
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր
«Նախ՝ 500.000 դրամ հետազոտությունների համար, հետո քիմիաթերապիայի ութ կուրս, որոնցից յուրաքանչյուրը 250.000 դրամ, ևս 170.000 դրամ էլ դեղորայքի համար, հետո նոր միայն վիրահատություն»,- կրծքագեղձի քաղցկեղի հաղթահարման սկզբնական փուլի ֆինանսական բեռն է ներկայացնում Մարինեն։
2021 թվականի գարնանը կնոջ մոտ ախտորոշվել է 2-րդ փուլի քաղցկեղ 1 կրծքագեղձում։ Ու թեև այդ վիրահատությունը եղել է անվճար, սակայն կինը, ապահովության համար, որոշել է հեռացնել նաև մյուս կրծքագեղձն ու տեղադրել իմպլանտ՝ վճարելով մոտ 1 միլիոն դրամ։
Բուժման ծախսերը, սակայն, այսքանով չեն ավարտվում։ Վիրահատությունից հետո Մարինեն ճառագայթային բուժում է ստանում՝ վճարելով 300.000 դրամ՝ պետության 50 տոկոս համավճարի արդյունքում։ Յուրաքանչյուր հաջորդ ստուգում՝ օնկոլոգիական անալիզ, սոնոգրաֆիա, նույնպես վճարովի են լինում։ Հիվանդության ֆինանսական բեռի չափազանց մեծ լինելը կնոջը ստիպում է վարկեր վերցնել բանկից, ֆինանսական օգնություն խնդրել ընկերներից՝ կուտակելով մոտ 7-8 մլն դրամի պարտք։
Սակայն Մարինեի համար ֆինանսական պայքարը չի ավարտվում միայն իր հիվանդությամբ. մայրը նույնպես բժշկական օգնության կարիք է ունենում։ Նախ բուժզննումների համար վճարում են մոտ 400.000 դրամ, այնուհետև ևս 100.000 դրամ` հետազոտությունների համար, որոնց հետևանքով հերթական վարկն է ստիպված լինում վերցնել։
«Հիվանդանոցում ասացին՝ երկու լուր ունենք, մեկը լավ, մյուսը՝ վատ»,- ասում է Մարինեն՝ շարունակելով, թե լավ լուրն այն էր, որ մոր մոտ ուռուցքը բարորակ է եղել, վատ լուրն այն, որ Հայաստանում անվճար են կատարվում միայն չարորակ գոյացությունների վիրահատությունները, ուստի հարկավոր կլինի պատրաստվել 700.000 դրամ արժողությամբ վիրահատության։
«Վիրահատության 700.000 դրամանոց կտրոնը ձեռքիս հուսահատ մոտեցա հիվանդանոցի տնօրինությանն ու խնդրեցի զիջում անել։ Սակայն, ասացին՝ հնարավոր չէ, և ուղղորդեցին հաշվապահություն՝ վարկ ստանալու համար։ Չնայած իմ հույսերին՝ հաշվապահությունը մերժեց վարկ տրամադրել՝ տեսնելով մեծ վարկային ծանրաբեռնվածությունը։ Արցունքն աչքերիս ստիպված էի դիմել ընկերներիս ու բարեկամներիս՝ անհրաժեշտ գումարը հայթայթելու համար,- պատմում է Մարինեն՝ հավելելով, որ ի վերջո վճռում են վաճառել միակ բնակարանն ու լքել երկիրը,- Հաշմանդամության 3-րդ կարգի համար ստանում էի 31.500 դրամ։ Այդ գումարով ի՞նչ կարող էի անել։ Ստիպված մայրիկիս հետ տեղափոխվեցի Եվրոպա․ այստեղ անվճար ստուգումներ եմ անցնում, մայրս էլ անվճար դեղեր է ստանում»։
Առողջապահական ծախսերով պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է առողջապահական ապահովագրության համակարգը, որի նպատակն է բոլոր քաղաքացիների համար ապահովել մատչելի առողջապահություն։ 2023-ի փետրվարին հաստատվեց այս ծրագրի ներդրման հայեցակարգը, որտեղ նշվում է, որ տարածաշրջանում առողջապահական ծախսերի պատճառով աղքատացման ամենաբարձր ցուցանիշներից մեկը Հայաստանում է։ Հայաստանի բնակչության շուրջ 9 տոկոսի մոտ սպառողական ծախսերի ավելի քան 25 տոկոսը կազմում են առողջապահական ծախսերը, ինչի հետևանքով նրանց շուրջ 6 տոկոսն աղքատանում է։
Հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանն ընդգծում է համակարգի հրատապ անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով, որ առողջապահական ծախսերը խիստ ազդում են մարդկանց կյանքի որակի վրա։
«Վերջերս իրականացված սոցիոլոգիական հարցման համաձայն՝ բնակչության մոտ մեկ երրորդը մշտական դեղ է խմում, և այդ մեկ երրորդից 53 տոկոսը՝ ամեն երկրորդը, ստիպված է լինում դեղերը գնել՝ այլ ծախսերը կրճատելու հաշվին։ Պատկերացրեք, որ պետք է ընտրություն կատարեք դեղորայք գնելու և սեղանին ուտելիք դնելու միջև»,- նշում է Մելիք-Նուբարյանը՝ հստակեցնելով՝ առողջության ապահովագրության համակարգի նպատակն է այդ մարդկանց պաշտպանել ֆինանսական բեռից։
Ապահովագրավճար՝ առանց հիմնավորման
Ապրիլի 27-ին e-draft իրավական ակտերի էլեկտրոնային համակարգում հանրային քննարկման դրվեց «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Եթե հայեցակարգում բացակայում էր ապահովագրավճարի մասին հստակ տեղեկությունը, ինչը մեծ քննադատությունների առիթ դարձավ, ապա օրենքի նախագծում այն սահմանվում է։ Այսպիսով, առողջության համապարփակ ապահովագրության ապահովագրավճարի միասնական տարեկան դրույքաչափը մեկ ապահովագրվածի հաշվով կազմում է 164.400 դրամ։ Սակայն այս դրույքաչափի սահմանման հիմնավորման բացակայությունը անվստահության պատճառ է դարձել։
«Ամերիա» ընկերությունների կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար, տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանի խոսքով՝ չկա որևէ հիմնավորում, թե ինչպես է գոյացել մեկ անձի համար տարեկան 164.400 դրամ ապահովագրավճարը։
«Եթե չկան հստակեցված ընթացակարգեր, տվյալներ, թե ինչպե՞ս են գնագոյացումն ապահովել, ակտուարական ի՞նչ հաշվարկ են դրել համեմատության համար, ի՞նչ ստանդարտ ծառայություններ են, այդ ստանդարտները ո՞նց են հաշվարկել, ի՞նչ գնով, ստացվում է մենք շատ վտանգավոր խաղ ենք խաղում,- ասում է Ջրբաշյանը՝ նշելով, որ հիմնավորում ենթադրող տեղեկություններ չկան և չէին էլ կարող լինել, քանի որ եթե մշակված չեն չափորոշիչներ, ստանդարտներ, հնարավոր չէ գնահատում իրականացնել,- Արդյունքում ստացվում է, որ մեր միակ խնդիրը փող հավաքելն է»։
Տնտեսագետը լուրջ մտավախություն ունի, որ ապահովագրական համակարգը կարող է պարզապես հավելյալ գումար հավաքելու միջոց լինել, այլ ոչ թե իրական ջանքեր՝ ուղղված Հայաստանում առողջապահական ծախսերի կրճատմանն ու համակարգի բարելավմանը:
«Կարծում եմ՝ այս «բարեփոխման» հիմքում մեկ խնդիր է դրված․ պետական բյուջեի հաշվին չեն կարողանում իրականացնել այն ծավալի բժշկական ուղղությունները, որոնք ընդունել են որպես պարտավորություն, պետական բյուջեն էլ անսահման չի կարող մեծանալ՝ առանց լրացուցիչ հարկերի ավելացման, դրա համար իրենք հնարել են նման մեթոդ՝ լրացուցիչ փող հավաքելու, բայց թե այդ փողը ո՞նց են հաշվարկել, ինչքա՞ն են փոխհատուցելու, ի՞նչ դեպքերում են փոխհատուցելու, այդ ամբողջ հաշվարկային անալիտիկայի բացակայության պայմաններում՝ վտանգ կա, որ ձախողելու են»,- նշում է Ջրբաշյանը։
Ֆինանսական միջոցների բաշխման կարգերի բացակայության հարցը մտահոգում է նաև ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանին։
«Պետությունն այսօրվա դրությամբ դեռևս չունի պրոտոկոլներ, հստակ չափորոշիչներ ինչի համար է գումար հատկացնելու, ինչի համար՝ ոչ։ Հարցն այն է, որ պետք է կարողանաս որակի վերահսկողություն անել, այս պահին այդ ռեսուրսը չկա»,- ասում է բժիշկը՝ հավելելով, որ պետք է մշակվեն հատուկ ընթացակարգեր, վերահսկման մեթոդներ, առանց որի, համակարգը կարող է արագ սպառել իր ռեսուրսները։
Նոր հաշվարկներ
Առողջապահության նախարարի խորհրդական Սամվել Խարազյանն ասում է, որ առողջապահական համակարգում ծառայությունների գների հաշվարկման համար օգտագործվող մեթոդաբանությունը հաստատվել է առողջապահության նախարարի հրամանով, համաձայնեցվել է ֆինանսների նախարարության հետ։ Ըստ Խարազյանի՝ մեթոդաբանության մեջ նշված են ծառայությունների գների հաշվարկման սկզբունքները։
«Հիմք ենք վերցրել նորմատիվային ծախսերը՝ ընդունված գործելակարգերի կամ բժշկական ստանդարտների հիման վրա»,- ասում է Խարազյանը նշելով, որ ծառայությունների գները հաշվարկելիս հաշվի են առել, թե, օրինակ, տվյալ ախտորոշման կամ հիվանդության բուժման ընթացքում ի՞նչ հետազոտություններ են կատարվում, ի՞նչ դեղեր են օգտագործվում, ի՞նչ վիրահատություն է իրականացվում, ովքե՞ր են մասնակցում վիրահատությանը, վիրահատության տևողությունը և այլն։ Բացի այդ, իրենց հաշվարկները համադրելու են շուկայական ու նաև գործող պետպատվերի գների հետ։
Սակայն, այս փուլում հաշվարկները թարմացվում են, քանի որ ապահովագրավճարը հաշվարկելու համար հիմք են ընդունվել 2019-ի բազային տվյալները։
«Նախ՝ երկար ժամանակ է անցել, մոտ 4 տարի, բացի դա՝ համակարգի ներդրման ռազմավարությունն է փոխվել․ եթե նախկինում հաշվարկները կատարվել էին միանվագ ներդրման կանխատեսումով, հիմա փուլային ներդրումն է հաշվի առնվում»։
Նշենք, որ նախատեսվում է առողջության համապարփակ ապահովագրության համակարգը ներդնել փուլային տարբերակով` 2023 թվականը առանձնացնելով որպես «նախապատրաստական փուլ», 2024-2026 թվականները՝ «փորձարկման փուլ», իսկ` 2027 թվականից առողջության համապարփակ ապահովագրության համակարգը կիրարկել ամբողջությամբ:
Խարազյանը չժխտեց, որ հնարավոր է նոր հաշվարկներն ազդեցություն ունենան ապահովագրավճարի վրա։
Շուկայականն ու պետպատվերը
Ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը մտահոգություն է հայտնում նաև առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի շրջանակներում բժշկական ծառայությունների վճարների վերաբերյալ։ Նա կարծում է, որ պետպատվերի գնագոյացման ներկայիս կառուցվածքը խելամիտ չէ՝ զգալիորեն ցածր է վճարովի ծառայություններից։
«Օրինակ՝ այն վիրահատությունը, որի համար պետությունը պետպատվերի շրջանակում վճարում է 280.000 դրամ, այդ նույն վիրահատությունը որպես վճարովի ծառայություն ես անում եմ 650.000 դրամի դիմաց։ Եթե վաղը վիրահատությունների արժեքը դարձավ 280.000 դրամ, բազմաթիվ բժիշկներ կհրաժարվեն այդ արժեքով վիրահատություն անել»,- ասում է Տեր-Մինասյանը՝ նշելով, որ այս մասին ասել է նաև քաղաքականություն մշակողներին, որոնք պատասխանել են, թե միջին որևէ արժեք են սահմանելու։
Ըստ Տեր-Մինասյանի՝ եթե ծառայությունների արժեքը չհավասարեցվի շուկայական արժեքին, այլ հակառակը՝ պետպատվերին համապատասխան լինի, այն բժիշկները, որոնք հիվանդ ունենալու խնդիր չունեն, հնարավոր է հրաժարվեն այս համակարգով աշխատել։
«Արդյոք, ունենում ենք մի համակարգ, որի ժամանակ տարեկան 164.400 դրամ վճարելուց հետո մեր նախընտրած բժշկի մոտ գնանք, նա էլ ասի՝ կներես, բայց մեր պետության վճարած գումարներով ես քեզ այդ որակի վիրահատություն չեմ անելու,- ասում է ուռուցքաբանը՝ նշելով, որ պետպատվերով և վճարովի հիմունքներով կատարվող աշխատանքի տարբերությունն առնվազն 7-8 անգամ է,- Ես պետպատվերով հիվանդներին վիրահատում եմ զուտ, որ ոչ ոքի չնեղացնեմ։ Բայց դա ինձ համար եկամտի աղբյուր չէ։ Եթե դա վաղը դառնա իմ միակ եկամտի աղբյուրը, ապա խնդիր կարող է լինել, բնականաբար»։
Ուռուցքաբանը մտահոգություն է հայտնում նաև ապահովագրական ընկերությունների մասին, որոնք, ըստ նրա, ունեն խորամանկ պայմանագիր՝ «նախընտրելի բժշկական կազմակերպություն» արտահայտությունը ներառող։
«Այսօր ապահովագրական ընկերությունը կնքում է բոլոր բժշկական կազմակերպությունների հետ պայմանագիր, բայց երբ պացիենտը գալիս ու ասում է՝ ես ուզում եմ սա, ասում են՝ չէ, տես, քո մոտ գրված է նախընտրելի, ես քեզ ուղարկում եմ ինձ համար նախընտրելի բժշկական կենտրոն։ Ես հարց եմ բարձրացրել՝ հնարավո՞ր է, որ վաղը համապարփակ ապահովագրության դեպքում ևս նման բան լինի և պարզվի, որ կան նախընտրելի բժշկական կենտրոններ։ Պատասխանել են՝ նախընտրելի կենտրոններ կարող են լինել՝ ելնելով բժշկական հաստատությունների որակից»։
Խարազյանը, սակայն նշում է, որ պետական հիմնադրամը պայմանագիր է կնքելու այն բժշկական հաստատությունների հետ, որոնց նախապես ներկայացված տվյալները բավարար կլինեն։
«Հիմնադրամը կոնկրետ բժշկի հետ պայմանագիր չի կնքելու, կազմակերպության հետ է կնքելու, իսկ արդեն բուժհիմնարկի ներսում բժիշկների աշխատանքի կազմակերպումը, նրանց վարձատրության չափի վերաբերյալ որոշումները բժշկական կազմակերպությունն է համակարգելու»,- ասում է առողջապահության նախարարի խորհրդականը՝ հավելելով, որ բժշկական հաստատության պարտավորությունն է նաև իր ներքին աշխատակարգը կազմակերպել այնպես, որ ծառայությունները մատուցվեն պատշաճ որակով և համապատասխան մասնագետների միջոցով։
Սոցիալ-տնտեսական հետազոտությունների հայկական կենտրոնի (ACSES) ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը մտահոգություն է հայտնում բժշկական ծառայությունների գների սահմանման հարցում պետության միջամտության հնարավոր հետևանքների վերաբերյալ.
«Հայաստանի իրականությունից չկտրվենք․ ինչպե՞ս է հիմա լինում, երբ մարդը գնում է հիվանդանոց պետպատվերով բուժվելու, նա նաև հավելյալ գումար է վճարում, որպեսզի այդ վիրաբույժն իրեն վիրահատի։ Այդ նույն ռիսկը ես տեսնում եմ այս մոդելի դեպքում»։
Ֆանյանը պնդում է, որ գների սահմանման քաղաքականության մեջ պետության միջամտությունը կարող է հանգեցնել նրան, որ կայացած բուժհաստատությունները հրաժարվեն առաջարկվող համակարգից.
«Երբ պետությունը միջամտի և փորձի սահմանել գներ, կլինեն հայտնի խոշոր կլինիկաներ, որոնք կհրաժարվեն այս համակարգով աշխատել։ Օրինակ՝ մինչև վերջերս Հայ-ամերիկյան կենտրոնը պետպատվերի բժշկության շրջանակում ծառայություններ չէր մատուցում, նրանք ասում էին, որ պետպատվերի համար սահմանված գներն իրենց գներից բավական էժան են, և չեն ցանականում այդ գնով ծառայությունը մատուցել»։
Քաղցկեղը թիրախում
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում մահացած 26.805 քաղաքացիների մեծ մասի՝ 14.301-ի կամ ընդհանուր մահացության 53,4 տոկոսի մահվան պատճառը եղել են արյան շրջանառության համակարգի հետ կապված հիվանդությունները: Երկրորդ ամենատարածված պատճառը նորագոյացություններն են՝ 5161 մահ կամ ընդհանուր մահացության 19,3 տոկոսը։ Այս պատկերը տոկոսային քիչ փոփոխություններով նույնն է մնում այլ տարիների համար ևս։ Ըստ առողջապահության նախարարի խորհրդականի՝ Հայաստանում մարդիկ հապաղում են դիմել բժշկի, ինչի հետևանքով հնարավոր չի լինում փրկել նրանց կյանքը։ Իսկ բժշկի չդիմելու պատճառներից էլ նաև ֆինանսական խնդիրներն են, որոնց դիմակայելու և հիվանդության վաղ հայտնաբերմանը նպաստելու համար Խարազյանը կարծում է, որ ապահովագրության ներդրումը կարող է վճռորոշ կանխարգելիչ դեր խաղալ:
«Հիմնական նպատակն այս պահին մարդկանց ֆինանսական հետագա ռիսկերը նվազեցնելն է, որպեսզի նրանք չվարանեն, դիմեն բժշկի, անցնեն այդ հետազոտությունները՝ առանց մտածելու հետագայում դրա դիմաց վճարելու մասին»,- ասում է Խարազյանը։
Սակայն Վահե Տեր-Մինասյանը նշում է, որ ունեզրկումների ամենամեծ տոկոսը գրանցվում է ուռուցքային հիվանդությունների դեպքում։ Վիրահատությունների և ճառագայթային թերապիայի համար ամբողջությամբ կամ համավճարով պետությունը վճարում է։ Պետությունն այսօր չի կարողանում վճարել քիմիաթերապևտիկ բուժման համար, որն ամենաթանկն է և ունեզրկման հանգեցնողը։ Ու թեև նշվում է, որ քաղցկեղ ունեցող մարդկանց քիմիաթերապիայի համար հատկացվելու է 1 մլն 600․000 դրամ, սակայն մասնագետների կարծքով սա քաղցկեղով հիվանդի ծախսերի էական նվազեցում չէ։
«Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, առողջապահության փորձագետ Վիոլետա Զոփունյանն էլ հավելում է մեկ այլ խնդիր՝ ապահովագրական փաթեթում դեղերի վերաբերյալ արդյունավետ կարգավորման բացակայությունը։
«Հակաուռուցքային մեկ դեղամիջոցի արժեքը 900․000 դրամ է: Կան դեղեր, որոնք գրանցված չեն, բայց իրենք առաջնային ու հիմնական դեղերն են, որոնք օգտագործում են քաղցկեղի դեպքում, և դրանք չունենալ փաթեթներում, նույնն է թե, օրինակ, ինսուլին կամ դիաբետոն չունենալ շաքարային դիաբետ ունեցող խմբի համար»։
Մինչդեռ ըստ Խարազյանի՝ փաթեթում ծառայությունների շրջանակի ընդլայնումն անխուսափելիորեն կհանգեցնի դրա ընդհանուր արժեքի ավելացմանը՝ ավելի մեծ ֆինանսական բեռ դնելով բնակչության վրա.
«Այս տեսանկյունից շատ կարևոր է, որ փաթեթը ներառի այն ծառայությունները, որոնք հիմնականում կծածկեն բնակչության կարիքները, հնարավորություն կտան վաղ հայտնաբերել առողջական խնդիրները»։
Ըստ Խարազյանի՝ հետագայում եթե հնարավոր լինի ապահովագրավճարը բարձրացնել, լրացուցիչ ծառայություններ ևս կներառվեն։
Կազմ և պատրա՞ստ
Փորձագետներին մտահոգում է այն, որ առողջության ապահովագրության համակարգի ներդրումից հետո սկզբնական ժամանակաշրջանում կլինի մեծ դիմելիություն, որին, թերևս, պատրաստ չի լինի առողջապահական համակարգը։
Սակայն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է՝ առաջնային անհրաժեշտ փոփոխությունները զուգահեռ ընթացքի մեջ են։
«Երկու տարվա ընթացքում մենք կունենանք թե՛ մարզային, թե՛ քաղաքային ամբողջությամբ արդիականացված հիվանդանոցային օղակ, բայց կապիտալ ծախսերի փոխադրումը դեպի առաջնային օղակ այս տարվանից արդեն մեկնարկել է․ մենք այս տարի կունենանք 5 պոլիկլինիկաների վերանորոգում և վերազինում, 20 ամբուլատորիաների կառուցում, արդիականացում»,- ասել է նախարարը՝ հավելելով, թե մեծ ուշադրություն է դարձվելու նաև ծառայությունների որակի բարձրացմանը, բժշկական ծառայությունների լիցենզավորման և մասնագիտական կարողությունների պահանջների խստացմանը։
Չնայած առողջապահության նախարարի հավաստիացումներին՝ փորձագետները շարունակում են մտավախություն ունենալ նոր համակարգին զուգահեռ բարեփոխումների ներդրման վերաբերյալ։ Նրանք պնդում են, որ բարեփոխումները պետք է իրականացվեին մինչ համակարգի ներդրումը, քանի որ դրանց զուգահեռ իրականացումը զգալի ռիսկեր է պարունակում։
Առողջապահության փորձագետ Վիոլետա Զոփունյանը զգուշացնում է, որ բարեփոխումների ցանկացած ձգձգում կամ անբավարարություն, հատկապես՝ առաջնային բուժօգնության մակարդակում, ինչպես նաև մարզային կենտրոնների պարագայում կարող է խաթարել համակարգի հաջող ներդրումը։
«Առնվազն պետք էր այդ բարեփոխումների զգալի մասն անել, հետո ներդնել համակարգը։ Ներդնելուց հետո մեծ հոսք է լինելու․ դա կառավարելի պետք է լինի, պետք է լինի վերահսկելի նաև որակը»,- նշում է Զոփունյանը՝ կարևորելով առաջնային օղակի լավ աշխատանքը, որի դեպքում հոսքը դեպի հիվանդանոցներ այդքան շատ չի լինի ու մարդիկ կկարողանան ժամանակին հայտնաբերել առողջական խնդիրն ու ճիշտ բուժում ստանալ։
Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը համակարգի ներդրման ռիսկերը բաժանում է երկու մասի՝ առողջապահական և հարկաբյուջետային.
«Իմ կարծիքով հարկաբյուջետային համակարգի ռիսկերն ավելի մեծ են։ Հարկային վարչարարության, եկամուտներ հավաքագրելու ֆինանսների համար պատասխանատուներին պետք է հարցնել՝ արդյոք նրանք կկարողանան ստվերային եկամուտներ ունեցող մարդկանց բերել հարկման դաշտ, որպեսզի նրանք էլ մասնակցեն, քանի որ սա արդարության հարց է»։
Ապահովագրական համակարգին միանալու սկզբունքները
Հայաստանի կառավարությունը նախանշել է ապահովագրական համակարգին միանալու երկու հիմնական սկզբունք՝ կենտրոնանալով անհատների նույնականացման վրա՝ կա՛մ սոցիալական աջակցության ծրագրերի, կա՛մ եկամուտների հայտարարագրերի միջոցով:
Այս համակարգի շրջանակում պետությունը կտրամադրի ապահովագրավճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում` ելնելով անհատի նույնականացման կարգավիճակից: Մինչև 18 տարեկան երեխաները, 63 և բարձր տարիքի քաղաքացիները և հաշմանդամություն ունեցող անձինք պետական բյուջեով կօգտվեն իրենց ապահովագրական վճարների ամբողջական սուբսիդավորումից։ Աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք և ինքնազբաղվածներն իրենց եկամուտներից պետք է կատարեն համապատասխան վճարումներ։
Այս դեպքերում կգործի նաև սուբսիդավորման համակարգ՝ ֆինանսական օգնություն տրամադրելու համար:
Առողջապահության նախարարի խորհրդականը պարզաբանում է, որ, օրինակ, եթե վարձու աշխատողի ամսական եկամուտը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը՝ մինչև 150.000 դրամ, նա կարող է իր վճարած եկամտահարկից հետ ստանալ ապահովագրավճարի 60 տոկոսը։
«Նրանք, որոնց եկամուտները չեն գերազանցում նվազագույն աշխատավարձի քառապատիկը, իրավունք կունենան ստանալ վճարած ապահովագրավճարի մինչև 40 տոկոսը, իսկ նրանք, որոնց եկամուտները նվազագույն աշխատավարձի վեցապատիկի սահմաններում են, կարող են հետ ստանալ 20 տոկոսը»,- նշում է Խարազյանը՝ հավելելով, որ փոխհատուցման սանդղակը նախագծվել է ապահովագրավճարի ազդեցությունը ֆիզիկական անձանց ընդհանուր եկամուտների վրա նվազագույնի հասցնելու նպատակով։
Տիգրան Ջրբաշյանի կարծիքով, սակայն, բարեփոխումներն իրար հետ փոխկապակցված չեն, որոնք վտանգներ են պարունակում.
«Իրենք ասում են, որ դրա համար փուլային են անում, բայց փոփոխություններին լավ պատրաստվելու, լավ վերլուծություն ունենալու փոխարեն՝ գերադասում են փորձ անել»։
Քանի դեռ շարունակվում են առողջապահական ապահովագրության համակարգի շուրջ բանավեճերը, մի բան ակնհայտ է՝ Հայաստանում առողջապահական ծախսերի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու անհրաժեշտությունը հրատապ խնդիր է, որպեսզի քաղաքացիներն այլևս ստիպված չլինեն հույսը դնել ընկերների և բանկերի կամ այլ պետության վրա՝ իրենց բժշկական օգնության ծախսերը հոգալու համար:
Մեր հայերեն էջից
Մայր Հայաստան
«Հայաստան» գրաֆիկական էսսեն անդրադառնում է ժամանակակից Երևանի հարաբերություններին իր անցյալի հետ։ Արմեն Հայաստանցու և Հարութ Թումաղյանի երեք մասից բաղկացած էսսեն ներկայացնում է քաղաքի հասարակական-քաղաքական և մշակութային կյանքը՝ քաղաքային տեսանկյունից։
Read moreԵրևանի լքված հուշարձան շենքերի հետքերով, մաս 1. ԱԳՆ
Արտաքին գործերի նախարարության նախկին շենքը, թեև տարիներ առաջ սեփականաշնորհվել է, սակայն պարապուրդի է մատնված, ինչպես Երևանի կենտրոնի մի շարք պատմական և մշակութային արժեք ունեցող այլ շենքեր։ Ո՞ր շենքերը կարող են սեփականաշնորհվել, ի՞նչ պարտավորություններ ունեն դրանց տերերն ու ի՞նչ վերահսկողություն ունի պետությունը, այս և այլ հարցերը քննող հոդվածաշարի մեկնարկային անդրադարձը։
Read moreԿանանց զինծառայություն. որտեղ և ինչպես
Իգական սեռի քաղաքացիներին կամավոր սկզբունքով պարտադիր զինվորական ծառայության մեջ ընգրկելուն անդրադարձող օրինագիծը քննարկումների առիթ է դարձել։ Ի՞նչ է այն ենթադրում, որտե՞ղ և ինչպես են ծառայելու կանայք, ի՞նչ վտանգներ ու խնդիրներ կարող են առաջանալ, անդրադառնում է Արփինե Սիմոնյանը։
Read moreԱշխատանքային օրենսգրքի նոր կարգավորումներն ու լուծումները
Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից 122-ում նախատեսված են փոփոխություններ, որոնց նպատակն է որոշ դրույթների համապատասխանեցումը Սահմանադրությանն ու միջազգային փաստաթղթերին, օրենսդրական բացերի ու հակասությունների վերացումը, ինչպես նաև նոր համակարգերի ներդրումը։
Read moreԳործուն զղջումը որպես բարեփոխված անպատժելիություն
Ոստիկանի կողմից անչափահաս տղային հարվածելու դեպքով, տեսանյութի հրապարակումից հետո, հանրային աղմուկի միջոցով փորձ է արվում արդարություն հաստատել։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե բռնությունը ցուցադրող տեսանյութը չհրապարակվեր, արդյոք այսպիսին է խոստացված ոստիկանական բարեփոխումն ու արդյոք երեխայի լավագույն շահն այսպես է հարգվում։ Ի վերջո, արդյոք այս դեպքը հասարակությունն արդյունավետ կօգտագործի և խորքային փոփոխությունների կհասնի։
Read moreՄանկական մահացության նվազող, բայց մտահոգիչ ցուցանիշները
Երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի և կյանքի որակի հիմնական բնութագրիչներից համարվող 0-4 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը Հայաստանում թեև վերջին տասը տարիների ընթացքում նվազել է, սակայն դեռևս ընդհանուր մահերի շուրջ 1 տոկոսն է կազմում։
Read moreԻնչու՞ «Խ» և այլ Խնդիրներ. Աննա Դավթյանի «Խաննա»-յի երկԽոսային գրաԽոսական
2020-ին լույս տեսած «Խաննա» վեպը մեծ քննարկումների առիթ դարձավ՝ սկսած անվանումից մինչև վեպի հերոսներն ու օգտագործված լեզուն։ Ինչո՞ւ «Խ», արդյոք ո՞վ է Խաննան, ինչո՞ւ է որոշվել հենց նման լեզվով գրել վեպը, քննարկում են գրող, գրականագետ Կարեն Ղարսլյանն ու վեպի հեղինակ Աննա Դավթյանը։
Read moreԷլեկտրոնային շղթաներ՝ ընտանեկան բռնությունը կանխելու համար
Ընտանեկան բռնության կանխարգելման նպատակով Ազգային ժողովը օրենսդրական նոր կարգավորում է ներկայացրել, սակայն, թե որքանով այն կծառայի իր նպատակներին, ներկայացնում է Աստղիկ Կարապետյանը։
Read more«Դոն Կիխոտը» հայերեն՝ ներկա-բացակա
Համաշխարհային գրականության անկյունաքարերից՝ Սերվանտեսի «Դոն Կիխոտը», տարատեսակ իրողությունների բերումով, երկու հատոր կազմող վեպի հայերեն թարգմանությունը լիարժեքորեն չի հասել ընթերցողի սեղանին, գրում է Արամ Պաչյանը։
Read moreԴու ես քո գլխի տերը․ միայնակ հիվանդները Հայաստանում
Միայնակ կամ խնամող չունեցող հիվանդները Հայաստանում դժվար կացության առաջ են կանգնում, սակայն խնդիրների լուծումը, կարծես, հապաղում է։
Read moreԻնչո՞ւ է աղմկում քաղաքը
Ապրել Երևանում, սովորաբար, նշանակում է ապրել անընդհատ աղմուկի հետ՝ մեքենաների, սրճարանների և փաբերի, ժամանցի վայրերի, հրավառությունների աղմուկներ, որոնք ազդում են բնակիչների առողջության և բարեկեցության վրա: Ի՞նչ կարելի է կամ պետք է անել:
Read moreԲուժաշխատողների հավաստագրում. այլևս պարտադիր
Տարիներ առաջ ներդրված բուժաշխատողների հավաստագրման համակարգը 2023-ից պարտադիր է դարձել, թե ինչ այն ենթադրում ու ինչ նպատակ ունի, մեկնաբանում է Աստղիկ Կարապետյանը։
Read more