2020-ի հոկտեմբերին արտահերթ նիստ գումարեց և օրենք ընդունեց՝ տուգանքներ և քրեական պատասխանատվություն՝ խուճապ տարածելու համար»,- պատմում է Ռուզան Մինասյանը։
Հատկանշական է, որ այս նախագիծը ոչ միայն բավականին քննադատվեց տեղական կազմակերպությունների ու փորձագետների կողմից, այլև դրան արձագանքեց նաև Լրագրողների պաշտպանության կոմիտեն (Committee to Protect Journalists-CPJ).
«Հայաստանի իշխանությունները չպետք է ռազմական հակամարտություններն օգտագործեն որպես պատրվակ մամուլի ազատությունը սահմանափակելու համար և պետք է վերանայեն օրինագծի այն կետերը, որոնք սպառնում են մամուլի ազատությանը»։
Անդրադառնալով նախագծին ուղղված քննադատություններին, արդարադատության նախարարությունից հայտնել են, որ նախագիծը փոփոխությունների նոր փուլում է․ օրինակ՝ արդեն իսկ նախագծից հանվել է ռազմահայրենասիրական բովանդակություն հրապարակելու վերաբերյալ դրույթը։
«․․․ հանրային սեկտորի ներկայացուցիչների, մեդիափորձագետների և մասնագետների հետ դեռևս նախատեսվում է քննարկման կազմակերպում՝ հնարավորություն տալով նաև այդ ձևաչափով իրենց դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնել նախագծի վերաբերյալ: Նշված քննարկումների արդյունքում դիտարկումները ևս հիմք կհանդիսանան ըստ անհրաժեշտության նախագիծը լրամշակելու համար»,- պատասխանել են արդարադատության նախարարությունից:
Մարդ և օրենք
Պետական աջակցությունն անպտղության դեմ պայքարում
Պետությունը շարունակաբար ընդլայնում է անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագրերը, սակայն արդյոք դրանք բավարար հասցեական են։
Read moreԳործող հարկատեսակներ և նախատեսվող փոփոխություններ
Որո՞նք են հարկման հիմնական տեսակները Հայաստանում, ի՞նչ փոփոխություններ են նախատեսված հարկային դաշտում ու ի՞նչ խնդիրների են բախվում հարկատուները, ներկայացնում է Արփինե Սիմոնյանը։
Read moreՀՀ քաղաքացիություն․ ովքեր և ինչպես են ստանում
Ի՞նչ հիմքով, ի՞նչ ընթացակարգով են դառնում Հայաստանի քաղաքացի, ի՞նչ խնդիրների են բախվում քաղաքացիություն ստանալիս ու ինչ փոփոխություններ են նախատեսված, պարզաբանում է Աստղիկ Կարապետյանը։
Read moreՆոր օրենք․ զենքի ձեռքբերման ազատականացու՞մ, թե՞ խստացում
Հայաստանում ընդունվել է զենքի շրջանառությանը վերաբերող նոր օրենք։ Աստղիկ Կարապետյանն ուսումնասիրել է օրենքի ռիսկերը, վտանգներն ու առավելությունները։
Read moreՀակակոռուպցիոն դատարան. արդարադատության նոր ճակատ
Կոռուպցիոն գործերի քննության համար նախատեսված մասնագիտացված դատարանը սկսել է իր գործունեությունը։ Արաքս Մամուլյանը ներկայացնում է, թե ինչ է սպասվում, ովքեր են լինելու որոշում կայացնողները, անդրադառնում՝ դատարանի արդյունավետությանն ու խնդիրներին։
Read more«Խելացի» անասնաշենքեր՝ ոչ այնքան խելացի հաշվարկներով
Հայաստանի կառավարության նախաձեռնած ծրագիրը, որի նպատակն է ավելացնել կենդանիների կաթնատվությունն ու մթերատվությունը, նախատեսվածից ավելի պակաս հետաքրքրություն է առաջացրել։
Read moreԲուքմեյքերների դերը տնտեսությունում ու պետության պայքարը
Հայաստանում շահումով խաղեր և վիճակախաղեր կազմակերպող ընկերությունները թեև խոշոր հարկատուների ցանկում են, սակայն պետությունը որոշել է փոխել քաղաքականությունն ու արգելակներ դնել խաղատան ճանապարհին։
Read more