Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր
Մարդկանց գործողությունները սահմանափակելու և ազատություններ տալու, նրանց կյանքի որակի և որոշումների վրա ազդելու հարցում թերևս ամենաառանցքային դերն ունեն պետության ընդունած օրենքներն ու բազմաթիվ կարգավորումները։
Սա է պատճառը, որ բուռն քննարկումներ ու ակտիվ բողոքի ալիքներ են սկսվում, երբ իրավական այս կամ այն նորմը չի բխում մարդկանց որևէ խմբի շահերից կամ նույնիսկ վնասում է կամ կարող է վնասել նրանց։ Որպես կանոն, օրենքները [1], որոնք հաճո են հասարակությանը, ընդունում են առանց հույզերի և մեծ աղմուկի։
2022 թվականի ընթացքում սկսեցին գործել դեռևս նախորդ տարիներին ընդունված մի շարք իրավական նորմեր, ինչպես նաև ընդունվեցին մի շարք օրենքներ, հանրային քննարկման դրվեցին օրինագծեր։ Ամփոփ ներկայացնում ենք ամենաշատ քննարկված իրավական կարգավորումները։
Օրենքներ, որոնք սկսեցին գործել 2022-ին
Ծխախոտային արգելքներ
Դեռևս 2020-ի փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի մի շարք դրույթներ ուժի մեջ մտան և սկսեցին գործել այս տարի։
Հունվարի մեկից արգելվեց ծխախոտային որևէ արտադրատեսակի՝ ավանդական ծխախոտի, էլեկտրոնային (տաքացվող) ծխախոտի, հեղուկների հիմքի վրա նիկոտինային արտադրատեսակի (վեյպ), նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերի հրապարակային ցուցադրությունը վաճառքի կետերում և հանրային սննդի օբյեկտներում։
Իսկ մարտի 15-ից էլ արգելվեց ծխախոտի ու դրանց փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ)։
Պոլիէթիլենային տոպրակների արգելք
Դեռևս 2020-ի ընթացքում փոփոխություն կատարվեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում, որով արգելվեց առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։ Օրենքը, սակայն, սկսեց գործել 2022-ի հունվարի 1-ից։
Մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործման դեպքում (բացառությամբ երկրորդային հումքից պատրաստված տոպրակների ու պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերի) սահմանված է 30 հազար դրամի չափով վարչական տույժ։
Այս օրենքի ընդունման համար հիմնավորում էր ներկայացվում այն, որ Հայաստանում առևտրի և սպասարկման ոլորտներում պոլիէթիլենային պարկերի և տոպրակների լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացման․ շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով դրանք առաջացնում են կայուն աղտոտվածություն: Թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 400 տարի:
Օրենսգրքեր
Այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտան ավելի վաղ ընդունված 3 նոր օրենսգրքերը՝ Քրեական օրենսգիրք, Քրեական դատավարության օրենսգիրք, Քրեակատարողական օրենսգիրք։
Քրեական օրենսգիրքն ընդունվել է 2021-ի մայիսի 5-ին և ուժի մեջ մտել 2022-ին։ Այս օրենսգրքում մի շարք արարքներ չկան, որոնք կային նախորդ օրենսգրքում (այսինքն՝ ապաքրեականացվել են), օրինակ՝ վաշխառության, գույքն անզգուշությամբ վնասելու, ոչնչացնելու համար այլևս քրեական պատասխանատվություն չկա։ Օրենսգրքում ավելացել են նաև նոր արարքներ, որոնց դեպքում քրեական պատասխանատվություն է նախատեսվում, օրինակ՝ ինքնասպանության նպաստելը․ նախորդ փաստաթղթում կար ինքնասպանության հասցնելը, հակելը, սակայն չկար նպաստելը։
Նոր օրենսգրքով քրեական պատասխանատվություն է սահմանվում ոչ միայն ֆիզիկական, այլև իրավաբանական անձանց նկատմամբ։ Ընդլայնվել են նաև պատժատեսակները։ Նոր պատժատեսակներից են, օրինակ, ազատության սահմանափակումը, կարճաժամկետ ազատազրկումը։
Օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ, Երևանի պետական համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Աննա Մարգարյանը պարզաբանում է, որ նոր օրենսգրքով վերանայվել է պատժողական քաղաքականությունը․ եթե նախորդ օրենսգրքում շեշտը դրված էր ազատությունից զրկելու հետ կապված պատժատեսակների վրա, ապա նորի տրամաբանությունը անձանց քրեակատարողական հիմնարկներից հնարավորինս հեռու պահելն է։ Օրինակ, եթե անձն առաջին անգամ կատարել է ոչ մեծ ծանրության հանցանք, ապա ազատազրկում պատժատեսակ կիրառելի չէ:
Ի դեպ, կարևոր է նշել նաև, որ նոր օրենսգրքում ներառված չէ նաև «ծանր վիրավորանք» արարքը։ Հիշեցնենք, որ դեռևս նախկին Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությամբ՝ այս արարքը քրեորեն հետապնդելի էր դարձել 2021-ի օգոստոսի 30-ից։
Քրեական դատավարության օրենսգիրքն ընդունվել է նախորդ տարվա հունիսի 30-ին։ Նոր օրենսգրքով նույնպես մի շարք էական փոփոխություններ են եղել։ Դրանցից մեկը, օրինակ, պահեստային դատավորի ինստիտուտն է։ Եթե դատարանում մեղադրանքի քննությունը բացառիկ երկար ժամանակ է պահանջում, ապա դատարանի նախագահը դատավորների կազմից նշանակում է պահեստային դատավոր, որը պարտավոր է դատաքննության ընթացքում ներկա լինել դատական նիստերի դահլիճում: Նպատակն այն է, որ դատավորի փոփոխության դեպքում, գործի քննությունը նորից չսկսվի կամ չձգձգվի։
Նորամուծություններից է նաև համագործակցության վարույթի սահմանումը, երբ մեղադրյալի նախաձեռնությամբ համագործակցության համաձայնագիր է կնքվում մեղադրող կողմի հետ՝ միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման համար։ Սա հնարավորություն է տալիս մեղադրյալին հետագայում ավելի մեղմ պատիժ ստանալ։
Նշենք, որ այսքանով նորամուծություններն ու փոփոխությունները չեն սահմանափակվում քրեադատավարական ոլորտում։
Այս տարի ընդունված օրենքները
Քրեակատարողական օրենսգիրքն ընդունվել և ուժի մեջ է մտել 2022-ին։ Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանի խոսքով, նոր օրենսգրքի հիմքում յուրաքանչյուր դատապարտյալի հետ անհատականացված աշխատանք տանելու գաղափարն է։ Նորամուծություն է այն, որ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելուց հետո կարանտինային բաժանմունքում յուրաքանչյուր դատապարտյալի համար կազմվում է պատժի կրման անհատական պլան, և, ըստ այդմ, 3-6 ամսվա պարբերականությամբ այն վերանայվում է: Նպատակը կանխատեսելիության ապահովումն է և թիրախային միջոցառումների իրականացումը։
Մյուս փոփոխությունն այն է, որ վերացվել է ուղղիչ հիմնարկ հասակացությունն ու դրա տեսակները՝ բաց, կիսաբաց, կիսափակ, փակ։ Փոխարենը սահմանված են երեք անվտանգային գոտիներ՝ ցածր, միջին և բարձր անվտանգային։ «Ընդ որում, պետք է նշեմ, որ բուժական ուղղիչ հիմնարկը՝ որպես առանձին տեսակ, այլևս գոյություն չի ունենալու։ Ցածր, միջին և բարձր անվտանգային գոտիներն առանձնացվել են այն տրամաբանության շրջանակներում, որ յուրաքանչյուր դատապարտյալի անհատական պլանավորման հիմքում պետք է ընկած լինի նրա ռիսկերի և կրիմինոգեն կարիքների գնահատումը»,- նշել է փոխնախարարը։
Անկանխիկ վճարումներ
2022-ի հունվարի 18-ին ընդունվեց և հուլիսի 1-ից ուժի մեջ մտավ «Անկանխիկ գործառնությունների» մասին օրենքը, որի համաձայն, 300 հազար դրամից մեծ գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով:
Անկանխիկ են վճարվում աշխատավարձերը, բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերը և փոխառությունները, փոխառությունների մարումը, ապահովագրական հատուցումները:
Ամբողջությամբ անկանխիկ իրականացնելու պահանջ կա առանձին գործարքների դեպքում, օրինակ՝ կրթաթոշակների, պետական գնումների, բժշկական, կրթական, նոտարական, փաստաբանական, այդ թվում՝ խորհրդատվական ծառայությունների դիմաց կատարվող վճարների մասով։
ՊՊԾ-ի առանձնացումը ԱԱԾ-ից
2022-ի դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» և այլ օրենքներում փոփոխություններ, լրացումներ անելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը (տե՛ս այստեղ՝ երրորդ հարցը)։
Այսպիսով, այս փաթեթի երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց և ուժի մեջ մտնելուց հետո, Պետական պահպանության ծառայությունը (ՊՊԾ) կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) և կդառնա առանձին՝ վարչապետին ենթակա մարմին։
ՊՊԾ պետի պաշտոնը զինվորական չի լինելու։ Տեղակալների դեպքում նախատեսվում են թե՛ զինվորական, թե՛ ոչ զինվորական պաշտոններ:
Թե ինչո՞ւ են որոշել ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ-ից՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է. «Այս պահին կա քաղաքական որոշում, որ ԱԱԾ-ին պետք է թողնվի 3 գլխավոր գործառույթ՝ հակահետախուզություն, սահմանադրական կարգի պահպանում, ահաբեկչության դեմ պայքար»:
Գրիգորյանը նաև նշել է, որ ներկայումս աշխատում են ՊՊԾ-ի համար աշխատավարձերը մինչև 100 տոկոս բարձրացնելու ուղղությամբ:
Ներքին գործերի նախարարության ստեղծում
Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստին երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ անելու նախագծերի փաթեթը (տե՛ս այստեղ՝ առաջին հարցը):
Այսպիսով, ստեղծվելու է ներքին գործերի նախարարություն: Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը։ Նոր նախարարության ենթակա մարմիններն են լինելու ոստիկանությունը, միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, փրկարար ծառայությունը: Ոստիկանության պետը և փրկարար ծառայության տնօրենը լինելու են նախարարի տեղակալներ:
Նշենք, որ այս օրենսդրական նախագծի հեղինակը կառավարությունն է։ Նոյեմբերի 24-ին կառավարությունը հավանություն է տվել դրան և հրատապ կարգով ուղարկել Ազգային ժողով՝ հաստատման։
Այս տարի ընդունվեցին նաև «Զենքի շրջանառության մասին» օրենքը, սկսվեց հակակոռուպցիոն դատարանների աշխատանքը և այլ ակտեր։
Նախագծեր, որոնք չընդունվեցին այս տարի
Աղամանների արգելքը
Մարտին առողջապահության նախարարությունը հանրային քննարկման ներկայացրեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծ։
Այս փաստաթուղթը նախատեսում էր հանրային սննդի օբյեկտներում արգելել աղամանի առկայությունը սեղանի վրա` առանց սպառողի կողմից պահանջի ներկայացման: Իսկ սեղանի վրա առանց սպառողի կողմից պահանջի աղամանի առկայությունը 30․000 դրամի չափով տուգանք էր նախատեսում հանրային սննդի օբյեկտի համար։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ Հայաստանում կրկնակի շատ է օգտագործվում։ Եվ այս օրինագծի նպատակը հենց սննդակարգում աղի քանակի նվազեցումն է, որը կբերի մի շարք հիվանդությունների առաջացման ռիսկի նվազեցմանը։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում
Դեռևս 2020-ի ապրիլին ընդունվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որի հիման վրա 12 հայցադիմում է ներկայացվել դատարան, բայց գույքի բռնագանձման դեպքեր դեռևս չկան։
2022-ի մայիսի 19-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկման ներկայացվեց օրենքում մի շարք փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նախատեսվում էր ընդլայնել «պաշտոնատար անձ» հասկացության շրջանակը և դիտարկել ոչ միայն հանրային պաշտոն զբաղեցնողներին, այլև հանրային ծառայության պաշտոն ունեցողներին, ովքեր գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեն։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ այս երկուսը՝ հանրային պաշտոնները և հանրային ծառայության պաշտոնները տարբեր կատեգորիաներ են։ Եվ գործող օրենքով՝ մարզպետի տեղակալի օգնականը կամ Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղարը համարվում են հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և նրանց հանդեպ կարող է սկսվել ուսումնասիրություն, եթե լինեն կասկածի բավարար հիմքեր, որ նրանց կամ նրանց հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք։ Իսկ, օրինակ, պետական եկամուտների կոմիտեի վարչության պետը կամ տարածքային զինվորական կոմիսարը հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող են և նրանց նկատմամբ ուսումնասիրություն չի կարող սկսվել նույն կասկածի բավարար հիմքերի դեպքում։
Նախատեսվում էր նաև երկարացնել ուսումնասիրության համար սահմանված ժամկետը՝ 2-ից դարձնելով 3 տարի։ Եվ մյուս կարևոր փոփոխությունն այն էր, որ վարույթ իրականացնող մարմինը կարող էր բռնագանձվելիք գույքի շուկայական արժեքի չափով գումար պահանջելու փոխարեն պահանջել ձեռքբերման արժեքի չափով գումար (գործնականում հնարավոր են իրավիճակներ, երբ որոշ գույքերի շուկայական արժեքը պարզելը կարող է էական դժվարություններ առաջացնել կամ լինել անհնար)։
Ոստիկանության մշտական հասանելիությունը տեսահսկող համակարգերին
2022-ի դեկտեմբերի մեկին ոստիկանության կողմից հանրային քննարկման էր դրվել «Ոստիկանության մասին» և այլ օրենքներում փոփոխություններ, լրացումներ կատարելու նախագիծ։
Նախատեսվում էր, որ ոստիկանությունն ամենօրյա և 24-ժամյա իրական ժամանակի (live) ռեժիմով հասանելիություն պետք է ունենա մի շարք կառույցների տեսահսկման համակարգերին, կարող է պահանջել և ստանալ տեսաձայնագրություններ։ Այդ կառույցներն են բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները, խաղատները, զենքի առևտրով զբաղվող կազմակերպությունները, դեղատները, հանրային սննդի օբյեկտները, ուսումնական հաստատությունները, ավտոկայանատեղերը և այլն։
Նախատեսվում էր նաև տեսահսկման համակարգեր տեղադրել ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեսրահներում։ Այս համակարգերը պետք է նկարահանեին անընդմեջ, բարձր որակով (HD) և պետք է հնարավորություն ունենային տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու։ Միաժամանակ, տեսահսկման համակարգերին ոստիկանությունը պետք է ամենօրյա և շուրջօրյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն ունենար։
150 հազար դոլար՝ քաղաքացիություն ստանալու համար
2022-ի հոկտեմբերին ոստիկանությունը կառավարության որոշման նախագիծը ներկայացրեց հանրային քննարկման, որով սահմանվեց Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բնագավառներում այն նշանակալի ավանդն ու դրա գնահատման չափանիշները, որի դեպքում օտարերկրացիները կարող են պարզեցված կարգով ստանալ ՀՀ քաղաքացիություն։
Ըստ նախագծի՝ նշանակալի ավանդ է համարվում վերոնշյալ ոլորտներում առնվազն 150 հազար դոլարի ներդրումը։ E-draft.am կայքում այս նախագծի դեմ քվերակվել է 284 անգամ, կողմ՝ 14։
ՊԵԿ-ի հասանելիությունը բանկային գաղտնիքին
2022-ի հուլիսին Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) «Բանկային գաղտնիքի մասին» ու «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծ ներկայացրեց հանրային քննարկման, որով նախատեսվում էր առանց դատարանի որոշման հասանելիություն ունենալ բանկային գաղտնիք համարվող տեղեկություններին։ Այսինքն, ընդամենը մեկ հարցում և այս կառույցը կկարողանար ստանալ բանկային գաղտնի տեղեկությունը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ փոփոխությունն անհրաժեշտ է առավել պատշաճ, ամբողջական և բազմակողմանի հարկային հսկողություն իրականացնելու և տնտեսական հանցագործությունները բացահայտելու համար։ Մինչդեռ, հարկային հսկողության ընթացքում տնտեսվարող սուբյեկտները հաճախ հրաժարվում են ներկայացնել բանկային հաշիվների շարժերի, վարկային և ավանդի պայմանագրերի, գրավի առարկաների, երաշխավորների վերաբերյալ տեղեկությունները, ինչը երբեմն անհնարին է դարձնում հսկողական աշխատանքների նպատակների իրագործումը։
Այս նախագծի վերաբերյալ բուռն քննարկումներ ու քննադատություններ եղան։ Ներկայումս e-draft.am-ից, որտեղ հանրային քննարկման են դրվում օրենսդրական նախագծերը, այս նախագիծը հեռացված է։ Սակայն դեռևս պահպանվել են դրա վերաբերյալ դիտարկումներն ու հաշվիչը՝ դրան դեմ է քվեարկվել 126 անգամ, կողմ՝ 10:
Այս տարի քննարկման առիթ դարձան նաև կառավարության որոշման նախագծեր, որոնք վերաբերում էին անձի կամավոր ամլացմանը, հաշմանդամություն ունեցողներին անձնական օգնականի ինստիտուտի ներդրմանը։ Քննարկումներ սկսվեցին նաև այնպիսի օրենսդրական փոփոխությունների շուրջ, որոնք դեռևս փաստաթղթային տեսք չունեն, օրինակ, գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրումը, բուհերը Երևանից տեղափոխելը և այլն։
Ծանոթագրություն.
-
Այս հոդվածում «օրենք» բառը կիրառվում է նյութական իմաստով․ նյութական օրենքներ են այն ակտերը, որոնց բովանդակությունը պարտադիր կանոններ է սահմանում բոլորի համար և պարտադիր չէ, որ ընդունված լինի օրենսդիր մարմնի կողմից։
Մարդ և օրենք
Նոր օրենք․ զենքի ձեռքբերման ազատականացու՞մ, թե՞ խստացում
Հայաստանում ընդունվել է զենքի շրջանառությանը վերաբերող նոր օրենք։ Աստղիկ Կարապետյանն ուսումնասիրել է օրենքի ռիսկերը, վտանգներն ու առավելությունները։
Read moreՀակակոռուպցիոն դատարան. արդարադատության նոր ճակատ
Կոռուպցիոն գործերի քննության համար նախատեսված մասնագիտացված դատարանը սկսել է իր գործունեությունը։ Արաքս Մամուլյանը ներկայացնում է, թե ինչ է սպասվում, ովքեր են լինելու որոշում կայացնողները, անդրադառնում՝ դատարանի արդյունավետությանն ու խնդիրներին։
Read more«Խելացի» անասնաշենքեր՝ ոչ այնքան խելացի հաշվարկներով
Հայաստանի կառավարության նախաձեռնած ծրագիրը, որի նպատակն է ավելացնել կենդանիների կաթնատվությունն ու մթերատվությունը, նախատեսվածից ավելի պակաս հետաքրքրություն է առաջացրել։
Read moreԱնձնական օգնական՝ հաշմանդամություն ունեցող անձանց
Պետությունը ներդնում է հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ինստիտուտը։ Աստղիկ Կարապետյանն անդրադառնում է, թե ինչ նպատակներ ունի այն, որքանով է անհրաժեշտ ու իրատեսական։
Read moreԲուքմեյքերների դերը տնտեսությունում ու պետության պայքարը
Հայաստանում շահումով խաղեր և վիճակախաղեր կազմակերպող ընկերությունները թեև խոշոր հարկատուների ցանկում են, սակայն պետությունը որոշել է փոխել քաղաքականությունն ու արգելակներ դնել խաղատան ճանապարհին։
Read moreՀամայնքների խոշորացում. խնդիրներ և մարտահրավերներ
Համայնքների խոշորացման լայնամասշտաբ ծրագիրն այս տարի ավարտվում է։ Հասմիկ Բալեյանը դիտարկել է ծրագրի թերություններն ու արդյունավետությունը։
Read moreԲժշկական ամլացում՝ կամավոր, սակայն ոչ բոլորի համար
Կամավոր բժշկական ամլացման մասին կառավարության որոշման նախագծի մի շարք դրույթներ խիստ խնդրահարույց են համարվում հատկապես իրավապաշտպանների կողմից:
Read moreԲոլորը կհայտարարագրեն իրենց եկամուտներն ու գույքը․ ռիսկեր և հնարավորություններ
Իշխանությունները քայլեր են ձեռնարկում, որպեսզի Հայաստանի բոլոր քաղաքացիները 2024-ից հայտարարագրեն իրենց եկամուտներն ու գույքը, Արաքս Մամուլյանը փորձել է հասկանալ ծրագրի առավելություններն ու խնդիրները։
Read moreԾանր վիրավորանք․ քրեականացումը և ապաքրեականացումը
Հայաստանում «ծանր վիրավորանքը» քրեականացնող լրացումը գործեց ընդամենը տասն ամիս։ 2022-ի հուլիսի 1-ին Հայաստանի Քրեական նոր օրենսգրքով ապաքրեականացվեց այս արարքը։
Read moreԱյն, ինչ վերաբերում է յուրաքանչյուրիս. ինչո՞ւ են Հայաստանում հապաղում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումները
Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում նախատեսվող բարեփոխումները դեռևս դանդաղում են ու շոշափելի արդյունքներ չեն տալիս, ինչի հետևանքով այս խնդրին բախվող քաղաքացիների իրավունքները շարունակում են ոտնահարվել։
Read moreՎտանգավոր աշխատանք․ դժբախտ պատահարներ ու չլուծվող խնդիրներ
Աշխատավայրերում ոչ միշտ են պահպանվում առողջության ու անվտանգության կանոնները, ինչի հետևանքով շատ դեպքերում տուժում են աշխատակիցները։
Read more