Հոդվածը կարող եք լսել ձայնագիր տարբերակով։
Կենդանիների կաթնատվության և մթերատվության ավելացում․ ահա այս նպատակով Հայաստանի կառավարությունը 2019-ին նախաձեռնեց «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագիրը։ Նույն թվականի ապրիլի 15-ին կառավարության որոշմամբ հաստատվեց այն։
Ծրագրի իրականացմամբ՝ կառավարությունն ակնկալում էր նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով ստեղծել նպաստավոր պայմաններ՝ կենդանիներին պահելու եղանակը բարելավելու համար։ Սրա արդյունքում պետք է ավելանան կենդանիների կաթնատվության և մթերատվության ցուցանիշները:
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում էր հայաստանյան մարզերում մինչև 2022-ի հունվարն ունենալ 230 «խելացի» անասնաշենք և կաթնատվության տարեկան ցուցանիշը գրեթե կրկնապատկել՝ 1 կովի տարեկան կաթնատվությունը 2260 կգ-ից հասցնելով 3500-4000 կգ-ի։
Ինչո՞ւ ստեղծել «խելացի» անասնաշենքեր
Կառավարության որոշման ներածական մասում նշվում է, որ Հայաստանում տավարաբուծությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների թիվը շուրջ 170 հազար է, որոնք միջին հաշվով մոտ 3 խոշոր եղջերավոր կենդանի ունեն: Այս տնտեսություններում հիմնականում չեն պահպանվում կենդանիների համար անհրաժեշտ զոոհիգիենիկ չափանիշներն ու կենդանիներին պահելու և կերակրելու ավանդական տեխնոլոգիա են կիրառում։ Մինչդեռ, ոչ նպաստավոր պայմաններում նույնիսկ բարձր գենետիկական հատկանիշներով կենդանիների դեպքում ցուցանիշները չեն կարող բարձր լինել:
Որոշման մեջ նաև ներկայացված են այլ երկրների՝ կենդանիների կաթնատվության վերաբերյալ տարեկան ցուցանիշներ, որից ակնհայտ է դառնում, որ Հայաստանում կովերի կաթնատվության ցուցանիշը ցածր է: Այսպես՝ Իսրայելում մեկ կովը տարեկան շուրջ 12․000 կգ կաթ է տալիս, ԱՄՆ-ում՝ 10․000 կգ, Գերմանիայիում՝ 9101 կգ, Ֆրանսիայում՝ 8500 կգ, Մեծ Բրիտանիայում և Նիդերլանդներում՝ 8000 կգ, Ավստրալիայում՝ 5500 կգ, ՌԴ-ում և Նոր Զելանդիայում՝ 4300 կգ, իսկ Հայաստանում՝ շուրջ 2260 կգ:
Նման պայմաններում Հայաստանի տնտեսությունները, ըստ կառավարության, արտադրված կաթն ու միսն օգտագործում են սեփական սպառման համար, ըստ որում՝ կաթի քիչ քանակը հանգեցնում է դրա գնի բարձրացմանը, ինչը միջազգային շուկայում անմրցունակ է դարձնում կաթը:
Կաթնատվությունը բարձրացնելու վրա հիմնականում ազդում է 3 գործոն՝ կերային բազան, կենդանիների գենետիկական ներուժը և նրանց պահելու եղանակը։ Ըստ կառավարության՝ «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցություն» ծրագրի իրականացումը հնարավորություն կտա նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ ստեղծել կենդանիների պահվածքի բարելավմանն ուղղված նպաստավոր պայմաններ։
Ի՞նչ է խելացի անասնաշենքը
Կառավարության որոշման մեջ նշված է, որ անասնաշենքը պետք է ունենա օդափոխության համակարգ, բարձր առաստաղներ, սալիկապատված կթելու սրահ՝ ջրահեռացման համակարգով, կենդանու համար լայն նստատեղեր, լայն կերահրապարակ, կենդանիների համար նախատեսված զբոսատեղի:
Շենքը պետք է ունենա նաև քամհար, էներգախնայող լամպեր՝ լուսավորության համար, կթելու շարժական սարքավորում և անշարժ համակարգ, կենդանիների համար նախատեսված ռետինե ներքնակներ, ջրի տաքացուցիչ, գոմաղբի հեռացման սարք, կենդանիների խոզանակ, կաթի սառեցման տարա, ջրաման:
Այսինքն, շենքում պետք է լինեն թե՛ կենդանիների պահման, թե՛ կաթի պատշաճ որակի պահպանման համար նպաստավոր պայմաններ, ինչի դեպքում կաճի արտադրողականությունը, կավելանան տնտեսավարողների եկամուտները և կբարձրանա այս ոլորտի շահութաբերության մակարդակը։
Այս ամենին հասնելու համար կառավարությունը որոշել է խելացի անասնաշենքներ ունենալու ծրագիրն իրականացնել պետական աջակցությամբ:
Պետական աջակցության չափը և պայմանները
Ծրագրով նախատեսվել է պետության փոխհատուցմամբ կառուցվող անասնաշենքերի երեք մոդել.
1-ին մոդել՝ 130-280 քմ արտադրական տարածքով անասնաշենք, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 10-15 գլուխ կենդանու համար։ Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվել են շուրջ 11 միլիոն դրամ, որի կեսը փոխհատուցում է պետությունը:
2-րդ մոդել՝ 281-450 քմ արտադրական տարածքով անասնաշենք, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 20-25 գլուխ կենդանու համար: Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 23 միլիոն դրամ, որից 11.5 միլիոն դրամը փոխհատուցում է պետությունը:
3-րդ մոդել՝ 451 և ավելի քմ արտադրական տարածքով անասնաշենք, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 40-45 գլուխ կենդանու համար: Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 35 միլիոն դրամ, որից 17.5 մլն դրամը փոխհատուցում է պետությունը:
Այլ՝ նշվածից ավելի մեծ շենքեր կառուցելու դեպքում պետությունը կրկին փոխհատուցում է առավելագույնը 17.5 միլիոն դրամի չափով։
Ծախսերի փոխհատուցումն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից: Գումարը նախարարության կողմից փոխանցվում է դիմումատուի հաշվեհամարին երկու փուլով՝ առաջին փուլի փոխհատուցումը կատարվում է կառուցապատման (վերակառուցման) աշխատանքներն ավարտելուց և մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո՝ 10-օրյա ժամկետում՝ փոխհատուցման գումարի 50 տոկոսի չափով, իսկ մնացած 50 տոկոսը (2-րդ փուլի փոխհատուցումը) տրամադրվում է անասնաշենքը տեխնոլոգիական սարքերով ապահովելուց, շահագործման հանձնելուց և մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո՝ 10-օրյա ժամկետում։
Այսինքն՝ առաջին փուլում ծրագրի մասնակիցները պետք է ավարտեն անասնաշենքի կառուցումը կամ վերակառուցումը, իսկ երկրորդ փուլում՝ դրանք տեխնոլոգիապես ապահովեն և շահագործման հանձնեն:
Ծրագրին դիմելու պայմանները
Ծրագրին մասնակցելու համար ֆիզիկական կամ իրավաբանական անձինք դիմում են ներկայացնում էկոնոմիկայի նախարարությանը՝ հայտնելով, թե կոնկրետ ինչ տեսակի անասնաշենք են ցանկանում կառուցել:
Դիմումատուն պետք է ներկայացնի նաև այն անշարժ գույքի սեփականության (օգտագործման կամ վարձակալության) իրավունքի գրանցման վկայականը, որտեղ պատրաստվում է կառուցել անասնաշենքը կամ այն վերակառուցել, ներկայացվում է նաև անշարժ գույքի սեփականատիրոջ համաձայնությունը՝ կառուցապատման (վերակառուցման) համար:
Դիմումում նշվում է նաև՝ արդյոք դիմողը շինարարական աշխատանքները ցանկանում է իրականացնել առանց կապալառուի, թե՞ կապալառու կազմակերպության միջոցով, ու եթե շինարարությունը պետք է իրականացվի կապալառու կազմակերպության միջոցով, ապա դիմումատուն պետք է տվյալ կազմակերպության հետ կնքած պայմանագիրը ևս ներկայացնի նախարարությանը:
Մինչ ծրագրին մասնակցելու դիմումը, անձը պետք է անասնաբուծության վարման վերաբերյալ դասընթացի մասնակցի ու դրան մասնակցած լինելու վերաբերյալ հավաստագիր ներկայացնի: Դասընթացը կազմակերպվում և հավաստագիրը տրամադրվում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կողմից՝ հիմնադրամի և էկոնոմիկայի նախարարության միջև կնքված պայմանագրի համաձայն: Դասընթացը վճարովի է, դրա համար անձը վճարում է 40 հազար դրամ:
Չիրականացված ակնկալիքներ
Արմավիրի մարզի բնակիչ Խաչատուր Հովսեփյանն այս ծրագրի շահառու է: Պնդում է, որ պետությունն իրեն խաբել է:
«Իրենց նախագիծը պետք է արժենար 35 միլիոն դրամ, բայց ինձ վրա անասնաշենքի կառուցումը նստել է 56 մլն դրամ: Իրենց հաշվարկած գումարի կեսը՝ շուրջ 17.5 միլիոն պետք է ինձ փոխհատուցեին, բայց մինչև այդ գումարը ստացել եմ 2,5 ամիս կռիվ եմ արել: Էնպիսի հիմար բաների պատճառով չէին ուզում տալ, որ ծիծաղելի է: Օրինակ՝ այս «խամութը» չես դրել, մի «բոլտ» չես դրել, չենք փոխհատուցում»,- պատմում է Հովսեփյանը:
Նա փորձել է կառավարությունից պարզել, թե ի՞նչ հաշվարկ են կատարել, որ անասնաշենքը 35 միլիոն դրամ է արժեցել, բայց իրեն հաշվարկի վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրվել:
«Խաբվեցի, մտածեցի՝ լավ բան են առաջարկում, օգտվեցի: Թվում էր՝ լրիվ նորմալ է, որ ուզում ես անասնաշենք սարքել, իրենք մի մասը փոխհատուցում են, օգուտ է քեզ։ Բայց շուրջ 30 միլիոն դրամ ավել գումար եմ ծախսել: Եթե ինձ ասեին, որ ծրագիրն ինձ վրա կնստի ոչ թե 35, այլ 56 միլիոն դրամ, ես չէի դիմի»,- ասում է Հովսեփյանը:
Նրա խոսքով, ներկայումս դեռևս չի զգում, որ կենդանիների պահման պայմանների բարելավումը որևէ կերպ ազդել է նրանց կաթնատվության վրա:
Ծրագրի մեկ այլ մասնակից՝ Կոտայքի մարզի բնակիչ Մհեր Կիրակոսյանը ծրագրին դիմել է 2020-ի գարնանը: Կիրակոսյանն ավելի մեծ անասնաշենք է կառուցել, քան երեք մոդելներով սահմանված շենքերի մակերեսներն են: Այսինքն՝ Կիրակոսյանին պետությունը փոխհատուցել է 17.5 մլն դրամ:
Անասնաշենքի շինարարությունը նա 2021-ի փետրվարին է սկսել, 2021-ի նոյեմբերից արդեն կովեր է պահում խելացի անասնաշենքում․ այս պահին 60 կով ունի։ Ասում է՝ դեռևս շահույթ ընդհանրապես չունի և հույս էլ չունի, որ առաջիկա 4-5 տարիներին կունենա:
«Հիմա հազիվ կերին է բավականացնում, հաճախ դա էլ ենք պարտքով վերցնում: Ամեն ամիս մոտ 1․5-2 միլիոն դրամի չափ պարտք ենք անում,- ասում է Կիրակոսյանը` հավելելով, թե նախապես չեն զգուշացրել, որ առաջիկայում շահույթ չի լինի,- Բայց մենք պետք է հասկանայինք: Եթե հաշվարկն անեիր, պարզ կլիներ, որ էդքան կովի ծախսը չէր կարող իրեն արդարացնել ի սկզբանե»:
Ինչպես արդեն նշեցինք, ծրագրով նախատեսվում էր, որ 2019-ի ապրիլից մինչև 2021-ի ավարտը Հայաստանի մարզերում պետք է շահագործման հանձնվեր 230 «խելացի» անասնաշենք։ Մինչդեռ, 2022-ի սեպտեմբերի դրությամբ՝ ծրագրի շահառուների թիվն ընդամենը 47 է: Այսինքն, նախատեսվածի նույնիսկ 20 տոկոսի չափով շահառու չի ապահովվել։
Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության գլխավոր մասնագետ Դավիթ Խաչատրյանն ասում է, որ ծրագրի մեկնարկից հետո դրան մասնակցելու համար մեծ թվով տնտեսվարողներ են դիմել․ միայն 2021-ի հունվարի 1-ի դրությամբ ստացվել է շուրջ 360 դիմում, սակայն հետագայում դիմումատուները բացակայող փաստաթղթերը չեն ներկայացրել գործընթացը սկսելու համար կամ հայտնել են, որ ֆինանսական խնդիրներ կան, չեն կարող կառուցել շենքերը:
Խաչատրյանի խոսքով՝ ծրագրի ներկայիս 47 շահառուներից 27-ն արդեն իսկ օգտագործում է անասնաշենքը, 11-ն այս տարի է ավարտել անասնաշենքի կառուցումը և դեռևս օգտագործման վերաբերյալ հաշվետվություն չի ներկայացրել նախարարություն, 9-ը՝ շենքերը կառուցել են, բայց դեռևս չունեն անասնագլխաքանակ: Խաչատրյանի խոսքով՝ կան նաև ոչ մեծ թվով դիմումատուներ, որոնց մասնակցության հայտը ծրագրին հաստատվել է, նրանք սկսել են անասնաշենքերի կառուցումը, բայց այն ավարտին չեն հասցրել:
Խաչատրյանը հիշեցնում է, որ ծրագրի մեկնարկից որոշ ժամանակ անց՝ 2020-ի մարտին Հայաստանում կորոնավիրուսի համավարակ սկսվեց, որով պայմանավորված՝ կառավարությունը որոշեց շինարարական աշխատանքները դադարեցնել, հետո դրան հաջորդեց ռազմական դրությունը, նաև շինանյութը թանկացավ, և այս բոլոր գործոնները շինարարության համար դժվարություններ ստեղծեցին։
Ըստ Խաչատրյանի, թեև վերահաշվարկի անհրաժեշտություն կա, սակայն չի կարող հստակ ասել, թե ինչ որոշում կկայացվի:
Ինչ վերաբերում է փոխհատուցում տրամադրելը ձգձգելու վերաբերյալ դժգոհություններին, Խաչատրյանն ասում է, թե պարզապես նախարարությունը մոնիտորինգ է իրականացրել ու գումարը քաղաքացիներին տրամադրվել է՝ համոզվելուց հետո, որ շենքերը ծրագրով նախատեսված ստանդարտներին համապատասխանում են:
Խաչատրյանը ևս համաձայնում է, որ ծրագրից ակնկալվող ու փաստացի արդյունքների միջև տարբերությունը մեծ է՝ նշելով․ «Համաձայն եմ, որ տարբերությունը շատ է, ոգևորությունը կոտրվել է, պատճառները հստակ ասել չեմ կարող»:
Այնուամենայնիվ, ըստ Խաչատրյանի՝ 2020 և 2021 թվականների շահառուների կողմից ներկայացված հաշվետվությունները ցույց են տալիս, որ «խելացի» անասնաշենքերը դրական ազդեցություն են ունեցել կաթնատվության վրա:
Փոփոխություններ ծրագրում
Նշենք, որ ծրագրին մասնակցելու պայմանագրով, որը կնքվում է էկոնոմիկայի նախարարության և անձի միջև, ամրագրված է, որ ծրագրի շահառուները պետք է հաշվետվություններ ներկայացնեն կենդանիների գլխաքանակի, կաթնատվության և այլ հարցերի վերաբերյալ: Կառավարության որոշման համաձայն՝ պայմանագրի դրույթները չկատարելու դեպքում ծրագրի շրջանակներում տրամադրված փոխհատուցման գումարները ենթակա են վերադարձման ՀՀ պետական բյուջե:
Պայմանագիրը նախատեսում է նաև, որ այն կնքելու պահից առավելագույնը մեկ տարվա ընթացքում անասնաշենքը պետք է շահագործման հանձնվի, սակայն ոչ բոլոր դիմումատուներն են հասցրել մեկ տարվա ընթացքում շահագործման հանձնել շենքերը, ստանալ պետության կողմից սահմանված առաջին փուլի փոխհատուցումն ու դառնալ ծրագրի շահառու:
Խաչատրյանը, սակայն, նշում է, որ կառավարությունը որոշել է ծրագրում որոշ փոփոխություններ իրականացնել և ծրագրի մասնակիցներին, որոնք չեն հասցրել մեկ տարվա ընթացքում կառուցել շենքերը, հնարավորություն տալ մինչև 2023-ը ավարտին հասցնել աշխատանքներն ու ստանալ փոխհատուցում՝ հաշվի առնելով, որ անասնաշենքի կառուցման վրա ծրագրի մասնակիցներն արդեն իսկ ֆինանսական ներդրումներ են կատարել:
Խաչատրյանը նաև ասում է, որ դիմումներ ընդունելու են և անասնաշենք կառուցելու վերաբերյալ պայմանագրեր կնքվելու են ընդհուպ 2023-ի տարեվերջ:
Մարդ և օրենք
Անձնական օգնական՝ հաշմանդամություն ունեցող անձանց
Պետությունը ներդնում է հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ինստիտուտը։ Աստղիկ Կարապետյանն անդրադառնում է, թե ինչ նպատակներ ունի այն, որքանով է անհրաժեշտ ու իրատեսական։
Read moreԲուքմեյքերների դերը տնտեսությունում ու պետության պայքարը
Հայաստանում շահումով խաղեր և վիճակախաղեր կազմակերպող ընկերությունները թեև խոշոր հարկատուների ցանկում են, սակայն պետությունը որոշել է փոխել քաղաքականությունն ու արգելակներ դնել խաղատան ճանապարհին։
Read moreՀամայնքների խոշորացում. խնդիրներ և մարտահրավերներ
Համայնքների խոշորացման լայնամասշտաբ ծրագիրն այս տարի ավարտվում է։ Հասմիկ Բալեյանը դիտարկել է ծրագրի թերություններն ու արդյունավետությունը։
Read moreՊահեստազորայինների հավաքներ․ վարժանքնե՞ր, թե համալրում
Հայաստանում վերջին մեկ տարում պարբերաբար անցկացվում են պահեստազորայինների վարժական հավաքներ, որոնցով, թերևս, փորձ է արվում լուծել մի շարք խնդիրներ։
Read moreԲժշկական ամլացում՝ կամավոր, սակայն ոչ բոլորի համար
Կամավոր բժշկական ամլացման մասին կառավարության որոշման նախագծի մի շարք դրույթներ խիստ խնդրահարույց են համարվում հատկապես իրավապաշտպանների կողմից:
Read moreԲոլորը կհայտարարագրեն իրենց եկամուտներն ու գույքը․ ռիսկեր և հնարավորություններ
Իշխանությունները քայլեր են ձեռնարկում, որպեսզի Հայաստանի բոլոր քաղաքացիները 2024-ից հայտարարագրեն իրենց եկամուտներն ու գույքը, Արաքս Մամուլյանը փորձել է հասկանալ ծրագրի առավելություններն ու խնդիրները։
Read moreԾանր վիրավորանք․ քրեականացումը և ապաքրեականացումը
Հայաստանում «ծանր վիրավորանքը» քրեականացնող լրացումը գործեց ընդամենը տասն ամիս։ 2022-ի հուլիսի 1-ին Հայաստանի Քրեական նոր օրենսգրքով ապաքրեականացվեց այս արարքը։
Read moreԱյն, ինչ վերաբերում է յուրաքանչյուրիս. ինչո՞ւ են Հայաստանում հապաղում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումները
Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում նախատեսվող բարեփոխումները դեռևս դանդաղում են ու շոշափելի արդյունքներ չեն տալիս, ինչի հետևանքով այս խնդրին բախվող քաղաքացիների իրավունքները շարունակում են ոտնահարվել։
Read moreՎտանգավոր աշխատանք․ դժբախտ պատահարներ ու չլուծվող խնդիրներ
Աշխատավայրերում ոչ միշտ են պահպանվում առողջության ու անվտանգության կանոնները, ինչի հետևանքով շատ դեպքերում տուժում են աշխատակիցները։
Read more