Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր
Հայաստանում կոռուպցիոն գործերի քննության համար նախատեսված դատարանն արդեն գործում է, թեև կան դատավորների թափուր հաստիքներ։ Մասնագիտացված այս նոր դատարանում քննվում են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների (քրեական գործեր) և ապօրինի գույքի բռնագանձման (քաղաքացիական) վերաբերյալ գործեր:
2021-ի ապրիլին Ազգային ժողովն ընդունեց հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մասին օրենսդրական փաթեթը, որով փոփոխություններ արվեցին «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և այլ օրենքերում։
2022-ի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 8-ը նշանակվեցին կոռուպցիոն գործեր քննող դատավորները, այնուհետև նրանց կնիքներ տրամադրվեցին և դատարանի աշխատանքը սկսվեց։
Մասնագիտացված դատարան ուղարկվել են ոչ միայն նոր գործեր, այլ նաև կոռուպցիոն բնույթի այն քրեական գործերը, որոնց դատավարությունը սկսվել էր մինչև հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը, սակայն դրանք դեռևս չէին մտել դատաքննության փուլ: Օրինակ՝ հակակոռուպցիոն դատարան է ուղարկվել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է բիզնես գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման համար։
Դատական օրենսգրքի համաձայն՝ հակակոռուպցիոն դատարանը գործում է առնվազն 15 դատավորի թվակազմով, որից առնվազն 10-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ, իսկ առնվազն 5-ը` հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներ:
Ներկայումս, սակայն, մասնագիտացված դատարանի առաջին ատյանում այս պահին աշխատում է 11 դատավոր, 3-ը՝ մարզերում, 8-ը՝ Երևանում: Այսինքն, այս պահին կա 4 թափուր հաստիք։
Գործերի վերաքննությունը
Այս պահին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան չկա։ Բայց վերաքննիչ դատարանում կոռուպցիոն հանցագործությունների և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերը քննող առանձին դատավորներ կան, որոնք, սակայն քննում են նաև այլ գործեր:
Համաձայն Դատական օրենսգրքի 28 հոդվածի 1-ին կետի՝ թե՛ վերաքննիչ քրեական, թե՛ վերաքննիչ քաղաքացիական դատարաններում կոռուպցիոն բնույթի գործերով դատական ակտերը վերանայում են առնվազն 6 թվակազմով առանձին դատավորներ: Այսինքն, ընդհանուր առմամբ՝ կոռուպցիոն բնույթի գործերով զբաղվող առնվազն 12 դատավոր պետք է լինի։
Այս պահին, սակայն, վերաքննիչ ատյանում կոռուպցիոն բնույթի գործեր քննում է 7 դատավոր, նրանցից 3-ը՝ քաղաքացիական, 4-ը՝ քրեական։ Կա դատավորի 5 թափուր հաստիք։
2022-ի սեպտեմբերի 23-ին արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մասին օրենսդրական նախագիծ, որը ենթադրում է փոփոխություններ Դատական օրենսգրքում և այլ օրենքներում։
Նախագծի համաձայն՝ մասնագիտացված վերաքննիչ դատարանը կազմված է լինելու առնվազն 12 դատավորից, որոնցից առնվազն 6-ը զբաղվելու են կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով, առնվազն 6-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների քննությամբ:
Այսինքն, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված ակտերի վերանայման գործերը բաշխվելու են միայն կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված ակտերի վերանայման գործերը՝ միայն հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավորների միջև:
Վճռաբեկ ատյանը
Վճռաբեկ դատարանում ստեղծվել է հակակոռուպցիոն պալատ, որն ըստ Դատական օրենսգրքի 30-րդ հոդվածի՝ պետք է բաղկացած լինի 10 դատավորից։ Այսինքն երկու՝ 5 դատավորից բաղկացած կազմով են քննվելու գործերը։ Մի կազմը քննելու է քաղաքացիական, մյուսը՝ քրեական գործերը։
Այս պահին սակայն յուրաքանչյուր կազմում աշխատում է 3 դատավոր (ընդհանուր 6 դատավոր) և վճռաբեկ հակակոռուպցիոն պալատում կա ընդհանուր 4 դատավորի թափուր հաստիք։
Նշենք, որ վճռաբեկ դատարանի վարույթում գտնվող այն քրեական գործերը, որոնք կոռուպցիոն բնույթ ունեն, փոխանցվել են վճռաբեկ դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործեր քննող կազմին։
Դատավոր Սերգեյ Չիչոյանը հայտնում է, որ հուլիսի 1-ից արդեն իրենք աշխատում են, յուրաքանչյուր դատավորի վարույթում մոտ 10-15 գործ կա: Ինչ վերաբերում է քաղաքացիական գործեր քննող կազմին, ապա նրանք դեռևս նոր են գործեր ստանում. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերը առաջին ատյանի դատարանից դեռ պետք է հասնեին վճռաբեկ ատյան:
Ամփոփելով, նշենք, որ այս պահին կոռուպցիոն բնույթի գործեր քննող դատավորները 24-ն են, կա 13 դատավորի թափուր հաստիք։
Դատավորները
Դատավորների նշանակումից հետո քննարկումներ սկսեցին նրանց կենսագրական տվյալների վերաբերյալ։ Հիմնականում նշվում էր այն, որ մի մասը չունի պատշաճ փորձ՝ դատավոր աշխատելու համար։
Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակված են դատավորների կենսագրությունները, նրանց մասնագիտական գործունեությունը։ Հակիրճ ներկայացնում ենք դրանք․
Առաջին ատյանի ապօրինի գույքի բռնագանձման գործերը քննող դատավորները,
Կարապետ Բադալյանը 2020-ին նշանակվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, մինչ այդ զբաղվել է փաստաբանությամբ, եղել է նաև քննիչ։
Աշխեն Ղարսլյանը 2014-ից աշխատել է վճռաբեկ դատարանում: Մինչև դատավոր նշանակվելը եղել է վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարը:
Նարինե Ավագյանը 2020-2022 թվականներին եղել է ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի պետի տեղակալը: Մինչ այդ աշխատել է արդարադատության նախարարությունում, Ազգային ժողովում, վերաքննիչ քաղաքացիական դատարանում:
Առաջին ատյանի կոռուպցիոն հանցագործությունները քննող դատավորները․
Վահե Դոլմազյանն աշխատանքային գործունեությունը սկսել է հետաքննիչի մասնագիտությամբ, հետո եղել քննիչ, ավագ քննիչ, դատախազ: 2015-ից ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ է եղել, 2020-2022-ին՝ Լոռու մարզի դատախազի տեղակալ։
Սարգիս Դադոյանը 2019-2022 թվականներին աշխատել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանում՝ որպես ավագ քննիչ: Մինչ այդ քննիչ է եղել:
Արամ Գրիգորյանը 2018-2021-ն աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում՝ որպես ծառայության պետի խորհրդական։ Մինչ այդ եղել է դատախազ, քննիչ: Աշխատել է նաև փորձաքննությունների ազգային բյուրոյում՝ որպես տնօրենի խորհրդական:
Սուրեն Խաչատրյանը 2019–2022 թվականներին աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում որպես վարչության պետի տեղակալ: Ավելի վաղ եղել է քննիչ:
Տիգրան Դավթյանը 2020-2022 թվականներին աշխատել է որպես դատախազ, իսկ մինչ այդ առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական:
Վարդգես Սարգսյանը 2020-2022 թվականներին եղել է ավագ դատախազ, դատախազությունում աշխատել է 2015-ից, մինչ այդ եղել է քննիչ, հետաքննիչ:
Գիվի Հովհաննիսյանը 2008-2022-ը զբաղվել է փաստաբանությամբ: Մինչ այդ 6 տարի եղել է քննիչ:
Մերի Մոսինյանը 2021-2022 թվականներին եղել է Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետը, մինչ այդ եղել է վերաքննիչ քրեական դատարանի դատավորի օգնական:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորները․
Գոռ Թորոսյանը դատավոր է նշանակվել 2014-ին, մինչ այդ աշխատել է դատարանում, եղել փաստաբանական գրասենյակներից մեկի տնօրենը։
Դիանա Հովհաննիսյանը 2018-ի օգոստոսի 10-ին է նշանակվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Մինչ այդ աշխատել է վերաքննիչ քաղաքացիական դատարանում տարբեր պաշտոններում, այդ թվում՝ որպես դատավորի օգնական:
Արմիդա Ոսկանյանը 2018-ին է նշանակվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, երեք տարի անց դարձել է նույն դատարանի նախագահը:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավորները․
Սերգեյ Մարաբյանն իրավաբան գիտնական է, 2014-ին նշանակվել է առաջին ատյանի քրեական մասնագիտացմամբ դատարանի դատավոր, իսկ 2018-ից՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է: Նախքան դատավոր նշանակվելն աշխատել է դատական դեպարտամենտում, ապա՝ վճռաբեկ դատարանում՝ որպես նախագահի օգնական, հետո՝ խորհրդական։ Մարաբյանը եղել է նաև դատախազ։
Մեսրոպ Մակյանն այս տարվա հոկտեմբերի 17-ին է ընտրվել կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող դատավոր: Մակյանը դատավոր է 2004 թվականից:
Կարեն Ամիրյանը մինչ դատավոր նշանակվելն աշխատել է գլխավոր դատախազությունում, եղել է ավագ դատախազ, վարչության պետի տեղակալ: Մինչ այդ աշխատել է նաև դատական դեպարտամենտում, Սահմանադրական դատարանում, առաջին ատյանի դատավորի օգնական։
Արմեն Հովհաննիսյանը մինչև վերաքննիչ քրեական դատարանի դատավոր դառնալն աշխատել է Արմավիրի մարզի դատարանում՝ որպես դատավորի օգնական: Աշխատել է նաև վճռաբեկ դատարանում, կառավարությունում:
Վճռաբեկ դատարանի դատավորները․
Քաղաքացիական պալատ․
Լիպարիտ Մելիքջանյանն իրավաբան գիտնական է: 2014-ից Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ է։
Արթուր Դավթյանը զբաղվել է փաստաբանությամբ, զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ, եղել է՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, սակայն վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվելուց մեկ օր առաջ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:
Գևորգ Գյոզալյանը նախքան դատավոր դառնալը փաստաբանությամբ է զբաղվել: Եղել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, Փաստաբանական դպրոցի դասախոս: Գյոզալյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով ներկայացրել է Փաշինյանի շահերը։
Կոռուպցիոն հանցագործությունների պալատ․
Սերգեյ Չիչոյանը դատավորի երկու տասնամյակից ավելի տարիների փորձ ունի: Դատավոր է նշանակվել 1999-ին։ Այժմ Բարձրագույն դատական խորհրդի անդամ է, եղել է նաև այս կառույցի իրավանախորդ արդարադատության խորհրդի անդամ:
Կարեն Բիշարյանը մինչև վճռաբեկ դատարանում նշանակվելը՝ 2021- 2022 թվականները եղել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ Մինչ այդ՝ 2013-ից եղել է դատախազ։ 2019-2021 թվականներն աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում՝ որպես վարչության պետ։
Արտակ Կրկյաշարյանը մինչև վճռաբեկ դատարանի դատավոր նշանակվելը եղել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Մինչ այդ եղել է զինվորական դատախազի տեղակալ, իսկ աշխատանքային գործունեությունը սկսել է 2000-ից՝ քննիչի մասնագիտությամբ։
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Դիլբանդյանը կարծում է, որ հակակոռուպցիոն դատարանի դատավոր պետք է ընտրվեին դատավորի փորձ ունեցող մասնագետների շրջանակից:
Ի դեպ, երբ դեռևս նոր էր նախատեսվում ունենալ Հակակոռուպցիոն դատարան, օրենսդրական փոփոխությունների փաթեթի հակիրճ բնութագրում նշված էր․
«Միտում ունենալով հակակոռուպցիոն դատարանների կազմում ներգրավվելու նաև փորձառու մասնագետների, այն է՝ գործող դատավորների, նախկին դատավորների, իրավաբան գիտնականների, վերջիններիս համար սահմանվել է հավակնորդների ցուցակում ընդգրկվելու պարզեցված կարգ: Մասնավորապես, տվյալ անձինք դիմում ներկայացնելու դեպքում հնարավորություն են ունենալու ընդգրկվել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում բարեվարքության ստուգում և օրենքով սահմանված կարգով հարցազրույց անցնելուց հետո»։
Սակայն, ինչպես տեսնում ենք, ներկայումս հակակոռուպցիոն դատարանի (առաջին ատյան) 11 դատավորներից միայն Կարապետ Բադալյանն ունի դատավոր աշխատելու և փաստաբանության, իսկ Գիվի Հովհաննիսյանը՝ միայն փաստաբանության փորձ։
Կանխատեսվող խնդիրներ
Հակակոռուպցիոն դատարանների ստեղծման օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ակնկալվում է հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների ստեղծման դեպքում ապահովել կոռուպցիոն գործերի մասնագիտացված քննությունը՝ ըստ այդմ բարձրացնելով կոռուպցիոն գործերի դատաքննության արդյունավետությունը:
Սակայն այս դատարանի ստեղծումն ու գործունեությունը միանշանակորեն դրական չի ընկալվում։ Ավելին, նույնիսկ կասկածի տակ է դրվում առանձին մասնագիտացված դատարան ունենալու կարևորությունը․ Սամվել Դիլբանդյանի խոսքով, բոլոր կոռուպցիոն բնույթի գործերը, որոնք ընդդատյա են հակակոռուպցիոն դատարանին, մինչև այս դատարանի ստեղծվելն էլ դատավորների կողմից պատշաճ քննվել են և որևէ առանձնահատկություն չունեն․ «Չեմ կարծում, որ առանձին դատարան ունենալն արդյունավետ է լինելու, կյանքը ցույց կտա՝ ինչ հաջողություններ կլինեն»։
Իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Արամ Օրբելյանն ասում է, որ այս դատարանների ստեղծումը մի շարք լրջագույն խնդիրներ է առաջացնելու։ Ըստ նրա՝ այն, որ կա «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենք, դա չի ենթադրում ունենալ այդ գործերով առանձին դատարաններ, քանի որ կան նաև ընտանեկան, հողային, ջրային օրենսգրքեր և այլ օրենքներ, ու այդ տրամաբանությամբ պետք է բոլոր հարցերով առանձին եռաստիճան դատական համակարգեր ստեղծվեն։ Նույնը վերաբերում է նաև քրեական արդարադատության ոլորտին․ ինչու՞ պետք է կոռուպցիոն հանցագործություններին հատուկ վերաբերմունք ցուցաբերվի, իսկ սպանության, գողության և այլ գործերին՝ ոչ։
Օրբելյանը մեկ այլ խնդիր էլ է առանձնացնում․ օրինակ՝ քաղաքացիական և հակակոռուպցիոն եռաստիճան դատարաններն էլ քննելու են գործեր Քաղաքացիական և Քաղաքացիական դատավարության օրենսգրքերի հիման վրա, և կարող են այս երկու դատարանների վճռաբեկ ատյանները նույն իրավական նորմը տարբեր կերպ մեկնաբանել և միմյանց հակասող նախադեպային որոշումներ ընդունել:
Օրբելյանի խոսքով՝ հայաստանյան դատաիրավական համակարգում կան ավելի առաջնահերթ խնդիրներ, քան հակակոռուպցիոն առանձին դատարան ստեղծելն է, օրինակ՝ միջազգային հանցագործությունների դեմ պայքարը, քաղաքացիական արդարադատության արդունավետության բարելավումը, էլեկտրոնային արդարադատության համակարգերի ներդրումն ու գործարկումը։ Օրբելյանը հիշեցնում է, որ 2021-ին ամիսներ շարունակ դատարանները չունեին գործերի էլեկտրոնային բախշման համակարգ, քանի որ հարուցվել էր մի քրեական գործ, համաձայն որի, դատարաններում գործերի ավտոմատ բաշխման վրա անօրինական ազդեցություն է տեղի ունեցել։ Այդ գործի շրջանակներում ազգային անվտանգության ծառայությունն առգրավել էր դատարանների համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները։
Ծախսեր և արդյունավետություն
Դեռևս 2020-ի հուլիսին Հակակոռուպցիոն դատարան ստեղծելու վերաբերյալ նախագծին կցված տեղեկանքում արդարադատության նախարարությունը 2021-2023 թվականների համար նախատեսել է հետևյալ նախնական ծախսերը․ աշխատավարձ, կոմունալ, գրասենյակային ծախսեր՝ 3․339․529․900 դրամ, շենքային պայմաններ՝ 2․800․000․000 դրամ, դատարանների տեխնիկական հագեցվածություն՝ 198․000․000 դրամ, դատարանների տրանսպորտային հագեցվածություն՝ 21․000․000 դրամ, ընդհանուր՝ 6.358.529.909 դրամ (շուրջ 17 միլիոն դոլար)։
Միևնույն ժամանակ, այս նույն տեղեկանքներում չկան հաշվարկներ, թե առանձին դատարան ունենալն ինչ չափելի արդյունքներ է գրանցելու։ Օրինակ՝ կոռուպցիոն ինչ տիպի և քանի գործ է քննվելու և դրանց արդյունքում ինչ մուտքեր են ապահովվելու պետական բյուջե, ինչ արդյունք է գրանցվելու կոռուպցիայի դեմ պայքարում։
Քաղաքական ենթատեքստ
Հակակոռուպցիոն դատարաններ ունենալու հանրային քննարկումների ժամանակ հաճախ լսվում է այն միտքը, որ դրանց նպատակը նախկին պաշտոնյաների հանդեպ հետապնդումներն ու նրանց գույքի բռնագանձումն է։
Օրբելյանն այս դատարանների ստեղծումը խնդրահարույց է համարում նաև հաշվի առնելով քաղաքական իշխանությունների հայտարարությունները․
«Հարցազրույցներից մեկում քաղաքական իշխանություններն ասում են՝ քննիչներից մեկին հարցրել են՝ գործերն ինչո՞ւ չեք տանում դատարան, ասում են՝ տանենք դատարան, դատարանը գործը փչացնի՞: Ու դրանից հետո ստեղծվում է հակակոռուպցիոն դատարան, դրան հետևում է Գագիկ Ջհանգիրյանի (Բարձրագույն դատական խորհրդի արդեն նախկին նախագահ) հարցազրույցը, ասում է՝ երբ ես զինդատախազ էի, դատավորներին ես էի ընտրում, որ գոնե այդ քրեական գործերով նորմալ որոշումներ լինեին, այսինքն՝ դատախազն ընտրում էր դատավորներին․․․»։
Սամվել Դիլբանդյանը, սակայն, այս գործընթացում քաղաքական դրդապատճառներ չի տեսնում․ նրա խոսքով Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան և ստանձնել պարտավորություններ արդյունավետորեն պայքարել կոռուպցիայի դեմ․
«Պետությունը պարտավորություն ունի կոռուպցիայի դեմ պաքարելու, որը յուրաքանաչյուր ժողովրդավարական պետության առաջնահերթ խնդիրն է, այսինքն՝ այդ դատարանները ոչ թե ստեղծվել են նախկինում տեղի ունեցած հանցագործությունների, այլ ընդհանրապես կոռուպցիոն բնույթի ցանկացած հանցագործության գործերով արդարադատություն իրականացնելու համար»։
Մարդ և օրենք
«Խելացի» անասնաշենքեր՝ ոչ այնքան խելացի հաշվարկներով
Հայաստանի կառավարության նախաձեռնած ծրագիրը, որի նպատակն է ավելացնել կենդանիների կաթնատվությունն ու մթերատվությունը, նախատեսվածից ավելի պակաս հետաքրքրություն է առաջացրել։
Read moreԱնձնական օգնական՝ հաշմանդամություն ունեցող անձանց
Պետությունը ներդնում է հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ինստիտուտը։ Աստղիկ Կարապետյանն անդրադառնում է, թե ինչ նպատակներ ունի այն, որքանով է անհրաժեշտ ու իրատեսական։
Read moreԲուքմեյքերների դերը տնտեսությունում ու պետության պայքարը
Հայաստանում շահումով խաղեր և վիճակախաղեր կազմակերպող ընկերությունները թեև խոշոր հարկատուների ցանկում են, սակայն պետությունը որոշել է փոխել քաղաքականությունն ու արգելակներ դնել խաղատան ճանապարհին։
Read moreՀամայնքների խոշորացում. խնդիրներ և մարտահրավերներ
Համայնքների խոշորացման լայնամասշտաբ ծրագիրն այս տարի ավարտվում է։ Հասմիկ Բալեյանը դիտարկել է ծրագրի թերություններն ու արդյունավետությունը։
Read moreԲժշկական ամլացում՝ կամավոր, սակայն ոչ բոլորի համար
Կամավոր բժշկական ամլացման մասին կառավարության որոշման նախագծի մի շարք դրույթներ խիստ խնդրահարույց են համարվում հատկապես իրավապաշտպանների կողմից:
Read moreԲոլորը կհայտարարագրեն իրենց եկամուտներն ու գույքը․ ռիսկեր և հնարավորություններ
Իշխանությունները քայլեր են ձեռնարկում, որպեսզի Հայաստանի բոլոր քաղաքացիները 2024-ից հայտարարագրեն իրենց եկամուտներն ու գույքը, Արաքս Մամուլյանը փորձել է հասկանալ ծրագրի առավելություններն ու խնդիրները։
Read moreԾանր վիրավորանք․ քրեականացումը և ապաքրեականացումը
Հայաստանում «ծանր վիրավորանքը» քրեականացնող լրացումը գործեց ընդամենը տասն ամիս։ 2022-ի հուլիսի 1-ին Հայաստանի Քրեական նոր օրենսգրքով ապաքրեականացվեց այս արարքը։
Read moreԱյն, ինչ վերաբերում է յուրաքանչյուրիս. ինչո՞ւ են Հայաստանում հապաղում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումները
Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում նախատեսվող բարեփոխումները դեռևս դանդաղում են ու շոշափելի արդյունքներ չեն տալիս, ինչի հետևանքով այս խնդրին բախվող քաղաքացիների իրավունքները շարունակում են ոտնահարվել։
Read moreՎտանգավոր աշխատանք․ դժբախտ պատահարներ ու չլուծվող խնդիրներ
Աշխատավայրերում ոչ միշտ են պահպանվում առողջության ու անվտանգության կանոնները, ինչի հետևանքով շատ դեպքերում տուժում են աշխատակիցները։
Read more