Ես Արթուր Տոնոյանն եմ, մասնագիտությամբ՝ կլինիկական հոգեբան, հոգեվերլուծող, Փարիզի հոգեվերլուծական ինստիտուտի թեկնածու, Հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի գործադիր տնօրեն: Աշխատում եմ նաև «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում, Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում, որպես կլինիկական հոգեբան, Նուբարաշենի հոգեբուժարանում:
Մասնագիտական գործունեությունս սկսել եմ 2013 թվականից: Աշխատել եմ, որպես մանկական հոգեբան` «Կանաչ տուն- ծիածանային պարտեզ»-ում և որպես կլինիկական հոգեբան՝ «Նուբարաշեն» գաղութում, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:




Առաջին անգամ պատերազմի հետ առնչվել եմ 2016-ին` քառօրյայի ժամանակ: Ինձ համար նոր փորձառություն էր։ Պաշտպանության նախարարությունը հրավիրեց աշխատելու սահմանում, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ անգամ չստացվեց մեկնել սահման:
ՊՆ-ն հայտնում էր, որ Հայաստանում չունենք այդ հմտություններին տիրապետող մասնագետների քանակ, հարկ եղած դեպքում չենք կարող արտակարգ իրավիճակներում առաջ եկած խնդիրները լուծել։ Այդ ժամանակ, մենք՝ մի խումբ մասնագետներով, որոշեցինք ստեղծել թիմ, որը հատուկ պատրաստվածություն կունենար պատերազմական կամ այլ աղետային իրավիճակներում՝ հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար:
Մենք հատուկ ջոկատայինների հետ վերապատրաստվեցինք: Հետաքրքիր էր, բավականաչափ հմտություն ձեռք բերեցինք: Բայց այդքանով ավարտվեց մեր «պատերազմի հոգեբանական կարիերան»: Ես սկսեցի ուսումնասիրել պատերազմների և աղետների ժամանակ առաջին հոգեբանական օգնության իսրայելական մոդելը, ինչպես նաև ուկրաինական մոտեցումը, որն Ուկրաինան մշակել էր Ռուսաստանի հետ Դոնբասում և Լուգանսկում բախումներից հետո:


Ցավալի այդ օրը՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, առաջին օրն ինձ կանչեցին զինկոմիսարիատ, որպեսզի տանեն սահման, քանի որ ես մասնագիտությամբ կապավոր եմ, ծառայել եմ գաղտնի մասում: Մինչև գիշերվա 12-ը սպասեցի զինկոմիսարիատում։ Չտարան, ասացին՝ գնա տուն, երբ կարիք լինի՝ կկանչենք:
Սահման գնալու միտքն ինձ հանգիստ չէր տալիս: Մի քանի անգամ (հոկտեմբերի 1-2-ը) «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրենի հետ փորձ արվեց մեկնել Վարդենիս՝ աշխատելու, սակայն երկու փորձն էլ ձախողվեց: Երեք գործընկերներով, արդեն իրերը հավաքած, պատրաստվել էինք գնալ այնտեղ աշխատելու, բայց մեր փոխարեն ուրիշ թիմ գնաց:
Տանեցիներն արդեն կատակում էին «տարած, հետ բերած. ով տանում է, չի պահում»: Ընկերներիս հրաժեշտ էի տալիս, հետո ասում էի՝ չեմ գնացել։
Առավոտյան 6-ին զանգեցին ՊՆ-ից, ես իջա, տեղում էին, հիմա էլ պարզվեց` մեքենայի մեջ տեղ չկա: Ես ասացի` հետ չեմ գնա, եթե չտանեք՝ կնստեմ մեքենայի վրա, այդպես կգամ: Ի վերջո պնդեցի իմ մեքենայով գալ։ Մյուս հոգեբանի` Արամի հետ (կոգնիտիվ թերապիայի մասնագետ էր) ճանապարհ ընկանք: Մեր ուղեգրի մեջ նշված էր, որ գնալու ենք Գորիսի հոսպիտալում աշխատելու, այնուհետև՝ Ստեփանակերտ: Մենք դրան համապատասխան էինք պատրաստվել։ Ես սպիտակ շապիկով էի, կապույտ տաբատով։ Անգամ սպիտակ խալաթ էի վերցրել։
Հասանք Գորիս: Սակայն այստեղ ասացին, որ մեքենաս պիտի թողնեմ։ Տեղափոխվեցինք «Վիլիսի» մեջ ու ճանապարհ ընկանք: Շարժվելուց 20-30 րոպե հետո, երբ տեսա, որ ինչ-որ գաղտնի ճանապարհներով ենք գնում, հարցրի Արամին՝ ո՞ւր ենք գնում: Զարմացած ասեց՝ երևի պատերազմի դաշտ ենք գնում:
Երբ արդեն մոտենում էինք Ջրականին, մարդկանց մեծաքանակ խմբերի հանդիպեցինք, ովքեր թողնելով իրենց զենքերը՝ փախչում էին՝ ցույց տալով մեզ, թե մի գնացեք այնտեղ, մսաղաց է:
ՊՆ ներկայացուցիչներն ասացին, որ մնանք մեքենայի մեջ, մինչ իրենք հասկանան` ինչ է կատարվում: Իրենք ներկայացան, փորձում էին խոսել վազողների հետ: Այնպես էին վազում, ասես ֆիլմ լիներ: Տագնապը մեծ էր: Ես չէի հասկանում` ինչ է կատարվում։ Անակնկալի էի եկել։ Պատկերացում չունեի, որ ամեն ինչ այդքան բարդ էր ու աղետալի:
Հետո շարժվեցինք, հասանք ինչ-որ մի իքս տեղ, որտեղ մեծ քանակությամբ զորք կար: Ինձ համար անսպասելի տեսարան էր՝ զորք, որտեղ մեծ խառնաշփոթ էր, բոլորը գոռում էին, ինչ-որ բան փնտրում, խիստ հոգնած, կեղտոտված մարդկային մի խումբ էր։ Մեզ ասացին՝ հասանք, իջեք, աշխատեք:
Ես աշխատել էի գաղութում, հոգեբուժարանում, հանդիպել էի մարդասպանների, որոնք բարդ խնդիրներ ունեն, այսինքն՝ դժվար իրավիճակներում կողմնորոշվելու փորձառություն ունեի: Բայց զինվորական հոգեբանությունն իր առանձնահատկություններն ունի։
Մինչ այդ, կարծում էի, թե հոսպիտալում պետք է աշխատեմ, վիրավորների հետ: Իսկ սա իսկական դաշտային աշխատանք էր։
Իջնում եմ մեքենայից սպիտակ շապիկով, սպիտակ բոթասներով, արդուկված տաբատով, սանրված, մաքուր: Մյուս հոգեբանը՝ Արամը, յուրօրինակ տեսք ուներ. խուճուճ երկար մազեր, Սալվադոր Դալիի բեղերով։ Ու մենք իջնում ենք մարդկանց մեջ, որոնք պատերազմում են, օրերով չեն լվացվել, հաց չեն կերել, դաշտերի մեջ են քնել։ Տարբեր իրականություններից էինք։
Այդ պահին մտածեցի, որ պետք է արագ նրանց նմանվեմ: Փոխեցի բոթասներս, որ հետս վերցրել էի: Վերցրի ուսապարկս, որը ռազմական էր, ու գնացի զորքի մոտ:
— Բարև տղերք, ո՞նց եք, կոֆե կհյուրասիրե°ք:
Դա եղավ իմ, առաջին ու վերջին սուրճը, որ խմեցի պատերազմի ընթացքում։




Սկսեցի տղաների հետ խոսել, փորձել հասկանալ` ինչ խնդիրներ ունեն:
Իրենք շատ զարմացած էին, խորթ էին նայում, ասում էին՝ ախր, ինչ պետք ա անես: Կարծես մտածում էին, թե մաքուր հագնված, մազերդ սանրած ուր ես եկել։ Հասկացրեցի, որ վաղը ես էլ նույն տեսքն եմ ստանալու։
Սկզբում շրջում էինք տարբեր տեղանքներում։ Շատ պատահական հայտնվեցինք սահմանի մոտ: Մի քանի կիլոմետր, և մենք արդեն առաջնագծում էինք: Պիտի աշխատեինք այն մարդկանց հետ, որոնք գնալու էին առաջնագիծ:
Հարց է ծագում, եթե դուք դեռ չեք եղել պատերազմի առաջնագծում, ինչպե՞ս պետք է աշխատեք նրանց հետ, որոնց պետք է նախապատրաստեք դրան: Բայց, դա հոգեբանություն է, հոգեբանը չպետք է անպայման լինի նույն իրավիճակում, որպեսզի կարողանա օգնել։ Նա պետք է տվյալ պահին տվյալ մարդուն հասկանա: Սկզբում ես չգիտեի, որ մենք այդքան մոտ ենք առաջնագծին: Գիշերը հորդառատ անձրև սկսվեց, երկինքը սկսեց կարմրել, պայթյուններ լսվեցին: Ես ասացի՝ կայծակը խփեց. մեկ, երկու․․․ հոգեբան Արամն ասաց՝ Արթուր, դու չես ուզո՞ւմ ընդունել, որ կայծակ չի, ախր դա ծանր զենք ա, ռակետ ա, որ պայթում ա: Ամբողջությամբ կարմիր էր երկինքը, ամեն ինչ դղրդում էր։ Իսկ ես ասում էի՝ վայ, էլի կայծակը խփեց:
Պայթյունի առկայության ժխտումն իմ ներքին պաշտպանական մեխանիզմն էր։ Այդտեղ լույս չկար, արդեն թաքստոցում էինք, սոված էինք, քնելու տեղ չունեինք: Մենք երեք հոգով տեղավորվեցինք վիլիսի մեջ: Վիլիսը թաքցրել էինք ծառերի տակ, ծածկել թփերով: Լուսադեմին, կրակոցները նորից սկսվեցին: Անգամ այս պարագայում, գտա մի աղբյուր ու առաջինն ինչ արեցի՝ գնացի ատամներս լվանալու: Լսում եմ՝ արկ է պայթում, բայց կանգնած ատամներս եմ լվանում: Դա ծիծաղ էր առաջացնում, թվում էր, որ ես թեթև եմ նայում իրավիճակին, կամ չեմ գիտակցում այն: Բայց ես իմ ներքին տագնապներն էի հաղթահարում այդ ձևով:
Առաջին գիշերը, երբ շատ սոված էի, կոնսերվա բացեցին, լոբով ճաշ էր: Ես էդ լոբով ճաշն այնպես կերա, ասես աշխարհում ամենահամով բանն էր: Հետո սովորեցի ուտել մի անսովոր բան՝ խտացրած կաթն ու մեղրը միասին:
Լուսադեմին արթնացանք ու ճանապարհ ընկանք, որովհետև մենք անընդհատ ճամփորդում էինք ու ըստ կարիքի փոխում տեղանքը։
Ինձ մոտ միայն կոմպյուտրն էր: Պարզվեց, որ այն շատ կարևոր դեպքերի համար պիտի պետք գար ու կարևոր գործ աներ, այն վայրերում, որտեղ գաղտնի ինֆորմացիան պետք էր տեղ հասցնել, որտեղ կապ չկար, չկար տեխնիկա։ Տղաներն ասում էին` պատերազմ տեսած պատմական կոմպյուտր ա:
Խուճապը շատ էր։
Աշխատում էինք գիշեր-ցերեկ: Փորձում էինք օգնել բոլորին, բայց տեսնում էինք, որ չենք կարող բոլորին հասցնել:
Աշխատանքը տարվում էր թե՛ անհատական, թե՛ խմբային եղանակներով: Բայց դա այլ հոգեբանական աշխատանք էր: Այս պարագայում բարոյահոգեբանական վարչության նպատակների մեջ մտնում էին նաև իրավական հարցերը, այսինքն՝ մեր հայրենիքի գաղափարաիրավական, բարոյահոգեբանական կողմը, որը նախատեսում է բարձրացնել հայրենասիրությունը, սերը դեպի հայրենիքն ու նրա պաշտպանությունը։
Թիրախային խմբերի մեջ մտնում էին բոլորը` սպա, բժիշկ, զինվոր․․․ Խնդիրներն էլ տարբեր էին. մեկի մոտ պսիխոտիկ ռեակցիա էր առաջանում, մյուսի մոտ նևրոզ, հաջորդի մոտ՝ մուտիզմ….
Մեր հոգեկանի երկու՝ կյանքի և մահվան մղումները, նման իրավիճակներում հաճախ պայքարի մեջ են մտնում: Կյանքի մղումն օգնում է գոյատևել, դու ամեն ինչ անում ես, որ ապրես: Մյուսը պաթոլոգիան է, երբ վախի ազդակը չի գործում, ինչպես ինձ մոտ էր։
Երբ նորից կրակոցներ սկսվեցին, ու մեկը վիրավորվեց, այդտեղ հասկացա, որ վախի ազդակն ինձ մոտ չի արձագանքում: Համակարգիչն ուսիս վազեցի դեպի կրակոցները, առանց մտածելու, որ ո՛չ զրահաբաճկոն կա, ո՛չ պաշտպանող մի բան, ու գնդակը կարող է ինձ կպնի: Վազեցի ու տեսա մայորի, որ ընկած էր: Երկու տարի պատրաստվել եմ բժշկական համալսարան ընդունվելու համար, բայց հետո փոխել եմ մասնագիտությունս։ Տիրապետում եմ կենսաբանությանը, 2016-ի վերապատրաստումն էլ ինձ շատ օգնեց այդ օրերին: Ես չգիտեմ ինչպես, էդ պահին հիշեցի ամեն ինչ, վիրակապ դրեցի աղիների մոտ, որովհետև յոթ տեղից բացված էր մարմինը, գիտակցություն չուներ։ Վիրակապի համար ոչինչ չկար. շապիկ եմ պատռել: Ինչ-որ մեքենա է հայտնվում, որի մեջ դեղեր կան: Ես թափում եմ այդ դեղորայքը, գտնում եմ ինչն ինձ պետք ա: Բոլորը խառնված էին, չգիտեին ինչ անել, դիմում էին ինձ՝ բժի՛շկ, բժի՛շկ: Ու ես էդ պահին ակամա դարձել էի բժիշկ: Վիրակապում եմ մեկին ու շրջվում եմ, որ մյուսին նայեմ, ցավոք, մյուսն արդեն մահացավ, չկարողացա ինչ-որ բան անել:
Մենք՝ մասնագետներով, որոշեցինք ռազմական հագուստ չկրել, չունեինք զրահաբաճկոն, չունեինք ոչ մի զինվորական իր: Դա մեր սկզբունքն էր, դա օգնում էր աշխատանքին։ Երբեմն զինվորը կարող էր մոտենալ, գրկել, ասում էր` թող գրկեմ, չգիտեմ էլ երբ կտեսնեմ քաղաքացիական հագուստով մեկին։
Հետագայում զինվորները մեզ սկսեցին ավելի հանգիստ ընդունել։ Հաճախ էին դիմում։ Մոտենում, ասում էին՝ կարա՞մ քեզ հետ խոսեմ: Երբեմն արտասվում էին, հուզվում։
Շատ անգամ ինքս առանձին հուզվում էի, որովհետև աշխատում ես մարդկանց հետ, որոնք բարձրանում էին սարը, որի տակ դու ես, ու նրանց 90 տոկոսը հետ չէր գալիս:


Հումորը վախի, վհատման ու հոգնածության հաղթահարման միջոց էր։ Մի օր զորքն արդեն գնացել էր, մենք մի տան մեջ էինք: Ուժեղ անձրև էր գալիս, լույս չկա, Արամի հետ տան մեջ նստած ենք: Հետո ինչ-որ տեղ գոռացին` լույս են տվել։ Մենք ոգևորված տան մեջ փնտրում ենք հոսանքի աղբյուրը, գտանք, բայց լույսերը միացնել չէինք կարող (որովհետև վտանգավոր էր, կարող էին տեսնել), միայն լիցքավորում էինք սարքերն ու ուզում էինք տաք բան խմել: Պատի վրայով իջնում էր երկու հաստ լար, ու մի մեծ պլիտա կար՝ երկու բաց լարով։ Այսինքն՝ դա պետք ա միացնել բաց լարերին: Իսկ ես հոսանքից վախ ունեմ: Ես հոգեվերլուծող եմ, Արամը՝ կոգնիտիվիստ։ Ասում եմ՝ Արամ, ես անալիտիկ եմ, կարող եմ վերլուծել, թե ինչ կարող ենք անել, դու վարքային ուղղության մասնագետ ես, դու պետք է անես էս գործը:: Արամն առաջին փորձն արեց, գմփաց: Ես շարունակում եմ կատակել՝ Արամ, չպիտի վախենաս, պիտի քո վախերը հաղթահարես, չէ՞ որ մենք ուզում ենք տաք սուրճ խմել: Արամը փորձեց, ստացվեց: Սուրճ դրեցինք, պատրաստվում ենք խմել երկար սպասված տաք սուրճը, հեռախոսները լիցքավորել ենք վերջապես։ Երկար փնտրում էինք, թե մարդիկ որտեղ կարող են պահած լինել իրենց WiFi-ի կոդը, գտանք, միացանք WiFi-ին, ու հանկարծ զինվորներ եկան, ասացին՝ արագ գնում ենք էստեղից:
Մենք հապաղում ենք՝ ախր տղե՛րք ջան, սուրճը վերջապես դրված, WiFi-ի կոդը գտած, ամեն ինչ պատրաստ, եկեք նստենք: Տղաներն ասացին պիտի գնանք, թշնամին արդեն հասնում էր մեզ: Կարճ ժամանակ անց հակառակորդն արդեն այդտեղ էր:
Մեր թիմից էին Մանուկյան Վիգենը, Գևորգյան Հակոբը, Բաբայան Ալիկը՝ մեր խմբի ղեկավարը, և վարորդ Վարդանը՝ Շումախերը. ինքը վիլիսն այնպես էր քշում, կարծես Պորշ էր քշում, մեծատառով Շոֆեր էր։ Մեքենան վարում էր մթության մեջ՝ առանց լույսերը վառելու: Չէր թողնում, որ տխրես, էնքան էր խոսում, զբաղեցնում, որ տխրել չհասցնես։



Գորիս
Եկանք Գորիս։ Հրաման էինք ստացել Գորիսի գնդում աշխատելու: Միաժամանակ շրջում էինք` սահման, առաջնագիծ (տեղանքները, գաղտնիության սկզբունքից ելնելով, չեմ կարող նշել)։ Մի օր դուրս եկանք մեր տեղակայման վայրից, 15-20 րոպե չէր անցել, այդ շտաբը պայթեց, 8 զոհ ունեցանք:
Գորիսի գնդում 600 մարդ կար։ Աշխատում էինք խմբերի հետ, ովքեր չէին ուզում գնալ առաջնագիծ: Բժշկական կամիսիա էր ստեղծված, կար բուժկետ, կար բուժքույր, չկար՝ բժիշկ: Բոլոր բժիշկներն առաջնագծում էին։ Եվ ես, իրավիճակի բերումով, դարձել էի բժիշկ. վիրակապում էի, ներարկումներ անում:
Զանգում էի Երևան տրավմատոլոգ, հոգեբույժ, նևրոպաթոլոգ ընկերներիս: Ես ներկայացնում էի իրավիճակը, ցավերը, պացիենտը խոսում էր հեռախոսով, իրենք ինձ ասում էին ինչ պետք է անել, անում էի:
Մի տղա էլ կար այդտեղ, մարդ էր մեծատառով։ Եկել էր ծառայության, որ գնար պատերազմ, բայց չէին տարել, քանի որ առողջական խնդիր ուներ։ Ամբողջ պատերազմի ընթացքում նա մնաց Գորիսում և կատարեց ֆելդշերի գործը: Ինքն իր գրպանից էր դեղորայքը գնում։ Իրեն մեղավոր էր զգում, որ առաջնագծում չի: Դրա փոխարեն օր ու գիշեր աշխատում էր։ Ասում էր՝ չեմ կարող քնել: Ողջ սանչաստն իր ուսերի վրա էր։
Խնձորեսկ
Խնձորեսկը դարձավ առաջին ընդունող հոսպիտալը. բերում էին ամենածանրերին: Ջրականի հոսպիտալն արդեն չկար։ Անտանելի տեսարան էր, բոլորը գոռում էին, ծանր վիճակ էր, չեմ կարող պատմել ինչ էր կատարվում: Ես Խնձորեսկում մեկ օրվա մեջ ընդունում էի 30 պացիենտ, որից հետո մի պահ զգացի, որ իմ վեստիբուլյար համակարգը խախտվում է: Կար պացիենտ, որ փսիխոզի մեջ էր, վախերի մեջ, գոռում, աղաչում էր, որ ես իր կողքին նստեմ, ձեռքս բռնում, ասում էր՝ մի գնա, ուզում եմ 10 րոպե քնեմ, որովհետև ինքը 5 օր չէր քնել: Ու ես ձեռքը բռնել էի, ինքը քնում էր, հետո նորից ճչում, փաթաթվում էր ինձ: Նման դեպքերում ուղարկում էինք Երևան՝ հոգեբուժարան:
Ցավն այն էր, որ պատերազմի ժամանակ չունեինք հոգեբույժ: Հոգեբույժ ունեցել ենք միայն պատերազմի վերջում՝ նոյեմբերի 1-ից: Ես երբեք ինձ թույլ չեմ տվել հոգեբուժական դեղորայք առաջարկել, քանի որ հոգեբույժ չեմ, չեմ անցել մասնագիտական էթիկայի սահմանը: Զանգում էի իմ լավ գործընկերոջը, որ հոյակապ հոգեբույժ է, Լուսինե Արզումանյանին, զանգել եմ այլ հոգեբույժներիլ։ Ինքս չէի ախտորոշում։ Բժիշկների, բարոյահոգեբանական վարչության, ՊՆ ղեկավարների հետ համագործակցում էինք, ես ուղղորդում էի՝ գնահատելով զինվորի վիճակը, նշում, թե որ զինվորին է պետք հրատապ տեղափոխել բուժհաստատություն, կամ ով կարող է շարունակել ծառայել:
Ամենաակնառու հոգեբանական խնդիրներից՝ պատերազմի ընթացքում իրավիճակային տարբեր ռեակցիաներ են։ Պոստտրավմատիկ սթրեսային խանգարումները պատերազմից հետո են գնահատվում։ Այսինքն՝ պիտի անցնի առնվազն 30 օր, որ հետտրավմատիկ խանգարումներն ախտորոշվեն: Իսկ պատերազմի ամբողջ ընթացքում բժիշկները կարող են նշել, որ անձը տարել ա իրավիճակին համապատասխան ռեակցիա։ Այդ պատճառով ուղարկում ենք հոգեբուժարան, որտեղ ախտորոշում են կազմում:




Սիսիան
Հետո վերադարձա Սիսիան, արդեն ավելի լավ էին կազմակերպում աշխատանքը․ զորքին նախապատրաստում, նոր էին ուղարկում: Մենք սկսեցինք զորքի հետ աշխատել: Մանիպուլյացիոն մոտիվացնող տեխնիկաներ էինք օգտագործում` մոտիվացիան ագրեսիվ դարձնելու համար։
Երբ սկսում ես խոսել, պատմել, զինվորը կարող է ասել՝ վախենում եմ, չեմ ուզում գնալ: Իհարկե, բնական է, որ վախենում է, բայց եթե մենք բոլորս վախենանք, թշնամին կգա մեր հետևից, հենց մեր տուն, կանի այն ինչ անում էր։
Սիսիանում աշխատանքի ահռելի քանակություն էր: Պատերազմի սկզբում, երբ մտա Սիսիան, աղետալի վիճակ էր. հոսպիտալը լցված էր վառված մարդկանցով, զինվորները գետնին պառկած, անունները թղթերով ամրացրած, որ չկորեն: Հետո ստեղծվեց բժշկական կամիսիա՝ Երևան ուղարկել-չուղարկելու համար: Մի օր բժիշկներից մեկն ասաց՝ գիտես ինչ, ընկեր, մենք քո բերած պացիենտներին նայում ենք, արի դու էլ մերին նայի: Որովհետև չկար մասնագետ: Ու սկսեցինք համագործակցել: Առավոտյան 15-30 հոգի տանում էի, մինչև զննում էին, անալիզներ վերցնում, ես զննում էի իրենց պացիենտներին ու նշում էի՝ ում է պետք Երևան ուղարկել, ում՝ թողնել, կամ ինչ անել, յուրաքանչյուրին պետք էր առողջական վիճակի համապատասխան ուղղորդել։ Ամենադժվարը, երբ ծնողները աղաչում էին քեզ՝ բժի՛շկ ջան, խնդրում եմ էրեխուս, էրեխուս, էրեխուս… Ուզում էի ասել՝ ուզում եմ բոլորին ազատել, բայց դա չեմ կարող անել, պետք էր մասնագիտական օբյեկտիվությունը պահել: Եվ ես արդեն որպես Արթուր չկայի, ես կլինիկական հոգեբան էի ու ֆսյո:
Լինում էին դեպքեր, երբ զինվորի վրեժի մղումը (ասենք իր աչքի առաջ հարազատն էր խոցվել) բթացնում էր վտանգի առաջ սթափության զգացողությունը ու կարող էր անտեսելով վտանգը` զոհել կյանքը։ Նման դեպքերում կարիք էր լինում սթափեցնել և գիտակից պայքարի ուղղորդել այդ մղումը։
Հյուսիսային պողոտա
Կուբաթլուում էինք, մինչև հասանք Կուբաթլուի զորամաս, չաստը պայթեցրին: Այդ ամբողջ ավերակների տակից մի բլոկնոտ գտա՝ զինվորն իր հուշերն էր գրել, բանաստեղծություններ: Ես անընդհատ ուզում եմ տիրոջը գտնեմ (եթե, իհարկե, ողջ է), բայց դեռ չեմ կարողանում բաժանվել այդ օրագրից։
Սկսեցինք Կուբաթլուի զորքի հետ աշխատել: Հոյակապ երիտասարդներ էին: Երբ իրենք կոտրված էին լինում, պետք էր կենսականությունն ու դրական ապրումների մակարդակն ու ոգին բարձրացնել, հաճախ ասում էի՝ տղերք, դուխներդ մի գցեք, մենք դեռ իրար հետ Հյուսիսային պողոտայում հանդիպելու ենք:
Երբ պատերազմն ավարտվեց, նոյեմբերի կեսերին, ստանում եմ նամակ. «Բարի ուշ գիշեր, լավ ե՞ս: Հենց նոր խրամատում նստած գիտե՞ս ինչ եմ հիշել, որ դեռ էնտեղ էինք ու պատերազմը շարունակվում էր, ամեն ինչ թեժ էր, վստահ չէինք՝ վաղը կապրենք, թե չէ, դու տղերքից մեկին ասեցիր, որ ամեն ինչ վերջանալու ա, ողջ ենք մնալու, Հյուսիսայինում քայլելու ենք։ Ես էդ պահին մտածեցի՝ երանի կատարվեր: Չէի հավատում, որ կգա մի օր ու ես նորից կքայլեմ քաղաքում։ Ես ողջ եմ, հիմա քայլում եմ խրամուղով: Սպասում եմ օտպուսկիս, գամ ու քայլենք Հյուսիսայինով»։
Եվ երբ սկսեցին օտպուսկները տալ, ես շատ հաճախ զինվորների հետ հանդիպում էի հենց Հյուսիսային պողոտայում:


Մի անգամ մի տուն գտանք, որտեղ ծեր մարդ էր ապրում: Նռան դաշտեր ուներ։ Չգիտեի, որ այդքան նուռ եմ սիրում։ Այդտեղ աշխարհի ամենահամով նուռն եմ կերել։ Առաջին անգամն էի Արցախ գնացել ու անգամ այս դեպքում մեր կորուստն ինձ համար անտանելի էր: Եվ մտածում էի՝ ինչ լավ է, որ Շուշիում չեմ հասցրել լինել, թե չէ էլ ավելի դժվար կլիներ ընդունել կորուստները:
Ամբողջ ժամանակ ծնողներս չեն իմացել, թե որտեղ եմ, միայն պատերազմից հետո: Զանգում էին, չէի պատասխանում։
Պատերազմի ընթացքում հաճախ ասում էին` «Արթուրը ո՞նց ա միշտ դրական լիցքերով մնում»: Իսկ էդ դրականը պայմանական էր… Ես փորձում էի միշտ դրական, ուրախ ոգով աշխատել, բայց թաքուն արտասվում էի: Ծանր օրերին ինձ օգնում էին իմ կոլեգաները, որոնք առաջարկեցին պարբերաբար կապ հաստատել ու խոսել իրենց հետ, կիսվել իմ ապրումներով: Երբ Երևանի հոգեբաններն օնլայն սեմինարներ էին կազմակերպում Ֆրանսիայի կամ այլ երկրների մասնագետների հետ, ես հեռախոսը վերցրած, թփերի տակ սեմինար էի լսում: Ու դա ինձ օգնում էր սթափ մնալ, ապրել:
Վիշտ
Վիշտը հաղթահարելու ամենապրոդուկտիվ եղանակներից է սոցիալ-հոգեբանական միջամտությունը, բժշկական ոլորտի աշխատանքները։ Բոլորը փոխկապակցված են։
Վշտի հետ աշխատանքը կարևոր է այս պարագայում։ Մինչ օրս կարելի է դիտարկել եղեռնի, առաջին արցախյանից հետո մնացած դիստրուկտիվ հիշողության տրանսգենետիկ փոխանցումներն ու դրանցից առաջացած խնդիրները։ Հոգեբանական աշխատանքն օգնում է աշխատել վշտի, դրա հետ կապված հիշողության հետ, որպեսզի այն դառնա կառուցողական։ Պատերազմի ընթացքում, արդեն հոկտեմբերի վերջից, ինքս էլ նորից կապվեցի իմ հոգեվերլուծողի հետ, և մենք վերսկսեցինք մեր աշխատանքը. հանդիպում եմ մինչ հիմա:

Հ.Գ.
«Վիշտը միայն զգացմունքներից մեկը չէ, այն սահմանող մարդաբանական երևույթ է. ոչ մի խելացի կենդանի չի թաղում իր ցեղակիցներին: Թաղել նշանակում է լինել մարդ: Բայց, թաղել նշանակում է ոչ թե դեն նետել, այլ թաքցնել և պահպանել: Մարդկային վիշտը կործանարար չէ (մոռանալ, պոկել, առանձնացնել), այլ կառուցողական, այն նախատեսված է ոչ թե ցրելու, այլ հավաքելու, ոչ թե ոչնչացնելու, այլ ստեղծելու՝ հիշողություն ստեղծելու համար»:
Ֆ. Վասիլյուկ