Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր
Մարտի ութի ուշ երեկոյան նախկին ամուսինը եկել էր կնոջ ծնողների տուն, դռան հետևից հայհոյել, սպառնացել՝ «բացիր դուռը, թե չէ ներս կմտնեմ, կմորթեմ քեզ, դու լավ գիտես․․․ Երեխուն ձեռիցդ կխլեմ»: Հետո գարեջրի շշով խփել ու ջարդել էր հյուրասենյակի պատուհանը։ Սա ամուսնալուծությունից հետո կնոջ հետպնդումների ու սպառնալիքների ենթարկվելու ընդամենը մի դրվագն է, որը վերցված է 2022 թվականի նոյեմբերի 17-ին ընդունված առաջին ատյանի դատավճռից։
Դատարանում Սուսաննան (անունը փոխված է) ցուցմունք է տվել, որ ամուսինը հարբեցող է եղել, հաճախ վեճեր են եղել ու իրեն ծեծել է։ Ի վերջո, դիմել է դատարան, ամուսնալուծվել են։ Երեխաների հետ տեղափոխվել է հայրական տուն։ 15 օր անց, երբ նախկին ամուսինը եկել է, բռունցքներով խփել դռանն ու հայհոյել, սպառնացել սպանել, դիմել է ոստիկանություն։ Այդ սպառնալիքներն իրական է համարել, քանի որ նախկին ամուսինը դատապարտված է եղել դանակահարության համար։
Ոստիկանության աշխատակիցն անհետաձգելի միջամտության որոշում է ընդունել՝ 100 մետր շառավղով 20 օր հեռու մնալ կնոջից։ Սակայն, բացի այն, որ սպառնալիքներով ու հայհոյանքներով հաղորդագրություններ է ուղարկել, նաև պարբերաբար Սուսաննայի հայրական տուն է գնացել, ծեծել նրան, հարվածել նրա ծնողներին, տան ապակիններն ու բակի ծաղկամանները ջարդել, նույնիսկ ավտոմեքենան վարել է նրա ուղղությամբ։
Կինը դատարանում պատմել է, որ որոշ դեպքերում նույնիսկ ամաչել է ոստիկանություն դիմել, քանի որ եղել են օրեր, որ երկու-երեք անգամ զանգահարած է եղել։ Ամիսներ շարունակ չի քնել, վախի ու սարսափի մեջ է ապրել։
Այս գործով տղամարդն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքները, այդ թվում այն, որ չի կատարել ոստիկանության կողմից ընդունված անհետաձգելի միջամտության որոշումը։ Նա դատապարտվել է 2.5 տարվա ազատազրկման և 500․000 դրամ տուգանքի։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հանրային կապերի պատասխանատու, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ասում է, որ ոստիկանությունն ընտանեկան բռնության դեպքում հաճախ չի կարողանում վերահսկել կանխարգելիչ որոշումների կատարումը.
«Օրինակ, մեր փորձը ցույց է տալիս, որ լինում են դեպքեր, երբ հիմնականում կանայք զանգահարում են ոստիկանություն, ասում՝ ինքն էլի իմ տան մոտ է, դարձյալ աշխատավայր է եկել, և այդ ահազանգերով են խախտումներն արձանագրվում»։
«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Արման Ղարիբյանն էլ նշում է, որ կանխարգելիչ որոշումները հաճախ արդյունավետ չեն լինում, քանի որ բռնարարները միտումնավոր խախտում են դրանք, իսկ այդ խախտումներն ապացուցելը միշտ չէ, որ հնարավոր է լինում։
Սակայն նոր օրենսդրական կարգավորմամբ, որն Ազգային ժողովն ընդունեց 2023-ի մարտի 22-ին, նախատեսվում է էլեկտրոնային սարքերի (ձեռնաշղթաների) ներդրում․ բռնարարները պարտավորված կլինեն կրել ձեռնաշղթան, որով կվերահսկվի նրանց տեղաշարժը։
«Էլեկտրոնային սարքերի ներդրումը չի նշանակում, թե այլևս չեն խախտի, սակայն խախտումը շատ ավելի հեշտ ապացուցելի կդառնա, այնինչ հիմա իրավապահները բռնության զոհից են պահանջում ապացույցներ ներկայացնել, որ բռնարարը մոտեցել է իրեն»,- ասում է Ղարիբյանը։
Կանխարգելիչ որոշումները
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով կանխարգելիչ երեք տիպի որոշում է սահմանվում։
Նախազգուշացման որոշումն ընդունվում է ոստիկանության ծառայողի կողմից, երբ ընտանիքում բռնության դեպքը ոստիկանությունը հայտնաբերել է առաջին անգամ, արարքը հանցակազմի հատկանիշներ չունի և անհետաձգելի միջամտության հիմքեր չկան:
Անհետաձգելի միջամտության որոշումն ընդունում է ոստիկանության իրավասու ծառայողը, երբ կա հիմնավոր ենթադրություն, որ ընտանիքի մի անդամը մյուսի հանդեպ կարող է կրկնել կամ շարունակել բռնությունը։
Այս որոշման առավելագույն ժամկետը 20 օրն է։ Բացի այլ սահմանափակումները, որոշումը կարող է հարկադրել բռնարարին անհապաղ հեռանալ բռնության ենթարկվածի տարածքից և չվերադառնալ մինչև սահմանված ժամկետը, չայցելել նրան ու նրա խնամքի տակ եղող անձանց (օրինակ՝ երեխաներին կամ տարեց ծնողներին) բնակության, աշխատանքի, ուսման, հանգստի կամ այլ վայրեր, սահմանել հեռավորության չափ՝ նրանց չմոտենալու համար։
Պաշտպանական որոշումն ընդունվում է դատարանի կողմից՝ բռնության ենթարկվածի և նրա խնամքի տակ եղող անձանց պաշտպանելու և ընտանիքում բռնության նոր դրսևորումները կանխարգելելու նպատակով: Այս որոշումն ընդունվում է, երբ բռնության ենթարկված անձը, կամ նրա համաձայնությամբ՝ աջակցության կենտրոնը դիմում է դատարան։
Այս որոշումն ընդունվում է առավելագույնը վեց ամիս ժամկետով և կարող է երկու անգամ երկարացվել՝ առավելագույնը երեք ամսով։ Այս դեպքում ևս, բացի այլ սահմանափակումները, բռնարարը կարող է հարկադրվել անհապաղ հեռանալ բռնության ենթարկվածի տարածքից և չվերադառնալ մինչև սահմանված ժամկետը, չայցելել նրան ու նրա խնամքի տակ եղող անձանց բնակության, աշխատանքի, ուսման, հանգստի կամ այլ վայրեր, սահմանվում է հեռավորության չափ՝ նրանց չմոտենալու համար։
Անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումները խախտելը համարվում է հանցագործություն։ Քրեական օրենսգրքի 508-րդ հոդվածի համաձայն՝ այս որոշումները չկատարելը պատժվում է հանցանքը կատարածի ամսական եկամտի մինչև տասնապատիկի չափ տուգանքով, կամ մինչև մեկ տարի ժամկետով ազատության սահմանափակմամբ (երբ անձը տնային հսկողության տակ է, սակայն չի կտրվում իր ուսումնառությունից կամ աշխատանքից), կամ առավելագույնը մեկ տարվա ազատազրկմամբ։
Օրենսդրական նոր կարգավորումը
Նոր օրենքի համաձայն՝ կանխարգելիչ որոշումների կատարումն ապահովելիս ոստիկանության ծառայողները կարող են օգտագործել էլեկտրոնային հսկողության միջոցներ: Նշվում է նաև, որ էլեկտրոնային սարքերի կիրառման, ֆինանսավորման, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանը վարելու, տվյալներից օգտվելու կարգը սահմանվում է կառավարության որոշմամբ։
Միևնույն ժամանակ, համաձայն նոր օրենքի եզրափակիչ դրույթների, կառավարության այդ որոշումը պետք է ընդունվի նոր օրենքի պաշտոնական հրապարակումից հետո վեց ամսվա ընթացքում։ Եվ այս նոր օրենքն ուժի մեջ կմտնի այն նույն օրը, երբ ուժի մեջ կմտնի կառավարության որոշումը։ Նշենք, որ դեռևս կառավարության որոշումը կամ դրա նախագիծը չի շրջանառվում։
Նոր օրենքով սահմանվում է, որ էլեկտրոնային հսկողություն կիրառելիս պետք է նվազագույնի հասցվի մարդու անձնական և ընտանեկան կյանքի վրա հնարավոր բացասական ազդեցությունը: Ստացված տվյալները պետք է ոչնչացվեն կանխարգելիչ որոշման կատարման ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ այն դեպքի, երբ արձանագրվել է իրավախախտում։ Այս դեպքում տվյալները պահվում են մինչև իրավախախտման դեպքի քննության կամ ծառայողական քննության ավարտը:
Ցուցանիշներ և միջազգային փորձ
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2022-ի ընթացքում ստացվել է ընտանեկան բռնության 1547 հաղորդում․ 556-ի դեպքում բռնարարը նախազգուշացվել է, 619-ի դեպքում ընդունվել է անհետաձգելի միջամտության որոշում և վեց պաշտպանության միջոց է կիրառվել դատական կարգով, լրացվել է բռնարարների հաշվառման 1175 քարտ։ Այս մասին հայտնել է ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ Ազգային ժողովում օրենքի նախագիծը ներկայացնելիս։
Փոխնախարարը նշել է, որ էլեկտրոնային վերահսկման համակարգը ներդնելու համար ուսումնասիրվել է միջազգային փորձը՝ մասնավորապես, ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, նաև հարևան Վրաստանի, որտեղ էլեկտրոնային վերահսկման սարքերը կիրառվում են 2017-ից։
Փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ GPS տեղորոշման համակարգով աշխատող սարքերը հնարավորություն են տալիս արագորեն հսկել բռնարարի տեղաշարժը և ապահովել կանխագելիչ որոշումների կատարումը, կանխել բռնության հետագա դեպքերը։
Սարգսյանը նշել է, որ համակարգի ներդրման համար նախատեսվում է ձեռքբերել 200 էլեկտրոնային ձեռնաշղթայի հավաքածու, ինչի համար պահանջվում է մոտ 560 միլիոն դրամ։ Այսինքն, յուրաքանչյուր հավաքածուի արժեքը շուրջ 2.8 միլիոն դրամ է։
Խնդիրը մնում է չլուծված
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նշում է, որ մշտադիտարկումը ցույց կտա, թե ինչպես և որքան արդյունավետ կկիրառվի այս համակարգը։
«Բայց այստեղ կարևորն այն է, որ ընտանեկան բռնության դեմ մեկ քայլով չէ, որ կարող ես պայքարել, այլ շղթայական, համընդհանուր փոփոխություններ են պետք։ Եթե մի օղակում ունենանք ձեռքբերում, մյուսում՝ ոչ, ապա ընդհանուր առաջընթաց չի լինի»,- նշում է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ներկայումս կանխարգելիչ որոշումներին վերաբերող գործեր քննող դատավորներին վերապատրաստելու առաջնահերթ խնդիր կա, որպեսզի զգայուն լինեն՝ դատական ակտեր ընդունելիս։
Հովհաննիսյանն օրինակ է բերում դեպքեր, երբ բռնարարը դիմում է դատարան՝ պահանջելով վերացնել իր հանդեպ կիրառված անհետաձգելի միջամտության որոշումը, և դատարանը բավարարում է այն՝ հիմնավորելով, որ ոստիկանության աշխատակիցը հավասարապես չի լսել նրան ու բռնության ենթարկվածին, մինչդեռ ըստ իրավապաշտպանի՝ նման դեպքում ոստիկանության աշխատակիցը հավասար ցուցմունքներ հավաքելու խնդիր չունի, այլ արագ արձագանքելու և հետագա բռնությունից պաշտպանելու խնդիր ունի։
Հովհաննիսյանը նշում է՝ դատական գործերի իր դիտարկումները ցույց են տվել, որ 2018-2022 թվականների ընթացքում կանխագելիչ որոշումները բողոքարկելու դիմումների հիմնական մասը դատարանների կողմից բավարարվել են։ Եվ կարծում է, որ էլեկտրոնային վերահսկման սարքերի ներդրման դեպքում, երբ անձը իսկապես վերահսկողության տակ կլինի ու հեշտ կլինի խախտման արձանագրումը, դատարաններ բողոքները կավելանան։ Հետևաբար, մեծապես կարևոր է դատավորների պատրաստվածությունը։
Մարդ և օրենք
Պետական գաղտնիքները նոր և ամուր կողպեքների տակ
Պետական գաղտնիքի մասին օրենքը փոփոխվում է՝ նոր սահմանափակումներ ենթադրելով։ Որքանով են դրանք համահունչ ժողովրդավարության ձգտող ներկայիս իշխանությունների քայլերին, ներկայացնում է Արփինե Սիմոնյանը։
Read moreԲազմաբնակարան շենքերի կառավարման նոր պահանջները
Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների աշխատանքն առավել արդունավետ դարձնելու նպատակով նախատեսվում են փոփոխություններ։ Թե ինչ են ենթադրում օրենքում կատարված փոփոխությունները, երբ ու ինչպես են իրականացվելու, ներկայացնում է Արփինե Սիմոնյանը։
Read moreԲուժաշխատողների հավաստագրում. այլևս պարտադիր
Տարիներ առաջ ներդրված բուժաշխատողների հավաստագրման համակարգը 2023-ից պարտադիր է դարձել, թե ինչ այն ենթադրում ու ինչ նպատակ ունի, մեկնաբանում է Աստղիկ Կարապետյանը։
Read moreՉգրանցված աշխատանք, կորսված հարկեր, զիջված իրավունքներ
Վերջին երեք տարիներին աշխատողներին չգրանցելու փաստով արձանագրված դեպքերը շատացել են։ Ի հեճուկս բազմաթիվ օրենսդրական կարգավորումներին ու հսկող գործիքակազմերին, չգրանցված աշխատանքը դեռևս արդիական խնդիր է։
Read moreՌազմական դրություն․ արդարացում՝ սահմանափակումների համար
Ռազմական դրության մասին օրենքում նախատեսված փոփոխությունները խնդրահարույց հարցեր են առաջացրել։ Ի՞նչ վտանգներ են տեսնում մասնագետները, ներկայացնում է Արփինե Սիմոնյանը։
Read moreՊետական աջակցությունն անպտղության դեմ պայքարում
Պետությունը շարունակաբար ընդլայնում է անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագրերը, սակայն արդյոք դրանք բավարար հասցեական են։
Read more