Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր
Հասկանում ես՝ քեզ ոչ ոք չի օգնելու
Փոքր սենյակի բոլոր պատերին իր նկարներն են։ 16-ամյա Սոսեն պատրաստվում է «աշխարհի ամենահայտնի նկարչուհին» դառնալ։ Պատերին կպցրած թերթերի վրա գրված են տարեթվերը, բայց ինքն առանց այդ էլ կարող է ասել, թե երբ և որտեղ են նկարվել դրանք։ Սևով ու մուգ կարմիրով նկարները տարիների վաղեմություն ունեն։ Պարզ և հստակ ուրվագծերով պատկերներն արդեն վերջին շրջանի գործերն են։
«Իմ նկարները շատ նման են իմ մտքերին ու զգացմունքներին։ Բայց ես հատուկ պատից չեմ պոկում վատ օրերին արված նկարները, որ միշտ հիշեմ՝ ինչի միջով եմ անցել ու չեմ կոտրվել»,- ասում է Սոսեն՝ հիշելով դպրոցական տարիների իր ապրումները։
Ամեն բան սկսվեց 4 տարի առաջ, երբ Սոսեի ծնողները որոշեցին փոխել աղջկա դպրոցը՝ նախապատվությունը տալով մասնավոր դպրոցներից մեկին։ Հայտնի դպրոցը պետք է նոր սկիզբ դառնար աղջկա համար։
«Ես իմ հագնվելու հստակ ոճն ունեմ, չեմ սիրում ճոխ, գույնզգույն հագուստ։ Նոր միջավայրում դժվար եմ մերվում, բայց փակ չեմ դիմացինների համար։ Եվ քանի որ նախորդ դասարանում շփման խնդիր երբևէ չեմ ունեցել դասընկերներիս հետ, ինձ համար չափազանց զարմանալի էր այն, թե ինչպես ինձ ընդունեցին նոր դպրոցում»,– հիշում է նա։
Առաջին իսկ օրը Սոսեն վերադառնում է տուն՝ ամբողջությամբ խզբզված պայուսակով ու գրչատուփով։ Ծնողները տեղի ունեցածն անախորժություն են որակում՝ դրանում դիտավորություն չփնտրելով։ Հաջորդ տարիները, սակայն, երեխայի համար վերածվում են իսկական դժոխքի․
«Ես երբեք չէի լսել բուլլինգ բառը։ Հետո եմ շատ կարդացել այդ մասին, բայց այդ ժամանակ ես, իրոք, ոչինչ չգիտեի։ Առավել ևս չէի սպասում, որ դա կլինի իմ նկատմամբ, որովհետև գիտեի, որ որևէ մեկին չեմ նեղացրել, որևէ վատ բան չեմ արել։ Կոպիտ ասած՝ առիթ չեմ տվել։ Չէի սպասում նաև, որ ինձ ստորացնողներն աղջիկները կլինեն»,- ասում է Սոսեն։
Վիրավորական խոսքերին, արտաքինի վերաբերյալ անտեղի գնահատականներին, մանր վեճերին շուտով փոխարինելու եկան բռունցքները։ Սոսեն ծեծվում էր գրեթե ամեն շաբաթ։
«Ես հիմա էլ չեմ հասկանում, թե ինչու հենց սկզբից ծնողներիս ոչինչ չէի ասում։ Ինչպե՞ս կարելի էր այդ ամենը հանդուրժել մոտ երկու տարի։ Այդ տարիքում, երևի, ընդհանրապես շատ դժվար է խոսել մեծերի հետ՝ հատկապես խնդիրներիդ մասին, որովհետև կարծում ես, որ նրանց համար դա շատ մանր բան է։ Բայց այդ վիճակը, այդ զգացողությունը, որ ունենում էի, անբացատրելի էր։ Ես հասկանում էի, որ միայնակ եմ ու բոլորովին անօգնական։ Սարսափելի է մտածել, որ քեզ ոչ ոք չի օգնի, որ քեզ մի օր կարող են սպանել»,- ասում է Սոսեն՝ ամենասարսափելին համարելով այն, որ դասարանում մյուսները տեսնում էին տեղի ունեցողը, բայց ոչ ոք չէր միջամտում. ոմանք չտեսնելու էին տալիս, մյուսները՝ բացահայտ աջակցում բռնություն գործադրողին։
Ամիսներ անց, սակայն, Սոսեն հավաքեց ուժերն ու տեղի ունեցածի մասին պատմեց դասղեկին, ում արձագանքն ավելի խոցեց երեխային։ Դասղեկն ասաց, որ մինչև Սոսեի՝ դասարանում հայտնվելը, նման խնդիր երբեք չի եղել, ուստի նա պետք է պատճառն իր մեջ փնտրի։
«Ես շատ լավ հիշում եմ այդ օրը։ Ինձ համար հիմա արդեն պարզ է, որ բուլլինգի ցանկացած դրսևորում կա՛մ սկսվում է ուսուցիչներից, կա՛մ տեղի է ունենում նրանց իմացությամբ։ Դասղեկիս հետ զրույցից հետո դուրս եկա դպրոցից ու անկախ ինձնից սկսեցի բարձրաձայն լաց լինել, հեկեկալ, ուղղակի չէի կարողանում ինքս ինձ զսպել, որովհետև բավարար չէր այն, որ ինձ ծեծում էին ու վիրավորում, ինձ նաև չէին հավատում նրանք, ում օգնությանը ես ապավինում էի։ Այդ պահին միակ միտքս այն էր, որ ուզում եմ այս ամենն ավարտվի, ուզում եմ մեռնել։ Ու գուցե գնայի այդ քայլին, եթե նույն օրը չխոսեի մայրիկիս հետ»,- հիշում է Սոսեն։
Ծնողների հետ զրույցը դարձավ Սոսեի փրկությունը․ հաջորդ օրն իսկ մայրը դպրոցում էր՝ իր պահանջով այնտեղ հրավիրված մյուս ծնողների, ուսուցիչների և տնօրենի հետ։ Երբ Սոսեի մայրը պատմեց դստեր հետ տեղի ունեցածը, բռնարար աղջնակի մայրն ասաց, որ չի պատրաստվում միջամտել երեխաների միջև տեղի ունեցած միջադեպին, որ դպրոցն այն միջավայրն է, որտեղ երեխաները պետք է սովորեն ինքնուրույն հարթել իրենց խնդիրները։
«Մայրս պարզապես ցնցված էր, չէր սպասում նման արձագանքի։ Տնօրենն էլ խոստացել էր հետևել իրավիճակի զարգացմանը, աչալուրջ լինել և այլն։ Իհարկե, ոչ մի գործողություն դրան չհետևեց։ Մայրս շատ արագ ինձ համար հոգեբան գտավ, որի հետ աշխատեցինք մոտ երկու տարի։ Նա ինձ շատ օգնեց հաղթահարել ներսումս կուտակված ագրեսիան, վիրավորանքը, օգնեց հասկանալ, որ ես ոչ մի մեղավորություն չունեմ»,- հիշում է Սոսեն։
Առաջին բանը, որ սովորեցրեց հոգեբանը, բռնարարի գործողությունների տրամաբանությունը և դրդապատճառներն իր մեջ չփնտրելն էր։ Նա խորհուրդ տվեց Սոսեին փորձել հասկանալ՝ ի՞նչ խնդիրներ ունի բռնարար երեխան տանը։
«Վերջին անգամ, երբ այդ աղջիկը հարձակվեց ինձ վրա, հրեց, գցեց գետնին, նստեց ինձ վրա ու սկսեց հարվածել, ես սկսեցի բղավել, կարծես անկառավարելի դարձած լինեի ու հարցրեցի՝ ի՞նչ ես ուզում ինձնից։ Այդ հարցից հետո նա հետ ընկավ, արագ վեր կացավ ու փախավ սենյակից։ Ենթադրում եմ, որ անգամ ինքն իրեն այդ հարցը երբեք չէր տվել,- հիշում է Սոսեն՝ հավելելով, որ դրանից հետո այդ աղջիկն անգամ չէր մոտենում իրեն։ Սակայն այսքանով իրավիճակը չի հանդարտվում,- Այս դեպքից հետո իմ նկատմամբ բուլլինգն այլ ձև ստացավ․ ինձ ուղղակի անտեսում էին։ Հետո իմացա, որ այդ բռնարար աղջկա ծնողները բաժանվել էին այդ ընթացքում, որ ընտանեկան շատ խնդիրներ ուներ։ Բայց մինչև օրս էլ չեմ հասկանում՝ ես ի՞նչ մեղք ունեի։ Միակ դրական բանը, որ մնաց այդ երկու տարիներից, այն է, որ հիմա գիտեմ՝ ես ավելի ուժեղ եմ, քան կարող էի պատկերացնել»,
Ի՞նչ է բուլլինգը
Բուլլինգը որոշակի խմբի կողմից դրա անդամի նկատմամբ կիրառվող ագրեսիվ վարքն է, որը շարունակական կամ կրկնվող բնույթ է կրում։ Երևույթն առավել տարածված է աշակերտների, ուսանողների և գործընկերների միջև և դրսևորվում է հետապնդման, հոգեբանական տեռորի, ծեծի, հեգնանքի, ծաղրի կամ բամբասանքների տարածման ձևով: Բուլլինգի հիմնական պատճառը համարվում է մարդու արտաքին առանձնահատկությունը՝ ավելորդ քաշը, հաշմանդամությունը, ֆիզիկական կամ հոգեկան առողջության խնդիրները, գենդերային կամ ազգային ինքնությունը, կրոնական համոզմունքները։ Հատկապես դեռահասների շրջանում առավել տարածված պատճառներից է նաև սոցիալական վիճակը՝ օրինակ՝ ակնհայտ աղքատությունը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների համաձայն՝ աշխարհում 13–15 տարեկան աշակերտների կեսը՝ 150 մլն երեխա, դպրոցում կամ դպրոցի տարածքում հասակակիցների կողմից բուլլինգի է ենթարկվել:
Հիմնականում, բուլլինգի հիմքում ընկած է կարծրատիպային մտածելակերպը, անհանդուրժողականությունը, ցանկացած շեղում՝ խմբում ընդունված կանոններից։
Չկան թվեր, չկա խնդիր
Հայաստանում դպրոցական բուլլինգը շարունակում է անտեսված խնդիր մնալ։ Վիճակագրություն այն մասին, թե քանի երեխա է յուրաքանչյուր տարի բռնության կամ հետապնդման ենթարկվում ուսումնական հաստատություններում, չկա։ Թեմայի վերաբերյալ համապարփակ հետազոտություններ ևս երկրում երբևէ չեն իրականացվել։ Խնդրին մասնակիորեն անդրադարձել են միայն մի քանի հասարակական կազմակերպություններ՝ տեղային մակարդակում իրականացված ուսումնասիրությունների շրջանակում։ Հայաստանում չկան նաև բուլլինգի կանխարգելման վերաբերյալ իրավական կարգավորումներ։ Երբևէ չբարձրաձայնված, բայց ընդունված մոտեցում է՝ չկան թվեր, չկա խնդիր։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ) տնօրեն Արաքսյա Սվաջյանն ասում է՝ դպրոցներում բուլլինգի կանխարգելման, այդ ուղղությամբ ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր Հայաստանում երբեք չեն իրականացվել, գիտելիքը, հիմնականում, խարսխվում է ակադեմիական, գիտալիքահեն կրթության վրա, իսկ աշխարհայացքի ձևավորման, միջանձնային հարաբերությունների կառուցման, հաղորդակցման հմտությունների ուղղությամբ հանրակրթական դպրոցներում աշխատանքներ չեն տարվում։
«Մինչդեռ դպրոցը պետք է ձգտի դառնալ անվտանգ միջավայր յուրաքանչյուր սովորողի համար՝ նվազագույնի հասցնելով բուլլինգի դեպքերը։ Երբեմն ուսուցիչները ուղղակի կամ անուղղակի կերպով դառնում են բուլլինգի մասնակից կամ հրահրող։ Ուսուցչի կողմից արված անզգույշ արտահայտությունը կարող է թիրախավորել մի աշակերտին, իսկ իրենց գերակայությունը հաստատելու ձգտում դրսևորող մյուս երեխաների համար դա բուլլինգի չբարձրաձայնված թույլտվություն է դառնում։ Այդ պատճառով շատ կարևոր է ուսուցիչների վերապատրաստումը թեմայի շուրջ»,- ասում է Սվաջյանը։
Մասնագետն ասում է, որ բուլլինգից զերծ դպրոցական միջավայր ունենալու համար գործընթացում պետք է ներգրավված լինեն ոչ միայն աշակերտներն ու ուսուցիչները, այլև ծնողները․
«Շատ կարևոր է, որպեսզի ծնողներն իմանան, որ դպրոցում ուրիշներին հալածող երեխաների շրջանում շուրջ 60 տոկոսով ավելանում է հետագայում քրեական հանցագործությունների դիմելու հավանականությունը։ Որովհետև բռնությունը սկսում է ընկալվել որպես միջանձնային մակարդակում հարցեր լուծելու միակ տարբերակ։ Եթե դպրոցում ծնողները կարող են աչք փակել նրա վրա, որ իրենց երեխան բռնարար է, համարելով, որ այդկերպ նա իր հարցերն ինքնուրույն լուծելու հմտություն է ձեռք բերում ողջ կյանքի համար, ապա հետագայում այդ վարքը բոլորովին այլ դրսևորումների կարող է բերել»։
Սվաջյանը նշում է, որ հայաստանյան դպրոցներում բուլլինգի կանխարգելմանն ուղղված ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր սկսել են իրականացվել միայն 2020-ից, շատ փոքր ծավալներով․ նախ Երևանի երկու դպրոցների 73 ուսուցիչների համար են վերապատրաստման փոքր ծրագիր իրականացրել, ապա ավելի մեծ, պիլոտային ծրագիր Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի մեկական և երևանյան ևս երկու դպրոցներում։
Ծրագրի արդյունքում 2021-ին ՀՄԿ–ն հանրակրթական դպրոցներում բուլլինգի առկայության վերաբերյալ վերլուծություն է հրապարակել։ Ըստ հետազոտության՝ դպրոցականների շրջանում բուլլինգի ամենատարածված ձևերից են կռիվները, վիրավորանքները, հրմշտոցը և անձնական իրերի փչացումը։ Հարցված երեխաների 34 տոկոսն ասել է, որ ինքը ևս խնդիրներ է ունենում դպրոցում։
Իսկ թվեր, այնուամենայնիվ, կան
2017-ին «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության և «Վորլդ Վիժն Հայաստանի» կողﬕց իրականացված «Երեխաների կարծիքով…» համազգային հարցման համաձայն՝ Հայաստանում դպրոցականների 38 տոկոսը տեսել է՝ ինչպես են իրենց շրջապատում որևէ երեխայի ծեծում, իսկ 35 տոկոսն առնվազն 1-5 անգամ դպրոցում ծաղրանքի ականատես է եղել: Նրանցից միայն 9 տոկոսն է միջադեպերի մասին տեղյակ պահել մեծահասակներին։ Սա նշանակում է, որ գրեթե յուրաքանչյուր երկրորդ երեխան դպրոցում բռնության ականատես է եղել և նախընտրել է լռել:
Հարցված երեխաների 14 տոկոսը նշել է, որ գտնվել է տևական ընկճվածության կամ սթրեսի մեջ և դժվարացել է այդ մասին խոսել ընտանիքի անդամների հետ։ 49 տոկոսը խոստովանել է, որ տեղյակ չէ՝ ում դիﬔլ և որտեղից օգնություն ստանալ բռնության ենթարկվելու պարագայում։ Երեխաների 40 տոկոսը տեղյակ չեն՝ ում դիﬔլ, եթե ենթարկվել են ծաղրի կամ արժանացել անարդար վերաբերմունքի։
Ըստ երեխաների՝ ծաղր պարունակող հինգ ﬕջադեպից ﬔկը՝ 21 տոկոսը, տեղի է ունեցել արտաքին տեսքի, իսկ 10 տոկոսը՝ ընտանիքի սոցիալ-տնտեսական կարգավիճակի պատճառով։
Բուլլինգի ենթարկվող երեխաների կամ դեռահասների 60 տոկոսն իր հետ կատարվածի մասին ընդհանրապես չի բարձրաձայնում։
2021-ին «Նոր Լույս» մենթորինգ կենտրոն երիտասարդների համար ՀԿ-ի իրականացրած հարցումները ևս մտահոգիչ թվեր են բացահայտել։ Հարցումներն իրականացվել են Գյումրու 287 աշակերտների և 147 ուսուցիչների հետ։ Ըստ արդյունքների` և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները փաստել են, որ երեխաների շրջանում տարածված են ծաղրը, պիտակավորումը և խմբից ինչ-որ մեկին դուրս թողնելը՝ անտեսումը։ Հիմնականում այս երևույթները տարածված են 5-9-րդ դասարանցիների շրջանում։ Հարցվողների 64 տոկոսը նշել է, որ եղել է բուլլինգի ականատես՝ իրենց շրջապատում և դպրոցում, իսկ 24 տոկոսը նշել է, որ ենթարկվել է բուլլինգի, քանի որ տարբերվել է իր արտաքին տեսքով կամ խոսելաձևով։
«Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» հետազոտության համաձայն՝ դեպրեսիայի նշաններ՝ հուսահատություն, հուսալքություն, խնդիրների լուծման անկարողություն ունեցել է 11-15 տարեկանների 21 տոկոսը, 17 տարեկանների խմբում` 32 տոկոսը:
Ոստիկանության տրամադրած տվյալների համաձայն՝ Հայաստանում վերջին 5 տարիներին 25 երեխա ինքնասպանություն է գործել, ևս 73-ը փորձել են դիմել այդ քայլին։ Մանկական ինքնասպանությունների և բուլլինգի կապի վերաբերյալ իրավապահները վարկածներ չեն նշում․ նման հետազոտություն ևս Հայաստանում երբեք չի իրականացվել, մինչդեռ, օրինակ, «Պատանեկան բուլլինգը և ինքնասպանությունները» ծավալուն հետազոտության մեջ նշվում է, որ ինքնասպանության վերաբերյալ մտքերի 26,1 տոկոսի և փորձերի 11 տոկոսի պատճառը հենց դպրոցական բուլլինգն է։ «Դպրոցական բուլլինգն ու ինքնասպանությունները» հետազոտության մեջ էլ նշվում է, որ ինքնասպանությունը մանկական մահացության ամենատարածված պատճառներից 3-րդն է աշխարհում։
Բռնանում է թույլը
Կլինիկական հոգեբան և հոգեթերապևտ Ռաֆայել Պետրոսյանի խոսքով՝ բուլլինգի հիմնական պատճառները ցածր ինքնագնահատականն ու դաստիարակությունն են, որոնք երեխայի մոտ ձևավորվում են ընտանիքում, իսկ բուլինիգի նպատակն ընկած ինքնագնահատականի բարձրացումն է՝ մյուսներին «ստորացնելու» հաշվին։
«Երբ, օրինակ, հայրն ուզում է նախատել երեխային և ասում է՝ ես քո տարիքում այսպես էի անում, այնպես էի անում, ինքն, իրականում, ենթագիտակցորեն բարձրացնում է սեփական ցածր ինքնագնահատականը երեխայի հաշվին։ Երեխան էլ մտածում է՝ ես վատն եմ, պապան լավն է, իսկ հետո փորձում է իր ընկած ինքնագնահատականը դիմացինի հաշվին բարձրացնել, որովհետև միայն այդ ձևը գիտի,- բացատրում է մասնագետն ու հավելում՝ դերային բաշխումները բուլլինգում ևս գալիս են ընտանիքից,- Օրինակ՝ եթե մայրը երեխային ասի՝ ո՞ւմ ես պետք, դու լավը չես, մի դեպքում երեխան կնեղվի ու կընդունի, որ ինքն, իրոք, լավը չէ, մյուս երեխան ագրեսիայով կպատասխանի, կկոտրի ափսեները և այլն, երրորդն էլ կփորձի մոր համար լավը լինել՝ ափսեները լվանալ, տունը հավաքել։ Հենց այսպես էլ բաշխվում են դերերը, որոնք երեխաները հետագայում դրսևորում են շրջապատում իրենց մյուս շփումների մեջ»։
Պետրոսյանի խոսքով, սակայն, ժամանակի ընթացքում կարող է դերերի վերաբաշխում լինել՝ բռնարարը կարող է դառնալ զոհ, զոհը՝ դիտորդ և այլն, դերերի բաշխման այդ եռանկյունին անընդհատ փոփոխվում է՝ կախված իրավիճակից։ Ըստ մասնագետի՝ հոգեբանական աջակցության կարիք ունեն այս շղթայի բոլոր մասնակիցները։ Ավելի փոքր տարիքում նախընտրելի է, որ երեխան լինի հոգեբանների անընդհատ վերահսկողության ներքո։ Ավելի մեծ տարիքում, սակայն, մասնագիտական օգնության հավանականությունը նվազում է, քանի որ հոգեբանի, հիմնականում, դիմում են միայն զոհերը, որովհետև ագրեսորի դիրքերն այս դեպքում շահեկան են, վերջինս իր «հարմարավետության գոտում է» և չունի խնդիրներ։
Մասնագետի խոսքով՝ կան բազմաթիվ նախանշաններ, որոնք մատնանշում են, որ երեխան ենթարկվում է բուլլինգի կամ հենց ինքն է բռնարար։ Զոհի դեպքում այդ նախանշանները կարող են լինել մենակությունը, պարփակվածությունը, հույզերը չբարձրաձայնելը և այլն, իսկ բռնարարի դեպքում՝ դրսևորվող անհիմն ագրեսիան.
«Առաջին հերթին ծնողները պետք է հնարավորինս ուշադիր լինեն։ Բացի դրանից՝ ցանկալի է, որ ամեն ընտանիքում կլոր սեղան ասվածը լինի, այսինքն՝ ամեն երեկո ընտանիքի յուրաքանչյուր անդամ պատմի իր օրը, ուշադիր լսի մյուսին ու կապ չունի՝ անդամներից մեկը 3 տարեկան է, թե՞ չափահաս անձ։ Այս կերպ մարդը կսովորի, որ այդ ապահով միջավայրում իր հույզերը, կարիքները լսելի են, կարող է դրանք արտահայտել։ Նույն սուպերհայրիկը կարող է պատմել, օրինակ, իր վատ օրվա մասին, թե ինչ անհաջողություններ է ունեցել և այլն։ Կարևոր է, որ իրար հետ խոսելն ու իրար լսելը սովորություն, ավանդույթ դառնա ընտանիքում»։
Պետրոսյանն ասում է՝ հատկապես այս շրջանում կարևոր է ծնողների և ուսուցիչների աչալրջությունը, քանի որ պատերազմից հետո հասարակության մեջ, այդ թվում՝ երեխաների շրջանում, ագրեսիայի և տագնապայնության նկատելի աճ կա, որը ևս բուլլինգը խթանող գործոններից են։
Սարսափելի է մտածել, որ դու բուլլի ես
36–ամյա Անին, որ արդեն երեք երեխաների մայր է, միայն վերջերս է սկսել մտածել այն մասին, որ ինքը բռնարար է եղել։ Ծանր ինքնախոստովանությունը համընկավ ավագ որդու՝ դպրոց գնալու հետ։
«Որդիս խոսքի խնդիր ունի, 4.5 տարեկանում նոր սկսեց խոսել, նաև կենտրոնանալու խնդիր ունի, հաճախ է դժվարանում ուշադրությունը սևեռել մի բանի վրա։ Երբ եկավ նրա՝ դպրոց գնալու ժամանակը, հասկացա, որ դա կյանքիս ամենավախենալու շրջանն է, որովհետև չգիտեմ՝ ինչպես նրան կընդունեն դասընկերները, կկարողանա՞ արդյոք սովորել, նստել դասերին։ Շատ էի վախենում, որ նրան հանկարծ կծաղրեն, որովհետև ինչ-որ կերպ տարբերվում է բոլորից»,- պատմում է Անին։
Միայն այդ ընթացքում նա սկսեց հիշել իր դպրոցական տարիները, երբ փոքրիկ, բարի աղջնակը հանկարծ վերածվում էր հրեշի։ Անին հիշում է, որ դասընկերներից մեկը, որ բավականին խելացի տղա էր, չէր կարողանում կարդալ։ Ամեն անգամ, երբ ուսուցիչներից որևէ մեկը տղային խնդրում էր դասը կարդալ, նա վերածվում էր ծաղրի առարկայի։
«Հիմա հասկանում եմ, որ այդ տղան ուղղակի դիսլեքսիա ուներ, չէր կարողանում կարդալ, որ դա առանձնահատկություն է, ոչ թե ծաղրի առիթ։ Բայց այդ տարիներին մեզ ոչ ոք այդ մասին չէր ասում, ուղղակի ասում էին, որ նա ծույլիկ է և անցնում էին առաջ։ Հիմա, որ հիշում եմ, թե ինչպես էինք մենք ողջ դասարանով սկսում ծիծաղել, երբ այդ տղան վախվորած բացում էր գիրքը ու սկսում կմկմալ, սիրտս կանգնում է ամոթից ու սարսափից: Գուցե ուսուցիչները ևս այդ տարիներին չունեին բավարար գիտելիքներ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում այդ տղայի հետ, բայց, կարծում եմ, դա արդարացում չէ»,- ասում է նա։
Անին խոստովանում է՝ ինքն անձամբ երբեք տղային չի վիրավորել, բայց նաև երբեք չի միջամտել, երբ մյուսներն են ծաղրել նրան։ Լուռ հետևել է տեղի ունեցողին՝ մտքում ուրախանալով, որ նրա փոխարեն ինքը չէ․
«Ես գեր երեխա էի, շատ վախենում էի, որ ինձ էլ դրա համար կծաղրեն․ և ծաղրում էին։ Այդ պատճառով էլ դասարանում ամենալավն էի սովորում, օգնում էի բոլորին, նրանց փոխարեն անում դասերը, թույլ տալիս, որ արտագրեն ինձնից, միայն թե վայելեի նրանց լավ տրամադրվածությունն ու չդառնայի ծաղրի առարկա։ Այդ վախը ինձ նույնպիսի հրեշի էր վերածել, ինչ ծաղրողներն էին»։
Հիմա Անին աշխատում է զավակների հետ խոսել բոլոր հնարավոր թեմաների շուրջ, բացատրել, որ մարդիկ տարբեր են լինում, և որ դա ծաղրի պատճառ չի կարող լինել։ Բայց առաջին հերթին Անին սովորեցնում է երեխաներին ուժեղ լինել․ բավարար ուժեղ զոհ չլինելու, բռնարար չդառնալու և ուրիշներին պաշտպանելու համար։
Մեր հայերեն էջից
Ջերմատնային տնտեսություններ․ ունենալը հեշտ է, կառավարելը՝ դժվար
Թեև Հայաստանի որոշ տարածաշրջաններ համապատասխանում են ջերմատնային տնտեսություն հիմնելու պայմաններին, սակայն դեռ քչերն են կայացնում որոշում ու հիմնում ջերմատներ։
Read moreԸնտանեկան բռնություն․ դեռ օրակարգում
Ընտանեկան բռնության, անդառնալի կորուստների ու իրավիճակի բարելավմանն ուղղված քայլերի հայաստանյան պատկերը։
Read more2022-ի օրենքներն ու նախագծերը
2022 թվականի ընթացքում սկսեցին գործել դեռևս նախորդ տարիներին ընդունված մի շարք իրավական նորմեր, ինչպես նաև ընդունվեցին մի շարք օրենքներ, հանրային քննարկման դրվեցին օրինագծեր։ Ամփոփ ներկայացնում ենք ամենաշատ քննարկված իրավական կարգավորումները։
Read moreՓակ ճանապարհն ու Արցախի ապրելու իրավունքը
120.000 մարդու հանդեպ այսօր հումանիտար ահաբեկչություն է տեղի ունենում։ Եվ ի՞նչ ենք որպես պետություն և ազգ անում սրա դեմ։ Արցախաբնակ Թամարա Գրիգորյանը քննում է հարցեր, որոնց պատասխանները սովորաբար մնում են օդում։
Read moreՄաս 1․ ՀԱՊԿ․ ավելի մոտ Ադրբեջանին, քան՝ Հայաստանին
Հայաստանը 1992-ից ի վեր իր անվտանգային համակարգը կառուցել և ամրապնդել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շուրջ: Արմինե Մարգարյանը քննում է այս կազմակերպության հնարավորություններն ու խոչընդոտները Հայաստանի պարագայում։
Read moreՁայնաԳիր հոդվածներ հեղինակների ընթերցմամբ
Ձայնագիր. Լույսը շարունակվում է
Ռուբեն Ֆիլյանի՝ ուշ խորհրդահայ արձակում, կատարելապես նոր ու արտասավոր փիլիսոփայական մտահորիզոններ բացելու հանդուգն փորձի մասին Արամ Պաչյանի անդրադարձի ՁայնաԳիրը։
Read moreՁայնագիր. Կետաձկան ծիծաղը
Արամ Պաչյանի՝ Ավետիք Դարբինյանի «Կետի շատրվանը» ստեղծագործության մեկնաբանության ՁայնաԳիրը։
Read moreՁայնագիր. Հայկական երազանքը. Մայքլ Գյուրջյանի ֆիլմը հայրենադարձ Չարլիի մասին
Մեծ հայրենադարձության նախագծի պատմական իրադարձությունները ներկայացնող ֆիլմին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։
Read moreՁայնագիր. Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտության» հայերեն թարգմանության շուրջ
Նաիրա Մկրտչյանի՝ Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտությունը» գործի հայերեն թարգմանության գրախոսականի ՁայնաԳիրը։
Read moreԲայց և սակայն, այնուամենայնիվ
Podcast