Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր
Հայաստանում հարկային տեսակների դաշտում նախատեսված են փոփոխություններ. այս մասին քննարկումները սկսվեցին դեռևս 2022 թվականի օգոստոսից։ Մասնավորապես, թիրախում հայտնվեց միկրոձեռնարկատիրական համակարգի արդյունավետ լինելու հարցը։
2020-ի հունվարի մեկից սկսեց գործել նոր՝ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը, որի նպատակը փոքր բիզնեսի զարգացմանը խթանելն էր և միկրոձեռնարկատերերը հիմնականում ազատվեցին պետական հարկեր վճարելուց։
Առաջիկայում փոփոխությունների վերաբերյալ առաջին փաստաթուղթը վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022-ի օգոստոսի 12-ի որոշումն էր, որով հաստատվեց 2022-2025 թվականների հարկային եկամուտների կառավարման ծրագիրը։
Այս փոփոխությունների նպատակը կառավարության ծրագրով սահմանված հարկային եկամուտների թիրախին հասնելն է, այն է՝ «հարկային բարեփոխումների արդյունքում հարկեր/համախառն ներքին արդյունքի ցուցանիշը պետք է 2020-ի համեմատությամբ բարելավվի 2.6 տոկոսային կետով և 2026-ին հասնի 25 տոկոսի»։
Հարկման հիմնական տեսակները
Ներկայումս Հայաստանում գործում են հարկման ընդհանուր և հատուկ համակարգեր: Հարկման ընդհանուր համակարգում բիզնեսը վճարում է ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) և շահութահարկ, երբեմն նաև այլ հարկեր (փոխադրամիջոցների գույքահարկ, ակցիզային, բնապահպանական, ճանապարհային, եկամտային, անշարժ գույքի հարկեր): Գրեթե ցանկացած բիզնես կարող է օգտվել հարկման ընդհանուր համակարգից:
Հարկման հատուկ համակարգում բիզնեսը չի վճարում ԱԱՀ և շահութահարկ, այլ փոխարենը վճարում է շրջանառության հարկ:
Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) ապրանքների և ոչ նյութական ակտիվների վաճառքի ու վարձակալության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործարքների կնքման արդյունքում պետական բյուջե վճարվող հարկ է:
2022-2025 թվականների հարկային եկամուտների կառավարման ծրագրի համաձայն՝ ԱԱՀ-ն վերջին 10 տարիների ընթացքում ապահովել է բյուջեի եկամուտների 34-40 տոկոսը և հարկային եկամուտների կազմում ունի ամենամեծ կշիռը: ԱԱՀ ստանդարտ դրույքաչափը 20 տոկոս է և այն չի փոփոխվել դրա ներդրումից ի վեր: ԱԱՀ-ն հարկային եկամուտների ավելացման ամենամեծ պոտենցիալ ունեցող գործոնն է․ դրա դրույքաչափի 1 տոկոսային կետով բարձրացումը կարող է հարկային եկամուտներն ավելացնել 28 մլրդ դրամով:
ԱԱՀ-ի ստանդարտ դրույքաչափի փոփոխություն չի նախատեսվում մինչև 2026-ը։
Շահութահարկը բիզնեսի համախառն եկամտից (հասույթից) պետական բյուջե վճարվող հարկն է։
Շահութահարկի դրույքաչափը սահմանվում է 18 տոկոս, իսկ հարկման բազան որոշելիս հասույթից նվազեցվում են հիմնավորված ձեռնարկատիրական ծախսերը, կորուստները և այլ նվազեցումները։ Որոշ ծախսերը չեն նվազեցվում, իսկ որոշ ծախսերի նվազեցման վրա կիրառվում են սահմանափակումներ։ Շահութահարկը վճարվում է տարեկան կտրվածքով, սակայն նաև անհրաժեշտ է վճարել եռամսյակային կանխավճարներ։
2022-2025 թվականների հարկային եկամուտների կառավարման ծրագրի համաձայն՝ վերջին 10 տարիների ընթացքում շահութահարկն ապահովել է պետական բյուջեի հարկային եկամուտների 9.5-16 տոկոսը:
Շահութահարկի դրույքաչափը նախկինում սահմանված է եղել 20 տոկոս և նվազեցվել է հայաստանյան ձեռնարկությունների միջազգային մրցունակությունը բարձրացնելու և մասնավոր ներդրումների համար միջավայրն առավել գրավիչ դարձնելու համար։
Ծրագրային ժամանակահատվածում շահութահարկի դրույքաչափերի բարձրացում չի նախատեսվում։
Ակցիզային հարկը վերաբերում է ներմուծվող և արտադրվող ալոկհոլային խմիչքներին, ծխախոտային արտադրանքին և նավթամթերքներին։ 2022-2025 թվականների հարկային եկամուտների կառավարման ծրագրի համաձայն՝ նախորդ 10 տարիների ընթացքում ակցիզային հարկից եկամուտները կազմել են հարկային եկամուտների 4.5-9.5 տոկոսը:
Մինչև 2026-ը չի նախատեսվում ակցիզային հարկով հարկվող ապրանքների կազմի էական փոփոխություն, սակայն նախատեսվում է նոր դրույքաչափերի սահմանում: Միևնույն ժամանակ, չի ակնկալվում, որ փոփոխությունների արդյունքում այս հարկատեսակից նոր մուտքերն էականորեն կավելացնեն հարկային եկամուտների կազմում ակցիզային հարկի կշիռը և որոշիչ կլինեն առաջիկա տարիների հարկային եկամուտների ավելացման հարցում:
Շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և շահութահարկին։ Այն վճարվում է ամբողջ շրջանառությունից և հաշվարկվում ու վճարվում է եռամսյակային կարգով: Որոշ դեպքերում (օրինակ՝ հանրային սննդի ոլորտում) թույլատրվում են ծախսերի նվազեցումներ։
Կախված գործունեության տեսակից՝ դրույքաչափը կարող է տատանվել: Այս ռեժիմից չեն կարող օգտվել ակցիզային հարկ վճարողները, ֆինանսական ոլորտի կազմակերպությունները, միմյանց հետ փոխկապակցված բիզնեսները։
2022-2025 թվականների հարկային եկամուտների կառավարման ծրագրով նախատեսվում է չեղարկել շրջանառության հարկի համակարգի կիրառությունը:
Այլ հարկեր
Կազմակերպությունները հաշվարկում ու վճարում են իրենց աշխատողների ու իրենց ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց եկամտային հարկը, որը 2023-ի հունվարի 1-ից բոլորի համար կկազմի 20 տոկոս։ Հողամասերի, անհատական բնակելի տների, բնակարանների, ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար գործում է անշարժ գույքի հարկը։ Հարկի դրույքաչափը կախված է գույքի տեսակից և շուկայական արժեքից։ Ավտոմեքենաների, ջրային տրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների համար գործում է փոխադրամիջոցների գույքահարկը. գույքահարկի չափը որոշվում է տվյալ փոխադրամիջոցի շարժիչի հզորությունից։ Գործում են նաև այլ հարկատեսակներ։
Նախատեսվում է շրջանառության հարկի չեղարկում
Հարկային եկամուտների կառավարման 2022-2025 թվականների ծրագրով առանցքային փոփոխություններից մեկը վերաբերում է շրջանառության հարկին։ Ի սկզբանե այս հարկատեսակի նպատակը եղել է փոքր բիզնեսի համար հարկային հաշվառման պարզեցված կանոններ սահմանելը:
Մինչև 2019-ի ավարտն ավելի քան 60 հազար տնտեսվարող շրջանառության հարկ էր վճարում, սակայն 2020-ից սկսած՝ նրանց մի մասը հաշվառվեց որպես միկրոձեռնարկատիրություն, ինչի հետևանքով 2020-2021 թվականներին շրջանառության հարկ վճարողների թիվն աստիճանաբար նվազեց՝ հասնելով շուրջ 43 հազարի։
Ծրագրում նշվում է, որ «որոշ դեպքերում շրջանառության հարկը դարձել է ոչ թե բիզնեսի որոշ տեսակների համար հարկային հաշվառման պարզ այլընտրանք, այլ փաստացի ավելի քիչ (երբեմն՝ անգամներով ավելի քիչ) հարկեր վճարելու «տարածք»:
Թերևս սա է պատճառը, որ նախատեսվում է շրջանառության հարկի համակարգի կիրառությունը չեղարկել․ տնտեսավարողների համար ԱԱՀ-ի հաշվարկը կկատարվի պետական եկամուտների կոմիտեի կողմից սպասարկվող ինքնաշխատ համակարգի գործադրմամբ, իսկ շահութահարկը կփոխարինվի բաշխվող շահույթի հարկով՝ վարչարարական բեռը դնելով հարկային մարմնի վրա:
Ծրագրի համաձայն՝ ակնկալվում է, որ փոփոխությունը կունենա դրական ազդեցություն պետբյուջեի եկամուտների ավելացման վրա, թեև այդ ազդեցության չափը չի լինի էական՝ հաշվի առնելով ներկայումս այս տիրույթում տնտեսական գործունեության սահմանափակ ծավալները:
Փոքր և միջին ձեռնարկատիրությունների (ՓՄՁ) համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանը հիշում է, որ ժամանակին հարկայինի ՓՄՁ քաղաքականությամբ զբաղվող պատասխանատուները պնդում էին, թե ՓՄՁ ոլորտից հարկային մուտքներն այնքան շատ չեն, որ էական ազդեցություն թողնեն պետական մուտքերի վրա:
«Եթե ճիշտ էին ասում, արժե նայել՝ ինչքան է ՓՄՁ մուտքերը և այս ԱԱՀ-ն մտցնելով ինչ են ստանալու: Նաև էլի պետք է վերլուծություն անեն՝ հաշվապահության վրա ինչքան է ծախսում ՓՄՁ-ն հիմա, երբ շրջանառության հարկով է աշխատում, և եթե ԱԱՀ է մտնելու, որքանով կարող է բարդանալ»,- ասում է Օսիպյանը՝ նշելով, որ եթե հիմա այդ գործոնները հաշվի են առել ու, իրոք, ՓՄՁ-ի աչքերով ու ՓՄՁ բյուջեի տեսանկյունից դա ճգնաժամային փոփոխությունների չի բերելու, ապա այդ դեպքում վատ փոփոխություն չէ:
«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադևոսյանը նշում է, որ դեռևս անհասկանալի է, թե ինչ լուծում է առաջարկվելու շրջանառության հարկի չեղարկման դեպքում․
«Դա սոցիալական լարում է առաջացնելու: Մենք միշտ փոխանակ խնդիրները լուծենք, հետևանքներն ենք լուծում, նույնն էլ՝ այս դեպքում: Այնպես չէ, որ շրջանառության հարկը հանեցին՝ ամեն ինչ տեղն է ընկնելու, հարկային պարտավորություններից խուսափելու այլ տարբերակներ կմտածեն: Եթե շրջանառության հարկը հանեցին, առևտուր իրականացնող փոքր ու միջին սուբյեկտն ի՞նչ է անելու: Եթե ուզում ենք փոքր ու միջին ձեռնարկատիրությանը սատկացնել, կարելի է շրջանառության հարկը հանել»:
Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ շրջանառության հարկի վերացման վերաբերյալ դեռևս օրենսդրական նախագիծ չկա։
Փոփոխություններ միկրոձեռնարկատիրական համակարգում
Միկրոձեռնարկատիրական համակարգը գործում է 2020-ից և որպես միկրոձեռնարկատեր հաշվառվածները հիմնականում ազատված են հարկերից։ Թերևս սա է պատճառը, որ ընդամենը երկու տարում միկրոձեռնարկատերերի թիվը հասել է 50 հազարի։
«ՓՄՁ-ների քանակը Հայաստանում մեծացել է, սակայն միջինների քանակը քչացել է, փոքրերի քանակը քչացել է, գերփոքրերի քանակը մեծացել է: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ տեղի է ունեցել բիզնեսների տրոհում․ դրանք վերաձևակերպվել են ու սկսել են աշխատել այդ ավելի շահեկան պայմաններում»,- կարծում է Օսիպյանը՝ հավելելով, եթե միկրոձեռնարկատիրության համակարգը ստեղծվել էր, որպեսզի հեշտացվեր բիզնեսով զբաղվելը և հարկային դաշտում ներգրավվելը, ապա կառավարության հաջորդ նպատակը պետք է լիներ խթանելը, որ միկրոձեռնարկությունները դառնան կայուն զարգացող ընկերություններ։
Փայլակ Թադևոսյանը նույնպես այն կարծիքին է, որ միկրոձեռնարկությունների արտոնյալ պայմաններում «տեղավորվել» են նաև որոշ տնտեսվարողներ, որոնք, սակայն, չպետք է օգտվեին այդ արտոնություններից․
«Կառավարությունը, ի սկզբանե, պետք է սահմանափակեր այն ոլորտները, որոնք միկրոձեռնարկատիրության տակ պետք է աշխատեն: Այս խնդիրների մասին ասվել էր մինչև օրենքի նման փոփոխությունները, բայց չլսեցին, հիմա ունենք այն, ինչ ունենք»:
Ըստ Թադևոսյանի՝ կարևոր է, որ պետությունը հարկային բեռի բաշխումն իրականացնի արդար կերպով․
«Թե չէ ստացվում է՝ ով շատ է հարկ տալիս, իրենից շատ ենք ուզում, ով չի տալիս, ասում ենք՝ քանի որ իրեն չենք կարողանում վերահսկել, իրենից չենք ուզում հարկ: Պետության դերը նաև պետք է լինի արդարության զգացողության պահպանումը»:
Հարկային եկամուտների կառավարման 2022-2025 թվականների ծրագրով նախատեսվել էր, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ կիրառելի կանոնները վերանայվեն այնպես, որպեսզի հարկման «արտոնյալ միջավայրը» չքայքայի մյուս հարկատեսակների հարկման բազաները:
Իսկ 2022-ի նոյեմբերի 24-ին ընդունվեց նոր օրենք՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ, որով և սահմանվեցին փոփոխություններ միկրոձեռնարակատիրական համակարգում։ Օրենքն ուժի մեջ մտավ 2023-ի հունվարի 1-ից, որոշ դրույթներ ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ից։
Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը նշում է, որ փոփոխությունները հիմնականում 3-ն են։ Առաջին փոփոխությունն այն է, որ միկրոձեռնարկատիրությունների վարձու աշխատողների համար ներկայումս սահմանված է ամսական 5000 դրամ եկամտային հարկ, որը կչեղարկվի և նրանց եկամուտների հարկումը կլինի ընդհանուր կարգով՝ 20 տոկոս դրույքաչափով։ Այս դրույթն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից։
Մյուս փոփոխությամբ արգելվում է շահութահարկ վճարողներին միկրոձեռնարկատիրության սուբյեկտներից կատարվող ձեռքբերումները շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտից նվազեցում դիտարկել: Այսինքն՝ շահութահարկ վճարողները, եթե միկրոձեռնարկատերերից ձեռքբերումներ ունենան, դրանց հաշվին չեն կարողանա նվազեցնել համախառն եկամուտը:
Մեկ այլ փոփոխությամբ էլ սահմանվում է, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չի կարող համարվել պասիվ եկամուտներ ստացողը։
«Այսինքն՝ տնտեսվարողը, որը կունենա ստանալիք վարձավճար կամ բանկում ավանդ կներդնի ու տոկոսի տեսքով եկամուտ կստանա, այդ սուբյեկտը չի կարող համարվել միկրոձեռնարկատեր»,- նշում է Ալավերդյանը:
Ռուբեն Օսիպյանը կարծում է, որ այս փոփոխություններով հիվանդության ախտանիշերն են վերացվում, սակայն չի բուժվում հիվանդությունը.
«Ես վստահ չեմ, որ նորմալ հետազոտություն է արվում փոփոխությունների դեպքում։ Միտված են այս արտաքին գործոնների վրա կենտրոնանալ՝ շրջանառության հարկ լինի՞, թե՝ ոչ, միկրո լինի՞, թե՝ ոչ: Բայց ընդամենը քաղաքականության գործիքներ են: Խնդիրն այն է, որ կառավարությունն այնքան հաճախ է իր քաղաքականությունը փոխում, որ բիզնեսը ստանում է ազդակ՝ ընդհանրապես ՀՀ կառավարության հետ ոչ մի երկարաժամկետ պլան չի կարող կազմել»։
Մեր հայերեն էջից
Իսկ ես ուզու՞մ եմ լինել զինվորի մայր․ (չ)տոնական հարցեր
Բանակի տոնին՝ չափազանց դժվար ինքնախոստովանություն, որը գրում եմ՝ հույս ունենալով, որ այսուհետ քաջություն կունենանք խոսելու և անկեղծորեն բարձրաձայնելու խնդիրները` վախի, պաթոսի ու ինքնախաբեության շղարշի տակ չթաքցնելով։
Read moreՀՀ քաղաքացիություն․ ովքեր և ինչպես են ստանում
Ի՞նչ հիմքով, ի՞նչ ընթացակարգով են դառնում Հայաստանի քաղաքացի, ի՞նչ խնդիրների են բախվում քաղաքացիություն ստանալիս ու ինչ փոփոխություններ են նախատեսված, պարզաբանում է Աստղիկ Կարապետյանը։
Read moreԲուլլինգը դպրոցում. հարաբերությունների արանքում
Հայաստանում դպրոցական բուլլինգը շարունակում է անտեսված խնդիր մնալ։ Վիճակագրություն այն մասին, թե քանի երեխա է յուրաքանչյուր տարի բռնության կամ հետապնդման ենթարկվում ուսումնական հաստատություններում, չկա, սակայն դա չի նշանակում, թե խնդիր էլ չկա։
Read moreՋերմատնային տնտեսություններ․ ունենալը հեշտ է, կառավարելը՝ դժվար
Թեև Հայաստանի որոշ տարածաշրջաններ համապատասխանում են ջերմատնային տնտեսություն հիմնելու պայմաններին, սակայն դեռ քչերն են կայացնում որոշում ու հիմնում ջերմատներ։
Read moreԸնտանեկան բռնություն․ դեռ օրակարգում
Ընտանեկան բռնության, անդառնալի կորուստների ու իրավիճակի բարելավմանն ուղղված քայլերի հայաստանյան պատկերը։
Read moreEVN Report-ի հոդվածները կարող եք լսել ՁայնաԳիր
Ձայնագիր. Ալան Բադիուի «Դարը»
Ալան Բադիուի «Դարը» աշխատության շուրջ գրախոսության ՁայնաԳիրը։
Read moreՁայնագիր. Ցուցահանդես՝ արվեստի տարածքից դուրս
Արվեստի ավանդական տարածք համարվող միջավայրից դուրս ցուցահանդեսների մասին հոդվածի ՁայնաԳիրը։
Read moreԲայց և սակայն, այնուամենայնիվ
Podcast