Հոդվածը կարող եք լսել ձայնաԳիր տարբերակով։
«Խառաչոն կոտրվեց, աջ ձեռքս կոտրվեց, ոտքս էլ թեթևակի վնասվեց, էդքան բան»,- 2019-ին շինարարության ժամանակ փայտաշեն կառույցից ընկնելու պատմությունն այսպես է հիշում միջին տարիքի տղամարդը։ Ներկայանալ չի ցանկանում՝ պատմությունը համարելով անցած-գնացած, չի ցանկանում «վատություն անել» գործատուին՝ թեև նշելով, որ գործատուն որևէ կերպ չի փոխհատուցել աշխատանքի ժամանակ վնասվածք ստանալու համար, հիվանդանոցային ծախսերն էլ անձամբ է հոգացել։
Տղամարդը նշում է, որ շինարարության ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, օրինակ՝ շատ քիչ դեպքերում են կնքվում աշխատանքային պայմանագրեր, նույն այդ խառաչո անվանումով հայտնի հարթակների ապահովությունը ոչ միշտ է պատշաճ արվում, շինարարները պետք է ունենան արևից, անձրևից պաշտպանող հատուկ համազգեստներ, գլխարկներ, կոշիկներ, սակայն դրանք իր 10 տարվա աշխատանքային փորձի ընթացքում որևէ մեկը չի ապահովել։
«Հազիվ գործ ենք գտնում, էլ ով ա տենց բաների հետևից ընկնում»,- կարճ եզրափակում է։
Անգամ տարիներ առաջ շինաշխատանքների ժամանակ շուրջ 15 մետր բարձրությունից ընկած ու ծանր վնասվածքներ ստացած երիտասարդը, որը դեռ առաջիկայում պետք է վիրահատվի, չցանկանալով ներկայանալ, նշում է, որ չի բողոքարկել ու փոխհատուցում չի պահանջել գործատուից։
Աշխատավայրերում պատահարները՝ թվերով
Աշխատանքային իրավունքների պահպանման ապահովման նպատակով 2017-ին Հայաստանի կառավարության որոշմամբ ստեղծված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանը նշում է՝ մարմինը 2020-ի ընթացքում արտակարգ իրավիճակների նախարարությունից և գործատուներից ստացել է 18 դժբախտ դեպքի վերաբերյալ ծառայողական և տեխնիկական քննության նյութ (3-ը մահվան ելքով), 2021-ի ընթացքում՝ 12 դժբախտ դեպքի վերաբերյալ (7-ը մահվան ելքով), 2022-ի ապրիլի տվյալներով՝ 1 դժբախտ դեպքի վերաբերյալ (մահվան ելքով)։
Դարբինյանը նշում է՝ դեպքերն արձանագրվում են հիմնականում հանքարդյունաբերության, շինարարության և արտադրության ոլորտներում։
Մարմինը 2020-ին ստացել է շինարարության ոլորտում դժբախտ դեպքի վերաբերյալ ծառայողական քննության և տեխնիկական քննության 3 նյութ (1-ը մահվան ելքով), 2021-ին՝ 1 (մահվան ելքով), 2022-ի ապրիլի դրությամբ՝ 1 (մահվան ելքով) նյութ։
Դարբինյանը հայտնում է, որ 2021-ի ընթացքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ հարուցվել է 45 վարչական վարույթ՝ շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող 36 կազմակերպության նկատմամբ։
Հատկանշական է, որ Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունից պատասխանում են, որ այս թեմայի հետ կապված տեղեկություն չունեն, այսինքն՝ չեն տեղեկացել ու չեն քննարկել այնպիսի դեպքեր, երբ աշխատողի առողջությանն ու անվտանգությանը վնաս է պատճառվել աշխատավայրում։
Մինչդեռ, լրատվամիջոցներով գրեթե ամեն շաբաթ հաղորդվում են աշխատավայրերում դժբախտ դեպքերի մասին. oրինակ՝ հունիսի 29-ին Արարատի մարզի Շահումյան գյուղում կիսակառույց շինության տանիքում շինարարական աշխատանքներ կատարելիս մոտ 3 մետր բարձրությունից 18-ամյա երիտասարդը վայր էր ընկել և տեղում մահացել։ Հունիսի 15-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի մարզի գազաֆիկացման և գազամատակարարման միավորման ավտոկռունկավար, Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Հարություն Գ-ն, նշված ՓԲԸ-ին պատկանող ավտոպարկի բակում օդամղիչով փորձել է լիցքավորել ավտոմեքենայի անվադողը, երբ անվահեծի երկաթյա օղակն ամրացման տեղից դուրս թռչելով, հարվածել է նրա դեմքի շրջանին։ Տղամարդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Հունիսի 8-ին Հայկական ատոմային էլեկտրակայանում հովացման աշտարակի վերանորոգման ժամանակ 59-ամյա բանվոր Վարշամ Մ-ի վրա 7 մետր բարձրությունից երկաթյա խողովակ էր ընկել, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ մինչև 2022-ի հուլիսի 1-ը գործող Քրեական օրենսգրքի «Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը սահմանող» 157-րդ հոդվածով 2008-ից հետո հարուցվել է 90 դատակական գործ։ 2022-ից ներկայացված է մեկ գործ՝ ըստ որի՝ «Եվրոպրոդուկտ» ՍՊ ընկերության արտադրամասի տեխնոլոգ, ընկերության պահեստապետի բացակայության ժամանակ վերջինիս լիազորությունները ստանձնող Հ․ Խ․-ն մեղադրվել է տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության կանոնների խախտման մեջ, որի հետևանքով ընկերության արտադրամասի բանվոր Ս․ Ս․-ն 2021-ի մարտի 31-ին մահացել է։ Հ․ Խ․-ն դատապարտվել է ազատազրկման՝ 1 տարի ժամկետով։
Օրենսդրական կարգավորումներ
Աշխատանքային իրավունքներին առնչվող սահմանադրաիրավական երաշխիքներն ամրագրված են մայր օրենքի՝ ՀՀ Սահմանադրության մի քանի հոդվածներում։ Մասնավորապես, 82-րդ հոդվածը սահմանում է՝ յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:
Սակայն այստեղ էլ ամեն բան հարթ չէ. «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի» կողմից իրականացված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների երաշխիքների վերանայում և կատարելագործում» հետազոտության մեջ նշվում է, որ, եթե 2005-ի սահմանադրական փոփոխություններով ի թիվս այլ իրավունքների ամրագրվել է նաև անվտանգության և հիգիենայի պայմաններին բավարարող աշխատանքային պայմանների իրավունքը, ապա 2015-ին՝ ամրագրվել են իբրև օրենսդրական երաշխիքներ՝ աշխատանքային պայմանները։
Հետազոտության մեջ նշվում է, որ 2015-ի սահմանադրական փոփոխություններով աշխատանքային մի շարք իրավունքների սահմանադրաիրավական ամրագրումները հետընթաց են ապրել՝ վերացնելով անհատի առողջ, անվտանգ աշխատանքային պայմանների, հանգստի և նվազագույնից ոչ ցածր վարձատրության իրավունքները՝ որպես սուբյեկտիվ սահմանադրական իրավունքներ, և աշխատանքի անվտանգության, հանգստի ու վարձատրության նվազագույն երաշխիքների ապահովումը վերապահելով բացառապես օրենսդիր և գործադիր մարմիններին։ Ուստի, առաջարկվում է, Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրել առողջ, անվտանգ աշխատանքային պայմանների, հանգստի և նվազագույնից ոչ ցածր վարձատրության իրավունքները՝ որպես անմիջականորեն գործող սուբյեկտիվ իրավունքներ։
Աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով, որի 23-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է աշխատողների առողջությանն ու անվտանգության պահպանմանը։ Օրենքի 243 հոդվածում ամրագրված է՝ աշխատանքի ժամանակ յուրաքանչյուր աշխատողի համար պետք է ստեղծվեն օրենքով սահմանված` պատշաճ, անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ, աշխատողների առողջության և անվտանգության պահպանությունը պարտավոր է ապահովել գործատուն։
Օրենսգրքի 245 հոդվածը սահմանում է՝ յուրաքանչյուր աշխատողի աշխատավայրը և շրջապատող միջավայրը պետք է լինեն անվտանգ, հարմար և առողջության համար անվնաս, կահավորված` աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան: 248 հոդվածով գործատուն պարտավոր է ընդունել աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության վերաբերյալ ներքին իրավական ակտեր:
256 հոդվածում նշվում է՝ աշխատավայրում դժբախտ պատահարների կամ սուր հիվանդությունների առաջացման դեպքերում գործատուն պարտավոր է աշխատողներին ապահովել առաջին բժշկական օգնությամբ: Աշխատանքի վայրում հիվանդացած կամ վնասվածքներ ստացած աշխատողի տեղափոխումն առողջապահական կազմակերպություն իր միջոցների հաշվին կազմակերպում է գործատուն:
Արդյոք գործատուն պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշել, թե կոնկրետ ինչ պայմաններ պետք է ապահովվեն աշխատողների համար աշխատավայրում՝ Աշխատանքային օրենսգրքում հստակ նշված չէ, ինչը կարող է դառնալ շահարկումների պատճառ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը նշում է՝ աշխատանքային պայմանագրի բովանդակության մեջ պարտադիր ներառման պահանջները սահմանված են Աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասով, որում ուղղակիորեն նշված չէ, թե աշխատավայրում ինչ պայմաններ է պարտավոր ապահովել գործատուն, սակայն, 84-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կողմերի համաձայնությամբ՝ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում կամ գրավոր աշխատանքային պայմանագրում կարող են ներառվել նաև այլ պայմաններ: Միևնույն ժամանակ, Աշխատանքային օրենսգրքի 217-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է՝ գործատուն պարտավոր է ապահովել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ։
Արդյոք գործատուն պարտավոր է հոգալ աշխատավայրում վնասվածք ստացած աշխատողի բուժծառայությունների ծախսերը՝ հարցի սահմանումը տրվում է Աշխատանքային օրենսգրքի 234-րդ հոդվածով՝ գործատուի նյութական պատասխանատվությունն առաջանում է, եթե աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից չապահովագրված աշխատողը հիվանդացել է մասնագիտական հիվանդությամբ, ստացել է խեղում կամ մահացել է։
Գործատուն հատուցում է իր պատճառած վնասը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Մասնավորապես, օրենսգրքի 1078-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացուն հաշմություն կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելու դեպքում հատուցման ենթակա են տուժողի կորցրած աշխատավարձը (եկամուտը), որը նա ստանում էր կամ կարող էր ստանալ, ինչպես նաև առողջության քայքայման հետևանքով ծագած լրացուցիչ ծախսերը` ներառյալ բուժվելու, լրացուցիչ սննդի, դեղամիջոցներ ձեռք բերելու, պրոթեզավորման, կողմնակի խնամքի, առողջարանական-կուրորտային բուժման, հատուկ տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, այլ մասնագիտություն ձեռք բերելու համար ծախսերը, եթե պարզվել է, որ տուժողն ունի օգնության ու խնամքի նման տեսակների կարիք և չունի դրանք անվճար ստանալու իրավունք:
Աղճատված իրականություն
Հայաստանում բնակչության աշխատանքային իրավունքների պաշտպանվածության ընդհանուր վիճակը պարզելու նպատակով «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) հասարակական կազմակերպությունը 2022-ի փետրվարին հրապարակել է հետազոտություն՝ իրականացված Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում՝ 1062 աշխատող անձանց շրջանում։
Այն հարցին, թե արդյոք աշխատանքային պայմաններում առկա է առողջության համար վտանգավոր կամ վնասակար գործոնների ազդեցություն (թույլատրելիից բարձր աղմուկ, փոշի, վիբրացիա, ճառագայթում և այլն), հարցվողների 6.8%-ը նշել է շատ բարձր, իսկ 16.9%-ը՝ այո, բայց ոչ այդքան բարձր: Ամենաշատ վտանգավորության աստիճանը նշվել է պաշտպանության ոլորտի աշխատողների կողմից, այնուհետև՝ շինարարություն, վերամշակող արտադրություն, առողջապահություն:
Հարցվողների 79.2%-ը, ովքեր աշխատում են առողջության համար վտանգավոր ազդեցությունների պայմաններում, նշել են, որ չեն ստանում փոխհատուցում՝ վտանգավորության կամ վնասակարության համար: Հատկանշական է, որ հարցվողների մոտ 40%-ը նշել է, թե առողջության կամ վտանգավորության գործոնների մասին ոչ մի կերպ չի քննարկվել՝ ո՛չ գրավոր և ո՛չ էլ բանավոր կերպով: Միայն 19.5%-ն է նշել այդ մասին պայմանագրում կետ ունենալու մասին:
Հարցվողների 8.7%-ը (92 մարդ) ունեցել է առողջական խնդիրներ (խեղումներ, մասնագիտական հիվանդություններ)՝ մասնագիտությամբ, աշխատանքի առանձնահատկությամբ կամ աշխատանքի վատ պայմաններով պայմանավորված։ Գործատուի կողմից փոխհատուցում ստացել է այդ խմբի միայն կեսը:
Հատկանշական է, որ հարցվողների միայն 16.7 տոկոսն է նշել աշխատանքային պայմանագիր չունենալու հանգամանքը:
Ուսումնասիրության «Ամփոփում և առաջարկներ» բաժնում, անդրադառնալով աշխատանքային պայմանագիր չունենալու խնդրին, նշվում է․
«Աշխատանքային փոխհարաբերությունների իրավական ամրագրման բացակայության պայմաններում աշխատողները դուրս են մնում աշխատանքային օրենսդրությամբ պաշտպանված լինելու հնարավորությունից: Նման դեպքերում գործատուները չեն ջանում ապահովել արժանապատիվ աշխատանքային պայմաններ և համապատասխան վերաբերմունք»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը նշում է, որ Աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անօրինական է համարվում այն աշխատանքը, որն իրականացվում է առանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի: Իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անօրինական աշխատանք կատարելու թույլտվություն տված և (կամ) աշխատանքի հարկադրող գործատուները կամ նրանց ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, նաև հատուցում են նման աշխատանք կատարողներին՝ այդ աշխատանքի կատարման ընթացքում ոչ աշխատակցի մեղքով պատճառված վնասները։
«Եթե աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները չեն կարգավորվել աշխատանքային պայմանագրով կամ գործատուի կողմից ընդունված անհատական իրավական ակտով, ապա աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը հաստատելու նպատակով աշխատողը դատարան դիմելու իրավունք ունի։ Դատական կարգով աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը հաստատվելուց հետո աշխատողը կարող է կրկին դատական կարգով գործատուից պահանջել՝ հատուցել գրությամբ նշված ծախսերը»,- ասում է Մանուչարյանը։
Աշխատանքային օրենսգրքում 2020-ին կատարված փոփոխությունների համաձայն՝ 33-րդ հոդվածի 1-ին մասով աշխատողը կարող է դիմել նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ հաշվի առնելով այն, որ վերջինս 2021-ի հուլիսի 1-ից ունի լիազորություն՝ աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու և օրենքով նախատեսված դեպքերում կիրառելու պատասխանատվության միջոցներ:
Սակայն Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թադևոս Ավետիսյանը թերահավատ է, թե տեսչական մարմինը կկարողանա հավուր պատշաճի լուծել առկա խնդիրները։
2018-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում աշխատելիս Ավետիսյանը գլխավորել է աշխատավայրում առողջ ու անվտանգ պայմանների ապահովմանն առնչվող օրենսդրական նախաձեռնություն մշակող աշխատանքային խումբը։
«2018-ին նախագիծը շրջանառության մեջ դրվեց, աշխատանքային կարգով քննարկեցինք, առաջարկները մշակվեցին, բայց հետո նախագիծը «քնեց»։ Օրվա իշխանությունը կա՛մ չէր հասկացել, կա՛մ չէր կարևորել այդ օրենսդրական նախաձեռնությունը։ Ամիսներ առաջ, բերեցին նախագիծ, որում նախորդ՝ 2018-ի նախագծից շատ կետեր էին ներառվել։ Ես բովանդակային բազմաթիվ առաջարկներ արեցի, բայց այդ նախագիծը նորից գնաց, «քնեց», ինչպես 2018-ին»,- ասում է Ավետիսյանը՝ նշելով, որ նախագծի քննարկման սահմանված ժամկետները վաղուց անցել են։
Ըստ Ավետիսյանի՝ պետական վերահսկողությունը ձևական է, ինչի պատճառով էլ պարբերաբար գրանցվում են դժբախտ դեպքեր։ Ավելին, Ավետիսյանի վստահեցմամբ՝ պաշտոնական ցուցանիշները չեն արտացոլում իրական պատկերը, քանի որ աշխատավայրում աշխատողի առողջությանը վնաս պատճառվելուն առնչվող դեպքերը պատշաճ կերպով չեն հաշվառվում ու չեն գրանցվում․
«Լրիվ բարձիթողի վիճակ է։ Վերահսկողություն չկա, ստուգումների համակարգը չի աշխատում։ Աշխատողի անվտանգության ու առողջության ռիսկերը հաշվի առնելով՝ պետք է մի օրինակ բերել․ մի երկում, որտեղ 650 հազարից ավելի աշխատող կա, իսկ այդ ռիսկերը բավական շատ են, պետական վերահսկողություն իրականացողների թիվը հաստիքային միավորներով 20-22 մարդ է»։
Շուրջ 18 տոկոս գործազրկության ու ավելի քան 25 տոկոսանոց աղքատություն ունեցող Հայաստանում քաղաքացիները, փաստորեն, շատ հաճախ նախընտրում են լռել, ստորադասել իրենց աշխատանքային իրավունքները, աշխատել առանց աշխատանքային պայմանագրի՝ միայն թե ունենան այդ բաղձալի աշխատանքը, որից ստացած եկամտով հազիվ կարողանում են հոգալ առաջին անհրաժեշտության ծախսերը։
Մարդ և հասարակություն
Փոքր հյուրատների մեծ պոտենցիալը․ ավելի քան զբոսաշրջություն
Փոքր հյուրատներն իրենց եզակի ծառայություններով և երկրի բնակիչների ու կենցաղի առանձնահատկությունները ներկայացնելով, կարևոր ներդրում են ունենում Հայաստանում զբոսաշրջության զարգացման գործում:
Read moreՀիվանդությունից ձերբազատվելու հրաշքի սպասումը Գերմանիայում. մաս 2
Բուժման նպատակով մարդիկ հաճախ նախընտրում են մեկնել Գերմանիա՝ հույսով ու մեծ ակնկալիքներով, սակայն որոշ դեպքերում «հեքիաթային երկրում» ապրելու պատկերացումները սխալ են լինում ու մնում են ձեռնունայն։
Read moreՀիվանդությունից ձերբազատվելու հրաշքի սպասումը Գերմանիայում. մաս 1
Դյուսելդորֆի փախստական հայցողների կացարանում մարդիկ տարիներ շարունակ ապրում են, բուժվում ու միշտ սպասում՝ կամ լիարժեք բուժմանը, կամ արտաքսմանը։ Հոդվածաշարում հայերը ներկայացնում են, թե ինչպես են հասել Գերմանիա՝ հրաշքի սպասումով։
Read moreՀետծննդաբերական դեպրեսիա․ հոգեբանական խնդիրներ, որոնք դեռևս ժխտվում են
Թեև երեխա ունենալը կնոջ կյանքում հրաշալի իրադարձություններից է, սակայն դառնում է նաև հախուռն ու անկառավարելի զգացումների շրջափուլ, որը կարող է հանգեցնել անգամ հետծննդաբերական դեպրեսիայի:
Read moreՀայաստանը` ժողովրդագրական ճգնաժամում
Ժողովրդագրական վերջին տվյալները գուժում են Հայաստանում ճգնաժամային իրավիճակի մասին։ Ծերացման բարձր ցուցանիշ ունեցող երկրում ժողովրդագրական իրավիճակը բարելավելու և ծնելիությունը խթանելու նպատակով իրականացվում են ծրագրեր, սակայն արդյոք դրանք արդյունավետ են։
Read moreՊայքար քաղցկեղի դեմ. վաղ դիմելիության արդյունքում մարդիկ չեն մահանում
Թեև ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս տեսնել օրգանիզմում անգամ ամենափոքր շեղումներն ու կանխել դրանց հետագա զարգացումը, սակայն Հայաստանում դեռևս ոչ միշտ են խնդրի նախնական փուլում դիմում մասնագետներին, ինչն էականորեն բարդացնում է բուժման ընթացքը։
Read moreՄայրության, աշխատող կնոջ խնդիրների և լուծումների շուրջ
Կին-մայր-աշխատող եռանկյունում տեսած խնդիրների ու լուծումների մասին է անդրադառնում քաղաքացիական հասարակության ոլորտի փորձագետ Գայանե Վարդանյանը։
Read moreԵրանելի ապագան․ մարդու իրավունքների իրավիճակի տեսլականը
2020-2022 թվականների իրադարձությունները կոտրեցին բազմաթիվ պատրանքներ, այդ թվում՝ մարդու իրավունքների ապահովման ու զարգացման ասպարեզում։ Ուստի, այս հոդվածը երազանքների մասին է, քանի որ գիտելիքն ու փորձը բավարար չեն, գրում է Զառա Հովհաննիսյանը։
Read more