Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր
Ռուսաստանում ծնված ու այնտեղի քաղաքացիություն ունեցող 23-ամյա Անյա Եգանյանը 2022 թվականի մարտին է տեղափոխվել Հայաստան ու դիմել քաղաքացիություն ստանալու համար։
«Ընդհանուր առմամբ, գործընթացը հեշտ էր։ Միակ բանը, որ ինձ դուր չեկավ՝ բյուրոկրատիան էր»,- պատմում է Եգանյանը։
Հայաստան գալուց հետո Եգանյանը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում քաղաքացիություն ստանալու համար դիմում է ներկայացրել։ Քանի որ ազգությամբ հայ է, ապա նրա համար պարտադիր չի եղել վերջին երեք տարիներին Հայաստանում բնակված լինելը, հայոց լեզվի ու Սահմանադրության իմացության ստուգումը։
Փաստաթղթերը ներկայացնելուց հետո շուրջ երեք ամիս անց պատասխան է ստացել, որ քաղաքացիություն է շնորհվել իրեն և որոշ ժամանակ անց ստացել է նաև ՀՀ անձնագիրը։
Եգանյանը Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող շուրջ 14.000 մարդկանցից մեկն է, ովքեր 2022-ին դիմել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար։ Դիմողների գերակշիռ մեծամասնությունը հայեր են։ Հայտնի է, որ Ռուսաստանից դեպի Հայաստան մարդկանց հոսքը մեծացավ 2022-ի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով։
Ինչպե՞ս են դառնում Հայաստանի քաղաքացի
Քաղաքացիություն ստանալու հիմքերը, որոնք մի քանիսն են, ամրագրված են «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքով։ Սակայն հոդվածում կանդրադառնանք հիմնական երկու դեպքերին, երբ անձը ՀՀ քաղաքացիությունը ձեռք է բերում իր ծնունդի հիմքով և երբ դիմում է այն ստանալու համար։
Ծնունդի հիմքով քաղաքացիությունը
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ, ներկայումս «Միգրացիա և քաղաքացիություն» իրավաբանական գրասենյակի տնօրեն Մնացական Բիչախչյանն ասում է՝ քաղաքացիություն ստանալու համար դիմող անձին առաջին հերթին պետք է հարցնել, թե արդյոք նրա ծնողները ՀՀ քաղաքացի են կամ եղել են ՀՀ քաղաքացի։
«ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի 11-րդ հոդվածով ամրագրվում է, որ երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն։
«Նույնիսկ կարող է լինել այնպես, որ ծնողները եղած լինեն ՀՀ քաղաքացի, սակայն հետագայում քաղաքացիությունը դադարեցրած լինեն, սակայն եթե երեխայի համար քաղաքացիության դադարեցում չլինի, նրանց երեխան կշարունակի մնալ ՀՀ քաղաքացի։ Եվ արդեն չափահաս տարիքում նա կդիմի ոչ թե քաղաքացիություն, այլ անձնագիր ստանալու համար»,- բացատրում է Բիչախչյանը։
Իսկ եթե ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսն անհայտ է կամ չունի քաղաքացիություն, ապա այս դեպքում ևս երեխան ստանում է ՀՀ քաղաքացիություն։ Եթե ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը՝ օտարերկյա քաղաքացի, ապա երեխան ունի իրավունք ՀՀ քաղաքացի դառնալու, եթե ծնողները տալիս են գրավոր համաձայնություն։
ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ նաև այն երեխան, որը ծնվել է Հայաստանում և նրա ծնողները չունեն քաղաքացիություն կամ անհայտ է նրանց քաղաքացիության փաստը կամ ծնողները չեն կարող փոխանցել իրենց քաղաքացիությունը երեխային։
Դիմումի հիմքով քաղաքացիությունը
18 տարեկանը լրացած և գործունակ յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի նախագահին՝ քաղաքացիություն շնորհելու խնդրանքով, եթե վերջին 3 տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում, կարող է բացատրվել հայերեն լեզվով և ծանոթ է Սահմանադրությանը: Սա ամրագրված է «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածով։
Ի դեպ, համաձայն կարգի, Սահմանադրության իմացությունը ստուգվում է 33 հարցից բաղկացած թեստի միջոցով․ յուրաքանչյուր հարց ունի երեք ենթադրյալ պատասխան, որոնցից միայն մեկն է ճիշտ պատասխանը։ Հարցերի կեսից ավելին ճիշտ պատասխանելու դեպքում անձը համարվում է Սահմանադրությանը ծանոթ։ Իսկ հայերենով բացատրվել կարողացող է համարվում, եթե քաղաքացիություն ստանալու համար անձամբ լրացնում է իր դիմումը և ճիշտ է պատասխանում Սահմանադրության վերաբերյալ թեստի կեսից ավելի հարցերին:
Սակայն նախատեսված է նաև քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգ։ Այս դեպքում պարտադիր չէ վերջին 3 տարիներին Հայաստանում մշտապես բնակվելն ու հայոց լեզվի իմացության ստուգումը։ Պարզեցված կարգից կարող է օգտվել այն անձը․
- որը վերջին երկու տարվա ընթացքում ամուսնացած է եղել ՀՀ քաղաքացու հետ և վերջին մեկ տարին Հայաստանում է ապրել կամ ունի ՀՀ քաղաքացի երեխա,
- որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է ՀՀ քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանում և չափահաս դառնալուց հետո 3 տարվա ընթացքում դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար,
- որը 1995-ի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել ՀՀ քաղաքացիությունից,
- որը Հայաստանում ճանաչվել է փախստական կամ Հայաստանում ապրող քաղաքացիություն չունեցող անձ է:
Եվ միայն երկու դեպքում անձին կարող է քաղաքացիություն շնորհվել՝ առանց 3 տարվա մշտական բնակության պայմանի և գիտելիքների ստուգման։ Առաջինը՝ եթե նա ազգությամբ հայ է, երկրորդը՝ բացառիկ ծառայություններ է մատուցել Հայաստանի Հանրապետությանը և նշանակալի ավանդ ունեցել մի շարք ոլորտների զարգացման համար։
Ընթացակարգը
ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգն ու ժամկետները, սահմանված են կառավարության 2007-ի նոյեմբերի 23-ի 1390-Ն որոշմամբ։
Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացվում է Հայաստանում՝ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ օտարերկյա պետությունում Հայաստանի դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։
Փաստաթղթերը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում նշանակվում է Սահմանադրության իմացության ստուգման օր։ Եթե դիմումը ներկայացվել է դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, ապա անձի փաստաթղթերը, այդ թվում թեստի արդյունքները, փոխանցվում են ՀՀ արտաքին գործերի նախարարություն` մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում, այնուհետև ՀՀ ոստիկանություն՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Այնուհետև ոստիկանությունը ստացված փաստաթղթերը 15 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Ազգային անվտանգության ծառայություն՝ եզրակացություն ստանալու համար։ ԱԱԾ-ն համապատասխան եզրակացությունը կարող է տրամադրվել 15 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտությամբ դեպքում ժամկետը կարող է երկարաձգել մինչև 10 օրով:
Թե՛ ԱԳՆ-ից, թե՛ ԱԱԾ-ից դրական եզրակացությունների դեպքում ոստիկանությունը կազմում է առանձին եզրակացություն, որը 25 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Հայաստանի Հանրապետության նախագահին։
Այնուհետև հանրապետության նախագահի կողմից հրամանագիր է ընդունվում՝ անձին ՀՀ քաղաքացիություն շնորհելու մասին։ Նա ծանուցվում է հրամանագրի և երդման արարողությանը մասնակցելու մասին։ Երդման տեքստում, որը նաև պետք է ստորագրվի քաղաքացիություն ստացողի կողմից, նշվում է․
«Ես` (անուն-ազգանուն), դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Պարտավորվում եմ հարգել Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, ազգային մշակույթը և սովորույթները»:
Խնդիրներ՝ քաղաքացիություն ստանալիս
Վարդան Մարաշլյանը եղել է սփյուռքի փոխնախարար և այժմ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիրն ու տնօրենն է։ Նրանց շահառուներից շատերը հարաբերվում են պետության հետ, այդ թվում նաև քաղաքացիություն ստանալու հարցերով։ Մարաշլյանը նշում է, որ քաղաքացիություն ստանալու կարգի վերաբերյալ մանրամասն և պատշաճ տեղեկատվության տրամադրման խնդիրների են բախվում։ Օրինակ, կարող է լինել դեպք, երբ Կանադայից անձը գա Հայաստան, ունենա համապատասխան բոլոր փաստաթղթերը, սակայն միայն այստեղ պարզվի, որ դրանցից մեկը, օրինակ՝ մկրտության վկայականը, պետք է միջազգային վավերացում՝ ապոստիլ ունենա։
«Պետք է այդ բոլոր տեղեկությունները հստակ ներկայացված լինեն ԱԳՆ կայքում, հնարավոր լինի տարբեր լեզուներով հարցում անելու դեպքում ստանալ մանրակրկիտ տեղեկություն, թե ինչ փաստաթղթեր և ինչ տեսքով պետք է ունենալ»,- ասում է Մարաշլյանը՝ առաջարկելով, որ նման դեպքերում ԱԳՆ-ը ներքին կարգով՝ դեսպանությունների ու հյուպատոսական հիմնարկների միջոցով հաստատի այդ փաստաթղթերի վավերականությունը։
Ըստ Մարաշլյանի՝ խնդիրներ են լինում նաև ազգությամբ հայ լինելու վերաբերյալ փաստաթղթերի ներկայացման ժամանակ.
«Խստացվել են ազգությամբ հայ լինելը հավաստող փաստաթղթերի պահանջները։ Սովետական միության դեպքում հեշտ է գտնել փաստաթուղթ, որտեղ նշված է մարդու հայ լինելը, բայց մյուս երկրների դեպքում՝ դժվար է։ Հիմնականում ներկայացնում են մկրտության փաստաթուղթը,- ասում է Մարաշլյանը՝ հավելելով, որ այժմ պետությունը պահանջում է, որ մկրտության վկայականի մեջ գրվի ազգությունը,- Այսինքն, մարդու ազգությունը պարզելը պետությունը դնում է եկեղեցու վրա»։
Կառավարության վերը նշված որոշման համաձայն՝ կան մի շարք փաստաթղթեր, որոնց մեջ պարտադիր է անձի հայ լինելու մասին նշումը և դրանք հենց համարվում են ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթեր։ Դրանցից են եկեղեցու կողմից տրված մկրտության մասին վկայականը, ծնողի (պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը և այլն։
Որպես լուծում Մարաշլյանն օրինակ է բերում Հունաստանում գործող կոմիտեն, որտեղ պետական տարբեր կառույցներից ներգրավված մասնագետներ անձի փաստաթղթերը քննելուց և նրա հետ հարցազրույցի միջոցով հաստատում են՝ նրա հույն լինել կամ չլինելը։
Քաղաքացիություն՝ 150 հազար դոլարի դիմաց
Ինչպես արդեն նշվեց, ՀՀ քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց, ինչպես նաև տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց: Սա ամրագրված է «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածով։
Այս դեպքերում չկա պահանջ Հայաստանում վերջին 3 տարիներին մշտական բնակվելու, հայոց լեզվի ու Սահմանադրության գիտելիքների ստուգման։
Նույն հոդվածով սահմանվում է, որ «նշանակալի ավանդի» նկարագրությունն ու գնահատման չափանիշները սահմանվում են կառավարության որոշմամբ: Եվ ահա 2022-ի հոկտեմբերի 12-ին հանրային քննարկման ներկայացվեց կառավարության որոշման նախագիծ, որով և սահմանվեցին նշանակալի ավանդի գնահատման չափանիշները։
Սակայն բուռն քննարկումների առիթ դարձան հատկապես տնտեսության բնագավառում նշանակալի ավանդի գնահատման չափանիշները, որոնք են․
- կրթության կամ գիտության բնագավառում գործունեություն իրականացնելու համար ստեղծված հիմնադրամին անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով դրամական միջոցների անհատույց տրամադրումը՝ առնվազն 150.000 ԱՄՆ դոլարի չափով,
- առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի (բաժնեմասի, բաժնետոմսի ձեռքբերում) մեջ ներդրումը՝ առնվազն 150.000 ԱՄՆ դոլարի չափով, առնվազն 10 տարի ժամկետով,
- պետական պարտատոմսերի ձեռքբերումը՝ առնվազն 150.000 ԱՄՆ դոլարի չափով, առնվազն 7 տարի ժամկետով,
- անշարժ գույքի ձեռքբերումը՝ առնվազն 150.000 ԱՄՆ դոլարի չափով, նվազագույնը 10 տարի ժամկետով, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով,
- որևէ ներդրումային ֆոնդում ներդրումը՝ (պետության կողմից հավանության արժանացած) առնվազն 150.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով, առնվազն 10 տարի ժամկետով,
- 1 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերության հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում՝ պայմանով, որ հիմնադրողի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում,
- 100 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող օտարերկրյա տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության մասնաճյուղի հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում, որն ունի 500 և ավելի աշխատող Հայաստանի Հանրապետությունում,
- 80 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի չափով վենչուրային հիմնադրամի հիմնումը Հայաստանի Հանրապետությունում,
- 100 հազար դոլարին համարժեք դրամ և ավելի չափով ֆինանսական ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունում կամ վենչուրային հիմնադրամներում,
- Նյու Յորքի, Ֆրանկֆուրտի կամ Լոնդոնի բորսաներում հայտարարագրված բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում 20 և ավելի տարի աշխատանքի փորձ ունենալը,
- փոստի ոլորտի միջազգային կառույցներում համագործակցության տևական (ոչ պակաս, քան 5 տարի) ակտիվ գործունեություն, ինչպես նաև ոլորտում ֆինանսական, նյութատեխնիկական ներդրումների կատարում՝ առնվազն 250 հազար դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով:
Մնացական Բիչախչյանի ղեկավարած «Միգրացիա և քաղաքացիություն» իրավաբանական գրասենյակի դիտարկմամբ՝ նախագծով տրված չեն հստակ իրավակարգավորումներ.
«Եթե հիմնած կազմակերպությունը կամ հիմնադրամը ժամկետից շուտ լուծարվեցին, ձեռքբերած գույքը օտարվեց, առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրած գումարը հետ վերցրեց, ինչ հետևանքներ են վրա հասնելու: Կամ եթե անձը կորցնելու է (դադարեցվելու է) ՀՀ քաղաքացիությունը, ապա ինչ ընթացակարգով»։
Վարդան Մարաշլյանը ևս վտանգներ է տեսնում այս նախագծում՝ առաջարկելով 150.000 դոլարի դիմաց ոչ թե քաղաքացիություն, այլ կացության կարգավիճակ տրամադրել։
«Քաղաքացիություն տալ ընդամենը 150.000 դոլարի դիմաց՝ սխալ է, բայց կացության կարգավիճակ կարելի է և պետք է տալ։ Եթե ներդրում է անում, ստանում է կացության կարգավիճակ, այնուհետև, օրինակ, երեք տարի հետո կարող է դիմել քաղաքացիության համար»։
Ըստ Մարաշլյանի՝ նախագիծը վտանգավոր է նաև հաշվի առնելով 2020-ի Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակն ու հարևան պետությունների ագրեսիվ քաղաքականությունը։ Նա չի բացառում, որ միջնորդավորված անձանց միջոցով ոչ բարեկամ պետությունների ներկայացուցիչներ սկսեն քաղաքացիություն ստանալ և այդ գործընթացը կարող է դառնալ անկառավարելի։
Տեսեք նաեւ
Մարդ և օրենք
2022-ի օրենքներն ու նախագծերը
2022 թվականի ընթացքում սկսեցին գործել դեռևս նախորդ տարիներին ընդունված մի շարք իրավական նորմեր, ինչպես նաև ընդունվեցին մի շարք օրենքներ, հանրային քննարկման դրվեցին օրինագծեր։ Ամփոփ ներկայացնում ենք ամենաշատ քննարկված իրավական կարգավորումները։
Read moreՆոր օրենք․ զենքի ձեռքբերման ազատականացու՞մ, թե՞ խստացում
Հայաստանում ընդունվել է զենքի շրջանառությանը վերաբերող նոր օրենք։ Աստղիկ Կարապետյանն ուսումնասիրել է օրենքի ռիսկերը, վտանգներն ու առավելությունները։
Read moreՀակակոռուպցիոն դատարան. արդարադատության նոր ճակատ
Կոռուպցիոն գործերի քննության համար նախատեսված մասնագիտացված դատարանը սկսել է իր գործունեությունը։ Արաքս Մամուլյանը ներկայացնում է, թե ինչ է սպասվում, ովքեր են լինելու որոշում կայացնողները, անդրադառնում՝ դատարանի արդյունավետությանն ու խնդիրներին։
Read more«Խելացի» անասնաշենքեր՝ ոչ այնքան խելացի հաշվարկներով
Հայաստանի կառավարության նախաձեռնած ծրագիրը, որի նպատակն է ավելացնել կենդանիների կաթնատվությունն ու մթերատվությունը, նախատեսվածից ավելի պակաս հետաքրքրություն է առաջացրել։
Read moreԱնձնական օգնական՝ հաշմանդամություն ունեցող անձանց
Պետությունը ներդնում է հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ինստիտուտը։ Աստղիկ Կարապետյանն անդրադառնում է, թե ինչ նպատակներ ունի այն, որքանով է անհրաժեշտ ու իրատեսական։
Read moreԲուքմեյքերների դերը տնտեսությունում ու պետության պայքարը
Հայաստանում շահումով խաղեր և վիճակախաղեր կազմակերպող ընկերությունները թեև խոշոր հարկատուների ցանկում են, սակայն պետությունը որոշել է փոխել քաղաքականությունն ու արգելակներ դնել խաղատան ճանապարհին։
Read moreՀամայնքների խոշորացում. խնդիրներ և մարտահրավերներ
Համայնքների խոշորացման լայնամասշտաբ ծրագիրն այս տարի ավարտվում է։ Հասմիկ Բալեյանը դիտարկել է ծրագրի թերություններն ու արդյունավետությունը։
Read moreԲժշկական ամլացում՝ կամավոր, սակայն ոչ բոլորի համար
Կամավոր բժշկական ամլացման մասին կառավարության որոշման նախագծի մի շարք դրույթներ խիստ խնդրահարույց են համարվում հատկապես իրավապաշտպանների կողմից:
Read moreԲոլորը կհայտարարագրեն իրենց եկամուտներն ու գույքը․ ռիսկեր և հնարավորություններ
Իշխանությունները քայլեր են ձեռնարկում, որպեսզի Հայաստանի բոլոր քաղաքացիները 2024-ից հայտարարագրեն իրենց եկամուտներն ու գույքը, Արաքս Մամուլյանը փորձել է հասկանալ ծրագրի առավելություններն ու խնդիրները։
Read more