Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր
Պահել հանգստություն ու անել գործս. այս անկշիռ գործողություններն այն ճոխությունն են, որ կարող եմ շրջափակված Արցախում ինձ թույլ տալ ու ինքս ինձ հանգստացնելու, գոտեպնդելու, շեղելու համար պարբերաբար կրկնել՝ ցրելով իրավիճակի հետ կապված բոլոր մտքերը։
Դեկտեմբերի 12-ի աշխատանքային շաբաթվա առաջին օրն ինձ համար սկսվեց Շուշիի Մեծ Շեն գյուղում պատմություն դասավանդող գործընկերոջս՝ Սամվելի զանգով, ով ասում էր, որ ճանապարհի փակ լինելու պատճառով չի կարողացել դպրոց հասնել։ Այն միակ ճանապարհը, որն Արցախը կապում է Հայաստանի հետ, այն միակը, որը մենք կոչում ենք կյանքի ճանապարհ, 10 մետր լայնության էլ չհասնող այս զարկերակը ադրբեջանական կողմից մի քանի այսպես կոչված էկոկտիվիստներ փակել ու կտրել են մեզ՝ 120.000-իս, արտաքին աշխարհից։
Առաջին օրը կարծում էինք՝ շուտով կբացվի ճանապարհը, հերթական մի քանի ժամանոց ակցիան է, ինչպես օրինակ՝ դեկտեմբերի 3-ին էր, հերթական անգամ արցախցիներին ընկճելու և նրանց նյարդերի ամրությունը ստուգելու համար է։ Բայց ո՛չ մի քանի ժամից, ո՛չ էլ մի քանի օրից չբացվեց ճանապարհը։
Առաջին օրերին Ստեփանակերտում խուճապ էր նկատվում թերևս միայն մթերային խանութներում, երբ քաղաքացիները փորձում էին հնարավորինս շատ մթերք գնել հետագա օրերի համար ևս։ Իսկ ընդհանուր առմամբ մարդիկ հանգիստ էին, կարելի է ասել՝ լավատես։ «Մեզ սրանով չեն վախեցնի», «մենք այսպիսի պայմաններում շատ ենք ապրել» և նմանատիպ գոտեպնող արտահայտություններն ինչպես կողքիններին, այնպես էլ ինքդ քեզ հույս տալով, հաճախ էին հնչում։ Շրջափակման երկրորդ օրն ադրբեջանական կողմն անջատեց նաև գազը, որոշվեց գազով ջեռուցվող դպրոցներում դասերը դադարեցնել՝ կրթության իրավունքից զրկելով մի քանի հազար երեխաների։ Այդ օրերին արդեն հանրային տրանսպորտով երթևեկելն էլ դժվարացավ, շատերն էլ ստիպված դուրս բերեցին մոռացված վառարանները, ու քաղաքը սկսեց ծխալ։
Ցրտից, սովից, թերևս չենք մեռնի, գոնե առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։ Բայց այսօր դեղատանը մի կին դեղ էր ուզում, վաճառողուհին ասաց՝ չկա։ Կնոջ հուսահատ հոգոցն ու հայացքը մատնեցին դեղի ծայրահեղ անհրաժեշտությունը։ Մինչդեռ դեղի լինելու հարցն անորոշ է, ճիշտ նույնքան անորոշ, որքան բոլորիս լինել-չլինելն է անորոշ…
120.000 մարդու հանդեպ այսօր հումանիտար ահաբեկչություն է տեղի ունենում։ Եվ ի՞նչ ենք որպես պետություն և ազգ անում սրա դեմ։ Ո՞րն է մեր պատասխանն ու հնարավորությունը՝ իրավիճակը հանգուցալուծելու և հետագայում դրա կրկնությունը կանխելու համար։ Ունե՞նք այս հարցերի պատասխանները։ Չունենք։ Եվ Արցախը շրջափակած թշնամին սեղմում է օղակը։
Անգործության հետևանքով օդում մնացած հարցերն ինձ հրում են իմ տուն՝ Քարվաճառ, որտեղ հաստատվել էի 2012-ին։ 2020-ի հոկտեմբերի վերջին ու նոյեմբերին ադրբեջանցիներն ի թիվս այլ զենքերի, սկսել էին կիրառել նաև ֆոսֆորային զենք։ Դրանով վառում էին Արցախի անտառները։ Քարվաճառի անտառների մխալն առաջին անգամ տեսա, երբ աշակերտուհուս՝ Նունեենց դրախտային այգում ազնվամորի էի հավաքում։ Նունեն ու մայրիկը պատերազմի օրերին Հայաստանի այլ բնակավայրում էին, հայրիկն ու եղբայրները՝ առաջնագծում։ Այդ օրերին Քարվաճառում գյուղատնտեսական գործերից բացի շատ անելիք չկար։ Ընկերներիցս մեկի հետ, ով այդ օրերին հաճախ էր Քարվաճառում լինում, որոշեցինք, որ Նունեի հայրիկի՝ Ռոմիկի տնկած ազնվամորու մեծ այգու բերքը չենք թողնելու կորչի։ Որոշեցինք, որ հավաքելու ենք ողջ բերքը, առցանց վաճառք կազմակերպենք, գումարը փոխանցենք ընտանիքին։ Հավաքում էինք բերքն ու պատերազմից հետոյի համար Քարվաճառի գյուղատնտեսության զարգացման պլաններ կազմում։
Երբ մեր ծրագրի մասին ասացի Նունեի մայրիկին, ինքն առանց մտածելու միանգամից ասաց. «Վաճառեք ու գումարը համահայկական հիմնադրամին փոխանցեք»։ Այդպես էլ արեցինք. փոխանցումն էլ մեր Նունեի անունով արեցինք։ Մեր այդ ժամանակ մոտավորապես 12-ամյա Նունեն մոտ երեսուն հազար դրամով օժանդակեց համահայկական հավատին առ այն, որ #հաղթելու_ենք։
Մենք հավաքում էինք բերքը, իսկ Քարվաճառի անտառները վառվում էին։ Նունեենց տունը ձորի բերանին էր, ուղիղ Քարվաճառի այցեքարտ համարվող շքեղ անտառների դիմաց։ Նայում էի ծխացող ծառերին, ու անզորության և կատաղության դեմ մեջս վստահությունն էր պայքարում. ոչինչ, պատերազմը կավարտվի, ու ես Քարվաճառում մեծ ծառատունկ եմ կազմակերպելու։ Պլանավորում էի, թե ինչպես ու որտեղից եմ բազմաթիվ տնկիներ գտնելու, կազմակերպելու տեղափոխումը, ինչպես են Քարվաճառ վերադարձած Նունեն ու իր հարյուրից ավելի դպրոցական ընկերները տնկելու ծառերը Քարվաճառում՝ վառված բոլոր ծառերի փոխարեն ու մի բան էլ ավելի։
Պատերազմի ընթացքում ամենաշատ տանջող միտքն այն էր, թե մենք ինչքան ենք թերացել։ Թերացել ենք բոլորս ու բոլոր մակարդակներում։ Քարվաճառը պատերազմի ընթացքում համեմատաբար ապահով տարածքներից էր, կարելի էր ասել՝ թիկունք։ Քարվաճառի ամուր սարերը բնական պատնեշ էին, որ մեծապես պաշտպանում էին մեզ։ Եվ չնայած դրան, Քարվաճառում ենթակառուցվածքների բացակայությունն ակնառու էր հատկապես պատերազմի օրերին։ Քարվաճառում չկար կայացած առողջապահական համակարգ, որ այդ օրերին կարողանար ընդունել վիրավորներին ու բժշկական օգնություն ցույց տար, Քարվաճառում չկազմակերպվեց ռազմաճակատում առաջին անհրաժեշտության պարզ իրերի արագ արտադրություն։ Քարվաճառի ներուժը հանցավոր անգործությամբ անուշադրության էր մատնված։ Եվ դա պատերազմից շատ առաջ։ Պատերազմի օրերին մենք քաղում էինք պտուղները։ Մեր բոլորի թերացումների, քիչ աշխատելու, քիչ պահանջելու պտուղները։
Պատերազմի օրերին հաճախ էի մտածում, որ ես, հարաբերականորեն խաղաղ պայմաններում, որպես լրագրող պարտավոր էի ավելի շատ խնդիրների մասին բարձրաձայնել։ Ու բոլորս էինք պարտավոր ավելին արած լինել։ Պատերազմի օրերին ես վստահ էի, որ բոլորս ենք այս նույնը զգում, որ պատերազմից հետո բոլոր-բոլորը, ովքեր ողջ կմնան, պիտի կրկնակի ու եռակի աշխատեն։ Պլանավորում էի ոչ միայն ծառատունկ, այլև պատկերացնում էի, թե ինչ նոր ավյունով ու ուժերով է կառուցվելու Քարվաճառը, Արցախը, ամբողջ Հայաստանը։
Մենք ամեն ինչ անելու էինք, միայն թե պատերազմն ավարտվեր, ու քարվաճառցիները հետ տուն դառնային։
Պատերազմն ավարտվեց։ Քարվաճառցիները տուն չդարձան։ Փոխարենը, Քարվաճառում մնացած մի քանի տասնյակ քարվաճառցիներն էլ ազգային ամոթն ու տեղահանվածի անունը շալակած՝ թողեցին իրենց հայրենիքը։ Մենք Քարվաճառում նոր տնկիներ չտնկեցինք։ Ռոմիկի ստեղծած դրախտային այգին վերջին անգամ էր Նունեի համար բերք տալիս։
Պատերազմի ավարտից հետո Արցախ եկա մի քանի ամիս անց, 2021-ի մարտին։ Ռուս խաղաղապահների ուղեփակոցները մեքենայի առաջ բացվել-փակվելուց ասես գլխիս էին իջնում։ Շուշին կյանքումս ապրած ամենամեծ ստորացումն էր դատարկվող Քարվաճառի դժոխային տեսարաններից հետո։ Մտածում էի՝ էլ չեմ կարողանա այդկերպ, նվաստացման այդ ճանապարհով Արցախ գալ։ Հետո հասկացա, որ պարտավոր եմ կարողանալ։ Որ դա մեր ազգային թերացման ու իմ անձնական թերացման գինն է, որը ես վճարելու եմ իմ հայրենիքի կտոր գալու համար։
Արցախում տրամադրությունը պատերազմից հետո անկումային էր։ Փողոցում քայլող մարդիկ շփոթված էին, շվարած։
Առաջին այցից հետո դեպի Արցախ այցերս հաճախակի դարձան։ Ռուսների ուղեփակոցների հարվածներին, թվում էր, թե սովորեցի։ Շուշիին նայում էի մեկ ճզմվող սրտով, մեկ՝ վրեժից ու կատաղությունից վառվող աչքերով։ Ամեն անգամ Արցախ գալուց սկսում էր ուրվագծվել նպատակը. մի բան, որ պատերազմից հետո չունեի։ Այն էր՝ վերադառնալ Արցախ։ Վերադառնալ Արցախից մնացած փոքր պատառիկ, որը, թվում էր, թե իմ կարիքն ավելի շատ ունի այսօր, քան հեռավոր 2012-ին ուներ Քարվաճառս։ Ես էլ Արցախի կարիքն ունեի՝ որպես փրկության օղակի, որպես վերածնվելու ու նորից երազելու հնարավորության։
2022-ի ընթացքում հավաքեցինք մեր մեջ մնացած ուժերն ու ամուսնուս հետ եկանք Արցախ։ Չեմ կարող ասել՝ վերադարձանք։ Հիմա, մի քանի ամիս Արցախի նոր իրականության մեջ ապրելուց հետո ասում եմ, որ ուղղակի տեղափոխվեցինք Արցախ։
Արցախ տեղափոխվելով՝ աշխատում եմ կրթության ոլորտում։
Ի՞նչ էի փնտրում Արցախում։ Ի՞նչ նպատակ ունեի՝ Արցախ գալով։ Եթե անկեղծ, այս հարցերի պատասխանները հստակ չունեի։ Թերևս՝ հույս ունեի տեսնել օրնիբուն աշխատող մարդկանց, ովքեր, հստակ գիտակցելով մեր ոչ վաղ անցյալում ունեցած կորուստների ահռելի ու կործանարար չափերը, լուռ ու լրջորեն լծվել են վերականգնման ու ձեռքբերումների գործին։ Այդպիսի մարդիկ, վստահ եմ, կան։ Կան թե՛ Արցախում, թե՛ Հայաստանի մյուս մասերում։ Կան անհատներ, որ իրենց գործն անում են լիարժեքորեն, հասկանալով ու գիտակցված։
Չտեսա, սակայն, հստակ ձևակերպված ազգային ու պետական օրակարգ, որը տանում է կաթվածահար ոլորտների վերականգման։ Չտեսա այն արդյունավետ տենդը, որով, թվում էր, թե պիտի վարակված լինի Արցախում յուրաքանչյուր մարդ՝ բզկտված այս հողում ապրելով։ Չտեսա, չզգացի օդում։ Հաճախ թվում է, թե ոչինչ էլ չի եղել։ Մենք նորից թերանում ենք։ Թերանում ենք բոլորս, արդեն, սակայն, հստակ իմանալով, թե թերացման համար որքան ցավոտ կարող ենք վճարել։ Իսկ հաջորդ անգամ թերացման գինը կարող է լինել ոչ թե օտար ու թշնամի ուժերով շրջապատված ճանապարհը, այլ առհասարակ ճանապարհի բացակայությունը, ելքի անհնարինությունը։
Քարվաճառում ամփոփել եմ կյանքիս ութ տարիները։ Գիտակցական կյանքիս ամենագիտակցված ութ տարիները։ Ամփոփել եմ հստակ ձեռքբերումներով ու հաջորդ տարվա համար որոշակի անելիքներով։ Նշանակալի էին տունը կառուցելու, Քարվաճառի վիքիակումբի ստեղծման, մեր «Միջնաբերդ» թատերախմբի տարատեսակ հյուրախաղերի, դպրոցի բակում ջերմոցի կառուցման, Մշակույթի տան վերանորոգման պլանավորումն ու իրականացումը, իրականացմանն աջակցելը։
2019-ի ամփոփումն եմ լավ հիշում։ Քարվաճառի վիքիակումբում էինք, աշակերտուհուս՝ Լենայի հետ։ Մեր արածն ու չարածը, հաջողություններն ու բացթողումները վերլուծելուց հետո 2020-ի համար նպատակներ սահմանեցինք։ Նպատակներն իրատեսական էին ու որոշակի. ժամանակակից բնութագրմամբ ասած՝ սմարթ։ Վիզուալիզացրինք դրանք ու փակցրինք մեր աշխատասենյակի պատին՝ տարվա ընթացքում դրանց հետևելու և իրականացնելու համար։
2020-ը մեր պլանավորածով չգնաց։ Մեր նպատակներն անկատար մնացին. բայց մենք ունեինք դրանք։ 2021-ն ու 2022-ն առանձնացան նպատակների բացակայությամբ, անորոշությամբ ու ապատիայով։
2022-ն ամփոփում եմ շրջափակված Արցախում։ Բայց ուզում եմ 2023-ի համար տեսանելի նպատակներ ունենալ։ Ուզում եմ որևէ տարվա ավարտին անձնապես ու անհատապես չհաշվենք մեր թերացումներն ու դրանց համար վճարած ճակատագրական գինը։
2023-ին մեր հավատին ու նպատակներին տեր կանգնելու պարտավորություն ունենք։
Ֆոտո պատմություններ
Մեր ժամանակի կարման. ապրել ու ստեղծել պատերազմի հետ
Պատերազմի մեջ և դրա հետևանքների հետ ապրելը մեծ ուժ և հոգեկան ջանքեր է պահանջում։ Ֆոտոլրագրող Անի Գևորգյանը ներկայացնում է արվեստագետների, ովքեր վստահ են՝ անհրաժեշտ է ոչ թե փախչել իրականությունից, այլ ապրել պատերազմի հետ:
Read moreՆրանք անօգնական չե՛ն
2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում տարբեր վիրավորումներ ստացած անձինք թեև դժվարությամբ, սակայն փորձում են հաղթահարել տեղի ունեցածը։ Լուսանկարիչ Անի Գևորգյանը ներկայացնում է նրանցից մի քանիսի պատմությունը։
Read moreԱշխատանքով փարատվողները
44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներից շատերը, ի հիշատակ իրենց որդիների, նախաձեռնել են գործեր, որոնք ոչ միայն կրում են տղաների անունները, այլև հանրային բարիք ու հոգատարություն ստեղծում` իրականացնելով այն ցանկություններն ու երազանքները, որոնք տղաներն իրականացնել չհասցրին:
Read moreՊատերազմի յարխուշտան
«Իրական դպրոց»-ի համահիմնադիրներ Ստեփանի ու Մարիամի՝ 2020-ի Արցախյան պատերազմի անձնական վավերագրությունը Վաղինակ Ղազարյանի լուսանկարների ուղեկցությամբ յուրօրինակ զուգահեռներ է բացում առաջնագծից ու թիկունքից։ Հ․Գ․ թեև ամուսինները ֆոտոպատումում խոսում են 2020-ից, սակայն 2022-ի սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումից հետո Ստեփանը կրկին առաջնագծում է։
Read moreԿադրից դուրս կադր
Պատերազմն առանձնահատուկ վիճակ է, ոչ սովորական, այդ ընթացքում հոգեբանական թերապիան էլ կառուցում է իր առանձնահատուկ պայմաններն ու սահմանները։ Կլինիկական հոգեբանը պատմում է 2020-ի Արցախյան պատերազմում իր փորձառության, անսպասելի իրադարձությունների, ապրումների ու վշտի հետ աշխատանքի կարևորության մասին։
Read more