
Հոդվածը կարող եք լսել Ձայնագիր տարբերակով:
Հանրապետության փողոցներում, հասարակական տրանսպորտում և գրեթե ամենուր հանդիպող խաղադրույքների, վիճակախաղերի, շահումով խաղերի գովազդները 2022 թվականի սեպտեմբերի 11-ից արգելված են:
Կառավարությունն իր օրենսդրական նախաձեռնություններով խաղամոլության դեմ պայքարի քաղաքականություն է որդեգրել: 2022-ի մարտին խորհրդարանը կառավարության նախաձեռնությամբ Գովազդի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն ընդունեց, որով սահմանափակեց ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդները:
Գովազդային սահմանափակումները
Ընդունված վերջին փոփոխություններով արգելվեց ինտերնետ շահումով խաղի, վիճակախաղի ցանկացած տեսակի գովազդը։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտության սահմանման մեջ նշվում է, որ մինչև 2019-ի հունիսի 19-ին ընդունված «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու» օրենքի ուժի մեջ մտնելը (2020-ի հունվարի 1) ինտերնետ շահումով խաղերի գովազդը եղել է արգելված, այդ թվում՝ հեռուստատեսությամբ, ռադիոյով, համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների, շահումով խաղերի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա։ Մինչդեռ տվյալ օրենքով 2020-ի հունվարի 1-ից թույլատրվել է ինտերնետ շահումով խաղերի գովազդը, ինչով էլ պայմանավորված, ըստ օրենքի ջատագովների, 2020-ին համացանցով կատարված խաղադրույքները 2018-ի համեմատությամբ ավելացել են 6 անգամ, իսկ մասնակիցների թիվը՝ 3 անգամ: Այս մասին նշվում է Պետական վերահսկողական ծառայության մշտադիտարկման մեջ, որի տվյալների վերլուծությունից ֆինանսների նախարարությունը եզրահանգել է, որ ֆինանսական միջոցների արտահոսքի և փողերի լվացման հավանական առկայության ռիսկ կարող է լինել, քանի որ վիճակախաղերի և խաղադրույքների ոլորտի 4 խոշոր կազմակերպությունների գեներացված միջոցները 2020-ին 2018-ի համեմատությամբ հնգապատկվել են՝ կազմելով ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) շուրջ 32 տոկոսը:
Եթե 2018-ին միջին ամսական գնված միավորների ծավալը կազմել է 28 միլիարդ դրամ, 2019-ին` 93 միլիարդ դրամ, ապա 2020-ին այն կազմել է 155 միլիարդ դրամ: Խաղացողների թիվն էլ կրկնապատկվել է, 2018-ին 18․093 է եղել, 2020-ին՝ 44․082:
Հատկանշական է, որ նախագիծը դժգոհություն է առաջացրել գովազդային մեդիա ոլորտում․ նշվում է, որ գովազդային ընկերությունների հասույթի մեծ մասը (60-70 տոկոս) գոյանում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտի շնորհիվ, սակայն ըստ օրենքի հեղինակների հաշվարկների՝ այն կազմում է 20-25 տոկոս։
Այսպիսով, թե՛ ինտերնետ շահումով խաղերի ու վիճակախաղերի, թե՛ շահումով խաղերի ու խաղատների դեպքում գովազդի համար նույն պայմանները սահմանվեցին:
Օրենքի փոփոխությունների մի մասը, որը վերաբերում է արտաքին գովազդին, ուժի մեջ է մտել սեպտեմբերի 11-ից:
Ոլորտի խոշոր խաղացողները
Հայաստանում շահումով խաղեր և վիճակախաղեր են կազմակերպում Vivaro ապրանքանիշը ներկայացնող «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն, TotoGaming-ը՝ «Դիջիթեյն» և «Դիջիգեյմ» ՍՊԸ-ներով, GoodWin-ը՝ «Գուդվին-Բետ», «Գուդ Սոֆթ» ՍՊԸ-ներով, ինչպես նաև Adjarabet-ը՝ «Կաբարկո» ՍՊԸ-ով: Այս բոլոր կազմակերպությունները միասին (բացառությամբ՝«Գուդվին-Բետ»-ի, վերջինս չկար 1000 խոշոր հարկատուների ցանկում) այս տարվա առաջին կիսամյակում վճարել են շուրջ 12 միլիարդ 235 մլն դրամ հարկ:
Անկախ վճարած հարկերի չափից՝ պետությունը փոխում է իր քաղաքականությունը՝ «փորձելով արգելակներ դնել խաղատան ճանապարհին»: Դեռևս նախորդ տարի կառավարության նիստի քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ոլորտի գործունեությանը: Նա պատմեց, որ Կապան քաղաք այցի ժամանակ իրեն են մոտեցել բազմաթիվ կանայք և դժգոհել` յուրաքանչյուր քայլափոխի քաղաքում վիճակախաղերի գրասենյակներ են, և իրենց ամուսիններն աշխատավարձի զգալի մասը վատնում են այնտեղ: Փաշինյանը հայտարարել էր` իր կառավարությունը թույլ չի տալու «քաղաքացիների ճանապարհներին թակարդներ դնել և նրանց փողը կոպեկ առ կոպեկ տանել»:
Այնուհետև ներկայացվեց Ազգային Ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանի և Գևորգ Պապոյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու նախագծերի փաթեթը, որոնց համաձայն արգելվում է տոտալիզատորի (գրազային գումարներն ընդունող և շահումները վճարող բյուրո), շահումով խաղերի կազմակերպիչների և նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրելն ու ելքագրելը կանխիկ եղանակով, իսկ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց 6 ամիս անց բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր է լինելու բացառապես բանկային հաշիվների միջոցով: Այսինքն, հոկտեմբերից այլևս հնարավոր չի լինելու վճարային տերմինալներով կամ էլեկտրոնային այլ դրամապանակի միջոցով լիցքավորել բուքմեյքերական հաշիվը, և եթե չունես բանկային քարտ, ապա չես կարող խաղալ:
Նախագծի համահեղինակ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի համոզմամբ՝ փոփոխություններն ամբողջովին բխում են կառավարության գործունեության հնգամյա ծրագրից, նաև՝ իշխող քաղաքական թիմի նախընտրական խոստումներից՝ որքան հնարավոր է սահմանափակել կամ դժվարեցնել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը և քաղաքացիների` դրանց հասանելիությունը:
«Բազմաթիվ դեպքեր են մեզ հայտնի դարձել, որ այդ «թակարդի» մեջ են հայտնվում հատկապես սոցիալապես անապահով մարդիկ,- նախագծի խորհրդարանական քննարկմանն ասել էր Պապոյանը՝ նշելով, որ սոցիալապես ապահով մարդու խաղալն իրենց համար խնդրահարույց չէ,- կարող է իր ժամանցի համար իր իսկ ստացած գումարների մի մասը ծախսել, մենք էդտեղ խնդիր չենք տեսնում, բայց եթե քաղաքացին, օրինակ՝ սոցիալապես անապահով է, պետությունից նպաստ է ստանում, նվազագույն աշխատավարձ, ու միևնույն ժամանակ իր ստացած եկամուտների մեծ մասն ուղղում է բուքմեյքերական գրասենյակներում խաղալուն, բնականաբար, պետությունն այստեղ անելիք ունի»:
Վիճակախաղերը և գործունեության մյուս տեսակները ՀՆԱ-ի կառուցվածքում «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» տողով են արտացոլվում: Եթե այդ ոլորտը 2012-ին ՀՆԱ-ում 1.3 տոկոսն էր զբաղեցնում, ապա աստիճանաբար թիվն աճեց՝ 2015-ին դառնալով 3.2 տոկոս, 2016-ին, 2017-ին` 4.6 տոկոս, 2018-ին, 2019-ին` 5.6 տոկոս, 2020-ին` 4.9 տոկոս, 2021-ին` 3.1 տոկոս:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով կառավարությունը 2020-ի մարտի 16-ից արտակարգ դրություն էր հայտարարել` ի թիվս այլնի՝ արգելելով ժամանցային միջոցառումները:
Այս ճյուղի գեներացրած միջոցները, բացառությամբ 2020-2021 թվականների, տարիների ընթացքում ավելացել են: 2022-ի հունիսին այս ոլորտի հասույթը կազմել է 20 միլիարդ 790 միլիոն դրամ, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 5.7 տոկոսով աճել է։
Նաև այս տողի բացվածքից հասկանալի է, որ այստեղ մեծ կշիռ են զբաղեցնում վիճակախաղերը, շահումով խաղերը և խաղատները, քանի որ շահումով խաղերի կազմակերպմանն առնչվող գործունեությունը 18 միլիարդ 860 միլիոն դրամ է կազմում կամ Հայաստանի ամբողջ ծառայությունների 10.4 տոկոսը:
Բուքմեյքերները խաթարե՞լ են տնտեսության համաչափ զարգացումը
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Հայկ Բեջանյանը տնտեսության վրա ցանկացած ճյուղի ազդեցության մասին խոսելու համար կոչ է անում տեսնել, թե վերջինս ինչ տեսակարար կշիռ է զբաղեցնում տվյալ երկրի ՀՆԱ-ում: Նա հիշեցնում է, որ 2008-2010 թվականներին, երբ շահումով խաղերը նոր էին հայտնի դառնում, Հայաստանի ՀՆԱ-ի կառուցվածքում շուրջ կես տոկոսի միջակայքում էր այդ ոլորտի զբաղեցրած տեսակարար կշիռը:
«Այս 10-12 տարիների ընթացքում կշիռն աճել է մոտ 20 անգամ, այսինքն, եթե նախկինում չնչին կշիռ էր զբաղեցնում, այժմ ոչ միայն զգալի տեսակարար կշիռ ունի, այլ նաև մեր տնտեսության զարգացման չեմպիոնն է հանդիսանում,- ասում է փորձագետն ու նշում, որ եթե այս ճյուղի արձանագրած աճը համադրենք այլ ոլորտների հետ, ապա այն մի քանի անգամ շատ ավելի բարձր է, քան հանքարդյունաբերության, կրթության, առողջապահության և մյուս արագ զարգացող ոլորտներինը,- Եթե կոպիտ թվային հաշվարկով ներկայացնենք, ապա մեր տնտեսական աճի ամեն 4 տոկոսից մի տոկոսն ապահովվում է այս ոլորտի հաշվին»:
Բեջանյանը հիշեցնում է, որ «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ճյուղի կառուցվածքի 93-94 տոկոսը բաժին է ընկնում հենց բուքմեյքերական ընկերությունների կատարած ծավալին: Նրա ներկայացմամբ` ԱԱՀ-ի (ավելացված արժեքի հարկ) արդյունքով սա մոտավորապես 300-400 միլիարդ դրամ է կազմում:
«Եկեք փորձենք սրա ազդեցությունը գնահատել մեր հարկաբյուջետային համակարգի վրա: Մեր երկրում հարկային բեռը 22 տոկոսի միջակայքում է, այսինքն ԱԱՀ-ի մոտավորապես 22 տոկոսը, որը տարվա արդյունքներով 40-50 միլիարդ դրամ է, գոյանում է բուքմեյքերական ընկերությունների կատարած խաղադրույքներից: Փակելով այդ ոլորտը՝ մոտ 25 տոկոսով տուգանում ենք տնտեսական աճը և մոտավորապես 40-50 միլիարդ դրամի չափով մենք ռիսկի տակ ենք դնում մեր տնտեսության գեներացրած հարկային եկամուտները դեպի բյուջե»,- բացատրում է մասնագետը:
Նրա խոսքով` այս ոլորտի մյուս խնդիրը բավականին բարձր շահութաբերության մակարդակն է՝ համեմատած տնտեսության մյուս ոլորտների հետ․ այս ճյուղի շահութաբերությունը 80 տոկոսի միջակայքում է:
«Այս ընկերությունները բարձր շահույթ են ստանում, սա մտահոգվելու առիթ է, քանի որ, ըստ էության, գերշահույթի ստացման ոլորտ է, և կիրառվող հարկային մեխանիզմները բավականին խստացման կարիք ունեն։ Երբ մի ոլորտում շահութաբերությունը շատ բարձր է՝ միջճյուղային, այսպես կոչված, բալանսը պետք է պահպանվի, որպեսզի տնտեսության համաչափ զարգացումը չխաթարվի»,- ասում է Բեջանյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ պետության վարած քաղաքականությունն ավելի շատ սոցիալականին միտված բաղադրիչ է պարունակում, որովհետև, ըստ տնտեսագետի՝ խաղադրույքների ծառայություններից օգտվում են մեծամասամբ այն մարդիկ, ովքեր ունեն սոցիալական խոցելի վիճակ և իրենց ունեցած փոքր եկամուտները ներդնում են բուքմեյքերներում` ակնկալելով մեծ շահում և այդ ճանապարհով ֆինանսական խնդիրները լուծել:
Ըստ Բեջանյանի՝ խաղադրույքներ կատարելու պրակտիկան տարբեր երկրներում տարբեր է, օրինակ՝ ԱՄՆ-ում կան նահանգներ, որտեղ վիճակախաղերը պետական են ու նահանգի իշխանություններն են կազմակերպում այդ գործընթացը, կան նահանգներ որոնց բյուջետային եկամուտների զգալի կշիռն առաջանում է խաղադրույքների գեներացրած միջոցներից: Փորձագետի խոսքով, ամերիկացին իր եկամտի միայն 2-3 տոկոսն է ուղղում վիճակախաղ գնելուն` ակնկալիքով, որ մի անգամ կարող է հաջողել ու շահել, սակայն չի չարաշահում և ամբողջ գումարը չի ներդնում, քանի որ կա քվոտավորում, թե յուրաքանչյուր մարդ ինչ քանակի խաղադրույք կարող է գնել ու մասնակցել վիճակախաղին:
«Սա ևս մի լուծում կարող է լինել, որ սահմանափակվի մարդկանց մասնակցությունը, և այս հարցում պետությունը զգալի անելիք ունի»,- կարծում է Բեջանյանը:
Ինչ վերաբերում է վիճակախաղի, շահումով խաղերի կազմակերպիչների և նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրելն ու ելքագրելը կանխիկ եղանակով արգելող նախագծին՝ տնտեսագետն այն ողջունում է: Ըստ նրա` քարտերի միջոցով ավելի շատ վիճակագրական տվյալներ և դրանք վելուծելու համար բավարար հիմքեր կլինեն: Կլինեն տվյալներ, թե խաղացողների քանի տոկոսը որ եկամտային խմբում է գտնվում, և առհասարակ, որքան ցածր եկամտային խմբի խաղացող կա:
Ըստ Բեջանյանի` պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ մյուս ոլորտներն էլ զարգանան, հատկապես պետության համար ստրատեգիական նշանակություն ունեցողները․
«Պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, որ բոլոր ուղղությունները համաչափ զարգանան և հատկապես նրանք, որոնք ավելացված արժեք են ստեղծում»:
Իշխանությունները հաստատակամ են
Իշխող կուսակցության պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հիշեցնում է իշխող թիմի նախընտրական խոստումները՝ հնարավորինս պայքարել մոլախաղերի դեմ:
«Մենք՝ որպես պետություն, պատասխանատվություն ունենք մեր քաղաքացիների առջև՝ պաշտպանել նրանց մոլախաղային գայթակղությունից, և մենք մեր ունեցած հնարավորությունների, գործիքակազմի շրջանակում փորձում ենք անել առավելագույնը՝ մի կողմից չվնասելով տնտեսական միջավայրին, մյուս կողմից փորձում ենք մաքսիմալ պաշտպանել մարդկանց»,- ասում է պատգամավորը:
Իշխող թիմի ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրում նաև տնտեսական գործոնի վրա՝ նշելով, թե նաև այդ կազմակերպությունների վճարած հարկերի շնորհիվ է, որ կառավարությունը սեպտեմբերի 1-ից կենսաթոշակները, նպաստները բարձրացրել է՝ այդ նպատակի համար հատկացնելով 8.9 միլիարդ դրամ: Նաև այդ տնտեսական գործոնն է պատճառը, որ ամբողջությամբ չեն արգելում այդ ոլորտի գործունեությունը: Ասում է՝ հասկանում են, որ արգելելով խնդիրը չեն լուծի, քանի որ կարող են արտերկրում օգտվել կազինոների ծառայություններից կամ օնլայն խաղալ:
«Սակայն, միևնույն ժամանակ, պետք է հասկանանք՝ չպետք է լինի այնպիսի իրավիճակ, որ 18 տարեկան երիտասարդի կամ 40 տարեկան միջին կամ սոցիալական ցածր վիճակում գտնվող մարդու համար հարստանալու, լավ ապրելու ճանապարհը կազինոյի միջոցով անցնի, դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, աղքատացման ճանապարհ է, ոչ թե հարստանալու»,- նշում է Պապոյանը՝ հիշեցնելով, որ այս տարվա երկրորդ եռամսյակում 13 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել, հետևաբար այս ոլորտի սահմանափակումներով կոլապս չի առաջանա:
Պատգամավորը հռետորական հարց է հնչեցնում, թե արդյոք տնտեսության ողնաշարն է եղել խաղային բիզնեսը, որ հիմա ոլորտի սահմանափակումներով խնդիրներ առաջանան:
«Ես բացարձակ համաձայն չեմ այդ մոտեցման հետ, մեր տնտեսության առաջատար ճյուղը պետք է լինի մշակող արդյունաբերությունը, ծառայությունները, զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, կրթությունը, ժամանակակից գյուղատնտեսությունը»,- ասում է Պապոյանը:
Ի դեպ, պատգամավորը շրջանառության մեջ է դրել «Գովազդի մասին» և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթ, որոնց համաձայն հեղինակազորման իրավունք ստացած որևէ ԶԼՄ-ի անունը չի կարող համընկնել կամ շփոթելու աստիճան նման լինել ընկերության ապրանքային նշանի կամ անվան հետ, իրենց գովազդներում օգտագործված գրաֆիկական, ձայնային նշաններին նույնական կամ շփոթելու աստիճան նման նշաններին, որը վերջին հինգ տարում զբաղվել է շահումով խաղի (ինտերնետ շահումով խաղի) կամ վիճակախաղի կազմակերպչի գործունեությամբ։ Սա նշանակում է, որ փոփոխությունները կյանքի կոչվելու պարագայում չի կարող գոծունեություն ծավալել, օրինակ՝ Vivaro Media-ն, որը երեք սպորտային հեռուստաալիք է հեռարձակում և իր անվանումով բուքմեյքերի թաքնված գովազդ է իրականացնում:
Հատկանշական է, որ կատարվող փոփոխությունների մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև մի քանի խոշոր բուքմեյքերներից, սակայն ոչ մեկ չցանկացավ արձագանքել։
Մարդ և օրենք
Համայնքների խոշորացում. խնդիրներ և մարտահրավերներ
Համայնքների խոշորացման լայնամասշտաբ ծրագիրն այս տարի ավարտվում է։ Հասմիկ Բալեյանը դիտարկել է ծրագրի թերություններն ու արդյունավետությունը։
Read moreՊահեստազորայինների հավաքներ․ վարժանքնե՞ր, թե համալրում
Հայաստանում վերջին մեկ տարում պարբերաբար անցկացվում են պահեստազորայինների վարժական հավաքներ, որոնցով, թերևս, փորձ է արվում լուծել մի շարք խնդիրներ։
Read moreԲժշկական ամլացում՝ կամավոր, սակայն ոչ բոլորի համար
Կամավոր բժշկական ամլացման մասին կառավարության որոշման նախագծի մի շարք դրույթներ խիստ խնդրահարույց են համարվում հատկապես իրավապաշտպանների կողմից:
Read moreԲոլորը կհայտարարագրեն իրենց եկամուտներն ու գույքը․ ռիսկեր և հնարավորություններ
Իշխանությունները քայլեր են ձեռնարկում, որպեսզի Հայաստանի բոլոր քաղաքացիները 2024-ից հայտարարագրեն իրենց եկամուտներն ու գույքը, Արաքս Մամուլյանը փորձել է հասկանալ ծրագրի առավելություններն ու խնդիրները։
Read moreԾանր վիրավորանք․ քրեականացումը և ապաքրեականացումը
Հայաստանում «ծանր վիրավորանքը» քրեականացնող լրացումը գործեց ընդամենը տասն ամիս։ 2022-ի հուլիսի 1-ին Հայաստանի Քրեական նոր օրենսգրքով ապաքրեականացվեց այս արարքը։
Read moreԱյն, ինչ վերաբերում է յուրաքանչյուրիս. ինչո՞ւ են Հայաստանում հապաղում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումները
Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում նախատեսվող բարեփոխումները դեռևս դանդաղում են ու շոշափելի արդյունքներ չեն տալիս, ինչի հետևանքով այս խնդրին բախվող քաղաքացիների իրավունքները շարունակում են ոտնահարվել։
Read moreՎտանգավոր աշխատանք․ դժբախտ պատահարներ ու չլուծվող խնդիրներ
Աշխատավայրերում ոչ միշտ են պահպանվում առողջության ու անվտանգության կանոնները, ինչի հետևանքով շատ դեպքերում տուժում են աշխատակիցները։
Read moreՕրենքը, որի առաջ հավասար են բոլորը
Օրինապաշտ լինելու առաջին քայլը օրենքի մասին իմանալն է և իրավունքը պաշտպանելու համար նույնպես պետք է իմանալ գործող նորմերի մասին։ EVN Report-ը սկսում է նոր շարք, որի շրջանակում ներկայացնելու է օրենսդրական և դատաիրավական համակարգին վերաբերող արդիական թեմաները:
Read more