Հոդվածը կարող եք լսել ձայնագիր տարբերակով։
Զենքի ձեռքբերման, առուվաճառքի և ռազմական արտադրանքի շրջանառությանը վերաբերող նոր օրենք ունի Հայաստանը․ հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովն ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը։
Այս օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակվելու օրվանից վեց ամիս անց։ Իսկ մինչ այդ զենքի շրջանառությանը վերաբերող հարաբերությունները դեռևս կկարգավորվեն գործող՝ «Զենքի մասին» օրենքով, որն ընդունվել է 1998 թվականին։
Դեռևս նախագծային փուլում քննարկումների կենտրոնում էին նոր օրենքի՝ քաղաքացիական հրազենային զենքի շրջանառությանը վերաբերող դրույթները։
Հրազեն ունենալու իրավունքը
«Ես զենքով սկսել եմ հետաքրքրվել պատերազմից հետո։ Բանակում չեմ ծառայել, կյանքումս զենք չեմ բռնել, առաջին անգամ կրակել եմ 40 տարեկանում, երբ զենք եմ առել։ Բայց մինչ առնելը գնացել եմ ծանոթ սպայի մոտ՝ ինձ զենք քանդել-հավաքել էր սովորեցնում»,- պատմում է տնտեսական գիտությունների թեկնածու, Հայաստանում ամերիկյան համալսարանի դասախոս Հաբեթ Մադոյանը:
Գործող օրենքի համաձայն՝ հրազենային զենք ձեռքբերել կարող է 18 տարեկանը լրացած անձը՝ ոստիկանությունից թույլտվություն ստանալուց հետո:
Նույն օրենքի 13-րդ հոդվածը սահմանում է նաև, որ սպորտային և որսորդական ողորկ-երկարափող (կամ հարթափող) հրազեն ու որսորդական օդաճնշիչ զենք ձեռք բերելու իրավունք ունի որսորդների հասարակական կազմակերպության անդամ-քաղաքացին:
Ակոսափող որսորդական հրազեն կարող է ձեռք բերել որսորդության հետ կապված մասնագիտական գործունեությամբ զբաղվող, ռազմականացված կազմակերպության աշխատակից համարվող կամ ոչ պակաս հինգ տարի սեփականության իրավունքով ողորկ-երկարափող որսորդական հրազեն ունեցող և այդ ընթացքում որսորդության, զենքի արտադրության, առևտրի, վաճառքի, ձեռք բերելու, փոխանցելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու, հաշվառելու, պահպանելու, կրելու, փոխադրելու, տեղափոխելու և օգտագործելու կանոնների հետ կապված իրավախախտումներ թույլ չտված քաղաքացին, որին սահմանված կարգով տրված է որսորդությամբ զբաղվելու իրավունք:
Ձեռքբերված երկարափող հրազենը պետք է երկշաբաթյա ժամկետում գրանցվի ոստիկանությունում։ Զենքը օրինական ձեռքբերելու վերաբերյալ փաստաթղթերը ներկայացնելուց հետո ոստիկանությունը թույլատրում է ողորկ-երկարափող և ակոսափող հրազենը պահել և կրել հինգ տարի ժամկետով։
Հաբեթ Մադոյանի խոսքով, աբսուրդային է այն կարգավորումը, որ քաղաքացին երկարափող հրազեն կարող է ձեռքբերել ու կրել, եթե միայն որսորդական միության անդամ է․ «Ես որսորդ չեմ, որսն ինձ համար հետաքրքիր չէ, զենքն առել եմ սպորտային ու ինքնապաշտպանության նպատակով։ Բայց մարդիկ, ովքեր որսորդ չեն, բայց զենք են ուզում ունենալ, պետք է գնան որսորդմիության անդամ դառնան, ինչը շատ հեշտ է․ պետք է ընդամենը հինգ հազար դրամ, երկու հատ նկար, զենքի խանութում տալիս են էդ վկայականը։ Պետք է առնես որսորդական ողորկափող հրացան, սպասես հինգ տարի, հետո նոր իրավունք կունենաս ակոսափող հրացան առնելու»։
«Տրամաբանությունն այն է, որ մի քիչ որս կանի, կսովորի, հետո ավելի բարդ զենք կվերցնի»,- ասում է «Ազատազէն» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Իշխան Գևորգյանը և հավելում, որ «Ազատազէն» գալիս են նաև մարդիկ, ովքեր զենք ունեն, սակայն դա օգտագործելու տարրական կանոնները չգիտեն։
Նշենք, որ «Ազատազէն»-ը հիմնադրվել է 2021-ին և նպատակ ունի նպաստել Հայաստանում զենք կրելու և կիրառելու մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը, զինագործության զարգացմանը, զենք ձեռք բերելու, կրելու և կիրառելու օրենսդրական բարելավումներին։ Ինչպես նաև կազմակերպել ուսումնամարզական հավաքներ, կրակային պատրասության դասընթացներ, ռազմասպորտային և հրաձգային մրցույթներ։
Գևորգյանը նշում է նաև, որ ի տարբերություն գործող օրենքն ընդունելու ժամանակների՝ 1998-ի, ներկայումս «լղոզվել» են հարթափող ու ակոսափող հրազենի սահմանները։ Օրինակ, կան նաև համակցված հրազեններ, որոնք ունեն ինչպես ակոսավոր, այնպես էլ հարթ փողերից բաղկացած բլոկ։
Նոր օրենքը
Նոր՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում նշված են երեք տիպի հրազեններ, որոնք կարող է ձեռք բերել ՀՀ քաղաքացին՝
- ողորկ-երկարափող հրազեն (ողորկափող կամ հարթափող հրազեն),
- համակցված հրազեն (ողորկափող և ակոսափող), այդ թվում՝ փոփոխվող, ներդրվող ակոսավոր փողով,
- երկար-ակոսափող հրազեն՝ 1500 մմ-ից ոչ ավել երկարություն և 12.7 մմ-ից ոչ ավել տրամաչափ ունեցող փողով հրազեն։
Նոր օրենքի 15-րդ հոդվածը սահմանում է ՀՀ քաղաքացիների՝ զենք ձեռքբերելու իրավունքը․ ոստիկանությունից թույլտվություն ստանալուց հետո 21 տարեկան անձը կարող է համակցված կամ երկար-ակոսափող հրազեն ձեռք բերել: Զենքի ձեռքբերման օրից հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն պետք է գրանցվի ոստիկանությունում։
Այլևս պարտադիր պայման չէ զենքի ձեռքբերման համար որսորդական միության անդամ լինելը։
Ակոսափող հրազեն ձեռքերելու համար պարտադիր պայման չէ 5 տարի ողորկափող հրազեն ունենալը։
Եթե գործող օրենքով ՀՀ քաղաքացին կարող էր առավելագույնը 8 հատ հրազեն ունենալ՝ մինչև երեք հատ ակոսափող և հինգ հատ ողորկափոխ, ապա նոր օրենքում նշվում է․ «Քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել 10 միավոր քաղաքացիական զենք՝ պահելու և կրելու թույլտվությամբ, իսկ գազային զենք ձեռք բերելու, զենքի հավաքածու կազմելու կամ դրանք ցուցադրելու համար առավելագույն քանակ նախատեսված չէ»։
Ինչու՞ ունենալ հրաձգարաններ, գնել հրազեն
«30 տարի պատերազմող երկրում 1 հատ քաղաքացիական հրաձգարան չկա։ Առաջինը կյանքի գնով փորձում ենք «Ազատազէն»-ով կառուցել»,- այս տարվա ապրիլին գրել էր Իշխան Գևորգյանը՝ նոր օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո։
Նա օրենքի դրական կողմերից մեկն է համարում այն, որ սահմանվում են, թե ինչ տիպի հրաձգարաններ կան, ինչպես և ում կողմից կարող են գործարկվել և այլն։ Օրենքի 9-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է հրաձգարաններին։
«Եվրոպական բոլոր երկրներում տասնյակ հրաձգարաններ կան, մարզումներ կան, մեզ մոտ ամեն տիպի ժամանց կա, բացի դրանից։ Ես ու կինս ենք տարածքը գտել հրաձգարանի համար․ դաշտերում կրակելու իրավունքով «որս» ենք անում, բայց շուտով կդառնա հրաձգարան։ Հազարը անցել ենք՝ մեր միջոցներով մարզել ենք այդքան մարդու։ «Ազատազէն»-ը շահույթ չի հետապնդում։ ․․․Իզուր տեղը չենք ողջ մնացել, էն տղերքը որ զոհվել են, շատ դեպքերում մեզնից առավել են եղել։ Հենց էդ նպատակով նախաձեռնել ենք»,- ասում է Գևորգյանը։
Երբ խոսվում է այն մասին, թե ինչու պետք է զենքն ավելի հասանելի դառնա քաղաքացիներին, նոր օրենքի կողմնակիցները նշում են, որ այն պետք է ինքնապաշտպանական նպատակներով և խոսքը փողոցում զինված քայլելու կամ սեփական հարևաններից պաշտպանվելու մասին չէ։ Ենթատեքստում պատերազմական վիճակում գտնվելն է և աշխարհազորի պատրաստված, մարտունակ վիճակում լինելու կարևորությունը։
Օրինակ, Գևորգյանն ասում է, որ իրենք դեմ են եղել հրազենային ատրճանակի ազատականացմանը։
«Դրա դեմ պայքարեցինք, որովհետև ատրճանակը «թաքուն» զենք է, դա կլուբներ, նման տեղեր տանել հնարավոր է։ Մենք «Ազատազէն»-ով կարծում ենք, որ զենքը պետք է մարզվելու և մեզ պաշտանելու համար»,- ասում է Գևորգյանը՝ հավելելով, որ Հայաստանը շատ փոքր երկիր է՝ զենքով իրարից պաշտպանվելու համար։
«Ոչ թե զենքի ձեռքբերումն է ազատականացվում, այլ ակոսափող հրազենի ձեռքբերումն է ավելի ազատականացվում, իսկ ընդհանրապես՝ ավելի շատ խստացումներ են, պարտադիր է դառնում զենք ունենալու համար քննություն հանձնելը»,- ասում է Հաբեթ Մադոյանը։
Պարապմունքներ և հավաստագիր՝ հրազեն ունենալու համար
Նոր օրենքով սահմանվում է, որ առաջին անգամ քաղաքացիական զենք ձեռք բերող քաղաքացին պարտավոր է կառավարության կողմից երաշխավորված ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում անցնել զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների իմացության կարճաժամկետ պարապմունք և ստանալ համապատասխան հավաստագիր: Պարապմունքի անցկացման կարգը սահմանում է ոստիկանությունը:
«էն, ինչը մենք հիմա անում ենք «ինքնագլուխ», պարտադիր կլինի օրենքով։ Այսինքն, զենք ունենալու իրավունքը կտրվի գիտելիքի հիման վրա։ Լսում ենք չէ՞, որ բանակում զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով մարդ է մահանում, նույնը կարող է լինել քաղաքացիական զենքի հետ։ Պետք է կրթել մարդկանց»,- ասում է Գևորգյանը՝ նշելով, թե նախատեսվում է, որ պարապմունքներից, զենքից օգտվել սովորելուց հետո նաև տեսական և գործնական մասերից բաղկացած քննություն կլինի, որի արդյունքների հիման վրա քաղաքացին կամ կստանա հավաստագիր, կամ՝ չի ստանա։
Նշենք, սակայն, որ այս պահին դեռևս չկան այդ պարապմունքներն անցկացնող կազմակերպությունների ցանկն ու դրանց անցկացման կարգն ու պայմանները։
Հատկանշական է, որ գործող օրենքով թեև պարապմունքներ չեն նախատեսվում, սակայն նախատեսում են զենքից օգտվելու կանոնների իմացություն և դրանց ստուգում։ Մասնավորապես․ «Սպորտային ողորկափող հրազեն և որսորդական զենք առաջին անգամ ձեռք բերող քաղաքացիները, որսորդությամբ զբաղվելու իրավունք վերապահող փաստաթուղթ ստանալիս պարտավոր են ՀՀ կառավարության լիազորած կազմակերպություններում ՀՀ ոստիկանության հետ համաձայնեցված ծրագրով, ստուգում անցնել՝ զենքի հետ վարվելու կանոնների իմացության շուրջ»։
Հետևաբար, ենթադրվում է, որ մինչ ոստիկանության կողմից ստուգում անցնելը քաղաքացին պետք է նաև ունենա որոշակի գիտելիքներ։ Սակայն, ինչպես մեր զրուցակիցներն են վկայում, պրակտիկայում զենքը հայտնվում է նաև դրանից օգտվել չիմացողների ձեռքում։
Եվ այստեղ առաջանում է օրենքի կիրառելիության և դրա հանդեպ վերահսկողության խնդիրը։ Կա՞ն երաշխիքներ, որ նոր օրենքի դեպքում էլ ավելի մեծ թվով ու ավելի մեծ խոցելիության հնարավորություն ունեցող զենքերը (օրինակ, մինչև 1500 մետր և ավելի) չեն հայտնվի զենք ունենալու հավաստագիր ունեցողների, սակայն դրանից պատշաճ օգտվել չիմացողների ձեռքին։
Բնապահպան ակտիվիստ, 44-օրյա պատերազմի մասնակից Գոռ Հովհաննիսյանը նշում է, որ կողմ է օրենքի ընդունմանը՝ հաշվի առնելով այն, որ թշնամական երկրներով շրջապատված երկրում պետք է թույլատրել զենք վերցնել։
«Օրենքները կան, եթե հետևենք դրանց, ապա մենք Սինգապուրից ու Շվեյցարիայից վատը չենք լինի, բայց չենք հետևում հենց կոռուպցիայի ու փչացած մտածելակերպի՝ ծանոթ-բարեկամ անելու հետևանքով։ ․․․Ես շատ մեծ կասկածներ ունեմ վերահսկողության մասով․ ասում էին տեխզննության մասին, թե խիստ վերահսկելու են, գազաբալոնների սերտիֆիկացման մասին, ՊՇՌ թեստերի, վակցիանացիայի և այլն»,- ասում է Հովհաննիսյանը։
Իշխան Գևորգյանն էլ մեկ այլ օրինակ է բերում․ «Երբ ես երիտասարդ տղա էի, վարորդական վկայականները համատարած գնում էին, հիմա համատարած քննություն են տալիս, ստանում։ Մեր երկրում յուրաքանչյուր օրենք կարելի է խախտել, բայց կարելի է նաև դրա դիմացն առնել։ Պետք է հետամուտ լինենք, որ կիրառվի։ Մեր կառույցով մենք հաստատ դա անելու ենք, մնում է մյուսներն էլ ուշադիր լինեն, ու զենք ունենա էն մարդը, ով գիտելիք ունի, հակառակ դեպքում դրա այլընտրանքը ինչ-որ մեկի վիրավորվելը, վնասվելն է»։
Վտանգներ
Գոռ Հովհաննիսյանը նշում է բնության համար սպասվող ռիսկերից մեկը․ մեծ հեռավարության վրա խոցելու հնարավորություն ունեցող զենքերի դեպքում ավելի հասանելի են դառնում կենդանիները․ «Մի սարի վրա նստած կարող է տեսնել ու սպանել մյուս սարի գագաթին հանգիստ արածող բեզոարյան այծին։ Իսկ, օրինակ, 200 մետրանոցով չէր կարող հասնել այծին»։
Հրազեն ձեռքբերելու և կրելու ազատականացման դեմ հիմնական քննադատություններից մեկն այն է, որ կարող է աճել հանցագործությունների թիվը։ Սրա վերաբերյալ Իշխան Գևորգյանն ասում է․ «Ով ուզում է հանցագործություն անի, նա անօրինական զենքին հասանելիություն ունի, ու եթե այդ զենքն էլ թողնի դեպքի վայրում, չեն նույնականացնի, իմ դեպքում (օրինական զենք ունեցողների) եթե կրակված գնդակը գտան, հաշվեք ինձ գտել են»։
Այն, որ հրազենային հանցագործությունների հիմնական մասը հենց անօրինական զենքով է կատարավում, վկայում են նաև ոստիկանության կողմից ներկայացված տվյալները․ «2017-2021 թթ. ՀՀ-ում օրինական զենքից տեղի է ունեցել հանցագործության 22 դեպք, տարեկան միջինում 4 դեպք, իսկ անօրինական զենքից կատարվել է 296 դեպք, տարեկան միջինում՝ 59 դեպք»։
«Կարող են ավելանալ անզգույշ հանցագործությունները․ եթե զենքը շատ է, ապա անզգուշությունն էլ է շատանում, եթե մեքենաները շատանում են, վթարներն էլ են շատանում։ Բայց ամեն ինչ գին ունի»,- ասում է Գևորգյանը՝ հավելելով, որ գինը բնակչության անվտանգությունն ու ինքնապաշտպանության մակարդակի բարձրացումն է․ չէ՞ որ վթարների պատճառով մարդիկ չեն հրաժարվում տրանսպորտից։
Օրենսդիրը նոր օրենքի դեռևս նախագծային փուլում ներկայացրել էր դրա ընդունման հիմնավորումը, որում մեջբերված են նաև միջազգային փորձի վերաբերյալ տվյալներ, մասնավորապես Բալթյան երկրների, Վրաստանի և Մոլդովայի փորձը ցույց է տալիս, որ քաղաքացիական զենքի ազատականացման վերաբերյալ օրենքի ընդունումից մեկ տարի անց հանցագործությունների թիվը մինչև 40-60 տոկոսով նվազել է: Իսկ կարգավորումների խստացումները Մեծ Բրիտանիայում հինգ տարվա ընթացքում հանգեցրել են հանցագործությունների կտրուկ աճի՝ մոտ 90 տոկոս ֆիզիկական անձանց նկատմամբ բռնության գործադրման, մոտ 105 տոկոս հրազենի օգտագործմամբ կողոպուտների, մոտ 110 տոկոս գողությունների և 25 տոկոս սպանությունների։
Արտադրություն և սև շուկա
Մասնագիտությամբ տնտեսագետ Հաբեթ Մադոյանը նշում է, որ ներկայումս զենքի խանութներում զենքի դեֆիցիտ է լինում, ստացված խմբաքանակներն արագ սպառվում են, կան մարդիկ, ովքեր ամիսներով սպասում են՝ իրենց ուզած զենքը ձեռքբերելու համար։
Մադոյանի խոսքով, օրենսդրական նոր կարգավորումների արդյունքում զենք ներմուծողները հարստանալու են, սկսելու են նոր բիզնեսներ և հավանական է հենց զենքի արտադրություն։ Միջազգային շփումները, կապերը, գործի նրբությունները հասկանալը, ի վերջո, կարող են բերել հենց ներկրողից արտադրող դառնալուն, ինչպես եղել է 90-ականներից ի վեր խոշոր այլ ներկրողների դեպքում։ Մադոյանն օրինակ է բերում հայտնի հոլդինգներից մեկը, որը զբաղվում էր շինանյութի ներմուծմամբ, այնուհետև աստիճանաբար սկսեց արտադրությամբ զբաղվել և ընդլայնել արտադրությունը։
Գոռ Հովհաննիսյանը նույնպես նշում է, որ նոր օրենքի կիրառությունը բերելու է զենքի շուկայի զարգացմանն ու ընդլայմանը․ «Մեծանալու է շուկան, հետևաբար մեծանալու է նաև սև շուկան։ Հնարավոր չէ, որ մտնի լիքը զենք, զենքի մշակույթ ստեղծվի ու չավելանա վտանգը, ապօրինի զենքեր չմտնեն։ Նոր կոնտակտներ են ստեղծվում, ով ունի էդ կապերը, կարող է օգտագործել դրանք նաև ապօրինի զենքերի համար»։
Նա շեշտում է, որ, ընդհանուր առմամբ, կողմ է օրենքի ընդունմանը, բայց պետք է հաշվարկել ռիսկերն ու պատրաստ լինել բացասական հետևանքներին։
Թանկացումներ՝ նոր օրենքին ընդառաջ
Գործող օրենքի համաձայն՝ զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար քաղաքացին պարտավոր է ոստիկանություն ներկայացնել բժշկական եզրակացություն` զենքի տիրապետմանը խոչընդոտող այնպիսի հիվանդությունների բացակայության մասին, որոնք կապված են տեսողության խախտման, հոգեկան հիվանդության, ալկոհոլամոլության կամ թմրամոլության հետ:
Բժշկական եզրակացությունը տրվում է պոլիկլինիկայի կողմից՝ բժշկական հանձնաժողովի ստուգումների հիման վրա։ Եթե պոլիկլինիկան չի իրականացնում հոգեբուժական և թմրաբանական բուժօգնություն և սպասարկում, քաղաքացին պոլիկլինիկա է ներկայացնում հոգեբուժական և թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների կողմից տրված բժշկական փաստաթուղթ:
Այս փաստաթղթերն ավելի հայտնի են որպես «նարկոյի» ու «պսիխոյի» տեղեկանքներ։ Մինչ վերջերս այս տեղեկանքների վճարն ընդամենը 3000 դրամ էր, օգոստոսին, սակայն, դրանք շուրջ վեց անգամ թանկացել են` դառնալով 20․000 դրամ։
Իշխան Գևորգյանն ասում է, որ տրվող տեղեկանքների վավերականությունն ընդամենը մեկ ամիս է, և ամեն անգամ զենք գնելուց պարտադիր է բժշկական եզրակացություն ունենալը։ Բացի այս տեղեկանքների վճարները, կան նաև այլ մեկանգամյա վճարներ։ Ընդհանուր առմամբ՝ բավականին կլորիկ գումար է արժենում զենք ունենալը։
«Չի՛ կարելի, զենքը նորից դարձնում են հարուստի համար»,- ասում է Գևորգյանը՝ հավելելով, որ այս հարցով դիմել են Տնտեսական մրցակցության հանձնաժողովին:
Մարդ և օրենք
Հակակոռուպցիոն դատարան. արդարադատության նոր ճակատ
Կոռուպցիոն գործերի քննության համար նախատեսված մասնագիտացված դատարանը սկսել է իր գործունեությունը։ Արաքս Մամուլյանը ներկայացնում է, թե ինչ է սպասվում, ովքեր են լինելու որոշում կայացնողները, անդրադառնում՝ դատարանի արդյունավետությանն ու խնդիրներին։
Read more«Խելացի» անասնաշենքեր՝ ոչ այնքան խելացի հաշվարկներով
Հայաստանի կառավարության նախաձեռնած ծրագիրը, որի նպատակն է ավելացնել կենդանիների կաթնատվությունն ու մթերատվությունը, նախատեսվածից ավելի պակաս հետաքրքրություն է առաջացրել։
Read moreԱնձնական օգնական՝ հաշմանդամություն ունեցող անձանց
Պետությունը ներդնում է հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ինստիտուտը։ Աստղիկ Կարապետյանն անդրադառնում է, թե ինչ նպատակներ ունի այն, որքանով է անհրաժեշտ ու իրատեսական։
Read moreԲուքմեյքերների դերը տնտեսությունում ու պետության պայքարը
Հայաստանում շահումով խաղեր և վիճակախաղեր կազմակերպող ընկերությունները թեև խոշոր հարկատուների ցանկում են, սակայն պետությունը որոշել է փոխել քաղաքականությունն ու արգելակներ դնել խաղատան ճանապարհին։
Read moreՀամայնքների խոշորացում. խնդիրներ և մարտահրավերներ
Համայնքների խոշորացման լայնամասշտաբ ծրագիրն այս տարի ավարտվում է։ Հասմիկ Բալեյանը դիտարկել է ծրագրի թերություններն ու արդյունավետությունը։
Read moreՊահեստազորայինների հավաքներ․ վարժանքնե՞ր, թե համալրում
Հայաստանում վերջին մեկ տարում պարբերաբար անցկացվում են պահեստազորայինների վարժական հավաքներ, որոնցով, թերևս, փորձ է արվում լուծել մի շարք խնդիրներ։
Read moreԲժշկական ամլացում՝ կամավոր, սակայն ոչ բոլորի համար
Կամավոր բժշկական ամլացման մասին կառավարության որոշման նախագծի մի շարք դրույթներ խիստ խնդրահարույց են համարվում հատկապես իրավապաշտպանների կողմից:
Read moreԲոլորը կհայտարարագրեն իրենց եկամուտներն ու գույքը․ ռիսկեր և հնարավորություններ
Իշխանությունները քայլեր են ձեռնարկում, որպեսզի Հայաստանի բոլոր քաղաքացիները 2024-ից հայտարարագրեն իրենց եկամուտներն ու գույքը, Արաքս Մամուլյանը փորձել է հասկանալ ծրագրի առավելություններն ու խնդիրները։
Read moreԾանր վիրավորանք․ քրեականացումը և ապաքրեականացումը
Հայաստանում «ծանր վիրավորանքը» քրեականացնող լրացումը գործեց ընդամենը տասն ամիս։ 2022-ի հուլիսի 1-ին Հայաստանի Քրեական նոր օրենսգրքով ապաքրեականացվեց այս արարքը։
Read moreՎտանգավոր աշխատանք․ դժբախտ պատահարներ ու չլուծվող խնդիրներ
Աշխատավայրերում ոչ միշտ են պահպանվում առողջության ու անվտանգության կանոնները, ինչի հետևանքով շատ դեպքերում տուժում են աշխատակիցները։
Read more