Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր
Ծովի մակերևույթից համեմատաբար բարձր դիրք, ոռոգում, տարվա ընթացքում արևային շատ օրեր ու լավ լուսավորություն․․․ Թվարկածները մշակաբույսերի արտասեզոնային արտադրությունն ապահովելու համար նախատեսված ամենակատարելագործված կապիտալ շինությունների՝ ջերմատնային տնտեսություն հիմնելու և զարգացնելու համար կարևոր բաղադրիչներն են։ Հայաստանի որոշ տարածաշրջաններ համապատասխանում են այս պայմաններին, սակայն դեռ քչերն են կայացնում որոշում ու հիմնում ջերմատներ։
Աշխատանքները սկսելու համար նախ հարկավոր է ունենալ տեղեկատվություն` տվյալ տարածքում արևային օրերի քանակի, քամիների ուժգնության, կենսաբազմազանության, ազատ հողերի առկայության և այլնի մասին։ Թեև շատերը կարծում են, թե ինչքան մեղմ է կլիման՝ այնքան բարենպաստ է ջերմատնային տնտեսության համար, սակայն կան որոշ առանձնահատկություններ:
Հայկ Հունանյանի գլխավորած «Պրոմո գրուպը» Հայաստանում արդեն 50 հա-ի հասնող ջերմատուն է կառուցել։ Մինչ կառուցելն ուսումնասիրում են, քննարկում ու վերլուծում հնարավոր վտանգները։ Հունանյանի վստահեցմամբ՝ տարիների ընթացքում թյուր ըմբռնում է ձևավորվել, թե Հայաստանում Արարատյան դաշտավայրն ամենահարմարն է։ Թեև կլիման մեղմ է ու ջեռուցման ծախսն ավելի քիչ, բայց մառախուղի պատճարով բույսի աճը դանդաղում է, իսկ հարթավայրում հանդիպող միջատները կարող են անվերադարձ վնասել մշակաբույսերին ու ամբողջ բերքը ոչնչացնել, մինչդեռ լեռնային գոտիներում արևոտ օրերի քանակն է շատ, միջատների նման բազմազանություն չկա։
«NASA֊ից ենք տվյալներ վերցնում՝ արևային օրերի, ձյան ու անձրևի տեղումների քանակ, արևային էներգիայի չափ, և ըստ այդմ ասում ենք, տվյալ ջերմատան կառուցումն ինչքանով արդյունավետ կլինի»,- ասում է Հունանյանը՝ հավելելով, որ ջերմատուն կառուցելու համար բարենպաստ են Շիրակի մարզում դեպի Ղուկասյան գյուղի մոտակայքի տարածքը, Թալինի տարածքը, Սևանի ամբողջ ավազանը, Ապարանը, Սյունիքում՝ Ջերմուկն ու հարակից տարածքները։
Ըստ Հունանյանի՝ բավական բարդ գործընթաց է և փոքր ու միջին ջերմատները տուժում են, երբ ֆինանսական խնդիրներից ելնելով որոշ հանգամանքներ հաշվի չեն առնում ու փորձում են հնարավորինս մատչելի կերպով իրականացնել ջերմատնային տնտեսության կառավարումը։
Շիրակի մարզում շուրջ 7 տարի ջերմատնային տնտեսությամբ զբաղվող Ցոլակ Չադրյանը կարծում է, որ ջերմատուն ունենալու համար երեք կարևոր հարցի պետք է պատասխանել՝ ո՞ր շուկայի համար ես աշխատելու, ի՞նչ տեխնոլոգիայով ու ինչպե՞ս պետք է կառուցես, և ամենակարևորը, թե ո՞վ պետք է սպասարկի։
«Մենք մտածում ենք, թե ջերմատնային տնտեսություն ունենալը շատ հեշտ է, ու ցանկացած մարդ, որը նախկինում ունեցել է գյուղատնտեսությամբ զբաղվելու փորձ, կարող է հեշտությամբ ջերմատուն կառուցել ու շատ եկամուտ ունենալ։ Բայց դա խաբկանք է»— իր փորձով է կիսվում Չադրյանը։
2015-ին Գյումրիում գործող վարդերի փոքր ջերմատունը Չադրյանն ընկերոջ հետ կարողացել է ընդլայնել ու հասցնել 1 հա-ի, արտադրանքը հիմնականում արտահանվում է։ Ըստ Չադրյանի՝ նոր տեխնոլոգիաներով ջերմատնային համակարգերը հատուկ խնամք, ուշադրություն ու ճիշտ կառավարում են պահանջում, մինչդեռ ռիսկերը, որքան էլ վերահսկելի են, սակայն նվազեցնել առայժմ չի ստացվում։
«Հայաստանում ջերմատնային տնտեսություն ջեռուցելու համար գազին այլընտրանք չունենք։ Ինչքան էլ ասում են, որ կարելի է փոխարինել արևային վահանակների էներգիայի տարբերակով ջեռուցման ապահովմանը, այն մնում է ոչ իրագործելի»,- նշում է Չադրյանը՝ հավելելով, որ հաշվարկել են ու 1 հա ջեռուցելու համար 16-20 միլիոն կկալ էներգիա է ծախսվում նորմալ ջեռուցում ապահովելու համար, մինչդեռ նման արևային կայաններ կառուցելու համար հսկայական ներդրումներ են անհրաժեշտ։
Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունները թիրախում
Ջերմատնային տնտեսությունների սեփականատերերից շատերի համար առաջնային խնդիրն ավելի ցածր ինքնարժեքով արտադրանք ստանալն է, ինչի արդյունքում չի տուժի նաև որակը։ Եթե 1 քմ-ից ստանում են, օրինակ՝ 10 վարդ, մինչդեռ մրցակից նույնատիպ ջերմատանը կամ հարևան երկրում՝ 15 վարդ, պարզ է, որ մեկ միավորի գինն ավելի ցածր ու մրցունակ է։ Հենց այդ մրցակցությանը դիմանալու, շուկայում տեղ գրավելու նպատակով բոլոր ջանքերը ներդրվում են ինքնարժեքը ցածր դարձնելու վրա, իսկ դրա համար հարկավոր են նորարարական տեխնոլոգիաներով կառուցվող ջերմատներ, մասնագետներ ու նոր շուկաներ գրավելու հմտություններ։
Ու եթե խոշոր ֆերմերային տնտեսությունները, ժամանակին համահունչ քայլելու համար, կարող են իրենց ներդրումներ թույլ տալ, ապա փոքր ու միջին ջերմատները ձգտում են էժան տարբերակին։ Ուստի, 2020-ից նորարարական տեխնոլոգիաները հասանելի դարձնելու համար ՀՀ կառավարությունն օգնում է երկու ծրագրով՝ փոքր ու միջին ջերմատների ներդրման պետական օժանդակություն և ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի տրամադրում։
Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ծրագիրը, որի նպատակն է պետական աջակցության միջոցով ավելացնել ջերմատնային տնտեսությունների մակերեսն ու արտադրության ծավալները, բարձրացնել արտադրանքի մրցունակության մակարդակը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը, մասնակիորեն փոխհատուցում է մինչև 3000 քմ ջերմատուն կառուցելու ծախսերը, որը պետք է լինի կաթիլային ոռոգմամբ, ջերմակարգավորող համակարգով, ցինկապատ մետաղից և այլն։
Իսկ ագրոպարենային լիզինգի ծրագիրը խոշոր տնտեսություններին է աջակցում, որ ձեռք բերեն նոր տեխնոլոգիաներ ու մինչև մեկ միլիարդ դրամի լիզինգ է տրամադրում։ Այս ծրագրով հնարավորություն է տրվում կիսատ կամ եղած ջերմատները նորարարական լուծումներով կառուցել։
Ըստ «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման աջակցության ծրագրի» հիմնավորման՝ տեղական փորձը ցույց է տալիս, որ ավանդական տեխնոլոգիաների կիրառմամբ ջերմատներում 1 քմ-ի բերքատվությունը տատանվում է 8-20 կգ-ի սահմաններում` կախված մշակաբույսից, իսկ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման պայմաններում մշակաբույսերի բերքատվությունը հասնում է 40-60 կգ-ի:
Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի մշակման վարչության պետ Իռա Փանոսյանի խոսքով՝ ծրագրերի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, սակայն ոչ բոլորն են հասնում վերջնարդյունքի։
«Ջերմատուն կառուցելը հեշտ է, կառավարելն է դժվար։ Սխալ պատկերացումներ ունեին։ Կար նաև ծրագրով նախատեսված ուսուցման բաղադրիչ ու շատերը մասնակցելով դասընթացին, հասկացան, որ հեշտ չի լինելու, խուսափեցին պայմանագիր կնքել, բայց այն նաև փորձ էր, որ հետագայում վտանգները գնահատեն ու ապագայում ներդրումները պլանավորեն»,- ասում է Փանոսյանը՝ նշելով, որ 2022-ին ագրոպարենային լիզինգի ծրագրով աջակցել են մոտ 5 հա հասնող ջերմատների, փոխհատուցել են փոքր և միջին՝ շուրջ 1 հա կազմող 9 ջերմատան կառուցման ծախսերը։
Էկոնոմիկայի նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ Հայաստանում ջերմոցների և ջերմատների ընդհանուր մակերեսը եթե 2013-ին կազմում էր 900 հա, ապա 2022-ին կազմում է 2000 հա, որից 300 հա նորարական բարձր տեխնոլոգիաներով են կառուցված։
Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, վերջին 3 տարիների ընթացքում ագրոբիզնեսի ոլորտը ՀՆԱ-ում կազմել է 11,1 տոկոս, իսկ ոլորտում առկա աշխատատեղերի թիվը կազմել է Հայաստանի աշխատատեղերի ընդհանուր թվի 24 տոկոսը:
Հայաստանում ջերմատներում հիմնականում աճեցվում ու արտահանվում են ծաղիկներ, հատապտուղներ, վարունգ, լոլիկ։
2019-ին արտահանվել է մոտ 1300 տոննա ծաղիկ, կոկոն, դեկորատիվ կանաչներ, 2021-ին՝ 3600 տոննա։ 2019-ին արտահանվել է մոտ 7700 տոննա հատապտուղ, 2021-ին՝ 7600 տոննա։ Վարունգի դեպքում թվերը կտրուկ նվազման են գնում․ եթե 2019-ին մոտ 9900 տոննա է արտահանվել, ապա 2021-ին նվազել է մինչև 3700-ի։ Լոլիկի դեպքում արտահանման տվյալները հակառակը՝ ավելանում են․ եթե 2019-ին արտահավել է մոտ 25․000 տոննա, ապա 2021-ի ծավալները հասնում են 35․500-ի։
Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ խոշոր ջերմատնային տնտեսությունները մեծամասամբ արտադրանքն արտահանում են, հիմնական շուկան (մինչև 97 տոկոս) Ռուսաստանի Դաշնությունն է։ Փորձեր արվում են այլ շուկաներ գտնել, սակայն դեռ շատ քիչ քանակ է արտահանվում եվրոպական ու արաբական երկրներ։
«Ագրոսփեյս» ընկերության ղեկավար Ալեքսանդր Կույովդան հավաստիացնում է, որ տարիների ընթացքում ջերմատնային տնտեսությունները նոր շուկաներ գրավելու համար ջանքեր են գործադրում՝ լավ հասկանալով, որ միայն մեկ ուղղության մենաշնորհը, այս դեպքում երբ Ռուսաստանն է արտահանման հիմնական թիրախը, ռիսկային է բիզնեսոլորտի համար։ Եթե որոշ խնդիրներ են առաջանում, օրինակ՝ Լարսի անցակետում, ջերմատները հայտնվում են ծանր վիճակում, խոշոր ջերմատները եղած արտադրանքը վաճառում են տեղական շուկայում, ինչն էլ ուղղակիորեն խեղդում է փոքր ու միջին ջերմատներին, որոնք հիմնականում ունեն ներքին սպառում։
Մասնագետների պակասը
Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացած ուկրաինացի Ալեքսանդր Կույովդային 2015-ին հրավիրել են Հայաստան՝ խոշոր ջերմատնային տնտեսությունում աշխատելու: Մի քանի տարի աշխատելով ստեղծել է «Ագրոսփեյս» ընկերությունը, որն օգնում է ջերմատներին կառավարել իրենց բիզնեսն ու տալ մասնագիտական խորհրդատվություն՝ զարգանալու, աշխատակիցներ ներգրավելու հարցում։
«Եթե արտերկրում աշխատում են արտադրողականության վրա, ապա Հայաստանում՝ ծավալներն ընդարձակելու։ Ջերմատան համար կարևոր է կառավարումն ու աշխատուժը։ Երբ ես եկա, աշխատում էին տեղի մասնագետները, որոնք ավարտել էին Հայաստանի Ագրարային համալսարանն ու բավարար փորձ չունեին, նրանց ղեկավարում էր հոլանդացի գյուղատնտեսը, որից դժգոհ էին։ 7 տարի է այստեղ եմ ու կադրերի հարցում իրավիճակը չի փոխվել,- ասում է Կույովդան, ապա թվարկում խնդիրները, որոնք չի կարողանում լուծել նույնիսկ օտարերկրացին,- ԱՊՀ երկրներն ունեին գյուղատնտեսական լավ դպրոց՝ բաց տարածքներում մշակաբույսերի վերամշակման համար, սակայն քայլ չի արվել ու նորը չի բերվել այս ոլորտ, փակ տարածքներում խնդիրներն այլ են, լուծումները՝ փոփոխվող»։
Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի մշակման վարչության պետը ևս հաստատում է, որ ջերմատնային տնտեսություններում ու ինտենսիվ այգեգործության ոլորտում մասնագետների լուրջ խնդիր կա։ Նա նշում է, որ խոշոր ֆերմերներն աշխատում են արտերկրից հրավիրված մասնագետների հետ, որոնք բավականին բարձր վարձատրություն են ստանում, ինչն էլ, բնականաբար, ազդում են արտադրանքի ինքնարժեքի վրա։
«Կա կարծրատիպ, թե եվրոպացիները նորարարական տեխնոլոգիաներին տիրապետում են ավելի լավ, սակայն դա այնքան էլ այդպես չէ։ Եվրոպացիները, մեքսիկացիները, ճիշտ է, գիտակ են այդ հարցում, բայց փորձում են պատճենել աշխատելաոճը՝ հաշվի չառնելով բնակլիմայական պայմանները, տեղի մենթալիտետը, մարդկանց հետ աշխատելու նրբություններն ու արժեհամակարգը»,- հավելում է Կույովդան, ապա նաև իր դիտարկումներով կիսվում, թե Հայաստանում ամենալավ գյուղատնտեսը գիտելիքներով ու փորձ ունեցող հայ մասնագետն է։
Մի քանի ամիս առաջ կառավարությունը հարցումներ է իրականացրել և ուսումնասիրել դաշտը․ ջերմատների բիզնեսում աշխատավարձները սկսվում են 300.000 դրամից ու հասնում մինչև մեկ միլիոն և ավելի դրամի, արտասահմանից եկած մասնագետները, սակայն, շատ ավելի են վճարվում։
Փաստորեն, մասնագետների բացը կա, սակայն Հայաստանի Ագրարային համալսարան դիմորդների թիվն է տարեցտարի պակասում։ Սա բացատրում են նրանով, թե քչերն են տեղեկացված, որ այս ոլորտում պահանջարկը մեծ է, վարձատրությունը՝ բարձր։
Ե՛վ ջերմատնային բիզնեսով զբաղվողների, և՛ ոլորտի մասնագետների կարծիքով, եթե լինեին կոոպերատիվներ, որոնք կմիավորեին փոքր ու միջին ջերմատներին, շուկան ավելի կայուն ու կանխատեսելի կդառնար։ Պետական ծրագրով այս բաղադրիչը նախատեսված է՝ սահմանված են արտոնություններ, սակայն ձեռներեցներն ամեն մեկը փորձում է ինքնուրույն խնդիրները հաղթահարել։
Բացի այդ, կոոպերատիվների առկայության դեպքում նաև մինչ բանկ գնալը, գործ սկսելը մասնագիտական աջակցությունն ու երաշխավորությունը կնպաստեր բիզնեսի հաստատուն աճին, իսկ շուկայում էլ փոքր ու միջին ջերմատները դեմպինգի [1] զոհ դառնալուց կխուսափեին։
Հաջորդ տարի ևս պետական աջակցությունը շարունակվելու է, մի քանի հեկտարանոց ջերմատների կառուցում նախատեսվում է, սակայն մասնագիտական, կառավարման ու շուկայի կանխատեսելի դարձնելու փորձերը դեռ մնում են չլուծված ու միայն անհատների նախաձեռնությունների հույսին։
Ծանոթագրություն․
[1] Դեմպինգն ապրանքների ինքնարժեքից ցածր գնով վաճառելն է արտասահմանյան շուկաներում՝ մրցակիցներին դուրս մղելու նպատակով։
Մեր հայերեն էջից
Ընտանեկան բռնություն․ դեռ օրակարգում
Ընտանեկան բռնության, անդառնալի կորուստների ու իրավիճակի բարելավմանն ուղղված քայլերի հայաստանյան պատկերը։
Read moreԿետաձկան ծիծաղը
Գյումրեցի արձակագրի ստեղծագործությունն իր ուրույն բնույթով վերադասավորում է բիբլիական հռչակավոր ասքերից մեկը՝ Հովնան մարգարեի և կետաձկան պատմությունը: Վեպում ամուսնական ճգնաժամը վերածվում է զավեշտալի ու դրամատիկ ռոբինզոնադայի, մեկնաբանում է Արամ Պաչյանը։
Read more2022-ի օրենքներն ու նախագծերը
2022 թվականի ընթացքում սկսեցին գործել դեռևս նախորդ տարիներին ընդունված մի շարք իրավական նորմեր, ինչպես նաև ընդունվեցին մի շարք օրենքներ, հանրային քննարկման դրվեցին օրինագծեր։ Ամփոփ ներկայացնում ենք ամենաշատ քննարկված իրավական կարգավորումները։
Read moreՀայկական երազանքը. Մայքլ Գյուրջյանի ֆիլմը հայրենադարձ Չարլիի մասին
Մեծ հայրենադարձության նախագծի պատմական իրադարձությունների մասին ամերիկահայ ռեժիսոր, դերասան Մայքլ Գյուրջյանի ֆիլմը 2022-ին բացեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։ Սոնա Կարապողոսյանն անդրադառնում է ֆիլմին։
Read moreՓակ ճանապարհն ու Արցախի ապրելու իրավունքը
120.000 մարդու հանդեպ այսօր հումանիտար ահաբեկչություն է տեղի ունենում։ Եվ ի՞նչ ենք որպես պետություն և ազգ անում սրա դեմ։ Արցախաբնակ Թամարա Գրիգորյանը քննում է հարցեր, որոնց պատասխանները սովորաբար մնում են օդում։
Read moreՄաս 1․ ՀԱՊԿ․ ավելի մոտ Ադրբեջանին, քան՝ Հայաստանին
Հայաստանը 1992-ից ի վեր իր անվտանգային համակարգը կառուցել և ամրապնդել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շուրջ: Արմինե Մարգարյանը քննում է այս կազմակերպության հնարավորություններն ու խոչընդոտները Հայաստանի պարագայում։
Read moreՄիշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտության» հայերեն թարգմանության շուրջ
Լույս է տեսել 20-րդ դարի ականավոր ֆրանսիացի մտածող Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտությունը» գործի հայերեն թարգմանությունը: Նաիրա Մկրտչյանն անդրադառնում է աշխատությանը։
Read more