Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր
40-ամյա Կարինե Առաքելյանը տարիներ շարունակ պայքարում է երեխա ունենալու համար. տարբեր բուժումներից հետո դիմել է արտամարմնային բեղմանավորմանը (ԱՄԲ). «Մի անգամ պտուղը աճեց մինչև հինգ-վեց շաբաթական․․․ Հիմա ունեմ մի սաղմիկ սառեցված, բայց տեղադրման համար դեռևս չենք դիմում, որովհետև ֆինանսական ծախսերը շատ են, դեռևս էն մեկի ծախսերը չեմ կարողացել հոգալ մինչև վերջ»։
Պատմում է, որ 3 միլիոն դրամից ավելի գումար է անհրաժեշտ եղել՝ հետազոտությունների, բուժման, արտամարմնային բեղմնավորման համար․ «Հատկապես դեղորայքի վրա շատ գումար է գնում..․ Լավ կլիներ, եթե մեզ էլ, ովքեր ունեն միայն սաղմի տեղադրման կարիք, ներառեին պետական ծրագրում»։
Պետության ֆինանսավորմամբ իրականացվող անպտղության հաղթահարման ծրագրի շահառու լինել Կարինեն չի կարող, քանի որ արտամարմնային բեղմանավորման համար տարիքային առավելագույն շեմը 35-ն է։ Իսկ արհեստական սերմնավորման (ինսեմինացիա) համար թեև տարիքային սահմանը 42-ն է, սակայն արգանադափողերի հեռացված լինելու պատճառով նույնպես պետական աջակցությունից չի կարող օգտվել։
Թեև անպտղության հաղթահարման ծրագրի շահառուների թիվն ընդլայնվել է, ֆինանսավորումն՝ ավելացել, կան կանայք, ովքեր չեն կարող ներգրավվել ծրագրում և շարունակում են հույսը կապել մասնավոր հիմնադրամների ու բարերարների հետ։
Անվճար ու արտոնյալ պայմաններով ծառայությունները
Դեռևս 2015 թվականին կառավարությունն ընդունեց «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» որոշումը։
2019-ին այս որոշման մեջ փոփոխություններ արվեցին այն հիմնավորմամբ, որ դրա կիրառման ընթացքում ի հայտ էին եկել մի շարք չկարգավորված խնդիրներ, hստակեցվեցին ծառայությունների ծավալը, շահառուների խմբերը և այլն։
Այդ փոփոխություններով անվճար մատուցվող ծառայություններ սահմանվեցին`
- անպտղության պատճառագիտության ախտորոշումն ու բուժումը,
- պարտադիր որոշակի հետազոտությունների իրականացումը մինչ արհեստական սերմնավորումն ու արտամարմնային բեղմնավորումը,
- ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական սերմնավորումը (առավելագույնը 6 փորձ),
- արտամարմնային բեղմնավորման իրականացման մեկ փորձը (հավելյալ սաղմերի ստացման դեպքում 2-րդ և 3-րդ տեղադրումներն արգանդի խոռոչում)։
Սահմանվեց նաև, որ արտամարմնային բեղմանավորման երկրորդ փորձը պետությունը ֆինանսավորում է 50 տոկոսով։ Միևնույն ժամանակ սահմանվեց, որ անվճար կամ արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայությունները չեն ներառում փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի և դոնորական սերմնաբջիջների համար փոխհատուցման ծախսերը:
Հետագայում ծառայությունների այս ծավալի վերաբերյալ փոփոխություններ չեն արվել։
Շահառուները
Վերջին տարիներին կառավարության որոշման մեջ կատարված մի շարք փոփոխությունների էական մասը վերաբերում է շահառուների խմբերին։ ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը նշում է, որ 2019-ին սահմանվեցին շահառուների մի շարք խմբեր, որոնք էին զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, ընտանեկան նպաստի համակարգից օգտվող և 30-ից բարձր միավոր ունեցողները, հաշմանդամություն ունեցողները, նաև սահմանամերձ համայնքի բնակիչները։
Միևնույն ժամանակ, սահմանված էին պահանջներ, որ դիմելիս զույգի ամուսնությունը գրանցված լինի օրենքով, նրանցից մեկը կամ երկուսն էլ լինեն Հայաստանի քաղաքացի, կինը լինի 20-35 տարիքային խմբում և այլն:
«2021-ի փետրվարին կատարված փոփոխություններից հետո շահառուներ դարձան նաև 2020-ի Արցախյան պատերազմում զոհված, պատերազմի հետ պատճառական կապով մահացած զինվորների, կամավորների ծնողները: Այս խմբի համար ծրագրով նախատեսված սահմանափակումները հանվեցին»,- նշում է Փաշայանը՝ նկատի ունենալով սոցիալական վիճակը, բնակության վայրը և մյուս պահանջները։
2023-ի հունվարի 5-ին կառավարությունը նոր փոփոխություններ կատարեց հիշյալ որոշման մեջ։ Թեև կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքից կարելի էր ենթադրել, թե պետությունն աջակցելու է անզավակ և անպտղություն ունեցող բոլոր անձանց, սակայն այդպես չէ։
Ներկայիս կարգավորմամբ, որոնցից միայն մեկում է շեշտվում ամուսնության վկայական ունենալու մասին, սահմանվել է շահառուների չորս խումբ և նրանց համար նախատեսված են ծառայությունների տարբեր ծավալներ։ Այսպես․
- 20-35 տարեկան կանայք, ովքեր ՀՀ քաղաքացի են, ունեն 2 և ավելի տարվա անպտղություն, անզավակ են, կարող են դիմել ծառայությունների ամբողջական ծավալից օգտվելու համար։ Սա ներառում է անպտղության պատճառագիտության ախտորոշումն ու բուժումը, պարտադիր որոշակի հետազոտությունների իրականացումը, արհեստական սերմնավորման փորձերը (առավելագույնը` 6), արտամարմնային բեղմնավորումը (2 փորձ, որից մեկն անվճար, երկրորդը` պետության կողմից 50 տոկոս մասնակցությամբ): Եթե կինը հաշվառվել է 35 տարեկանում և վերոնշյալ բուժական միջամտությունների ցուցումներ կան, ապա նա շարունակում է ծրագրի շահառու լինել մինչև 38 տարեկանը։
-
- 36-42 տարեկան կանայք, ովքեր ՀՀ քաղաքացի են և անզավակ են, կարող են դիմել արհեստական սերմնավորման համար (փորձեր առավելագույնը 6 դաշտանային ցիկլի ընթացքում) և մինչ արհեստական սերմանավորումը պարտադիր հետազոտությունների իրականացման համար։
- Սահմանամերձ բնակավայրում ապրող զույգը, ով ունի մեկ երեխա, սակայն 2 և ավելի տարի երկրորդային անպտղություն ունի, նույնպես կարող է օգտվել ծառայությունների գրեթե ամբողջական ծավալից՝ անպտղության պատճառագիտության ախտորոշում ու բուժում, պարտադիր որոշակի հետազոտությունների իրականացում, արհեստական սերմնավորման փորձեր (առավելագույնը` 6), արտամարմնային բեղմնավորում (1 փորձ): Այս դեպքում հավելյալ պահանջներ են, որ նրանք պետք է լինեն ՀՀ քաղաքացի, ունենան ամուսնության վկայական, կինը լինի 20-35 տարեկան։ Եթե հաշվառման ժամանակ կինը եղել է 35 տարեկան և վերոնշյալ բուժական միջամտությունների ցուցումներ կան, ապա նա շարունակում է ծրագրի շահառու լինել մինչև 38 տարեկանը։
- Զինծառայության ընթացքում կամ ավարտից հետո դրա պատճառով զոհվածների ծնողները, ովքեր Հայաստանի քաղաքացի են, նույնպես կարող են օգտվել ծառայությունների ամբողջական ծավալից։ Այստեղ պայման է դրված, որ կինը պետք է լինի մինչև 42 տարեկան:
Պետպատվերից դուրս մնացած կանայք
Անուշ Մկրտչյանն իր առաջին երեխային ունեցել է ութ տարվա պայքարից հետո։ Այնուհետև ստեղծել է ֆեյսբուքյան «ԱՄԲ Աջակցություն / IVF Support» խումբը, որտեղ հիմնականում հավաքված են անպտղության խնդիրներ ունեցող կանայք, կան նաև բժիշկներ։ Նա ներկայումս զբաղվում է այս կանանց շահերի պաշտպանությամբ, փորձում է կապվել բարեգործական հիմնադրամների, անհատների, բժշկական կազմակերպությունների հետ, որոնք որևէ կերպ կաջակցեն կանանց՝ անպտղության հաղթահարման հարցում։
«Միայն բուն արտամարմնային բեղմանավորման արժեքը 1.2 միլիոն դրամ է, իսկ տեղադրումը, դեղերը, հետազոտությունները 2 միլիոնից ավելին են։ Դա Հայաստանի համար մեծ գումար է և բոլորին հասանելի չի։ Խմբում երևի չկա մեկը, որ վարկ չունենա, ապառիկ տարբերակով ԱՄԲ արած չլինի»,- ասում է Մկրտչյանը։
Նրա խոսքով, իհարկե, շատ ավելի ընդունելի կլիներ, եթե անվճար ու արտոնյալ ծառայությունների ամբողջական ծավալից կարողանային օգտվել ոչ միայն 20-35 տարեկանները, այլ առնվազն մինչև 42 տարեկանները․
«Հենց այս տարիքում կանայք ունենում են բարդություններ, խնդիրներ, օրինակ՝ արգանդափողերը հեռացված են լինում, և նրանց ոչ թե ինսեմինացիա է անհրաժեշտ լինում, այլ հենց արտամարմնային բեղմանավորում»։
38-ամյա Արփինե Ստեփանյանը դեռևս 2016-ից է սկսել տարբեր բուժումներ անցնել՝ երեխա ունենալու համար, նաև արտամարմնային բեղմանավորում է արվել․
«Հղիության հինգ-վեց շաբաթականում պտղի սրտի կանգ եղավ։ Ինձ անալիզներ էին նշանակել, որ պարզվի, թե ինչու այդպես եղավ, գումար չլինելու պատճառով չկարողացա անել։ Հետո ամուսինս գնաց Ռուսաստան, որ աշխատի, գումարը կարողանանք տալ, բայց էնտեղ ավտովթարի ենթարկվեց, հիվանդանոցներ․․․ Հետո կորոնա, պատերազմ, ձգձգվեց, մնաց։ Ես էլ, ամուսինս էլ շատ ենք ուզում, որ գոնե մեկ երեխա էլ լինի, շատ ուրախ կլինենք»։
Արփինեն պատմում է, որ կրիոկոնսերվացված սաղմեր ունեն դեռևս 2019-ից և դրանց պահպանման համար ամսական 10 հազար դրամ պիտի վճարել․
«Բացի դրանից՝ իմ տարիքը գնալով մեծանում է, վախենում եմ՝ հետո էլի խնդիրներ լինեն»։
Անժելա Աբգարյանը, ով նույնպես երիտասարդ տարիներից ի վեր բուժումներ է անցնել, չորս արտամարմնային բեղմանավորման փորձ ունի․ նրան աջակցել են «Արագիլ», «Հայ մանուկ» հիմնադրամները, սակայն, միևնույնն է, ծախսերի մի զգալի մասն իր ընտանիքն է հոգացել․
«Ինչ աշխատել ենք, հիմնականում տվել ենք բժիշկներին, թիվ-սահման չկա։ Բայց, ես, իհարկե, շատ շնորհակալ եմ մարդկանց, որ իմ կողքին են եղել»։
Անժելան պատմում է, որ, բացի ֆինանսական խնդիրները, ծանր հոգեբանական և ֆիզիկական շրջաններ է անցել ամեն միջամտությունից հետո, կոտրվել, նորից վերականգնվել՝ առաջ գնալու համար: Եվ հիմա էլ, երբ գիտի, որ պետպատվերի շահառուներից չէ, լավատես է․
«Ես շատ եմ ուրախացել, որովհետև շատերը 20-35 տարեկան են։ Եթե պետությունը նրանց ֆինանսավորի, այլ բարերարներ էլ կկարողանան մյուսներին օգնել»։
«Պտղաբերության կենտրոն» բուժհիմնարկի մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը նշում է, որ արտամարմնային բեղմնավորմամբ երեխա ունենալու հավանականությունը մինչև 35 տարեկանների շրջանում ավելի բարձր է, քան ավելի մեծ տարիքային խմբերում։ Եվ, բնական է, որ պետությունը ֆինանսական հատկացումներ անելով ակնկալում է նաև բարձր արդյունավետություն։
«Սակայն, իմ անձնական կարծիքն է, որ սա դարձյալ շատ մեծ հնարավորություն է այս կանանց համար։ Նրանք երջանիկ են, որ կարողանում են օգտվել, շատերը չեն հավատում, որ կարող է նման բան լինել»,- ասում է Գրիգորյանը։
Ծնելիության աճն ու անպտղության ցուցանիշները Հայաստանում
Հայաստանում ծնելիության աճը 90-ական թվականներից ի վեր սրընթաց նվազել է։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ եթե 1991-ին մեկ կնոջ հաշվով ծնվող երեխաների թիվը 2.8 էր, ապա 2021-ին այդ թիվը եղել է 1.7: Եվ, փաստացի, ծնելիությունը չի ապահովում անգամ պարզ վերարտադրողականության համար անհրաժեշտ մակարդակը, որը համարվում է 2,15-ը։
Նունե Փաշայանի խոսքով՝ 2019-ից մինչ այժմ անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակներում ծնվել է 253 երեխա, միայն նախորդ տարվա ընթացքում՝ 128 երեխա: Եվ ակնկալվում է, որ ծնունդների թիվը տարեցտարի կավելանա՝ հաշվի առնելով շահառուների թվի ընդլայնումն ու նաև ֆինանսավորումը։
«Թեև, իհարկե, այդքան երեխայի ծնունդը քիչ չէ, սակայն ծրագիրն էական մեծ ազդեցություն չէր կարող ունենալ ժողովրդագրության վրա, քանի որ դեմոգրաֆիկ խնդիրները միայն ծնունդներով չեն պայմանավորված»,- նշում է Փաշայանը։
Միևնույն ժամանակ, բարձր է անպտղության ցուցանիշը։ Մասնավորապես, «Անպտղության տարածվածությունը Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում» քանակական հետազոտության տվյալներով՝ վերարտադրողական տարիքի միասին ապրող զույգերի շրջանում անպտղության տարածվածությունը 16,8 տոկոս է, այդ թվում առաջնայինը՝ 1,7 տոկոս, իսկ երկրորդայինը՝ 15,1 տոկոս: Այս ցուցանիշը բարձր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված սահմանային ցուցանշից։
Այս առումով վերարտադրողական առողջության մասնագետ Հռիփսիմե Գրիգորյանը կարևորում է այն, որ կառավարությունը շահառուների խմբում ներառել է նաև երկրորդային անպտղություն ունեցողներին և հույս ունի, որ թիրախային այս խմբից էլ ավելի մեծ թվով շահառուներ ներգրավելու հնարավորություն կլինի ապագայում։
Մարդ և օրենք
Գործող հարկատեսակներ և նախատեսվող փոփոխություններ
Որո՞նք են հարկման հիմնական տեսակները Հայաստանում, ի՞նչ փոփոխություններ են նախատեսված հարկային դաշտում ու ի՞նչ խնդիրների են բախվում հարկատուները, ներկայացնում է Արփինե Սիմոնյանը։
Read moreՀՀ քաղաքացիություն․ ովքեր և ինչպես են ստանում
Ի՞նչ հիմքով, ի՞նչ ընթացակարգով են դառնում Հայաստանի քաղաքացի, ի՞նչ խնդիրների են բախվում քաղաքացիություն ստանալիս ու ինչ փոփոխություններ են նախատեսված, պարզաբանում է Աստղիկ Կարապետյանը։
Read moreՏեսեք նաեւ
Դաշտանադադար. խոսելն «ամոթ» չէ
Կնոջ կյանքի ֆիզիոլոգիական, թերևս, անխուսափելի փուլերից մեկն է դաշտանադադարը, որի մասին հայաստանյան հասարակությունը դեռևս այդքան էլ պատրաստակամ չէ խոսել, դիմել օգնության ու մեղմել այս փուլի երբեմն բավական բարդ ընթացքը:
Read moreԱնցանկալիները․ ինչո՞ւ է Հայաստանում աբորտը մնում ընտանիքի պլանավորման հիմնական ձևը
Հղիության արհեստական ընդհատման հարցը շարունակում է արդիական մնալ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Հոդվածը ներկայացնում է հայաստանյան պատկերն ու ընդհատումից բխող խնդիրները։
Read moreՀետծննդաբերական դեպրեսիա․ հոգեբանական խնդիրներ, որոնք դեռևս ժխտվում են
Թեև երեխա ունենալը կնոջ կյանքում հրաշալի իրադարձություններից է, սակայն դառնում է նաև հախուռն ու անկառավարելի զգացումների շրջափուլ, որը կարող է հանգեցնել անգամ հետծննդաբերական դեպրեսիայի:
Read moreՀայաստանը` ժողովրդագրական ճգնաժամում
Ժողովրդագրական վերջին տվյալները գուժում են Հայաստանում ճգնաժամային իրավիճակի մասին։ Ծերացման բարձր ցուցանիշ ունեցող երկրում ժողովրդագրական իրավիճակը բարելավելու և ծնելիությունը խթանելու նպատակով իրականացվում են ծրագրեր, սակայն արդյոք դրանք արդյունավետ են։
Read moreՄանկաբարձական բռնություն․ այս մասին հաճախ լռում են
Շատ կանայք ենթարկվում են մանկաբարձական բռնության, ինչը ոչ միայն խախտում է արժանապատիվ և հարգալից բուժօգնություն ստանալու նրանց իրավունքը, այլև կարող է լրջորեն սպառնալ նրանց կյանքին և առողջությանը:
Read more